Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրգենեկոն (այլ կիրառումներ)

Էրգենեկոն (թուրքերեն՝ Ergenekon), Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն[1], որի անդամներից են Թուրքիայի զինված ուժերի և անվտանգության ծառայությունների որոշ բարձրաստիճան ղեկավարներ, որոնք մեղադրվում են Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ[2]։

Ենթադրվում է, որ կազմակերպության առաջնորդը նախկին գեներալ Վելի Քյուչյուքն է։

Կազմակերպությունն անվանվել է՝ ի պատիվ Ալթայի լեռներում գտնվող առասպելական վայրի, որը, համաձայն թյուրքական լեգենդների, համարվում է բոլոր թյուրքերի հայրենիքը[3]։

Իշխանություններն «Էրգենեկոնը» համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Ըստ Թուրքիայի հանրապետական դատախազության՝ «Էրգենեկոնի» հիմնական նպատակն է երկրում քաոսի և ամենաթողության մթնոլորտ ստեղծելու եղանակով հիմք նախապատրաստել ռազմական հեղաշրջում կատարելու համար։ «Էրգենեկոնի» գործով ձերբակալվել է մոտ հարյուր մար՝ պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով։

Հետաքննություն

խմբագրել

«Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության գործը հարուցվել է 2007 թվականի հունիսին, երբ Ստամբուլի պաշտոնաթող բանակային գեներալի տանը հայտնաբերվեց 28 հատ ձեռքի նռնակ։ Հետաքննիչների հայտարարությամբ դրանք պատկանում էին մինչ այդ անհայտ «Էրգենեկոն» խմբավորմանը՝ գաղտնի համայնքին, որը զբաղվում էր թուրքական հասարակության բոլոր ոլորտներում իր մարդկանց ներգրավելով և փորձում ղեկավարել բանակը, ԶԼՄ-ներին, քաղաքական կուսակցություններն ու ակադեմիական օղակները։ 2007 թվականին հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության պատասխանատվությունը դրվել է «Էրգենեկոնի» վրա[4][5]։ Ենթադրաբար այս կազմակերպության մարտիկներն են նախապատրաստել նաև գրող Օրհան Փամուկի սպանությունը՝ Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշման համար։

Հետաքննության առաջին փուլում ձերբակալվել է 49 մարդ, այնուհետև նրանց թիվն աճել է։ Այս գործով ձերբակալվածների թվում էին պաշտոնաթող զինվորականներ, գործարարներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ Թուրքիայի Աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը։

Հայտնի անդամներ և «Էրգենեկոնի» գործով մեղադրյալներ

խմբագրել
  • Վելի Քյուչյուք (Veli Küçük) - պաշտոնաթող գեներալ[6]
  • Շեներ Էրույգուր (Şener Eruygur) - պաշտոնաթող գեներալ
  • Հուրշիթ Թոլոն (Hurşit Tolon) - պաշտոնաթող գեներալ
  • Մեհմեթ Հաբերալ - պրոֆեսոր, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր[7]
  • Մուսթաֆա Բալբայ - լրագրող, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր
  • Էռոլ Մյութերջիմլըր (Erol Mütercimler) - գրող, հրապարակախոս
  • Դողու Փերինչեք (Dogu Perinçek) - Թուրքիայի Աշխատանքային կուսակցության քարտուղար

2013 թվականին դատարանի որոշման համաձայն՝ թուրքական բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Իլքեր Բաշբուղը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2003 թվականին պետական հեղաշրջման փորձի համար (հաջորդ տարի դատավճիռը չեղյալ է հայտարարվել Սահմանադրական դատարանի կողմից)[8]։ Լրագրող Օսման Փաշաևի տվյալներով՝ գործով 21 արդարացման դատավճիռ է կայացվել։ Ավելի քան 240 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, գրողներ, համալսարանների նախկին ռեկտորներ, պաշտոնաթող և գործող ուժայիններ, արհմիութենական առաջնորդներ, ազատազրկվել են։ Գործի մի քանի տասնյակ մասնակից դատապարտվել է ցմահ բանտարկության, երկուսին տրվել է 2-ական ցմահ բանտարկություն։ Ընդհանուր առմամբ, գործում ներգրավված է շուրջ 400 մարդ։

Կարծիք գործի մասին

խմբագրել

Թուրք քաղաքագետ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ և թուրք առաջատար ազգայնականներից Մեհմեթ Փերինչեքը «Էրգենեկոնի» գործը նախաձեռնելու մեջ մեղադրել է ԱՄՆ-ին, որն իբրև անհանգստացել է, որ 2009 թվականին ռազմական վերնախավի մի մասը ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց է բարձրացրել։ Փերինչեքի կարծիքով՝ «Էրգենեկոնի գործը ԱՄՆ-ի կողմից մանրակրկիտ ծրագրված գործողություն է այն թուրք հայրենասերների դեմ, որոնք ունեն հակաամերիկյան տրամադրվածություն»[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. State connections to murder of journalist Hrant Dink being ignored, warns BIANET; defamation case against Dink's lawyer dismissed(անգլ.)
  2. ‘Ergenekon has links to security and judiciary bodies’ Արխիվացված 2011-07-17 Wayback Machine(անգլ.)
  3. Ergenekon- Guide to Ergekon, Accused of Terrorism in Turkey, by Amy Zalman, About.com Արխիվացված 2016-04-07 Wayback Machine(անգլ.)
  4. Turkey arrests two ex-generals for alleged coup plot Արխիվացված 2008-12-26 Wayback Machine(անգլ.)
  5. Deep state plot' grips Turkey BBC News(անգլ.)
  6. ‘Ergenekon is above General Staff, MİT’(չաշխատող հղում)(անգլ.)
  7. «Prosecutors call for rejection of jailed KCK deputies' demand for release». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  8. BBC Türkçe, Ergenekon davası: Doğu Perinçek de tahliye edildi, 10. März 2014
  9. Василий Папава. Интервью с М. Перинчеком(չաշխատող հղում) (Грузия, 10.11.2010). Ежемесячный общественно-политический журнал «Кавказский Акцент». № 12 за декабрь 2010

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ergenekon indictments