Հրանտ Դինքի սպանություն

Հրանտ Դինքի սպանություն (թուրքերեն՝ Hrant Dink suikastı), թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, որը տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրության շենքի դիմաց։ Հրանտ Դինքը եղել է «Ակօս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, ով Թուրքիայում բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության եղելության փաստի վերաբերյալ։ Հրանտ Դինքը մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ երկու ժողովուրդների երկխոսությունը կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Հրանտ Դինքը քննադատել է թուրքական կառավարության գործողությունները էթնիկ փոքրամասնությունների ճնշման և մարդու իրավունքների ոտնահարման համար։ Սպանությունից առաջ նա դատապարտվել է Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով՝ «թուրք ազգին վիրավորելու համար»։ Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր։ Սպանությունը խորապես քննադատել են նաև միջազգային հանրությունը և օտարերկրյա պետությունների ղեկավարները։

Հրանտ Դինքի սպանության վայրում տեղադրված հուշաքար

Մահվան սպառնալիքներ խմբագրել

Հրանտ Դինքը մշտապես սպառնալիքներ է ստացել թուրք ազգայնականներից՝ իր հայկական ծագման և Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսելու համար[1][2]։ Նա միշտ ստացել է սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակներ։ Իր վերջին հոդվածում Դինքը իրեն համեմատել է աղավնու հետ՝ նշելով, որ ինչպես աղավնին՝ ինքը նույնպես իր հայացքը ուղղում է աջ, ձախ, հետ ու առաջ։ Իր գլուխը աղավնու գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ շարժումները՝ նույնքան արագ[3]։ Նա մշտապես բողոքել է թուրքական կառավարության անուշադրությունից, երբ երկրի տարածքում տեղի են ունենում այդպիսի ահաբեկչական գործողություններ։ Իր հոդվածներից մեկում նա գրել է՝ արդյոք թուրք նախարարները գիտեն ինչ որ մեկին աղավնու նման վախեցնելու գինը։

«Ակօս» շաբաթերթում գրված իր վերջին հոդվածում, որը տպագրվել է 2007 թվականի հունվարի 10-ին, Դինքը գրել է, որ թուրքական քարոզչությունը փորձում է իրեն թշնամի դարձնել թուրք հասարակության աչքում.

  «Ցավալի էր, որ նպատակին հասել էին նրանք, ովքեր ինձ մեկուսացնելու, տկար և անպաշտպան դարձնելու համար ջանք չէին խնայում։ Ավելին, հասարակությանը կեղծիքներով ապակողմնորոշելու և սխալ տեղեկություններ հաղորդելու միջոցով, նրանց հաջողվել էր ձևավորել մարդկանց զգալի մի շրջանակ, որը Հրանտ Դինքին դիտում էր իբրև «թուրքերին նսեմացնող» անձ»[4]  

:

Նա նշել է նաև, որ թուրքական կառավարությունը անտարբեր է իր անվտանգությունն ապահովելու հարցում.

  «Իմ համակարգչի հիշողությունը լի է այս շրջանակից տարբեր քաղաքացիների ուղարկած հարյուրավոր նամակներով, որոնք զայրույթ եւ սպառնալիք են պարունակում։ (Պետք է ասել, որ ինտերնետային այդ նամակներից մեկն ուղարկված է Բուրսայից, որի բովանդակության վտանգավորության մտահոգությամբ այն հանձնել եմ Շիշլիի դատախազություն, սակայն առ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել, որի մասին հարկ եմ համարում տեղեկացնել)։»[4]  

Չնայած բողոքներին, Դինքը երբեք չի դիմել թուրքական իշխանություններին իր անվտանգությունն ապահովելու համար, քանի որ չի ցանկացել ունենալ «ապաստարանային» կյանք։ Նրա իրավաբան Էրդալ Դողանը հաստատել է Դինքի մտավախությունները[5][6]։ Սպանությունից մեկ շաբաթ առաջ Դինքը գրել է, որ իրեն զգում է «նյարդային և վախեցած», քանի որ ստացել էր ատելության սպառնալիք պարունակող էլեկտրոնային նամակ. «Ես ինձ զգում եմ, ինչպես վախեցած աղավնի, բայց գիտեմ, որ այս երկրի մարդիկ երբեք չեն վնասի աղավնուն»[7][8]։

Սպանություն խմբագրել

 
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին ժամը 15:00-ին Ստամուլում՝ Ակօս շաբաթաթերթի խմբագրության մուտքի մոտ

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին ժամը 15:00-ին Ստամբուլում՝ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրության մուտքի մոտ[6]։ Մարդասպանը հայտարարել էր, որ ինքը Անկարայի համալսարանի ուսանող էր, ով ցանկացել է հանդիպել պրն. Դինքի հետ։ Երբ նրա խնդրանքը մերժվել է, նա նրան սպասել է հարևան բանկի մուտքի մոտ[9][10]։ Համաձայն վկաների՝ Դինքին սպանել է 25-30 տարեկան մի տղա, ով հետևից երեք անգամ կրակել է Դինքի գլխին։ Ըստ ոստիկանության տվյալների՝ մարդասպանը եղել է 18-19 տարեկան երիտասարդ։ Ոստիկանությունը հետաքննության առաջին մի քանի ժամերի ընթացքում ձերբակալել է երկու քաղաքացու, ովքեր հետագայում ազատ են արձակվել[11]։ «Ակօսի» խմբագրության մոտ գտնվող ռեստորանի սեփականատերը, ով գործով հանդես է եկել որպես վկա, ասել է, որ մարդասպանը եղել է մոտ 20 տարեկան, հագած է եղել ջինսե տաբատ, իսկ գլխին եղել է կեպի։ Մարդասպանը բղավել է. «Ես սպանեցի անհավատին (գյավուրին)», երբ լքելիս է եղել սպանության վայրը[12]։ Դինքի ընկեր Օրհան Ալքայան կարծում է, որ երեք կրակոցով սպանությունը Քրդական հեզբոլահի ձեռագիրն է[13]։ Երբ իմացել են նորության մասին, Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, և դուստրը կորցրել են գիտակցությունները։ Նրանց տեղափոխել են Ստամբուլի իտալական կլինիկա։

Մարդասպանի ձերբակալություն խմբագրել

Սպանությունից մեկ օր անց ոստիկանությունը հայտարարեց, որ մարդասպանը ճանաչվել է տեսաձայնագրությամբ՝ «Istanbul MOBESE» էլեկտրոնային ծառայության ցանցի և անվտանգության տեսախցիկների միջոցով։ «Istanbul MOBESE» ծառայության միջոցով առցանց կարելի է հետևել Ստամբուլում տեղադրված շուրջ 4000-ից ավելի տեսախցիկների տեսաձայնագրություններին։ Ավելի ուշ, ոստիկանությունը հրապարակել է լուսանկարներ՝ կոչ անելով քաղաքացիներին համագործակցել հետաքննչական մարմինների հետ։ Նույն երեկոյան Ստամբուլի քաղաքապետ Մուամեր Գյուլերը հայտնել է մամուլին, որ հատուկ քննչական կոմիտեի շուրջ 24 խմբեր հետախուզում են հարակից թաղամասերը։ Կոմիտեն նաև ուսումնասիրում է սպանության վայրի հարակից տարածքների շուրջ 10 000 հեռախոսային զանգեր[14]։

Շաբաթ օրը Ստամբուլի ժամանակով ժամը 18:22-ին լրատվական գործակալությունները հաղորդել են, որ մարդասպանի ինքնությունը պարզվել է։ Նրա անունն է Օգյուն Սամաստ՝ երիտասարդ տղա, ով ծնվել է 1990 թվականին և գրանցված է Տրապիզոնում՝ այն նույն քաղաքում, որտեղ Դինքի սպանությունից մեկ տարի առաջ 16 տարեկան երեխայի կողմից սպանվել է կաթոլիկ վանական Անդրեա Սանտորոն` Տրապիզոնի Սանտա Մարիա եկեղեցու դիմաց[10]։ Վերջին տարիներին Տրապիզոնը դարձել էր ազգայնական ծայրահեղական շարժման ներկայացուցիչների կենտրոնատեղի[15]։ Սամաստի հայրը ճանաչել է որդուն՝ ոստիկանության հրապարակած լուսանկարներից և տեղեկացրել տեղական իշխանություններին։ Վեց մարդ, ներառյալ Սամաստի ընկեր Յասին Հայալը, ով ներառված է եղել 2004 թվականին Տրապիզոնում «McDonald's» ռեստորանի պայթեցման գործով, ձերբակալվել և տեղափոխվել է Ստամբուլ[16]։ Նույն օրը՝ երեկոյան ժամը 19:55-ին, հայտարարվել է, որ Օգյուն Սամաստը ձերբակալվել է Սամսունում։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ ենթադրյալ մարդասպան Օգյուն Սամաստը ձերբակալվել է, առգրավվել է նաև սպանություն իրականացրած զենքը[17]։

Հուղարկավորություն խմբագրել

Դինքի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի հունվարի 23-ին Ստամբուլի Գում Գափու թաղամասի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում։ Թաղման արարողության թափորին հետևել են հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր բողոքի ցույցով անցել են Ստամբուլի փողոցներով՝ վանկարկելով «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք» (թուրքերեն՝ Hepimiz Hrant'ız, hepimiz Ermeniyiz)[18]:

Թաղման արարողությանը մասնակցել են Թուրքիայի կառավարության անդամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև կրոնական առաջնորդներ։ Չնայած որ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ՝ երկրի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլի հրավերով թաղման արարողությանը մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արման Կիրակոսյանը[19]։ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցել թաղման արարողությանը, քանի որ ներկա է եղել Բոլու լեռան թունելի բացմանը[20]։

Հրաժեշտի կրոնական արարողակարգից հետո Դինքի մարմինը տեղափոխող մեքենան պտույտ է կատարել Յենիքափըում հավաքված հազարավոր ցուցարարների մոտով և շարժվել Զեյթինբուրնու շրջանի Բալըքլի հայկական գերեզմանատուն, որտեղ Դինքի մարմինը հողին է հանձնվել։ Գերեզմանատանը Գեդիքփաշայի հայկական ավետարանչական եկեղեցու հոգևոր սպասավոր դոկտոր Գրիգոր Աղաբալօղլուն և Հայկական ավետարանչական եկեղեցու համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ դոկտոր Ռընե Լևոնյանը թուրքերեն և հայերեն մահախոսություններ են կարդացել։

Թաղման արարողությունը որոշակիորեն փոխել է սփյուռքահայերի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Օրինակ, Իզաբել Կորտյանը, ով ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկն է, մասնակցել է Դինքի թաղման արարողությանը։ 2007 թվականի հունվարի 25-ին նա հոդված է գրել է թուրքական «Zaman» (հայերեն՝ Ժամանակ) օրաթերթի համար՝ նշելով, որ թուրքերի այդպիսի ներգրավվածությունը թաղման արարողությանը և բողոքի ցույցերին երկրաշարժի պես ցնցել է իրենց[21]։


Տեսարան Ստամբուլի Շիշլի թաղամասի Հալասքարգազը պողոտայից, որտեղով հարյուր հազարավոր մարդիկ անցնում են բողոքի ցույցով՝ վանկարկելով «Մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք»։ Ցուցապաստառների վրա նույնպես գրված է այդ խոսքը։ «Ակօս» թերթի խմբագրատունը, որի մուտքի մոտ սպանվել է Հրանտ Դինքը, գտնվում է նկարի աջ մասում՝ սև ցանկապատի ետևում


Հետաքննություն խմբագրել

Ստամբուլի հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ դատարկ պարկուճներից կարելի է հստակ ասել, որ սպանությունը կատարվել է 7,65 մմ տրամագիծ ունեցող ատրճանակից և երբևիցե չի օգտագործվել՝ այլ հանցանքների կատարման ժամանակ[22]։

Սամսունի դատախազ Ահմետ Չոքչընարը «Anadolu» լրատվական գործակալությանը պատմել է, որ Սամաստը ծրագրել էր սպանել Հրանտ Դինքին[9]։ Համաձայն նախնական տվյալների՝ Սամաստը ասել է, որ սպանությունը կատարել է անձնական դրդապատճառով և որևիցե կազմակերպություն կապ չունի սպանության իրականացման հետ[23]։ Սամաստի հորեղբայր Ֆայիք Սամաստը NTV հեռուստաընկերությանը ասել է, որ չի կարծում՝ իր զարմիկը ունակ էր միայնակ կատարել սպանությունը։ Հորեղբոր խոսքերով, Սամաստը անգամ չի իմացել Ստամբուլը։ Նրա կարծիքով «երեխային» օգտագործել են[24]։ Սամաստը ասել է, որ Դինքին սպանել է՝ «թուրքերին ահաբեկելու և ապակողմնորոշելու համար» և չի ժխտում իր հանցանքը[25]։ Համաձայն ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ Սամաստը դուրս է մնացել ավագ դպրոցից և, հավանաբար, թմրանյութից կախվածություն է ունեցել[24]։ Ավելի ուշ, ԶԼՄ-ները հաղորդել են, որ Սամաստը չի հասկացել իր հանցանքի լրջությունը, քանի դեռ հեռուստացույցով չի տեսել բողոքի ցույցերը և զղջացել իր կատարած հանցանքի համար[26]։

Սպանության իրականացման մեղադրանքով ձերբակալվել են երեք անձինք[8]։ Սպանության հետևում ծայրահեղական ուժերի կանգնած լինելու փաստի մասին խոսում են ձերբակալվածների կենսագրությունները։ Նրանցից մեկը եղել է Սամաստի ընկեր Յասին Հայալը, ով նախկինում դատապարտվել էր 11 ամիս ազատազրկման՝ Տրապիզոնում «McDonald's» ռեստորանի պայթյուններին մասնակից լինելու համար։ Մյուսը եղել է Քարադենիզի տեխնիկական համալսարանի ուսանող Էրհան Թունջելը, ով եղել է «Ալփերեն» կազմակերպության անդամ։ Վերջինս սերտ կապեր է ունեցել իսլամիստական ծայրահեղական Մեծ միասնության կուսակցության հետ, որն էլ ստեղծվել էր Ազգայնական շարժման կուսակցության նախկին անդամների կողմից[15]։ Յասին Հայալը խոստովանել է, որ ասել է Սամաստին սպանել Դինքին և տրամադրել է ատրճանակ։ Մինչդեռ Էրհան Թունջելը հանդիսանում է սպանության հիմնական կազմակերպիչը, ով ուղղորդել է Հայալին և Սամաստին[27]։ ՄՄԿ-ն հերքել է իր մասնակցությունը սպանությանը[26]։ Հրանտ Դինքը աջ ծայրահեղական ուժերի կողմից բնորոշվել է որպես «դավաճան» և միայն նրանց կողմից ստացել ավելի քան 2600 սպառնալիք[16]։ Համաձայն թուրքական լրատվամիոցների՝ Էրհան Թունջելը աշխատել է նաև Տրապիզոնի ոստիկանության օպերատիվ հետախուզության բաժնում։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա նախօրոք տեղեկացրել է Տրապիզոնի ոստիկանությանը սպասվող սպանության մասին, սակայն նրա խոսքերին ոստիկանությունում լուրջ չեն վերաբերվել[28]։

Հետաքննության ժամանակ դիտարկվել է նաև այն փաստը, որ Էրգենեկոն կազմակերպությունը, հնարավոր է, որ կապ ունի սպանության կազմակերպման գործընթացին[29]։ Էրգենեկոնի գործով 441-րդ թղթապանակում կան փաստեր, որտեղ երևում է, որ Դինքի ողջ ընտանիքը եղել է Էրգենեկոնի թիրախում։ Այսպես գնդապետ Ֆերհատ Օզսոյը ստիպել է ավագ սերժանտ Մուրատ Շահանին կատարել սպանությունը՝ որպես պարգև խոստանալով 300 000 թուրքական լիրա։ Շահանը, ով ունեցել է հոգեկան խանգարումներ՝ 70 000 թուրքական լիրա պարտք ունենալու համար, ընդդիմացել է և զինվորական հոսպիտալից բողոք ուղարկել նախարարություն, որտեղ ստիպված էր բուժման կուրսեր անցնել[30]։

Մտահոգություններ հնարավոր կոծկումների վերաբերյալ խմբագրել

 
Օգյուն Սամաստը Թուրքիայի դրոշով։ Նրա երկու կողմում կանգնած են ոստիկանության աշխատակիցներ։ Այս լուսանկարը մեծ աղմուկ է առաջացրել Թուրքիայում։ Որոշ լրագրողների կարծիքով՝ այս լուսանկարի հրապարակումից հետո են սկսվել լուրեր տարածվել այն մասին, որ Թուրքիայի ոստիկանությունը տեղեկացված է եղել Դինքի սպանության մասին:

2007 թվականի հոկտեմբերի 3-ին թուրքական NTV հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ոստիկանությունում Էրհան Թունջելի թղթապանակը վնասվել է՝ ընկնելով գետնին։ Թղթապանակը եղել է «պետական գաղտնիք» գրիֆի տակ[31]։

Դինքի ընտանիքի իրավաբան Էրդալ Դողանը կարծում է, որ թղթապանակի վնասվելը վկայում է այն մասին, որ եթե դա մնար, կարող էր բացահայտվել կասկածյալների և ուժային կառույցների ներկայացուցիչների միջև եղած կապերը։ Այնտեղ եղել է նաև Դինքի սպանության վայրի մոտ տեղադրված անվտանգության տեսախցիկի տեսաժապավենը[32]։ Դողանը նշել է, որ ոստիկանության հետաքննչական ծառայության ղեկավար (թուրքերեն՝ Emniyet Genel Müdürlüğü İstihbarat Daire Başkanı) Ռամազան Աքյուրեքը հրահանգել է քննությունից հանել կասկածյալի 48 էջանոց վկայությունը[33]։

Երբ Դինքի ընտանիքի իրավաբանները ուսումնասիրել են սպանության վայրի մոտ տեղադրված անվտանգության տեսախցիկի տեսաժապավենը, նրանք նկատել են չորս կասկածյալների, ովքեր բջջային հեռախոսով խոսելիս են եղել։ Իրավաբանները դիմում են ուղարկել Շիշլիի Turkcell-ի ղեկավարությանը՝ տրամադրելու իրենց սպանությունից մեկ ժամ առաջ տեղի ունեցած բոլոր հեռախոսազանգերի տվյալները։ Թուրքական հեռախոսային երկու խոշոր օպերատորները հայտարարել են, որ այդ շրջանում իրենք չունեն GSM ցանցի կայան, այդ իսկ պատճառով նրանք որևէ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։ Թուրքիայի մյուս խոշոր օպերատորն էլ հայտարարել է, որ այդ ժամանակահատվածում տարածքից ցանցային որևիցե զանգ չի կատարվել։ Իրավաբանները հայտարարել են, որ դա անհնարին է, քանի որ տեսել են, թե ինչպես են կասկածյալները խոսում բջջային հեռախոսով։ Բացի այդ Շիշլին Ստամբուլի ամենաբանուկ և ամենահարուստ թաղամասերից մեկն է, և բջջային ցանցի բացակայությունը անհնար է[34][35]։ Բացի այդ, տեսաժապավենից երևում է, որ այդ ժամանակ Շիշլիում արդեն իսկ եղել է GSM ցանց։

2013 թվականին գաղտնի վկաներից մեկը հայտնել է, որ Ժանդարմերիան (թուրքական ոստիկանությունը) և ժանդարմերիայի հետաքննչական ծառայությունը ներգրավված են եղել Դինքի սպանության կազմակերպմանը և իրականացմանը[36][37][38]։

2015 թվականի հունվարի 12-ին Ստամբուլի դատարանը թույլտվություն է տվել ձերբակալելու երկու ոստիկանների, ովքեր դարձել են առաջին պետական ծառայողները, ովքեր ձերբակալվել են Դինքի գործով[39]։

Արձագանքներ խմբագրել

Սպանության լուրի տարածմանը զուգընթաց՝ Թուրքիայի խոշոր քաղաքական կուսակցությունները, պետական պաշտոնյաները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դատապարտել են սպանությունը։ Սպանությունը դատապարտել են նաև օտարերկրյա պետությունների մի շարք ղեկավարներ։

  Թուրքիա խմբագրել

Դատապարտություններ և քննադատություններ խմբագրել

 
Մենք բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք պաստառներ, որոնք օգտագործվել են բազմահազարանոց ցույցերի ժամանակ: Թուրքիայի ազգայնական շարժման կուսակցությունը դատապարտել է այսպիսի պաստառների կիրառումը թուրք բնակչության կողմից:
 
Մի քանի պաստառներ թաղման արարողությունից հետո տեղադրվել են այգիներում
  • Հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցով անցել են Ստամբուլի փողոցներով։ Երթը սկսվել է «Ակօս» թերթի խմբագրության մոտից և ավարտվել Թաքսիմ հրապարակում։ Ցույցի նպատակն է եղել դատապարտել Հրանտ Դինքի սպանութունը։ Համաձայն BBC-ի տվյալների՝ ցուցարները բղավել են «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ ենք»[40]։ Նմանատիպ ցույցեր են եղել նաև Անկարայում, Անթալիայում, Բուրսայում, Իզմիրում, Թունջելիում և Տրապիզոնում։ Նրանք նաև դատապարտել են պետությանը՝ բղավելով «Մարդասպան պետությունը պատասխան կտա»[41]։
  • Թուրքական առաջատար լրատվամիջոցների վերնագրերը նույնպես դատապարտել են Դինքի սպանությունը. «Մարդասպանը դավաճան է» (Hürriyet), «Նույն արյունոտ սցենարը» (օրաթերթը ի նկատի ունի լրագրողների սպանության նախկին դեպքերը) (Akşam), «Թուրքիան էր, որը սպանվեց» (Milliyet), «Ոչինչ չի կարող վնասել Թուրքիային, որքան այս դեպքը» (Vatan) և «Նրանք սպանեցին մեր եղբորը» (BirGün): Որոշ ԶԼՄ-ներ մեղադրեցին թուրքական մեդիային Դինքի դատավարությունը կողմանակալ կերպով լուսաբանելու համար։ Օրինակ, Radikal թերթի, որը ներկայումս փակված է, հոդվածներից մեկի վերնագիրը եղել է «Մենք հպարտ ենք քո գործով»՝ նկատի ունենալով Օգյուն Սամաստի կողմից կատարված ոճրագործությունը։
  • Թուրքական ԶԼՄ-ները իրենց հոդվածներում կամ դրանց վերնագրերում կիրառել են նաև հայերեն բառեր և բառակապակցություններ։ Այսպես, Hürriyet-ում Հադի Ուլուենգինը իր հոդվածը վերնագրել է Ahparik, Ahparik! (հայերեն՝ Եղբայր, եղբայր), իսկ Milliyet-ի սյունակագիր Ջան Դյունդարը իր հոդվածը վերնագրել է Tsidesutyun Paregamis! (հայերեն՝ Ցտեսություն բարեկամիս):
  • Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեդջեթ Սեզերը ասել է. «Ես խորապես ցնցված եմ «Ակօս» թերթի խմբագրության առջև Հրանտ Դինքի սպանության փաստով։ Ես խորապես դատապարտում եմ այս ահավոր և ամոթալի արարքը»[42]։
  • Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՚ «Կեղտոտ ձեռքերը, որոնք սպանել են նրան, կգտնվեն և կպատժվեն»[42][43]։
  • Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը Թուրքիայի հայ համայնքում հայտարարել է 15 օր սուգ[12]։
  • Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Դինքի սպանությունը մեծ աղետ է Թուրքիայի համար[42]։
  • Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին պետ Յաշար Բույուքանըթը նույնպես դատապարտել է սպանությունը[44]։
  • Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք Բարդուղիմեոս I-ը հայտարարել է. «Մենք խորապես ցնցված ենք Հրանտ Դինքի սպանության փաստով, ով երկրի առաջատար լրագրողներից մեկն էր»[45]։
  • Մոտ 100.000 մարդ է մասնակցել թաղմանը հաջորդած բողոքի երթին։ Նրանք հայերեն, թուրքերեն և քրդերեն ցուցանակներով դատապարտել են Դինքի սպանությունը՝ վանկարկելով դարձյալ «Մենք բոլորս հայ ենք» եզրույթը։ Ավելի ուշ, այս պաստառները և վանկարկումները դատապարտել են աջ ծայրահեղական Ազգայնական շարժման կուսակցության առաջնորդները։ Ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից մեկն ասել է. «Այս արարքից հետո, ես ամաչում եմ, որ թուրք եմ։ Այո՛, ես թուրք եմ, և ես քննադատում եմ սպանությունը։ Բայց միգուցե մենք պետք է ուրիշ գրվածքներով պաստառներ վերցնեինք։ «Մենք բոլորս հայ ենք» պաստառի փոխարեն, մենք պետք է վերցնեինք «Մենք բոլորս մարդ ենք» պաստառները։ Սխալ է դատապարտել 301 հոդվածը։ Քանի դեռ մենք պաշտպանում ենք թուրքական արժեքները, մենք չենք կարող դիտարկել 301 հոդվածը որպես մարդասպանի»[46]։
  • Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը հունվարի 21-ին Ստամբուլում այցելել է Դինքի ընտանիքին։ Նա ասել է, որ բոլորն են պատասխանատու Դինքի սպանության համար։ Նա նշել է, որ քիչ չեն այն մարդիկ, ովքեր դատապարտում են 301 հոդվածը։ «Նրանք, ովքեր պաշտպանում են այդ հոդվածը, նրանք, ովքեր դիտարկում են մեզ որպես Թուրքիայի թշնամու, նրանք, ովքեր դիտարկում են Դինքին որպես դավաճանի, ամենամեծ մեղավորներն են։ Եվ վերջում, մենք բոլորս պատասխանատու ենք»[47]։
  • Sabah-ի սյունակագիր Մուրատ Բարդաքչըն[48] և «Journal of Turkish Weekly»-ի սյունակագիր Սեդաթ Լաչիները Հրանտ Դինքի սպանությունը համեմատել են Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության հետ[49]։

Հետագա գործողություններ խմբագրել

  • Տրապիզոնի քաղաքապետ Հուսեյին Յավուզդեմիրը և Տրապիզոնի ոստիկանության պետ Ռեշատ Ալթայը հեռացվել են աշխատանքից։ Բացի այդ, հատուկ խումբ է Անկարայից ուղարկվել Տրապիզոն՝ տեղում ուսումնասիրելու քաղաքում առկա իրավիճակը[50]։
  • Գելիբոլուից Լափսեքի մեկնող նավը առևանգվել էր Նիհատ Աջարի կողմից։ Վերջինս դեմ էր հանդես գալիս «Մենք բոլորս հայ ենք» պաստառների կիրառմանը։ Առևանգիչը նավը ետ է վերադարձրել Գելիբոլու, որտեղ ուղևորներին թույլատրվել է իջնել ափ։ Առևանգիչը, ով աշխատել է քաղաքի խանութներից մեկում, ձերբակալվել է[51]։
  • Դինքի սպանությունից 7 օր անց, Ստամբուլի պարային խմբերից մեկը ցույց է կազմակերպել Ակօս թերթի խմբագրության դիմաց։ Նրանք խնդրել են անցորդներին պարկել նույն վայրում և նույն դիրքով, ինչպես յոթ օր առաջ սպանվել էր Դինքը[52]։ Մոտ 50 մարդ մասնակցել է ակցիային, չնայած տեղացող հորդառատ անձրևին։ Կազմակերպիչները ասել են, որ իրենք խնդրել են անցորդներին 10 րոպե պարկել գետնին և «ձևանալ» մահացած՝ դրանով արտահայտելով Դինքի հավերժությունը։
  • «Ակօս» թերթը, որը նախկինում տպագրվել է 6000 օրինակով, թերթի տպաքանակը հասցվել է 30000-ի՝ ընթերցողների մեծ հոսքի պատճառով։ Թուրք մի շարք մտավորականներ և լրագրողներ 2007 թվականի հունվար և փետրվար ամիսներին փողոցներում վաճառել են «Ակօս» թերթը[53]։
  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը Դավոսում հայտարարել է, որ 301 հոդվածը մակաբույծի պես խանգարում է Թուրքիային՝ ժողովրդավարացման ճանապարհին[54]։
  • 2007 թվականի փետրվարի 1-ին թուրքական մասնավոր TRGT հեռուստաընկերությունը, որը գնվել էր Ռուպերտ Մերդոքի կողմից, ցուցադրել է Դինքին սպանած Սամաստի տեսաձայնագրությունը, որտեղ Սամաստը Թուրքիայի դրոշը ձեռքին հպարտ կանգնած է՝ երկու կողմում թուրք ոստիկաններ։ Տեսաձայնագրությունը նկարահանվել է Սամսունի ոստիկանությունում, որտեղ Սամաստը տեղափոխվել էր ձերբակալությունից անմիջապես հետո։ Ձայնագրությունը մեծ ցնցում է առաջացրել և շատերը նշել են, որ սա նոր զարգացող ուլտրանացիոնալիզմի արդյունք է։ Radikal-ի խմբագիր Իսմեթ Բերքանը գրել է, որ ձայնագրության հրապարակման միջոցով, ազգայնականները փորձել են երկրորդ անգամ սպանել Դինքին։ Նա նշել է, որ մարդասպանը և նրա հանցակիցները միայնակ չեն գործել։ Նրանց հովանավորները աշխատում են պետական տարբեր պաշտոններում։ Դատավարության ժամանակ ուսումնասիրվել է նաև տեսաձայնագրությունը[55]։ Թուրքական ժանդարմերիան հերքել է Radikal-ի խմբագրի խոսքերը՝ որակելով դրանք որպես զրպարտություն։ Բացի այդ, տեսաձայնագրության ցուցադրումից հետո TRGT-ի ղեկավար կազմը հրաժարական է տվել[56]։
  • 2007 թվականի փետրվարի 4-ին, 100 թուրք ազգայնականներ բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում[57]։ Նրանց բողոքն ուղղված է եղել այն հարյուր հազարավոր թուրքերին, ովքեր «Բոլորս հայ ենք» պաստառներով շրջել են Ստամբուլով։ Ցուցարարները քայլել են Թուրքիայի դրոշով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատկերներով և բղավել «Մենք բոլորս Մուստաֆա Քեմալ ենք, մենք բոլորս թուրք են»։ Ցուցարարների շարքերում եղել են նաև երեխաներ, ովքեր բղավել են ազգայնական կարգախոսներ[57]։

  Հայաստան և հայկական սփյուռք խմբագրել

 
Վանաձորում կազմակերպված բողոքի ցույցը ղեկավարում է Գուգարքի թեմ առաջնորդ Սեպուհ Չուլջյանը
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է. «Թուրքիայում հայազգի հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը առաջ է քաշել մի շարք հարցեր և պետք է խստագույնս դատապարտվի։ Մենք հույս ունենք, որ թուրքական իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ՝ օրենքի սահմաններում գտնելու և պատժելու հանցագործներին»[58]։
  • Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նշել է. «Մենք խորապես ցնցված ենք թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության փաստի վերաբերյալ։ Նա մի մարդ էր, ով իր կյանքը ապրել է՝ մտածելով, որ երկու ազգերի միջև կարող է լինել փոխըմբռնում, երկխոսություն և խաղաղություն։ Մենք խորապես քննադատում ենք կատարված հանցագործությունը և կոչ անում թուրքական իշխանություններին անել ամեն ինչ՝ գտնելու մեղավորներին»[58]։
  • Տարբեր երկրների հայկական եկեղեցիներում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հրանտ Դինքի[59]։
  • Սպանության լուրի տարածումից հետո, Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, ներառյալ նաև Երևանում։ Վանաձորում տեղի ունեցած բողոքի երթի ժամանակ, ներկաները խոստացել են շարունակել Հրանտ Դինքի գործը[60]։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Սփյուռքի հայկական գաղթօջախներում։
  • Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է. «Սպանությունը ևս մեկ անգամ վկայում է Թուրքիայում տոլերանտության բացակայության փաստի մասին, անգամ պետության շահերի պաշտպանության կոնտեքստում»[61]։
  • Ամերիկայի հայկական համագումար. «Ամերիկայի հայկական համագումարը խորապես մտահոգված է այն փաստով, որ պաշտոնական Անկարան ուշադրություն չի դարձնում միջազգային հանրության կոչերին՝ չեղարկելու 301 հոդվածը, որը խոչընդոտում է խոսքի ազատությանը և Հայոց ցեղասպանությունը բացահայտ քննադատողներին սպառնում է ազատազրկման։ Հրանտ Դինքը մշտապես բացահայտ խոսել է ցեղասպանության փաստի մասին, իսկ 2006 թվականին դատապարտվել է, իբր թե, թուրք ազգին «վիրավորելու» համար։ Նա դատապարտվել է 6 ամիս ազատազրկման՝ 2007 թվականին նորից հայտնվելով դատարանում, քանի որ 1915 թվականի իրադարձությունները որակել էր որպես ցեղասպանություն»[62]։

Միջազգային քննադատություններ խմբագրել

Պետություններ խմբագրել

  •   Եվրոպական Միություն՝ ԵՄ Ընդլայնման հանձնաժողովի նախագահ Օլլի Ռեյն. «Ես ցնցված և մտահոգված եմ բռնության այս դեպքով։ Հրանտ Դինքը եղել է հարգված մտավորական, ով պաշտպանել է իր հայացքները և մշտապես պատրաստակամ եղել հանրային բաց բանավեճերի։ Նա եղել է Թուրքիայի խոսքի ազատության առաջնամարտիկը»[42]։
  • Բառոզուի հանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Վերհոյգենը Բուրսա կատարած այցի ժամանակ հայտարարել է. «Ես խորապես քննադատում եմ այս գործողությունը։ Ես շնորհակալ եմ թուրքական կառավարությանը՝ այս հարցում նրանց դիրքորոշման համար, քանի որ հավատացած եմ, որ Թուրքիայի դեմ ուղղված ցանկացած բացասական քայլ կձախողվի։ Ես հուսով եմ, որ Ձեր կառավարությունը կանի ամեն ինչ՝ պարզելու Դինքի սպանության մանրամասները և պատժելու մեղավորներին»[63]։
 
Մոմավառություն Նյու Յորքի Յունիոն հրապարակում
  •   ԱՄՆ՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը իր ցավակցությունն է ուղղել Դինքի ընտանիքին, նշելով, որ ԱՄՆ կառավարությունը խորապես ցնցված է Ստամբուլում հայազգի հայտնի լրագրող Հրանտ Դինքի մահվան փաստի վերաբերյալ[64]։
  •   Ֆրանսիա՝ Նախագահ Ժակ Շիրակը ցավակցական նամակ է ուղարկել Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին. «Ես չեմ կարող բառերով արտահայտել, թե ինչպես եմ դատապարտում այս սպանությունը, որը սպանեց Թուրքիայում խոսքի ազատության առաջնամարտիկին»[65]։
  •   Գերմանիա՝ Գերմանիայի ղեկավարությունը, որը 2007 թվականին լինելով ԵՄ ղեկավար պետություն, հայտարարել է. «Գերմանիան խորապես ցնցված է տեղի ունեցած իրադարձությամբ և ցանկանում է իր ցավակցությունները հղել զոհվածի ընտանիքին և ընկերներին։ Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին որքան հնարավոր է շուտ պարզել դեպքի մանրամասները։ Մենք հուսով ենք, որ դեպքը չի խոչընդոտի Թուրքիային՝ խոսքի ազատության ապահովման գործընթացը շարունակելու համար»[66]։
  •   Իտալիա՝ Վարչապետ Ռոմանո Պրոդին հունվարի 22-ին դատապարտել է Ստամբուլում տեղի ունեցած սպանությունը, երբ հանդիպել է Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. «Սա լուրջ հանցագործություն է, որը հույս ունեմ կբացահայտվի»-, ասել է Պրոդին թուրքական «Sabah»-ին տված հարցազրույցում[67]։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ խմբագրել

  • Amnesty International (ԱՄՆ)։ «Այս սարսափելի սպանությունը լռեցրեց Թուրքիայում մարդու իրավունքների ամենախիզախ պաշտպաններից մեկին։ [...] գաղափարների մասին լեգիտիմ բանավեճերը պետք է պաշտպանվեն։ Թուրքական կառավարությունը պետք է ջանք չխնայի՝ պաշտպանելու մարդու իրավունքների պաշտպաններին և ստեղծի քաղաքական մթնոլորտ՝ տեսակետների բազմազանությունը ապահովելու համար։ Թուրքական օրենսդրությունը պետք է բխի մարդու իրավունքների պաշտպանության հռչակագրից և միջազգային այլ օրենսդրություններից, սակայն առկա սահմանափակումները, ինչպես օրինակ 301 հոդվածը, պետք է չեղարկվեն»[68]։
  • Amnesty International (Մեծ Բրիտանիա)։ «Amnesty International-ը կոչ է անում թուրքական կառավարությանը դատապարտել տոլերանտության բացակայության հետ կապված ցանկացած դեպք, պաշտպանել Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների իրավունքները և մանրակրկիտ ձևով հետաքննել Հրանտ Դինքի սպանությունը՝ հետաքննությունը պահելով բաց, ինչպես նաև մեղավորներին դատապարտել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»[69]։
  • Human Rights Watch: «Մենք խորապես ցնցված ենք Հրանտ Դինքի սպանության փաստով։ Դինքի սպանությունը վկայում է այն մասին, որ Թուրքիան դեռ խնդիրներ ունի իր պատմության հետ»։ Այս մասին հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հոլլի Քարթները[70]։
  • ARTICLE 19: «Թուրքական իշխանությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն երկրում իրենց դերի վրա։ 301 հոդվածի առկայությունը, դրա հետագա կիրառումը, ինչպես նաև գրողներին, լրագրողներին և տաբու թեմաների մասին խոսողներին սպառնալը վկայում է թուրքական կառավարության ձախողման վերաբերյալ։ Բոլոր գործողությունները, առավել ևս եթե դրանք ունեն բռնի բնույթ և կարող են վնաս հասցնել խոսքի ազատության պաշտպաններին, պետք դատապարտվեն օրենքի ողջ խստությամբ»։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Ագնես Քալամարդը[71]։

Լրագրողական կազմակերպություններ խմբագրել

  • Լրագրողներ առանց սահմանների. «Այս սպանությունը սթրեսի կենթարկի և կսպառնա բոլոր այն անձանց, ովքեր Թուրքիայում զբաղվում են խոսքի ազատության պաշտպանությամբ։ Թուրքական կառավարությունը պետք է գիտակցի այս հանցանքի լրջությունը և երաշխավորի, որ հետաքննությունը տեղի կունենա առանց խոչընդոտների և կեղծիքների, իսկ հանցագործները կպատժվեն որքան հնարավոր է շուտ»։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը[72]։
  • Լրագրողների միջազգային ֆեդերացիա. «Այս մարդը եղել է հարձակումների և սպառնալիքների թիրախ, այն պահից սկսած, երբ համարձակություն ունեցավ արտահայտել կարծիք, որը մարտահրավեր է նետում առկա օրթոդոքսալ մտածելակերրպին։ Ցավալի է, որ նա դարձել տոլերանտության բացակայության զոհ, որը խորը արմատներ է գցել թուրքական հասարակության մեջ»։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Այդան Ուայթը[73]։
  • Մամուլի միջազգային ինստիտուտ. «Սա Թուրքիայի մամուլի ազատության համար սարսափելի իրադարձություն է։ Այն ազդակ է ուղարկում ողջ թուրքական մեդիայի աշխատակիցներին, որ եթե դուք նույնպես խոսեք Հայոց ցեղասպանության մասին, դուք կարժանանաք ոչ միայն կառավարության սպառնալիքներին, այլ հավանաբար նաև կսպանվեք։ [...] Կարծում եմ, որ ժամանակն է, որ կառավարությունը հասկանա, որ այդպիսի օրենքները տեղ չունեն ժամանակակից հասարակությունում։ Ես նաև հույս ունեմ, որ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում տեղի կունենան բաց քննարկումներ, որոնց արդյունքում համաձայնության կգան երկու կողմերն էլ», հայտարարել է կազմակերպության տնօրեն Յոհան Ֆրիցը[74]։
  • Լրագրողների պաշտպանության կոմիտե։ «Իր լրագրողական գործունեության միջոցով Հրանտ Դինքը փորձեց լույս վառել Թուրքիայի պատմական մութ անցյալում և փորձել ստեղծել ավելի լավ ապագա հայերի և թուրքերի համար։ Դրա արդյունքում նա ձեռք բերեց շատ թշնամիներ, բայց նա երդվեց շարունակել գրել, չնայած, որ ստանում էր բազմաթիվ սպառնալիքներ։ Մարդասպանը լռեցրեց Թուրքիայի ամենախիզախ ձայներից մեկին։ Մենք խորապես ցնցված ենք այս հանցագործությամբ և հղում ենք մեր ցավակցությունները Հրանտ Դինքի ընտանիքին, կոլեգաներին և ընկերներին», ասել է կոմիտե գործադիր տնօրեն Ջոյել Սայմոնը[1]։
  • PEN: «Մենք ցնցված ենք։ Հրանտ Դինքը համարվում է առանց բռնության շարժման հերոսներից մեկը, ովքեր Թուրքիայում պայքարում են խոսքի ազատության ապահովման համար։ Տարբեր գրողներ, խմբագիրներ և հրատարակիչներ մարտահրավեր են նետում բոլոր այն օրենքներին, որոնք սպառնում են ճշմարտությանը այդ երկրում։ Նա մեր ժամանակների մարդու իրավունքների ամենակարկառուն պաշտպաններից մեկն էր», ասել է կազմակերպության ամերիկյան կենտրոնի ղեկավար Լարրի Սիեմսը[75]։

Դատավարություն խմբագրել

Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսվել է 2007 թվականի հուլիսի 2-ին Ստամբուլում։ 18 մարդու, ովքեր կապ են ունեցել Դինքի սպանության հետ, մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործությունների Ստամբուլի No 14 դատարանում[76]։ Քանի որ գլխավոր մեղադրյալ Օգյուն Սամաստը 18 տարեկան է եղել, դատավարությունը փակ է անցել։ Մեղադրյալներ Յասին Հայալը և Էրհան Թունջել կրկնել են նույն ցուցմունքները, որոնք ասել էին ոստիկանության աշխատակիցներին և դատախազին։ Դատարանը որոշել է առանց գրավի ազատ արձակել մեղադրյալներ Օսման Ալթային, Իրֆան Օզքանին, Սալիհ Հաջիսալիհօղլուին և Վեյսել Թոփրաքին, և դատավարությունը հետաձգել մինչև հոկտեմբերի 1-ը։

Տուժող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Էրհան Թունջելին և Յասին Հայալին՝ «Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպելու համար»։ Քանի որ մարդասպան Օգյուն Սամաստը սպանության պահին եղել է 18 տարեկան, տուժող կողմը պահանջել է 18-24 տարի ազատազրկում։ Յասին Հայալի համար՝ որպես սպանության հանցակցի, տուժող կողմը պահանջել է 22,5-35 տարի ազատազրկում։ Մնացածները մեղադրվել են «ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու համար»[77]։

2009 թվականի հունվարին տեղի է ունեցել դատավարության 8-րդ լսումը։ Ձերբակալված 8 մեղադրյալներից 7-ը մասնակցել են դատավարությանը։ Լսման արդյունքում երեք մեղադրյալ ազատ է արձակվել, իսկ դատավարությունը հետաձգվել է մինչև 2009 թվականի ապրիլի 20[78]-ը։ Համաձայն Human Rights Watch-ի, Դինքի դատավարությունը «փորձություն է հանդիսանալու թուրքական արդարադատության անկախության ստուգման համար»[76]։

Դատավճիռ խմբագրել

2011 թվականի հուլիսի 25-ին Անչափահասների կողմից իրականացված ծանր հանցագործությունների Ստամբուլի դատարանը Օգյուն Սամաստին մեղադրել է սպանության և ապօրինի զենք պահելու մեջ։ Նա դատապարտվել է 22 տարի և 10 ամիս ազատազրկման[79][80], որը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ՝ համաձայն անչափահասների մասին թուրքական օրենսդրության։ Կրելով պատժաչափի երկու երրորդը՝ Սամաստի պատիժը կարող է փոխարինվել պայմանական ազատազրկմամբ 2021 կամ 2022 թվականներին։

2012 թվականի հունվարի 16-ին Ծանր հանցագործությունների Ստամբուլի No 14 դատարանը հրապարակել է մյուս մեղադրյալների դատավճիռը։ Դատարանի դատավճռում նշված է եղել, որ այս դեպքը, բացի սպանությունից, այլ ենթատեքստեր չի պարունակում և եղել է սովորական սպանություն։ Յասին Հայալը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Երկու անձ մեղադրվել են Հայալին հանցակից լինելու համար և դատապարտվել են 12 տարի և 6 ամիս ազատազրկման։ Էրհան Թունջելը մեղավոր չի ճանաչվել Դինքի սպանության գործում, սակայն դատապարտվել է Տրապիզոնում «McDonald's» ռեստորանի պայթյունների համար։ Նա դատապարտվել է 10 տարի և վեց ամիս ազատազրկման։ Նրա ազատազրկումը կարող էր փոխարինվել պայմանական ազատազրկմամբ միայն 5 տարի 6 ամիս հետո։ Մնացած բոլոր մեղադրյալները արդարացվել են։

ՄԻԵԴ դատավարություն խմբագրել

2010 թվականի սեպտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ թուրքական իշխանությունները չեն ապահովել Դինքի ապրելու իրավունքը (Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա, հոդված 2)՝ չկանխելով սպանությունը և անգործության համար չպատժելով թուրքական ոստիկանությանը[81]։

