«Լուսին և վեցպենսանոց» (անգլ.՝ The Moon and Sixpence), Սոմերսեթ Մոեմի վեպը, որում հեղինակը առաջին դեմքով ներկայացնում է գլխավոր հերոսի՝ Սթրիքլենդի մտքերի և հոգու փոփոխության պատմությունը։ Վերջինս անսպասելիորեն լքում է իր ընտանիքը, որպեսզի բավարարի նկարիչ դառնալու իր ցանկությունը։ Պատմության հիմքում մասամբ ընկած են իմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Գոգենի կենսագրության դրվագները։

Լուսին և վեցպենսանոց
անգլ.՝ The Moon and Sixpence
ՀեղինակՎիլյամ Սոմերսեթ Մոեմ
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրկենսագրական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1919
Նկարագրում էՓարիզ
Էջեր263
ՆախորդՍտրկություն մարդկային
Երկիր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՀրատարակիչHeinemann
Հրատարակման տարեթիվ1919
OCLC22207227
ՎիքիքաղվածքԼուսին և վեցպենսանոց

Բովանդակություն խմբագրել

Վեպը հիմնականում գրված է հեղինակի տեսանկյունից։ Նա առաջին անգամ հանդիպում է Սթրիկլանդին նրա կնոջ միջոցով։ Սթրիկլանդը աչքի էր ընկնում իր ոչ ուշագրավ տեսքով։ Գրքի որոշ գլուխներ ամբողջությամբ ներկայացնում են հեղինակի հիշողությունները, որոնք ընտրողաբար խմբագրված են կամ միացված են իրար։ Սթրիկլանդի մասին հատվածները այնպես են ներկայացված, որ ցույց տան գլխավոր հերոսի ով լինելը, քանի որ նա հիշատակվում է որպես քչախոս մարդ, ով ավելի հակված էր օգտագործելու ժեստեր և շարժումներ։ Սթրիկլանդը բորսայի միջնորդ էր, ով ապրում էր Լոնդոնում XIX դարի վերջին XX դարի սկզբին և ուներ բարեկեցիկ կյանք։ Վեպի սկզբում նա լքում է իր ընտանիքը և գնում Փարիզ։ Նա այնտեղ ապրում է աղքատ, ուրիշների նկատմամբ անտարբեր, բայց արտիստին բնորոշ կյանքով։ Նա նկարիչ է, ապրում է խղճուկ հյուրանոցում և դառնում է հիվանդությունների և քաղցի զոհ։ Չնայած այդ ամենին՝ Սթրիկլանդը ոչ մի ֆիզիկական անհարմարավետություն չի զգում և անտարբեր է շրջապատի նկատմամբ։ Նրան մեծապես օժանդակում է հեղինակի ընկերը՝ հոլանդացի նկարիչ Դիրկ Սթրովը, ով, լինելով աննշան արտիստ և միաժամանակ ֆինանսապես ապահովված մարդ, միանգամից նկատում է Սթրիկլանդի հանճարը։ Այնուհետև, երբ Դիրկը օգնում է Սթրիկլանդին դուրս գալ կյանքի համար անբարենպաստ պայմաններից, նրա կինը՝ Բլանշը, լքում է Դիրկին հանուն Սթրիկլանդի։ Սակայն Սթրիկլանդը բացատրում է Բլանշին, որ իր բուն նպատակը միայն բնորոդուհի ունենալն է, այլ ոչ թե ընկերակից։ Բայց Բլանշը չի լքում նրան։ Հետագայում Սթրիկլանդը չի արժևորում այդ կնոջ քայլը։ Որոշ ժամանակ անց Բլանշը ինքնասպանություն է գործում.ահա ևս մեկ պատահական զոհ Ստրիկլանդի ինքնանպատակ արվեստի և գեղեցկության որոնման ճանապարհին.առաջին զոհը նրա բարեկեցիկ ընտանիքն էր։ Փարիզյան կյանքից հետո պատմությունը շարունակվում է Թաիթի կղզում։ Սթրիկլանդը արդեն մահացել է, և այնտեղ հեղինակը փորձում է կտորներով հավաքել նրա կյանքի պատմությունը՝ հիմնվելով այլոց պատմությունների վրա։ Նա իմանում է, որ Սթրիկլանդն Թաիթիում կրկին ամուսնացել է, ունեցել է երկու երեխա և ամբողջապես տրվել է նկարելուն։ Պարզվում է, որ մինչև Թաիթի մեկնելը նա կարճ ժամանակով բնակվել է Ֆրանսիայի նավահանգիստ Մարսելում։ Թաիթիում ապրել է մինչև կյանքի վերջը և մահացել բորոտությունից։ Սթրիկլանդը թողել էր բազմաթիվ նկարներ, բայց նրա գլուխգործոցները՝ նկարված Թաիթիի իր տան պատերին, կրակի էին մատնվել նրա կնոջ կողմից՝ Սթրիքլանդի վերջին պատվիրանի համաձայն։

