Սիգիզմունդ Մայստերլին

գերմանացի հումանիստ, վանական և պատմաբան

Սիգիզմունդ Մայստերլին (գերմ.՝ Sigismund Meisterlin, մոտավորապես` 1435 - 1497 թվականից հետո), միջնադարյան գերմանացի կրոնական գործիչ և մատենագիր[2]։

Սիգիզմունդ Մայստերլին
գերմ.՝ Sigismund Meisterlin
Ծնվել է1435[1]
Մահացել է1497[1]
Մասնագիտությունհեղինակ
 Sigismund Meisterlin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծննդյան տարեթիվն ու վայրը անհայտ են, բայց Մայստերլինը հավանաբար ծնվել է 1420-ական թվականներից ոչ շուտ, և նրա հայրենիքը անկասկած եղել է Շվաբիան։ 15 տարեկանում մտել է Աուգսբուրգի Սուրբ Ուլրիխ և Աֆրա բենեդիկտյան վանք, որտեղ անցկացրել է իր կյանքի հաջորդ 20 տարիները։ Վանքի գրադարանում գիտելիքներ է ձեռք բերել դասական և հռոմեական գրականության բնագավառում։ Աուգսբուրգի քաղաքապետ Սիգիզմուդ Գոսսենբրոտի խնդրանքով նա լատիներեն գրել է Chronographia Augustensiu տարեգրությունը, որը ավարտել է 1456 թվականի հունիսին։ Դրանից անմիջապես հետո դրա մեծ մասը թարգմանել է գերմաներեն և ներկայացրել Աուգսբուրգի քաղաքապետարան 1457 թվականի սկզբին։ Տարեգրության գերմանական տարբերակը ձեռք է բերել որոշակի ժողովրդականություն և հրատարակվել է 1502 թվականին։ Տարեգրությունը հիմնականում ուսումնասիրում է քաղաքի հնագույն և հին պատմությունը, լատիներեն տարբերակը ավարտվում է 1425 թվականով, գերմաներենը՝ Լյուդովիկոս Բավարացի կայսեր գահակալության սկզբով (կառավարել է 1328 թվականից)[2]։

Այդ տարեգրությունն ավարտելուց հետո Մայստերլինը մեկնել է Իտալիա, որտեղ Պավիայում հանդիպել է Գոսենբրոտի որդուն, ով նույն ժամանակաշրջանում հորն ուղղված նամակում ընդունել է նրա գիտական ​​և գրական արժանիքները, բայց միևնույն ժամանակ ոչ այնքան գովասանքով է արտահայտվել նրա բնավորության մասին։ Հայտնի է, որ Մայստերլինը կրթությունը շարունակել է Պավիայում, սակայն դրա մանրամասները չեն պահպանվել։ Քանի որ հետագայում նրան երբեմն կոչել են Վարպետ, կարելի է ենթադրել, որ նա այդ տիտղոսը ձեռք է բերել այնտեղ։ Մայստերլինի կյանքի հետագա երկու տասնամյակների մասին ոչ մի տվյալ չի պահպանվել։ Հայտնի չէ, թե նա որքան ժամանակ է անցկացրել Իտալիայում և երբ է վերադարձել Գերմանիա։ Հնարավոր է, որ նա հաջորդ մի քանի տարիներն անցկացրել է Սենտ Գալենի վանքում, որտեղ, իր իսկ վկայությամբ, կարճ ժամանակով զբաղեցրել է վանական եղբայրների դաստիարակի պաշտոնը[2]։

