Ստրկություն մարդկային

վեպ

Ստրկություն մարդկային (անգլ.՝ Of Human Bondage), անգլիացի գրող, արձակագիր Վիլյամ Սոմերսեթ Մոեմի հայտնի վեպերից մեկը՝ գրված 1915 թվականին[1]։ Մոեմը սկզբնապես մտադրված էր իր վեպը անվանել՝ «Beauty from Ashes», սակայն կանգ առավ Սպինոզայի՝ մարդկային ստրկությանը վերաբերվող բարոյագիտական պոստուլատի վերնագրի վրա (լատին․՝ De servitute humana)[2]: Համաձայն ամերիկյան «Ժամանակակից գրադարան» հրատարակչության՝ «Ստրկություն մարդկային» վեպը 20-րդ դարի 100 լավագույն անգլիալեզու վեպերի շարքում 66-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Ստրկություն մարդկային
անգլ.՝ Of Human Bondage
ՀեղինակՎիլյամ Սոմերսեթ Մոեմ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդաստիարակչական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1915
Նկարագրում էՓարիզ, Լոնդոն և Քենթ
Հրատարակման տարեթիվ1915
OCLC343641
ՎիքիքաղվածքՍտրկություն մարդկային
 Of Human Bondage Վիքիպահեստում

Վեպում նկարագրված է 1876 թվականին ծնված անգլիացի բժիշկ Ֆիլիպ Քերրիի կյանքը՝ վաղ մանկությունից մինչև 30 տարեկան հասակը[3]։ Անցնելով դժվարությունների միջոցով՝ հերոսը հաջողությունների է հասնում՝ չնայած ի ծնե հաշմանդամությանը. նա կաղում էր։ Հերոսի գործողությունները ուղեկցվում են կյանքի իմաստի և իր կոչումը գտնելու բազմաթիվ փորձերով։

Սյուժե խմբագրել

Գրքի առաջին գլուխները նվիրված են Ֆիլիպի՝ Քենթի արևելքում ընկած ձկնորսական քաղաքում՝ Բլեքսթրեբելում ապրած կյանքի և Թերքենբերգի թագավորական դպրոցում անցկացրած տարիներին[4]։ Ֆիլիպի մայրը՝ Հելեն Քերրին մահանում է 1885 թվականին և տղային իր խնամակալության տակ են առնում հորեղբայրն ու նրա կինը՝ Վիլլիամը և Լուիզան։ Ամուսինները երեխա չունեին և Ֆիլիպի համար կարողացան կրթություն ապահովել Թագավորական դպրոցում, որտեղ հերոսը բազմաթիվ անգամ իր կաղ ոտքի պատճառով ծաղրուծանակի ենթարկվեց, և այդ ամենը դառը հետևանքներ թողեց նրա հետագա կյանքում։

Բարեկամները հույս ունեին, որ դպրոցը ավարտելուց հետո Ֆիլիպը կընդունվի Օքսֆորդի համալսարան և հոգևորականի կոչում կստանա՝ շարունակելով հորեղբոր գործը, սակայն երիտասարդը սկսում է կասկածել իր հավատի մեջ և ուղևորվում է Հայդելբերգ (Գերմանիա), որտեղ էլ լատիներեն, գերմաներեն և ֆրանսերեն է սովորում, ծանոթանում արվեստի և մշակույթի հետ։

Գերմանիայում ապրելու տարիներին Ֆիլիպը ծանոթանում է անգլիացի փաստաբան Հեյվորդի հետ։ Հերոսը հենց սկզբում էլ համակրանքով է լցվում դեպի իր նոր ծանոթը. նրան հիացնում են վերջինիս՝ գրականության և արվեստի ոլորտում հիմնավոր գիտելիքերը։ Սակայն Հեյվորդի բռնկուն իդեալիզմը Ֆիլիպին տարակուսանքի մեջ է գցում։

  Նա կրքոտ կերպով սիրում էր կյանքը, և իր փորձը հուշում էր, որ իդեալիզմը ամենից հաճախ կյանքից վախկոտրեն փախուստն է։ Իդեալիստը մեկուսանում է, որովհետև մարդկային ամբոխի ճնշումից է սարսափում, նրա ուժերը չեն հերիքում պայքարի համար, դրա համար էլ նա այդ պայքարը համարում է հասարակ մարդկանց զբաղմունք։
- Սոմերսեթ Մոեմ
 