Նախապատմություն խմբագրել

Հեղինակին ոգեշնչել է նկարիչ Պոլ Գոգենի կյանքի պատմությունը, ով պրիմիտիվիզմի հիմնադիրն է կերպարվեստում։ Հիմնական տարբերությունը Գոգենի (Gauguin) և Սթրիկլանդի (Strickland) միջև այն է, որ Գոգենը ֆրանսիացի է, ոչ թե անգլիացի։ Մինչ Մոեմը (Maugham) նկարագրում է Սթրիկլանդին որպես չափազանց անտեղյակ իր ժամանակակիցների ստեղծագործություններին, Գոգենն իրականում քաջատեղյակ էր նրանց արվեստին, և նրա ստեղծագործությունները ցուցադրվել են այլ իմպրեսիոնիստների աշխատանքների հետ։ Բացի այդ՝ 1880-ականներին նա ապրել է Վան Գոգի հետ հարավային Ֆրանսիայում։

Վերնագրի մասին խմբագրել

Որոշ աղբյուրների համաձայն՝ ստեղծագործության վերնագիրը, որը գրքում ամբողջապես բացահայտված չէ, վերցված է «Ստրկություն մարդկային» (Of Human Bondage ) գրքից, որտեղ վեպի գլխավոր հերոսը՝ Ֆիլիպ Քերին (Philip Carey), նկարագրվում է հետևյալ կերպ. « Այնքան զբաղված է լուսնին ձգտելով, որ չի նկատում իր ոտքի մոտ ընկած վեցպենսանոցը»։ 1956 թ. Մոեմի նամակներից մեկում գրում է . « Եթե դու նայես գետնին վեցպենսանոցը գտնելու ակնկալիքով, դու վերև չես նայի և բաց կթողնես լուսինը»[1]։

Ադապտացիաներ խմբագրել

Գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ 1942 թ., որի ռեժիսորը և սցենարիստը Ալբերտ Լուինն է (Albert Lewin)։ Ֆիլմում Չարլզ Սթրիքլենդի (Charles Strickland) դերը խաղացել է Ջորջ Սանդերսը (George Sanders)։

Այս վեպի հիման վրա Ջոն Գարդները (John Gardner) գրել է համանուն օպերա, լիբրետոն՝ Պատրիկ Թերիի (Patrick Terry)։ Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել Սադլերս Ուելսում (Sadlers Wells) 1957-ին[2]։

Գրող Ս. Լի Պոգոստինը (S Lee Pogostin) ստեղծագործությունը ադապտացրել է American TV-ի համար 1959 թ.։ Այս հեռուստանախագծում գլխավոր դերը խաղացել է Լոուրենս Օլիվիեն (Laurence Olivier), երկրորդական դերերում հանդես են եկել Հյում Քրոնինը (Hume Cronyn) և Ջեսիկա Թենդին (Jessica Tandy)։

Ընկալումը այլ մշակույթներում խմբագրել

Այս գիրքը հիշատակվում է Ագաթա Քրիստիի (Agatha Christie) «Հինգ փոքրիկ խոզեր» (Five Little Pigs) դետեկտիվ վեպում։ Հետազույզ Փորիոտը (Poirot) հարցնում է իր կասկածյալներից մեկին (Angela Warren)՝ արդյոք նա կարդում էր «Լուսինը և վեցպենսանոցը» այն ժամանակ, երբ տեղի է ունեցել հանցագործությունը։

Գիրքը նաև բազմիցս ակնարկվում է Ստեֆան Կինգի (Stephen King) 1998 թ. գրված « Ոսկորներով լի պայուսակը » (Bag of Bones) վեպում։

Ռեյ Նոբելի (Ray Noble) 1932 թ. պարային խմբի հիթերից է "We've Got the Moon and Sixpence", որը երգում է Ալ Բոուլը (Al Bowlly)։ Երգը անվանվել է գրքի անունով։

Ջեք Կերուակը (Jack Kerouac) ակնարկում է գիրքը իր (The Subterraneans) նովելում 1958 թ.։

Գրականություն խմբագրել

Սոմերսեթ Մոեմ - Լուսին և վեցպենսանոց (թարգմանիչ՝ Ա. Խաչատրյան). Երևան, «Լույս» հրատարակչություն, 1989 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anthony Curtis and John Whitehead, eds, W. Somerset Maugham, The Critical Heritage, Routledge, 1987, p.10.
  2. «John Gardner - Biography». www.johnlintongardner.co.uk. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսին և վեցպենսանոց» հոդվածին։