Պարսկական առաջին ներխուժում Հունաստան

Պարսկական առաջին ներխուժում Հունաստան, հույն-պարսկական պատերազմների մաս, որը սկսվել է մ․թ․ա․ 492 թվականին և ավարտվել մ․թ․ա 490 թվականին Մարաթոնի ճակատամարտում աթենացիների տարած հաղթանակով։ Ներխուժումը բաղկացած է եղել երկու տարբեր արշավանքներից, որոնք կազմակերպված են եղել պարսից արքա Դարեհ I Մեծի կողմից․ դրանց պատրվակն Աթենք և Երետրիա քաղաք-պետություններին պատժելն էր։ Այս երկու քաղաքներն օգնություն էին ցուցաբերել հոնիական քաղաքներին, որոնք ապստամբել էին ընդդեմ Աքեմենյան տերության, ինչն էլ բարկության պատճառ էր դարձել Դարեհի համար։ Դարեհն այս արշավանքը դիտում էր որպես հնարավորություն իր տերությունը դեպի Եվրոպա ընդարձակելու և արևմտյան սահմանները պաշտպանելու համար։

Պարսկական առաջին ներխուժում Հունաստան
Հույն-պարսկական պատերազմներ

Արշավանքի ուղղությունները և մասնակից ու չեզոք քաղաք-պետութունները ցույց տվող քարտեզ
Թվական Մ․թ․ա․ 492-490 թվականներ
Վայր Թրակիա, Մակեդոնիա, Կիկլադներ, Եվբեա, Ատտիկա
Պատճառ Հունական քաղաք-պետությունների պատժում
Արդյունք
Հակառակորդներ
Հունական քաղաք-պետություններ,
հիմնականում Աթենք և Երետրիա
Աքեմենյան պետություն Աքեմենյան պետություն
Հրամանատարներ
Միլտիադես Կրտսեր
Կալլիմաքոս
Ստասիլաոս
Կյունեգիրոս
Մարդոնիոս
Դատիս
Արտափրենես
Կողմերի ուժեր
8,000-9,000 աթենացիներ
1,000 պլատեացիներ
Ընդհանուր՝ 9,000-10,000
10,000 անմահներ
10,000 թեթևազեն հետևակ
5,000 նետաձիգներ
1,000-3,000 հեծելազոր
600 տրիերներ
Ընդհանուր՝ 26,000-28,000
Ռազմական կորուստներ
192 աթենացիներ
11 պլատեացիներ
Երետրիան ստրկացվեց և հրդեհվեց
Նաքսոսը հրդեհվեց
6400 պարսիկ զոհ
7 նավ գրավվեց
Ընդհանուր կորուստներ
6603 զոհ

Առաջին արշավանքը տեղի է ունեցել մ․թ․ա․ 492 թվականին և ղեկավարվել է Մարդոնիոսի կողմից։ Դրա արդյունքում վերանվաճվել է Թրակիան, իսկ Մակեդոնիան, որը մ․թ․ա․ 6-րդ դարի սկզբին՝ հավանաբար մ․թ․ա․ 512 թվականին, դարձել էր աքեմենյան վասալ, ամբողջապես ենթակա թագավորություն է դառնում[2]։ Այնուամենայնիվ, հետագա առաջխաղացումը կանխվել է, երբ Մարդոնիոսի նավատորմն Աթոս լեռան մոտ խորտակվել է փոթորկի ժամանակ։ Հաջորդ տարի ցույց տալով իր մտադրությունները՝ Դարեհը դեսպաններ է ուղարկում Հունաստանի բոլոր շրջաններ՝ պահանջելով հպատակվել իրեն։ Քանի որ Աթենքը դեռևս դիմադրում էր, իսկ Սպարտան պատերազմի մեջ էր ընդդեմ պարսիկների, Դարեհը հրամայում է հաջորդ տարի շարունակել ռազմական գործողությունները։

Պարսիկների երկրորդ արշավանքը տեղի է ունենում մ․թ․ա․ 490 թվականին, որը ղեկավարվում էր Դատիսի և Արտափրենեսի կողմից։ Արշավախումբը նախ ուղևորվում է Կիկլադյան կղզիներ՝ մասնավորապես Նաքսոս, որը գրավվում և հրդեհվում է։ Այնուհետև նա անցնում է մնացած կղզիներով, որոնցից յուրաքանչյուրը միացվում է Աքեմենյան տերությանը։ Հասնելով մայրցամաքային Հունաստան՝ զորքն ափ է իջնում Երետրիայում, որը պաշարվում է և քիչ ժամանակ անց գրավվում։ Երետրիան ավերվում է, իսկ դրա բնակիչները՝ գերեվարվում։ Ի վերջո զորքն ուղևորվում է Ատտիկա և Աթենքի ճանապարհին՝ Մարաթոնի դաշտում, հանդիպում աթենական փոքրաթիվ զորքին, որը, այնուամենայնիվ, նշանավոր հաղթանակ է տանում այդ ճակատամարտում։

Մարաթոնում կրած պարտությունը կանխում է արշավանքի հաջող հանգուցալուծումը, և զորքը վերադառնում է Ասիա։ Այնուամենայնիվ, արշավանքի արդյունքում պարսիկները կատարել էին իրենց առջև դրված խնդիրների մեծ մասը՝ պատժելով Նաքսոսին և Երետրիային, Եգեյան ծովի մեծ մասում հաստատելով հսկողություն և ամբողջությամբ հպատակեցնելով Մակեդոնիան։ Արշավանքի արդյունքում անավարտ մնացած հարցերին լուծում տալու և Հունաստանն ամբողջապես հպատակեցնելու համար Դարեհը պատրաստում էր ավելի մեծ զորքով ներխուժել Հունաստան և պատժել Աթենքին ու Սպարտային։ Այնուամենայնիվ, տերության ներքին խնդիրների արդյունքում այս արշավանքը հետաձգվում է, իսկ քիչ հետո մեծ տարիքում մահանում է Դարեհը։ Այսպիսով, նախատեսվող արշավանքի՝ Պարսկական երկրորդ ներխուժման ղեկավարումն ընկնում է Դարեհի որդու՝ Քսերքսես I-ի ուսերին, որն էլ սկսում է արշավանքը մ․թ․ա․ 480 թվականին։

Հիմնական աղբյուրներ խմբագրել

Հույն-պարսկական պատերազմների հիմնական սկզբնաղբյուրը հույն պատմիչ Հերոդոտոսն է։ Նա, ում անվանում են «Պատմության հայր»[3], ծնվել է մ․թ․ա․ 484 թվականին Փոքր Ասիայում՝ Հալիկառնասում (այդ ժամանակ պարսից տիրապետության տակ)։ Նա իր «Պատմությունը» գրել է մոտ մ․թ․ա 440-430 թվականներին՝ փորձելով ցույց տալ հույն-պարսկական պատերազմները սկսած ակունքներից․ այսինքն նա գրել է համեմատաբար վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին (պատերազմն ավարտվել է մ․թ․ա․ 450 թվականին)[4]։ Հերոդոտոսի մոտեցումներն ամբողջովին նորարարական էին․ նա Արևմտյան հասարակության մեջ հայտնագործել է պատմագրությունն այնպես, ինչպես այն ծանոթ է մեզ[4]։ Բրիտանացի հեղինակ Թոմ Հոլանդն այդ առիթով ասել է․ «Առաջին անգամ ժամանակագիրը ձեռնամուխ է եղել հակամարտության ակունքների մասին պատմելուն, ոչ այնքան հեռավոր անցյալի մասին, որ լիովին հեքիաթային լինի, ոչ որևէ աստծո քմահաճույքներին ու ցանկությունների մասին և ոչ էլ ժողովրդի՝ ճակատագիրը բացահայտելու պահանջների մասին, այլ ավելի շուտ մեկնաբանություններ, որոնք նա կարող էր անձամբ հաստատել»[4]։

 
Հերոդոտոսի մարմարե կիսանդրին

Հետագա որոշ հին պատմիչներ՝ սկսած Թուկիդիդեսից, չնայած նույնպես գնացել են Հերոդոտոսի հետքերով, այնուամենայնիվ, քննադատել են նրան[5][6]։ Այնուամենայնիվ, Թուկիդիդեսն իր պատմությունը սկսել է այն տեղից, որտեղ ավարտել է Հերոդոտոսը (Սեստոսի պաշարում), ինչը ցույց է տալիս, որ Հերոդոտոսի պատմությունն այնքան ճշգրիտ է, որ կարիք չկար վերաշարադրելու կամ ուղղելու[6]։ Պլուտարքոսն իր ակնարկի մեջ նույնպես քննադատել է Հերոդոտոսին՝ անվանելով նրան՝ «Philobarbaros», ինչը նշանակում է «բարբարոսներին սիրող»․ նա կարծում էր, որ Հերոդոտոսը չի եղել բավականաչափ հունամետ, ինչից կարելի է ենթադրել, որ Հերոդոտոսն իսկապես ստեղծել է անաչառ և անկողմնակալ աշխատություն[7]։ Հերոդոտոսի մասին բացասական կարծիք էր տիրում նաև Վերածննդի Եվրոպայում, սակայն նրա աշխատությունը շարունակում էին շատ կարդացվող մնալ[8]։ Այնուամենայնիվ, 19-րդ դարից ի վեր պատմիչի հեղինակությունը վերականգնվել է, քանի որ մի շարք հնագիտական բացահայտումներ հաստատել են, որ իրադարձությունների մասին տված իր նկարագրությունը ճիշտ է[9]։ ժամանակակից գերակշռող տեսակետն այն է, որ Հերոդոտոսը, ընդհանուր առմամբ, ուշագրավ աշխատանք է կատարել իր «Պատմության» մեջ, բայց նրա հաղորդած որոշ մանրամասների (հիմնականում տարեթվեր, ամսաթվեր և զորքերի թվաքանակներ) պետք է թերահավատորեն նայել[9]։ Այնուամենայնիվ, դեռևս կան որոշ պատմաբաններ, որոնք համարում են, որ Հերոդոտոսը հորինել է իր պատմության մեծ մասը[10]։

Սիկիլիացի պատմիչ Դիոդորոսը, որը մ․թ․ա․ 1-ին դարում գրել է իր «Պատմական գրադարանը», նույնպես նկարագրում է հույն-պարսկական պատերազմների իրադարձությունները՝ մասամբ օգտվելով առավել վաղ ժամանակներում ապրած հույն պատմիչ Էֆորոսից։ Այս աղբյուրի հայտնած տեղեկությունները միանգամայն համընկնում են Հերոդոտոսի տեղեկությունների հետ[11]։ Հույն-պարսկական պատերազմներն ավելի մակերեսայնորեն նկարագրվում են նաև մի շարք այլ անտիկ պատմիչների կողմից, որոնց թվում են Պլուտարքոսը, Կտեսիաս Կնիդացին։ Նույն թեմայի մասին իր ստեղծագործությունների մեջ հիշատակում է նաև հույն ողբերգակ Էսքիլեսը։ Հնագիտական ապացույցները, որոնցից է, օրինակ, Օձերի սյունը, նույնպես պաշտպանում են Հերոդոտոսի որոշ պնդումներ[12]։

Նախապատմություն խմբագրել

Հույն-պարսկական պատերազմներ
Հոնիական ապստամբություն, Պարսիկների առաջին ներխուժում, Պարսիկների երկրորդ ներխուժում, Հույների հակագրոհ, Աթենական ծովային միության պատերազմներ

Հույների և պարսիկների միջև առաջին բախումները տեղի են ունեցել Նաքսոս կղզում։ Արիստագորասը, ցանկանալով ամրապնդել իր դիրքերը Միլեթում, դիմում է տեղական աքեմենյան սատրապին՝ Արտափրենեսին, և նրանից ռազմական օգնություն խնդրում Նաքսոսը գրավելու համար[13]։ Դարեհ I-ից թույլտվություն ստանալուց հետո Արտափրենեսը 200 տրիերաներ[14] է տրամադրում Արիստագորասին՝ զորքերի հրամանատար կարգելով Մեգաբատեսին։ Արշավանքի ընթացքում Արիստագորասի և Մեգաբատեսի միջև ընդհարում է տեղի ունենում[15], ինչի արդյունքում վերջինս սպասվող պաշարման մասին զգուշացնում է նաքսոսցիներին, որոնք էլ լավ պատրաստվելով դիմադրության[16][17]՝ անառիկ են պահում քաղաքը։ Շուտով պարսիկների միջոցներն ավարտվում են, և նրանք նահանջում են։

 
Հոնիական ապստամբությունը․ կապույտով գծված է աթենական և երետիական օժանդակ ուժերի երթը, ինչը եղավ Դարեհի՝ դեպի Հունաստան կազմակերպաշ արշավանքի պատրվակը

Հասկանալով, որ պարսիկներն արշավանքի անհաջողության ամբողջ մեղավորությունը բարդելու են իր վրա՝ Արիստագորասը որոշում է ամբողջ Հոնիային դրդել ապստամբության ընդդեմ Դարեհ I Մեծի[18]։ Հոնիացիների համար հիմնական դժգոհության պատճառը պարսիկների կողմից նշանակված տիրանոսներն էին։ Ապստամբում են հոնիացիները, էոլիացիները և դորիացիները, ինչից հետո ամեն տեղ վերացվում է բռնակալությունը և փոխարենը հաստատվում ժողովրդավարություն։ Հասկանալով, որ Փոքր Ասիայում բնակվող հույների ուժերը բավական չեն ապստամբությունը հաջողությամբ ավարտին հասցնելու համար՝ Արիստագորասը մեկնում է մայրցամաքային Հունաստան և այնտեղ փորձում նոր դաշնակիցներ ձեռք բերել։ Նա օգնության համար դիմում է սպարտացիներին, սակայն մերժում ստանում․ միայն Աթենքը և Երետրիան են համաձայնում օժանդակել ապստամբությանը[19], որոնք 498 թվականի գարնանը 25 տրիերա օժանդակ ուժեր են ուղարկում Հոնիա[20]։

Ապստամբների ուժերը միավորվում են Եփեսոսի մոտ[21] և շարժվում Սարդես[20], որը գրավվում և հրդեհվում է նրանց կողից, ինչից հետո պարսիկները սկսում են հետապնդել հույներին, որոնք նահանջում էին դեպի Եփեսոս[22]։ Հենց այդ քաղաքի մոտ էլ նրանց միջև տեղի է ունենում ճակատամարտ։ Հույերը պարտություն են կրում, աթենացիները և երետրիացիները վերադառնում են մայրցամաքային Հունաստան[20][23]։ Չնայած այս անհաջողություններին՝ ապստամբությունը շարունակվում էր տարածվել․ ապստամբում են նաև կարիացիները[24] ու կիպրսցիները[25]։ Հաջորդ տարիներին պարսիկները զբաղված էին հենց այդ տարածքների հպատակեցմամբ, իսկ Հոնիան այդժամ ապրում էր խաղաղ կյանքով[26]։ Մ․թ․ա․ 494 թվականին պարսկական ուժերը սկսում են շարժվել դեպի ապստամբության կենտրոն՝ Միլեթ, որի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամատում ապստամբները պարտություն են կրում[27] և շուտով հպատակվում։ Այս ապստամբությունը հույների և պարսիկների միջև եղած առաջին ամենամեծ բախումն էր։ Հենց այս ապստամբությանն օժանդակելու մեջ մեղադրվող Աթենքին ու Երետրիային պատժելու համար էլ Դարեհ I-ը պլանավորում և իրականացնում է առաջին ներխուժումը Հունաստան[28]։

Ներխուժում խմբագրել

Պարսիկների առաջին ներխուժումը Հունաստան
Լինդոս, Նաքսոս, Կարիստոս, Երետրիա, Մարաթոն

Մ․թ․ա․ 492․ Մարդոնիոսի արշավանք խմբագրել

 
Պարսիկ զինվորներ (հավանապար անմահների գնդից), ֆրիզ, որը գտնվել է Դարեհի՝ Շոշում գտնվող պալատում, մոտ մ․թ․ա․ 510, Լուվր

Մ․թ․ա․ 492 թվականին Դարեհ I-ի փեսայի՝ Մարդոնիոսի կողմից ղեկավարվող զորք է կազմվում, որը բաղկացած էր ցամաքային և ծովային ուժերից[29]։ Չնայած այն բանին, որ արշավանքի պատրվակը հիմնականում Աթենքին ու Երետրիային պատժելն էր, պարսիկների առջև նպատակ էր դրված ինչքան հնարավոր է շատ հունական քաղաքներ հպատակեցնել[29][30]։ Կիլիկիայից ծովային ճանապարհով սկսելով իր արշավանքը՝ Մարդոնիոսն իր ցամաքային ուժերին հրամայում է շարժվել դեպի Հելլեսպոնտոս[29]։ Նա Փոքր Ասիայի ափերով նավում է դեպի Հոնիա, որի քաղաքներում կարճ ժամանակում վերացնում է բռնապետությունը և հաստատում ժողովրդավարություն[29]։

Այնտեղից նավատորմն ուղղվում է դեպի Հելլեսպոնտոս, և երբ ամեն ինչ պատրաստ էր, ցամաքային ուժերը տեղափոխվում են Եվրոպա[29]։ Այնուհետ զորքերը մեկնում են Թրակիա, վերահպատակեցնում այն (Թրակիան մ․թ․ա․ 512 թվականին՝ Դարեհի սկյութական արշավանքի ժամանակ արդեն հպատակեցվել էր)[31]։ Հասնելով Մակեդոնիա՝ պարսկական զորքերն այն ամբողջովին ստրկացնում են և դարձնում Աքեմենյան տերությանն ամբողջովին ենթակա տարածք (այն նույնպես մ․թ․ա․ 6-րդ դարի վերջին հպատակեցվել էր Աքեմենյան տերությանը, սակայն հիմնականում պահպանել էր իր ինքնիշխանությունը)[32]։

Նույն ժամանակ նավատորմն անցնում է Թասոս, որի բնակիչներն առանց դիմադրության հանձնվում են պարսիկներին[30]։ Անցնելով Թասոսը՝ պարսկական նավատորմը հանդիպակաց ափի երկայնքով նավում է մինչև Քաղկեդոնյան թերակղզի, Կիկլադյան կղզիներից մեկը՝ Ականթոս, իսկ այնտեղից դուրս գալուց հետո փորձում շրջանցել Աթոսը[30]։ Այնուամենայնիվ, նավատորմն ընկնում է ուժեղ փոթորիկի մեջ, ինչի արդյունքում նավերը շպրտվում են Աթոսի ժայռոտ ափի վրա և ջարդվում․ ըստ Հերոդոտոսի՝ կործանվել է շուրջ 300 նավ և 20 հազար մարդ[30]։

Այնուհետև ցամաքային զորքերը, որոնք ճամբարել էին Մակեդոնիայում, գիշերային հարձակման են ենթարկվում բռյուգների՝ տեղացի թրակիական ցեղերից մեկի կողմից։ Սրա արդյունքում մեծ թվով պարսիկներ են զոհվում, վիրավորվում է նաև ինքը՝ Մարդոնիոսը[33]։ Չնայած իր վիրավորմանը՝ Մարդոնիոսը չի հեռանում այդտեղից, մինչև չի հաղթում և հպատակեցրնում բռյուգներին, ինչից հետո իր զորքերի մնացորդներով Հելլեսպոնտոսով նահանջում է Փոքր Ասիա[33]։

Մ․թ․ա․ 491․ դեսպանություններ խմբագրել

Մարդոնիոսի արշավանքի հետևանքով հույների համար ակնհայտ է դառնում պարսիկների նպատակները, ինչը թուլացնում է հունական քաղաքների վճռականությունը։ Մ․թ․ա․ 491 թվականին Դարեհ I-ը դիմում է դիվանագիտական քայլի։ Նա դեսպաններ է ուղարկում դեպի Հունաստանի տարբեր կողմեր՝ պահանջելով «հող և ջուր», ինչը հպատակության խորհրդանիշն էր[34]։ Հունական ինչպես մայրցամաքային, այնպես էլ կղզիաբնակ քաղաքների մեծամասնությունը կատարում է պարսից դեսպանների պահանջները՝ վախենալով Դարեհի ցասումից։ Այնուամենայնիվ, Աթենքում դեսպանները դատարանի առջև են կանգնեցվում, ապա մահապատժի ենթարկվում, իսկ Սպարտայում նրանք ուղղակի նետվում են ջրհորի մեջ[35]։ Այս ամենը հստակորեն ցույց է տալիս սպասվող ռազմական բախման կողմերին․ Սպարտան և Աթենքը, չնայած ոչ վաղ անցյալում իրենց ունեցած թշնամանքին, միասին պայքարելու էին պարսիկների դեմ[35]։

 
Սպարտացիները հող և ջուր պահանջող աքեմենյան դեսպանին նետում են ջրհորը։

Այնուամենայնիվ, Սպարտան այդժամ ընկնում է ներքին դավերի մեջ։ Էգինացիներ կատարել էին պարսիկների պահանջը և իրենց հպատակությունն էին հայտնել նրանց։ Աթենացիներն անհագնստանում են, որ պարսիկները կօգտագործեն Էգինայի ծովային հարմար դիրքը որպես ռազմածովային բազա, ինչի համար էլ Սպարտային խնդրում են միջամտել հարցին[36]։ Սպարտայի արքա Կլոմենեսը մեկնում է Էգինա՝ անձամբ մեղադրելու էգինացիներին դավաճանության մեջ, սակայն վերջիններս ասում են, որ նա չի կարող ոչ մի քայլ ձեռնարկել առանց Սպարտայի համայնքի և մյուս արքայի՝ Դեմարատոսի համաձայնության, որը դեմ էր դրան[37]։

Կլոմենեսը, ի պատասխան այս ամենի, Դելֆիի քրմերի օգնությամբ (որոնց կաշառել էր) Դեմարատոսին ապօրինի արքա է հայտարարում և փոխարինում նրա զարմիկով՝ Լևտիքիդեսով[36]։ Այդժամ հանդիպելով Սպարտայի երկու արքաներին՝ էգինացիները հանձնվում են և որպես իրենց լավ վարիք երաշխիք՝ պատանդներ են հանձնում Աթենքին[38]։ Այնուամենայնիվ, Սպարտայում իմանում են, որ Կլոմենեսը կաշառք է տվել Դելֆիի քրմերին, ինչից հետո նա արտաքսվում է քաղաքից[39]։ Հետո նա փորձում է իր կողմը գրավել Պելոպոնեսի հյուսիսը, ինչից հետո սպարտացիները տարակուսում է և նրան հետ կանչում քաղաք[36]։ Այնուամենայնիվ, մ․թ․ա 491 թվականին Կլոմենեսը ճանաչվում է խելագար և բանտարկվում, ինչի հաջորդ օրը նա ինքնասպան է լինում[36]։ Կլոմենեսին հաջորդում է իր խորթ եղբայրը՝ Լեոնիդաս I[36]։

Մ․թ․ա․ 490․ Դատիսի և Արտափրենեսի արշավանք խմբագրել

Առավելություն ստանալով Սպարտայում տիրող քաոսից, ինչի արդյունքում Աթենքը մնացել էր միայնակ՝ Դարեհը որոշում է արշավանք կազմակերպել և վերջապես պատժել Աթենքին և Երետրիային[40]։ Զորքը հավաքագրվում է Շոշում և երթով մեկնում է Կիլիկիա, որտեղ էլ հավաքագրվում է նավատորմը[40]։ Իր անհաջող արշավանքի պատճառով զորքերի հրամանատարությունը վերցվում է Մարդոնիոսից և հանձնվում մար Դատիսին և Արտափրենես II-ին՝ Արտափրենես սատրապի որդուն։

Պարսկական բանակի չափ խմբագրել

 
Դարեհի բանակի տարբեր զինվորների պատկերաքանդակները պահպանվել են նրա դամբարանի վրա, որը գտնվում է Նաղշե Ռոսթամում։ Դրա վրա հիշատակվում են իր զինվորների ազգությունները[41][42][43]։ Դրանց թվում են նաև հայերը[44][45]։

Ըստ Հերոդոտոսի՝ Դարեհի ուղարկած նավատորմը կազմված է եղել 600 տրիերաներից[46]։ Պատմական աղբյուրներում ոչ մի տեղեկություն չկա, թե քանի փոխադրական նավ է ուղեկցել տրիերաներին կամ արդյոք ուղեկցել է։ Մ․թ․ա․ 480 թվականին՝ Քսերքսեսի արշավանքի՝ պարսիկների՝ դեպի Հունաստան երկրորդ ներխուժան ժամանակ, ըստ Հերոդոստոսի, զորքը կազմված է եղել 3 հազար փոխադրական նավերից, որոնք ուղեկցում էին 1207 տեիերաներին[47]։ Ժամանակակից պատմիչներից ոմանք 600 տրիերաների մասին Հերոդոտոսի փաստարկը համարում են ողջամիտ։ Կարծիք կա նաև, որ այդ թիվը տրիերաների և փոխադրական նավերի թվերի գումարն է[48][49], կամ բացի 600 տրիերաները եղել է նաև ձիերով փոխադրում[50]։

Հերոդոտոսը չի տալիս պարսից զորքի ճշգրիտ թիվը, նա միայն ասում է, որ պարսից արքան հավաքագրում է «մեծաթիվ և լավ զինված հետևակ»[51]։ Այլ անտիկ հեղինակներից նաև Սիմոնիդես Քիոսացին, որը դեպքերին գրեթե ժամանակակից է, հայտնում է, որ պարսից զորքի թիվը 200 հազար էր, իսկ հռոմեացի Կորնելիուս Նեպոսը՝ որ այն կազմված էր 200 հազար հետևակից և 10 հազար հեծելազորից[52]։ Պլուտարքոսը և Պավսանիասն իրարից անկախ հայտնում են 300-հազարանոց զորքի մասին, ինչպես նշված է Սուդա հանրագիտարանում[53][54][55]։ Պլատոնը և Լիսիասը հայտնում է 500-հազարանոց, իսկ Մարկոս Յուստինոսը՝ 600-հազարանոց զորքի մասին[56][57][58]։

Ժամանակակից պատմաբանները հիմնականում այս թվերը համարում են չափազանցություններ[50]։ Զորքի իրական թվաքանակի հաշվման համար օգտագործվող մոտեցումներից մեկը 600 տրիերաներով փոխադրված զորքի մոտավոր թվաքանակի հաշվումն է։ Հերոդոտոսը հայտնում է, որ պարսիկների երկրորդ ներխուժման ժամանակ յուրաքանչյուր տրիերայում գտնվում էին 30 բարձրագույն տեսակի ծովային հետևակային և 14 այլ հետևակայիններ[59]։ Հաշվելով այս թվերը՝ կարող ենք ենթադրել, որ 600 տրիերաների վրա հեշտորեն կարող էին տեղավորվել 18-26 հազար հետևակայիններ[50][60]։ Պարսկական հետևակի ենթադրյալ թվաքանակը տատանվում է 18-100 հազարի սահմաններում[48][49][61][62][63]։ Այնուամենայնիվ, համաձայնությունը շուրջ 25 հազար հետևակայինի թվաքանակի շուրջ է[50][62]։

Ներխուժման ժամանակ օգտագործված հետևակը հավանաբար կազմված էր Աքեմենյան տերության մեջ բնակվող տարբեր ազգերից[64]։ Այնուամենայնիվ, ըստ Հերոդոտոսի՝ այդ ազգերի զրահի տեսակների և կռվելու ոճերի միջև նմանություն կար։ Զորքերը հիմնականում նման էին․ նրանք կրում էին աղեղ, կարճ նիզակ և սուր, բռնում էին վահան և առավելագույնը հագել էին կաշվե բաճկոն[64][65]։ Աքեմենյան զորքի մեջ հավանաբար բացառություն էին կազմում միայն բուն պարսկական զորքերը, որոնք կրում էին թեփուկավոր զրահ[64]։ Որոշ զորախմբեր զինված էին այլ զենքերով[64]․ օրինակ՝ սակերը հառչակավոր կացնահարներ էին։ Պարսկական հետևակի «էլիտար» զորակազմերը, ըստ երևույթին, եղել են էթնիկ պարսիկները, մարերը, կիսսիեցիները և սակերը։ Հերոդոտոսը Մարաթոնի ճակատամարտի նկարագրության մեջ մասնավորապես հիշատակում է պարսիկներին և սակերին[66]։ Պարսիկների կռվելու ոճը հավանաբար հետևյալն էր․ նրանք խուսափում էին թշնամու հետ մոտ կռվի բռնվելուց, հեռվից նետահարում էին նրանց՝ փորձելով այդպես հոգնեցնել թշնամուն, ապա մոտենում էին ու նիզակով կամ սրով սպանում նրան[64]։

  Մարաթոնում ճակատամարտը երկար տևեց։ Ռազամաշարքերի միջնամասում հաղթում էին բարբարոսները․ աստեղ կանգնած էին իրենք պարսիկները և սակերը։ Ահա այստեղ բարբարոսները հաղթելով, ճեղքեցին (աթենացիների) շարքերը ու սկսեցին նրանց քշել դեպի միջերկրայքը։ Սակայն երկու թևերում հաղթեցին աթենացիները և պլատեցիները։ Այստեղ հաղթելով, աթենացիները թույլ տվեցին, որ պարտված բարբարոսները փախչեն, իսկ իրենք, երկու թևերը միացնելով իրար, սկսեցին կռվել միջնամասը ճեղքած թշնամու դեմ։ Այստեղ ևս հաղթեցին աթենացիները, որից հետո նրանք սկսեցին հալածել փախչող պարսիկներին, կոտորելով նրանց, մինչև որ հասան ծով։ Այստեղ նրանք փորձեցին հարձակվել նավերի վրա և այրել դրանք։  

Հեծելազորի թվակազմը հիմնականում համարվում է 1,000-3,000[50][68]։ Աքեմենյան հեծելազորը հիմնականում կազմված էր էթնիկ պարսիկներից, բակտրիացիներից, մարերից, կիսսիեցիներից և սակերից, որոնց մեծ մասը հավանաբար թեթեևազեն էին[64][69]։ Նավատորմը պետք է իր կազմի մեջ ունենար նաև որոշակի փոխադրական նավեր, որպեսզի փոխադրեր հեծելազորը։ Բայց Հերոդոտոսը պնդում է, որ այն փոխադրվել է տրիերաների միջոցով, ինչն անհնար է։ Լազենբին նշում է, որ 1000 հոգանոց հեծելազորը փոխադրվել է 30-40 փոխադրական նավերով[50]։

Ռազմական գործողություններ խմբագրել

Կիկլադներ խմբագրել
 
Կիկլադյան կղզիները, Դելոսը Միկոնոսից հարավ-արևմուտք գտնվող փոքրիկ կղզին է։

Ըստ Լինդոսի տաճարի ժամանակագրության՝ պարսից զորքերը նախ ուղևորվում են Հռոդոս կղզի և պաշարում Լինդոս քաղաքը, սակայն պաշարումն անհաջողությամբ է ավարտվում, և պարսիկները ստիպված շարժվում են առաջ[70]։ Այստեղից պարսից նավատորմի նավերը մեկնել են Սամոս կղզի[71], որտեղից Եգեյան ծովով[72] շարժվել դեպի Կիկլադյան կղզիներ՝ մասնավորապես Նաքսոս։ Վերջինիս բնակիչները փախչում են լեռներ՝ կարծելով, որ պարսիկները հարձակվում են իրենց վրա։ Այդժամ պարսիկները գերի են վերցնում իրենց ձեռքն ընկածներին, հրդեհում են նրանց սրբավայրերը և քաղաքը, ինչից հետո շարժվում են մնացած կղզիների դեմ[73]։ Նաքսոսից հետո պարսիկներն ուղևորվում են Դելոս, որի բնակիչները նույնպես հասցրել էին փախչել և ապաստանել Թինոսում։ Պարսկական զորքերի ուժը Նաքսոսում ցույց տալուց հետո Դատիսը որոշում է գթասրտության քաղաքականություն վարել մնացած կղզիների նկատմամբ[72]։ Նա փախստական դելոսիցների մոտ պատվիրակ է ուղարկում և այսպես դիմում նրանց․

  Սրբազան (երկրի) մարդիկ․ ինչո՞ւ հեռու փախաք, կասկածելով, որ ձեր հանդեպ ես չար մտադրություն ունեմ։ Քազի ես ինքս այնքան խելամիտ եմ․ և արքան ինձ հրամայել է, որ չավերեմ երկու աստվածների ծննդավայրը և չվնասեմ այնտեղ բնակվողներին։ Ուստի այժմ վերադարձեք ձեր տները և ապրեք ձեր կղզում։
- Հերոդոտոս, VI, 97[74]
 

Դատիսն Ապոլլոնի պատվին Դելոսում զոհասեղանի վրա այրում է 300 տաղանդ խունկ, ինչից հետո պարսից նավատորմը մեկնում է Դելոսից, հերթով մոտենում մնացած կղզիներին, զորք հավաքում, իսկ երեխաներին պատանդ վերցնում։ Շուտով պարսից բանակը հասնում է Եվբեա[75]։

Եվբեա խմբագրել

Հասնելով Եվբեա՝ պարսից զորքերը շարժվում են դեպի Կարիստոս, որի բնակիչները հրաժարվում են պարսիկներին պատանդներ հանձնել, ինչպես նաև միավորվելով նրանց հետ՝ արշավել ընդդեմ իրենց հարևանների՝ Աթենքի ու Երետրիայի։ Այս ամենն իմանալուց հետո պարսիկները ձեռնամուխ են լինում Կարիստոսի պաշարմանը։ Ռազմական գործողությունները պարսիկների համար ավարտվում են հաջողությամբ․ այս ամենից հետո կարիստոսցիները ստիպված անցնում են պարսիկների կողմը[76]։

Երետրիայի պաշարում խմբագրել

Պարսկական զորքերն այդժամ ուղևորվում են իրենց արշավանքի նպատակներից մեկը՝ Երետրիայի կործանումն իրականացնելու։ Ըստ Հերոդոտոսի՝ երետրիացիների մեջ պառակտում կար․ ոմանք ցանկանում էին փախչել լեռներ և փրկվել այնտեղ, ոմանք՝ մնալ քաղաքում և ենթարկվել պաշարման, ոմանք էլ՝ հպատակվել պարսիկներին։ Մեծամասնությունը որոշում է մնալ քաղաքում։ Երիտրիացիները չեն փորձել խանգարել պարսիկների ուժերի ափ իջնելուն կամ հարձակմանը․ նրանք ուղղակի թույլ են տվել պաշարել իրենց։ Երետրիացիները դիմում են նաև աթենացիներին՝ խնդրելով օգնական ուժեր ուղարկել։ Աթենացիները չեն մերժում օգնություն տրամադրել և ուղարկում են 4 հազար զինվորների։ Այնուամենայնիվ, Երետրիայի նշանավոր այրերից մեկը՝ Այսքինեսը, խորհուրդ է տալիս նրանց վերադառնալ հետ և փրկվել, քանի որ նա տեղյակ էր քաղաքում պատրաստվող դավաճանական քայլերին։ Աթենացիները հենց այդպես էլ վարվում են՝ փրկելով իրենց կյանքը[77]։ Վեց օր շարունակ պարսիկները հարձակվում են Երետրիայի պարսիպների վրա, սակայն չեն կարողանում գրավել այն․ երկու կողմերն էլ տալիս էին մեծաթիվ զոհեր։ Այնուամենայնիվ, 7-րդ օրը երկու նշանավոր երետրիացիներ դավաճանում են ընդհանուր գործը և բացում քաղաքի դարպասները՝ քաղաքը հանձնելով պարսիկներին։ Քաղաքն ավերվում է, ի պատասխան Սարդեսի տաճարի հրդեհմանը, որը կատարվել էր երետրիացիների ձեռքով՝ պարսիկներն այրում են քաղաքի սրբավայրերը և ինչպես հրամայել էր Դարեհ արքան՝ ստրկացնում նաև ամբողջ բնակչությանը[78]։

Մայրցամաքային Հունաստան խմբագրել
Մարաթոնի ճակատամարտ խմբագրել
 
Մարաթոնի ճակատամարտի սխեման
 
Մարաթոնի դաշտից Աթենք մեկնած Ֆիդիպպիդեսն աթենական ծերակույտին է հայտնում պարսիկների ջախջախման լուրը։ Մարաթոնից մինչև Աթենք նա կտրում է 42 կմ 196 մ ճանապարհ և հասնելով քաղաքի մատույցներին՝ անշնչացած վայր է ընկնում։ Նրա պատվին Օլիմպիական խաղերում մտցվել է մարաթոնյան վազքը[79][80]։

Այնուհետև պարսկական նավատորմն ուղևորվել է հարավ՝ դեպի Ատտիկա՝ ափ իջնելով Մարաթոնի դաշտում՝ Աթենքից 25 մողն (40 կմ) հեռավորություն վրա․ այդտեղ նրանց առաջնորդել էր Աթենքի նախկին տիրանոս Պիսիստրատոսի որդին՝ Հիպպիաս[81]։ Աթենացիները, պլատեացիների փոքրաթիվ ուժերի հետ միավորվելով, շարժվում են դեպի Մարաթոն՝ հաջողությամբ կարողանալով փակել Մարաթոնի դաշտի երկու ելքերը[82]։ Նույն ժամանակ աթենացիների ամենաարագ վազորդը՝ Ֆիդիպպիդեսը, ուղարկվում է Սպարտա, որպեսզի նրանց հայտնի աթենացիների՝ օգնության հասնելու մասին խնդրանքը[82]։ Ֆիդիպպիդեսը Սպարտա է ժամանում տեղի ունեցող Կարնեի տոնակատարության ժամանակ, որի ընթացքում սպարտացիներն իրավունք չունեին արշավանքի դուրս գալ․ նրանք հայտնում են, որ Սպարտայի բանակը չի կարող արշավել մինչև լիալուսին չլինի, ինչը նշանակում է, որ Աթենքն ամենաքիչը 10 օր չի կարող համալրում ստանալ[83]։ Աթենացիներն այդժամ որոշում են ամրանալ Մարաթոնում և սպասել[82]։

Այդ իրավիճակը շարունակվում է 5 օր, սակայն աթենացիներն ի վերջո որոշում են (պատճառները լիովին հստակ չեն) հարձակվել պարսիկների վրա[84]։ Չնայած պարսիկների ունեցած թվային գերակշռությանը՝ հոպլիտներն ապացուցում են իրենց հզոր արդյունավետությունը․ նրանք նախ ջախջախում են պարսից զորքի թևերը, ապա անցնում հակառակորդի ռազմաշարքի կենտրոնին։ Պարսկական բանակի մնացորդները լքում են ռազմաճակատը և փախուստի դիմում իրենց նավերով[65]։ Ըստ Հերոդոտոսի՝ ռազմադաշտում պարսիկները թողել էին 6,400 դիակ[85], աթենացիները կորցրել էին ընդամենը 192, իսկ պլատեացիները՝ 11 զինվոր[86]։

Ճակատամարտից անիջապես հետո, ըստ Հերոդոտոսի, պարսկական նավատորմն անցնում է Սունիոնը, որպեսզի անմիջապես հարձակվի Աթենքի վրա[87]․ որոշ ժամանակակից պատմաբաններ այս զորաշարժը համարում են կատարված ոչ թե մարտից հետո, այլ անմիջապես առաջ[88]։ Այնուամենայնիվ, աթենացիներն ակնհայտորեն հասկացել էին, որ իրենց քաղաքը դեռևս վտանգի տակ է, և որքան հնարավոր է շուտ վերադարձել էին Աթենք[89]։ Աթենացիները ժամանում են ճիշտ ժամանակին՝ կանխելով պարսիկների ապահով ափ իջնելը, ինչից հետո տեսնելով, որ հնարավորությունը ձեռքից բաց է թողնված՝ պարսից նավատորմը շրջվում և վերադառնում է Ասիա[89]։ Հաջորդ օրը ժամանում է Սպատայի բանակը, որն ընդամենը 3 օրում կտրել էր 220 կմ (140 մղոն), սակայն ուշացել էր ճակատամարտից։ Նրանք մեկնում են տեսնելու Մարաթոնի ռազմադաշտը, գովում աթենացիներին իրենց մեծ հաղթանակի համար և վերադառնում Սպարտա[90]։

Հետևանքներ խմբագրել

Մարաթոնում պարսիկների կրած պարտությունը վերջ է դրել պարսիկների առաջին ներխուժմանը Հունաստան։ Այնուամենայնիվ, Թրակիան և Կիկլադյան կղզիները վերանվաճվում են և մտնում Աքեմենյան տերության կազմի մեջ, իսկ Մակեդոնիան, որը մ․թ․ա․ 6-րդ դարի վերջից համարվում էր աքեմենյան վասալ, սակայն վայելում էր ներքին լայն ինքնուրույնություն, դարձավ տերությանն ամբողջովին հպատակ մի թագավորություն[32]։ Դարեհը դեռևս վճռական էր տրամադրված Հունաստանը գրավելու ցանկության հանդեպ՝ ցանկանալով ապահովել իր տերության արևմտյան մասը[91]։ Դեռ ավելին, աթենացիները դեռևս անպատիժ էին մնում Հոնիական ապստամբության ժամանակ իրենց մասնակցության համար։ Աթենքը և Սպարտան պետք է պատժվեին նաև պարսից դեսպաններին մահապատժի ենթարկելու համար[92]։

Ուստի Դարեհը ձեռնամուխ է լինում նաև հսկայական բանակի հավաքագրմանը, որով նա նպատակադրվել էր ամբողջովին հպատակեցնել Հունաստանը։ Այնուամենայնիվ, մ․թ․ա․ 486 թվականին Եգիպտոսն ապստամբում է՝ անորոշ ժամանակով հետաձգելով սպասվող հունական արշավանքը[92]։ Այնուհետև Դրաեհը մահանում է դեպի Եգիպտոս ուղղված արշավանքին պատրաստվելու ժամանակ, իսկ պարսից գահն անցնում է նրա որդի Քսերքսես I-ին[93]։ Քսերքսեսը ճնշում է եգիպտացիների ապստամբությունը և շատ արագ վերսկսում դեպի Հունաստան ուղղված արշավանքի համար կատարվող նախապատրաստությունները[94]։ Արշավանքի նախապատրաստություններն ավարտվում են մ․թ․ա․ 480 թվականին, ինչից հետո սկսում է Պարսիկների երկրորդ ներխուժումը Հունաստան, որը ղեկավարվում էր անձամբ Քսերքսեսի կողմից[95]։

Նշանակություն խմբագրել

 
Հույն հոպլիտը և պարսիկ զինվորը մարտի ժամանակ․ մ․թ․ա 5-րդ դար

Պարսիկների համար երկու արշավանքների ընթացքում էլ գրավվել են նոր տարածքներ, որոնք միացվել են Աքեմենյան տերությանը, Երետրիան պատժվել է Հոնիական ապստամբությանը ցուցաբերած իր մասնակցության համար[92]։ Այն, որ պարսիկները պարտություն են կրել Մարաթոնի ճակատամարտում, միայն փոքր անհաջողություն էր պարսիկների համար, քանի որ դա չի նվազեցրել պարսիկների ունեցած հսկայական ռեսուրսները[96]։ Սակայն հույների համար դա չափազանց կարևոր հաղթանակ էր։ Դա առաջին անգամ էր, երբ հույները հաղթանակի էին հասնում պարսիկների նկատմամբ և ապացուցում, որ պարսիկներն անպարտ չեն, որ հպատակվելու փախարեն ապստամբելը և հաջողելը հնարավոր է[97]։

Մարաթոնի ճակատամարտն աթենական երիտասարդ ժողովրդավարության համար վճռական պահ էր, որը ցույց տվեց, թե ինչի կարելի է հասնել միասնության միջոցով։ Այս ճակատամարտը համարվում է Աթենքի «ոսկե դարաշրջանի» մեկնակետը[98], ինչը կարելի է ասել նաև ամբողջ Հունաստանի համար։ «Նրանց հաղթանակը հույներին հավատ ներշնչեց սեփական ճակատագրի հանդեպ, որը պետք է պահպանվեր երեք հարյուրամյակների ընթացքում, որոնց ընթացքում սկիզբ առավ արևմտյան մշակույթը»[4][99]։ Ջոն Ստյուարտ Միլը հայտնել է իր հայտնի կարծիքներից մեկը, ըստ որի՝ «Մարաթոնի ճակատամարտը նույնիսկ որպես Բրիտանիայի պատմության իրադարձություն, ավելի կարևոր է, քան Հասթինգսի ճակատամարտը»[100]։

Հույների համար ռազմական ամենամեծ դասերից մեկը եղավ հոպլիտ փաղանգի ներուժի բացահայտումը։ Այս ոճը զարգացել էր հունական երկպառակչական պատերազմների ժամանակ, երբ հունական քաղաք-պետությունները միմյանց դեպ կռվում էին նույն ձևով և զորատեսակներով, ինչի պատճառով էլ հոպլիտների առավելություններն ու թերությունները նկատելի չէին[101]։ Մարաթոնի ճակատամարտն առաջինն էր, երբ հունական փաղանգը հանդիպել է ավելի թեթևազեն զորքերի և բացահայտել, թե ինչպիսի ուժեղ կարող են լինել հոպլիտները ճակատամարտի ժամանակ[101]։ Պարսիկները, թվում է, քիչ թե շատ անտեսել էին Մարաթոնի ճակատամարտից ստացած դասերը։ Դեպի Հունաստան ուղղված երկրորդ ներխուժման ժամանակ հետևակայինների կազմը նույնն էր, ինչպես առաջին ներխուժման ժամանակ՝ չնայած պարսիկներն ունակ էին իրենց տարածքներից հավաքագրել հոպլիտներ և այլ ծանրազեն հետևակայիններ[102]։ Նախկինում հոպլիտների դեմ հաղթանակներ տարած լինելով՝ պարսիկները հավանաբար Մարաթոնի ճակատամարտում կրած պարտությունը համարում էին սխալմունք[102]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Briant, Pierre (2002). From Cyrus to Alexander: A History of the Persian Empire (անգլերեն). Eisenbrauns. էջ 158. ISBN 9781575061207. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  2. Roisman, Worthington, էջ 343
  3. Cicero, On the Laws I, 5
  4. 4,0 4,1 4,2 4,3 Թոմ Հոլանդ, գլուխներ xvixvii.
  5. Thucydides, History of the Peloponnesian War, e.g. I, 22 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  6. 6,0 6,1 Finley, էջ 15.
  7. Թոմ Հոլանդ, գլուխ xxiv.
  8. David Pipes. «Herodotus: Father of History, Father of Lies». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
  9. 9,0 9,1 Թոմ Հոլանդ, էջ 377.
  10. Fehling, էջեր 1–277.
  11. Diodorus Siculus, Bibliotheca Historica Արխիվացված 2008-09-24 Wayback Machine
  12. Note to Herodotus IX, 81 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  13. Հերդոդոտոս, V, 31
  14. Հերդոդոտոս, V, 32
  15. Հերդոդոտոս, V, 33 Արխիվացված 2020-07-10 Wayback Machine
  16. Keaveney, p. 76.
  17. Հերդոդոտոս, V, 34 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  18. Հերդոդոտոս, V, 35 Արխիվացված 2020-07-08 Wayback Machine
  19. Թոմ Հոլանդ, էջեր 157–159.
  20. 20,0 20,1 20,2 Թոմ Հոլանդ, էջեր 160–162.
  21. Հերդոդոտոս, V, 100
  22. Հերդոդոտոս, V, 101
  23. Հերդոդոտոս, V, 102 Արխիվացված 2019-09-15 Wayback Machine
  24. Հերդոդոտոս, V, 103 Արխիվացված 2019-09-15 Wayback Machine
  25. Հերդոդոտոս, V, 104
  26. Boardman et al, էջեր 481–490. Արխիվացված 2020-08-12 Wayback Machine
  27. Հերդոդոտոս, VI, 14
  28. Թոմ Հոլանդ, էջեր 175–177.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Հերդոդոտոս, VI, 43
  30. 30,0 30,1 30,2 30,3 Հերդոդոտոս, VI, 44
  31. Թոմ Հոլանդ, p153
  32. 32,0 32,1 Roisman, Worthington, էջեր 135-138, 342-345
  33. 33,0 33,1 Հերդոդոտոս, VI, 45
  34. Հերդոդոտոս, VI 48 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  35. 35,0 35,1 Թոմ Հոլանդ, էջեր 178–179
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 Թոմ Հոլանդ, էջեր 179–181
  37. Հերդոդոտոս, VI, 49 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  38. Հերդոդոտոս, VI, 73 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  39. Հերդոդոտոս, VI, 74 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  40. 40,0 40,1 Թոմ Հոլանդ, էջեր 181–183
  41. The Achaemenid Empire in South Asia and Recent Excavations in Akra in Northwest Pakistan Peter Magee, Cameron Petrie, Robert Knox, Farid Khan, Ken Thomas p.713-714 Արխիվացված 2020-05-23 Wayback Machine
  42. NAQŠ-E ROSTAM – Encyclopaedia Iranica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  43. «List of ethnicities with corresponding drawing». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  44. Lecoq, Pierre. Les inscriptions de la perse achemenide (1997) (French). էջեր 221–222.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «DNe inscription». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  46. Հերոդոտոս, VI, 95 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  47. Հերոդոտոս, VII, 97 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  48. 48,0 48,1 Stecchini, Livio. «The Persian Wars». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  49. 49,0 49,1 Green, էջ 90
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 50,5 Lazenby, էջ 46
  51. Հերոդոտոս, VI 95 Արխիվացված 2020-07-10 Wayback Machine
  52. Cornelius Nepos, Miltiades, 4
  53. Պլուտարքոս, Moralia, 305B
  54. Պավսանիաս IV, 22
  55. Սուդա հանրագիտարան, entry Hippias
  56. Պլատոն, Menexenus, 240A
  57. Լիսիաս, Funeral Oration, 21
  58. Մարկոս Յուստինոս, II, 9
  59. Հերոդոտոս, VII, 184 Արխիվացված 2008-05-02 Wayback Machine
  60. Kampouris (2000)
  61. Davis, էջեր 9–13
  62. 62,0 62,1 Թոմ Հոլանդ, էջ 390
  63. Lloyd, էջ 164
  64. 64,0 64,1 64,2 64,3 64,4 64,5 Lazenby, էջեր 23–29
  65. 65,0 65,1 Թոմ Հոլանդ, էջեր 195–197
  66. Հերոդոտոս, VI, 113 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  67. Perseus Under Philologic: Hdt.6.113. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
  68. Ιστορία του Ελληνικού Έθνους (History of the Greek nation volume Β), Athens 1971
  69. Լազենբին, էջ 232
  70. Lind. Chron. D 1–59 in Higbie (2003)
  71. Հերոդոտոս, VI, 95 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  72. 72,0 72,1 Թոմ Հոլանդ, էջեր 183–186
  73. Հերոդոտոս, VI, 96 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  74. Հերոդոտոս, VI, 97 Արխիվացված 2020-12-25 Wayback Machine
  75. Հերոդոտոս, VI, 99 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  76. Հերոդոտոս, VI, 99 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  77. Հերոդոտոս, VI, 100 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  78. Հերոդոտոս, VI, 101 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  79. «Battle of Marathon, Greek history, britannica.com». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  80. «The marathon story: Heroic Pheidippides, jacksonville.com». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  81. Հերոդոտոս, VI, 102 Արխիվացված 2020-07-10 Wayback Machine
  82. 82,0 82,1 82,2 Թոմ Հոլանդ, էջեր 187–190
  83. Հերոդոտոս, VI, 105 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  84. Lazenby, էջեր 59–62
  85. Հերոդոտոս, VI, 117 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  86. Siegel, Janice (2005 թ․ օգոստոսի 2). «Dr. J's Illustrated Persian Wars». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  87. Հերոդոտոս, VI, 115 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  88. Թոմ Հոլանդ, էջեր 191–194
  89. 89,0 89,1 Հերոդոտոս, VI, 116 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  90. Հերոդոտոս, VI, 120 Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
  91. Թոմ Հոլանդ, էջ 177
  92. 92,0 92,1 92,2 Թոմ Հոլանդ, էջ 202–203
  93. Թոմ Հոլանդ, էջեր 206–208
  94. Թոմ Հոլանդ, էջեր 208–211
  95. Թոմ Հոլանդ, էջեր 240–244
  96. Holland, էջ 200
  97. Թոմ Հոլանդ, էջ 201
  98. Թոմ Հոլանդ, p138
  99. Fuller, էջեր 11–32
  100. Powell et al., 2001
  101. 101,0 101,1 Թոմ Հոլանդ, էջ 194–197
  102. 102,0 102,1 Lazenby, էջ 28

Գրականություն խմբագրել

Անտիկ աղբյուրներ խմբագրել

Ժամանակակից աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել