Թուրք-պարսկական պատերազմ (1821-1823)

Թուրք-պարսկական պատերազմ, 1821-1823 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Արևմտյան Հայաստանի, Միջագետքի և Հյուսիսարևմտյան Իրանի տարածքում՝ Օսմանյան կայսրության և Ղաջարական Իրանի միջև[2]։ Հայտնի է որպես «թուրք-պարսկական վերջին պատերազմ»[3]։

Թուրք-պարսկական պատերազմ
1821-1823
Թուրք-պարսկական պատերազմներ
A Persian Cavalier smoking (Letters from the Caucasus and Georgia).jpg
Թվական 1821-1823
Վայր Արևմտյան Հայաստան, Միջագետք
Պատճառ Հունաստանի անկախության պատերազմ
Արդյունք Պարսիկների հաղթանակ[1]
Էրզրումի պայմանագիր
Տարածքային
փոփոխություններ
նախապատերազմական սահմանների ճանաչում
Հակառակորդներ
ԻրանԻրան Օսմանյան կայսրությունՕսմանյան կայսրություն
Հրամանատարներ
ԻրանՖաթհ-Ալի շահ Օսմանյան կայսրությունՄահմուդ II

Պատերազմի պատճառը թուրք-պարսկական դարավոր հակամարտությունն էր։ Սեֆյան Իրանի հիմնադրման պահից՝ 16-րդ դարի սկզբից, թուրքերը սկսել էին նվաճումներ իրականացնել Միջագետքում, Փոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում՝ բախվելով Սեֆյաններին[4]։ Օսմանյան կայսրությունը մշտապես ցանկացել է ընդլայնվել Իրանի տարածքների հաշվին՝ աջակցություն ստանալով հյուսիսարևմտյան գավառներում բնակվող թյուրքալեզու ղզլբաշներից։ 18-րդ դարում ունենալով դինաստիական փոփոխություն՝ Իրանը դարձյալ մնում է Թուրքիայի հետաքրքրության շրջանում։ Դարավերջին Իրանում գահ են բարձրանում Ղաջարիները, որոնք Իրանի տարածքային հզորացման սեփական ծրագիրն ունեին։ Պարսիկները երկու անգամ պարտվում են ռուսներին (1796, 1804-1813), և ուժեր են կուտակում՝ թուրքերի դեմ պատերազմ վարելու նպատակով։ Ռազմական գործողություններում առանձնապես ակտիվ էր պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզան՝ Ֆաթհ Ալի շահի որդին[5]։

Պատերազմի առիթը եղել է մեկ այլ ռազմական գործողություն, որը մղվում էր Հունաստանի անկախության համար (1821-1829)։ Օսմանյան կայսրությունը, 15-րդ դարում նվաճելով հարավարևելյան Եվրոպան (Բալկանյան թերակղզի) և օղակելով Սև ծովը, անհանգստություն էր պատճառում եվրոպական խոշոր տերություններին՝ Ավստրիային, Ռեչ Պոսպոլիտային (Լեհաստան) և Ռուսաստանին[6]։ Բացի այդ, փակելով միջազգային առևտրի ուղին (Մետաքսի մեծ ճանապարհ), թուրքերն իրենց դեմ էին հանել նաև Անգլիային, Ֆրանսիային և որոշ փոքր պետությունների, որոնք աշխույժ առևտուր էին կատարում Հնդկաստանի և Չինաստանի հետ։ Այդ պատճառներով եվրոպական երկրները պարբերաբար օգնում էին Բալկանյան թերակղզու քրիստոնեադավան ազգերին՝ պայքարելու թուրքական լծի դեմ։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ. Նապոլեոն Բոնապարտի ներխուժումը Եգիպտոս (1798-1801), անգլիացիների հաղթանակը Էգեյան և Միջերկրական ծովերում (1807-1809), ռուսների հերթական հաղթանակը Կովկասում և Բալկանյան թերակղզում (1806-1812) և այլ իրադարձություններ քաջալերեցին հույներին՝ անկախության պատերազմ սկսել թուրքերի դեմ[7]։ Հույներին աջակցեցին եվրոպական տերությունները, որոնցից Ռուսաստանը հրահրեց թուրք-պարսկական մի նոր պատերազմ՝ օսմանյան բանակին ստիպելով կռվել երկու ճակատներում[8]։

Պատերազմն ավարտվել է 1823 թվականին Պարսկաստանի հաղթանակով։ Հուլիսի 28-ին պատմական Հայաստանի Էրզրում (Կարին) քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով երկու կողմերը առանց տարածքային փոփոխությունների ճանաչեցին 1639 թվականին կնքված Ղասրե Շիրինի պայմանագիրը։ Բացի այդ, իրանցի ուխտավորներին հնարավորություն տրվեց անխափան այցելել շիական օսմանահպատակ սրբավայրեր[9]։

ՆախադրյալներԽմբագրել

Ռուս-պարսկական պատերազմից հետո (1804-1813) պարսիկները կորցրել էին վերահսկողությունն ամբողջ Կովկասում։ Միևնույն ժամանակ Արևելյան Հայաստանի և Ատրպատականի խանությունների թյուրքալեզու ղեկավարները, մյուս խաների բախտին չարժանանալու համար, համագործակցության եզրեր էին փնտրում Օսմանյան կայսրության հետ։

1816 թվականին Բաղդադի փաշայության ղեկավար է նշանակվում մուսուլմանացած վրացի Դաուդ փաշան[10]։ Նրա օրոք ապստամբություն է սկսում վարչական միավորի հյուսիսային՝ քրդերով բնակեցված շրջաններում։ Քրդերը, ոգևորվելով իրանցի հայրենակիցների ստեղծած Արդալանի իշխանությամբ (1169–1867), իրենց հռչակում են Իրանի շահի վասալ։ 1818-1819 թվականներին Դաուդ փաշան Սուլեյմանիեի կառավարիչ է նշանակում իր բարեկամին, սակայն հաջողության չի հասնում քրդերին ճնշելու հարցում։ Ստամբուլի իշխանությունների առաջ Դաուդ փաշան արդարանում է՝ մեղադրելով բրիտանացիներին և Օստ-հնդկական ընկերությանը[11], որը փորձում էր հաստատվել Պարսից ծոցում։ Բրիտանացիներին քշելով Միջագետքից՝ նա անցնում է քրդերի ճնշմանը։ Վերջիններս զինակցում էին շիական սրբավայրերի՝ Քերբելայի և Նաջաֆի պարսիկ հոգևորականության հետ։

Լարվածություն էր ստեղծվել պարսկա-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով, որը, որոշ կարճատև ընդմիջումներով, հիմնականում չէր փոփոխվել 1639 թվականից ի վեր։ Օգտագործելով Հունաստանի անկախության պատերազմը որպես առիթ՝ թագաժառանգ Աբբաս Միրզան պատերազմ է սկսում Օսմանյան կայսրության դեմ[12]։

Ռազմական գործողություններԽմբագրել

 
Էրզրում (Կարին)

Պարսից թագաժառանգ Աբբաս Միրզան, Ռուսական կայսրության նախաձեռնությամբ, ներխուժեց Արևմտյան Հայաստան եւ Իրանական Ադրբեջանին շրջապատող տարածքներ[13]։ Ֆաթհ Ալի շահի մյուս որդի Մուհամմադ Ալի Միրզայի զորքը մտնում է Միջագետք և Բաղդադում պարտության մատնում Դաուդ փաշային[14]։ Պարսիկներին աջակցություն են ցույց տալիս Միջագետքի հարավում (Խուզեսթան) բնակվող արաբները, որոնք ձգտում էին ազատվել օսմանյան իշխանությունից։ Էրզրումի փաշան իր մոտ ռազմական ծառայության էր վերցրել ազարի թյուրքախոս երկու ցեղերի, ինչը լրացուցիչ լարվածություն է մտցնում։ Հունաստանի պատերազմով զբաղված օսմանյան զորքը լուրջ դիմադրություն չի կարողանում ցույց տալ Աբբաս Միրզային, ով բանակում է Վանա լճի ափին, ապա և շարունակում է հարձակումը և նվաճում Բայազետի բերդը[15]։ 1821 թվականին հասնում Արևմտյան Հայաստանի խոշորագույն քաղաքի՝ Էրզրումի մատույցների մոտ։

30 հազարանոց բանակով բանակելով Էրզրումի մոտ՝ Աբբաս Միրզան հանդիպում է օսմանյան 52 հազարանոց զորքին։ Էրզրումի ճակատամարտն ավարտվում է պարսիկների հաղթանակով։ Որոշ ժամանակ անց հենց այստեղ էլ կնքվում է Էրզրումի հաշտության պայմանագիրը[16]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Farmanfarmaian, Roxane (30 January 2008). War and Peace in Qajar Persia: Implications Past and Present. Routledge. pp. 88–97. ISBN 9781134103089.
  2. Sicker, Martin (2001). The Islamic World in Decline: From the Treaty of Karlowitz to the Disintegration of the Ottoman Empire. Praeger.
  3. Լ. Մկրտումյան, Անգլո-ռուսական մրցակցությունը և թուրք-պարսկական վերջին պատերազմը
  4. The Editors of Encyclopaedia Britannica, Ṣafavid dynasty
  5. Stewen R. Ward. "Immortal. A military history of Iran and Its Armed Forces".
  6. Şahin, Kaya (2013). Empire and Power in the reign of Süleyman: Narrating the Sixteenth-Century Ottoman World. Cambridge University Press. pp. 4–5. ISBN 978-1-107-03442-6.
  7. Sowards, Steven (14 June 1999). "Twenty-five Lectures on Modern Balkan History: The Greek Revolution and the Greek State." Michigan State University.
  8. Encyclopedia of the Modern Middle East and North Africa, Turko–Iranian War (1821–1823)
  9. A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle, Vol.III, ed. Spencer C. Tucker, 1140.
  10. Abdallah Shalaby; Salah al Din al Jurshi; Mostafa El Nabarawy; Moheb Zaki; Qays Jawad Azzawi; Antoine Nasri Messarra (2010). Towards a Better Life: How to Improve the State of Democracy in the Middle East and North Africa. GPoT. p. 123. ISBN 978-605-4233-21-2.
  11. Ismael, T.Y. 2008. The Rise and Fall of the Communist Party of Iraq. Cambridge, UK: Cambridge University Press.
  12. R. Ernest Dupuy and Trevor N. Dupuy, The Harper Encyclopedia of Military History, 4th edition, (HarperCollins Publishers, 1993), 853.
  13. Tucker, Spencer C., ed. (2010). A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle. III. ABC-CLIO.
  14. Ward, Steven R. (2009). Immortal: A Military History of Iran and Its Armed Forces. Georgetown University Press.
  15. Ասպետ Մանճիկեան, «Հայաստան. արմատներ և ազգագրական առանձնահատկություններ. Պայազիտ(չաշխատող հղում)»
  16. ناسخ‌التواریخ، محمدتقی لسان‌الملک سپهر