Միայն 1476 թվականին է նա հայտնվել որպես Վյուրցբուրգի տաճարի քարոզիչ։ Մոտավորապես 1478 թվականի սկզբին դարձել է Նյուրնբերգի Սուրբ Սեբալդի եկեղեցու քարոզիչ։ Նույն թվականի հոկտեմբերին արդեն բաց վեճի մեջ է մտել մեկ այլ քաղաքային վանական-քարոզչի հետ, որը ծավալվել է նույնիսկ ամբիոնի մոտ, այնպես որ եկեղեցական խորհուրդը ստիպված է եղել միջամտել դրան։ Հետևաբար, Մայստերլինի բնավորության մասին երիտասարդ Գոսենբրոտի հիշատակած անբարենպաստ ակնարկները, անհիմն չեն թվում։ 1481 թվականի հոկտեմբերի 8-ին, Սուրբ Սեբալդի եկեղեցու քարոզիչի պաշտոնից բացի, Մայստերլինը պաշտոն է ստացել նաև Լաուտենբախի ծխում, որն այնուհետև, խորհրդի համաձայնությամբ, փոխանակել է Գրոսգրյունդլախի ծխի հետ և պահպանել այն մինչև 1488 թվականը (Գերմանիայում կան բազմաթիվ բնակավայրեր՝ Լաուդենբախ կամ Լաուտենբախ անուններով, որոնցից որի՞ մասին է խոսքը, մնում է անհասկանալի)[2]։

Հավանաբար, Նյուրնբերգ տեղափոխվելուց անմիջապես հետո նա ընդունել է մի քանի հայրապետների կողմից քաղաքի պատմությունը գրելու իրեն տրված հանձնարարությունը, քանի որ նա լայնորեն հայտնի է որպես Աուգսբուրգի պատմության հեղինակ։ Այդ նպատակով նրան անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել տարբեր գրադարաններում հետազոտություններ իրականացնելու համար, օրինակ՝ Ռեգենսբուրգի Նիդերալթեյխ աբբայության և Սենտ Էմերամի գրադարաններում։ Իր գիտելիքների շնորհիվ բավականին հարգված է եղել Նյուրնբերգում նույնիսկ քաղաքի ամենակրթված մարդկանց կողմից, ինչպիսիք են Հարթման Շեդելը, Գեորգ Ալտը կամ Սեբալդ Շրայերը, բայց նա անընդհատ կոնֆլիկտներ է ունեցել, հավանաբար իր վատ բնավորության պատճառով, ինչի մասին գրել է Գոսենբրոտ կրտսերը։ Ուստի գերադասել է միայնակ ապրել իր ծխում և հնարավորինս հազվադեպ գալ քաղաք։ Նյուրնբերգ կատարած այցերից մեկի ժամանակ Մայստերլինին խնդրել են հարկեր վճարել, ինչի պատճառով ստիպված է եղել, ըստ իր իսկ հայտարարության, վաճառել իր գրադարանի ամենաթանկ գրքերը։ Այդ տհաճ իրավիճակում նա վառ կերպով հիշել է Աուգսբուրգի վանքում գտնվելու ավելի ուրախ ժամանակները և ամրապնդել իր հարաբերությունները վանքի հետ, որոնք, ըստ երևույթին, երբեք ամբողջությամբ չեն ընդհատվել[2]։

1481 թվականին նա գրել է աբբայության պատմությունը լատիներեն՝ Chronicon Augustanum ecclesiasticu-ը, իսկ դրանից անմիջապես հետո` Index monasterii SS Udalrici-ը, որի առաջաբանում որպես գրելու վայր նշված է Գրոսսգրյունդլախը։ Երկու աշխատանքներն էլ սերտորեն կապված են միմյանց հետ, իսկ վերջինը համարվում է նախկինի բարեփոխված վերամշակված տարբերակը։ 1488 թվականին Մայստերլինը ավարտել է Նյուրնբերգի տարեգրությունը լատիներեն, ապա ավարտել դրա գերմաներեն թարգմանությունը և ստացել խոստացված վճարը։ Սակայն լատիներեն հրատարակությունը լույս է տեսել միայն 18-րդ դարում, իսկ գերմաներենը՝ 19-րդ դարի վերջում։ Նույն թվականին նա Գրոսգրյունդլախի ծխական համայնքից տեղափոխվել է Ֆոյխթի ծուխ, դա Մայստերլինի մասին վերջին հիշատակումն է։ Կարելի է ենթադրել, որ դրանից շատ չանցած նա մահացել է[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Record #59429792 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Franz Xaver von Wegele. Meisterlin, Sigmund // Allgemeine Deutsche Biographie (ADB). — Bd. 12. — Leipzig: Duncker & Humblot, 1880. — S. 658—666.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիգիզմունդ Մայստերլին» հոդվածին։