Աղբյուրագիտություն
Աղբյուրագիտություն, գիտության օժանդակ ճյուղ, որը մշակում է պատմական աղբյուրների հետազոտման մեթոդները։ Աղբյուրների ծագման հարցերը պարզաբանելու համար (ճշգրտություն, ժամանակ, տեղ, նախնական բնագիր, հեղինակ և այլն) մեծ նշանակություն ունի արտաքին կողմի քննությունը, ինչպես նաև աղբյուրների դերը հաստատող մեկնաբանությունը (իմաստ, թեմա, խնդիրներ)։ Ներքին կողմի քննությունը բացահայտում է աղբյուրների բովանդակությանը (ճշգրտություն, լիարժեքություն և այլն)։ Աղբյուրագիտություն օգտագործում է նաև պատմական գիտության այլ ճյուղերի (հնագիտություն, արձանագրագիտություն, պատմական չափագիտություն և այլն) տվյալները։
Հայաստանում աղբյուրագիտական աշխատանքներ են կատարվում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, Հայաստանի ԱԳԱ պատմության, Մ. Աբեղյանի անվան գրականության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներում, Երևանի պետական համալսարանի ամբիոններում, հանրապետության արխիվային հիմնարկներում։ Աղբյուրագիտական աշխատանք է կատարվում նաև սփյուռքում (Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ և այլուր)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղբյուրագիտություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 250)։ ![]() |