Կոնստանտին Ստանիսլավսկի

Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկի (իրական անունը՝ Կոնստանտին Սերգեյի Ալեքսեև) (ռուսերեն՝ Константин Сергеевич Станиславский, հունվարի 5 (17), 1863[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 7, 1938(1938-08-07)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի ռեֆորմիստ։ Ռեալիզմի ներկայացուցիչ։

Կոնստանտին Ստանիսլավսկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5 (17), 1863[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 7, 1938(1938-08-07)[2][3][4][…] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազդվել էՀենրիկ Իբսեն
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, մանկավարժ, կինոռեժիսոր, դերասան, ռեժիսոր, ուսուցիչ, թատերագետ և ձեռնարկատեր
ԱշխատավայրՄոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
ԱմուսինՄարիա Լալինա
Ծնողներհայր՝ Sergey Alekseyev?, մայր՝ Elizaveta Yakovleva?
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր արծվի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
ԵրեխաներVladimir Sergeyevich Sergeyev?
 Constantin Stanislavski Վիքիպահեստում

Կյանքը և ստեղծագործությունը

խմբագրել

Կոնստանտին Սերգեյի Ստանիսլավսկին ծնվել է հարուստ ռուսական ընտանիքում։ Ընդունել է Ստանիսլավսկի կեղծանունը, որպեսզի վտանգի տակ չդնի ընտանիքի հեղինակությունը։

Կոնստանտին Ստանիսլավսկին (իսկական ազգանունը՝ Ալեքսեև) բեմական առաջին փորձերն արել է 1877 թվականից՝ ընտանեկան «Ալեքսեևյան խմբակում»։ 1878-1881 թվականներին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1888 թվականին հիմնադրել է (Ալեքսանդր Ֆեդոտովի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ) Արվեստի և գրականության ընկերությունը, որտեղ խաղացել է Բարոն (Ալեքսանդր Պուշկինի «Ժլատ ասպետը»), Ֆերդինանդ (Ֆրիդրիխ Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո») և այլ դերեր։ Օժտված լինելով բնածին տաղանդով, վառ երևակայությամբ և բացառիկ հմայքով՝ Ստանիսլավսկին վաստակել է ականավոր դերասանի փառք։ Ռեժիսորական աշխատանքներում ձգտել է գտնել գեղարվեստական ճշմարտությունն արտահայտող ավելի նուրբ արտահայտչամիջոցներ (Լև Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գերհարդ Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և այլն)։

Ստանիսլավսկին 1898 թվականին հիմնադրել (Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ) և ղեկավարել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնը, բեմադրել առաջին ներկայացումը՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»։ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի իսկական ծնունդն ու համաշխարհային բեմարվեստի նոր ուղղությունը պայմանավորված է Անտոն Չեխովի «Ճայը» ներկայացումով (Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ Այնուհետև բեմադրել են Չեխովի «Քեռի Վանյա», «Երեք քույր», «Բալի այգին» պիեսները։ Խորապես ընկալելով Չեխովի դրամատուրգիայի բուն էությունը, կենսական ճշմարտությունը և բանաստեղծականությունը՝ Ստանիսլավսկին և Նեմիրովիչ-Դանչենկոն գտել են այն ներկայացնելու հատուկ եղանակ, նոր հնարանքներ՝ բացահայտելու մարդու ներաշխարհը։

Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի նորարարական բեմադրություններից են նաև Մաքսիմ Գորկու «Քաղքենիները», «Հատակումը», Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», «Ստեպանչիկովո գյուղը» (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու), Մորիս Մետեռլինկի «Կապույտ թռչունը» (Լեոպոլդ Սուլերժիցկու և Իվան Մոսկվինի հետ)։ Ստանիսլավսկու՝ Դոկտոր Շտոկմանի (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին») դերակատարումը թատերարվեստում գեղարվեստական մեծ երևույթ էր։ Սատինի (Գորկու «Հատակում») դերը խաղացել է հեղինակին հարազատ ռոմանտիզմով և հզոր շնչով։

Ստանիսլավսկու երգիծական ձիրքը դրսևորվել է Ֆամուսովի (Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Արգանի (Ժան-Բատիստ Մոլիերի «Երևակայական հիվանդ»), Կավալեր Ռիպաֆրատտայի (Կառլո Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին») և այլ անձնավորումներում։ 1910-ական թվականներից Ստանիսլավսկին սկսել է մշակել ստուդիական աշխատանքի եղանակ, որի ընթացքում ձևավորվել է նրա համակարգը՝ դերասանի հոգեբանական վարքագծի, պիեսի և դերի ըմբռնման մասին։ Ստանիսլավսկու համակարգը բեմարվեստում հոգեբանական ռեալիզմի այն ուղղության տեսական արտահայտությունն է, որ ինքն անվանել է վերապրումի արվեստ. այն դերասանից պահանջում է յուրաքանչյուր ներկայացման ժամանակ ոչ թե նմանակել, այլ գրական կերպարի հույզերն ու ապրումները սեփականի նման զգալու և հոգեբանորեն ստույգ վերարտադրելու կարողություն։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսվել է Ստանիսլավսկու ստեղծագործության նոր փուլը. բեմադրել է Նիկոլայ Գոգոլի «Ռևիզորը», Ալեքսանդր Օստրովսկու «Ջերմ սիրտը», Պիեռ Օգյուստեն Բոմարշեի «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» և այլ պիեսներ։ Ստանիսլավսկին ձգտել է բարեփոխումներ անել նաև երաժշտական թատրոնում։ 1918 թվականին ղեկավարել է Մեծ թատրոնի օպերային ստուդիան, 1935 թվականին ստեղծել է օպերային-դրամատիկական ստուդիա։

Նրա գործունեությունը որոշակիորեն ազդել է XX դարի ռուսական և համաշխարհային թատերարվեստի զարգացման վրա։

Ստանիսլավսկին հայ մշակույթի և նրա ականավոր գործիչների հետ շփվել է դեռևս պատանեկան տարիքից՝ Լազարյան ճեմարանում։ Նրա մտերիմ բարեկամներից էին դերասան Գեորգի Բուրջալովը և ռեժիսոր Քրիստափոր Պետրոսյանը։ Նկարիչ Վարդգես Սուրենյանցի ձևավորմամբ Մոսկվայի գեղարվեստական թատրոնում Ստանիսլավսկին բեմադրել է Մետեռլինկի 3 փոքրածավալ պիեսներ։ Բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև հայազգի գործիչներ Նիկիտա Բալիևի, Կարեն Միքայելյանի, Ալեքսեյ Ջիվելեգովի հետ։ Նրա հետևորդներից էր ռեժիսոր Օվի Սևումյանը։

Ստանիսլավսկու և հայ թատրոնի մերձեցմանը նպաստել է Եվգենի Վախթանգովը։ Մոսկվայի օպերային թատրոնում, Մարտիրոս Սարյանի ձևավորմամբ, Ստանիսլավսկին բեմադրել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկ» օպերան, իսկ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրության ձևավորման աշխատանքը մնացել է անավարտ։ Հայերեն թարգմանվել են Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» (1954 թվական) ու «Դերասանի և ռեժիսորի արվեստը» (1981 թվական) գրքերը

Ստանիսլավսկին ԽՍՀՄ ԳԱ պատվավոր ակադեմիկոս էր (1925 թվական)։ 1948 թվականին Մոսկվայի նրա տունը վերածվել է թանգարանի, գործում են Ստանիսլավսկու անվան դրամատիկական, Ստանիսլավսկու և Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնները, Ստանիսլավսկու անվան միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը և այլն։ Նրա անունով կոչվել են փողոցներ ՌԴ-ում, Ուկրաինայում, Երևանում՝ ռուսական դրամատիկական թատրոնը։ Կարագանդայում (Ղազախստան) տեղադրվել է նրա հուշարձանը (2010 թվական)։

Աֆորիզմներ

խմբագրել
  Դերասանը պետք է սովորի դժվարը դարձնել սովորական, սովորականը՝ թեթև, իսկ թեթևը՝ հրաշալի։  
  Սիրեք արվեստը ձեր մեջ և ոչ թե ձեզ՝ արվեստում։  
  Սովորեք լսել, հասկանալ և սիրել դաժան ճշմարտությունը ձեր մասին։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Станиславский Константин Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Moore S. Encyclopædia Britannica

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Ստանիսլավսկի» հոդվածին։