Մարդու գլխուղեղ
Մարդու գլխուղեղ (լատին․՝ cerebrum, հին հունարեն՝ ἐγκέφαλος), մարդու կենտրոնական նյարդային համակարգի օրգան։ Տեղադրված է գանգի խոռոչում, նրա զանգվածը տատանվում է 1300-1400 գ սահմաններում։ Առանձին դեպքերում այն կարող է ունենալ 1100-2000 գ զանգված։ Գլխուղեղից հեռանում են 12 զույգ գանգուղեղային նյարդեր, որոնցից է ներքին օրգանների աշխատանքը կարգավորող թափառող նյարդը։ Մարդու գլխուղեղը սաղմնային շրջանում ու կյանքի առաջին տարիներին ուժգին աճում է և 20 տարեկան հասակում հասնում է իր վերջնական մեծությանը։ Գլխուղեղում նեյրոնների մարմիններն առաջացնում են գորշ նյութ, որը գտնվում է ինչպես գլխուղեղի մակերեսին՝ ձևավորելով կեղև, այնպես էլ գլխուղեղի ներսում՝ սպիտակ նյութի մեջ, կորիզների ձևով։ Սպիտակ նյութը կազմված է նեյրոնների երկար ելուստներից։ Գլխուղեղը կազմված է հետևյալ բաժիններից՝ երկարավուն ուղեղ, կամուրջ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ, ուղեղիկ և մեծ կիսագնդեր (ծայրային ուղեղ)։ Երկարավուն ուղեղը, կամուրջը, միջին և միջանկյալ ուղեղը կազմում են ուղեղաբունը։
Գլխուղեղային նյարդեր
խմբագրելՈւղեղաբնից դուրս են գալիս 12 զույգ գլխուղեղային նյարդեր։ Դրանք են՝
- n. olfactorius - Հոտառական նյարդ
- n. opticus - Տեսողական նյարդ
- n. oculomotorius - Ակնաշարժ նյարդ
- n. triochlearis - Ճախարակաձև նյարդ
- n. trigeminus - Եռվորյակ նյարդ
- n. abducenus - Զատող նյարդ
- n. facialis - Դիմային նյարդ
- n. glossopharingeus - Լեզվաըմպանային նյարդ
- n. vestibulokochlearis - նախադուռ խխունջային նյարդ
- n. vagus - Թափառող նյարդ
- n. accesorius - Լրացուցիչ նյարդ
- n. hypoglossus - Ենթալեզվային նյարդ
Գլխուղեղի բաժինները
խմբագրելԵրկարավուն ուղեղ
խմբագրելԵրկարավուն ուղեղը վարոլյան կամրջի հետ միասին կազմում են հետին ուղեղ։ Երկարավուն ուղեղը ողնուղեղի վերին հաստացած կոնաձև մասն է 2, 5-3 սմ երկարությամբ։ Նրա ստորին մասը ծոծրակային մեծ անցքն է, իսկ վերինը՝ կամրջի հետին եզրը։ Երկարավուն ուղեղն իր կառուցվածքով նման է ողնուղեղին։ Գորշ նյութում տեղադրված են գանգուղեղային որոշ նյարդերի կորիզներ, որոնք կարգավորում են լեզվի, ըմպանի, կոկորդի, վահանագեղձի, խոշոր արյունատար անոթների, ներքին օրգանների գործունեությունը։ Երկարավուն ուղեղի տարբեր կորիզներն ապահովում են շնչառական, սիրտ-անոթային, մարսողական համակարգերի գործունեությունը, արգելակում և դրդում մեծ կիսագնդերի կեղևի ու ողնուղեղի ֆունկցիաները։ Այստեղ են գտնվում համի, ծամելու, կլլման, ծծելու ռեֆլեքսների կենտրոնները։ Երկարավուն ուղեղն իրականացնում է նաև մի շարք պաշտպանական ռեֆլեքսներ՝ փռշտոց, հազ, փսխում, արցունքազատում, կոպերի թարթում, մասնակցում է նաև կեցվածքն ապահովող ռեֆլեքսների իրականացմանը։ Ինչպես տեսնում եք, երկարավուն ուղեղում գտնվում են կենսական կարևոր կենտրոններ, ուստի նրա ոչ միայն հեռացումը, այլև վնասումն ավարտվում է մահով։ Երկարավուն ուղեղով են անցնում գլխուղեղի մյուս բաժինները, ողնուղեղի հետ միացնող և ողնուղեղից հաղորդվող վերընթաց ուղիները։
Վարոլյան կամուրջ
խմբագրելՎարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը, արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի լորձաթաղանթը։ Նրանով են անցնում առջևի և միջին ուղեղը ստորև գտնվող կենտրոններին կապող ուղիները։
Ուղեղիկ
խմբագրելՈւղեղիկը համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Այն տեղավորված է երկարավուն ուղեղի թիկնային մակերեսին։ Ուղեղիկը կազմված է երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։ Ուղեղիկի գորշ նյութը առաջացնում է կեղև, որի տակ սպիտակ նյութն է գորշ նյութի կուտակներով՝ կորիզներով։ Ուղեղիկի գորշ ու սպիտակ նյութերի հետաքրքիր պատկերը կոչվում է «կենաց ծառ»։
Ուղեղիկը դասվում է շարժումները կարգավորող համակարգի մեջ։ Վ.Բ. Ֆանարջյանը բացահայտել է ուղեղիկի դերը կեցվածքի ու մկանային լարվածության կարգավորման, արագ, նպատակաուղղված շարժումների կազմակերպման ու ղեկավարման մեխանիզմում։ Ուղեղիկի վնասվածքի դեպքում նկատվում են համաձայնեցված շարժումներ կատարելու ընդունակության կորուստ, տատանողական շարժումներ, մկանների դող, անհամապատասխանություն մկանային կծկումների մեծության և կատարվելիք շարժման միջև։ Է.Հ. Հասրաթյանը ցույց է տվել, որ ուղեղիկի վնասվածքի մեծ մասի հետևանքները կարող են փոխհատուցվել, եթե ուղեղիկի հետ կապված մեծ կիսագնդերի կեղևի շարժողական գոտին գործում է բնականոն։ Որքան երիտասարդ հասակում է ուղեղիկը վնասվում, այնքան արագ են փոխհատուցվում նրա ախտանշանները։
Միջին ուղեղ
խմբագրելՄիջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու շարժումը դեպի ձայնը։
Միջին ուղեղում են գտնվում նաև զգացող և շարժիչ որոշ կորիզներ, որոնք կարգավորում են ակնագնդերի շարժումը, բբային ռեֆլեքսները, մկանային լարվածությունը, դիմախաղի, մատների նուրբ շարժումները։ Միջին ուղեղի վնասման դեպքում նկատվում են այդ մկանների ոչ կամային կծկումներ կամ դող։ Միջին ուղեղում գտնվող նեյրոնների որոշ խումբ կեղևի վրա թողնում է ակտիվացնող ազդեցություն, որը կարևոր նշանակություն ունի արթուն վիճակը պահպանելու համար։ Միջին ուղեղով են անցնում նաև ողնուղեղը մեծ կիսագնդերի հետ կապող ուղիները։
Միջանկյալ ուղեղ
խմբագրելՄիջանկյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։ Տեսաթումբը իրականացնում է ողնուղեղից, միջին ուղեղից, ուղեղիկից ու հիմնային հանգույցներից դեպի մեծ կիսագնդեր ընթացող նյարդային ազդակների մշակում, մասնակցում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կարգավորմանը։ Մեծ կիսագնդերի կեղևի հետ ունեցած երկկողմանի կապերի շնորհիվ տեսաթումբը մասնակցում է քնի ու արթունության հերթագայումը, գիտակցության պահպանմանը, արգելակման զարգացմանը։ Այն նաև ցավազգաց կենտրոն է։
