Նաքսոսի պաշարում (մ․թ․ա․ 499)
Նաքսոսի պաշարում, մ․թ․ա․ 499 թվականին տեղի ունեցած անհաջող արշավանք, որը կազմակերպվել է Միլեթի տիրանոս Արիստագորասի կողմից։ Վերջինս գործում էր Աքեմենյան տերության արքա Դարեհ I-ի աջակցությամբ և անունից, իսկ արշավանքի նպատակն էր գրավել Նաքսոս կղզին։ Սա հույն-պարսկական պատերազմների սկիզբն էր, որը տևել է ավելի քան 50 տարի։
Թվական | Մ․թ․ա․ 499 թվական |
---|---|
Մասն է | Հույն-պարսկական պատերազմներ Հոնիական ապստամբություն |
Վայր | Նաքսոս քաղաք, Նաքսոս կղզի, Կիկլադներ |
Արդյունք | Նաքսոսցիների հաղթանակ
|
Հակառակորդներ | |
Նաքսոսի հույներ | Աքեմենյան պետություն |
Հրամանատարներ | |
անհայտ | Արիստագորաս Մեգաբատես |
Կողմերի ուժեր | |
մոտ 8 հազար հոպլիտներ | մոտ 8 հազար ծովայիններ 200 նավեր |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Արիստագորասին էին դիմել իրենց կղզուց վտարված նաքսոսցիներ, որոնք ցանկանում էին վերադառնալ իրենց կղզի։ Տեսնելով իր դիրքերը Միլեթում ամրապնդելու հնարավորություն՝ Արիստագորասը դիմում է իր տիրակալին՝ աքեմենյան արքա Դարեհ I Մեծին, և տեղական սատրապ Արտափրենեսին՝ Նաքսոսը գրավելու դիմումով։ Համաձայնելով արշավանք կազմակերպել՝ պարսիկները 200 տրիերաներից կազմված նավատորմ է հավաքում, որը ղեկավարում էր Մեգաբատեսը։
Այնուամենայնիվ, արշավանքը ձախողվում է։ Արիստագորասը և Մեգաբատեսը Նաքսոսի ճանապարհին վիճում են, ինչի արդյունքում Մեգաբատեսը գիշերով սուրհանդակներ է ուղարկում նաքսոսցիների մոտ և տեղեկացնում նրանց, որ զորքերը շուտով ժամանելու են։ Երբ նավատորմը ի վերջո ժամանում է, պարսկական և հոնիական ուժերը իրենց առջև տեսնում են պաշարմանը լավ պատրաստված քաղաք։ Հոնիա-պարսկական ուժերը ինչպես հարկն է պաշարում են Նաքսոս քաղաքը, սակայն 4 ամիս անց, երբ ավարտվում է նրանց գումարը, առանց որևէ հաջողության վերադառնում են Փոքր Ասիա։
Կանխազգալով, որ այս անհաջող արշավանքի արդյունքում նա կարող է զրկվել տիրանոսի իր պաշտոնից՝ Արիստագորասը որոշում է ամբողջ Հոնիան ներքաշել Դարեհ I Մեծի դեմ ապստամբության մեջ։ Ապստամբությունը հետագայում տարածվում է նաև Կարիայում և Կիպրոսում։ Այս ամենին հետևեց պարսիկների երեք տարի շարունակվող արշավանքները Փոքր Ասիայում, որը, սակայն, ոչ մի վճռական արդյունքի չհանգեցրեց։ Շուտով պարսիկները վերախմբավորվում են և ուղղվում դեպի ապստամբության կենտրոն՝ Միլեթ։ Լադեի ճակատամարտում պարսիկները վճռական հաղթանակի են հասնում հոնիական նավատորմի նկատմամբ և հաջողությամբ ճնշում ապստամբությունը։ Չնայած Փոքր Ասիան նորից անցավ պարսից տիրապետության տակ՝ Դարեհը երդվում է վրեժ լուծել Աթենքից և Երետրիայից, որոնք օգնություն էին ցույց տվել ապստամբներին։ Այսպիսով, Նաքսոսի վրա տեղի ունեցած անհաջող արշավանքի և Հոնիական ապստամբության արդյունքում մ․թ․ա․ 492 թվականին սկսվեց պարսիկների առաջին ներխուժումը Հունաստան։
Նախապատմություն
խմբագրելՀոմերոսյան դարաշրջանում, որից հետո անկում ապրեց միկենյան քաղաքակրթությունը, հույների մի մասը արտագաղթեց Փոքր Ասիա և բնակություն հաստատեց այնտեղ։ Այս բնակիչները 3 ցեղախմբերից էին՝ էոլիացիները, դորիացիները և հոնիացիները[1]։ Հոնիացիները բնակեցրել էին Լիդիայի և Կարիայի ափերը՝ այնտեղ հիմնադրելով 12 քաղաքներ, ինչն էլ կազմեց Հոնիան[1]։ Այդ քաղաքներից էին Միլեթը, Միուսը և Պրիենեն, որոնք գտնվում էին Կարիայում, Եփեսոսը, Կոլոփոնը, Լեբեդոսը, Տեոսը, Կլազոմենեն, Փոկայան և Էրիթրեն (Էրյութեա), որոնք գտնվում էին Լիդիայում, ինչպես նաև քաղաքներ Սամոս և Քիոս կղզիներում[2]։ Հոնիական քաղաքները անկախ էին մինչև այն պահը, երբ Լիդիայի հայտնի արքա Կրեսոսը գրավել է այդ քաղաքները մոտ մ․թ․ա․ 560 թվականին[3]։ Հոնիական քաղաքները մնացին լիդիական իշխանության ներքո մինչև այն պահը, երբ Աքեմենյան տերության հիմնադիրը՝ Կյուրոս Մեծը գրավեց դրանք[4]։ Պարսիկները այդժամ հասկացան, որ հոնիացիներին կառավարելը դժվար է։ Իր ստեղծած կայսրության տարբեր մասերում Կյուրոսը կարողանում էր գտնել տեղաբնիկ վերնախավ, որի օգնությամբ էլ կառավարում էր իր նոր հպատակներին․ այդպիսի վերնախավներից էր, օրինակ, Հրեաստանի քահանայությունը[5]։ Ի տարբերություն իր կայսրության այլ շրջաններին՝ հունական քաղաքներում այդ ժամանակ այդպիսի խմբավորումներ չկային։ Այնտեղ կար վերնախավ, որը, սակայն, բաժանված էր թշնամական խմբակցությունների[5]։ Այսպիսով պարսիկները բավարարվեցին յուրքանչյուր հոնիական քաղաքում տիրանոս նշանակելով, չնայած դա նրանց ներքաշեց հոնիացիների ներքին հակամարտությունների մեջ։ Բացի այդ, տիրանոսը կարող էր սկսել ձգտել անկախության, ինչի պատճառով պետք է փոխարինվեր[5]։ Բարդ խնդիր էր դրված նաև տիրանոսների առջև, քանի որ նրանք միևնույն ժամանակ պետք է կարողանային հաճոյանալ և՛ սեփական քաղաքացիներին, և՛ պարսից վերնախավին[5]։
Պարսիկների՝ Հոնիան գրավելուց շուրջ 40 տարի անց՝ պարսից 4-րդ արքայի՝ Դարեհ I Մեծի կառավարման օրոք, Միլեթի տիրանոսի տեղապահը՝ Արիստագորասը, հայտնվեց այս տհաճ դրության մեջ[6]։ Արիստագորասի հորեղբայր և աներ Հիստիայոսը, որը մինչ այդ Միլեթի տիրանոսն էր, Դարեհին ուղեկցել էր սկյութների դեմ մ․թ․ա․ 513 թվականին տեղի ունեցած արշավանքի ժամանակ։ Երբ նրան Դարեհն առաջարկում է ինչ-որ պարգև խնդրել իր կատարած ծառայությունների համար, Հիստիայոսը խնդրում է Թրակիայի գրավված տարածքների մի մասը։ Չնայած նրա խնդրանքը բավարարվում է, Հիստիայոսի փառասիրությունը անհանգստացնում է Դարեհի խորհրդականներին։ Այդ պատճառով Դարեհը Հիստիայոսին պարգևատրում է նրան՝ Շոշ տանելով և իր արքայական սեղանակիցը դարձնելով[6]։ Միլեթի տիրանոսի պաշտոնում փոխարինելով Հիստիայոսին՝ Արիստագորասը բախվում է այնտեղ խմորվող դժգոհություններին։
Հունական պատմության այս ժամանակաշրջանը հայտնի է տեղի ունեցող սոցիալական և քաղաքական ցնցումներով, որոնք տեղի էին ունենում հունական քաղաքներում․ հատկապես այդպիսի ցնցումներից էր Աթենքում առաջին ժողովրդավարության հաստատումը[7]։ Նաքսոսը՝ Էգեյան ծովում գտնվող Կիկլադյան կղզիներից մեկը, նույնպես ենթարկվում էր քաղաքական ցնցումների։ Այնտեղ մինչև մ․թ․ա․ 524 թվականն իշխում էր Լյուգդամիսը, որը Աթենքի տիրանոս Պիսիստրատոսի դրածոն էր։ Ի վերջո նա գահընկեց արվեց սպարտացիների կողմից։ Այս ամենից հետո տեղական վերնախավը բարգավաճեց, իսկ Նաքսոսը դարձավ Էգեյան ծովի ամենաբարգավաճ և հզոր կղզիներից մեկը[7][8]։ Չնայած այս ամենին՝ Նաքսոսը ապահովագրված չէր դասային լարվածությունից և ներքին տարաձայնություններից և մ․թ․ա․ 500 թվականից քիչ անց վերնախավը արտաքսվում է կղզուց, և հիմնադրվում է ժողովրդավարություն[7][9]։
Մ․թ․ա․ 500 թվականին Արիստագորասի մոտ են գալիս Նաքսոս կղզուց արտաքսվածները և խնդրում օգնել վերականգել վերահսկողությունը կղզու նկատմամբ[10]։ Նաքսոսը գրավելով իր իշխանությունը Միլեթում ամրապնդելու հնարավորություն տեսնելով՝ Արիստագորասը առաջարկությամբ դիմում է Լիդիայի սատրապ Արտափրենեսին։ Եթե Արտափրենեսը իրեն զորք տրամադրի, ապա Արիստագորասը Դարեհի անունից կնվաճի Նաքսոսը և Արտափրենեսին կտա ավարի մի մասը, որպեսզի ծածկի զորքի ծախսերի մի մասը[11]։ Բացի այդ, Արիստագորասը ասում է նաև, որ Նաքսոսը գրավելուց հետո հեշտ կլինի արագորեն գրավել նաև Կիկլադների մնացած կղզիները և առաջարկում է նույն նավատորմով հարձակվել նույնիսկ Եվբեա կղզու վրա[11]։ Արտափրենեսը համաձայնում է և Դարեհ I-ից թույլատվություն խնդրում արշավանքը կազմակերպելու համար։ Դարեհը համաձայնություն է տալիս, և հաջորդ տարի Նաքսոսի վրա հարձակման համար հավաքվում է 200 տրիերա[12]։
հակառակորդ զորքեր
խմբագրելՀերոդոտոսը երկու կողմերի զորքերի հստակ թվաքանակի վերաբերյալ տվյալներ չի հայտնել, սակայն երկու զորքերի ուժերի մասին որոշակի պատկերացում է տվել։ Ակնհայտ է, որ քանի որ նաքսոսցիները կռվում էին սեփական տիրույթներում, ապա տեսկանորեն կարող էին իրենց մեջ ներառել իրենց ամբողջ բնակչության մարտունակ մասը։ Իր աշխատության մեջ Հերոդոտոսը ասում է, որ «նաքսոսցիները ութ հազար վահանակիր ունեն և բազմաթիվ ռազմանավեր», ինչը նշանակում է, որ նրանք ունեին 8 հազար զինվորներ, որոնք կարող էին սպառազինվել ինչպես հոպլիտները։ Այս մարդիկ պետք է ձևավորեին Նաքսոսի դիմադրության ողնաշարը[10]։
Պարսկական զորքերը հիմնականում բաղկացած էին 200 տրիերաներից[11]։ Անհայտ է՝ արդյոք եղել են փոխադրական այլ նավեր։ Սովորաբար տրիերների անձնակազմը բաղկացած է լինում 200 մարդկանցից՝ ներառյալ 14 ծովային հետևակային[13]։ Դեպի Հունաստան պարսիկների երկրորդ ներխուժման ժամանակ յուրաքանչյուր պարսկական նավում կային երեսուն լրացուցիչ ծովային հետևակային[14], ինչը հավանաբար տեղի է ունեցել նաև առաջին ներխուժման ժամանակ, երբ ներխուժման համար նախատեսված ամբողջ զորքը տեղափոխվում էր տրիերաների միջոցով[13]։ Բացի այդ, Քիոսի ռազմանավերը Լադեի ճակատամարտում յուրաքանչյուրում ունեին 40 ծովային հետևակային։ Այս ամենը նշանակում է, որ տրիերաները հավանաբար կարող էին կրել ամենաշատը 40-45 ծովաային հետևակայիններ։ Տրիերաները, ըստ երևույթին, հեշտությամբ ապակայունացել են ավելորդ քաշի պատճառով[15]։ Եթե Նաքսոս ուղևորվող պարսկական զորքը նույն ձև էր կազմված, ապա այն պետք է ունենար շուրջ 8-9 հազար զինվորներ (բացի մեծ թվով անզեն թիավարները)։
Արշավանք
խմբագրելՄ․թ․ա․ 499 թվականի գարնանը պատշաճ կերպով հավաքագրվեց պարսկական նվատորմը։ Արտափրենեսը նավատորմի ղեկավար է կարգում Մեգաբատեսին, որը իր և Դարեհի զարմիկն էր, և պարսից նավատորմի հետ միասին ուղարկում Միլեթ[12]։ Այնտեղ այդ նավատորմը միավորվում է Արիստագորասի ղեկավարած միլեթական զորքերի հետ, ինչից հետո սկսվում է արշավանքը։ Որպեսզի նաքսոսցիները չկասկածեին և չնախազգուշանային, նավատորմը նախ ուղղվում է դեպի հյուսիս՝ Հելլեսպոնտոս, սակայն երբ նրանք ժամանում են Քիոս, նավատորմը շրջվում է և ուղղություն վերցնում դեպի հարավ՝ Նաքսոս[16]։
Երբ նավատորմը արդեն շարժվում էր դեպի Նաքսոս, ճանապարհին մի պատահար է տեղի ունենում։ Երբ Մեգաաբտեսը նավերի պահակակետերն էր ստուգում, նկատում է մի մյունդական մի նավ, որի վրա պահակներ չկային[16]։ Նա հրամայում է գտնել այդ նավի նավապետին՝ Սկյուլակսին, կապկպել նրան, մտցնել նավի թիականցքի մեջ այնպես, որ նրա գլուխը լինի նավից դուրս, իսկ մարմինը՝ ներս[16]։ Երբ այս ամենը արդեն կատարվել էր, Արիստագորասը իմանում է պատահարի մասին և գալիս Մեգաբատեսի մոտ։ Նա խնդրում է ազատ արձակել և ներել իր հյուրին, սակայն ապարդյուն։ Տեսնելով, որ Մեգաբատեսը չի ցանկանում ազատ արձակել նրան՝ Արիստագորասը անձամբ է ազատ արձակում Սկյուլակսին[16]։ Իմանալով այդ մասին՝ Մեգաբատեսը վրդովվում է, ինչին ի պատասպան Արիստագորասը ասում է․ «Դու այս գործերին ինչու՞ ես խառնվում։ Չէ՞ որ Արտափրենեսը քեզ ուղարկել է ինձ հնազանդվեու և նավելու այնտեղ, ուր ես կհրամայեմ։ Ինչու՞ ես ամեն գործի խառնվում»[16]։ Այս ամենից բարկացած՝ Մեգաբատեսը գիշերը մարդիկ է ուղարկում Նաքսոս, որպեսզի նրանց նախազգուշացնի իրենց դեմ կազմակերպված արշավանքի մասին[16]։
Որոշ ժամանակակից պատմաբաններ կասկածի տակ են դնում այն, որ պարսիկ զորավարը նենգադուլել է իր իսկ արշավանքը․ նրանք առաջ են քաշում այլ սցենարներ։ Այնուամենայնիվ, անհնար է հստակ ասել, թե ինչպես են նաքսոսցիները իմացել իրենց սպառնացող վտանգի մասին, սակայն կասկածի տակ չէ, որ նրանք տեղյակ են եղել և պատրաստվել են դրան[17]։ Հերոդոտոսը հայտնում է, որ «նաքսոսցիները բոլորովին չէին կասկածել, որ այդ նավատորմը արշավում է իրենց դեմ», սակայն երբ այդ լուրերը տեղ հասան, նրանք ամրացրին քաղաքի պարսիպները, ապա դաշտերում եղած ամբողջ մթերքը հավաքեցին պարսպից ներս՝ հավաքելով բավարար սնունդ և ջուր, որպեսզի դիմանան պաշարմանը[18]։
Պաշարում
խմբագրելԵրբ հոնիացիները և պարսիկները ժամանում են Նաքսոս, նրանք հանդիպում են արդեն լավ պատրաստված և պարենավորված քաղաքի[18]։ Հերոդոտոսը հստակորեն չի ասում, բայց ամենայն հավանականության դա Նաքսոս կղզու համանուն մայրաքաղաքն էր։ Նա քիչ մանրամասներ է հայտնում ռազմական գործողությունների վերաբերյալ, սակայն կա ենթադրություն, որ սկզբում քաղաքը փորձել են գրավել գրոհով, ինչը հետ է մղվել[18]։ Այս ամենից հետո հոնիացիները և պարսիկները ձեռնամուխ են լինում քաղաքի պաշարմանը, սակայն 4 ամիս անց ավարտվում է պարսիկների գումարը, ինքը՝ Արիստագորասը, նույնպես ծախսել էր մեծ միջոցներ[18]։ Լիովին բարոյալքված, արշավախումբը պատրաստվում էր դատարկ ձեռքերով վերադառնալ Փոքր Ասիա։ Մեկնելուց առաջ Նաքսոսից աքսորված վերնախավի համար նրանք կղզում ամրոց են կառուցել[18]։
Հետևանքներ
խմբագրելՆաքսոսը գրավելու անհաջող փորձից հետո Արիստագորասը հայտնվում է ծանր իրադրության մեջ, քանի որ նա չէր կարողանում արշավանքի ծախսերը վճարել Արտափրենեսին։ Դեռ ավելին, նա հեռանում է պարսից արքայական ընտանիքից։ Նա սպասում էր, որ Արտափրենեսը կհեռացներ իրեն պաշտոնից։ Փորձելով փրկվել՝ Արիստագորասը իր հպատակներին՝ միլեթցիներին, մղում է պաստամբության ընդդեմ պարսից գերիշխանության, ինչով էլ սկսվում է Հոնիական ապստամբությունը[19]։ Չնայած Հերոդոտոսը ապստամբությունը ներկայացնում է որպես Արիստագորասի անձնական շարժառիթների հետևանք, պարզ է, որ Հոնիան ապստամբության համար պետք է հասունանար։ Հիմնական դժգոհության պատճառը պարսիկների կողմից նշանակված տիրանոսներն էին[7]։ Արիստագորասը ապստամբության է դրդում հոնիացիներին, ինչպես նաև էոլիացիներին և դորիացիներին, ինչից հետո ամեն տեղ վերացվում է բռնակալությունը և փոխարենը հաստատվում ժողովրդավարություն[20]։
Ամբողջ Հելլենական Ասիան ապստամբության մեջ ներառելով՝ Արիստագորասը հասկանում է, որ պարսիկների դեմ ապստամբելու համար հույներին պետք են նաև այլ դաշնակիցներ[21]։ Մ․թ․ա․ 499 թվականի ձմռանը նա ուղևորվում է մայրցամաքային Հունաստան՝ փորձելով դաշնակիցներ հավաքագրել։ Նա չկարողացավ համոզել սպարտացիներին, սակայն Աթենքը և Երետրիան համաձայնում են օժանդակել ապստամբությանը[21]։ Մ․թ․ա․ 498 թվականի գարնանը 20 տրիերաներից բաղկացած աթենական և 5 տրիերաներից բաղկացած երետրիական զորքը (միասին 25 տրիերա) ուղևորվում են դեպի Հոնիա[22]։ Եփեսոսի մոտ նրանք միանում են հոնիական հիմնական զորքերի հետ[23]։ Եփեսոսցիների ուղեկությամբ զորքը ուղևորվում է Արտափրենեսի սատրապական նստավայր՝ Սարդես[22]։ Հույները հանկարծակիի բերեցին պարսիկներին և կարողացան գրավել ստորին քաղաքը։ Ստորին քաղաքը հրկիզվում է, իսկ հույները սկսում են նահանջել դեպի Եփեսոս[24]։ Փոքր Ասիայում գտնվող պարսկական զորքը հետապնդում է հունական բանակին և Եփեսոսի մոտ հասնում նրանց հետևից։ Ակնհայտ է, որ բարոյալքված ու հոգնած հույները չէին կարող մրցակցել պարսիկների հետ, ինչի պատճառով էլ ամբողջովին ջախջախվեցին Եփեսոսի մոտ տեղի ունեցած ճակատամարտում[22]։ Ճակատամարտից փրկված հոնիացիները գնում են իրենց քաղաքները, իսկ մնացած աթենացիները և երետրիացիները կարողացան վերադառնալ իրենց նավերը և հետ մեկնել Հունաստան[22][25]։
Չնայած տեղի ունեցած անհաջողություններին՝ ապստամբությունը շարունակում էր տարածվել։ Հոնիացիները մարդիկ են ուղարկում Հելլեսպոնտոս և Մարմարա ծով, գրավում են Բյուզանդիոնը և շրջակայքի այլ քաղաքներ[26]։ Նրանք կարողանում են համոզել նաև կարիացիներին միանալ ապստամբությանը[26]։ Բացի այդ, տեսնելով ապստամբության արագորեն տարածվելը՝ Կիպրոսի թագավորությունները առանց որևէ մեկի համոզելու նույնպես ապստամբում են պարսից տիրապետության դեմ[27]։ Հաջորդ երեք տարիների ընթացքում պարսկական ամբողջ զորքը և ռազմածովային ուժերը զբաղված էին Կարիայում և Կիպրոսում ապստամբների դեմ կռվելով, իսկ Հոնիան, ըստ երևույթին, այդ ամբողջ ընթացքում ապրել է խաղաղ կյանքով[28]։ Պարսիկների հակահարձակման բարձրակետի ժամանակ Արիստագորասը հասկանում է իր դրության անհուսալիությունը և որոշում է թողնել Միլեթի տիրանոսի ու ապստամբության ղեկավարի պաշտոնները և լքել Միլեթը։ Հերոդոտոսը, որը նրա մասին ակներևաբար ունի բացասական կարծիք, ենթադրում է, որ Արիստագորասը պարզապես կորցրել է ինքնատիրապետումը և փախել[29]։
Ապստամբության 6-րդ տարում՝ մ․թ․ա․ 494 թվականին, պարսկական զորքերը վերախմբավորվում են։ Առկա ցամաքային զորքերը համախմբվեցին մեկ բանակի մեջ, որն ուղեկցվում էր եգիպտացիների, կիլիկիացիների, փյունիկիացիների և վերահպատակեցված կիպրոսցիների նավատորմներով[30]։ Պարսիկները ուղևորվում են ուղիղ դեպի Միլեթ՝ քիչ ուշադրություն դարձնելով մնացած ամրոցների վրա, ըստ երևույթին ցանկանալով ապստամբությունը ճնշել հենց իր կենտրոնում։ Հոնիացիները փորձում էին Միլեթը պաշտպանել ծովի կողմից՝ քաղաքի պաշտպանությունը թողնելով միլեթցիներին։ Հոնիական նավատորմը հավաքվել էր Լադե կղզու՝ Միլեթի ափի մոտ[30]։ Տեսնելով հակառակորդի նավերի քանակը՝ պարսիկներին համակում է անվստահություն, ինչի արդյունքում էլ նրանք փորձում են պարսիկների մոտ փախած հոնիական տիրանոսների միջոցով պառակտում մտցնել ապստամբների շարքում, ինչը սկզբում չի հաջողվում[31]։ Երբ պարսիկները ի վերջո հարձակվում են հոնիացիների վրա, սամոսցի զորավարները, համաձայնելով պառակտվել ապստամբներից, թողնում են ռազմաճակատը, ինչի պատճառով էլ քանդվում է հոնիական ռազմաճակատը[32]։ Չնայած քիոսյան և մի քանի այլ նավեր շարունակում էին խիզախորեն կռվել պարսիկների դեմ, ապստամբները պարտություն են կրում[33]։
Լադեում կրած պարրտությունից հետո Հոնիական ապստամբությունը գրեթե ավարտվեց։ Հաջորդ տարի պարսիկները ճնշեցին ապստմաբած վերջին ամրոցները և սկսեցին տարածաշրջանում խաղաղություն ստեղծելու գործընթաց[34]։ Հոնիական ապստամբությունը համարվում է Հունաստանի և Աքեմենյան տերության միջև տեղի ունեցած առաջին մեծ բախումը և հույն-պարսկական պատերազմների առաջին փուլը։ Չնայած Փոքր Ասիան նորից ընկավ պարսից գերիշխանության տակ, Դարեհը երդվեց վրեժ լուծել Աթենքից և Երետրիայից, քանի որ նրանք օժանդակել էին ապստամբությանը[35]։ Ավելին, տեսնելով, որ Հունաստանի քաղաքներ-պետությունները մշտական սպառնալիք են սեփական կայսրության կայունության համար՝ Դարեհը որոշում է նվաճել ամբողջ Հունաստանը։ Մ․թ․ա․ 492 թվականի տեղի է ունենում պարսիկների առաջին ներխուժումը Հունաստան՝ հույն-պարսկական պատերազմների հաջորդ փուլը, որը Հոնիական ապստամբության ուղղակի հետևանք էր[35]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Herodotus I, 142–151
- ↑ Herodotus I, 142
- ↑ Herodotus I, 26
- ↑ Herodotus I, 141
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Holland, pp. 147–151.
- ↑ 6,0 6,1 Holland, pp. 153–154.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Fine, pp. 269–277.
- ↑ Herodotus V, 28
- ↑ Lloyd, p. 143.
- ↑ 10,0 10,1 Herodotus V, 30
- ↑ 11,0 11,1 11,2 Herodotus V, 31
- ↑ 12,0 12,1 Herodotus V, 32
- ↑ 13,0 13,1 Lazenby, p. 46.
- ↑ Herodotus VII, 184
- ↑ Goldsworthy, p. 103.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Herodotus V, 33
- ↑ Keaveney, p. 76.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 Herodotus V, 34
- ↑ Herodotus V, 35
- ↑ Holland, pp. 155–157.
- ↑ 21,0 21,1 Holland, pp. 157–159.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 Holland, pp. 160–162.
- ↑ Herodotus V, 100
- ↑ Herodotus V, 101
- ↑ Herodotus V, 102
- ↑ 26,0 26,1 Herodotus V, 103
- ↑ Herodotus V, 104
- ↑ Boardman et al, pp. 481–490.
- ↑ Herodotus V, 124–126
- ↑ 30,0 30,1 Herodotus VI, 6
- ↑ Herodotus VI, 9
- ↑ Herodotus VI, 13
- ↑ Herodotus VI, 14
- ↑ Herodotus VI, 31–33
- ↑ 35,0 35,1 Holland, pp. 175–177.
Գրականություն
խմբագրելԱնտիկ սկզբնաղբյուրներ
խմբագրել- Հերոդոտոս, Պատմություն (Հերոդոտոս)
- Թուկիդիդես, Պելեպոնեսյան պատերազմների պատմություն
- Դիոդորոս Սիկիլիացի, Գրադարան
- Ցիցերոն, On the Laws
Ժամանակակից աղբյուրներ
խմբագրել- Boardman J, Bury JB, Cook SA, Adcock FA, Hammond NGL, Charlesworth MP, Lewis DM, Baynes NH, Ostwald M, Seltman CT (1988). The Cambridge Ancient History, vol. 5. Cambridge University Press. ISBN 0-521-22804-2.
{{cite book}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - Fehling, D. (1989). Herodotus and His "Sources": Citation, Invention, and Narrative Art (Translated by J.G. Howie). Francis Cairns.
- Fine, JVA (1983). The Ancient Greeks: A Critical History. Harvard University Press. ISBN 0-674-03314-0.
- Finley, Moses (1972). «Introduction». Thucydides – History of the Peloponnesian War. Translated by Rex Warner. Penguin. ISBN 0-14-044039-9.
- Goldsworthy, A. (2003). The Fall of Carthage. Cassel. ISBN 0-304-36642-0.
- Holland, Tom (2006). Persian Fire: The First World Empire and the Battle for the West. Doubleday. ISBN 0-385-51311-9.
- Keaveney, A. (1988). The Attack on Naxos: A 'Forgotten Cause' of the Ionian Revolt.
- Lazenby, JF (1993). The Defence of Greece 490–479 BC. Aris & Phillips Ltd. ISBN 0-85668-591-7.
- Lloyd, A. (2004). Marathon: The Crucial Battle That Created Western Democracy. Souvenir Press. ISBN 0-285-63688-X.