Անգիտակցական կամ չգիտակցված, հոգեկան գործընթացների և երևույթների համախումբ, որը դուրս է սուբյեկտի (մարդու) գիտակցության ոլորտից, այսինքն` չի ղեկավարվում գիտակցության կողմից[1]։ «Անգիտակցական» տերմինը կիրառվում է փիլիսոփայության, հոգեբանության, հոգեվերլուծության, հոգեբուժության, հոգեֆիզիոլոգիայի մեջ, իրավագիտության մեջ, արվեստաբանության և այլ բնագավառներում։ Հոգեբանության մեջ անգիտակցականը հակադրվում է գիտակցականին, սակայն հոգեվերլուծության շրջանակներում անգիտակցականն ու գիտակցականը տարբեր հարթությունների վրա են դիտարկվում։

Տերմինի հեղինակը 18-րդ դարի գերմանացի ռոմանտիկ փիլիսոփա Ֆրիդրիխ Շելինգն է և այնուհետև բանաստեղծ և էսսեիստ Սամուել Թեյլոր Քոլիրջինի կողմից ներդրվել է անգլերենի մեջ[2][3]։

Էմպիրիկ ապացույցները ենթադրում են, որ անգիտակից երևույթները ներառում են ճնշված զգացմունքներ, ավտոմատ հմտություններ, ենթագիտակցական ընկալումներ, մտքեր, սովորություններ և ավտոմատ ռեակցիաներ[1] և, հնարավոր է, նաև բարդույթներ, թաքնված ֆոբիաներ և ցանկություններ։

Հայեցակարգը հանրաճանաչ է դարձել ավստրիացի նյարդաբան և հոգեբան Զիգմունդ Ֆրոյդի շնորհիվ։ Հոգեվերլուծության մեջ անգիտակցական գործընթացները արտահայտվում են երազների մեջ, ինչպես նաև լեզվի սայթաքումներում[4] և կատակներում։

Անգիտակցականի մի քանի դրսևորումներ խմբագրել

  1. Անգիտակցականն այնպիսի գործընթաց է, որը կատարվում է ավտոմատ/ինքնավար կերպով, ռեֆլեքսային ձևով, երբ նրա պատճառը դեռ չի հասել գիտակցությանը (օր. պաշտոնական ռեակցիան և նման այլ երևույթներ), ինչպես նաև գիտակցության բանական կամ արհեստական անջատման ժամանակ (քնի մեջ, հիպնոսի, լուսնոտության դեպքում, ուժեղ հարբած վիճակում և այլն)։
  2. Անգիտակցականն ակտիվ հոգեկան պրոցես է, որն անմիջականորեն չի մասնակցում իրականության նկատմամբ սուբյեկտի գիտակցական վերաբերմունքին և այդ իսկ պատճառով տվյալ պահին չի գիտակցվում սուբյեկտի կողմից (ենթագիտակցական
  3. Անգիտակցականն այնպիսի հոգեկան բնագավառ է, որտեղ կենտրոնանում են հավերժական և անփոփոխ հակումներ, շարժառիթներ, ձգտումներ, որոնց իմաստը որոշվում է բնազդներով և անհասանելի է գիտակցությանը։ Անգիտակցականի մասին իդեալիստական ուսմունքն առավել ամբողջական զարգացում է ստացել ֆրոյդիզմի մեջ։ Ըստ այդ կոնցեպցիայի, անգիտակցականը կազմված է երեք շերտից՝

Անգիտակցականը կազմում է հոգեկանի խոր հիմքը, որը որոշում է մարդու ամբողջ գիտակցական կյանքը և նույնիսկ անհատների ու ամբողջ ժողովուրդների ճակատագրերը։ Անգիտակցական մղումը դեպի հաճույք և մահ (ագրեսիայի բնազդը) բոլոր զգացմունքների և ապրումների իմաստային առանցքն է։

Ենթագիտակցականը կամ նախագիտակցականը կազմում է հատուկ սահմանային ոլորտ գիտակցության և անգիտակցության միջև։ Այդ բնագավառ են ներխուժում անգիտակցական հակումներ, և հենց այստեղ էլ մարդու հասարակական կյանքից ծնված մի հատուկ հոգեկան «ինստանցիա»` նրա «գեր-եսը» կամ խիղճը ենթարկում է դրանք խիստ ցենզուրայի։

Գիտակցությունը հոգեկանի մակերեսային դրսևորումն է արտաքին աշխարհի հետ նրա շփման կետում և կախված է ամենից առաջ միստիկական անգիտակցական ուժերից։ Անգիտակցականը որպես գիտակցական ակտերի միստիկական անճանաչելի հիմք, հանդես է գալիս Հերբարտի, Շոպենհաուերի և մի քանի ուրիշ իդեալիստների կոնցեպցիաներում։

Պատմական ակնարկ խմբագրել

Պլատոնը (անտիկ շրջան) անգիտակցականը մեկնաբանել է որպես վերհուշի տեսություն, երբ մարդը ծնված օրվանից իր անգիտակցականում ունենում է որոշակի գաղափարներ, որոնք կյանքի ընթացքում վերհիշում է։ Այս տեսակետը գոյատևեց մինչև նոր շրջանի ժամանակները։

Նոր շրջանում առաջինը գիտակցության խնդրին անդրադարձել է Դեկարտը, ըստ որի հոգու էությունը մտածողությունն է։ Դեկարտի գաղափարները պատկերացում տվեցին այն մասին, որ գիտակցականն ու հոգեկանը նույնական են։ Ըստ Դեկարտի՝ գիտակցությունից դուրս կարող է լինել միայն ուղեղի զուտ ֆիզիոլոգիական գործունեությունը, իսկ հոգեկանը գիտակցության մեջ է։

Անգիտակցականի առաջին խիստ մատերիալիստական բացատրությունը փորձել է տալ անգլիացի փիլիսոփա Հարթլին, անգիտակցականը կապելով նյարդային համակարգի գործունեության հետ։

Գերմանական դասական փիլիսոփայությունը անգիտակցականին հիմնականում մոտենում էր գնեոսոլոգիական/իմացաբանանական տեսանկյունից։ Ի. Կանտը անգիտակցականը կապում էր ինտուիցիայի խնդրի հետ (անգիտակցական ապրիորի սինթեզ)։

Ռոմանտիզմի տեսաբանները հակադրվելով ռացիոնալիզմին՝ ստեղծագործության հոգեբանության հիմքում տեսնում էին անգիտակցականը։

Անգիտակցականի իռացիոնալիստական ուսմունքն առաջ քաշեց Ա. Շոպենհաուերը, իսկ Հարթմանը հետագայում զարգացնելով այդ ուսմունքը անգիտակցականը բարձրացրեց ներկայացնելով որպես ունիվերսալ սկզբունք, կեցության հիմք և համաշխարհային գործընթացների պատճառ։

 
Հոգեկերտվածքի տարրերի դիագրամ–այսբերգ, ըստ Զիգմունդ Ֆրեյդի

19-րդ դարում սկսվեց անգիտակցականի հոգեբանական ուսումնասիրությունը։ 1824 թվականին Հերբարտը տալիս է անգիտակցականի դինամիկ բնութագիրը, ըստ որի անհամատեղելի գաղափարները հնարավոր է, որ իրար հետ կոնֆլիկտ ունենան, հակադրվեն իրար, ընդ որում ավելի թույլերը ճնշվելով հանդերձ չեն դադարում ազդել գիտակցության վրա, չկոցնելով իրենց դինամիկ ընդունակությունները։

Հոգեպաթոլոգիայի բնագավառում անգիտակցականի ուսումնասիրությունը նոր թափ ստացավ, որտեղ թերապևտիկ նկատառումներով սկսեցին օգտագործել հիպնոսը՝ որպես անգիտակցականի վրա ազդելու միջոց։

Անգիտակցականը ըստ Զիգմունդ Ֆրոյդի խմբագրել

Լինելով բուժող բժիշկ, Ֆրոյդն իր պրակտիկայում հաճախ բախվել է նման դեպքերի, երբ չգիտակցված ապրումները կարող են լուրջ բարդություններ առաջացնել մարդու կյանքում և կարող են նյարդա-հոգեկան հիվանդությունների պատճառ դառնալ։

  Անգիտակցականի մեջ մտնում են մարդու գաղտնի ցանկություններն ու ֆանտազիաները, որոնք հակասության մեջ են հասարակական կարծիքի և վարքի հասարակական չափանիշների հետ։ Այդ իսկ պատճառով ճնշվել են և մղվել անգիտակցականի մեջ, բայց շարունակում են անհանգստացնել։  

Նա իր աշխատանքի նպատակն էր դարձրել գտնել և չեզոքացնել խորքային հակասությունը գիտակցության և կույր անգիտակցականի միջև։ Այդպես ծնվեց ֆրոյդիզմը՝ հոգին բուժելու Ֆրոյդի մեթոդը, որը անվանվեց հոգեվերլուծություն։

Անգիտակցականը ըստ Կարլ Գուստավ Յունգի խմբագրել

Հետագայում Յունգը լայնորեն ընդարձակեց անգիտակցականի հասկացությունը՝ ստեղծելով վերլուծական հոգեբանությունը, ներմուծեց «կոլեկտիվ անգիտակցական» տերմինը և էականորեն փոխեց անգիտակցականի իմաստը հոգեվերլուծության համեմատ։ Ըստ Յունգի, ոչ միայն գոյություն ունի սուբյեկտի անգիտակցականը, այլ նաև կա ընտանեկան, սեռային, ազգային, ռասայական, կրոնական և կոլեկտիվ անգիտակցական, որն իր մեջ կրում է հասարակության հոգեկան աշխարհի ինֆորմացիան[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Westen, Drew (1999). «The Scientific Status of Unconscious Processes: Is Freud Really Dead?». Journal of the American Psychoanalytic Association. 47 (4): 1061–1106. doi:10.1177/000306519904700404. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  2. Bynum; Browne; Porter (1981). The Macmillan Dictionary of the History of Science. London. էջ 292.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Christopher John Murray, Encyclopedia of the Romantic Era, 1760-1850 (Taylor & Francis, 2004: 1-57958-422-5), pp. 1001–02.
  4. J Jones Freudian Slips and Mistakes
  5. Лекция О. Телемского «Структура психики по Юнгу»

Գրականություն խմբագրել

  1. Փիլիսոփայական բառարան, Ե., 1975 թ., էջ 13
  2. Фрейд З. Психология бессознательного. — М., 2006. — С. 25-38.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգիտակցական» հոդվածին։