Ենթատեսաթումբը կարևոր դեր ունի օրգանիզմի ներքին միջավայրի կայունության պահպանման, ինքնավար, ներզատական ու մարմնական համակարգերի ամբողջականության համար։ Այստեղ են գտնվում նյութափոխանակությունը, մարմնի կայուն ջերմաստիճանը, քաղցի ու հագեցման, ծարավի, սեռական վարքագծի, վախի ու կատաղության, քնի ու արթունության հերթագայումը կարգավորող կենտրոնները։ Ենթատեսաթումբը նաև վեգետատիվ նյարդային համակարգի գործունությունը կարգավորող ենթակեղևային բարձրագույն բաժին է։ Հ.Գ. Բակլավաջյանի հետազոտություններով այստեղ բացահայտվել են նեյրոններ, որոնք ակտիվացնող ազդեցություն ունեն ողնուղեղի սիմպաթիկ ու պարասիմպաթիկ կենտրոնների վրա։ Ենթատեսաթումբը կապված է մակուղեղի հետ, առաջացնելով ենթատեսաթումբ-մակուղեղային համակարգ, որն օրգանիզմում իրականացնում է նյարդահումորալ կարգավորում։
Գլխուղեղի ուսումնասիրման մեթոդներ
խմբագրելՓորձառական պայմաններում գլխուղեղի ուսումնասիրման մեթոդներից է նրա առանձին բաժինների հեռացումն ու դրա հետևանքով առաջացած փոփոխությունների ուսումնասիրումը։ Այդ մեթոդով բացահայտվել են գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի տարբեր շրջանների ֆունկցիաները։
Գլխուղեղի տարբեր գոյացությունների մեջ նաև ներդրվում են էլեկտրոդներ, որոնց միջոցով այդ գոյացությունները գրգռում են էլեկտրական հոսանքով կամ քիմիական նյութերով։ Այս մեթոդով կազմվել են կենտրոնների տեղակայման քարտեզներ։
Ռուս ֆիզիոլոգ Ի.Պ. Պավլովի կողմից կիրառված պայմանական ռեֆլեքսների մեթոդով նույնպես ուսումնասիրվում են գլխուղեղի ֆունկցիաները։
Ներկայումս կենտրոնական նյարդային համակարգի ուսումնասիրման մեթոդների կատարելագործումն ու համակարգիչների օգտագործումը թույլ են տալիս առանց գանգաբացման «տեսնել» գլխուղեղի գործունեությունը։ Այդպիսի մեթոդ է էլեկտրաուղեղագրի գրանցումը։
Գլխուղեղի ուսումնասիրման ժամանակակից մեթոդներից է շերտագրությունը (տոմոգրաֆիա)։ Այն ռենտգենագրանցիչ մեթոդ է, որի ժամանակ ուղեղի առանձին գոյացությունների ռենտգենյան նկարները վերլուծվում ու գրանցվում են համակարգչով։
Գլխուղեղի գործունեության ընթացքում մեծ կիսագնդերի կեղևի տարբեր գոտիներում արյունամատակարարման փոփոխություններով կարելի է ցանկացած պահին որոշել նրա ակտիվ գոտիները ռադիոակտիվ իզոտոպի լուծույթի ներարկմամբ։ Ռադիոակտիվ ճառագայթների գրանցմամբ և տվյալների համակարգչային մշակումից հետո էկրանի վրա պատկերվում են տարբեր գույների քառակուսիներ, որոնք ցույց են տալիս տվյալ պահին գլխուղեղի ակտիվացած կենտրոնները։
ԷՈՒԳ-ի ռիթմերը
խմբագրելՌիթմի անվանումը | Հաճախականությունը (Հց) | Տատանասահմանը (մկՎ) |
---|---|---|
դելտա-ռիթմ | 0,5-4 | 20-200 |
թետա-ռիթմ | 4-8 | 20-100 |
ալֆա-ռիթմ | 8-13 | 50-100 |
մյու-ռիթմ | 7-11 | 30-50 |
կապա-ռիթմ | 8-13 | 5-40 |
սիգմա-ռիթմ | 12-14 | մինչև 50 |
լյամբդա-ռիթմ | 12-14 | 20-50 |
բետա-ռիթմ | 13-30 | 5-30 |
գամա-ռիթմ | 30-ից-120-170 | մինչև 15 |
Գրականություն
խմբագրել- Ս. Մ. Մինասյան, Ծ. Ի. Ադամյան, Ն. Վ. Սարգսյան, Մարդու և կենդանիների Ֆիզիոլոգիա, Երևան, 2006
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարդու գլխուղեղ կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |