Յուրի Լյուբիմով
Յուրի Պետրովիչ Լյուբիմով (սեպտեմբերի 17 (30), 1917[1], Յարոսլավլ, Ռուսական հանրապետություն[2][3][3] - հոկտեմբերի 5, 2014[1][4][5][…], Մոսկվա, Ռուսաստան[3]), ռուս և խորհրդային նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր։ Ռուսական թատերական արվեստի բարեփոխիչ[7]։
Յուրի Լյուբիմով Юрий Любимов | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17 (30), 1917[1] |
Ծննդավայր | Յարոսլավլ, Ռուսական հանրապետություն[2][3][3] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 2014[1][4][5][…] (97 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[3] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան, ԽՍՀՄ, Իսրայել, ԽՍՀՄ և Հունգարիա |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1939) |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր, դերասան, ռեժիսոր, օպերային ռեժիսոր և թատերական ուսուցիչ |
Աշխատավայր | ԽՍՀՄ ՆԳԺԿ երգի ու պարի համույթ, Վախթանգովի թատրոն, Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ և Տագանկայի թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | lyubimov.info |
Yuri Lyubimov Վիքիպահեստում |
Առաջին դերը թատրոնում խաղացել է 18 տարեկանում։ Ներկա է եղել Մեյերխոլդի, Ստանիսլավսկու բեմադրություններին, խաղացել է Վախթանգովի "Արքայազն Տուրանդոտ"-ում։ Մասնակցել է սովետա-ֆիննական և Հայրենական մեծ պատերազմներին, ղեկավարությունը նկատել է նրա կատարողական ձիրքը և ներգրավել ՆԳԺԿ-ի երգի-պարի համույթում, որտեղ Լյուբիմովը մոտիկից շփվել է մտավորականության սերուցքի (Նիկոլայ Էրդման, Դմիտրի Շոստակովիչ, Ռուբեն Սիմոնով և ուրիշներ) հետ, ձևավորել սեփական գեղագիտական աշխարհընկալումը։ Գլխավոր դերերով հանդես է եկել Վախթանգովի թատրոնի բեմադրություններում, եղել է ճանաչված կինոդերասան։ 1964 թվականին Մոսկվայում հիմնել է Տագանկայի թատրոնը, որտեղ ձևավորել է դերասանական փայլուն կազմ և ներկայացրել բեմադրական սեփական մեթոդը, հանդես եկել նորարարական ներկայացումներով ("Բարի մարդը Սեզուանից", "Տաս օր, որ ցնցեցին աշխարհը", "Համլետ", "Վարպետն ու Մարգարիտան" և այլն)։ Նրա ներկայացումները բազմիցս արգելվել են, 1984 թվականին զրկվել է ԽՍՀՄ քաղաքացիությունից, օպերային և թատերական բեմադրություններով ներկայացել աշխարհի լավագույն բեմերում։ Չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ Լյուբիմովի թատրոնը դարձել է ռուսական և համաշխարհային արվեստի խոշոր երևույթ, իսկ ինքը՝ թատրոնի նահապետը շարունակել է ստեղծագործել մինչ իր կյանքի ավարտը՝ բարձր գնահատանքի արժանանալով թե' հանդիսատեսի, և թե' քննադատների կողմից։
Կենսագրություն
խմբագրելՅուրի Լյուբիմովը ծնվել է Յարոսլավլում։ Ունի ռուսական և մոր կողմից քառորդ գնչուական ծագում։ Վաղ տարիքից ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, նրա ծնողները ստալինիզմի տարիներին ձերբակալվել են[8]։ 1934 թ. ընդունվել է ՄԳԱԹ-2-ի ստուդիա։ Առաջին դերը խաղացել է 1935 թ. ("Կյանքի աղերս")։ 1936 թ. տեղափոխվում է Վախթանգովի թատրոնի Շչուկինի անվան թատերական ուսումնարան, որն ավարտում է 1939 թ.: Նրա դերասանական կատարումը գրավում է Վսևոլոդ Մեյերխոլդի ուշադրությունը։ 1940 - 1946 թթ. ծառայում է սովետական բանակում՝ Սովետա-ֆիննական պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ 1941-1946 թթ. ՆԳԺԿ-ի երգի-պարի համույթի արտիստ (ելույթներ էին ունենում պատերազմի ճակատում)։
1946 թվականից՝ Վախթանգովի թատրոնի դերասան։ Նշանավոր դերերից են՝ Օլեգ Կոշևոյ՝ Ա. Ֆադեևի "Երիտասարդ գվարդիա" (1947), Կիրիլ Իզվեկով՝ Կ. Ֆեդինի "Առաջին ուրախություններ" և "Անսովոր հրաշք" (1950, 1951), և այլն։ Մաքսիմ Գորկու "Եգոր Բուլիչովը և ուրիշներ" պիեսում Տելյատինի դերի համար 1952 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Նկարահանվել է քսանից ավելի ֆիլմերում ("Մենամարտ", 1945; "Միչուրին", 1948; "Երեք հանդիպում", 1948; "Կուբանի կազակներ", 1949; "Կայեն XVIII", 1963; "Ընդամենը մի քանի խոսք պարոն դե Մոլիերի պատվին", 1975; և այլն)։ 1964 թվականին հիմնել է Տագանկայի նշանավոր թատրոնը։ Այդ տարիների նրա հայտնի բեմադրություններից են՝ Բերտոլդ Բրեխտի «Բարի մարդը Սեզուանից» (1964), Սերգեյ Եսենինի «Պուգաչով» (1967), Մոլիերի «Տարտյուֆ» (1968), Շեքսպիրի «Համլետ» (1971), «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են…», Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», «Վլադիմիր Վիսոցկի» (1981)։ 1970-ականների կեսերին Լյուբիմովի թատրոնը աշխարհի ճանաչված թատերական կենտրոններից է. մինչև իսկ արտասահմանից հյուրեր են ժամանում հատուկ նրա բեմադրությունները դիտելու և հյուրախաղերի հրավիրելու համար։ 1976 թ. Լյուբիմովի բեմադրած "Համլետը" (գլխ. դերում՝ Վ. Վիսոցկի) հարավսլավական հեղինակավոր ԲԻՏԵՖ միջազգային փառատոնում արժանանում է գրան-պրիի։ Լյուբիմովին է հանձնվում նաև Վարշավայի II միջազգային թատերական հանդիպման առաջին մրցանակը (1980)։ Վիսոցկու մահից և Տագանկայի թատրոնի շենքում Լյուբիմովի կազմակերպած համաժողովրդական սգո հրաժեշտից հետո նրա ներկայացումները արգելվեցին կոմունիստական իշխանությունների կողմից, իսկ 1984 թ. նա զրկվեց խորհրդային քաղաքացիությունից։ Այնուհետև Արևմուտքում նա շարունակեց ռեժիսորի կարիերան։ Նա աշխատում էր Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Սկանդինավիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի լավագույն բեմերում (Քովեն-Գարդեն և այլն), թողարկում էր նաև փայլուն օպերային բեմադրություններ, այդ թվում՝ Լա Սկալայում և Գրան-Օպերայում։ 1983 թ. Լոնդոնում Լյուբիմովի բեմադրած «Ոճիրն ու պատիժը» (ըստ Դոստոևսկու) արժանացավ Evening Standard մրցանակին։ Այդ տարիներին ԽՍՀՄ-ում Լյուբիմովի անունն արգելված էր և նույնիսկ հանվել էր իր բեմադրած ներկայացումների աֆիշներից[9]։
1989 թ. Լյուբիմովը կրկին ղեկավարեց Տագանկայի թատրոնը, բեմադրեց նախկինում արգելված ներկայացումներից, վերականգնեց մի քանի հին աշխատանքներ։ 1993 թվականին ԽՍՀՄ մշակույթի նախկին նախարար Ն. Գուբենկոյի գլխավորությամբ թատրոնի դերասանների մի մասն առանձնացավ (նրանք մեղադրում էին Լյուբիմովին՝ երկրից հաճախ բացակայելու ու պայմանագրային հարաբերությունների կողմնակից լինելու մեջ) և գրավեց թատրոնի նոր շենքը։ Լյուբիմովը շարունակեց աշխատանքը հին շենքում՝ արձանագրելով մի շարք ստեղծագործական հաջողություններ ու արժանանալով նորանոր մրցանակների (Բոննի միջազգային թատերական փառատոնի գրան-պրի, "Տրիումֆ", "Ոսկե դիմակ" ևն)։ Տագանկայի թատրոնից վերջնականապես