Դիֆերենցիալ հոգեբանություն

Դիֆերենցիալ հոգեբանություն, հոգեբանության բնագավառ։ Ուսումնասիրում է մարդկանց մեջ եղած անհատական տարբերությունները, անհատի բնավորությունը, խառնվածքը, ընդունակությունները, վարքագծի շարժառիթները, մասնագիտական հակումները, կարողությունները։ Հիմնադիրն է Ֆ. Գալտոնը (XIX դար, Անգլիա)։ «Դիֆերենցիալ հոգեբանություն» հասկացության հեղինակն է Վ․ Շտերնը (Գերմանիա, 1900)։ Դիֆերենցիալ հոգեբանության խոշոր ներկայացուցիչներից են Ա․ Բինեն (Ֆրանսիա), Ա․ Ֆ․ Լազուրսկին (Ռուսաստան)։ Պատկերների, գործողությունների (ռեակցիայի ժամանակ), դրդապատճառների, հաղորդակցման բնագավառում անհատական տարբերությունները հատուկ ուսումնասիրման առարկա են, որի շնորհիվ ավելի հստակ են դարձել անհատ և անձ հասկացությունների տարբերությունները։ Դրանք չեն համընկնում, չնայած ներկայացնում են հոգեբանական նույն կատեգորիան և ցույց են տալիս հոգեկան ռեալությունն իր ամբողջությամբ և անկրկնելիությամբ։ Մարդկանց մեջ եղած անհատական տարբերությունների բացահայտման համար մշակվել և հոգեբանության մեջ ներդրվել են վիճակագրական, ֆակտորային, վարիացիոն վերլուծություններ, որոնք թեև լիովին չեն բավարարում դիֆերենցիալ հոգեբանության պահանջները, սակայն օգտակար են հոգեբանական վերլուծությունների ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 416