Հայդելբերգում Ֆիլիպը դադարում է հավատալ Աստծուն, անսովոր հոգեկան վերելք է ապրում և գիտակցում, որ այս քայլով իր վրայից դեն է նետում պատասխանատվության բեռը, որը մինչ այդ իր ամեն քայլին մեծ նշանակություն էր հաղորդում։ Ֆիլիպը իրեն հասուն, անվախ և ազատ է զգում ու որոշում նոր կյանք սկսել։ Հերոսը փորձում է Լոնդոնում որպես հաշվապահ աշխատել, բայց պարզում է, որ այդ մասնագիտությունը ևս իրենը չէ։ Հենց այդ ժամանակ էլ երիտասարդը որոշում է մեկնել Փարիզ և գեղանկարչությամբ զբաղվել։ Ֆիլիպի նոր ծանոթները, ում հետ նա «Ամիտրինո» ստուդիայում էր աշխատում, վերջինիս ծանոթացնում են բոհեմական կյանք վարող պոետի՝ Քրոնշոուի հետ։ Քրոնշոուն Հեյվորդի հակապատկերն է՝ ցինիկ և մատերիալիստ։ Նա Ֆիլիպին ծաղրում է, քանի որ վերջինս առանց քրիստոնեական բարոյագիտությունից հրաժարվելու փորձ էր անում քրիստոնեական հավատքից հրաժարվել։

  Մարդիկ կյանքում միայն մի բանի են ձգտում՝ հաճույքի։ Մարդը այս կամ այն արարքը անում է այն պատճառով, որ դրանից ինքը իրեն լավ է զգում, իսկ եթե դրանից իրենց լավ են զգում նաև այլ մարդիկ՝ մարդուն բարերար են համարում, եթե նրան հաճելի է ողորմություն տալ՝ նրան ողորմած են համարում, եթե նրան հաճելի է օգնել ուրիշներին՝ նա բարեգործ է, եթե նրան հաճելի է իր ուժերը հասարակությանը նվիրել՝ նշանակում է այդ մարդը վերջինիս օգտակար մասիկն է։
- Սոմերսեթ Մոեմ
 

Շփոթության մեջ հայտնված Ֆիլիպը Քրոնշոուից կյանքի իմաստի էությունն է հարցնում, իսկ պոետը նրան խորհուրդ է տալիս պարսկական գորգերը ուսումնասիրել և հրաժարվում է հետագա բացատրություններից։ Ֆիլիպը պատրաստ չէր ընդոնել Քրոնշոուի փիլիսոփայությունը, սակայն վերջինիս հետ համաձայնվում է այն հարցում, որ գոյություն չունի աբստրակտ բարոյականություն, և հրաժարվում է նաև դրանից։ Նա փորձում է մի կողմ դնել բարիքի և մեղքի ընդունված նորմերը և ինքն իր կյանքի օրենքները սահմանել։

Շուտով Ֆիլիպը հասկանում է, որ ինքը մեծ նկարիչ չի դառնա և ընդունվում է Լոնդոնի Սուրբ Լուկասի անվան բժշկական համալսարան[5]։ Նա ծանոթանում է մատուցողուհի Միլդրեդի հետ և սիրահարվում նրան՝ չնայած այն բանին, որ տեսնում էր աղջկա բոլոր թերությունները. նա տգեղ էր, վուլգար և հիմարիկ։ Կիրքը Ֆիլիպին ստիպում է անհավատալի նվաստացումների գնալ, գումար վատնել և հիացմունք ապրել՝ Միլդրեդի կողմից փոքրագույն ուշադրության արժանանալով։ Շուտով աղջիկը, ինչպես և սպասվում էր, հեռանում է ուրիշի հետ, բայց որոշ ժամանակ անց վերադառնում Ֆիլիպի մոտ՝ հայտնելով, որ իր սիրելին արդեն ամուսնացած է։ Ֆիլիպը իր հերթին խզում է իր կապերը Նորա Նեսբիթի հետ՝ որի հետ Միլդրեդի հետ բաժանումից հետո էր ծանոթացել և իր սխալները երկրորդ անգամ է կրկնում։ Ի վերջո Միլդրեդը հանկարծակի սիրահարվում է Ֆիլիպի համալսարանական ընկերոջը՝ Գրիֆֆիստին և նորից լքում Ֆիլիպին։

Գլխավոր հերոսը տարակուսանքի մեջ է հայտնվում. փիլիսոփայությունը, որն ինքը իր համար հորինել և որով առաջորդվում էր, անկարող էր լուծել նրա խնդիրները։ Ֆիլիպը համոզվում է, որ ինտելեկտը լրջորեն չի կարող մարդկանց օգնել կրիտիկական պահերին, նրա բանականությունը ընդամենը դիտողի կարգավիճակում էր, որը փաստերն էր արձանագրում, սակայն անկարող էր միջամտել իր գործերին։ Երբ գալիս է գործելու ժամանակը, մարդը խոնարհվում է իր բնազդների և կրքերի բեռի տակ։ Այս ամենը Ֆիլիպին դեպի ֆատալիզմ է մղում։

Որոշ ժամանակ անց Ֆիլիպը Միլդրիդին երրորդ անգամ է հանդիպում։ Նա այլև կիրք չի զգում, բայց ինչ-որ կործանիչ հրապուրանք է զգում դեպի այդ կինը և կրկին ահռելի գումար է ծախսում վերջինիս վրա։ Բացի դրանից՝ նա սնանկանում է բորսայում, կորցնում է իր խնայողությունները, թողնում է բժշկական համալսարանը և աշխատանքի ընդունվում մանուֆակտուրային խանութում։

Հենց այս ժամանակ էլ Ֆիլիպը Քրոնշուի հանելուկի պատասխանն է գտնում և հրաժարվում է իր վերջին խաբկանքից՝ ուժ է գտնում իր վրայից դեն նետել վերջին ծանր բեռը։ Հերոսը գալիս է այն համոզմունքի, որ կյանքը իմաստ չունի, և մարդու գոյությունը աննպատակ է։ Իմանալով, որ իմաստ չկա և ոչինչ նշանակություն չունի, այնուամենայնիվ, մարդը կարողանում է հաճույք ստանալ՝ ընտրելով տարբեր թելեր, որոնցից էլ նա կյանքի անվերջանանալի կտորն է հյուսում։ Կյանքի իմաստի բացակայությունը Ֆիլիպին ոչ թե հուսահատության է հասցնում, ինչպես ենթադրվում էր, այլ երջանիկ է դարձնում։ Ըստ նրա՝ անհաջողությունը ոչինչ չի փոխում, իսկ հաջողությունը զրոյի է հավասար։ Մարդն ընդամենը փոքր ավազե հատիկ է մարդկային հորձանուտում՝ ակնթարթորեն հայտնված երկրի վրա, բայց նա ամենազոր է դառնում, երբ բացահայտում է գաղտնիքը։

Ֆիլիպի հորեղբայրը մահանում է և զարմիկին ժառանգություն է թողնում։ Այս գումարը Ֆիլիպին թույլ է տալիս վերադառնալ բժշկական համալսարան։ Այդ ժամանակ նա, տպավորվելով Էլ Գրեկոյի նկարներից, ոգեշնչվում է Իսպանիա մեկնելու մտքով, բացի այդ հերոսը ցանկանում էր Արևելքի երկրներ ճանապարհորդել։ Սակայն Ֆիլիպի նոր ընկերուհին՝ տասնիննամյա Սալլին հայտնում է հղիության մասին։ Ֆիլիպը, որպես ազնիվ մարդ, որոշում է ամուսնանալ՝ թողնելով ճանապարհորդության մասին երազանքները։ Շուտով պարզվում է, որ Սալլին սխալվել է, բայց հերոսը այդ փաստից ոչ թե ուրախանում, այլ հիասթափություն է ապրում։ Նա հասկանում է, որ պետք է ապրել ներկա, ոչ թե ապագա օրով, և որ մարդու կյանքի ամենապարզ զարդանախշը հենց ամենակատարյալն է։ Նա առաջարկություն է անում Սալլին, չնայած չի սիրում վերջինիս, այլ համակրանք է տածում և հարգում, իսկ կրքոտ սերը՝ ինչպես ցույց էր տվել Միլդրեդի պատմությունը, երբեմն միայն դառնություն է բերում։

Վերջապես Ֆիլիպը համակերպվում է իր կաղ ոտքի հետ, քանի որ համարում է, որ առանց դրա ինքը չէր կարող այդպես սուր զգալ գեղեցկությունը, կրքոտ կերպով սիրել արվեստն ու գրականությունը և հետևել կյանքի դրամային։ Ծաղրանքը և արհամարհանքը, որին նա արժանացել էր, ստիպել էին ինքնավերլուծությամբ զբաղվել և գնահատել իրեն։

Վերնագիր խմբագրել

Սոմերսեթ Մոեմն իր գրքի վերնագիրը փոխառել է Սպինոզայից։ Վերջինիս «Էթիկայի» IV մասը կոչվում է «Ստրկություն մարդկային կամ զգացմունքների ուժը» (լատին․՝  De servitute humana seu de affectuum viribus)։ Այս հատվածում Սպինոզան քննարկում է մարդկանց կողմից իրենց զգացմունքները կառավարելու անկարողության խնդիրը, ինչը, ըստ նրա՝ հենց ստրկություն է։

Փիլիսոփան տալիս է բարու և չարի կատեգորիաների սահմանումը, որոնք հիմնված են մարդկանց համոզմունքների վրա՝ դրանք կապելով նրանց «հաճույքի կամ ցավի զգացումներ»-ի հետ։ Նա նաև սահմանում է կատարելությունը/անկատարությունը՝ ելնելով ցանկություններից՝ կոնկրետ նպատակների և ծրագրերի իմաստով։ Ֆիլիպ Քերրին՝ վեպի գլխավոր հերոսը փնտրում էր այդ կարևոր եզրը, և բավարարվեց միայն այն ժամանակ, երբ գիտակցեց, որն է իր նպատակը և երբ գտավ մեկին, ով իր հետ կկիսեր այն։

Ինքնակենսագրականություն խմբագրել

Մոեմի խոսքերով «Ստրկություն մարդկային»-ը վեպ է, ոչ թե ինքնակենսագրություն։ Չնայած դրան՝ գրքում տեղ են գտել բազմաթիվ ինքնակենսագրական տարրեր։

Հատկանշական է, որ իր հերոսի նման Մոեմը վաղ տարիքում է զրկվել ծնողներից և դաստիարակվել հորեղբոր՝ հոգևորականի ընտանիքում, մեծացել է Ուինսթեբլ քաղաքում, սովորել՝ Քենթերբերի թագավորական դպրոցում։ Նա գրականություն և փիլիսոփայություն է ուսումնասիրել Հայդելբերգի համալսարանում և բժշկություն է սովորել Լոնդոնում։ Սակայն, ի տարբերություն իր հերոսի՝ Ֆիլիպի՝ Մոեմը կաղ չէր, այլ կակազում էր։ Չնայած դրան՝ Մոեմը երբեք նկարչությամբ չի զբաղվել, այլ միայն հետաքրքրված է եղել դրանով։

Հեղինակը 4 նկարիչների՝ Պիսսարոյի, Ռենուարի, Մոնեյի և Սիսլիեյի նկարների անձնական հավաքածու ուներ և հենց այս նկարիչների անուններն էլ գրքում հիշատակվում են։ Հեղինակի գրական ճաշակը մեծապես համընկնում է հերոսի ճաշակի հետ։ Ամփոփելով, մենք տենում ենք, որ նա կարդացել է Ռասկինի ստեղծագործությունները և Եվրոպական արվեստի շատ գործերի հետ է ծանոթացել։ Սոմերսեթ Մոեմի այլ ստեղծագործությունները նույնպես այս թեմատիկան ունեն՝ օր.՝ Լուսին և վեցպենսանոց վեպը։ Հեղինակը նաև հոդված է գրել «Life» ամսագրի համար՝ վերնագրված «Ես սիրեցի նկարչությունը»։ «Ստրկություն մարդկային» վեպը առավելագույնս է արտահայտում Մոեմի գեղարվեստական հայացքները։ Ըստ Սթենլի Արչերի՝ գրքում ավելի քան 30 արվեստագետների անուններ և 10 հայտնի նկարների վերնագրեր են հիշատակվում։ Վեպում նշված նկարիչների գրեթե կեսը իրենց նկարչական կարիերան ծավալել են XIX դարում։ Նկարիչներից 13-ը ֆրանսիացիներ են, 5-ը անգլիացիներ և միակ ամերիկացի նկարիչը Ուինսթլերն է։ Արվեստագետներից 11-ը գիրքը գրելու պահին կենդանի էին։

Մոեմի վերաբերմունքը վեպին խմբագրել

Մոեմը համարում էր, որ վեպը ծանրաբեռնված էր ավելորդ մանրուքներով և բազմաթիվ տեսարաններ ավելացված էին ծավալը ապահովելու ու ժամանակին համընթաց լինելու համար։ Վեպը գրվել է 1915 թվականին և տարբերվում էր իր ժամանակակիցներից։ 1960-ական թվականներին Մոեմը կրճատեց վեպը, պատճառաբանելով, որ վերջապես գրողները հասկացել են, որ վեպի չափերը չափորոշիչ չեն և հաճախ մի տողը կարող է ավելի մեծ բովանդակություն հաղորդել, քան մի ամբողջ էջը[6]։

Էկրանավորումներ խմբագրել

 
Բեթ Դեյվիսը և Լեսլի Հովարդը «Մարդկային ստրկության» ֆիլմում (1934)
  • Ստրկություն մարդկային (1934 թվական)՝ Ֆիլիպի դերում՝ Լեյսի Հովարդ, Միլդրեդի դերում՝ Բեթ Դեյվիս (այս դերը նրան որպես աստղ հանրաճանաչ դարձրեց)[7][8]
  • Ստրկություն մարդկային (1946 թվական)՝ Ֆիլիպի դերում՝ Փոլ Հենրիդ, Միլդրեդի դերում՝ Էլիանոր Փարքեր[9]
  • Ստրկություն մարդկային (1964 թվական)՝ Ֆիլիպի դերում՝ Լոուրենս Հարվի, Միլդրեդի դերում՝ Քիմ Նովակ

Գրականություն խմբագրել

  • Brown, Gene (1995). Movie Time: A Chronology of Hollywood and the Movie Industry from Its Beginnings to the Present (1-ին ed.). New York City: John Wiley & Sons. ISBN 0-02-860429-6. {{cite book}}: Text "Wiley" ignored (օգնություն)
  • Ada Salvatore, Milano: Mondadori, 1940 ISBN 8804426543
  • Giulia Brugiotti, Milano: A. Corticelli, 1944 (con il titolo Schiavitù umana)
  • Luisa Pantaleoni e Carla Peli, Milano: Garzanti, 1975
  • Elisa Grillo, introduzione di Bruno Traversetti, Roma: Newton Compton, 1995 ISBN 8879839780 ISBN 8854106240
  • Franco Salvatorelli, Milano: Adelphi, 2007 ISBN 9788845921551 ISBN 9788845927058
  • Der Menschen Hörigkeit. Roman. Berechtigte Übertragung aus dem Englischen von Mimi Zoff. Bertelsmann Lesering, Gütersloh, Buch Nr. 184 (ohne ISBN und ohne Erscheinungsjahr). 702 Seiten (Lizenzgeber: Rascher Verlag, Zürich)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stanley Archer. Artists and Paintings in Maugham’s Of Human Bondage.//English Literature in Transition, 1880-1920, Volume 14, Number 3, 1971, pp 181-89 (Article). – ELT Press.// Project Muse.
  2. Maugham encyclopedia.
  3. Verwendete Ausgabe, S. 8, 1. Z.v.o. sowie S. 9, 3. Z.v.o. und S. 654, 15. Z.v.u.
  4. eng. Blackstable
  5. eng. St.-Luke-Krankenhaus
  6. Dated 28 August 1957, author's inscription in a first edition for Californian book collector, Ingle Barr.
  7. «Of Human Bondage 1934». Turner Classic Movies. Atlanta: Turner Broadcasting System (Time Warner). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  8. Brown, 1995
  9. «Of Human Bondage 1946». Turner Classic Movies. Atlanta: Turner Broadcasting System (Time Warner). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրկություն մարդկային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրկություն մարդկային» հոդվածին։