հեռացավ 2011 թվականին՝ Չեխիայում տեղի ունեցած սկանդալից հետո՝ չկարողանալով այլևս հանդուրժել դերասանների պահվածքը։ Պատերին նշանավոր մարդկանց (Սերգեյ Փարաջանով, Անդրեյ Տարկովսկի, Լոուրենս Օլիվիե և այլք) հիացական գրառումները կրող՝ Լյուբիմովի կաբինետը պահպանվում է պետության կողմից։ 2012 թ. բեմի 94-ամյա վարպետի մոնումենտալ 4-ժամանոց բեմադրությունը Վախթանգովի թատրոնում (Ֆ. Դոստոևսկու «Դևերը») քննադատների կարծիքով նրա կեսդարյա ռեժիսորական կարիերայում նոր էջ բացեց[10]։
2013 թ. հունիսի 8-ին Մոսկվայի Մեծ թատրոնի պատմական բեմում տեղի ունեցավ 96-ամյա Լյուբիմովի դեբյուտը՝ Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայի ներկայացումը։ Բոլոր ներկայացումների տոմսերը գնված էին նախապես, իսկ դահլիճը ծափահարում էր կանգնած[11][12]։ Ինչպես նշում էին քննադատները, "երևում է Լյուբիմովի ոճը։ լակոնիկ, հստակ". բեմադրությունը զգալիորեն տարբերվում էր նախորդներից, իսկ երաժշտությունը կրճատվել էր 1,5 ժամով՝ դարձնելով ներկայացումն ավելի դինամիկ[13]։
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր էր։ ՌԴ ժողովրդական դերասան (1992)[14], ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1997)։
Լյուբիմովը մեծ ներդրում է ունեցել Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործական անհատականության կայացման գործում։ «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք» գրքում Մարինա Վլադին գրում է. «Քո հարաբերությունները Լյուբիմովի հետ տարեցտարի խորանում են։ Նա քեզ համար մի քիչ հայր է դառնում, որին դու իրականում երբևէ չես ունեցել։ Դու հիանում ես նրանով և փոքր-ինչ վախենում։ Նա քեզ սիրում է որպես տաղանդավոր որդու, որը, ճիշտ է, շատ հոգսեր է բերում։ Դուք լրացնում եք միմյանց, և ինձ համար իսկական հաճույք է դառնում՝ լինել ձեր փորձերին»[15]։ Լյուբիմովին են նվիրված Վիսոցկու մի քանի երգեր ("Еще не вечер", "Як - истребитель"[16])։
Երկար տարիներ ամուսնացած է եղել դերասանուհի Լյուդմիլա Ցելիկովսկայայի հետ (Կարո Հալաբյանի այրին), որը հատկապես Հալաբյանի ազդեցիկ ընկերների (Անաստաս Միկոյան, Կոնստանտին Սիմոնով) միջոցով նպաստեց Տագանկայի թատրոնի հիմնմանը։ Հաջորդ կինն էր հունգարացի լրագրող Կատալին Լյուբիմովան (ծնվել է 1946 թ․ դեկտեմբերի 20-ին)։ Յուրի Լյուբիմովն ունի երկու որդի։
Բեմադրական ոճ
խմբագրելԻնչպես նշում է քննադատ Օ. Մալցևան՝ Լյուբիմովի բեմադրությունների բանաստեղծականությունը և ոճը ստեղծում են առանձնակի գեղարվեստական աշխարհ։ Պոետ Անդրեյ Վոզնեսենսկու բնութագրմամբ՝ իր բացման օրվանից Տագանկայի թատրոնը դարձավ "ազատասեր մտավորականության էպիկենտրոնը"[17]: Ու չնայած Լյուբիմովի կիրառած այդ ազատ արտահայտչամիջոցները խորհրդային իշխանությունների սևեռուն ուշադրության ու բազում արգելքների առարկան էին՝ թատրոնի լայն ընդունելությունը թե' երկրի ներսի, թե' արտասահմանյան թատերասերների շրջանում խանգարում էր ուղղակի հաշվեհարդար տեսնել թատրոնի և նրա գլխավոր բեմադրիչի հետ։ Տագանկայի թատրոնի առաջին բեմադրությունը սկսվում էր նրա գեղագիտական ծրագրի ներկայացմամբ. "փնտրեք այն թատրոնը, որի արմատները գնում են դեպի փողոցի կյանքը, ամենօրյա, հազարադեմ թատրոնը...": 1965 թվականին Լյուբիմովը բեմադրեց մնջախաղի, բալետի և ակրոբատիկայի տարրեր պարունակող "Տաս օր, որ ցնցեցին աշխարհը" ներկայացումը (ըստ Ջ. Ռիդի), որն արդեն սկսվում էր թատրոնի դիմացի Տագանկայի հրապարակից, որտեղ հեղափոխական նավաստու համազգեստով ու զենքերով դերասանները կատարում էին 1917 թ. երգերից ու քառյակներից՝ այդ կերպ թատրոն հրավիրելով հանդիսատեսին։
Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունում (1971, ձևավորումը Դ. Բորովսկու) Համլետի դերը կատարող պոետ Վլադիմիր Վիսոցկին բեմի վրա կիթառի նվագակցությամբ կատարում է Պաստեռնակի բանաստեղծությունը, երեք տարբեր մոտեցումներով կրկնում «Լինել, թե չլինել» մենախոսությունը։ Ասկետիկ ձևավորված բեմում տիրում է խոշորամասշտաբ բրդե վարագույրը, որ բեմադրության վերջում սրբելու է բեմը դերասաններից, ինչպես և նրանց՝ աշխարհը հասկանալու փորձերից։
Վիսոցկու մահից հետո Լյուբիմովը բեմադրում է "Վլադիմիր Վիսոցկի" պոետիկ ներկայացումը, որը բեմադրիչի բնորոշմամբ՝ "Համլետ" է առանց Համլետի։ Բեմադրությունում ներկայացվում են նաև հատվածներ "Համլետից". դերասանների հարցադրումներին ի պատասխան հնչում են Վիսոցկու ձայնը, նրա կատարումները։ Ինչպես իր հուշերում գրում է Վիսոցկու այրին՝ Մարինա Վլադին, "երեք ժամից էլ կարճ ժամանակամիջոցում Լյուբիմովին հաջողվեց արտահայտել ամենակարևորը՝ քո, ուրեմն մի քիչ նաև՝ իմ կյանքում.... բանաստեղծություններից բացի ոչինչ չօգտագործելով` Լյուբիմովը ցույց է տվել մեր կյանքի ամենածանր պահերը"[18]:
Լյուբիմովի ուշ շրջանի բեմադրությունների մասին քննադատ Գ. Զասլավսկին գրում է. "Տարածության և ժամանակի միավորն իմաստավորելու կարողությամբ առաջվա պես գոյություն չունի Լյուբիմովին հավասար մեկը։ Եվ, կարծեմ, ո'չ միայն Ռուսաստանում"[19]:
Լյուբիմովի թատրոնի յուրօրինակ նորարարություններից է լուսային վարագույրը. բոլոր քառասուն լուսատուներն ուղղվում են վեր, որտեղ սև թավիշը կլանում է լույսը, և հանդիսատեսը չի տեսնում, թե ինչ է կատարվում բեմում[20]։
Ներկայացումների ժամանակ Լյուբիմովը հաճախ նստում էր դահլիճում և ձեռքով մանիպուլյացիաներ կատարում իր եռագույն լուսարձակի առջև, այդպիսով նպաստելով խաղի դինամիկային և ցույց տալով դերասաններին, թե ինչպես աշխատել[21]։
Չնայած Հայաստանում երբևէ չի եղել, սակայն իր բեմադրություններում օգտագործել է նաև հայկական տարրեր ("Մարատ և մարքիզ դե Սադ" և այլն)։ "Գնացեք և կանգնեցրեք առաջընթացը (օբերիուտներ)" (2004) բեմադրությունում հնչում են Օսիպ Մանդելշտամի տողերը Շուշիի ջարդերի մասին։
Բեմադրություններ
խմբագրելԼյուբիմովը մեծաթիվ բեմադրությունների հեղինակ է։ Դրանց թվում են.
-Բերտոլդ Բրեխտ, "Բարի մարդը Սեզուանից" -Միխայիլ Լերմոնտով, "Մեր ժամանակի հերոսը"
-Անդրեյ Վոզնեսենսկի, "Անտիաշխարհներ" -Ջոն Ռիդ, "Տաս օր, որ ցնցեցին աշխարհը" -"Ընկածներ և ողջեր", պոետիկ ներկայացում,
-Բրեխտ, "Գալիլեյի կյանքը"
-Վլադիմիր Մայակովսկի, "Լսե'ք" -Սերգեյ Եսենին, "Պուգաչով"
-Բ. Մոժաև, "Ողջը", բեմադրությունն արգելվել է -Մոլիեր, "Տարտյուֆ"
-Մաքսիմ Գորկի, "Մայրը"
-Բ. Վասիլև, "Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են" -Շեքսպիր, "Համլետ"
-Միխայիլ Բուլգակով, "Վարպետն ու Մարգարիտան"
-Դոստոևսկի, "Ոճիր և պատիժ"
-Անտոն Չեխով, "Երեք քույր" -"Վլադիմիր Վիսոցկի". պոետիկ ներկայացում, արգելվել է, վերականգնվել 1988 թ.
