Բենեդիկտ Սպինոզա
Բենեդիկտ Սպինոզա (կամ Բարուխ Սպինոզա) (Spinoza, d՝ Espinosa) նոյեմբերի 24, 1632[1][2][3][…], Ամստերդամ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5] - փետրվարի 21, 1677[1][2][3][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5]), հոլանդացի փիլիսոփա, աթեիստ։ Ծնվել է հրեա առևտրականի ընտանիքում։ Գաղափարական և բարեկամական կապեր է հաստատել հրեական համայնքից դուրս՝ ազատամիտ մտավորականության հետ։ Ազատախոհության համար ենթարկվել է բանադրանքի և վտարվել Ամստերդամի հրեական համայնքից (1656)։
«Բարոյական փիլիսոփայութան» մշակումը Սպինոզան համարում էր իր գլխավոր նպատակը, բնության ընդհանուր կարգից Սպինոզան բխեցնում էր մարդու տեղը բնության և հասարակության մեջ։ Բնության միասնության և նրա օրենքների օբյեկտիվության գաղափարը Սպինոզան արտահայտում է սուբստանցի հասկացության մեջ։ Այն հատկանիշները, որոնք աստվածաբանությունը վերագրում էր աստծուն, Սպինոզան վերագրում է սուբստանցին, ըստ Սպինոզայի, սուբստանցը պայմանավորված է ինքն իրենով, «ինքն իր պատճառն» է (causa sui), նրանից բացի և դուրս ուրիշ պատ ճառներ չկան, սուբստանցն իր մեջ պարունակում է իրերի անվերջ բազմազանությունն առաջացնելու կարողությունը, այսինքն՝ «արարիչ բնություն» է (natura naturans), իսկ ժամանակի մեջ փոփոխվող իրերը սուբստանցի եզակի դրսևորումներն են, նրա «ձևատեսակները»՝ մոդուսները. դրանց բազմազանությունը կազմում է «արարյալ բնությունը» (natura naturata)։ Այսպիսով, «աստված-բնություն» պանթեիստական գաղափարը Սպինոզայի ուսմունքում վերաճում է մատերիալիզմի և աթեիզմի։
Մարդու մասին Սպինոզայի ուսմունքի համար էական է նրա մեխանիստական դետերմինիզմը, քանի որ յուրաքանչյուր երևույթի համար գոյություն ունի այն առաջ բերող բնական պատճառների շղթան, ապա համընդհանուր պատճառականությունը համընկնում է անհրաժեշտության հետ, այստեղից էլ՝ մարդու, որպես բնության մի մասի, բոլոր գործողությունների անհրաժեշտ պատճառական պայմանավորվածությունը։ Իր մարմնով, զգացմունքներով ու կրքերով մարդն այդ անհրաժեշտության ստրուկն է, բայց բանականության շնորհիվ նա ճանաչում է իրերի օբյեկտիվ անհրաժեշտ ընթացքը և ըստ այդմ կառուցում իր գործողությունները՝ ազատվելով կույր ուժերի հարկադրանքից։ Ուրեմն, ազատությունը հակադրվում է ոչ թե անհրաժեշտությանը, այլ հարկադրանքին, ազատությունը ճանաչված անհրաժեշտությունն է։ Դրան համապատասխան, պետությունը, ծագելով հասարակական դաշինքի հիման վրա, կոչված է սահմանափակելու մարդկանց կրքերի վրա հիմնված գործողությունները և հնարավորություն տալու, որ մարդիկ գործեն բանականությամբ, այսինքն՝ ազատորեն։
Իմացաբանության մեջ Սպինոզան ռացիոնալիզմի ներկայացուցիչ է։ Նա տարբերում է երեք տեսակի ընդհանուր գիտելիքներ։ Փորձնական տվյալների ընդհանրացմամբ ստացված գիտելիքները տեսական արժեք չունեն, դրանք կախված են առանձին մարդու կենսափորձից, մասնավոր և պատահական են (վերաբերում են առանձին առարկաների դասին), ուստի կարող են սխալ լինել։ Ճշմարիտ ընդհանրացումների աղբյուր է խելքը՝ բանախոհությունը և բանականությունը, որով հետև դրանց միջոցով ճանաչվում են բոլոր մարմինների համար ընդհանուր (ուստի և ճանաչող անհատից չկախված) տարածական մեխանիկական հատկությունները։ Վերջապես, ինտուիտիվ գիտելիքները վերաբերում են սուբստանցի ձևական հատկություններին և արտահայտվում են սահմանումների, պոստուլատների ու աքսիոմների մեջ, որոնց ճշմարտությունը պարզորոշ և ինքնակնհայտ է, եթե մենք հասկանում ենք օգտագործված բառերի իմաստները։
Ճշմարտությունը գտնելու և հաղորդելու ամենահուսալի միջոցը Սպինոզան համարում է աքսիոմատիկ (իր տերմինաբանությամբ՝ երկրաչափական) մեթոդը, որով նա շարադրել է Ռենե Դեկարտի փիլիսոփայության հիմունքները և իր գլխավոր աշխատություններից մեկը՝ «Բարոյագիտությունը» (1662 - 75, հրատարակվել է 1677)։ Սպինոզայի մատերիալիզմը և աթեիզմը մեծապես ազդել են XVII - XVIII դդ. ազատախոհական և մատերիալիստական մտքի վրա, իսկ նրա փիլիսոփայության որոշ գաղափարներ (հատկապես աշխարհի սուբստանցային միասնության գաղափարը) որդեգրել է գերմանական դասական փիլիսոփայությունը, առանձնապես Գեորգ Հեգելը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Baruch de Spinoza — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Philosophy Ontology project
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Соколов, Василий Васильевич (философ) Спиноза Бенедикт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 ECARTICO
- ↑ https://www.kb.nl/themas/filosofie/benedictus-de-spinoza/het-leven-van-spinoza-1632-1677
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
Արտաքին հղումներ
խմբագրել- Բենեդիկտ Սպինոզան դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
- Բենեդիկտ Սպինոզա. "Էթիկա" - Աստծո մասին (De Deo) (հոդված)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտ Սպինոզա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենեդիկտ Սպինոզա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |