Դայանա Ռոս (անգլ.՝ Diana Ross, լրիվ անուն՝ Դայան Էռնեստին Էռլ Ռոս, անգլ.՝ Diane Ernestine Earle Ross, մարտի 26, 1944(1944-03-26)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]), ամերիկացի երգչուհի (սոուլ, ռիթմ ընդ բլյուզ, փոփ, դիսկո, ջազ, ռոքնռոլ), երգահան, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր։ 1960-ական թվականներին եղել է The Supremes խմբի անդամ։ 1970-ական թվականների սկզբին սկսել է մենակատարի կարիերա։ Բազմիցս ներկայացվել է Գրեմմի, Օսկար, Ոսկե գլոբուս, American Music Awards, BAFTA և այլ մրցանակների։

Դայանա Ռոս
Բնօրինակ անունDiana Ross
Ի ծնե անունԴայան Էռնեստին Էռլ Ռոս
Ծնվել էմարտի 26, 1944(1944-03-26)[1][2][3][…] (79 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ
ԺանրերR&B, սոուլ, ռիթմ ընդ բլյուզ, փոփ, դիսկո, ջազ, ռոքնռոլ
Մասնագիտություներգչուհի, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, կինոպրոդյուսեր և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1959 - այժմ
ԼեյբլLu Pine, Motown, RCA, EMI
ԿրթությունCass Technical High School?
ԱնդամակցությունThe Supremes
ԿապվածThe Supremes, The Temptations, Մարվին Գեյ, The Jackson 5, Մայքլ Ջեքսոն, Խուլիո Իգլեսիաս, Լայոնել Ռիչի, Բոբ Սթյուարթ, Westlife
ԱմուսինArne Næss, Jr.?[5] և Robert Ellis Silberstein?[6]
Պարգևներ
Կայքdianaross.com
 Diana Ross Վիքիպահեստում

Դայանա Ռոսն այն քչերից մեկն է, որը միանգամից երկու աստղ ունի Հոլիվուդի փառքի ծառուղում (մեկը մենակատարի կարիերայի համար, մյուսը՝ The Supremes խմբի կազմում)։

Երաժշտական ողջ կարիերայի ընթացքում Դայան Ռոսը ձայնագրել է 57 ստուդիական ալբոմներ և վաճառել ավելի քան 150 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում։1999 թվականին VH1 երաժշտական ալիքի կազմած՝ 100 մեծագույն կանայք ռոքնռոլում ցանկում Դայան Ռոսն զբաղեցնում էր 38-րդ տեղը (The Supremes խումբը 16-րդ տեղում էր)։

2004 թվականին Rolling Stone ամսագիրը Դայանա Ռոսին The Supremes խմբի հետ միասին ներառեց բոլոր ժամանակների 100 լավագույն կատարողների ցանկում (96-րդ տեղ)[7]։

«Թիկնապահը» (1992) ֆիլմի սցենարը, որ ստեղծվել է Լորենս Կեզդանի կողմից, գրվել է 1970-ական թվականներին դերասան Սթիվ Մաքքուինի և Դայանա Ռոսի համար[8]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Դայանա Ռոսը ծնվել է 1944 թվականի մարտի 26-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում[9][10]։ Դայանան ուսուցչուհի Էռնեստինի (née Moten, հունվարի 27, 1916 – հոկտեմբերի 9, 1984) և նախկին զինվորական Ֆրեդ Ռոսի (հուլիսի 4, 1920 – նոյեմբերի 21, 2007) երկրորդ երեխան էր։ Ըստ Դայանայի՝ իր մայրը ցանկացել է դստերն անվանել Դայան (Diane), սակայն ծննդյան վկայականում սխալմամբ գրվել է Diana: Մինչ խմբի առաջին հաջողությունները աղջիկը շարունակում էր իրեն ներկայացնել որպես Դայան։ Նրա ընկերներն այժմ էլ նրան կոչում են Դայան[11][12]։

Մի որոշ ժամանակ նրանց ընտանիքն ապրել է Belmont Street փողոցում գտնվող տանը (քաղաքի հյուսիսային շրջան)։ Երբ լրանում է աղջկա 7 տարին, նրա մայրը հիվանդանում է թոքախտով, և հայրն ստիպված է լինում երեխաներին ուղարկել Բեսեմեր (քաղաք Ալաբամա նահանգում)՝ իրենց ազգականների մոտ։ Մոր ապաքինումից հետո ընտանիքը վերադառնում է Դեթրոյթ։ Երբ լրանում է Դայանայի 14 տարին, ընտանիքը կրկին փոխում է բնակության վայրը։

Երգեցողությամբ Դայանա Ռոսը տարվել է դեռ դպրոցում սովորելու տարիներին։ Այդ ժամանակ էլ իր հարևանուհիների՝ Մերի Ուիլսոնի, Ֆլորենս Բալարդի ու Բեթի Մակգլոունի հետ հիմնադրում է The Primettes խումբը (հետագայում խումբը վերանվանեցին The Supremes)՝ ի հակադրություն տղաների The Primes խմբի (հետագայում վերանվանվել է The Temptations)։

The Supremes խմբի կազմում խմբագրել

 
The Supremes, 1965 թվական

1961 թվականին (այն բանից հետո, երբ խմբում Բեթի Մակգլոունին փոխարինեց Բարբարա Մարտինը) աղջիկների խումբը պայմանագիր կնքեց Motown Records լեյբլի հետ։ Առաջին տարիներին հրապարակված բոլոր սինգլները կատարում էր Դայանա Ռոսը, ում սոպրանոն հակադրվում էր խմբի հիմնադիր Ֆլորենս Բալարդի մեցո-սոպրանոյին, Մերի Ուիլսոնի ալտին ու Բարբարա Մարտինի կոնտրալտոյին։ 1961-1963 թվականներին խումբը կատակով անվանում էին «հիթ չունեցող Supremes»:

1962 թվականին խմբից հեռանում է Մարտինը, և խմբում մնում են երեք անդամներ։ Իր կարիերայի սկզբում խումբը որոշակի խնդիրներ ուներ. նրա սինգլները հանրահայտ չէին և չէին ընդունվում քննադատների կողմից։ 1963 թվականին Motown-ի տնօրեն Բերի Գորդին կայացնում է ճակատագրական մի որոշում. նա առաջարկում է, որ այդուհետ Ռոսը դառնա խմբի վոկալիստ (մինչ այդ խմբի անդամները հերթով էին կատարում երգերը)՝ ենթադրելով, որ հենց Ռոսի վոկալի շնորհիվ The Supremes խմբի երգերը բարձ հորիզոնականներ կզբաղեցնեն հիթ-շքերթներում։ Շուտով խումբն ունեցավ իր առաջին հաջողությունը. 1964 թվականին «Where Did Our Love Go» սինգլն զբաղեցրեց ամերիկյան հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ 1964 օգոստոսից մինչև 1967 թվականի մայիս Ռոսի, Ուիլսոնի ու Բալարդը ևս տասը սինգլներ գլխավորեցին երաժշտական հիթ-շքերթներ։ Դրանց թվին են պատկանում «Baby Love», «Stop! In the Name of Love», «Come See About Me» և «Back in My Arms Again» երգերը։

Կոնֆլիկտի պատճառով The Supremes խմբից հեռանում է Ֆլորենս Բալարդը, ում տեղն զբաղեցնում է Սինդի Բյորդսոնգը (Patti LaBelle & The Bluebelles խմբի նախկին անդամ)։ Մոտավորապես այդ ժամանակ էլ խումբն սկսում է կոչվել Diana Ross and the Supremes. դրանով ընդգծվում է Դայանա Ռոսի առաջատար դերը խմբում։ Ձայնագրելով 12 սինգլներ ու գլխավորելով հիթ-շքերթները՝ The Supremes խումբը դառնում է 1960-ական թվականների ամենահաջողակ երաժշտական կոլեկտիվն ԱՄՆ-ում։

The Supremes խմբից հեռանալը խմբագրել

1968 թվականին Motown լեյբլն սկսում է աստիճանաբար իրականացնել Դայանա Ռոսի՝ որպես մենակատար հանդես գալու ծրագիրը։ Դայան Ռոսը մասնակցում TCB և G.I.T. on Broadway հեռուստածրագրերին՝ ելույթ ունենալով The Temptations կոլեկտիվի հետ միասին։

1969 թվականի ամռանը The Supremes խմբում Դայանա Ռոսին փոխարինում է Ջին Տերելը, և այդ պահից երգչուհին հնարավորություն է ստանում զբաղվել միայն մենակատարի իր կարիերայով։ Նոյեմբերին Billboard ամսագիրը հաստատում է Դայանա Ռոսի՝ խմբից հեռանալու մասին լուրերը։ Այդ ժամանակ Դայանա Ռոսը հանրությանն է ներկայացնում Motown լեյբլի նոր նախագիծը՝ The Jackson 5 խումբը, որում իր եղբայրների հետ միասին հանդես էր գալիս երիտասարդ Մայքլ Ջեքսոնը։

Դայանա Ռոսը համագործակցել է տարբեր պրոդյուսերների հետ։ Որպես մենակատար՝ նա ձայնագրել է «Someday We’ll Be Together» երգը, որը, սակայն, թողարկվել է որպես Diana Ross & The Supremes խմբի վերջին հիթ։ Այդ սինգլն էլ դարձավ խմբի վերջին՝ տասներկուերորդ հիթը, որ գլխավորեց ամերիկյան հիթ-շքերթները։ Դայանա Ռոսը խմբի կազմում վերջին անգամ ելույթ է ունեցել 1970 թվականի հունվարի 14-ին Լաս Վեգասում։

Մենակատարի կարիերայի սկիզբ խմբագրել

Կես տարվա ընթացքում Դայանա Ռոսը համագործակցում է տարբեր պրոդյուսերների հետ, բայց վերջիվերջո շարունակում է աշխատել Նիկոլա Էշֆորդի ու Վալերի Սիմփսոնի հետ (ովքեր ստեղծել էին Մարվին Գեյի ու Թամմի Տարելի դուետը)։ Էշֆորդն ու Սիմփսոնն աշխատեցին Դայանա Ռոսի առաջին ալբոմի վրա (որ կոչվում էր «Diana Ross») և հաջորդ տասնամյակի ընթացքում մնացին Դայանա Ռոսի պրոդյուսերները։

1970 թվականի մայիսին Motown լեյբլով թողարկվեց «Diana Ross» ալբոմը։ «Reach оut and Touch (Somebody’s Hand)» սինգլը Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։ Եվս մեկ սինգլ՝ «Ain’t No Mountain High Enough» (Մարվին Գեյի ու Թամմի Տարելի՝ 1967 թվականին ձայնագրված երգի քավեր տարբերակը), դարձավ միջազգային հիթ և գլխավորեց տարբեր հիթ-շքերթներ։ Այդ սինգլի համար Դայանա Ռոսը ներկայացվեց Գրեմմի մրցանակի փոփ երգչուհու լավագույն վոկալ կատարում անվանակարգում։

Կարիերան կինոյում և այլ նախագծեր խմբագրել

1971 թվականի վերջին հայտարարվեց, որ Դայանա Ռոսը կկատարի հայտնի սևամորթ ջազ երգչուհի Բիլի Հոլիդեյի դերը «Լեդին երգում է բլյուզ» (անգլ.՝ Lady Sings the Blues) կենսագրական ֆիլմում։ Քննադատները վատատեսորեն էին վերաբերվում այդ մտահղացմանը. մամուլում բազմիցս նշվել է, որ Ռոսն ու Հոլիդեյը շատ տարբեր են և ընդհանրապես նման չեն միմյանց։ Սակայն Դայանա Ռոսը մանրամասն ուսումնասիրեց իր հերոսուհու կենսագրությունն ու ամեն ինչ արեց, որ համապատասխանի կերպարին։ Միևնույն ժամանակ Ռոսը չէր փորձում նմանակել Հոլիդեյի երգելու ոճը, այլ դերը հարմարեցնում էր իրեն։ Նկարահանման հրապարակում Ռոսի խաղընկերը Դի Ուիլյամսն էր, որ կատարում էր Հոլիդեյի սիրեկանի՝ Լուիս Մաքքեյի դերը։

«Լեդին երգում է բլյուզ» ֆիլմի պրեմիերան կայացավ 1972 թվականի հոկտեմբերին։ Այն աննախադեպ հաջողություն ունեցավ, իսկ Դայանա Ռոսն արժանացավ կինոգործիչներն ու հանդիսատեսը գովասանքին։ 1973 թվականին այս ֆիլմում իր դերակատարման համար Դայանա Ռոսը ներկայացվեց Ոսկե գլոբուս և Օսկար կինոմրցանակների լավագույն դերասանուհի անվանակարգում (սակայն մրցանակի արժանացավ Լայզա Մինելլին «Կաբարե» ֆիլմում իր դերակատարման համար)։ Նույն թվականին Դայանա Ռոսն ստացավ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ Ամենախոստումնալից նորեկը անվանակարգում։ Ֆիլմի սաունդթրեքների «Lady Sings the Blues» ալբոմը երկու շաբաթ շարունակ գլխավորել է Billboard 200-ը և վաճառվել ավելի քան 300 հազար օրինակով (վաճառքի առաջին ութ օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ վաճառվել է այդ ալբոմի շուրջ 200 միլիոն օրինակ[13]

1971 թվականին Դայանա Ռոսն ու Մարվին Գեյը (նա նույնպես իր երգերը թողարկում էր Motown լեյբլով) ձեռնամուխ եղան համատեղ ալբոմի ստեղծմանը։ Սակայն ձայնագրման ստուդիայում նրանց միջը կոնֆլիկտ է ծագում. Մարվին Գեյը սիրում էր մարիխուանա ծխել շինության ներսում, իսկ Դայանա Ռոսին դա նյարդայնացնում էր (այդ ժամանակ նա հղի էր), և նա պահանջում էր դադարեցնել թմրանյութի օգտագործումը։ Արդյունքում նրանք սկսում են աշխատել տարբեր ստուդիաներում։ Դրա պատճառով հետաձգվեց «Diana & Marvin» ալբոմի թողարկումը. ալբոմը հանրության դատին հանձնվեց միայն 1973 թվականին։ Այն մեծ հաջողություն ունեցավ, իսկ«You Are Everything» սինգլն ընդգրկվեց բրիտանական հիթ-շքերթի լավագույն տասնյակում։ «Touch Me in the Morning» բալլադը դարձավ Դայանա Ռոսի «աստեղային» երկրորդ հիթը՝ 1973 թվականի փոփ-հիթերի ցանկում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Բացի այդ՝ հենց այդ սինգլի համար Դայանա Ռոսը երկրորդ անգամ ներկայացվեց Գրեմմիի։

1975 թվականին Դայանա Ռոսը նորից իր ուժերը փորձեց կինոյում՝ նկարահանվելով «Mahogany» ֆիլմում։ Այս անգամ նույնպես նրա խաղընկերը Բիլի Դի Ուիլյամսն էր, ով Ռոսի հետ նկարահանվել էր «Լեդին բլյուզ է երգում» ֆիլմում։ Նկարահանումների ընթացքում տեղի ունեցան մի քանի սկանդալներ. փոխվեց ֆիլմի ռեժիսոը, իսկ Ռոսը վիճեց ֆիլմի ղեկավարի՝ Բերրի Գորդիի հետ։

1976 թվականին Դայանա Ռոսի «Do You Know Where You’re Going To (Theme from Mahogany)» և «Love Hangover» (այն եվրո-դիսկո ոճի առաջին հիթերից էր. երաժշտական այդ ոճը մեծ ժողովրդականության հասավ հաջորդ տասնամյակում) հիթ-շքերթներում գրավեցին առաջին հորիզոնականներ, ինչի շնորհիվ «Diana Ross» ալբոմն ընդգրկվեց ԱՄՆ Billboard 200 հիթ-շքերթի լավագույն տասնյակում[14]։ 1977 թվականին Դայանա Ռոսը ելույթ է ունենում Բրոդվեյում, ինչի համար արժանանում է հատուկ մրցանակի՝ Tony Award: Այդ շոուն հետագայում ցուցադրվեց հեռուստատեսությամբ (NBC ալիքով) և թողարկվեց որպես վավերագրական ֆիլմ՝ «An Evening with Diana Ross» խորագրով։

Նույն թվականին Motown լեյբլը գնեց բրոդվեյական «The Wiz» հայտնի պիեսի հիման վրա ֆիլմ նկարահանելու իրավունքները։ Պիեսը Լայման Ֆրենք Բաում «Հրաշագործը Օզ երկրից» հեքիաթի վերամշակումն էր ու դրա աֆրոամերիկյան տարբերակը։ Դայանա Ռոսը պրոդյուսերին խնդրեց՝ իրեն վստահել 11-ամյա Դորոթիի դերը։ Սակայն այդ դերն ստացավ 24-ամյա մի ուսուցչուհի։ Դայանա Ռոսից բացի ֆիլմում նկարահանվեցին նաև Նիպսի Ռսելը, Թեդ Ռոսը, Մայքլ Ջեքսոնը։ 1978 թվականի հոկտեմբերին ֆիլմն էկրան բարձրացավ։ Այն անհաջողություն կրեց վարձույթում, և այդ ժամանակից ի վեր Դայանա Ռոսը հրաժարվեց մասնակցել Motown լեյբլի կինոբեմադրություններին։ Չնայած ֆիլմի ահաջողությանը՝ նրա սաունդթրեքների ալբոմը վաճառվեց ավելի քան 850 հազար օրինակով։

1979 Դայան Ռոսը կրկին սկսեց համագործակցել իր նախկին պրոդյուսերների՝ Նիկոլա Էշֆորդի ու Վալերի Սիմփսոնի հետ՝ «The Boss» նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները կատարելու համար։ Այն դարձավ Ռոսի առաջին ալբոմը, որ դարձավ «ոսկե» (մինչ 1977 թվականը Motown լեյբլով վաճառված ձայնագրությունները չէին ստուգվել RIAA-ի կողմից, այդ պատճառով էլ չեն հավաստագրվել)։ 1980 թվականին երգչուհին թողարկեց իր առաջին պլատինե (ըստ RIAA-ի հավաստագրի) ձայնասկավառակը՝ «diana», որի պրոդյուսերներն են եղել Նայլ Ռոջերսն ու Բեռնարդ Էդվարդսը։ Ալբոմում ներառվել են երկու հայտնի կոմպոզիցիաներ՝ «Upside Down» (Դայանա Ռոսի վեցերորդ երգն է, որ գլխավորել է հիթ-շքերթները) և «I’m Coming Out» (ընդգրկվել է լավագույն հնգյակում)։ «diana»-ն դարձավ Ռոսի ամենահաջողակ ստուդիական ալբոմը, որ երեք շաբաթ զբաղեցրել է Billboard 200-ի երկրորդ հորիզոնականը։ Միայն ԱՄՆ-ում վաճառվել է այդ ալբոմի ավելի քան 6 միլիոն օրինակ։

1980 թվականի վերջին լավագույն տասնյակում ընդգրկվեց Դայանա Ռոսի երգերից ևս մեկը՝ «It’s My Turn» ֆիլմի սաունդթրեքը։ Հաջորդ տարի Ռոսը Լայոնել Ռիչիի հետ համատեղ ձայնագրեց «Endless Love» երգը, որ արժանացավ «Օսկարի», ճանաչվեց աշխարհի համար 1 սինգլը և վերջին հիթը, որ ձայնագրվել է Motown Records ստուդիայում։ Billboard-ն այդ երգը համարել է աշխարհի լավագույն զուգերգ[15]։ Ռոսը կարծում էր, որ լեյբլի ղեկավարությունը՝ հանձին Գորդիի, իրեն չեն տալիս ինքնարտահայտման ազատություն, կաշկադում են որոշակի շրջանակներում, այդ պատճառով էլ նա 20 միլիոն դոլարի պայմանագիր կնքեց RCA ընկերությքան հետ։ Այդ ժամանակ առասպելական մի գումար էր, որ ստացավ երաժիշտ-կատարողը։ Հետագայում այդպիսի գումար ստացել են միայն Մայքլ Ջեքսոնը, Մադոննան, Ջանեթ Ջեքսոնը և Ուիթնի Հյուսթոնը։ «Endless Love» սինգլը գլխավորեց հիթ-շքերթները, և Դայանա Ռոսը դարձավ պատմության մեջ առաջին երգչուհին, ում երգերը 6 անգամ գլխավորել են Billboard Hot 100-ը (Շերը, Բարբարա Սթրեյզանդը, Դոննա Սամմերն ու Օլիվյա Նյուտոն-Ջոնն ունեցել են այդպիսի չորսական երգ)։ Դայանա Ռոսի ու Լայոնել Ռիչիի դուետը ներկայում էլ համարվում է ամենահաջողակը փոփ-երաժշտության պատմության մեջ։

1980-ական - 1990-ական թվականներ խմբագրել

 
Դայանա Ռոսը 1982 թվականին

Դայանա Ռոսի՝ RCA լեյբլով առաջին ալբոմը՝ «Why Do Fools Fall in Love» (1981) ԱՄՆ-ում դարձել է պլատինե[16], իսկ Ֆինլանդիայում՝ ոսկե[17]։ Լավագույն տասնյակում ընդգրկվեցին այդ սկավառակի 3 երգեր՝ Այդ սկավառակի 3 երգեր, որոնց թվին էին պատկանում Ֆրենկ Լայմոնի ու The Teenagers խմբի՝ 1956 թվականին ձայնագրված «Why Do Fools Fall in Love»երգը, ինչպես նաև «Mirror Mirror» սինգլը[18]։

1983 թվականին Դայանա Ռոսն սկսեց համագործակցել The Supremes խմբի նախկին մասնակիցներ Մերի Ուիլսոնի ու Սինդի Բյորդսոնգի հետ։ Նրանք միասին նկարահանվեցին «Motown 25: Yesterday, Today, Forever» հեռուստածրագրում, որտեղ կատարեցին 1969 թվականին ձայնագրված իրենց հայտնի հիթը՝ «Someday We’ll Be Together»: Նկարահանումների ժամանակ Ռոսն ու Ուիլսոնը վիճեցին և հազիվ զերծ մնացին ծեծկռտուքից։ Բացի այդ՝ հաղորդման որակի վրա ազդեց նաև այն, որ քիչ փորձեր էին արվել։ Նախապես որոշվել էր, որ կհնչեն չորս երգեր, սակայն Ռոսը որոշեց, որ մի երգն էլ բավական է։ Արդյունքում հաղորդման վերջնական տարբերակից հանվեցին մի շարք տեսարաններ, սակայն այդ դեպքերը աննկատ չմնացին լրագրողների կողմից։

Նույն թվականին Դայանա Ռոսը կենդանի համերգ տվեց Կենտրոնական այգում։ Շոուն հեռարձակվեց Showtime արբանյակային հեռուստաալիքով։ Համերգին ներկա էին 300 հազար հանդիսատեսներ։ Ելույթն սկսելուց 15 րոպե անց ուժեղ անձրև սկսեց, և ստիպված եղան դադարեցնել համերգը։ Համերգը տեղի ունեցավ հաջորդ օրը. այս անգամ ներկա էր արդեն կես միլիոն (որոշ տվյալներով՝ 800 հազար) մարդ։ Դա ամենաշատ հանդիսատեսն ունեցող անվճար շոուն էր, որ անցկացվել է Կենտրոնական այգում։ Շոուի ժամանակ տեղի ունեցան նաև անախորժ դեպքեր. համերգի ժամանակ և դրանից անմիջապես հետո երիտասարդ մարդկանց խմբի գործողություններից տուժեցին ավելի քան հարյուր մարդիկ։ Հետագայում նրան հայց ներկայացրին ընդդեմ Նյու Յորքի քաղաքապետարանի, որ չի կարողացել պատշաճորեն պահպանել միջոցառման անցկացման վայրը։ Արդյունքում քաղաքապետարանը կորցրեց մի քանի միլիոն դոլար։

RCA լեյբլով Ռոսը ձայնագրեց ևս մի քանի սինգլներ՝ «Muscles» (1982) երգը, որ Ռոսը կատարեց Մայքլ Ջեքսոնի հետ, արժանացել է Գրեմմիի, ինչպես նաև «So Close» (1983), «All of You» (1984), «Swept Away» (1984), «Missing You» (1985), «Eaten Alive» (1985), «Chain Reaction» (1986) երգերը։ RCA լեյբլով ձայնագրվել են «All The Great Hits», «Silk Electric», «Diana Ross Anthology» և «Swept Away» «ոսկե» ալբոմները։ 1980-ական թվականներին Ռոսը մեծ հաջողություն էր վայելում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ նրա օվկիանոսից այն կողմ։ 1989 թվականին նա դադարեցրեց RCA լեյբլի հետ համագործակցությունը և կրկին վերադարձավ Motown Records՝ դառնալով լեյբլի համասեփականատեր։

1989 թվականին Դայանա Ռոսը ութ տարվա ընդմիջումից հետ կրկին Motown լեյբլով թողարկեց իր նոր ալբոմը՝ «Workin’ Overtime», որի պրոդյուսերն էր Նիլ Ռոջերսը։ Չնայած նրան, որ համանուն սինգլը ռիթմ ընդ բլյուզ երգերի հիթ-շքերթում զբաղեցրեց առաջին տեղը, ալբոմը հաջողություն չունեցավ ամերիկացիների շրջանում։ ԱՄՆ-ում առանձնակի հաջողություն չունեցան նաև Ռոսի հաջորդ ալբոմները՝ «The Force Behind the Power» (1991), «Take Me Higher» (1995) և «Every Day is a New Day» (1999

Մեծ Բրիտանիայում ու Եվրոպայում, ընդհակառակը, բարձր գնահատվեցին Ռոսի՝ Motown լեյբլով թողարկած վերջին ալբոմները։ Բրիտանական սինգլների հիթ-շքերթի լավագույն տասնյակում ընդգրկվեցին «When You Tell Me That You Love Me» (1991), «One Shining Moment» (1992), «Not Over You Yet» (1999) երգերը։ Լավագույն քսան կամ քառասուն երգերի ցանկերում տեղ գտան նաև «Heart (Don’t Change My Mind)» (1992), «Your Love» (1994), «The Best Years of My Life» (1994), «Take Me Higher» (1995), «Gone» (1995), «I Will Survive» (1996), «In the Ones You Love» (1996) երգերը։ 1996 թվականին Դայան Ռոսին հրավիրեցին ելույթ ունենալու Super Bowl XXX խաղի ընդմիջմանը։ 1999 թվականին Դայանա Ռոսը ճանաչվեց ամենահաջողակ արտիստը Բրիտանիայի երաժշտական հիթ-շքերթների պատմության մեջ։ Հետագայում այդ կոչմանն արժանացավ Մադոննան։ 2002 թվականին Ռոսը լքեց Motown-ը։

Դայանա Ռոսը նկարահանվեց ABC ալիքի «Out of Darkness» (1994) ֆիլմում, որում մարմնավորեց շիզոֆրենիայով տառապող կնոջ։ Այդ դերի համար նա ներկայացվեց Ոսկե գլոբուսի։ 1999 թվականին Ռոսը ռիթմ ընդ բլյուզ ժանրի երգչուհի Brandy-ի հետ նկարահանվեց ABC ալիքի «Double Platinum» հեռուստաֆիլմում, որ պատմում էր մի երգչուհու մասին, ով չափազանց տարվել էր շրջագայություններով ու բոլորովին հոգ չէր տանում իր դստեր մասին։

1995 թվականին Դայանա Ռոսը «Եվրոպա-Ասիական համերգային շրջագայության» (Հունաստան, Թուրքիա, Ռուսաստան, Շվեդիա, Ռումինիա) շրջանակներում երկու համերգ է տվել Մոսկվայում[19]։

1999 թվականի սեպտեմբերին Դայանա Ռոսը հրավիրվում է վարելու MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը։ Հանդիսության ժամանակ Ռոսը, զարմացած ռեփ երգչուհի Lil’ Kim-ի չափազանց բաց հագուստից, դիպել է նրա բաց կրծքին։ Դրանից մեկ ամիս անց Դայանա Ռոսը ձերբակալվել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի կին աշխատակիցներից մեկի վրա հարձակման մեղադրանքով։ Երգչուհին պնդում էր, որ անձնական զննության ժամանակ ուժ է կիրառվել, և ինքն ստիպված է եղել պաշտպանվել։ Ի պատասխան՝ նրան մեղադրել են այն բանի համար, թե նա փորձել է դիպչել աշխատակցուհու կրծքին։ Որոշ ժամանակ անց Ռոսն ազատվել է կալանքից։

2000-ական թվականներ խմբագրել

 
Լյութեր Վանդրոս ու Դայանա Ռոս, Նյու Յորք, 2000 թվական

2000 թվականին Դայանա Ռոսը հայտարարել է, որ վերամիավորված The Supremes խումբը (Մերի Ուիլսոնի ու Սինդի Բյորդսոնգի հոտ) համերգային շրջագայություն կունենա, որ կկոչվի «Return to Love»: Սակայն Ուիլսոնն ու Բյորդսոնգը հրաժարվեցին մասնակցել՝ համաձայն չլինելով իրենց հոնորարների չափերի հետ. Ուիլսոնին տրվելու էր երեք միլիոն, Բյորդսոնգին՝ 1 միլիոն դոլար, իսկ Դայանա Ռոսի հոնորարը կազմելու էր 15 միլիոն դոլար։ Այդ ժամանակ համերգային շրջագայության մեկնեցի The Supremes խմբի մյուս նախկին մասնակիցները՝ Լինդա Լոուրենսն ու Շերի Փեյնը, ովքեր երբեք Դայանա Ռոսի հետ չէին երգել և խմբի կազմում ընդգրկվել էին Ռոսի հեռանալուց հետո։ Համերգային շրջագայությունը հաջողությամբ բացվեց Ֆիլադելֆիայում տրված համերգով, սակայն շուտով ստիպված եղան ընդհատել այն տոմսերի ցածր պահանջարկի պատճառով։

2002 թվականի դեկտեմբերին Արիզոնայում Դայանա Ռոսը ձերբակալվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Երգչուհին չժխտեց այդ փաստը, և նրան դատապարտեցին երկու օրվա կալանքի, որ նա անցկացրեց Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաքում գտնվող իր տնից ոչ հեռու գտնվող կալանավայրում։

Դայանա Ռոսի երգերը 2005 թվականին կրկին հայտնվեցին հիթ-շքերթներում։ Նա Բոբ Սթյուարթի հետ կատարեց «I Got a Crush on You» երգը, որ ընդգրկվեց Սթյուարթի «The Great American Songbook» ալբոմում։ Սինգլը ժամանակակից երաժշտության հիթշ-շքերթում զբաղեցրեց 19-րդ հորիզոնականը։ Westlife-ի հետ Դայանա Ռոսը կատարեց 1991 թվականին ձայնագրված իր «When You Tell Me You Love Me» հիթի քավեր տարբերակը, որը բրիտանական երաժշտական հիթ-շքերթում զբաղեցրեց երկրորդ տեղը։

2006 թվականի հունիսին Motown լեյբլով թողարկվեց Դայանա Ռոսի «Blue» ալբոմը, որում ընդգրկված էին ջազ ոճի երգեր, որոնք ձայնագրվել էին երգչուհու՝ «Լեդին երգում է բլյուզ» ֆիլմում նկարահանվելուց հետո։ «Blue» ալբոմը հիթ-շքերթներում հասավ մինչև երկրորդ հորիզոնական։ Օգոստոսին հայտարարվեց, որ Դայանա Ռոսը EMI (Angel Records) լեյբլում կձայնագրի ստուդիական ալբոմ՝ դասական ռոք և սոուլ ոճերում։ «I Love You» ալբոմը նախ վաճառքի հանվեց Եվրոպայում (թողարկվել է հոկտեմբերի 2-ին), և միայն 2007 թվականի հունվարին այն սկսեցին վաճառել նաև Հյուսիսային Ամերիկայում՝ Manhattan Records/EMI լեյբլով։ Ալբոմը փոփ ալբոմների ցանկում զբաղոցրեց 32-րդ տեղը, իսկ Billboard ամսագիրը ալբոմին տվեց Hot Shot Debut կարգավիճակ։ «I Love You» ալբոմը ԱՄՆ-ում վաճառվեց ավելի քան 100 հազար օրինակով, Մեծ Բրիտանիայում՝ 38 հազար օրինակով։

2007 հունվարին Դայանա Ռոսը մասնակցեց ամերիկյան մի քանի հեռուստաշոուներում, որոնցում գովազդում է իր նոր ալբոմը։ Գարնանը նա սկսում է իր համերգային շրջագայությունը ԱՄՆ-ում, իսկ մայիսին համերգային շրջագայության է մեկնում Եվրոպա։ Երգչուհին նկարահանվել է նաև American Idol հաղորդման 6-րդ եթերաշրջանում՝ հանդես գալով որպես մրցույթի մասնակիցների խորհրդատու։

BET Awards-2007 մրցանակաբաշխության ժամանակ Դայանա Ռոսն արժանացավ մրցանակի Կյանքում ունեցած ներդրումների համար. մրցանակը Ռոսին հանձնեց երգչուհի Ալիշա Քիզը։ Սթիվի Ուանդերն ու այլ երաժիշտներ կատարեցին Ռոսի մի շարք հիթի քավեր տարբերակները՝ ի նշան այն բանի, որ բարձր են գնահատում երգչուհու արվեստը։ Նույն թվականին Kennedy Center Honors-ը Ռոսին պարգևատրեց Ժամանցային միջոցառումներում ունեցած ներդրման համար մրցանակով՝ բարձր գնահատելով երգչուհու հիանալի կարիերան, նրա ունեցած ազդեցությունը երաժշտության բնագավառում և ներդրումը ամերիկյան մշակույթում։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցան Վանեսա Ուիլյամսն ու American Idol շոուի հաղթող Ջորդին Սփարկսը։

2008 թվականի փետրվարին Դայանա Ռոսը հրավիրվեց դասախոսություններ կարդալու Հյուսթոնի The Hobby Center-ում։ Դասախոսությունների թեման ամենավառ ու ազդեցիկ մարդիկ էին, նրանց կյանքն ու ազդեցությունը շրջապատի մարդկանց վրա։

Անձնական կյանք խմբագրել

Դայանա Ռոսը Ֆրեդ Ռոսի ու Էռնեստին Մոտենի վեց երեխաներից երկրորդն է։ Նրա երկու քույրերը՝ Բարբարան ու Ռիտան, երբեք չեն զբաղվել երաժշտությամբ. Բարբարան դարձել է բժիշկ, Ռիտան՝ ուսուցչուհի։ Եղբայրը՝ Արթուր «T-Boy» Ռոսը, դարձել է հաջողակ կոմպոզիտոր (աշխատել է Motown լեյբլում), երգեր է գրել Մարվին Գեյի, «The Jackson 5» խմբի և այլոց համար։ Դայանա Ռոսի կրտսեր եղբայրը՝ Ուիլբերտ «Chico» Ռոսը, եղել է Ռոսի պարի խմբի անդամ։ Մյուս եղբորը՝ Ֆրեդը, սպանվել է (Ֆրեդի ու նրա կնոջ դիերը գտնվել են Դեթրոյթի շենքերից մեկի նկուղում)։ Դայան Ռոսի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռահասության տարիքում էր։ Հետագայում մայրը նորից ամուսնացել է։ Դայանա Ռոսի մայրը մահացել է 1984 թվականի նոյեմբերին, հայրը՝ 2007 թվականի նոյեմբերին։

Դայանա Ռոսը սովորել է Դեթրոյթի տեխնիկական միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1962 թվականի հունվարին՝ համադասարանցիներից մի կիսամյակ շուտ։

1971 թվականի օգոստոսին Դայանա Ռոսն ամուսնացել է երաժշտական մենեջեր Ռոբերտ Էլիս Սիլբերսթայնի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 1977 թվականին։ Դայանա Ռոսը հանդիպել է դերասան Ռայան Օ’Նիլի, ինչպես նաև ռոք-երաժիշտ, «Kiss» խմբի անդամ Ջին Սիմոնսի հետ։ 1985 թվականի հոկտեմբերին Ռոսն ամուսնացել է նորվեգացի գործարար Առնե Նես կրտսերի հետ։ Նրանք ամուսնալուծվել են 2000 թվականին։

Դայանա Ռոսն ունի հինգ երեխա. նրանցից երեքի (Ռոնդա Ռոս-Քենդրիկ (1971), Թրեյսի Էլիս Ռոս (1972), Չադնի Ռոս (1975)) հայրը Ռոբերտ Սիլբերսթայնն է, երկուսինը (Ռոս Առնե Նես (1987) Էվան Օլավ Նես (1988))՝ Առնե Նեսը։

Բիզնես-ներդրումների ու շահույթի ճիշտ կառավարման շնորհիվ Ռոսի կարողությունը, ըստ մասնագետների գնահատման, հասնում է 150 միլիոն դոլարի։

Մայքլ Ջեքսոնի կտակի համաձայն՝ նրա երեխաների խնամակալությունը կվստահվի Դայանա Ռոսին, եթե Ջոքսոնի մայրն ի վիճակի չլինի հոգ տանել նրանց մասին։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 1965 - Գրեմմի - Լավագույն երգ ռիթմ ընդ բլյուզ ժանրում, «Baby Love» (անվանակարգ)
  • 1966 - Գրեմմի - Լավագույն վոկալային կատարում ռոքնռոլ ժանրում, «Stop! In the Name of Love» (անվանակարգ)
  • 1971 - Գրեմմի - Փոփ երգչուհու լավագույն կատարում, «Ain’t No Mountain High Enough» (անվանակարգ)
  • 1973
    Ոսկե գլոբուս - Ամենախոստումնալից նորեկ
    Ոսկե գլոբուս - Լավագույն դերասանուհի, «Լեդին երգում է բլյուզ» (անվանակարգ)
  • Օսկար - Լավագույն դերասանուհի, «Լեդին երգում է բլյուզ» (անվանակարգ)
  • 1974
    American Music Awards - Կնոջ լավագույն ալբոմ փոփ /ռոք ժանրում, «Touch Me in the Morning»
    Գրեմմի - Կնոջ լավագույն վոկալային կատարում փոփ ժանրում, «Touch Me in the Morning» (անվանակարգ)
    BAFTA - Լավագույն դերասանուհի, «Լեդին երգում է բլյուզ» (անվանակարգ)
  • 1976 - Օսկար - Կնոջ լավագույն վոկալային կատարում փոփ ժանրում, «Do You Know Where You’re Going To (Theme from Mahogany)» (անվանակարգ)
  • 1977
    Tony Awards - Լավագույն երաժշտական համերգ, «An Evening With Diana Ross»
    Գրեմմի - Կնոջ լավագույն վոկալային կատարում ռիթմ ընդ բլյուզ ժանրում, «Love Hangover» (անվանակարգ)
  • 1978 - Գրեմմի - Կնոջ լավագույն վոկալային կատարում ռիթմ ընդ բլյուզ ժանրում, «Your Love is So Good For Me» (անվանակարգ)
  • 1979
    Saturn Awards - Լավագույն դերասանուհի, «The Wiz» (անվանակարգ)
    Գրեմմի - Դուետով կամ խմբի հետ լավագույն վոկալային կատարում ռիթմ ընդ բլյուզ ժանրում, «Ease On Down the Road» (Մայքլ Ջեքսոնի հետ) (անվանակարգ)
  • 1980 - American Music Awards - Սիրելի երգչուհի ռիթմ ընդ բլյուզ/սոուլ ժանրում
  • 1981
    American Music Awards - Սիրելի կատարող ռիթմ ընդ բլյուզ/սոուլ ժանրում, «Upside Down»
    Գրեմմի - Կնոջ լավագույն վոկալային կատարում ռիթմ ընդ բլյուզ ժանրում,, «Upside Down» (անվանակարգ)
    Cable Ace Awards - Ժամանցային գլխավոր միջոցառում
  • 1982
    American Music Awards - Լավագույն փոփ /ռոք սինգլ, «Endless Love» (Լայոնել Ռիչիի հետ)
    American Music Awards - Լավագույն ռիթմ ընդ բլյուզ /սոուլ սինգլ, «Endless Love» (Լայոնել Ռիչիի հետ)
    Գրեմմի - Դուետով կամ խմբի հետ լավագույն վոկալային կատարում փոփ ժանրում, «Endless Love» (Լայոնել Ռիչիի հետ) (անվանակարգ)
    Գրեմմի - Տարվա ձայնագրություն, «Endless Love» (Լայոնել Ռիչիի հետ) (անվանակարգ)
  • 1983
    Գրեմմի - Կնոջ լավագույն վոկալային կատարում ռիթմ ընդ բլյուզ ժանրում, «Muscles» (անվանակարգ)
    American Music Awards - Սիրելի երգչուհի ռիթմ ընդ բլյուզ/սոուլ ժանրում
  • 1995 - Ոսկե գլոբուս - Կնոջ լավագույն դերակատարում մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում, «Out of Darkness» (անվանակարգ)
  • 2004 - TV Land Awards - Ամենաանմոռանալի հեռուստաներկայացում, «1983 Concert in Central Park»

Պատվավոր մրցանակներ խմբագրել

  • 1970 - NAACP Image Awards - Տարվա էստրադային արտիստուհի
  • 1976 - Billboard Award - Հարյուրամյակի էստրադային արտիստուհի
  • 1982 - Հոլիվուդի փառքի ծառուղի - Աստղ մենակատարի կարիերայի համար (6712)
  • 1993 - Գինեսի ռեկորդների գիրք - Բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենահաջողակ
  • 1994
    Հոլիվուդի փառքի ծառուղի - Աստղ «The Supremes» խմբի կազմում կարիերայի համար (7060)
    MIDEM (World Music Market) - Մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար
  • 1995 - Soul Train Music Awards - Ժառանգության մրցանակ
  • 1996
    Billboard - Դարի արտիստուհի
    World Music Awards - Մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար
  • 1998 - Songwriter’s Hall of Fame - Մրցանակ հիթերի հեղինակին
  • 1999 - BET Walk of Fame - Աստղ
  • 2000 - National Academy of Recording Arts and Sciences (NARAS) - Հերոսների մրցանակ
  • 2003
    UK Capital Awards - Լեգենդար երգչուհի
    National Association of Black Owned Broadcasters - Մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար
  • 2007
    BET Music Awards - Մրցանակ կյանքում ունեցած ձեռքբերումների համար
    Kennedy Center Honors - Ջոն Ֆ. Քենեդիի կատարողական արվեստների կենտրոնի մրցանակ

Պատվավոր կոչումներ խմբագրել

  • 1988 - Rock & Roll Hall of Fame - «The Supremes» խմբի կազմում Ֆլորենս Բալարդի ու Մերի Ուիլսոնի հետ միասին
  • 1996 - Soul Train Hall of Fame
  • 1998 - Vocal Group Hall of Fame - «The Supremes» խմբի կազմում
  • 1999 - Grammy Hall of Fame - «Where Did Our Love Go» «The Supremes» խմբի հետ
  • 2001 - Grammy Hall of Fame - «Stop! In the Name of Love» «The Supremes» խմբի հետ

Սկավառակագրություն խմբագրել

Լավագույն տասնյակներում ընդգրկված սինգլներ խմբագրել

Նշված սինգլներն ընդգրկվել են ԱՄՆ-ի (Billboard Hot 100) կամ Մեծ Բրիտանիայի (UK Singles Chart) փոփ-սինգլների լավագույն տասնյակներում

  • 1970 - «Ain’t No Mountain High Enough» (US #1[20], UK #6)
  • 1970 - «Remember Me» (UK #7)
  • 1971 - «I’m Still Waiting» (UK #1)
  • 1971 - «Surrender» (UK #10)
  • 1973 - «Touch Me in the Morning» (US #1[21], UK #9)
  • 1973 - «All Of My Love» (UK #9)
  • 1974 - «You Are Everything» (Մարվին Գեյի հետ համատեղ) (UK #5)
  • 1975 - «Theme From Mahogany (Do You Know Where You’re Going To)» (US #1[20], UK #5)
  • 1976 - «Love Hangover» (US #1, UK #10)
  • 1980 - «Upside Down» (US #1[22][23][24][25], UK #2)
  • 1980 - «I’m Coming Out» (US #5)
  • 1980 - «My Old Piano» (UK #5)
  • 1980 - «It’s My Turn» (US #9)
  • 1981 - «Endless Love» (Լայոնել Ռիչիի հետ համատեղ) (US #1[26][27][28][29][30][31][32][33][34], UK #7)
  • 1981 - «Why Do Fools Fall in Love» (US #7, UK #4)
  • 1982 - «Mirror Mirror» (US #8)
  • 1982 - «Work That Body» (UK #7)
  • 1982 - «Muscles» (US #10)
  • 1985 - «Missing You» (US #10)
  • 1986 - «Chain Reaction» (UK #1)
  • 1991 - «When You Tell Me That You Love Me» (UK #2)
  • 1992 - «One Shining Moment» (UK #10)
  • 1999 - «Not Over You Yet» (UK #9)
  • 2005 - «When You Tell Me That You Love Me» (Westlife-ի հետ համատեղ) (UK #2)

Լավագույն տասնյակներում ընդգրկված ալբոմներ խմբագրել

Նշված ալբոմներն ընդգրկվել են ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի փոփ-ալբոմների հիթ-շքերթների լավագույն տասնյակներում։

  • 1971 - «I’m Still Waiting» («Surrender») (UK #10)
  • 1973 - «Lady Sings the Blues» (US #1)
  • 1973 - «Touch Me in the Morning» (US #5; UK #7)
  • 1973 - «Diana & Marvin» (Մարվին Գեյի հետ համատեղ) (US #26; UK #6)
  • 1976 - «Diana Ross» (US #5; UK #4)
  • 1976 - «Diana Ross’ Greatest Hits» (UK #2)
  • 1979 - «20 Golden Greats» (UK #2)
  • 1980 - «diana» (US #2)
  • 1981 - «Endless Love» (US #9)
  • 1993 - «One Woman: The Ultimate Collection» (UK #1)
  • 1995 - «Take Me Higher» (UK #10)

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

  • «The T.A.M.I. Show» (1965) (վավերագրական) («The Supremes» խմբի հետ)
  • «Beach Ball» (1965) («The Supremes» խմբի հետ)
  • «The Happening» (1967) Песня: «The Happening» («The Supremes» խմբի հետ)
  • «Լեդին երգում է բլյուզ» (1972)
  • «Mahogany» (1975)
  • «Վիզ» (1978) - Դորոթի Գեյլ
  • «It’s My Turn» (1980), երգ՝ «It’s My Turn»
  • «Endless Love» (1981), երգ՝ «Endless Love»
  • «The Land Before Time» (1988), երգ՝ «If We Hold On Together»

Հեռուստանախագծեր խմբագրել

  • «Out of Darkness» (1994)
  • «Double Platinum» (1999)
  • «American Idol» (6 եթերաշրջան) (2007)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119199211 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. https://globalnews.ca/news/1232238/listen-15-songs-showcasing-diana-ross-as-she-celebrates-her-70th/
  7. "The Immortals: The First Fifty Արխիվացված 2008-06-25 Wayback Machine". Rolling Stone, Issue 946, March 24, 2004. Retrieved on July 4, 2004.
  8. John J. Puccio (2005 թ․ փետրվարի 8). «Bodyguard (DVD)». DVDTown.com. Արխիվացված է օրիգինալից (review) 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  9. «Diana Ross Was Born on March 26, 1944 | Music Trivia». Musicbyday.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  10. Whitburn, Joel, The Billboard Book of Number 1 Hits, p. 207.
  11. Wilson, Mary (1986). Dreamgirl: My Life as a Supreme. Cooper Square Press. էջեր 169–170. ISBN 0-8154-1000-X.
  12. George, Nelson (1985). Where Did Our Love Go? The Rise and Fall of the Motown Sound. St. Martin's Press. էջեր 80–81, 87. ISBN 0-312-01109-1.
  13. Lady Sings the Blues
  14. «Diana Ross US albums chart history». allmusic.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
  15. «The 40 Biggest Duets of All Time». Billboard. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  16. Gold & Platinum - RIAA.com
  17. «Kulta- ja platinalevyt - IFPI.fi». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  18. Whitburn, Joel (2004). The Billboard Book of Top 40 Hits, 8th Edition (Billboard Publications)
  19. «Дайана Росс выступит в Кремлёвском Дворце Съездов» - Газета «МузОБОЗ» № 14 от 09.06.1995
  20. 20,0 20,1 Fred Bronson's Billboard Book of Number 1 Hits, 5th Edition (ISBN 0-8230-7677-6)
  21. Joel Whitburn Presents the Billboard Hot 100 Charts: The Seventies (ISBN 0-89820-076-8)
  22. Billboard Hot 100, 6 սեպտեմբերի, 1980
  23. Billboard Hot 100, 13 սեպտեմբերի, 1980
  24. Billboard Hot 100, 20 սեպտեմբերի, 1980
  25. Billboard Hot 100, 27 սեպտեմբերի, 1980
  26. Billboard Hot 100, 15 օգոստոսի, 1981
  27. Billboard Hot 100, 22 օգոստոսի, 1981
  28. Billboard Hot 100, 29 օգոստոսի, 1981
  29. Billboard Hot 100, 5 սեպտեմբերի, 1981
  30. Billboard Hot 100, 12 սեպտեմբերի, 1981
  31. «Billboard Hot 100, 19 սեպտեմբերի, 1981». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  32. Billboard Hot 100, 26 սեպտեմբերի, 1981
  33. Billboard Hot 100, 3 հոկտեմբերի, 1981
  34. Billboard Hot 100, 10 հոկտեմբերի, 1981

Մատենագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել