Օճառները բարձրագույն կարբոնաթթուների (ածխածնային շղթայում 12-18 ածխածնի ատոմ պարունակող)՝բարձրագույն ճարպաթթուների, ինչպես նաև նավթենային և խեժաթթուների աղերն են։

Սովորական օճառ

Արդյունաբերության մեջ և կենցաղում օճառներ (կամ ապրանքային օճառներ) էին կոչվում միայն ջրալուծ աղերի տեխնիկական խառնուրդները, որոնց հիմքը ածխաջրածնական շղթայում 10–20 ածխածնի ատոմ պարունակող նատրիումական, հազվադեպ նաև կալիումական աղերն էին։

Հողալկալիական և բազմավալենտ մետաղների համապատասխան ճարպաթթվային աղերը ջրում չեն լուծվում, լվացող հատկություն չունեն, կոչվում էին «մետաղական» օճառներ և օգտագործվում էին որպես պլաստիկ քսուքների թանձրացուցիչներ ու սիկատիվներ։

Թուրքական Հաջը Շաքիր օճառ, դիմերես

Օճառների տիպիկ միցելագոյացնող մակերևութային ակտիվ նյութեր էին․ ջրում լուծվելիս խիստ նվազեցնում էին նրա մակերեութային լարվածությունը, իսկ որոշակի կոնցենտրացիայից՝ միցելագոյացման կրիտիկական կոնցենտրացիայից բարձր առաջացնում էին միցելներ, որոնք իրենց մեջ կարող են լուծել ոչ ջրալուծ նյութեր։ Օճառների այդ հատկանիշներով է պայմանավորված նրանց լվացող հատկությունը։

Պատմություն խմբագրել

Օճառը մարդուն հայտնի է եղել դեռևս վաղ անցյալում։ Ըստ Պլինիոս Ավագի, բուսամոխիրներից, կրից ու բուս, ալկալիներից օճառենի ստացել էին դեռևս հնագույն գալլերն ու գերմանացիները։ Օճառի եփման արհեստանոց և օճառ էր հայտնաբերվել մեր թվարկուրյունում 79 թվականին ավերված Պռմպեյ քաղաքի ավերակներում։

 
Թուրքական Հաջը Շաքիր օճառ, դարձերես

Օճառների մասին հիշատակություն էր թողել հռոմեացի բժիշկ Դալենը (մեր թվարկությու 2-րդ դար)։ Սակայն օճառեփման արտադրությունը ձևավորվել է 19-րդ դարում՝ կապված ճարպերի քիմիայի զարգացման ու սոդայի ստացման Լեբլանի եղանակի լայն տարածման հետ։

Տեսակներ խմբագրել

 
Հատուկ օճառ, արտադրված Ելիզաբեթ II-ի համար

Տարբերվում էին՝

  • անապատային,
  • ձեռքի
  • տեխնիկական օճառներ,

որոնք լինում էին պինդ, մածուկանման, հեղուկ և փոշեկերպ։

Տարբերում են նաև.

  • ջրալույծ
  • ջրում չլուծվող օճառներ։ Ջրալույծ օճառները ճարպաթթուների նատրիումական կամ կալիումական աղերն են և կոչվում են ալկալիական օճառներ։
 
Հալեպում արտադրված օճառ

Նատրիումական աղերը՝ պինդ, իսկ կալիումական աղերը հեղուկ (շամպուններ) օճառներ են։ Ջրում չլուծվող օճառները ճարպաթթուների հողալկալիական և բազմավալենտ մետաղների աղերն են և կոչվում են մետաղական օճառներ։ Դրանք լվացող հատկություն չունեն և օգտագործվում են որպես պլաստիկ քսուքների թանձրացուցիչներ ու լաքաներկանյութերի չորացումն արագացնող բաղադրիչներ։

Մանկուց բոլորը գիտեն, որ ջրով չմաքրվող կեղտն ու ճարպը արագ լվացվում են օճառով։ Օճառների լվացող հատկությունը պայմանավորված է նրանց մակերևութային ակտիվությամբ։ Օճառները հատուկ մակերևութաակտիվ նյութեր են, ջրում լուծվելիս խիստ նվազեցնում են նրա մակերևութային լարվածությունը, իսկ որոշակի կոնցենտրացիայից բարձր առաջացնում են միցելներ (մանրագույն գոյացություններ), որոնք իրենց մեջ կարող են լուծել ջրում չլուծվող նյութեր՝ ճարպեր, յուղեր և այլն։

Արտադրություն խմբագրել

 
Սև օճառ

Օճառների արտադրության հիմնական հումքը կենդանական և բուսական ճարպերն են, սինթետիկ ճարպաթթուները և ալկալիները։ Այս խառնուրդը հատուկ եղանակով եփվում է, աղաջրով շերտավորվում, չորացվում և ենթարկվում մեխանիկական մշակման (ողորկում, մամլում), հետո բաժանվում է կտորների, դրոշմվում և փաթեթավորվում։

Ստացում խմբագրել

Օճառներ ստանալու ճարպային հումք էին կենդանիները, ճարպերն ու բուսական յուղերը, ինչպես նաև ճարպերի սինթետիկ փոխարինիչները։ Տնտեսական օճառների համաշխարհային արտադրությունն աստիճանաբար կրճատվում էր ճարպահումքի պակասի և սինթետիկ լվացող միջոցների արտադրության աճի շնորհիվ։ Սակայն օճառները չեն կորցրել իրենց նշանակությունը և՝ որպես անձնական հիգիենայի կարևոր միջոց, և՝ որպես թրջող ու ֆլոտացնող գործոն, էմուլգատոր, կոլոիդ համակարգերի կայունացուցիչ և այլն։ Օճառներ արտադրվում են նաև Երևանի ձեթօ-ճաոի կոմբինատում։

Կիրառություն խմբագրել

 

Ըստ կիրառության՝ տարբերում են լվացքի, ձեռքի և հատուկ (բուժական) օճառներ, ըստ թանձրության՝ պինդ, հեղուկ (ջրասպիրտային լուծույթի ձևով), փոշենման (օճառափոշի) և հատիկավոր։ Լվացքի օճառները (պինդ, չորացրած) արտադրվում են ճարպաթթուների 70-72% պարունակությամբ։

Պատրաստվում են ձիթաճարպերի, սինթետիկ ճարպաթթուների, հեղուկ բուսական ձեթերի, բևեկնախեժի ճարպախառնուրդներից։ Խորհուրդ չի տրվում լվացքի օճառով լվանալ ձեռքերը, մարմինը և գլուխը, քանի որ օճառի լուծույթում պարունակվում է ոչ մեծ քանակությամբ ազատ ալկալի։ Ձեռքի օճառները (պինդ) արտադրվում են ճարպաթթուների 74- 78% պարունակությամբ, բարձրորակ ճարպերից (տավարի և խոզի ճարպեր, կոկոսի յուղ, ձիթաճարպ) և սինթետիկ ճարպաթթուներից՝ բուրավետ նյութերի, ներկանյութերի և այլ նյութերի հավելումով։

Ձեռքի օճառի ջրային լուծույթն ունի հիմնային ռեակցիա։ Լվացվելիս այն ճարպազերծում և գրգռում է զգայուն մաշկը, այդ պատճառով էլ օճառին ավելացնում են ճարպայնացնող տարրեր (լանոլին, ջրաքիսի ճարպ, սնուցող մաշկաքսուք և այլն), որոնք պաշտպանում են մարդու մաշկը։

Հատուկ օճառներն ունեն բուժիչ և վարակազերծիչ հատկություններ։ Սուլսենի օճառը (պարունակում է սելենի սուլֆիդ՝ սուլսեն) կիրառում են ճարպահոսության (սեբոռեա) բուժման համար, կարբոլաթթու պարունակող օճառը՝ որպես վարակազերծիչ և հոտազերծիչ։

Ձեռքի հեղուկ օճառներ պատրաստելու համար օգտագործում են արևածաղկի, գինձի և կոկոսի յուղեր, կալիումի հիդրօքսիդ, ջուր, սպիրտ, գլիցերին և բուրավետ նյութեր։ Փոշենման և հատիկավոր օճառները չորացրած օճառի փոշին են՝ նատրիումի հիդրոկարբոնատի (տնտեսական նպատակների, լվացքի համար) և օսլայի (սափրվելու համար) հետ խառնած։

 
Հեղուկ օճառ

Օճառներն ունեն մի շարք էական թերություններ.

  • Կալցիումի և մագնեզիումի աղեր պարունակող ջրում (կոչվում են կոշտ ջրեր) ջրալույծ օճառները վատ են լվանում, քանի որ այդ աղերի հետ առաջացնում են ջրում չլուծվող օճառներ և անջատվում են նստվածքի տեսքով. ապակե ամանեղենի վրա առաջացնում են սպիտակավուն թաղանթ, լոգնոցի պատերին՝ օղակաձև շերտեր (դիրտ)։
  • Օճառները մասնակիորեն հիդրոլիզվում են՝ առաջացնելով ճարպաթթու և ալկալի, այսինքն՝ օճառի լուծույթն ունենում է հիմնային ռեակցիա, ինչը բացասական ազդեցություն է թողնում մաշկի, բրդե և մետաքսե գործվածքների վրա։

Օճառի արտադրության համար ծախսվում են մեծ քանակությամբ արժեքավոր սննդամթերքներ։ Այդ պատճառով վերջին ժամանակներում կրճատվել է օճառների կիրառությունը, փոխարենն օգտագործվում են սինթետիկ լվացամիջոցներ։

Սինթետիկ լվացող միջոցներ խմբագրել

Սինթետիկ լվացամիջոցները մի շարք մակերևութային ակտիվ նյութերի խառնուրդ են։ Ի տարբերություն օճառների՝ սինթետիկ լվացամիջոցները լուծվում են նաև կոշտ ջրում և անլուծելի կալցիումական ու մագնեզիումական աղեր չեն առաջացնում, չունեն հիմնային ռեակցիա և կտորեղենն ու մաշկը չեն փչացնում։

Սինթետիկ լվացամիջոցները, բացի մակերևութային ակտիվ նյութերից, պարունակում են նաև օրգանական և անօրգանական հավելանյութեր (սպիտակեցնող, հոտավետ նյութեր և կենսահավելանյութեր)։ Սինթետիկ լվացամիջոցները կեղտաջրերի հետ թափանցում են բնական ջրամբարներն ու աղտոտում շրջակա միջավայրը։ Ուստի վտանգավոր սինթետիկ լվացամիջոցներն աստիճանաբար փոխարինվում են էկոլոգիապես մաքուր և անվտանգ լվացամիջոցներով։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «օճառ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։