Իմանուիլ Կանտ
Իմանուիլ Կանտ[13] (ապրիլի 22, 1724[1][2][3][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[4] - փետրվարի 12, 1804[1][2][5][…], Քյոնիգսբերգ, Արևելյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի փիլիսոփա է, ով ժամանակակից փիլիսոփայության կենտրոնական կերպարներից է[14]։ Կանտը պնդում էր, որ մարդկային բանականությունը ստեղծում է մարդկային փորձառության կառուցվածքը, բանականությունը բարոյականության աղբյուրն է, գեղագիտությունը առաջանում է անկողմնակալ դատողության ձիրքից, տարածությունը և ժամանակը մարդկային զգացողության ձևերն են և, աշխարհը ինքն իրենով անկախ է իր մասին մարդկային գաղափարից։ Կանտն ընդունում էր, որ ազդեցություն է ունեցել փիլիսոփայության Կոպերնիկյան հեղափոխության վրա, նմանվելով Կոպեռնիկոսի հակադրությանը այն արմատացած համոզմունքը, որ արևը պտտվում է երկրագնդի շուրջ։ Կանտի հավատքը շարունակում էր ունենալ մեծ ազդեցություն ժամանակակից փիլիսոփայության, հատկապես մետաֆիզիկայի, իմաստաբանության, բարոյագիտության, քաղաքական տեսության և գեղագիտության վրա։
Կանտը հավիտենական խաղաղության համընդհանուր դեմոկրատիայի և միջազգային համագործակցության միջոցով պահպանման գաղափարի առաջամարտիկներից մեկն էր։ Նա համոզված էր, որ սա կլինի համաշխարհային պատմության վերջնական արդյունքը, թեև դա ռացիոնալ կերպով պլանավորված չէ[15]։ Կանտի կրոնական գաղափարների իրական բնույթը շարունակում է լինել փիլիսոփայական թեժ բանավեճի առարկա, քանի որ կարծիքները տատանվում են Կանտի Աստծո գոյության գոյաբանական փաստարկը վերջնական ժխտած և աթեիզմի ռադիկալ առաջամարտիկը լինելուց մինչև առավել կրիտիկական վերաբերմունքի Նիցշեի գլխավորությամբ, ով պնդում էր, որ Կանտը «աստվածաբանական արյուն»[16] ունի և ընդամենը ավանդական քրիստոնեական հավատքի հարուստ կենսափորձ ունեցող կողմնակից է, գրելով որ «Կանտը ցանկանում էր սովորական մարդուն ապշեցնելով ապացուցել, որ սովորական մարդը ճիշտ է. դա հոգու թաքուն կատակն է[17]։
Կանտի գլխավոր աշխատություններից մեկում ՝ «Զուտ բանականության քննադատություն»֊ում[18] նա փորձում էր բացատրել պատճառի և մարդկային փորձառության միջև կապը և շարժվել ավանդական փիլիսոփայության և մետաֆիզիկայից դուրս։ Նա ցանկանում էր վերջ դնել մարդկային փորձի դատարկ և մտածական տեսությունների ժամանակաշրջանին, հակառակվելով սկեպտիկ մտածողների, ինչպիսին Դեվիդ Հյումն էր։ Կանտն ինքն իրեն համարում էր վերջնակետ և փակուղուց այն կողմ ճանապարհի ուղեցույց, որը ժամանակակից փիլիսոփայությունը առաջնորդել էր ռացիոնալների և փորձագետների[19] միջև և լայնորեն համադրել այս երկու վաղ ժամանականկից ավանդույթները իր մտածողության մեջ[20]։
Կանտը պնդում էր, որ մեր փորձը ձևավորվում է մեր բանականության անհրաժեշտ առանձնահատկություններից։ Ըստ այս տեսակետի՝ բանականությունը այնպես է ձևավորում և կառուցում փորձը, որ աբստրակտ մակարդակում ողջ մարդկային փորձը ունի որոշակի, կարևոր կառուցողական առանձնահատկություններ։ Այլ բաների հետ մեկտեղ, Կանտը հավատում էր, որ տարածության և ժամանակի գաղափարները ողջ մարդկային փորձի անբաժանելի մասն են կազմում, քանի որ մեր պատճառի և հետևանքի գաղափարներն են[21]։ Այս տեսակետի կարևոր հետևանքներից է այն, որ իրերի մասին մեր փորձը միշտ ֆենոմենալ աշխարհից է, քանի որ փոխանցվում է մեր զգայարններով. մենք անմիջական կապ չունենք իրերի հետ, այսպես կոչված նումենալ աշխարհ։ Կանտը հրատարակել է այլ կարևոր գրքեր բարոյագիտության, կրոնի, իրավագիտության, գեղագիտության և պատմության մասին։ Դրանք են «Պրակտիկ բանականության քննադատություն» (1788), «Բարոյականության մետաֆիզիկա» (1797),որը առնչվում է բարոյագիտության հետ և «Դատողության քննադատություն» (1790) որը գեղագիտությանն ու տելեոլոգիային։
Կենսագրություն
խմբագրելԻմանուիլ Կանտը ծնվել է 1724 թվականի ապրիլի 22-ին Պրուսիայի Քյոնիգսբերգ քաղաքում (1946 թվականից սկսած Կալինինգրադ, Կալինինգրադի մարզ, Ռուսաստան)։ Մայրը՝ Աննա Ռեգինա Ռեյթրը[22] նույնպես ծնվել է Քյոնիգսբերգում (վերջինիս հայրը Նուրեմբերգից է)։ (Նրան երբեմն սխալմամբ կոչում են Աննա Ռեգինա Փորթեր)։ Կանտի հայրը՝ Յոհան Ջորջ Կանտը (1682-1746), գերմանացի արհեստավոր էր ծագումով Մեմելից՝ այդ ժամանակներում Պրուսիայի ամենա հյոսիսաարևելյան քաղաքից (այժմ Կլայպեդա, Լիտվա)։ Իմանուիլ Կանտը հավատում էր որ իր հայրական կողմից պապիկը՝ Հանս Կանտը Շոտլանդական ծագում ուներ։ Մինչ Կանտագետները երկար ժամանակ ընդունում էին այդ պնդումը, չկա ոչ մի ապացույց, որ նրա հայրական կողմը Շոտլանդացինեներ են. առավել հավանական է, որ Կանտերը իրենց անզգանունը ստացել են Կանտվագեն գյուղից (այժմ Պրիեկուլեի մի մասն է) և եղել են Կուրոինյան ծագման[23][24]։ Կանտը ինը երեխաններից չորրորդն էր (որոնցից չորսը չափահաս էին)[25]։ Կնքված լինելով Էմանուել, Կանտը եբրայերեն սովորելուց հետո իր անունն դարձնում է «Իմանուիլ»[26]։
Երիտասարդ Կանտը լրջմիտ, բայց և այնպես սովորական ուսանող էր։ Կանտը ծնվել է լութերա֊բողոքական հավատքով Պրուսյան գերմանական ընտանիքում։ Նա դաստիարակվել է բարեպաշտական միջավայրում, որը շեշտը դնում էր կրոնական նվիրումի, հնազանդության և Աստվածաշնչից ճշգրիտ մեկնաբանության վրա։ Նա խիստ, պատժիչ կանոնանկարգված կրթությունն է ստացել, կենտրոնցված ավելի շատ ոչ թե մաթեմատիկայի և գիտության այլ լատիներենի և կրոնական ուղղորդումների վրա[27]։ Կանտը պահպանում էր իր քրիստոնեական[28] հավատքը «Բարոյականության մետաֆիզիկայի հիմունքներ» (Groundwork of the Metaphysic of Morals)[29][30] աշխատության մեջ նա ցույց է տալիս մարդու անմահության հանդեպ հաորպես դեպի հնարավորինս լավագույնը մեր շարունակական ձգտման անհրաժեշտ պայման։ Բայց և այնպես, քանի որ Կանտը սկեպտիկորեն էր վերաբերում վերը նշված որոշ փաստարկների ի պաշտպանություն իր թեիզմի և նշում էր, որ մարդկային հասկացողությունը սահմանափակ է և երբեք չի կարող ընկալել Աստծո կամ հոգու մասին գիտելիքը, բազմաթիվ քննադատններ պիտակավորեցին նրան որպես փիլիսոփայական ագնոստիկ[31][32][33][34][35][36]։
Կանտի անձնական վարվելակերպի մասին տարածված միֆը թվարկված, բացատրված և հակադարձված է Գոլդթուեյթի "Դիտարկումներ գեղեցիկի և վսեմության զգացմունքի մասին" (Observations on the Feeling of the Beautiful and Sublime) գրքի իր թարգմանության նախաբանում[31]։ Հաճախ համարվում է, որ Կանտը վարել է շատ խիստ և կանոնակարգված կյանք, դրա համար հիմք է հանդիսանալով այն հաճախ կրկնվող պատմությանը, թե հարևանները իրենց ժամացույցը լարում էին ըստ նրա ամենօրյա զբոսանքների։ Նա երբեք չի ամուսնացել, բայց կարծես թե ունեցել է գնահատված հասարակական կյանք. նա հայտնի ուսուցիչ և համեստորեն հաջողակ հեղինակ էր նույնիսկ նախքան իր խոշոր փիլիսոփայական գործերի վրա աշխատելը։ Նա ուներ ընկերների շրջանակ, որոնց նա հաճախ էր հանդիպում, նրանցից էր Ջոզոֆ Գրինը՝ Քյոնիգսբերգի անգլիացի առևտրականը։
Ընդունված միֆ է, որ Կանտը իր ողջ կյանքի ընթացքում երբեք չի ճանապարհորդել Քյոնիգսբերգից 16 կիլոմետր շառավղից դուրս[37]։ Իրականում 1750-1754 թթ. նա որպես դասավանդող աշխատել է Յուդչենում[38] (այժմ Վեսելովկա, Ռուսաստան մոտավորապես 20) և Գրոբ֊ Արնդորֆում[39] (այժմ Ջարնոտոուո Մորագի, Լեհաստան մոտ 145 կմ)։
Փիլիսոփայական հայացքներ
խմբագրելԿանտի փիլիսոփայական հայացքների զարգացումը սովորաբար բաժանում են երկու շրջանի՝ մինչքննադատական և քննադատական։ Մինչքննադատական շրջանում (մինչև 70-ական թվականների սկիզբը) Կանտի ուշադրության կենտրոնում հիմնականում գտնվում էին բնափիլիսոփայական հարցերը, հատկապես տիեզերքի առաջացման հարցը։ Մերժելով նյութի կրավորականության մասին Նյուտոնի տեսակետը՝ Կանտը, ի տարբերություն Լայբնիցի, կարծում է, որ ակտիվությամբ օժտված են ոչ թե հոգևոր մոնադները, այլ նյութը, որին բնորոշ են երկու հակադիր ուժ՝ վանողականություն և ձգողականություն։ Այդ ուժերն էլ պայմանավորում են նյութական մասնիկների շարժումը։ 1755 թվականին Կանտը հրատարակում է «Երկնքի համընդհանուր բնական պատմություն և տեսություն» աշխատությունը, որում առաջադրում է Արեգակնային համակարգի առաջացման մի վարկած, ըստ որի՝ տիեզերքը առաջացել է նյութական մասնիկների մի վիթխարի ամպից, մասնիկներ, որոնք ձգողականության և վանողականության ուժերի փոխներգործության հետևանքով գոյացնում են տիեզերական մարմինները։ Տասնյակ տարիներ անց, Կանտից անկախ, այս վարկածը մաթեմատիկական հիմնավորումներով հանդերձ առաջադրեց նաև Լապլասը, որի պատճառով դա գիտության պատմության մեջ հայտնի է որպես Կանտ-լապլասյան։ Կանտի տիեզերածնական տեսության փիլիսոփայական նշանակությունը նախ այն էր, որ դրանում առաջադրվում էր տարածության և ժամանակի մեջ տիեզերքի առաջացման գաղափարը, երկրորդ, թեև Կանտը չի հրաժարվում Աստծո և արարչագործության ընդունումից, այնուհանդերձ, նա փորձում է ներկայացնել տիեզերքի առաջացման բնական պատմությունը («տվեք ինձ մատերիա և ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես դրանից պետք է առաջանա աշխարհը», ասում է Կանտը)։ Երրորդ, այդ տեսության մեջ հիմնավորում է տիեզերական երևույթների համընդհանուր փոխկապակցվածության և փոխներգործության գաղափարը։ /Կանտի «քննադատական փիլիսոփայությունը» ձևավորվում է 70-ական թվականների սկզբին։ 1781 թվականին նա հրատարակում է «Զուտ բանականության քննադատություն», 1788 թ.՝ «Պրակտիկ բանականության քննադատություն», իսկ 1790 թ.՝ «Դատողունակության քննադատություն» հիմնարար աշխատությունները, որոնցում շարադրված են նրա իմացաբանական, բարոյագիտական և գեղագիտական ուսմունքները։ Նախորդ փիլիսոփաների ուշադրության կենտրոնում, նշում է Կանտը, գտնվում էր իմացության առարկան և ոչ թե իմացության եղանակների և հնարավորությունների հետազոտությունը։ Դա դոգմատիկ փիլիսոփայություն էր, որովհետև անքննադատաբար էր վերաբերվում բանականության և զգայության իմացական ունակություններին։ Մինչդեռ փիփսոփայությունը պետք է ուսումնասիրի ոչ թե աշխարհը, այլ դրա ճանաչողության եղանակը։ Այսինքն՝ նրա հետազոտության առարկան պետք է փնտրի ոչ թե այն, թե ի՞նչ ենք ճանաչում, այլ՝ ինչպե՞ս ենք ճանաչում։ Այդպիսի փիլիսոփայությունը Կանտն անվանում է «քննադատական» կամ «տրանսցենդենտալ» և դա բնորոշում է որպես «կոպեռնիկոսյան հեղաշրջում» փիլիսոփայական մտքի պատմության մեջ։ Այդ «հեղաշրջման» իմաստը հետևյալն է. մենք ճանաչում ենք ոչ թե ինքնին իրերը, այլ դրանց երևույթները մեր գիտակցության մեջ, ընդսմին, դրանց ճանաչելությունը պայմանավորված է մեր հայեցողության և բանականության ակտիվ գործունեությամբ։ Գերմանացի մտածողի կարծիքով՝ փիլիսոփայությունը պետք է պատասխան տա հետևյալ հարցերին՝
ա) ի՞նչ կարող է մարդը իմանալ,
բ) ի՞նչ կարող է մարդը անել,
գ) ինչի՞ վրա նա պետք է իր հույսը դնի,
դ) ի՞նչ է մարդը։
«Զուտ բանականության քննադատություն» իմացաբանական բնույթի աշխատության մեջ Կանտը պատասխանում է «ի՞նչ կարող է մարդը իմանալ» հարցին։ Կանտը ելնում է այն փաստից, որ գիտությունը մեզ տալիս է հավաստի գիտելիք։ Հետևաբար, քննարկման առարկա պետք է դառնա ոչ թև այն, թև հնարավո՞ր է արդյոք գիտական գիտելիքը, այլ թե ո՞ր դեպքում գիտելիքը կարող ենք համարել հավաստի, օբյեկտիվ և անհրաժեշտ։ Քանի որ գիտելիքի արտահայտման ձևը դատողությունն է, Կանտը նախ և առաջ անդրադառնում է դատողությունների դասակարգմանն ու վերլուծությանը։ Նա տարբերակում է երկու տիպի դատողություն՝ վերլուծական (անալիտիկ) և համադրական (սինթետիկ)։ Վերլուծական դատողությունները հիմնականում նույնաբանություններ են, որովհետև դրանցում պրեդիկատը նոր գիտելիք չի հաղորդում սուբյեկտի մասին։ Օրինակ, «Բոլոր մարմիններն ունեն տարաձգություն» դատողության մեջ պրեդիկատը չի ընդլայնում սուբյեկտի մասին գիտելիքը, որովհետև «մարմին» հասկացության բովանդակության մեջ անհրաժեշտաբար մտնում է «տարաձգություն» հասկացողությունը։ Վերլուծական դատողությունների հիմքում ընկած է տրամաբանության նույնության օրենքը։ Կանտի կարծիքով, վերլուծական դատողությունների իմացական արժեքը չնչին է։
Համադրական դատողություններում պրեդիկատը ընդլայնում է մեր գիտելիքը սուբյեկտի մասին։ Օրինակ, «Որոշ մարմիններ ունեն ծանրություն» դատողությունում «ծանրություն» հասկացությունը տարբեր է «մարմին» հասկացությունից և վերլուծության միջոցով հնարավոր չէ «մարմնից» բխեցնել «ծանրություն» հասկացությունը։ Համադրական դատողությունները իմացական ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան վերլուծական դատողությունները։ Կանտը տարբերակում է նաև ճանաչողության երկու ձև՝ ապրիորի (մինչփորձնական, փորձից չկախված) և ապոսթերիորի (փորձնական, էմպիրիկ)։ Վերլուծական դատողությունները ապրիորի բնույթ ունեն։ Օրինակ, անկախ փորձից, մենք գիտենք, որ եռանկյունին ունի երեք անկյուն։ Համադրական դատողությունները կարող են լինել ապոսթերիորի և ապրիորի։ Համադրական փորձնական դատողությունները չունեն անհրաժեշտ և համընդհանուր բնույթ, որովհետև փորձը մեզ տալիս է միայն պատահական, մասնավոր գիտելիք։ Սակայն հավաստի գիտելիքը պետք է լինի անհրաժեշտ, օբյեկտիվ և համընդհանուր, իսկ դա կարող է ապահովել միայն ապրիորի ճանաչողությունը։ Կանտի համար կարևոր է դառնում պարզել, թե ինչպե՞ս են հնարավոր ապրիորի համադրական դատողությունները մաթեմատիկայի, բնագիտության և մետաֆիզիկայի մեջ։ Կանտը տարբերակում է ճանաչողության երեք աստիճան՝ զգայականություն, բանախոհություն և բանականություն։ Զգայական իմացությունն իրականացվում է հայեցողության ձևերի (տարածության և ժամանակի), բանախոհականը՝ հասկացությունների, իսկ բանականը գաղափարների միջոցով։
Մաթեմատիկայում ապրիորի համադրական դատողությունները հնարավոր են, որովհետև մաթեմատիկական գիտելիքը հիմնվում է զգայականության հայեցողության ձևերի՝ տարածության և ժամանակի վրա։ Կանտի կարծիքով տարածությունը և ժամանակը մարդկային հայեցողության ապրիորի ձևերն են, որովհետև բոլոր մարդիկ ամեն ինչ պատկերացնում են որպես տարածության և ժամանակի մեջ գոյություն ունեցող։ Այսինքն՝ տարածությունը և ժամանակը ոչ թե իրերի հատկություններն են, այլ մարդկային հայեցողության իդեալական, սուբյեկտիվ ձևերը։ Դրանք ոչ մի կապ չունեն դրսից ստացվող գիտելիքի բովանդակության հետ, բայց լինելով ապրիորի, պայմանավորում են մաթեմատիկական գիտելիքի համընդհանրականությունն ու անհրաժեշտությունը։ Կանտը պնդում է, թե քանի որ արտաքին աշխարհի մասին մենք պատկերացում ենք կազմում այդ իդեալական ձևերի միջոցով, ուստի, չենք կարող իմանալ, թե ինչպիսին է աշխարհն ինքնին։ Նա տարբերակում է ինքնին իրերի և երևույթների աշխարհներ։ Ինքնին իրերն սկզբունքորեն անճանաչելի են, որովհետև փորձի մեջ չեն տրվում։ Մենք ճանաչում ենք միայն գիտակցության երևույթները, որոնք էլ հանդես են գալիս որպես իմացության բուն առարկա։ Թեև ինքնին իրերը Կանտը համարում է անճանաչելի, այնուհանդերձ, դրանք չափազանց կարևոր դեր են խաղում իմացության գործրնթացում։ Ինքնին իրերը գիտելիքի բովանդակության աղբյուրն են. դրանք ներգործում են զգայարանների վրա և առաջացնում զգայություններ։
Եթե մաթեմատիկայում ապրիորի համադրական դատողությունները հնարավոր են շնորհիվ զգայական հայեցողության ձևերի, ապա բնագիտության մեջ՝ շնորհիվ բանախոհության ապրիորի ձևերի՝ հասկացությունների (կատեգորիաների)։ Եթե զգայականության միջոցով տրվում է ճանաչողության առարկան, ապա բանախոհության միջոցով դա մտածվում է։ Կանտը շեշտում է այն միտքը, որ գիտելիքը զգայական և բանախոհական միացյալ գործունեության արդյունք է, որովհետև «զգայություններն առանց հասկացությունների կույր են, իսկ հասկացություններն առանց զգայությունների դատարկ են»։ Բանախոհության հասկացությունների միջոցով իրականացվում է զգայական փորձնական նյութի իմաստավորում։ Բանախոհությունը զգայական պատկերացումների մեջ հաստատում է կապ, կարգավորվածություն և ստեղծում աշխարհի միասնական ու ամբողջական գիտական պատկերը։ Կանտի կարծիքով՝ բանախոհության ապրիորի ձևերը՝ հասկացությունները, փորձի շրջանակներից դուրս չեն կարող կիրառվել։ Դրանք զուտ ձևեր են, կաղապարներ, զուրկ բովանդակությունից։ Այլ խոսքով, բանախոհական ճանաչողությունն ունի միջնորդավորված բնույթ։ Կանտը ժխտում է ինտելեկտուալ ինտուիցիայի հնարավորությունը, բանախոհությունը չի կարող անմիջականորեն, փորձի տվյալներն անտեսելով, ճանաչել մտահասանելի իրերը։ Բանախոհությունն ինքն է կառուցում ճանաչողության առարկան, այսինքն՝ դրան հաղորդում է այն ձևը, որն ապահովում է դրա ճանաչելիությունը։ Մենք ճանաչում ենք աշխարհն այնքանով, որքանով այն ստեղծում ենք մեր մտքի մեջ, կամ՝ խիստ ասած, ճանաչում ենք միայն մտքի գործունեության արդյունքները։ Դրանով իսկ Կանտը մտածողությունն օժտում է ինքնուրույնությամբ և ակտիվությամբ։ Բանախոհությունն ստեղծում է աշխարհի գիտական պատկերը՝ երբեք դուրս չգալով փորձի սահմաններից։ Սակայն մարդը դրանով չի բավարարվում՝ նա ձգտում է անպայմանական գիտելիքի։ Դա տեղի է ունենում ճանաչողության բանական աստիճանում։ Տարբերելով բանախոհությունը բանականությունից, Կանտը նշում է, որ բանականությունն իր բոլոր գաղափարները փոխառում է բանախոհությունից, այսինքն՝ ինքնուրույն ոչինչ չի ստեղծում։ Բայց դուրս գալով փորձի սահմաններից, բանականությունն անխուսափելիորեն ընկնում է մոլորությունների և հակասությունների մեջ։ Ըստ Կանտի, ավանդական մետաֆիզիկայում բանականության սխալներն իրենց արտահայտությունն են գտել երեք գիտությունների՝ ռացիոնալ հոգեբանության, ռացիոնալ տիեզերաբանության և ռացիոնալ աստվածաբանության մեջ։ Օրինակ, ռացիոնալ հոգեբանությունը ելակետ է ընդունում այն, որ հոգին պարզ, անբաժանելի հոգևոր սուբստանցիա է։ Սա համադրական դատողություն է, սակայն փորձով չի ստուգվում։ Կանտը հերքում է նաև Աստծո գոյության գոյաբանական, տիեզերաբանական և նպատակաբանական ապացույցները՝ հենվելով այն դրույթի վրա, որ հնարավոր չէ հավաստի գիտելիք ունենալ այն բանի մասին, ինչ չի տրվում փորձի մեջ։ Նույն սխալի վրա է հիմնվում ռացիոնալ տիեզերաբանությունը, որ ձգտում է աշխարհն ուսումնասիրել որպես մի ամբողջություն։ Բայց քանի որ աշխարհը, որպես ամբողջություն, ոչ մի փորձի մեջ չի տրվում, ուստի բանականությունն ընկնում է հակասությունների մեջ, որոնք Կանտը անվանում է անտինոմիաներ։ Դրանք չորսն են, որոնք բաժանվում են երկու խմբի՝ մաթեմատիկական և դինամիկական։ Մաթեմատիկական անտինոմիաներում թե Հ դրույթը և թե Հ հակադրույթը միաժամանակ կեղծ են։ Այդ անտինոմիաներն են՝
ա) աշխարհն ունի սկիզբ տարածության և ժամանակի մեջ և աշխարհը չունի սկիզբ տարածության և ժամանակի մեջ,
բ) ամեն մի սուբստանցիա բաղկացած է պարզ տարրերից և ոչ մի սուբստանցիա բաղկացած չէ պարզ մասերից։
Դինամիկական անտինոմիաներում դրույթը և հակադրույթը կարող են միաժամանակ ճշմարիտ լինել, որովհետև դրանք վերաբերում են բոլորովին տարբեր ոլորտների։ Դրանք են.
ա) աշխարհում ամեն ինչ կատարվում է անհրաժեշտաբար և աշխարհում գոյություն ունի ազատություն
բ) աշխարհն ունի որպես իր պատճառ բացարձակ մի գոյացություն և չունի այդպիսի բացարձակ գոյացություն։
Օրինակ, ըստ Կանտի՝ անհրաժեշտությունը (պատճառականությունը) և ազատությունը չեն հակասում մեկմեկու, որովհետև պատճառականության օրենքը գործում է երևույթների աշխարհում, իսկ ազատության սկզբունքը՝ «ինքնին իրերի» կամ մտահասանելի իրերի աշխարհում։ Անհրաժեշտության և ազատության հարաբերակցության հարցի այսպիսի լուծումը ելակետային նշանակություն է ձեռք բերում Կանտի բարոյագիտական ուսմունքում։
Կանտի բարոյագիտությունը շարադրված է «Պրակտիկ բանականության քննադատություն» աշխատության մեջ։ Ինչպես տեսանք, Կանտը ընդունում է երկու աշխարհի գոյություն՝ երևույթների աշխարհ, որտեղ գործում է բնական անհրաժեշտության օրենքը և «ինքնին իրերի» աշխարհ, որտեղ գործում է ազատության սկզբունքը։ Մարդը երկակի բնույթ ունի, մի կողմից, որպես երևույթ, նա պատկանում է երևույթների աշխարհին և ենթարկվում բնական անհրաժեշտության օրենքին, իսկ մյուս կողմից՝ որպես «ինքնին իր», նա բարոյական էակ է, այսինքն՝ ազատ է իր գործողությունների մեջ։ Կանտի կարծիքով բարոյականության սկզբունքները, որոնք մարդուն դարձնում են մարդ, չեն կարող բխեցվել փորձից։ Բարոյականությունը ինքնաբավ (ավտոնոմ) է, այսինքն՝ կախված չէ էմպիրիկ իրականությունից, կրոնից և այլ արտաքին գործոններից և գործում է միայն սեփական օրենքներով։ Բարոյականության ինքնուրույնությունը դրսևորվում է այն բանում, որ դա է ինքն իր համար օրենքներ մշակում։ Բարոյականության օրենքները, գիտության օրենքների նման, ունեն հանընդհանուր և անհրաժեշտ բնույթ։ Այլ խոսքով, դրանք ապրիորի բնույթ ունեն և պայմանավորում են բարոյական արարքների ձևը և ոչ թե կոնկրետ բովանդակությունը։ Այս իմաստով Կանտի բարոյագիտությունը ձևական, ապրիորիստական և ռացիոնալիստական ուղղվածություն ունի։ Կանտը պրակտիկ բանականությունը նույնացնում է կամքի հետ, որը նույնպես ինքնուրույն է և ինքնաբավ։ Դեմ դուրս գալով բարոյական օրենքի ըմբռնման նյութապաշտական, էվդեմոնիստական և կրոնական ուսմունքներին՝ Կանտը կարծում է, որ բարոյական օրենքը և բարոյական արարքը չպետք է պայմանավորվեն արտաքին գործոններով։
Այն արարքները, որոնք համահունչ են բարոյական օրենքին, բայց սուբյեկտիվորեն պատճառավորված են ինչ-որ գործոնով, Կանտն անվանում է օրինական։ Իսկ, ճշմարիտ բարոյական արարքները պատճառավորված չեն, ինչ-որ բանով, այլ կատարվում են հանուն այդ օրենքի կամ պարտքի։ Բարոյագիտության պրակտիկ հիմնադրույթները Կանտը բաժանում է երկու խմբի՝ մաքսիմներ և օրենքներ։ «Մաքսիմը» կամեցողության սուբյեկտիվ սկզբունքն է, որը նշանակություն ունի միայն տվյալ անձնավորության համար։ Իսկ օրենքը համրնդհանուր նշանակություն ունի և պարտադիր է բոլորի համար։ Այդպիսի օրենքը Կանտը անվանում է իմպերատիվ (հրամայական), որը լինում է հիպոթետիկ և կատեգորիկ։ Հիպոթետիկ իմպերատիվր կախված է արտաքին պայմաններից և սուբյեկտիվ մոտիվներից։ Ըստ դրա՝ արարքը լավ է հնարավոր կամ իրական նպատակի համար։ Օրինակ, «Ես չեմ խաբում, որպեսզի չկորցնեմ վստահությունս» արտահայսաւթյունը հիպոթետիկ իմպերատիվի նմուշ է, իսկ «Ես չեմ խաբում, որովհետև պարտավոր եմ չխաբել»՝ կատեգորիկ իմպերատիվի նմուշ է, որովհետև իմ արարքը չի հետապնդում որևէ նպատակ, այլ դրա հիմքում ընկած է բարոյական օրենքի հանդեպ ունեցած հարգանքը։
Բարոյական օրենքր (կատեգորիկ իմպերատիվր) պահանջում է, որ յուրաքանչյուր ոք գործի համաձայն միայն այնպիսի մաքսիմի, որով առաջնորդվելով՝ նա միաժամանակ ցանկանա, որ այն դառնա համընդհանուր օրենք։ «Վարվիր այնպես,- գրում է Կանտը,– որ քո կամքի մաքսիմը միաժամանակ ունենա համընդհանուր օրենսդրության սկզբունքի ուժ»։ Կանտի կարծիքով՝ բարոյական օրենքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գոյություն ունի ինքնին բացարձակ արժեք կամ նպատակ, ինչպիսին հենց մարդն է, անհատը։ Այս իմաստով կատեգորիկ իմպերատիվը պահանջում է. «Վարվիր այնպես, որ մարդու նկատմամբ վերաբերվես որպես նպատակի և երբեք՝ որպես միջոցի»։
Կանտի կարծիքով՝ պրակտիկ, էմպիրիկ կյանքում կատեգորիկ իմպերատիվի պահանջներն իրականացնելու համար անհրաժեշտ են նախադրյալներ, որոնք պրակտիկ բանականության պահանջներր կամ կանխադրույթներն են։ Դրանք երեքն են՝ ազատություն, հոգու անմահություն և Աստված։ Տեսականորեն հնարավոր չէ ապացուցել դրանց գոյությունր (այս կապակցությամբ Կանտը գրում է, թե «Ես սահմանափակեցի գիտելիքը, որպեսզի տեղ բացեմ հավատի համար), բայց հնարավոր է հավատալ։ Առանց ազատության հնարավոր չէ ձգտել բարոյական ինքնակատարելագործման, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է հավատալ անվերջ գոյությանը, այսինքն՝ ընդունել հոգու անմահությունը։ Հավատն առ Աստված նույնպես հանդիսանում է պրակտիկ բանականության կանխադրույթը, որովհետև դա կապված է բարձրագույն բարիքի գոյության ընդունման հետ։
Կանտի պատմափիլիսոփայական և սոցիալ-քաղաքական հայացքները լուսավորական ու հումանիստական բնույթ ունեն։ Նրա կարծիքով՝ Լուսավորականության դարաշրջանում մարդը պետք է կարողանա ազատորեն մտածել, քննադատել ու գործել։ Մերժելով «գերբնական ուժերի» միջոցով պատմությունն իմաստավորելու կրոնաիդեալիստական ավանդույթը, Կանտը կարևորում է հասարակության զարգացման բնական պատճառների հետազոտությունը։ Պատմությունը մարդկանց ակտիվ գործունեության արդյունքն է։ Մարդիկ, օժտված լինելով գիտակցությամբ և կամքով, ստեղծում են այն, ինչ բնության մեջ չկա, և ազատվում բնական անհրաժեշտության կապանքներից։ Մարդկանց գործունեության գլխավոր շարժիչ ուժերից է նրանց միջև դրսևորվող բախումները, որոնք արդյունք են՝ մի կողմից եսասիրության, մյուս կողմից՝ փառասիրության և իշխանատենչության։ Կանտի համոզմամբ մարդկության առջև կանգնած մեծագույն խնդիրը՝ ընդհանուր իրավական հասարակության ստեղծումն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ պետությունները կնքեն «հավերժական խաղաղության» պայմանագիր, որի արդյունքում պետք է ստեղծվի պետությունների համաշխարհային դաշնություն։ Ի հակադրություն Մաքիավելիի, գերմանացի մտածողը պահանջում է, որ քաղաքական գործունեությունը խարսխվի բարոյականության սկզբունքների վրա։ Մարդկությունը դիտելով որպես բարձրագույն արժեք, Կանտը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, հատկապես բռնությամբ, հեղափոխական ճանապարհով իշխանափոխության փորձերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118559796 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://bildarchiv-ostpreussen.de//suche/index.html?sort=7&tw=500&qp=ids%3D18%3A125522_19118_53366#!start=1
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ "Kant". Random House Webster's Unabridged Dictionary.
- ↑ «Immanuel Kant». Stanford Encyclopedia of Philosophy. 2010 թ․ մայիսի 20. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Idea for a Universal History with a Cosmopolitan Purpose.
- ↑ Friedrich Nietzsche, The Anti-Christ (1895), para. 10.
- ↑ Friedrich Nietzsche (trans. Walter Arnold Kaufmann), The Portable Nietzsche, 1976, p. 96.
- ↑ Kant, Immanuel; Kitcher, Patricia (intro.); Pluhar, W. (trans.) (1996). Critique of Pure Reason. Indianapolis: Hackett. xxviii.
- ↑ Vanzo, Alberto. «Kant on Empiricism and Rationalism». History of Philosophy Quarterly. 30 (1): 53–74.
- ↑ «He synthesized early modern rationalism and empiricism».(չաշխատող հղում)
- ↑ Nigel Warburton (2011). «Chapter 19: Rose-tinted reality: Immanuel Kant». A little history of philosophy. Yale University Press. էջեր 111 ff. ISBN 0300152086.
- ↑ Mortensen, Hans and Gertrud, Kants väterliche Ahnen und ihre Umwelt, Rede von 1952 in Jahrbuch der Albertus-Universität zu Königsberg, Pr., Holzner-Verlag, Kitzingen, Main 1953, Vol. 3, p. 26.
- ↑ R. K. Murray, "The Origin of Immanuel Kant's Family Name", Kantian Review 13(1), March 2008, pp. 190-193.
- ↑ Rosa Kohlheim, Volker Kohlheim, Duden – Familiennamen: Herkunft und Bedeutung von 20.000 Nachnamen, Bibliographisches Institut & F. A. Brockhaus AG, Mannheim 2005, p. 365.
- ↑ freunde-kants.com Արխիվացված 25 Սեպտեմբեր 2015 Wayback Machine
- ↑ Kuehn 2001, p. 26.
- ↑ Kuehn 2001, p. 47.
- ↑ «Kant, Immanuel: Philosophy of Religion - Internet Encyclopedia of Philosophy». www.iep.utm.edu.
- ↑ Metaphysics, p. 131
- ↑ «Immanuel Kant - Christian Research Institute».
- ↑ 31,0 31,1 "While this sounds skeptical, Kant is only agnostic about our knowledge of metaphysical objects such as God. And, as noted above, Kant's agnosticism leads to the conclusion that we can neither affirm nor deny claims made by traditional metaphysics." Andrew Fiala, J. M. D. Meiklejohn, Critique of Pure Reason – Introduction, page xi.
- ↑ Edward J. Verstraete (2008). Ed Hindson; Ergun Caner (eds.). The Popular Encyclopedia of Apologetics: Surveying the Evidence for the Truth of Christianity. Harvest House Publishers. էջ 82. ISBN 9780736920841. «It is in this sense that modern atheism rests heavily upon the skepticism of David Hume and the agnosticism of Immanuel Kant.»
{{cite encyclopedia}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Norman L. Geisler; Frank Turek (2004). «Kant's Agnosticism: Should We Be Agnostic About It?». I Don't Have Enough Faith to Be an Atheist. Crossway. էջեր 59–60. ISBN 9781581345612. «Immanuel Kant's impact has been even more devastating to the Christian worldview than David Hume's. For if Kant's philosophy is right, then there is no way to know anything about the real world, even empirically verifiable things!»
- ↑ Gary D. Badcock (1997). Light of Truth and Fire of Love: A Theology of the Holy Spirit. Wm. B. Eerdmans Publishing. էջ 113. ISBN 9780802842886. «Kant has no interest in prayer or worship, and is in fact agnostic when it comes to such classical theological questions as the doctrine of God or of the Holy Spirit.»
- ↑ Norman L. Geisler, Paul K. Hoffman, ed. (2006). «The Agnosticism of Immanuel Kant». Why I Am a Christian: Leading Thinkers Explain Why They Believe. Baker Books. էջ 45. ISBN 9780801067129.
- ↑ Frank K. Flinn (2007). Encyclopedia of Catholicism. Infobase Publishing. էջ 10. ISBN 9780816075652. «Following Locke, the classic agnostic claims not to accept more propositions than are warranted by empirical evidence. In this sense an agnostic appeals to Immanuel Kant (1724–1804), who claims in his Critique of Pure Reason that since God, freedom, immortality, and the soul can be both proved and disproved by theoretical reason, we ought to suspend judgement about them.»
- ↑ Lewis, Rick. 2005. 'Kant 200 Years On'. Philosophy Now. No. 49.
- ↑ Vorländer, Karl. «Immanuel Kant: Bei Pfarrer Andersch in Judtschen».
- ↑ Vorländer, Karl. «Immanuel Kant: Bei Major von Hülsen in Arnsdorf».
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Իմմանուել Կանտը գրապահարանում Արխիվացված 2020-07-03 Wayback Machine
- Իմանուել Կանտ. Զուտ բանականության քննադատություն. Գերմաներենից թարգմանեց առաջին և երկրորդ հրատարակությունների, ֆրանսերեն և ռուսերենի համեմատությամբ՝ Վարազդատ Տերոյանը. Թարգմանության խմբագիր Ցոլակ Արզաքանյան. Երևան, «Գիտություն» հրատ., 2010, 951 էջ։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմանուիլ Կանտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմանուիլ Կանտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 241)։ |