«Իննսուներեքի մանիֆեստ», գերմանացի իննսուներեք մտավորականների բաց նամակն ի պաշտպանություն սկսված Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի գործողությունների։ Մանիֆեստը հրապարակվել է 1914[1] թվականի հոկտեմբերի 4-ին «Քաղաքակիրթ աշխարհին» (գերմ.՝ An Die Kulturwelt) խորագրով գերմանական բոլոր խոշոր թերթերում։

Նախապատմություն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1914 թվականի օգոստոսին, գերմանական հրետանին հողին է հավասարեցրել Լյովեն (Բելգիա) քաղաքը որպես պատիժ նրա բնակիչների կողմից գերմանացի զինվորների գնդակոծման համար։ Քաղաքը հրդեհվել է, այրվել են համալսարանական քաղաքն ու հարուստ գրադարանը, քաղաքի կենտրոնի մեծ մասն ամբողջությամբ ավերվել է։ Անտանտի երկրներում Լյովենի ճակատագիրը դարձել է «տևտոնյան բարբարոսության» խորհրդանիշ։

1914 թվականի օգոստոսի 25-ին գերմանական զորքերը գրավել են Լյովենը և ոչնչացրել Լյովենի համալսարանի գրադարանը, այդ թվում նաև 300 հազար միջնադարյան գրքեր և ձեռագրեր։ Քաղաքում սպանվել է 248 բնակիչ[2], 10 000 մարդ հեռացել է իր տնից և դարձել փախստական։ Շուրջ 2000 շենքեր ավերվել են, մեծ քանակությամբ հումք, պարենամթերք և արտադրական սարքավորումներ տեղափոխվել է Գերմանիա։ Գերմանական բանակի այդ գործողությունը դատապարտվել է համաշխարհային հասարակության կողմից[3]։

Տեքստի ստեղծում խմբագրել

Մանիֆեստի տեքստը գրել է դրամատուրգ Լյուդվիգ Ֆուլդան Հերման Զուդերմանի մասնակցությամբ 1914 թվականի սեպտեմբերին այսպես կոչված «Օգոստոսյան ապրումների» (գերմ.՝ Augusterlebnis) պայմաններում։ Ստորագրությունների հավաքման համար պահանջվել է շուրջ մեկ շաբաթ։ Որոշ գիտնականներ, չենթարկվելով նացիոնալիստական հիստերիային, հրաժարվել են ստորագրել այն։ Մասնավորապես Ալբերտ Այնշտայնը դրա փոխարեն ստորագրել է «Եվրոպացիներին» այլընտրանքային մանիֆեստը[4]։

Մանիֆեստի տեքստ խմբագրել

Տեքստի[5][6] թարգմանությունը․

Մենք՝ գերմանական գիտության ու արվեստի ներկայացուցիչներս, ողջ քաղաքակիրթ աշխարհի առաջ հայտարարում ենք բողոք ընդդեմ ստի ու բանսարկության, որոնցով մեր թշնամիները փորձում են աղտոտել Գերմանիայի ճշմարիտ գործը գոյության համար նրան պարտադրված ծանր պայքարում։ Իրադարձությունները հերքել են տարածվող լուրերը հորինված գերմանական պարտությունների մասին։ Ավելի ջանասիրաբար են հիմա աշխատում աղավաղումների ու հնարանքների վրա։ Նրանց դեմ մենք բարձրացնում ենք մեր բարձր ձայնը։ Թող նա լինի ճշմարտության լրաբերը։

Ճիշտ չէ, որ Գերմանիան մեղավոր է այս պատերազմում։ Այն չի ցանկացել ոչ ժողովուրդը, ոչ կառավարությունը, ոչ էլ կայսրը։ Գերմանական կողմից ամեն ինչ արվել է, ինչը միայն հնարավոր էր անել, որպեսզի կանխվի այն։ Աշխարհն ունի դրա փաստագրական ապացույցները։ Բավական հաճախ Վիլհելմ II-ն իր կառավարման 26 տարիների ընթացքում իրեն դրսևորել է որպես համընդհանուր խաղաղության պահապան, շատ հաճախ դա ընդգծել են հենց մեր թշնամիները։ Այո, հենց այդ կայսրը, որին նրանք հիմա համարձակվում են ներկայացնել որպես ինչ-որ Աթիլլա, տասնամյակների ընթացքում ենթարկվել է իրենց իսկ ծաղրանքներին իր անխախտ խաղաղասիրության համար։ Եվ միայն երբ վաղուց սահմաններին դարանած թշնամական ուժերը երեք կողմից հարձակվեցին մեր ժողովրդի վրա, միայն այդ ժամանակ նա կանգնեց մի մարդու նման։

Ճիշտ չէ, թե մենք լկտիաբար խախտել ենք Բելգիայի չեզոքությունը։ Ապացուցվել է, որ Ֆրանսիան ու Անգլիան պայմանավորվել են այդ խախտման վերաբերյալ։ Ապացուցվել է, որ Բելգիան համաձայնել է դրան։ Ինքնաոչնչացում կլիներ չկանխել նրանց այդ հարցում։

Ճիշտ չէ, որ մեր զինվորները ոտնձգություն են կատարել թեկուզ մեկ բելգիական քաղաքացու կյանքի և նրա ունեցվածքի նկատմամբ, եթե դա չի թելադրվել ամենածայրահեղ անհրաժեշտությամբ։ Քանի որ մշտապես ու անդադար, չնայած բոլոր կոչերին, բնակչությունը գնդակոծել է նրանց դարանից, խեղել վիրավորներին, սպանել բժիշկներին իրենց մարդասիրական պարտքի կատարման ժամանակ։ Չկա ավելի ստոր սուտ, քան լռության մատնելն այդ չարագործների դավաճանությունը, որպեսզի նրանց կրած արդարացի պատիժը՝ որպես հանցանք, վերագրվի գերմանացիներին։

Ճիշտ չէ, որ մեր զորքերը գազանաբար վայրագություններ են արել Լյովենում։ Կատաղած տեղաբնակների դեմ, որոնք նենգաբար հարձակվել են նրանց վրա բնակարաններում, նրանց ծանր սրտով ստիպված են եղել որպես հատուցում կիրառել քաղաքի մի մասի գնդակոծումը։ Լյովենի մեծ մասը փրկվել է։ Հայտնի քաղաքապետարանը կանգուն է ամբողջական և անվնաս։ Մեր զինվորներն անձնազոհաբար պատպանել են այն կրակից։ Ամեն մի գերմանացի կսգա արվեստի այն գործերի համար, որոնք արդեն ոչնչացել են, ինչպես նաև արվեստի այն գործերի համար, որոնք դեռ պետք է ոչնչանան։ Սակայն ինչքան էլ մենք համաձայն չենք ընդունել որևէ մեկի գերիշխանությունը մեր նկատմամբ արվեստի նկատմամբ սիրո հարցում, նույնքան էլ մենք հրաժարվում ենք գնել արվեստի գործերը պահպանումը գերմանական պարտության գնով։

Ճիշտ չէ, որ մեր ռազմական ղեկավարությունը արհամարհել է միջազգային իրավունքի օրենքները։ Նրան հատուկ չէ անզուսպ դաժանությունը։ Իսկ միևնույն ժամանակ արևելքում հողը լցվում է կանանց ու երեխաների արյունով, որոնք սպանվում են ռուսական հորդաների կողմից, իսկ արևմուտքում «դում-դում» փամփուշտները խոցում են մեր մարտիկների կուրծքը։ Որպես եվրոպական քաղաքակրթության պաշտպաններ հանդես գալու ամենաքիչ իրավունքն ունեն նրանք, որոնք միավորվել են ռուսների ու սերբերի հետ և ամբողջ աշխարհին տալիս են մոնղոլների ու նեգրերի՝ սպիտակ ռասայի դեմ սադրանքների ամոթալի տեսարան։

Ճիշտ չէ, որ մեր այսպես կոչված միլիտարիզմի դեմ պատերազմը նույնպես պատերազմ չէ նաև մեր մշակույթի դեմ, ինչպես կեղծավորաբար պնդում են մեր թշնամիները։ Առանց գերմանական միլիտարիզմի գերմանական մշակույթը շատ վաղուց ոչնչացած կլիներ ամենասաղմնային վիճակում։ Գերմանական միլիտարիզմը գերմանական մշակույթի ածանցյալն է, և այն ծնվել է մեր երկրում, որը, ինչպես ոչ մի այն երկիր աշխարհում, հարյուրամյակների ընթացքում ենթարկվել է ավազակային ասպատակությունների։ Գերմանական զորքն ու գերմանական ժողովուրդը միասնական են։ Այդ գիտակցությունն այսօր միավորում է 70 միլիոն գերմանացիների առանց կրթության, դիրքի ու կուսակցական պատկանելության տարբերությունների։

Մենք չենք կարող մեր թշնամիներից դուրս քաշել ստի թունավոր զենքը; Մենք միայն կարող են կոչ անել ամբողջ աշխարհին, որ նա մեր վրայից վերցնի սուտ զրպարտությունները։ Դուք, որոնք մեզ գիտեք, որոնք մինչև հիմա մեզ հետ պաշտպանել եք մարդկության գանձերը, ձեզ ենք դիմում մենք։ Հավատացե՛ք մեզ։ Հավատացե՛ք, որ մենք կվարենք այս պայքարը մինչև վերջ, որպես քաղաքակիրթ ժողովուրդ, որի համար Գյոթեի, Բեթհովենի, Կանտի կտակը նույնքան սուրբ է, որքան իր օջախն ու իր հողաբաժինը։

Դրանում երաշխիք է մեր անունն ու մեր պատիվը։

Ստորագրածների ցանկ խմբագրել

  1. Ադոլֆ Բայեր
  2. Պետեր Բերենս
  3. Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգ
  4. Վիլհելմ ֆոն Բոդե
  5. Ալոիս Բրանդլ
  6. Լույո Բրենտանո
  7. Յուստուս Բրինկման
  8. Զիգֆրիդ Վագներ
  9. Հայնրիխ Վիլհելմ Վալդեյեր
  10. Ավգուստ Վասերման
  11. Ֆելիքս ֆոն Վայնգարտներ
  12. Թեոդոր Վիգանդ
  13. Ուլրիխ ֆոն Վիլամովից-Մյոլենդորֆ
  14. Ռիխարդ Մարտին Վիլշտետեր
  15. Վիլհելմ Վին
  16. Վիլհելմ Վինդելբանդ
  17. Վիլհելմ Վունդտ
  18. Ֆրից Հաբեր
  19. Ադոլֆ ֆոն Գառնակ
  20. Գերհարդ Հաուպտման
  21. Կարլ Հաուպտման
  22. Էդուարդ ֆոն Գեբհարդտ
  23. Էռնստ Հեկկել
  24. Գուստավ Հելման
  25. Վիլհելմ Գերման
  26. Ադոլֆ ֆոն Հիլդեբրանդ)
  27. Ադոլֆ Դեյսման
  28. Յոհան Յակոբուս Մարիա Դե Գրոտ
  29. Ռիխարդ Դեմել
  30. Ֆրանց ֆոն Դեֆրեգգեր
  31. Վիլհելմ Դյորպֆելդ
  32. Ֆրիդրիխ ֆոն Դուն
  33. Ռեյնհոլդ Զեեբերգ
  34. Հերման Զուդերման
  35. Լեոպոլդ ֆոն Կալկրյոյտ
  36. Արթուր Կամպֆ
  37. Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Կաուլբախ
  38. Թեոդոր Կիպ
  39. Ֆելիքս Կլայն
  40. Մաքս Քլինգեր
  41. Ադոլֆ Կնյոպֆլեր
  42. Իոհանես Էռնստ Կոնրադ
  43. Անտոն Կոխ
  44. Պաւլ Լաբանդ
  45. Կարլ Լամպրեխտ
  46. Ֆիլիպ Էդուարդ Անտոն ֆոն Լենարդ
  47. Մաքսիմիլիան Լենց
  48. Մաքս Լիբերման
  49. Ֆրանց ֆոն Լիստ
  50. Գեորգ Մայր
  51. Կարլ Լյուդվիգ Մանցե
  52. Յոզեֆ Մաուսբախ
  53. Էդուարդ Մեյեր
  54. Սեբաստյան Մերկլե
  55. Հայնրիխ Մորֆ
  56. Ֆրիդրիխ Նաուման
  57. Ալբերտ Լյուդվիգ Նեյսեր
  58. Վալտեր Ֆրիդրիխ Հերման Նեռնստ)
  59. Հերբերտ Օյլենբերգ
  60. Վիլհելմ Ֆրիդրիխ Օստվալդ
  61. Բրունո Պաուլ
  62. Մաքս Պլանկ
  63. Ալբերտ Պլեն
  64. Գեորգ Ռայկե
  65. Մաքս Ռայնհարդ
  66. Վիլհելմ Կոնրադ Ռենտգեն
  67. Ալոիզ Ռիլ
  68. Կարլ Ռոբերտ
  69. Մաքս Ռուբներ
  70. Հանս Թոմա
  71. Վիլհելմ Տրյուբներ
  72. Հայնրիխ Ֆինկե
  73. Հերման Էմիլ Ֆիշեր
  74. Կարլ Գուստավ Ֆոլմյոլլեր
  75. Ռիխարդ Ֆոս
  76. Կարլ Ֆոսլեր
  77. Լյուդվիգ Ֆուլդա
  78. Վիլհելմ Ֆյորսթեր*
  79. Մաքս Հալբե
  80. Անդրեաս Հոյսլեր
  81. Լյուդվիգ Հոֆման
  82. Էնգելբերտ Հումպերդինկ
  83. Ֆրից Շապեր
  84. Ադոլֆ Շլատեր
  85. Ավգուստ Շմիդլոն
  86. Գուստավ ֆոն Շմոլլեր
  87. Մարտին Շպան
  88. Ֆրանց ֆոն Շտուկ
  89. Ռուդոլֆ Քրիստոֆ Էյքեն
  90. Կարլ Օսվալդ Վիկտոր Էնգլեր
  91. Պաուլ Էռլիխ
  92. Ալբերտ Էրհարդ
  93. Գերհարդ Էսսեր