-Ալեքսանդր Պուշկին, "Բորիս Գոդունով"
-Ջուզեպպե Վերդի, "Ռիգոլետտո"
-Պուշկին, "Խրախճանք ժանտախտի ժամանակ" |
-Ռիխարդ Վագներ, "Ռեյնի ոսկին"
-Նիկոլայ Էրդման, "Ինքնասպանը"
-Բորիս Պաստեռնակ, "Ժիվագո (դոկտոր)"
-Էվրիպիդ, "Մեդեա" -Չեխով, "Բալի այգին"
-Դոստոևսկի, "Կարամազով եղբայրներ" (երաժշտությունը՝ Վլադիմիր Մարտինովի)
-Պ. Վայս, "Մարատ և մարկիզ դե Սադ" -Ալեքսանդր Սոլժենիցին, "Շարաշկա"
-Շեքսպիր, "Քրոնիկներ" -Պուշկին, "Եվգենի Օնեգին"
-Կեդրով/Լյուբիմով, "Սոկրատես/Օրակուլ"
-Գյոթե, "Ֆաուստ"
-Սոֆոկլես, "Անտիգոնե"
-Ալեքսանդր Գրիբոյեդով, "Խելքից պատուհաս - Խելքը պատուհասվի - Խելքի պատուհասումը"
-Նիկոլայ Գոգոլ, "Արաբեսկներ"
-Տոնինո Գուերա, "Մեղր"
-Ֆյոդոր Դոստոևսկի, "Դևեր" |
Գրականություն
խմբագրել- Մարինա Վլադի, Վլադիմիր կամ ընդհատված թռիչք, Երևան, "Լույս", 1993, է. 197-200
- А. Григорян, Этот чудный театр..., Москва, 2014.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Любимов Юрий Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Dettaglio decorato: Lyubimov Yuri Petrovich (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ (Ю. П. Любимов) Энциклопедический словарь. 2009
- ↑ Յուրի Պետրովիչ Լյուբիմով, Վեստի, 2009
- ↑ «Հարցազրույց Ազատություն ռադիոկայանին». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Ռուսական թատրոնի նահապետի նախազգուշացումն աշխարհին - «Вести ФМ»(չաշխատող հղում)
- ↑ Մեծ թատրոնում տեղի ունեցավ Լյուբիմովի բեմադրությամբ "Իշխան Իգորի" առաջին ցուցադրությունը, Vesti.ru, 09.06.2013
- ↑ "Իշխան Իգորի" գլխավոր հերոսը դարձավ Յուրի Լյուբիմովը, «Известия», 2013
- ↑ Յուրի Լյուբիմովն օպերա էր հրավիրել կրկեսի արտիստներին, «Комсомольская правда», 2013
- ↑ Указ Президента Российской Федерации от 28 сентября 1992 года(չաշխատող հղում)
- ↑ «Վլադիմիր, կամ ընդհատված թռիչք», Մարինա Վլադի, 1990
- ↑ Վլադիմիր Վիսոցկի. 1968 թվական
- ↑ Ольга Мальцева. "Юрий Любимов. Режиссерский метод", Москва, 2010 ISBN 978-5-17-067080-2
- ↑ Մարինա Վլադի, Վլադիմիր կամ ընդհատված թռիչք, Երևան, "Լույս", 1993, էջ 220
- ↑ Г. Заславский Отчет о проделанной работе // Независимая газета, 16.04.01, с. 7
- ↑ Վ. Նովիկով, Վիսոցկի
- ↑ Յուրի Լյուբիմով։ Իմ ճանապարհը Բրեխտից մինչև Դոստոևսկի // Невское время, No 19(1660)
Արտաքին հղումներ
խմբագրել- Յուրի Լյուբիմովի անձնական կայք (ռուսերեն)
- Յուրի Լյուբիմովի 85-ամյակին նվիրված կայք (ռուսերեն)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Լյուբիմով» հոդվածին։ |