Հերակլիոն, (հուն․՝ Ηράκλειο, Irákleio, արտասանություն: [iˈraklio])[1]) քաղաք Հունաստանում։ Կրետեի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ Հունաստանի չորրորդ քաղաքն է ` Աթենքից, Սալոնիկից և Պատրասից հետո[2]։ Բնակչությունը` 145 440 մարդ (2021)։ Քաղաքն իր անվանումը ստացել է ի պատիվ առասպելական հերոս Հերակլեսի։

Բնակավայր
Հերակլիոն
հուն․՝ Ηράκλειο
Զինանշան

ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքHeraklion Municipality?
Մակերես109,03 կմ²
ԲԾՄ33 մետր
Բնակչություն145 440 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2810
Փոստային դասիչ71000–71999
Պաշտոնական կայքheraklion.gr
Հերակլիոն (Հունաստան)##
Հերակլիոն (Հունաստան)

Հերակլիոնը համարվում է Եվրոպայի ամենաարագ աճող զբոսաշրջային վայրը. Euromonitor2017 թվականին հրապարակած տվյալների համաձայն՝ արտասահմանցիների ժամանումներն այստեղ տարեկան աճել են 11.2 տոկոսով[3]։ Ըստ վարկանիշային աղյուսակների՝ Հերակլիոնը ամենահաճախ այցելվող վայրերի ցուցակում քսաներորդն է Եվրոպայում, վաթսունվեցերորդը՝ աշխարհում և երկրորդը՝ Հունաստանում (2017 թվականին այցելուների թիվը կազմել է 3,2 միլիոն)[4]։ Հաջորդ տարում այդ ցուցանիշը հասել է 3,4 միլիոնի, և քաղաքը եվրոպական վարկանիշային աղյուսակում բարձրացել է ևս մեկ աստիճանով՝ զբաղեցնելով 19-րդ տեղը [2]:

Հերակլիոն քաղաքի մերձակայքում է գտնվում բրոնզեդարյան Քնոսոս պալատը, որը հայտնի է նաև Մինոսի պալատ անվանումով։ Այստեղ է գտնվում նաև Կրետե կղզու միակ հայկական՝ սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին, որը չի պատկանում Հունաստանում գործող էջմիածնական կամ անթիլիասական թեմերին․ այն ենթարկվում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը։

Պատմություն

խմբագրել

Քաղաքը կառուցվել է Կրետեի ծովի ափին մինչ այդ ստեղծված ոչ մեծ նավահանգստի տեղում, մինոյան քաղաքակրթության կենտրոն Քնոսոսից որ հեռու։ Ստրաբոնն իր «Աշխարհագրության» մեջ Հերակլիոնը հիշատակում է որպես Քնոսոսի ծովային նավահանգիստ (Ստրաբոն, 10.4.7), բայց և ավելացրել է, որ առասպելական Մինոս թագավորը որպես նավահանգիստ օգտագործել է մի ուրիշ քաղաք՝ Ամնիսը (Αμνισῷ):

Ավելի ուշ՝ արդեն մեր թվականության 824 թվականին, արաբները տիրել են Կրետեին, այստեղ ամրություններ ստեղծել և դրանց շուրջը՝ խոր խանդակ (այստեղից էլ՝ քաղաքի պատմական մյուս անվանումը՝ Խանդակ[5] ):

961 թվականին բյուզանդական զորքը, հետագայում կայսր դարձած Նիկիփորոս Փոկասի հրամանատարությամբ, ութամսյա պաշարումից հետո արաբներից գրավել է քաղաքը, ավերել ու թալանել, թալանը 300 նավերով ուղարկել Բյուզանդիա։ Հետագայում քաղաքը վերակառուցվել է՝ ստանալով Մեգալո Կաստրո անվանումը, որ նշանակում է «Մեծ բերդ»։

Շուրջ 250 տարի անց խաչակիրները, որ ջախջախել էին Բյուզանդիան, 1204 թվականին Կրետեն վաճառել են Վենետիկի հանրապետությանը։ Խռովությունների շրջանում քաղաքը հայտնվել է ծովահենների ձեռքում[6] , բայց կարճ ժամանակ անց վենետիկցիներն այստեղ վերահաստատել են իրենց իշխանությունը։ Նրանց տիրապետության շրջանում քաղաքն ու կղզին, որ ստացել էին Կանդիա անվանումը, բուռն ծաղկում են ապրել. կառուցվել են հզոր պարիսպներ, վեհաշուք պալատներ, եկեղեցիներ, հրապարակներ, շատրվաններ, հուշարձաններ...

1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո նրա շատ բնակիչներ, ազատվելով թուրքերից, փախել են քրիստոնյա Կանդիա, և վերջինս մշակութային մի նոր խթան է ստացել։ 1541 թվականին Կանդիայի մերձակա Ֆոդելե գյուղում ծնվել է ապագա մեծահամբավ նկարիչ Դոմենիկո Տեոտոկոպուլոսը՝ Էլ Գրեկոն, որ նկարչության իր առաջին դասերը Կանդիայում է ստացել։

1462 թվականից վենետիկցիներն սկսել են նոր, ավելի հզոր պարիսպ կառուցել, որի շինարարությունը ձգվել է հարյուր տարի։ Կղզու 14-ից 60 տարեկան յուրաքանչյուր բնակիչ տարվա մեկ շաբաթն աշխատել է բերդի ու պարիսպների շինարարությունում։ Կառուցել են 4,5 կիլոմետր պարագծով պարիսպ, որի հաստությունը տեղ-տեղ հասել է մի քանի տասնյակ մետրի։

1645 թվականին թուրքերը հարձակվել են քաղաքի վրա, պաշարել այն։ Պաշարումը, որ պատմության մեջ թեջևս ամենաերկարատևն է եղել, ձգվել է 24 տարի։ Դրա ավարտական փուլում՝ 1667 թվականի մայիսից մինչև 1669 թվականը ընկած ժամանակահատվածում թուրքական զորքը տվել է 108 հազար, վենետիկցիները՝ 29 հազար զոհ[7]։ 1669 թվականի սեպտեմբերին վենետիկցի զորահրամանատար Ֆրանչեսկո Մորոզինին հանձնել է բերդը՝ պայմանով, որ թուրքերը թույլ տան տարհանել քաղաքի բնակչությանը։

Թուրքերը քաղաքը անվանափոխել են, կոչել Խանդակաս։ XIX դարի սկզբներին բնակավայրը վերստացել է իր պատմական անվանումը՝ Հերակլեա, այնուհետև՝ Հերակլիոն[8]։ Նրա բնակիչները երկու անգամ՝ 1828 և 1897 թվականներին թուրքերի կողմից ենթարկվել են ահավոր կոտորածների՝ Հունաստանի ազատագրման պայքարին ակտիվորեն աջակցելու համար։

1898 թվականին Կրետեն վերջապես ազատագրվել է՝ եվրոպական տերությունների հովանու (պրոտեկտորատի) ներքո, իսկ 1913 թվականին՝ բալկանյան առաջին պատերազմից հետո, վերջապես վերամիավորվել մայր երկրի՝ Հունաստանի հետ։

Հերակլիոնի, ինչպես նաև կրետեական Խանիա և Ռետիմնոն քաղաքների բնակիչները փառավոր սխրանքներ են գործել 1941 թվականի մայիսին՝ մասնակցելով կղզու համար մղվող մարտերին, իսկ այնուհետև՝ նաև ֆաշիստների դեմ Հունաստանում ծավալված դիմադրության շարժմանը(1941-1944 թթ.):

1971 թվականին Հերակլիոնը դարձել է Կրետեի վարչական կենտրոնը[9]։

Քույր քաղաքներ

խմբագրել

Անվանի հերակլիոնցիներ

խմբագրել

Բացի Էլ Գրեկոյից, Հերակլիոնում են ծնվել այլ անվանի մարդիկ ևս.

  • Գեորգի Տրապիզոնցի (1395—1472) — հույն գիտնական, փիլիսոփա, իտալական Վերածննդի նախակարապետներից մեկը
  • Անդրեոս Ռիցոս (1421—1492) — հույն ականավոր նկարիչ, սրբապատկերների հեղինակ
  • Պեդրո դե Կանդիա (1492—1542) — հույն արկածախնդիր ծովային, ով դարձել է իսպանական կոնկիստադոր, Պերուի ափերին ոտք դրած առաջին եվրոպացին, աչքի է ընկել նաև այդ երկրի նվաճման գործում իր ակտիվ մասնակցությամբ, արժանացել Իսպանիայի գրանդի կոչման, Կուսկո քաղաքի ալկալդի պաշտոնի
  • Կոնստանտին Կորնյակտ (1517—1603) — հույն ձեռնարկատեր և մեկենաս, ով Լվով քաղաքում կառուցել է Կորնյակտի պալատն ու աշտարակը
  • Միխայիլ Դամասկին (1530—1592) — սրբապատկերների հույն հեղինակ, ենթադրաբար՝ Էլ Գրեկոյի ուսուցիչը. լավագույն աշխատանքներից են համարվում Վենետիկի Սբ. Գեորգիի տաճարի նկարազարդումները
  • Կիրիլ Լուկարիս (1572—1638) — Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք, ու թուրքերը խեղդել են Բոսֆորում՝ մեղադրելով ռուսների հետ համագործակցելու մեջ
  • Նիկոս Կազանձակիս (1883—1957) — հույն հանրահայտ գրող, «Քրիստոսին նորից են ոտնահարում», «Ալեքսիս Զորբաս» (էկրանավորվել է որպես «Հույն Զորբա»), «Քրիստոսի վերջին գայթակղությունը» և այլ հանրահայտ ստեղծագործությունների հեղինակ։ Հուղարկավորված է Հերակլիոնի քաղաքային պարսպի տակ։
  • Կոնստանտինոս Վոլանակիս (1837—1907) — XIX դարի հույն ամենաականավոր նկարիչներից մեկը, կերպարվեստի մյունխենյան դպրոցի ներկայացուցիչ
  • Էլլի Ալեքսիու (1894—1988) — հույն հայտնի կին գրող, մանկավարժ, երկար տարիներ ապրել է տարագրության, վտարանդիության մեջ
  • Օդիսեաս Էլիտիս (1911—1996) — բանաստեղծ, գրականության 1979 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Հովսեփոս Սիֆակիս (ծնվ. 1946 թ.) — հաշվողական համակարգերի բնագավառի հույն և ֆրանսիացի գիտնական, Թյուրինգի մրցանակի դափնեկիր

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Pronunciation for Ηράκλειο
  2. «2011 Population-Housing Census». www.statistics.gr. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  3. «Top 100 City Destination Ranking 2017». Market Research Blog (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Top 100 City Destinations Ranking: WTM London 2017 Edition». Market Research Blog (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  5. Encyclopaedia of Islam, s.v. Iķrīṭish
  6. «History of Heraklion in Crete island - Greeka.com». Greeka. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  7. The War for Candia
  8. it was in use by the local people by 1867, see Samuel Gridley Howe, The Cretan refugees and their American helpers, 1867 [1]
  9. «Heraklion». visit-ancient-greece.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերակլիոն» հոդվածին։