* * Վիլհելմ Ֆյորսթերի ստորագրությունը «Մանիֆեստի» տակ դրվել է առանց նրա համաձայնության։ Նա դարձել է այն չորս անձանցից մեկը (մյուսները եղել են Ալբերտ Այնշտայն) և Օտտո Բուկը), որոնք ստորագրել են նույն ամսին Գեորդ Ֆրիդրիխ Նիկոլայի կազմած հայտարարությունն ի պատասխան «Մանիֆեստի»՝ հակապատերազմական «Կոչ եվրոպացիներին»[7]։

Մանիֆեստից հետո խմբագրել

Հետագա իրադարձությունները ստիպել են շատ ստորագրողների վերանայել իրենց նախնական վերաբերմունքը մանիֆեստի նկատմամբ։ Այսպես, Մաքս Պլանկը դեռևս 1916 թվականին բաց նամակ է գրել, որում հայտարարել է, որ այլեւս չի կարող անվերապահորեն աջակցել գերմանական զորքերի գործողություններին։ 1920 թվականին գերմանացի պացիֆիստ Հանս Վեբերը գրավոր հարցում է անցկացրել մանիֆեստի ստորագրողներից այդ ժամանակ ողջ մնացած 75 անձի շրջանում։ 58 հարցվածները պատասխանել են Վեբերին, որոնցից 42-ը այս կամ այն չափով ափսոսանք են հայտնել այդ փաստաթղթի համար[8]։

Պատերազմի ավարտից հետո «Իննսուներեքի մանիֆեստի» մասին հիշողությունն արգելք խոչընդոտ է դարձել գերմանացի գիտնականների և այլ երկրների նրանց գործընկերների միջև համագործակցության համար։ 1919 թվականին շվեդ քիմիկոս Սվանտե Արենիուսն Էմիլ Ֆիշերին, որը մանիֆեստը ճանաչել է սխալմունք, առաջարկել է մյուս ստորագրողներին համոզել հրաժարվել մանիֆեստից։ Էմիլ Ֆիշերն այդ հարցը քննարկել է Հաբերի, Նեռնստի, Պլանկի և Վալդեյերի հետ։ Չնայած ստորագրությունը սխալմունք ընդունելու իրենց պատրաստակամությանը՝ նրանք հրաժարվել են Արենիուսի առաջարկից՝ պատճառաբանելով դա հաշտության պայմանագրով Գերմանիային պարտադրված պայմանների ծայրահեղ դաժանությամբ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jürgen von Ungern-Sternberg and Wolfgang von Ungern-Sternberg, Der Aufruf "An die Kulturwelt!": das Manifest der 93 und die Anfänge der Kriegspropaganda im Ersten Weltkrieg, Franz Steiner Verlag, Stuttgart, 1996, p.13.
  2. Spencer Tucker, P.M.R. World War I: Encyclopedia. — ABC-CLIO/Greenwood, 2005. — Т. 1. — P. 714.(անգլ.)
  3. Commission d'Enquete. Rapports et Documents d'Enquete. — Oxford University Press, 1922. — Т. 1. — P. 679–704.(ֆր.)
  4. Horne, J. A Companion to World War 1(անգլ.)
  5. To the civilized world
  6. Пуанкаре Р. На службе Франции, примечание 32
  7. http://www.logosjournal.ru/arch/59/art_60.pdf Արխիվացված 2020-09-18 Wayback Machine сс. 150—151
  8. 8,0 8,1 Heilbron, J. L.The Dilemmas of an Upright Man: Max Planck As Spokesman for German Science(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել