Կարլոս Խիզախ
Կարլոս Խիզախ (ֆր.՝ Charles le Téméraire, նոյեմբերի 10, 1433[1], Դիժոն[2] - հունվարի 5, 1477[1], Նանսի[1]), Բուրգունդիայի վերջին դուքսը Վալուաների արքայատոհմից, դուքս Ֆիլիպ Բարիի որդին: Երազում էր հասնել թագավորի աստիճանի և շատ մոտ էր այդ նպատակի իրագործմանը: Նրա մահը Նանսիի ճակատամարտում շրջադարձային եղավ Եվրոպայի պատմության մեջ: Համարվում է միջնադարյան ասպետի չափանիշ և «ավատատիրության վերջին հենարանը», ով դիմակայել է Լյուդովիկոս XI կողմից կենտրոնացված պետության ստեղծմանը Ֆրանսիայում: Կարլոսի մահից հետո նրա ընդարձակ տիրույթները բաժանվեցին Ֆրանսիայի և Հաբսբուրգների միջև (նրա ժառանգ Մարիա Բուրգունդացու ամուսնության միջոցով): Կողմերից ոչ մեկին չբավարարեցին արդյունքները, ինչն էլ հանգեցրեց ֆրանսիական թագավորների և Հաբսբուրգների դիմակայությանը, որը շարունակվեց մի քանի դար՝ մինչև XVIII դարի կեսերը:
Կարլոս Խիզախ | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քահանա, քաղաքական գործիչ և հոգևորական |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 10, 1433[1] |
Ծննդավայր | Դիժոն[2] |
Վախճանի օր | հունվարի 5, 1477[1] (43 տարեկան) |
Վախճանի վայր | Նանսի[1] |
Գերեզման | Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի և Բռյուգե |
Թաղված | Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի և Բռյուգե |
Դինաստիա | Վալուաներ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Ֆիլիպ Բարի[3] |
Մայր | Իզաբելլա Պորտուգալացի[3] |
Ամուսին | Քեթրին Վալուացին, Քարոլայի կոմսուհի[3], Իզաբելլա դե Բուրբոն[3] և Մարգարեթ Յորքցի[3] |
Զավակներ | Մարիա Բուրգունդացի[3] |
Պարգևներ | |
Գործունեության սկիզբԽմբագրել
Ծնվել է Դիժոնում` դուքս Ֆիլիպ Բարի Բուրգունդացու և պորտուգալացի ինֆանտա Իզաբելլայի ընտանիքում: Վաղ մանկությունից եռանդագին զբաղվել է ասպետական խաղերով և զինվորական վարժություններով, ստացել է լավ կրթություն, առանց դժվարության կարդում էր անտիկ դասականներին: Արդեն 19-ամյա պատանին ճակատամարտերից մեկում ցուցաբերեց համառ, անխոհեմության աստիճանի հասնող խիզախություն, որն ամբողջ կյանքում մնաց նրա բնավորության հիմնական գիծը:
Համաձայն ժամանակակիցների հուշերի՝ ապրում էր հասարակ, խուսափելով հայրական պալատում տիրող շվայտ կյանքից: Օլիվյե դը Լամարշ պատմիչի խոսքերով, լինելով պատմության երկրպագու, նա «չէր պառկում քնելու մինչ իր համար բարձրաձայն չընթերցեին երկու ժամ», հատկապես՝ «հռոմեացիների գործերը»[4]: Մեկ այլ պատմիչի վկայությամբ՝ Կարլոսը հրաշալի տիրապետում էր լատիներենին[5]:
1440 թվականին, յոթ տարեկան հասակում, Կարլոսին ամուսնացրեցին Քեթրինի՝ Ֆրանսիայի թագավոր Կարլոս VII դստեր և ապագա թագավոր Լյուդովիկոս XI քրոջ հետ: Նա 5 տարով մեծ էր ամուսնուց և 1446 թվականին 18 տարեկան հասակում մահացավ: Նրանք երեխաներ չունեին:
Քսան տարեկանում նա կրկին ամուսնացավ՝ այս անգամ իր զարմուհի արքայադուստր Իզաբելլայի հետ: Այս ամուսնությունից ծնվեց Մարիա Բուրգունդացին: 1465 թվականին Իզաբելլան մահացավ:
Լյուդովիկոս XI թաքնվում էր հորից Բուրգունդիայում, երբ դեռ թագաժառանգ էր, և հենց այն ժամանակներից էլ նա ընկերացել էր Կարլոսի հետ: Սակայն, դառնալով թագավոր, Լյուդովիկոսը շարունակեց հոր քաղաքականությունը: Դեռևս հոր կենդանության օրոք Կարլոս Խիզախը, որն այն ժամանակ կրում էր կոմս Շարոլե տիտղոսը, պատերազմում էր (1464-1465 թթ.) Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI հետ, ով իր նենգությամբ ու խարդախությամբ զայրացնում էր իրենից վասալական կախվածության մեջ գտնվող բոլոր տիրակալներին` ստիպելով միավորվել «Ընդհանուր բարիքի լիգայի» մեջ:
Որպես երրորդ կին Կարլոս Խիզախը ընտրեց անգլուհի Մարգարեթ Յորքցուն: Այդպիսով, Կարլոսը որոշեց միավորվել Բուրգունդիայի հին դաշնակից Անգլիայի հետ: Լյուդովիկոս XI ջանք չխնայեց ամուսնությունը կանխելու համար, սակայն 1468 թվականի ամռանն այն շքեղորեն նշվեց Բրյուգգեում: Զույգը երեխաներ չունեցավ, Մարգարեթը ամբողջությամբ նվիրվեց խորթ դուստր Մարիային: Մարիայի մահվանից շատ տարիներ անց էլ հոգ էր տանում նրա երկու երեխաների մասին:
Վաղ մարտերԽմբագրել
1465 թվականի ապրիլի 12-ին Ֆիլիպը հանձնեց կառավարումը Կարլոսին, որն էլ շարունակեց պատերազմը Լյուդովիկոս XI հետ: 1465 թվականի հոկտեմբերին կողմերը դաշինք կնքեցին, թագավորը Կարլոս Խիզախին տվեց հողեր Սոմ գետի շրջանում: Բանակցությունների ընթացքում հանկարծամահ եղավ կոմսի կին Իզաբելլան, ինչը հնարավոր էր դարձնում քաղաքական ամուսնությունը: Որպես համաձայնության մաս` Լյուդովիկոսը խոստացավ Կարլոսին դստեր՝ Աննայի ձեռքը, և որպես օժիտ Շամպայն ու Պոնտյե կոմսությունները, սակայն ամուսնությունը չկայացավ:
Հաղթելով Լյուդովիկոսին` Կարլոսն ուժերը ուղղեց ընդդեմ Բուրգունդիայի ծանր հարկերի և հալածանքների ապստամբած (1464թ.) Լիեժի, որը հույս ուներ ստանալ թագավորի աջակցությունը: Միևնույն ժամանակ Դինանտում լուրեր էրն տարածվել, իբր Կարլոսը դքսուհի Իզաբելլայի և Լիեժի նախկին եպիսկոպոսի ապօրինի որդին է: 1466 թվականի օգոստոսին Կարլոսը ժամանեց Դինանտ, որոշելով վրեժ լուծել մոր պատվի վիրավորանքի համար: Նա կործանեց քաղաքը, հրամայեց սպանել քաղաքի բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին: Ֆիլիպ Բարիի մահից հետո (1467 թ.) Լիեժը կրկին ապստամբեց: Այս անգամ էլ Կարլոսը հաղթական մուտք գործեց Լիեժ, քանդեց քաղաքի պարիսպները, զրկեց ինքնավարությունից և ծանր ռազմատուգանք նշանակեց: Ապստամբած մյուս քաղաքները՝ Գենտ, Մեխելեն, Անտվերպեն, չհամարձակվեցին դիմադրել:
Պերոննայի համաձայնագիր (1468 թ.)Խմբագրել
Շուտով Լիեժը երրորդ անգամ փորձեց վերականգնել ինքնավարությունը, հույս ունենալով օգտվել Կարլոսի ու Լյուդովիկոսի, որն ուզում էր վերադարձնել Բուրգունդիան, հակամարտությունից: Կարլոսը ծանր իրավիճակում էր հայտնվել, սակայն հաջողությունը նրա կողմն էր: Լիեժի ապստամբության նախօրեին Լյուդովիկոս XI ու Կարլոս Բուրգունդացին բանակցություններ էին սկսել Պերոննայում: Լյուդովիկոս XI ժամանել էր Պերոննա ընդամենը հարյուր հոգանոց շքախմբով` հավատալով Կարլոսի անվտանգության երաշխիքներին: Սակայն վրա հասավ Լիեժի ապստամբության լուրը, որտեղ բարձրացվել էր Ֆրանսիայի թագավորի դրոշը: Կարլոսը հրամայեց փակել դարպասները` մեղադրելով այդ ամենում թագավորին:
Հաշվեհարդարից Լյուդովիկոսին փրկեց Ֆիլիպպ դը Կոմմինեսը` խորհուրդ տալով թագավորին ընդունել դուքսի բոլոր պայմանները: 1468 թվականի հոկտեմբերին Լյուդովիկոսը ստիպված ստորագրեց համաձայնագիր, որով ընդունեց, որ Փարիզի խորհրդարանը չունի իշխանություն Ֆլանդրիայի ու Պիկարդիայի վրա, ինքն էլ չունի ոչ մի իրավունք այդ տարածքների նկատմամբ: Լյուդովիկոսը համաձայնվեց տալ եղբորը Շամպայնը և խոստացավ մասնակցել Լիեժի դեմ արշավանքին: Համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ անց նվաստացած Լյուդովիկոսի ներկայությամբ Լիեժը գրավվեց ու դաժանորեն թալանվեց:
Համաձայնագրից մեկ տարի անց թագավորը մեղադրեց Կարլոսին դավաճանության մեջ և գրավեց որոշ քաղաքներ Սոմ գետի շրջանում: Ի պատասխան, դուքս Կարլոս Բուրգունդացին մեծ բանակով ներխուժեց Ֆրանսիա: Նա գրավեց Նելը և մասսայական կոտորածի ենթարկեց քաղաքի բնակչությանը: Սակայն անհաջողություն ունեցավ Բովեում և նահանջեց առանց որևէ լուրջ արդյունքի:
Ներքին քաղաքականությունԽմբագրել
Հրաժարվեց վատնող շքեղությունից, որով հայտնի էր Բուրգունդիան իր հոր օրոք: Բոլոր ջանքերը ուղղեց ռազմական ու քաղաքական իշխանության հզորացմանը: Կառավարման սկզբից սկսեց իրականացնել ռազմական ու դքսության կառավարման վերափոխումներ: Նա ձգտում էր սահմանել բանակում խիստ կարգապահություն, ինչի համար վարձում էր անգլիացի ու իտալացի վարձկաններ, զարգացնում էր հրետանին: Կարլոսի ժամանակագիրներից մեկի՝ Օլիվիյե դը Լամարշի հավաստմամբ, նրա օրոք Բուրգունդական դքսությունը ուներ 300 հրանոթ[6]:
Միապետական ամբիցիաներԽմբագրել
Կարլոսը ձգտում էր միացնել Բուրգունդիային Էլզասն ու Լոթարինգիան և ստեղծել թագավորություն: Նա բանակցություններ սկսեց Գերմանիայի թագավոր (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր) Ֆրիդրիխ III հետ, համաձայնվելով կնության տալ միակ դուստր Մարիային նրա որդուն՝ հռոմեացիների թագավոր դառնալու պայմանով (հետագայում կայսերական թագ ստանալու երազանքով):
Ֆրիդրիխ կայսրը դրա փոխարեն առաջարկեց թագադրել նրան որպես Բուրգունդիայի թագավոր: 1473 թվականին Տրևեսում սկսվեցին այդ առաջարկն իրագործելու միջոցառումները, սակայն կուրֆյուրստները բողոք ներկայացրեցին Ֆրիդրիխին, որը հայտնի էր իր անվճռականությամբ, և համոզեցին գիշերով գաղտնի փախչել[7]:
Պատերազմ Լոթարինգիայի ու շվեցարացիների հետԽմբագրել
Լյուդովիկոս XI, վախենալով Կարլոսի հետ պատերազմելուց, համոզեց շվեյցարացիներին, որ վերջինս ձգտում է ճնշել իրենց ազատությունը: Միևնույն ժամանակ Լյուդովիկոսը գումար տրամադրեց Սիգիզմունդ կոմսին գրավադրված հողերը վերադարձնելու համար (1469 թվականին Սիգիզմունդը գրավադրել էր Էլզասը, Կարլոսը այստեղ նշանակել էր դաժան կառավարիչ)[8]: Կարլոսը ձգձգում էր հողերի վերադարձը, էլզասցիները, համոզված լինելով, որ շվեյցարացիները կօգնեն, դուրս քշեցին բուրգունդական կայազորին և մահապատժի ենթարկեցին Կարլոսի նշանակած կառավարչին: Զայրացած Կարլոսը ներխուժեց Լոթարինգիա, գրավեց նրա մայրաքաղաք Նանսին և շարժվեց շվեյցարացիների դեմ: Այսպես սկսվեցին դքսության անկմանը հանգեցրած Բուրգունդյան պատերազմները: Դավաճանության շնորհիվ Գրանդսոնի գրավումը, որի կայազորի մի մասին կախաղան բարձրացրեցին, մի մասին էլ խեղդեցին լճում, ոգևորեց շվեյցարացիներին և նրանց զորքը 1476 թվականին Գրանդսոնի ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեց բուրգունդացիներին: Ըստ որոշ գնահատականների, բուրգունդական բանակն ուներ 30-40 հազար զինվոր, իսկ դաշնակիցների բանակը՝ 20 հազար: Սակայն թվերը հուսալի չեն. այն ժամանակ ոչ ոք չէր կարող կատարել բանակի թվաքանակի ստույգ հաշվարկ:
Հաղթողների ձեռքն ընկավ Կարլոսի հրետանին և գանձերով լի ճամբարը, որոնց համբավը տարածված էր ողջ Եվրոպայում: Կարլոսը դաս չքաղեց այս պարտությունից: 1476 թվականին Մուրթենում շվեյցարացիները էլ ավելի ծանր պարտության մատնեցին Կարլոս Խիզախին: Դուքսի բանակը ամբողջությամբ ջախջախված էր: Կատաղած Կարլոսը մերժում էր ամեն տեսակի միջնորդություն և երրորդ անգամ դուրս եկավ մարտերում կոփված թշնամու դեմ:
Մահը ՆանսիումԽմբագրել
Վերջին ճիգերը գործադրելով, Կարլոս Խիզախը հավաքեց նոր բանակ և հոկտեմբերի 22-ին պաշարեց Լոթարինգիայի մայրաքաղաք Նանսին: Պաշարվածներին օգնության շտապեցին դաշնակիցները՝ ավստրիացիները, էլզասցիները, ֆրանսիացիները ու շվեյցարացիները (մոտ 20 հազար մարդ): Սաստիկ ցրտի պատճառով Կարլոսը շատ զինվորներ կորցրեց, սակայն չհանեց հանձնման եզրին հայտնված, սովի մատնված քաղաքի պաշարումը:
1477 թվականի հունվարի 5-ին Նանսիի մոտ սառույցով պատված դաշտում Կարլոսի զորքը սարսափելի պարտություն կրեց: Գրեթե ողջ զորքը սպանվեց կամ գերեվարվեց, սպանվեց նաև Կարլոս Խիզախը: Նրա սառած, այլանդակված դին մի քանի օր անց գտան մոտակա գետում: Մարմնի վրա կային բազմաթիվ վերքեր, դեմքն այլանդակել էին կենդանիները և միայն մարտական սպիերով անձնական բժշկին հաջողվեց ճանաչել նրան:
Կարլոս Խիզախի գերեզմանը գտնվում է Բրյուգգեի Աստվածամոր եկեղեցում: Թշնամիները հիշում են Կարլոսին որպես Կարլոս Սարսափելի (Ահեղ): Այդ անվանումը նա ստացել է թշնամիների նկատմամբ իր դաժանության համար, հատկապես` Ֆրանսիայի դեմ պատերազմում 1471 թվականի վերջին, երբ նա կրակի մատնեց ավելի քան 2000 գյուղ[9]:
ԺառանգությունԽմբագրել
Քանի որ Կարլոսը որդի չուներ, նրան հաջորդեց 19-ամյա դուստր Մարիա Բուրգունդացին: Պատերազմներից հյուծված նրա ընդարձակ տիրույթները փաստացի (դե ֆակտո) կորցրեցին ինքնիշխանությունը և բաժանվեցին Լյուդովիկոս XI ու Մարիայի ամուսնու՝ Մաքսիմիլիան Հաբսբուրգ կայսեր միջև: Բուրգունդիայի վերջին ինքնիշխան կոմսը Մարիայի որդի Ֆիլիպն էր: Բուրգունդիայի Վալուաների ժառանգությանը տիրանալու ֆրանսիական թագավորների փորձերը վերածվեցին մի շարք հակամարտությունների Հաբսբուրգների հետ:
ՍկզբնաղբյուրներԽմբագրել
Կարլոս Խիզախի կյանքի ու գործունեության մասին հիմնական աղբյուրներ, ի թիվս նամակների ու արխիվային փաստաթղթերի, հանդիսանում են նրա ժամանակակիցների աշխատությունները՝ առաջին հերթին բուրգունդական արքունիքի պաշտոնական տարեգիր Ժորժ Շատելենի («Իմ ժամանակի տարեգրությունը» աշխատության հեղինակ, 1417-1474 թթ): Արժեքավոր են նաև նրա շարունակող Ժան Մոլինեի աշխատությունը, հայտնի դիպլոմատ ու պատմաբան Ֆիլիպպ դը Կոմմինեսի և բանաստեղծ Օլիվիե դը Լամարշի հուշերը: Որոշակի արժեք է ներկայացնում նաև շվեյցարացի պատմաբան Դիբոլդ Շիլլինգ Ավագի նկարազարդ տարեգրությունը:
ՆախնիներԽմբագրել
Կարլոս Խիզախի կերպարը դասական գրականությանումԽմբագրել
- Վալտեր Սքոթը երկու անգամ անդրադարձել է Կարլոս Խիզախի կերպարին՝ «Քվենտին Դորվարդ» (1823 թ., հայկական հրատարակություն՝ 1939 թ.), «Анна Гайерштайн, или Дева Мрака» կամ «Карл Смелый» (1829 թ., «Anne of Geierstein, or The Maiden of the Mist»):
- Կարլոս Խիզախը անանուն Կոմսի հիմնական նախատիպն է Պուշկինի «Ժլատ ասպետի» («Скупого рыцаря», 1830թ.[10]) եզրափակիչ տեսարանում:
- Ալեքսանդր Դյումա-հայրը նվիրել է կոմսին գեղարվեստական-կենսագրական ակնարկ «Կարլոս Խիզախ» (Charles le Téméraire, 1857 թ.)[11]:
- Հանդես է գալիս Հենրի Դյուպուի-Մազուելի «Գայլերի հրաշք» (1924 թ., «Чудо волков») պատմավեպում, որն էկրանավորեց Անդրե Հունեբելլը (André Hunebelle) 1961 թվականին:
Կարլոս Խիզախի կերպարը կինոյում[12]Խմբագրել
- «Գայլերի հրաշք» / «Le miracle des loups» (Ֆրանսիա, 1924 թ.), կինոռեժիսոր Ռայմոնդ Բերնար, Կարլոսի դերում՝ Բաննի Մարկու:
- «Քվենտին Դորվարդ» / «Quentin Durward» (ԱՄՆ, 1955 թ.), կինոռեժիսոր Ռիչարդ Տորպ, Կարլոսի դերում՝ Ալեկ Կլունիզ:
- «Բուրգունդյան պալատի գաղտնիքները» / «Le miracle des loups» (Ֆրանսիա, 1961 թ.), կինոռեժիսոր Անդրե Հունեբելլ, Կարլոսի դերում՝ Ռոժե Անեն:
- «Քվենտին Դորվարդ» / «Quentin Durward» (Ֆրանսիա-Գերմանիա, 1971 թ.), կինոռեժիսոր Ժիլ Գրանժե, Կարլոսի դերում՝ Վիլյամ Սաբատե:
- «Քվենտին Դորվարդի արկածները» / «Приключения Квентина Дорварда, стрелка королевской гвардии» (ԽՍՀՄ, 1988 թ.), կինոռեժիսոր Սերգեյ Տարասով, Կարլոսի դերում՝ Ալեքսանդր Յակովլև:
- «Սպիտակ թագուհին» / «The Price of Power» (Մեծ Բրիտանիա, 2013 թ.), կինոռեժիսորներ Քոլին Տիգ, Ջեմի Փեյն, Կարլոսի դերում՝ Յորեն Սելդեսլախտս:
ԳրականությունԽմբագրել
- Յոհան Հայզինգա Осень Средневековья / Пер. Д. В. Сильвестрова. Под ред. С. С. Аверинцева. — М.: Наука, 1988. — 544 с.: ил. — (Памятники исторической мысли). — ISBN 5-02-008934-6.
- Асейнов Р. М. При дворе герцогов Бургундских. История, политика, культура XV века. — М.: Университет Дмитрия Пожарского. Русский фонд содействия образованию и науке, 2019. — 432 с.: ил. — ISBN 978-5-91244-244-5
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118560026 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Карл Смелый // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Kindred Britain
- ↑ Гене Бернар. История и историческая культура Средневекового Запада. — М.: Языки славянской культуры, 2002. — С. 70.
- ↑ Асейнов Р. М. Карл Смелый, Гийом Югоне и политическая мысль при бургундском дворе в 1470-е гг. // В кн.: Асейнов Р. М. При дворе герцогов Бургундских. — М., 2019. — С. 398.
- ↑ Контамин Филипп. Война в Средние века. — СПб., 2001. — С. 167.
- ↑ Britannica 1911
- ↑ Wilhelm Baum: Sigmund der Münzreiche. Zur Geschichte Tirols und der habsburgischen Länder im Spätmittelalter, Bozen 1987.
- ↑ Taylor, Aline S, Isabel of Burgundy, pp.212-213
- ↑ Горовенко А. В. «Скупой рыцарь» глазами историка-медиевиста // Valla, 2017, № 1. — С. 38.
- ↑ Рябов Ф. Г. История в произведениях А. Дюма // Новая и новейшая история. — М., 2003. — № 1.
- ↑ «Charles of Burgundy (Character)»։ IMDb։ Վերցված է 2017-02-25
Արտաքին հղումներԽմբագրել
- «Карл Смелый»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907