Ջոն Սինգեր Սարջենթ
Ջոն Սինգեր Սարջենթ (անգլ.՝ John Singer Sargent, հունվարի 12, 1856[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիա[4] - ապրիլի 15, 1925[1][4][2][…] կամ ապրիլի 14, 1925[5], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), ամերիկացի նկարիչ, նշանավոր բուսաբան Չարլզ Սարջենթի զարմիկը, հիասքանչ դարաշրջանի առավել հաջողակ ներկայացուցիչներից մեկը:
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1856 թվականին Ֆլորենցիայում, բժշկի ընտանիքում: Սովորել է Իտալիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում, որտեղ աշակերտել է Էմիլ Օգյուստ Կարոլյուս-Դյուրանին: Նկարչի վաղ շրջանի գործերը բարձր է գնահատել Հենրի Ջեյմսը: Ֆրանսիայում Սարջենթը մտերմանում է իմպրեսիոնիստների, ամենից ավելի` Կլոդ Մոնեի հետ (հայտնի է Սարջենթի` Մոնեին նվիրված նկարը` «Անտառի բացատում աշխատող Կլոդ Մոնեն»): Բարեկամական կապով կապված է եղել Ռոբեր դե Մոնտեսքյուի, Պոլ Էլյոյի հետ: Հիմնականում ապրել է Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում, շատ է ճանապարհորդել Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, հաճախ եղել է Իտալիայում, մի քանի անգամ` ԱՄՆ-ում:
Սարջենթը ազդեցություն է ունեցել բրիտանացի նկարիչ Մարկ Լանսելոտ Սիմոնսի և 20-րդ դարասկզբի երիտասարդ այլ նկարիչների գեղարվեստական ոճի ձևավորման վրա:
Թաղված է Բրուքվուդում` Սուրեյ կոմսությունում:
ՍտեղծագործությունԽմբագրել
Սարջենթը մեկն է ամերիկյան առաջին ապատրիդներից (որևէ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձ), դարավերջի դենդիներից և նկարիչ կոսմոպոլիտներից: Նրա ստեղծագործությունները հաճախ վերագրում են իմպրեսիոնիզմին, սակայն նրա համար օրինակելի են համարվել Վելասկեսի, Թոմաս Գեյնսբորոյի, Վան Դեյքի գործերը: Սարջենթն առավել հայտնի է իր դիմանկարներով, որոնց համար բնորդներ են եղել դերասանուհիներ Էլեն Արիս Տերրին, Էլեոնորա Դուզեն, գրող Ժյուդիթ Գոթյեն, բնորդուհի Ռոզինա Ֆերարան, լուսանկարչուհի, հավաքորդ, մեկենաս Սառա Սիրսը: Տղամարդկանց դիմանկարներից հայտնի են Թեոդոր Ռուզվելտի, Վուդրո Վիլսոնի, Հենրի Ջեյմսի, Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի, Ուիլյամ Բաթլերի դիմանկարները: Զբաղվել է նաև որմնանկաչությամբ (Բոստոնի հանրային գրադարան)[9]:
ԺառանգությունԽմբագրել
Նկարիչ իմպրեսիոնիստները (օրինակ` Կամիլ Պիսսարո) հաճախ թերահավատությամբ են արտահայտվել Սարջենթի հասցեին: 1883 թվականին նրա` «Էդվարդ Դարլի Բոյթի դուստրերը» նկարը բուռն քննարկումների տեղիք տվեց ինչպես մասնագետների, այնպես էլ սովորական հանդիսատեսների շրջանում: Սակայն 1960-ական թվականներին Սարջենթը լայն ճանաչում է ստանում. նրա աշխատանքները ցուցադրվում են Եվրոպայի և ԱՄՆ-ի թանգարաններում:
Նկարիչը ստեղծել է շուրջ 900 կտավ յուղաներկով, 2000 գործ ջրաներկով և բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ: Նրա մի շարք գործեր պահվում են ամերիկյան թանգարաներում, հատկապես Բրուքլինի թանգարանում: 2003 թվականին մեծ հաջողություն է ունեցել «Ջոն Սարջենթի կանայք» ցուցահանդեսը:
Կերպարն արվեստումԽմբագրել
Ջոն Սարջենթի «Անծանոթուհու դիմանկարը» կտավի հիման վրա 2016 թվականին բեմադրվել է «Առանց ուսակապի» բալետը (խորեոգրաֆ` Քրիստոֆեր Ուիլդոն): Նկարչի դերում հանդես է եկել Էդվարդ Ուոթսոնը, իսկ նկարչի բնորդուհի Վիրշինա Գոտրոյի դերում` Նատալյա Օսիպովան (Լոնդոն, Թագավորական բալետ):
- Որոշ աշխատանքներ
Ջոն Սարջենթ և շախմատԽմբագրել
Ջոն Սարջենթը շախմատի մոլի սիրահար է եղել: Իր երկարատև ուղևորությունների ընթացքում նա միշտ իր հետ վերցրել է շախմատ: Գոյություն ունի Ռեյմոնդ Կրոսբիի չթվագրված նկարը, որտեղ պատկերված է շախմատի խաղատախտակին թեքված Ջոն Սարջենթը[10]: Նկարչի երեք աշխատանքներում ներկայացված է իր սիրելի խաղը` «Քաղցր անգործություն», «Շախմատ», «Շախմատ» (մատիտով ուրվանկար)[11]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 John Singer Sargent
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Сарджент Джон Сингер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ https://www.metmuseum.org/art/collection/search/12183
- ↑ Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ The Sargent Murals at the Boston Public Library (անգլ.)
- ↑ Hale, Mary Newbold Patterson The Sargent I Knew(անգլ.) // The World Today : Журнал. — 1927. — С. 2, 4.
- ↑ Wallace, Natasha։ «The Chess Game» (անգլերեն)։ John Singer Sargent — American painter։ Վերցված է 2016-09-22
ԳրականությունԽմբագրել
- Mount C.M. John Singer Sargent, a biography. New York: W.W. Norton, 1955
- Prettejohn E. Interpreting Sargent New York: Stewart, Tabori & Chang, 1998.
- Fairbrother T. John Singer Sargent: The Sensualist . Seattle: Seattle Art Museum; New Haven: Yale UP, 2000
- Kreiter E. John Singer Sargent: the life of an artist. Berkeley Heights: Enslow Publishers, 2002
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոն Սինգեր Սարջենթ կատեգորիայում։ |