Հոգեկան գործընթաց

բաներ, որ մարդը կարող է անել իր մտքի հետ

Հոգեկան գործընթաց կամ պսիխիկա, հոգեկան երևույթի տեսակ, որն իրենից ներկայացնում Է հոգեկան գործողությունների և վիճակների ձևափոխություն և հերթափոխում ժամանակի որոշ հատվածում։ Հոգեկան գործընթացը կարող Է տևել վայրկյանի մասերից մինչև րոպեներ կամ նույնիսկ ժամեր (երբեմն՝ ընդմիջումներով)։ Այն կարող Է ներառել զգայական արտացոլման, հիշողության, խոսքային, տրամաբանական և այլ գործողություններ, անձի դրդապատճառների դինամիկան և ինքնակարգավորումը։ Ֆիզիոլոգիական առումով իրականանում է գլխուղեղի հիմնական ֆունկցիայի՝ օրգանիզմի օրգանների կենտրոնացված կառավարման շնորհիվ։

Հոգեկանը արտացոլման բարձրագույն ձև է, որով օժտված են մարդը և զարգացման որոշակի աստիճանի վրա գտնվող (նյարդային համակարգ ունեցող) կենդանիները և որն անմիջականորեն դրսևորվում է ճանաչողական, զգացմունքային և կամային պրոցեսների ու հատկությունների ձևով (բնազդ, զգայություն, ընկալում, մտապատկեր, հիշողություն, երևակայություն, զգացմունք, կամք, ուշադրություն, խառնվածք, բնավորություն, ընդունակություն և այլն):

Իր զարգացման տարբեր մակարդակներով ու շերտերով, իր կոնկրետ տեսակներով ու դրսևորման ձևերով հոգեկանը կազմում է հոգեբանության առարկան: Կենդանիների, առավել ևս մարդու անհատական ու պատմական զարգացումն ամենից առաջ նշանակում է նրանց հոգեկանի զարգացում: Կենդանու համար կենսականորեն կարևոր շատ հոգեկան երևույթներ ունի նաև մարդը, բայց զարգացած, «զտված», «մարդկայնացած» ձևով: Բացի դրանից, մարդն ունի գիտակցություն (ներառյալ և ինքնագիտակցությունը), որը հոգեկանի զարգացման բարձրագույն աստիճանն է, հոգեկանի զուտ մարդկային ձևը: Գիտակցությունն արտաքին աշխարհի, այդ թվում իր իսկ մարդու, որպես կենսաբանական ու հասարակական էակի, իմաստավորված, ընդհանրացված արտացոլումն է, որը հիմնված է սուբյեկտի և օբյեկտի որոշակի տարբերակման վրա և դրսևորվում է մասնավորապես նպատակաուղղված գործունեության մեջ: Ի տարբերություն կենդանու, մարդը ոչ միայն արտացոլում է աշխարհը, այլև գիտե, գիտակցում է, որ արտացոլում է, նա իրեն առանձնացնում է մնացած աշխարհից և հակադրում նրան: Մարդու հոգեկանի որոշ շերտեր, գիտակցության հետ եղած հարաբերության մեջ, կոչվում են ենթագիտակցություն: Դրանք մարդու ներաշխարհի այն երևույթներն են, որոնք գոյություն ունեն, ընթանում են, բայց սովորական պայմաններում չեն գիտակցվում, և դրանց մասին կարելի է դատել միայն անուղղակի ճանապարհով:

Մարդու հոգեկանը կենդանու հոգեկանից տարբերվում է ոչ միայն զարգացման բարձր աստիճանով, խիստ տարբերակվածությամբ ու բարդությամբ, այլև հասարակական պայմանավորվածությամբ և ուղղվածությամբ: Հոգեկանի նյութական, ֆիզիոլոգիական սուբստրատը (կրողը, հիմքը) նյարդային համակարգն է, ուստի հոգեկանի վերլուծությունը ֆիզիոլոգիական առումով, այսինքն՝ նրա հիմքում ընկած ֆիզիոլոգիական պրոցեսների, մեխանիզմների վերլուծությունը խիստ կարևոր է նրա գիտական ըմբռնման համար: Ընդ որում, այդ վերլուծության ժամանակ պետք է խուսափել այնպիսի ծայրահեղություններից, ինչպիսիք են հոգեկանի անջատումը ֆիզիոլոգիականից կամ հանգեցումը նրան (տես Հոգեֆիզիկական պրոբլեմ): Բայց հոգեկանի ֆիզիոլոգիական վերլուծությունը բավարար չէ նրա էության բացահայտման համար, քանի որ հոգեկանն ունի այնպիսի յուրահատկություններ, որոնք անմիջականորեն բացատրելի չեն ֆիզիոլոգիականով: Այս առումով անհրաժեշտ է դառնում հոգեկանի զուտ հոգեբանական ուսումնասիրությունը, որի դեպքում հոգեկանը քննվում է իր զարգացման մեջ ու դրսևորման ձևերով, որպես միջավայրի հետ անձնավորության կամ կենդանական անհատի փոխազդեցության միջոց, որպես նրանց բնութագրություն՝ պայմանավորված ընդհանուր և կոնկրետ կենսապայմաններով, արտացոլվող իրականությամբ:

Այսպիսով, հոգեկանը մի առումով պայմանավորված է ֆիզիոլոգիականով, մեկ այլ առումով՝ արտաքին (մարդու մեջ՝ նաև հասարակական) իրականությամբ, որը բովանդակություն է տալիս հոգեկանին: Հոգեկանի ֆիզիոլոգիական և զուտ հոգեբանական վերլուծությունը կոնկրետ գիտական վերլուծություն է: Մարդու հոգեկանը քննվում է նաև իմացաբանական, փիլիսոփայական առումով, փիլիսոփայության հիմնական հարցի շրջանակներում, այն է՝ իր մեջ արտացոլված օբյեկտիվ իրականության նկատմամբ իր հարաբերության, մատերիայի նկատմամբ իր հակադրության տեսակետից, դիտված վերացականորեն, որպես ընդհանրապես մարդկային (և ոչ թե հատկապես անձնավորության) հոգեկան:

Հոգեկանի կարևորագույն առանձնահատկությունը նրա իդեալական, սուբյեկտիվ, աննյութական, ոչ մատերիական բնույթն է, որի հետևանքով առանձին մարդու հոգեկանն անմիջականորեն մատչելի է մնում միայն իրեն, այսինքն՝ ներհայեցողությանը, ինքնադիտմանը, բայց ոչ ուրիշներին, ոչ օբյեկտիվ դիտմանը: Բայց հոգեկանն օբյեկտիվանում, առարկայանում է զանազան ձևերով (արտահայտիչ շարժումներ, վարք, գործունեություն, մարդու ստեղծած առարկաներ, լեզու և այլն), որի շնորհիվ միջնորդավորված ձևով մատչելի է դառնում նաև օբյեկտիվ դիտմանը: Հոգեկանի, հատկապես մարդու հոգեկանի, մի կարևոր առանձնահատկությունն է նաև նրա ակտիվությունը: Հոգեկանը իրականության ոչ թե հայելային, այլ ընտրողական, տարբերակված, ճկուն արտացոլումն է: Ծագելով կենդանի նյութի զարգացման որոշակի աստիճանում՝ հոգեկանը դարձել է օրգանիզմի գոյությունը կարգավորող, կառավարող գործոն, կյանքի հետագա զարգացման պայման:

Հոգեկանը (ինչպես անվանում էին սկզբնապես, հոգին) միշտ էլ գրավել է մարդու ուշադրությունը: Բոլոր դարերի փիլիսոփայական միտքն զբաղվել է հոգեկանի հարցերով՝ մերթ իդեալիստական դիրքերից՝ այն անջատելով իր մատերիական հիմքից և դիտելով որպես ինքնաբավ էություն, մերթ էլ մեխանիստական մատերիալիզմի դիրքերից՝ այն նույնացնելով նյութականին, դիտելով որպես նրա մի տեսակ:

Հոգեկանի գիտական ուսումնասիրությունը համակարգված բնույթ է ընդունել և մեծ արդյունքներ է տվել XIX դարում, հոգեբանության որպես ինքնուրույն գիտության ձևավորմամբ, առանձնապես այդ բնագավառում գիտափորձի կիրառմամբ: Ներկայումս հոգեբանական հետազոտությունների մեջ հաջողությամբ կիրառվում են նաև կիբեռնետիկական մեթոդներ:

ԱղբյուրներԽմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.)։ Հոգեբանական բառարան (Լույս ed.)։ Երևան։ էջ 240 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 503