Էդվին Բուտ

ամերիկացի դերասան


Էդվին Թոմաս Բուտ (անգլ.՝ Edwin Thomas Booth, նոյեմբերի 13, 1833(1833-11-13)[1][2][3], Բել Էյր, Մերիլենդ, ԱՄՆ - հունիսի 7, 1893(1893-06-07)[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), 19-րդ դարի ամերիկացի դերասան, որը շրջագայել է ԱՄՆ-ում և եվրոպական մայրաքաղաքներում` ներկայացնելով շեքսպիրյան խաղացանկ։

Էդվին Բուտ
Ծնվել էնոյեմբերի 13, 1833(1833-11-13)[1][2][3]
ԾննդավայրԲել Էյր, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էհունիսի 7, 1893(1893-06-07)[1][2][3] (59 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան և դերասան
Քաղաքացիություն ԱՄՆ
Ստորագրություն
Изображение автографа
 Edwin Booth Վիքիպահեստ

1869 թվականին նա հիմնադրել է Բուտի թատրոնը Նյու Յորքում, որը ժամանակի ոգուն համապատասխան հսկա շինություն էր[4]։ Թատրոնի որոշ պատմաբաններ նրան համարում են 19-րդ դարի ամերիկյան խոշորագույն դերասանն ու Համլետի խոշորագույն դերակատարը[5]։

Ներկայումս, սակայն, նրան հաճախ հիշատակում են որպես Աբրահամ Լինքոլնին սպանած Ջոն Ուիլքս Բութի եղբորը։

Կյանքի վաղ տարիներ խմբագրել

Էդվին Բուտը ծնվել է Մերիլենդ նահանգի Բել Էյր բնակավայրի մոտ, Բուտերի անգլո-ամերիկյան թատերական ընտանիքում։ Նա մեկ այլ հայտնի դերասանի` Ջունիուս Բուտի ապօրինի որդին է, որին հայրն Էդվին է անվանակոչել Էդվին Ֆորեսթի պատվին, իսկ Թոմաս անունը նա ստացել է ի պատիվ Թոմաս Ֆլիննի. երկուսն էլ Ջունիուսի գործընկերներն էին։ Էդվին Թոմաս Բուտը ԱՄՆ նախագահ Լինքոլնին սպանող Ջոն Ուիլքս Բուտի ավագ եղբայրն է։

Նորա Թիթոնն իր «Իմ մտքերը դաժան են» գրքում մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են Բուտի երեք որդիների` Ջունիուս Բրուտուս կրտսերի (որը երբեք չի հասել կրտսեր եղբայրների փառքին), Էդվինի և Ջոն Ուիլքսի արտաամուսնական ծագման ամոթն ու նրանց սեփական նկրտումները նրանց մրցակցության մղել և հանգեցրել նրան, որ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Էդվինը դարձել է Միության կողմնակից, իսկ Ջոն Ուիլքսն սպանել է Լինքոլնին[6]։

Կարիերա խմբագրել

Դերասանական կարիերայի սկզբում Էդվինը սովորաբար ելույթ է ունեցել հոր հետ։ Առաջին անգամ խաղացել է 1849 թվականին, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում` «Ռիչարդ Երրորդ» ներկայացման մեջ խաղալով Տրեսսելի դերը։

1852 թվականին հոր մահից հետո Բուտը մեկնել է համաշխարհային շրջագայության` լինելով Ավստրալիայում և Հավայան կղզիներում, և ի վերջո ճանաչում է ձեռք բերել 1856 թվականին, Սակրամենտոյում, Կալիֆորնիայում։

1864 թվականին, Լինքոլնի սպանությունից կարճ ժամանակ առաջ Էդվինը խաղում էր «Հուլիոս Կեսար» ներկայացման մեջ երկու եղբայրների` Ջոնի և Ջունիուս կրտսերի հետ։ Ջոնը խաղում էր Մարկոս Անտոնիոսի դերը, Էդվինը` Մարկոս Բրուտոսի, իսկ Ջունիուսը` Կասիոսի դերը։ Սա երեք եղբայրների համատեղ խաղի բենեֆիսն էր և միակ միասին ելույթը։ Հավաքված միջոցներն ուղղվել են Շեքսպիրի արձանի տեղադրմանը, որն այժմ էլ կանգնած է Նյու Յորքի Կենտրոնական պարկում։ Անմիջապես դրանից հետո Էդվին Բուտն սկսել է նույն բեմում հանդես գալ Համլետի դերում` սկիզբ դնելով «Համլետի հարյուր գիշերներին»։ Դա ռեկորդ էր մինչև 1922 թվականը, երբ Ջոն Բերիմորը Համլետի դերում խաղացել է 101-րդ անգամ։

1863-1867 թվականներին Բուտը ղեկավարում էր Նյու Յորքի Վինտեր Գարդեն թատրոնը` հիմնականում բեմադրելով Շեքսպիրի ողբերգությունները։ 1865 թվականին նա գնել է Ֆիլադելֆիայի Ուոլնուտ սթրիթ թատրոնը։

Նախագահ Լինքոլնի` Ջոն Բուտի սպանությունից հետո 1865 թվականի ապրիլին հասարակակական կարծիքը դեմ էր տրամադրված Բուտերի ընտանիքին, ինչն էդվինին ստիպել է լքել բեմը երկար ամիսներով։ Էդվինը, կապված չլինելով Ջոնի հետ, հեռացել է նրանից` արգելելով նրա անունը տալ իր տանը[7]։ Նա բեմ է վերադարձել Վինտեր Գարդեն թատրոնում 1866 թվականի հունվարին` գլխավոր դերը խաղալով «Համլետ» ողբերգության մեջ, որն, ի վերջո, դարձել է նրա ամենահայտնի դերը։

Բուտի թատրոն խմբագրել

1867 թվականին Վինտեր Գարդեն թատրոնի շենքը վնասվել է հրդեհից, ինչի արդյունքում ստիպված են եղել քանդել այն։ Արդյունքում Բուտը կառուցել է իր սեփական թատրոնը` մանրամասնորեն նախագծելով շենքը, որն ստացել է «Մանհեթենում Բուտի թատրոն» անունը։ Թատրոնը բացվել է 1869 թվականի փետրվարի 3-ին, «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ, որտեղ Բուտը խաղում էր Ռոմեոյի և Մերի Մաքվիքերը` Ջուլիետի դերը։ Այնուհետև հաջորդող տարիներին բեմադրվել են մանրամասն մշակված ներկայացումներ, սակայն թատրոնն այդպես էլ չի վերականգնվել։ 1873 թվականի բորսային սնանկությունը 1874 թվականին հանգեցրել է թատրոնի սնանկությանը։ Սնանկությունից հետո Բուտն ուղևորվել է համաշխարհային երկրորդ շրջագայությանը և վերականգնել է կորցրած դիրքերը։

 
Էդվին Բուտը դստեր` Էդվինայի հետ, մոտ. 1864 թվական

Հետագա տարիներ խմբագրել

Բուտը 1860-1863 թվականներին ամուսնացած է եղել Մերի Դևլինի հետ։ 1863 թվականին Մերի Դևլինը մահացել է։ Նրանց միակ դուստրը, Էդվինան, ծնվել է 1861 թվականի դեկտեմբերի 9-ին, Լոնդոնում։ Ավելի ուշ, 1869 թվականին, Բուտը նորից է ամուսնացել, այս անգամ` իր գործընկերուհի Մերի Մաքվիքերի հետ։ Երկրորդ անգամ կնակորույս է դարձել 1881 թվականին։

1869 թվականին Էդվինը ստացել է իր եղբոր` Ջոնի, մասունքները նախագահ Էնդրյու Ջոնսոնին երկու անգամ դիմելուց հետո։ Ջոնսոնն ի վերջո, թույլատրել է վերցնել մասունքները, և Էդվինը վերահուղարկավորել է դրանք իրենց ընտանեկան գերեզմանատանը Գրին Մաունթում, Բալթիմորում։

1888 թվականին Բուտը Նյու Յորքում հիմնադրել է Դերասանի ակումբ (անգլ.՝ The Players կամ անգլ.՝ Players Club)` դերասանների և արվեստի մարդկանց համար և ակումբին նվիրել է Մանհեթենի Գրամերսի պարկում գտնվող իր տունը։ Բուտի սենյակն ակումբում անփոփոխ է պահպանվել նրա մահից հետո։ Վերջին անգամ Էդվինը բեմին է հայտնվել Համլետի դերում, Բրուքլինի երաժշտական ակադեմիայում։ Մահացել է 1893 թվականին, Դերասանի ակումբում և թաղվել է իր առաջին կնոջ կողքին, Մաունթ Օբերն գերեզմանատանը, Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում։

