Ղաջարիների դինաստիա
Ղաջարական դինաստիա, արքայատոհմ Իրանում 1796-1925 թվականներին։ Հիմնել է թյուրքմենական ղաջար ցեղի առաջնորդ Աղա-Մահմեդ խան Ղաջարը, որը միջֆեոդալական պայքարում հաղթել է Զանդերի դինաստիային։ Ղաջարական Պարսկաստանի մայրաքաղաքը Թեհրանն էր։ Ղաջարական դինաստիա արտահայտել է Իրանի ավատական ազնվականության շահերը և ձգտել է ստեղծել կենտրոնացված պետություն։ Արևելյան Հայաստանը և Վրաստանը Ղաջարական դինաստիաի տիրապետության ներքո պահելու, ինչպես նաև հայ ու վրաց ժողովուրդների՝ Ռուսաստանին միանալու շարժումը խափանելու նպատակով Աղա-Մահմեդ խանը 1795 թվականին ու 1797 թվականին արշավել է Անդրկովկաս, կողոպտել ու ավերել այն, հազարավոր հայերի ու վրացիների տեղահանել ու բռնի քշել Իրանի խորքերը։ Անդրկովկասի ժողովուրդները համառ դիմադրություն են ցույց տվել զավթիչներին (հայերի դիմադրությունը Շուշիի 1797 թվականի պաշարման ժամանակ)։ 19-րդ դարի սկզբին Ռուսաստանի հետ անհաջող պատերազմների (1804-1813, 1826-1828) հետևանքով Ղաջարական դինաստիան կորցրել է իր տիրույթներն Անդրկովկասում։ 19-րդ դարում Ղաջարական դինաստիայի շահերի օրոք ուժեղացել է օտարերկրյա կապիտալի ներթափանցումը Իրան, և երկիրը վերածվել է կիսագաղութի։ Ղաջարական կառավարող վերնախավի շահագործումն ու կամայականությունները առաջ են բերել ժողովրդավարական շարժումներ, որոնք թուլացրել են Ղաջարական դինաստիայի իշխանությունը և պայմաններ ստեղծել նրա տապալման համար։ 1925 թվականի հոկտեմբերի 31-ին Իրանի 5-րդ մեջլիսը որոշում կայացրեց Ղաջարական դինաստիայի տապալման մասին, իսկ դեկտեմբերի 12-ին իշխանության գլուխ անցավ Փահլավիների դինաստիան։
Իրանի շահերԽմբագրել
- Աղա Մոհամմադ խան Ղաջար (1796-1797 թվականներ)
- Ֆաթհ-Ալի շահ (1797-1834 թվականներ),
- Մոհամմադ շահ (1834-1848 թվականներ),
- Նասր ալ-Դին Շահ (1848-1896 թվականներ),
- Մոզաֆֆար Էդ-Դին շահ (1896-1907 թվականներ),
- Մոհամմադ-Ալի շահ (1907-1909 թվականներ),
- Ահմադ շահ (1909-1925 թվականներ)։
ՊատկերասրահԽմբագրել
1905-1911 թվականներին Իրանում տեղի ունեցավ սահմանադրական հեղափոխություն, որը միտում ուներ Իրանում ժողովրդավարություն հաստատելու։ Այդ տարիներին Իրանի դրոշը փոփոխվել է մի քանի անգամ։ Դրոշները ներկայացված են ստորև՝
ՊատերազմներԽմբագրել
- Պարսկական արշավանք (1796)
- Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)
- Թուրք-պարսկական պատերազմ (1821-1823)
- Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 25)։ |