Գրքեր խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Turkish-Armenian editor murdered in Istanbul» (Press release). Committee to Protect Journalists. 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  2. «Three arrested in Turkey for murder of outspoken journalist Hrant Dink». FoxNews.com. 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2007 թ․ փետրվարի 9-ին.
  3. «Hrant Dink's final article». BBC News. 2007 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 9-ին.
  4. 4,0 4,1 Dink, Hrant (2007 թ․ հունվարի 10). «A 'dove's skittishness' in my soul». Agos. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  5. Morris, Chris (2007 թ․ հունվարի 19). «Turkish-Armenian writer shunned silence». BBC News. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  6. 6,0 6,1 «Türkiye'yi vurdular». Hürriyet (Turkish). 2007 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Turgut, Pelin (2007 թ․ հունվարի 19). «An Assassination Shocks Istanbul». TIME. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  8. 8,0 8,1 «Istanbul governor says 3 arrested in connection with murder of journalist Hrant Dink». International Herald Tribune. 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  9. 9,0 9,1 «Katil zanlısı Samsun'da yakalandı». CNN Turk (Turkish). 2007 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 «Hrant Dink murder suspect caught». BBC News. 2007 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 20-ին.
  11. «Gazeteci Hrant Dink silahlı saldırıda öldü». Hürriyet (Turkish). 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 de Bendern, Paul; Grove, Thomas (2007 թ․ հունվարի 19). «Turkish-Armenian editor shot dead in Istanbul». Reuters. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.
  13. «Hrant Dink, Agos Gazetesi önünde silahlı saldırıda öldürüldü». Milliyet (Turkish). 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «SABAH - 19/01/2007 - Hrant Dink öldürüldü». arsiv.sabah.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  15. 15,0 15,1 Semo, Marc (2007 թ․ հունվարի 21). «Affaire Hrant Dink : un assassin dans la mouvance nationaliste». Libération (French). Վերցված է 2007 թ․ հունվարի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. 16,0 16,1 «Dink killing suspect 'confesses'». BBC News. 2007 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 21-ին.
  17. «SON DAKİKA!.. RECEP TAYYİP ERDOĞAN, HRANT DINK'IN KATİLİ OGÜN SAMAST'IN YAKALANDIĞINI AÇIKLADI!.. KATİL NEREDE, NASIL YAKALANDI?». ucankus. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  18. «Turkey embraces the memory of Hrant Dink; hundreds of thousands march». Hürriyet. 2007 թ․ հունվարի 24. Վերցված է 2007 թ․ հունվարի 30-ին.
  19. «Mourners reconcile at Dink funeral». Today's Zaman. 2007 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 30-ին.
  20. «Erdogan says suspect was caught with the gun he allegedly used in murder». Turkish Press. 2007 թ․ հունվարի 22. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  21. «Türklerin Dink'i kucaklaması bizde 'deprem etkisi' yaptı». Zaman. 2007 թ․ հունվարի 25.
  22. Ünlü, Ünsal (2007 թ․ հունվարի 21). «Katil zanlısı yakalandı». NTV-MSNBC (Turkish). Վերցված է 2007 թ․ հունվարի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. «Dink'in katil zanlısı Samsun'da yakalandı». HaberTürk (Turkish). 2007 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. 24,0 24,1 «Report: Teen admits killing journalist». CNN. 2007 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  25. de Bendern, Paul (2007 թ․ հունվարի 21). «Teenager shot editor for insulting Turks – report». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 21-ին.
  26. 26,0 26,1 «Trabzon circle of suspects widens; Ogun Samast says "I am sorry I killed him"». Hürriyet. 2007 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  27. «A "Trabzon Legend" gave the orders to kill Hrant Dink». Hürriyet. 2007 թ․ հունվարի 22. Վերցված է 2007 թ․ հունվարի 22-ին.
  28. Öztürk, Saygı (2007 թ․ հունվարի 29). «O, duruşma salonuna hiç girmedi». Hürriyet (Turkish). Վերցված է 2007 թ․ հունվարի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. Ergenekon indictment to be included in Malatya murders case, Today's Zaman, 22 August 2008
  30. Demir, Sedef Senkal (2008 թ․ օգոստոսի 2). «Astsubaya Dinkleri öldürmesi için 300 bin YTL teklif». Yargı / GÜNCEL. Gazeteport (Turkish). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «Police destroy file on Dink murder suspect». Today's Zaman. 2007 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  32. «Turkish police accused of cover-up in journalist's murder». Turkish Press. 2007 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  33. Kilic, Ecevit (2008 թ․ օգոստոսի 18). «'Akyürek görevdeyken çözülmez'». Sabah (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. «Hrant Dink cinayetinden terör örgütü yöneticisi olarak yargılanan bir sanığın basında gündeme gelmesinden dolayı üzüntülerini belirten, yine bu sanık ile ilgili tutulan 48 sayfalık raporun imha edilmesi için savcılara adeta talimat veren, yine bu davadaki sanıkları arkadaş grubu olarak niteleyen, bu grubun cinayeti Hrant Dink'in 'Türklüğü aşağıladığı' nedeniyle gerçekleştirdiği yönünde mahkemeye görüş ve rapor sunan Emniyet Genel Müdürlüğü İstihbarat Daire Başkanı Ramazan Akyürek var.»{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. "GSM operatorleri" http://www.radikal.com.tr/Radikal.aspx?aType=RadikalDetayV3&ArticleID=1058853&Date=4 August 2011&CategoryID=77
  35. "Kapsama Alani Disinda"http://www.ntvmsnbc.com/id/25238632/
  36. Today's Zaman, 19 March 2013, Secret witness says gendarmerie was with Dink killer at every step Արխիվացված 2013-03-22 Wayback Machine
  37. Today's Zaman, 13 February 2013, Secret witness ready to tell all about network that killed Dink Արխիվացված 2013-10-29 Wayback Machine
  38. Today's Zaman, 15 February 2013, Witness provides new evidence of state collusion in Dink murder Արխիվացված 2013-10-29 Wayback Machine
  39. Hürriyet Daily News, 12 January 2015, Arrest order issued for two policemen in Dink murder case
  40. «Fury In Turkey At Editor's Murder». BBC News. 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից հունվարի 22, 2007-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  41. «'Katil Devlet Hesap Ver' Sloganı Atıldı!!!». Millet Haber (Turkish). 2007 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. 42,0 42,1 42,2 42,3 «Dink'in öldürülmesine tepki yağdı». Hürriyet (Turkish). 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. «Turks grieve over journalist's killing». CNN. 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  44. «Büyükanıt: Nefretle kınıyoruz». Hürriyet (Turkish). 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «Killing of Hrant Dink». TNN News. 2007 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 17-ին.
  46. «'Ermeni' sözüne bile tahammül yok». Radikal (Turkish). 2007 թ․ հունվարի 25. Վերցված է 2007 թ․ մարտի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Orhan Pamuk: We are all responsible for Dink's death». Hürriyet. 2007 թ․ հունվարի 21. Վերցված է 2007 թ․ հունվարի 22-ին.
  48. Murat Bardakçı (2007 թ․ հունվարի 21). «Talat Paşa cinayeti gibi» [Like the Talat Pasha murder]. Sabah (Turkish). Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. Sedat Laçiner (2007 թ․ հունվարի 30). «Turk and Armenian: Hrant Dink and Talat Pasha Murders». Journal of Turkish Weekly. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  50. Gürel, Soner (2007 թ․ հունվարի 27). «Fatura onlara». Hürriyet (Turkish). Վերցված է 2007 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. Zelova, Doğan (2007 թ․ հունվարի 28). «Vapur Eylemcisi Adliye'de». Hürriyet (Turkish). Վերցված է 2007 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. «Çıplak Ayaklar Kumpanyası» (Turkish). Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. Korkut, Tolga (2007 թ․ հունվարի 26). «Agos'un Yeni Sayısı Bütün Türkiye'de». BİA (Turkish). Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. «301 değişikliği an meselesi» (Turkish). Radikal. 2007 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. Popham, Peter (2007 թ․ փետրվարի 3). «Turkish police posed for picture with killer of Armenian journalist». The Independent. London. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 3-ին.
  56. «TGRT istifa haberine yanıt verdi». HaberTürk (Turkish). 2007 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. 57,0 57,1 «"Hepimiz Ermeniyiz" sloganına protestolar devam ediyor» (Turkish). www.Haberler.com. 2007 թ․ փետրվարի 4. Վերցված է 2007 թ․ փետրվարի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. 58,0 58,1 «Armenian anger at Turkish murder». BBC News. 2007 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 13-ին.
  59. «Armenian Evangelical Community Mourns Dink». Armenian Weekly. Hairenik Association. 2007 թ․ հունվարի 27. Վերցված է 2007 թ․ փետրվարի 4-ին.
  60. «Residents of Vanadzor promised to continue Dink's work». A1+. 2007 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 13-ին.
  61. «ARF Dashnaktsutyun condemns Hrant Dink's murder». PanArmenian.net. 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին.
  62. «Armenian Assembly of America expresses outrage over assassination of Hrant Dink, calls on Turkey to end denial of Armenian Genocide» (PDF) (Press release). Armenian Assembly of America. 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  63. «Verheugen: "Olayı kınıyorum, Türkiye devletinin tavrını kutluyorum"». TNN.net (Turkish). 2007 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  64. «EU, U.S. shocked by assassination of Turkish journalist». Xinhua News Agency. People's Daily Online. 2007 թ․ հունվարի 20. Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին.
  65. «Dink murder suspect identified». Ալ-Ջազիրա. 2007 թ․ հունվարի 20. Վերցված է 2007 թ․ փետրվարի 24-ին.
  66. «OSCE: Statement by the European Union on the assassination of the Turkish-Armenian journalist Hrant Dink» (Press release). Presidency of the European Union. 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին.
  67. Aydemir, Bülent (2007 թ․ հունվարի 23). «Prodi'den Dink cinayeti uyarısı». Sabah (Turkish). Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  68. «Amnesty International Condemns Murder of Hrant Dink» (Press release). Amnesty International. 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  69. «Turkey: Murder of journalist deplored» (Press release). Amnesty International. 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  70. «Turkey: Outspoken Turkish-Armenian Journalist Murdered» (Press release). Human Rights Watch. 2007 թ․ հունվարի 20. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  71. «Turkey: Killing of Turkish-Armenian Journalist Hrant Dink» (PDF) (Press release). ARTICLE 19. 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  72. «Deep shock over Turkish-Armenian editor's murder today in Istanbul» (Press release). Reporters Without Borders. 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  73. «IFJ condemns "intolerant culture" after Turkish-Armenian editor is shot dead in Turkey» (Press release). International Federation of Journalists. 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  74. «IPI Deplores Callous Murder of Journalist in Istanbul» (Press release). International Press Institute. 2007 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  75. «PEN Alarmed by Murder of Armenian-Turkish Journalist» (Press release). PEN American Center. 2007 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 24-ին.
  76. 76,0 76,1 «Dink Murder Trial Opens in Turkey». BBC News. 2007 թ․ հուլիսի 2. Վերցված է 2007 թ․ հուլիսի 2-ին.
  77. Daily report dated 3 July 2007 of the Human Rights Foundation of Turkey (HRFT)
  78. See report of the HRFT of 27 January 2009
  79. «Turkey: Sentence in Editor's Death». BBC News. 2011 թ․ հուլիսի 25. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  80. «Hrant Dink murder: Turk Ogun Samast jailed». The New York Times. 2011 թ․ հուլիսի 25. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  81. ECtHR 14.09.2010. judgment on applications No. 2668/07, 6102/08, 30079/08, 7072/09 and 7124/09(Ֆրանսերեն) and ECtHR Press release