Ռոբերտ Լինքոլն խմբագրել

Էդվին Բուտը փրկել է Աբրահամ Լինքոլնի որդուն` Ռոբերտ Լինքոլնին, լուրջ վնասվածքից և անգամ` մահից[8]։ Դեպքը տեղի է ունեցել Ջերսի Սիթիի երկաթգծային հարթակում։ Դեպքի ճշգրիտ օրը հայտնի չէ, սակայն, առավել հնարավոր է, որ այն տեղի է ունեցել 1864 թվականի վերջին կամ 1865 թվականի սկզբին, Աբրահամ Լինքոլնի` Ջոն Բուտի սպանությունից կարճ ժամանակ առաջ։

Ռոբերտ Լինքոլնը հիշել է այս դեպքի մասին 1909 թվականի, Սենչըրի Մեգըզին թերթի խմբագիր Ռիչարդ Ուոսթոն Հիլդերին ուղղված իր նամակում.

  Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուշ երեկոյան ուղևորների խումբը տոմս էր գնում գնացքի համար, որը կանգնած էր հարթակի մոտ։ Հարթակն արդեն բարձր էր վագոնի մուտքից, և հետևաբար, հարթակի ու վագոնի մեջ փոքր տարածություն կար։ Ամբոխն ավելանում էր և ճնշում ինձ։ Հենց այդ ժամանակ գնացքը շարժվեց, ես ոտքերով ընկա հարթակի ու վագոնի մեջ եղած տարածության մեջ` առհասարակ ի վիճակի չլինելով օգնել ինքս ինձ. այդ պահին ինչ-որ մեկը բռնես իմ վերարկուի օձիքից և դուրս քաշեց հարթակի անվտանգ հատված։ Շրջվելով` ես տեսա Էդվին Բուտին, ում դեմքը, բնականաբար, ինձ լավ ծանոթ էր։ Ես նրան երախտագիտությունս հայտնեցի ու նրան անունով դիմեցի։  

Բուտը չգիտեր, թե հատկապես ում է փրկել, մինչև որ մի քանի ամիս անց նամակ է ստացել իր ընկերոջից` գնդապետ Ադամ Բադոյից, որը գեներալ Ուլիսես Ս. Գրանթի շտաբում սպա էր։ Նամակում Բադոն երախտագիտություն է հայտնել Բուտին հերոսական արարքի համար։ Այն փաստը, որ նա փրկել էր Աբրահամ Լինքոլնի որդու կյանքը, շատ է օգնել Էդվին Բուտին եղբոր կողմից Աբրահամ Լինքոլնին սպանելուց հետո։

Կատարման ձև խմբագրել

Էդվինի ոճը միանգամայն տարբերվել է իր հոր ոճից։ Այն ժամանակ, երբ Բուտ ավագն իր ժամանակակիցներ Էդմունդ Քինի ու Ուիլյամ Չարլզ Մաքրեդիի նման լարված ու ուռճացված է խաղացել` նախընտրելով այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Ռիչարդ Երրորդը, Էդվինն առավել բնական, հանգիստ ոճով է խաղացել` հակված լինելով Համլետի տիպի կերպարներ մարմնավորելուն։

Կերպարն արվեստում խմբագրել

 
Էդվին Բուտը Համլետի դերում, Էդմոնդ Քուին, 1916, Գրամերսի պարկ

Էդվին Բուտի կյանքին են նվիրված մի շարք ժամանակակից բեմադրություններ, որոնք ցուցադրվել են ինչպես էկրանին, այնպես էլ` թատրոնի բեմում։ Դրանցից ամենահայտնիներից մեկը 1955 թվականին նկարահանված «Խաղացողների արքայազնը» ֆիլմն է։ Այն պատմում է Բուտի կյանքի, այդ թվում և` նրա կրտսեր եղբոր կողմից Լինքոլնի սպանության մասին[9]։

«The Brothers BOOTH!» («Բուտ եղբայրները») Ու. Ստյուարտ Մաքդաուելի պիեսն է, որը կենտրոնացել է Բուտ երեք եղբայրների հարաբերությունների վրա։ Այն բազմիցս բեմադրվել է և ներկայացվել Դեյվիդ Ստրետեյրնի, Դեյվիդ Դյուկսի, Անջելա Գետալսի, Մերիեն Պլանկետի և Սթիվեն Լենգի մասնակցությամբ «Նյու Հարմոնի Փրոջեքթում»[10], Գաթրի թատրոնում Մինեապոլիսում, ավելի ուշ` Նյու Յորքում, Գուտի կողմից հիմնադրված Դերասանի ակումբում, Բոստոնի Սեքընդ Սթեյջ թատրոնում։ Պիեսի առաջին լայնաֆորմատ մասնագիտական բեմադրությունը կայացել է 1992 թվականին, Ֆիլադելֆիայի արվարձան Բրիստոլի Բրիստոլ Ռիվըրսայդ թատրոնում[11][12][13]։

Նույն` «The Brothers Booth» («Բուտ եղբայրներ») անվամբ պիեսը, որը նվիրված է եղել «1860-ական թվականների թատերական աշխարհին և առաջատար թատերական ընտանիքին»[14], գրվել է Մարշել Բրեդլիի կողմից և բեմադրվել է 2004 թվականին, Նյու Յորքի «Փերի Սթրիթ» թատրոնում։

Օսթին Պենդլտոնի «Booth» («Բուտ») պիեսը, որը նվիրված է եղել Էդվին, Ջունիուս և Ջոն Ուիլքս եղբայրների պատանեկությանը, ինչպես նաև` նրանց հորը, ներկայացվել է Յորքի թատրոնում, Բուտ ավագի դերը խաղացել է Ֆրենկ Լանջելլան։ Նյու Յորք Թայմսի գրախոսականում պիեսն անվանվել է «հոգեբանական դրամա` 19-րդ դարի լեգենդար թատերական ընտանիքի մասին»[15]։ Պենդլտոնը վերամշակել է իր նախորդ` «Բուտը վերադառնում է» պիեսը, որը խաղացվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվենի «Լոնգ Ուորֆ» թատրոնում, 1991-1992 խաղաշրջանում։

«The Tragedian» («Ողբերգակը») պիեսը գրվել է և խաղացվել է Ռոդնի Լի Ռոջերսի կողմից։ Այն մեկ դերասանի պիես է, բեմադրվել է Հարավային Կարոլինայի Չարլսթոնի «PURE» թատրոնում, 2007 թվականին։ Այն նորից խաղացվել է 2008 թվականի մայիս-հունիս ամիսներին, արվեստների Պիկկոլո Սպոլետո փառատոնի ժամանակ[16]։

Լուիջի Կրեատորեի «Error of the Moon» («Լուսնի սխալը»)[17] պիեսը բեմադրվել է Նյու Յորքի Ռոու թատրոնում 2010 թվականի օգոստոսի 13-հոկտեմբերի 10-ը։ Պիեսը հիմնված է եղել Բուտի կյանքի հորինված պատմությունների վրա և պատմում է Էդվինի ու Ջոնի անձնական, մասնագիտական ու քաղաքական մրցակցության մասին, որն էլ հանգեցրել է Լինքոլնի սպանությանը[18]։

Արտաշիրիմում խմբագրել

 
Էդվին Բուտի շիրիմը

Փորձելով պարզել այն հարցը, թե արդյո՞ք 1865 թվականի ապրիլի 26-ին Էդվինի եղբայր Ջոնն իսկապես սպանվել է, թե փրկվել է ու դեռ երկար ժամանակ ապրել է հորինված անվան տակ, Էդվին Բուտի ժառանգներն իրավունք են ստացել նրա մարմնի արտաշիրմման համար` ԴՆԹ օրինակ վերցնելու նպատակով։ Նրանք նաև հույս ունեին ԴՆԹ նյութեր վերցնել Ջոն Ուիլքսին պատկանող բրածոներից, որոնք պահվում են Մերիլենդի Առողջության ու բժշկության ազգային թանգարանում[19]։

Ժառանգություն խմբագրել

Դերասանի ակումբը շարունակում է գոյություն ունենալ Մանհեթենի նույն շենքում։ Համլետի դերում Բուտի արձանը գտնվում է Գրամերսի պարկի կենտրոնում, 1916 թվականից զբոսայգու սեփականությունն է։ Այն կարելի է տեսնել զբոսայգու հարավային դարպասներից։

Բուտն իր ձայնի մի քանի ձայնագրություն է թողել մոմե գլանի վրա։ Դրանցից մեկը կարելի է լսել Naxos Records ստուդիայի «Great Historical Shakespeare Recordings and a Miscellany» աուդիոձայնագրության մեջ[20]։ Բուտի ձայնը դժվար լսելի է անխուսափելի խոտանի պատճառով, սակայն ձայնագրության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ այն խորն է և բավականին ցածր։

Բուտի հիշատակը հարգել են նաև Բել Էյրում։ Դատարանի շենքի դիմաց կա շատրվան, որը նվիրված է նրա հիշատակին։ Փոստի շենքում կախված է նրա դիմանկարը։ Պահպանվել է նաև նրա ընտանեկան տունը` Տյուդոր Հոլլը, որը գնվել է Հարֆորդ շրջանի կողմից 2006 թվականին, այն թանգարան վերածելու նպատակով։

Կենտուկիում Մամոնտի քարանձավի ազգային այգու սրահներից մեկը կոչվում է «Բուտի ամֆիթատրոն», քանի որ Բուտն այնտեղ ներկայացումներ է կազմակերպել այցելուների համար։

Լեգենդ կա, ըստ որի Էդվին Բուտի ուրվականն այցելում է Ջորջիա նահանգի Կոլամբուսի Սփրինգերի օպերայի տունը։

Բուտի Բրոդվեյ թատրոնը եղել է առաջին և հնագույն բրոդվեյան թատրոնը, որը կոչվում է դերասանի անունով։

Սթիվեն Սոնդհայմի «Մարդասպանը» մյուզիքլում Էդվինը հիշատակվում է «Բուտի բալլադում». «Դու նախանձում էիր եղբորդ, Ջոն, նրա կոշիկը չափազանց լայն էր քեզ համար»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ruggles E. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. William Winter. Life and Art of Edwin Booth. MacMillan and Co., New York. 1893, c. 48-49.
  5. Morrison, Michael A. 2002. Shakespeare in North America. In Wells and Stanton (2002, 230ľ258). c. 235—237
  6. Nora Titone. My Thoughts Be Bloody: The Bitter Rivalry Between Edwin and John Wilkes Booth That Led to an American Tragedy. New York: Simon and Schuster, 2010. ISBN 978-1-4165-8605-0.
  7. Asia Booth John Wilkes Booth: A Sister's Memoir / Terry Alford. — Jackson, Miss.: University Press of Mississippi, 1996. — С. ix. — ISBN 0-87805-883-4
  8. Robert Todd Lincoln: A Man In His Own Right by John S. Goff, с. 70-71
  9. Charles H. Shattuck. «Shakespeare on the American Stage: From the Hallams to Edwin Booth.» Educational Theatre Journal, Vol. 29, No. 4 (The Johns Hopkins University Press, Dec., 1977), c. 579.
  10. «The New Harmony Project — Past Projects». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. "The Brothers Booth is one of Riverside’s Best Premieres, « John J. Buettler, The Bristol Pilot, 19 March 1992.
  12. »Brothers Booth! is a Play with Merit at the Riverside, " Ken Bolinsky, Philadelphia Courier Times, 15 March 1992.
  13. History of the Bristol Riverside Theatre, at «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 31-ին.
  14. Dr. Clive Swansbourne, цитируется на обложке книги The brothers Booth, Marshell Bradley (Authorhouse, 2004).
  15. Ben Brantley, "Acting Up a Storm As a Stormy Actor Known for Acting Up, " The New York Times, 24 января 1994 г.
  16. «Theatre Review: The Tragedian», William Bryan, Charleston City Paper, 30 января 2009 г.
  17. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  18. «Redrawing a Picture of Lincolnĺs Assassin», Rachel Salz,The New York Times, 30 августа 2010 г.
  19. «Brother of John Wilkes Booth to Be Exhumed». Philadelphia Inquirer. 2010 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  20. Great Historical Shakespeare Recordings and a Miscellany: William Shakespeare, Various Artists: 9789626342008: Amazon.com: Books
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Բուտ» հոդվածին։