Գիտակցություն
Գիտակցություն, օբյեկտիվ իրականության արտացոլման և շրջակա միջավայրի նկատմամբ մարդու վերաբերմունքի նպատակաուղղված կարգավորման բարձրագույն ձև։ Գիտակցությունը մարդկության ֆիլոգենետիկ զարգացման ընթացքում ձևավորված զգայական (սենսոր), ինտելեկտուալ, կամային և հուզական գործընթացների համակարգ է, որոնք ուղղված են մարդու կողմից շրջակա աշխարհի ճանաչմանը և վերափոխմանը իր պահանջներին համապատասխան։ Դա մարդու կողմից իրականության արտացոլման բարձրագույն ձևն է։
Գիտակցության բովանդակությունը հանդիսանում է զգայությունների, ըմբռնման, հիշողության, մտածողության, երևակայության միջոցով ձեռք բերված և խոսքի ու լեզվի միջոցով ամրապնդված գիտելիքների ամբողջությունը։ Գիտակցությունը մարդուն հնարավորություն է տալիս ճանաչել ոչ միայն շրջակա աշխարհը, այլ նաև ինքն իրեն, դառնալ գործունեության սուբյեկտ, անձնավորություն։ Գիտակցության միջոցով անհատը տարբերակում է «Ես»-ը «ոչ-Ես»-ից, իրեն շրջապատող աշխարհից, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել սեփական անձը, իր հոգեկան գործունեությունը ուղղել իր վրա։ Գիտակցության այն կողմը, որի միջոցով անհատը ճանաչում է ինքն իրեն, դառնում սեփական իմացության օբյեկտը, կոչվում է ինքնագիտակցություն։
Գիտակցության բարձրագույն մակարդակը հանդիսանում է բանականությունը։ Գիտակցությունը սերտորեն կապված է խոսքի հետ և բարձրագույն ձևերում առանց դրա գոյություն չունի։
Ի տարբերություն զգայությունների և ըմբռնման, պատկերացումների և հիշողության գիտակցական արտացոլումը իմաստավորված է, այսինքն՝ խոսք-հասկացությունների միջոցով ձեռք է բերում որոշակի իմաստ[1]։
Նյարդաֆիզիոլոգիա
խմբագրելՄարդը կենդանիներից որակապես տարբերվում է իր նպատակաուղղված պրակտիկ գործունեության ընթացքում կեցությունը գիտակցելու ունակությամբ, որը չի կարող իրականացվել առանց գլխուղեղի աշխատանքի։ Սակայն գիտակցություն միայն գլխուղեղի բնածին ֆունկցիան չէ։ Բնածին է սոսկ գիտակցության առաջացման հնարավորությունը մարդու նյարդային համակարգի որոշակի կառուցվածքի շնորհիվ։ Այդ հնարավորությունն իրական է դառնում, այսինքն՝ գիտակցություն զարգանում է միայն հասարակական կյանքի պայմաններում։ Այս փիլիսոփայական դրույթը հաստատվում է գործնականում։
Գլխուղեղը գիտակցության օրգան է, բայց գլխուղեղի միջոցով մարդու մտածելու ունակությունը ձևավորվում է սոսկ սոցիալական կյանքի պայմաններում։ Ուստի գիտակցությունը գլխուղեղի գործունեության արդյունք է՝ հասարակական կյանքի պայմաններում։ Մարդու գիտակցության առաջացման կարևորագույն պայմաններից են աշխատանքը և խոսքը (լեզուն)։ Խոսքը գիտակցության դրսևորման նյութական ձևն է, որն առաջացել է որպես մարդկանց հաղորդակցման միջոց։ Խոսքի մեջ արտացոլվել է մարդկության մշակույթի և գիտության ողջ հարստությունը[2]։
Գլխուղեղ և գիտակցություն
խմբագրելԲարձրագույն հոգեկան ռեակցիանների իրականացման գործընթացում առաջնահերթ նշանակություն ունեն ճակատային բլթերը։ Մարդու ճակատային բլթերի վնասման դեպքում դիտվում է ապաարգելակում, գրգռվածություն, հոգեկան անհավասարակշռություն, հիվանդագին բարձր տրամադրություն (էյֆորիա )։ Ամերիկացի ֆիզիոլոգ Վ.Մաունտկասլին ( 1987 ) առաջարկել է մի տեսակետ, որի համաձայն ՝ մեծ կիսագնդերի կեղևային սյունային կառուցվածքը էական և որոշիչ դեր ունի գիտակցության ձևավորման մեխանիզմում։
Երևույթների ինքնուրույն խմբի մեջ են առանձնացվում չգիտակցված հոգեկան երևույթները։ Ենթագիտակցաբար ընթացող ռեակցիաները կրում են ավտոմատացված բնույթ և իրականանում են ուղեղի ոչ մեծ բաժինների նեյրոնների մասնակցությամբ։ Տեղեկատվության ենթագիտակցական մշակման կենսաբանական նշանակությունն այն է, որ ֆիլտրվում է մուտքային մեծաքանակ տեղեկետավությունը։ Օրինակ ՝ ենթագիտակցաբար է իրականանում մարդու ներքին օրգանների գործունեության կարգավորումը։ Դրա համար էլ մարդը «զգում » է «ընկալում » իր օրգանները միայն այն դեպքում, երբ նրանցում զարգացել է ախտաբանական վիճակ։ Բնականոն պայմաններում ներքին օրգանների ֆիզիոլոգիական կարգավորման համար բավարարում է ավտոմատացված ենթագիտակցական ռեֆլեքսային ռեակցիաների մակարդակը։
Ուղեղում գոյություն ունի զգայական մեխանիզմ, որն արձագանքում է շատ թույլ, սակայն հոգեբանորեն տվյալ անձի համար էական նշանակություն ունեցող գրգռիչներին։ Սյս մեխանիզմն ինքնըստինքյան չի կարող ապահովել հուզային նշանակություն ունեցող գրգռիչի գիտակցումը, սակայն նրա ակիվացումը հանգեցնում է կենսաէլեկտրական, վեգետատիվ և հոգեկան տեղաշարժերի։ Այս մեխանիզմը ստացել է հոգեբանական պաշտպանություն անվանումը։
Փիլիսոփայության մեջ
խմբագրելԳիտակցության հիմնահարցի բազմազան լուծումները հանգում են 2 բևեռների՝ դրա մատերիալիստական և իդեալիստական ըմբռնմանը։ Իդեալիզմը, գիտակցությունը կտրելով ուղեղի գործունեությունից, այն միշտ անջրպետել է օբյեկտիվ իրականությունից՝ պաշտպանելով մատերիայի նկատմամբ գիտակցության առաջնայնությունը։ Մատերիալիզմը փնտրում է ընդհանրություն, միասնություն գիտակցության և օբյեկտիվ աշխարհի միջև՝ հոգեկանը անջատելով նյութականից, կեցությունը գիտակցության նկատմամբ դիտելով որպես որոշիչ և առաջնային։ Նյութական աշխարհը գոյություն ունի գիտակցությունից դուրս, անկախ այն բանից, ընկալվում է մարդու կողմից, թե ոչ։ Մատերիայի և գիտակցության այսպիսի բնորոշումը հստակ ցույց է տալիս գիտակցության 2-րդային լինելը[2]։
Հոգեբանության մեջ
խմբագրելԳիտակցությունը օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ արտացոլումն է և հանդիսանում է ուղեղի բարձրագույն ֆունկցիան։ Գիտակցության գործընթացը ընկալման, վերամշակման և նոր տեղեկատվության ստեղծման բարդ բազմափուլ հոգեֆիզիոլոգիական բացառիկ երևույթ է։
Գիտակցության բաղադրամասերն են ՝ ճանաչումը, չափանմուշի ձևավորումը (ազդակի, կերպարի, չափանմուշային նյարդային մոդելի կառուցումը), ազդակի, կերպարի չափանմուշային նյարդային մոդելի հիշումը և ստեղծագործությունը ՝ նոր գիտելիքի ձևավորումը։
Մարդու գիտակցությունը հիմնվում է մարդկանց միջև հաղորդակցման վրա, զարգանում է անհատական կենսական փորձի ձեռքբերմանը զուգընթաց և կապված է խոսքի հետ։ Գիտակցությունը ժառանգական ֆունկցիա չէ։ Ժառանգաբար հաղորդվում է միայն ուղեղի որոշակի գոյացությունների օգնությամբ գիտակցության առաջացման հնարավորությունը հասարակության մեջ։ Հետևապես, գիտակցությունը ուղեղի և մարդու հասարակական կյանքի արգասիք է։ Գտակցության առանձնահատկություններից մեկն այն է, որ արտացոլում է ոչ միայն իրականությունը, այլ հնարավորություն է տալիս ստեղծելու այնպիսի առարկաներ, որոնք կծառայեն իրենց կարիքների բավարարման ու կյանքի պայմանները փոխելու համար։ Գիտակցաբար են ընդանում հոգեկան գործունեության բոլոր ձևերը ՝ զգայությունը, ընկալումը, պատկերացումը, ուշադրությունը, մտածողությունը, հույզերը և կամքը։ Գիտակցությունը հենվում է կոնկրետ և վերացական մտածողության վրա։ Կենսաբանական, սոցիալական և իդեալական պահանջմունքների հիմքի վրա ձևավորվում է ենթագիտակցությունը (ավտոմատացված, չգիտակցված հմտություններն ու վարքի ձևերը), գիտակցությունը (գիտելիքները, որոնք հաղորդակցվում են մյուս անհատներին), գերգիտակցությունը (ստեղծագործական ակտիվությունը, ինտուիտիվ վարքը)։
Գիտակցությունը գիտելիք է, որը խոսքերով, պատկերներով, գեղարվեստական ստեղծագործություններով կարելի է հաղորդել այլ անձանց։ Գիտակցությունն իրականացնում են գլխուղեղը, մասնավորապես մեծ կիսագնդերի կեղևը, լիմբիական համակարգը, ուղեղաբնի ցանցանման գոյացությունը։ Վերջինս իրականացնում է մեծ կիսագնդերի կեղևի գործունեության էներգիական կողմը։
Հատկություններ
խմբագրել- Հարաբերությունների կառուցում
- Ճանաչում
- Ապրում
- Ռեակտիվություն (արտաքին և ներքին ազդակներին պատասխանելու կարողություն)
- Զգայունակություն (զգալու և ապրումանկցելու կարողություն)
- Ակտիվություն
- Ընտրողականություն (գիտակցության մեջ արտացոլվում են առարկաների և երևույթների ոչ բոլոր և ոչ պատահական, այլ միայն հիմնական, կարևոր, բնութագրական առանձնահատկությունները, որոնց միջոցով դրանք տարբերվում են երևույթների և առարկաների այլ դասերից։ հաճախ արտացոլվող առանձնահատկությունները կապված են լինում արդիական պահանջմունքների, հետաքրքրությունների և գործունեության հետ)
- Անհատական բնույթ (ամեն մարդու գիտակցություն տարբերվում է այլ մարդկանց գիտակցություններից, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով՝ դաստիարակության պայմաններով, գենետիկական տարբերություններով, անձի դիրքորոշումներով և այլն)
- Ամբողջականություն
Գործառույթներ
խմբագրել- Արտացոլման ֆունկցիա
- Նպատակադրման ֆունկցիա
- Ժամանակատարածային ֆունկցիա
- Ստեղծագործական ֆունկցիա
- Վարքի և գործունեության գնահատման և ղեկավարման ֆունկցիա
- Աշխարհի, այլ մարդկանց, իր նկատմամբ վերաբերմունքի ձևավորման ֆունկցիա
- Հոգևոր ֆունկցիա, որը պայամանավորում է անհատականության ձևավորումը և հոգևորության զարգացումը
- Ռեֆլեկտոր ֆունկցիա
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- П.А.Сорокун. Основы психологии։ Псков, ПГПУ, 2005 (ռուս.)
- Н. Ю. Дмитриева Общая психология։ Москва։ 2008 (ռուս.)
- Ս.Մ. Մինասյան, Ծ.Ի. Ադամյան, Ն.Վ. Սարգսյան, Մարդու և կենդանիների Ֆիզիոլոգիա, Երևան,2006
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 77)։ |