Ժան Ռասին
Ժան Բատիստ Ռասին (ֆր.՝ Jean-Baptiste Racine, դեկտեմբեր 1639[1], Լա Ֆերտե Միլոն[2] - ապրիլի 21, 1699[3][4][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6][2]), ֆրանսիացի դրամատուրգ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1673)։
Ժան Ռասին ֆր.՝ Jean Racine | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբեր 1639[1] |
Ծննդավայր | Լա Ֆերտե Միլոն[2] |
Վախճանվել է | ապրիլի 21, 1699[3][4][5][…] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6][2] |
Գերեզման | Սենթ Էտիեն դյու Մոն[7] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ, լիբրետիստ, պատմաբան և գրող |
Լեզու | լատիներեն և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Կրթություն | Սենտ-Լուիսի լիցեյ և Q108740666? |
Ժանրեր | ողբերգություն |
Գրական ուղղություններ | կլասիցիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Անդրոմաքե, Ֆեդրա, Աթալիա, La Thébaïde?, Alexandre le Grand?, Les Plaideurs?, Britannicus?, Bérénice?, Bajazet?, Mithridate?, Iphigénie? և Esther? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[8] և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[9] |
Ամուսին | Catherine de Romanet? |
Զավակներ | Jean-Baptiste Racine? և Լուի Ռասին |
Jean Racine Վիքիպահեստում |
Պիեռ Կոռնեյլի և Մոլիերի հետ կազմում է 17-րդ դարի Ֆրանսիայի մեծագույն թատերագիրների եռյակը։
Կենսագրություն և ստեղծագործություններ
խմբագրելՍովորել է Բովեի կոլեժում (1653-1655)։ Այդ տարիներին Ռասինը որոշ ժամանակ գտնվել է յանսենիստների ազդեցության տակ, ապա խզել կապերը, գրել է ներբողներ («Սենի հավերժահարսը», 1660), առնչվել արքունիքի հետ։ Վաղ շրջանի ողբերգություններն են՝ «Թերատիս, կամ Թշնամի եղբայրները» (բեմադրումը և հրատարակումը՝ 1664), «Ալեքսանդր» (1665)։
«Դատամոլներ» (բեմադրումը՝ 1668, հրատարակումը՝ 1669, հայերեն հրատարակումը՝ «Դատասերք», 1863) միակ կատակերգությունում Ռասինը ծաղրել է ֆրանսիական դատարանը։
Ֆրանսիական դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ նոր էջ է բացել Ռասինի «Անդրոմաքե» (բեմադրումը՝ 1667, հրատարակումը՝ 1668) ողբերգությունը։ Ստեղծել է սիրային կրքերի կլասիցիստական ողբերգություն՝ առաջին պլան մղելով բարոյականության հարցը։ Նուրբ և ճշգրիտ պսիխոլոգիզմը բացահայտել է պարտքի և կրքի, սիրո և ատելության միջև տառապող, ներքնապես երկատված անհատի դրաման։ Առավել խոր և բանաստեղծորեն է նկարագրել կնոջ հոգեկան աշխարհը։ Բանաստեղծի ողբերգությունների կառուցվածքը պարզ է ու բնական, ենթարկվում է հերոսների զգացմունքների ներքին տրամաբանությանը։ Դրա շնորհիվ Ռասինի մոտ բնավորություններն ու խոսքը նշանակալի են դառնում հատկապես այն դեպքերում, երբ արտաքին գործողությունները հանգում են գրեթե ոչնչի և հեշտությամբ տեղավորվում են եռամիասնության շրջանակներում։ Այդ կազմակերպված ձևը, միաժամանակ, ծայրահեղորեն հագեցած է իր շրջանակներում մոլեգնող կրքերով, որոնք կուրացնում են մարդուն, դարձնում նրան սեփական կամքին և բանականությանը հակառակ, հանցագործ և բռնակալ, իր անսանձության զոհը։ Ռասինի իդեալական հերոսուհիները, ընդհակառակը, համառորեն դիմագրավում են կույր կրքերն ու կամայականությունները, պատրաստ են ինքնազոհության, որպեսզի պաշտպանեն հավատարմությանը բարոյական պարտքի հանդեպ և փրկեն իրենց հոգեկան մաքրությունը։
Քաղաքական բնույթի «Բրիտանիկուս» (բեմադրումը՝ 1669, հրատարակումը՝ 1670, հայերեն հրատարակումը՝ 1869) ողբերգությունում քննադատված է բացարձակ միապետությունն ու բռնակալությունը։ Ինքնահրաժարման ռասինյան իդեալը առավել ցայտուն է մարմնավորված «Բերենիկե» (բեմադրումը՝ 1670, հրատարակումը՝ 1671) ողբերգությունում։ Իսկ հետագա «Բայազետ» (բեմադրումը և հրատարակումը՝ 1672), «Միհրդատ» (բեմադրումը և հրատարակումը՝ 1673, հայերեն հրատարակումը՝ 1869), «Իֆիգենիան Ավլիսում» (բեմադրումը՝ 1674, հրատարակումը՝ 1675, հայերեն հրատարակումը՝ 1869) ողբերգությունները Ռասինը նորից կառուցել է միապետական բռնակալության և նրա զոհերի կոնֆլիկտների հիման վրա։
«Փեդրա» (բեմադրումը և հրատարակումը՝ 1677, հայերեն հրատարակումը՝ 1861) ողբերգությունում նա մեծ ուժով բացահայտել է բարձր բարոյականության տեր կնոջ կերպարը, որը դժվարին պայքար է մղում իրեն հաղթող հանցագործ կրքի դեմ։ Դա կապված է նորից յանսենիզմին անդրադառնալու հետ։ Ռասինը մեղադրվեց անբարոյականության մեջ, տապալվեցին նրա «Փեդրայի» առաջին բեմադրությունները։ Ռասինն իր կապերը խզեց թատրոնի և գրական աշխարհի հետ։
12 տարվա ընդմիջումից հետո միայն նորից անդրադարձավ դրամատուրգիային («Եսթեր», բեմադրումը և հրատարակումը՝ 1689, հայերեն հրատարակումը՝ 1914)։ Կրոնաքաղաքական դրամայի նոր ժանրը ավելի պարզորոշ ձևավորվեց Աստվածաշնչի թեմաներով գրված «Գոթողիա» (բեմադրումը՝ 1690, հրատարակումը՝ 1691, հայերեն հրատարակումը՝ 1834) ողբերգությունում, որտեղ արդի հասարակական կյանքի բովանդակությունն ամբողջությամբ դուրս է մղել սիրո թեման։
Ռասինի գրական գործունեությունն ավարտվում է «Հոգևոր երգեր» (1694) և «Պոր Ռոյալի հակիրճ պատմությունը» (հրատարակումը՝ 1742) գործերով։
Կլասիցիզմի խոշորագույն բանաստեղծ Ռասինը մեծ ազդեցություն է գործել այդ գրական ուղղության բոլոր ներկայացուցիչների վրա։
Պիեսներ
խմբագրել- 1663 - «Մուսաների փառքը» (ֆր.՝ La Renommée aux Muses)
- 1664 - «Թերատիս, կամ Թշնամի եղբայրները» (ֆր.՝ La thebaïde, ou les frères ennemis)
- 1665 - «Ալեքսանդր Մեծ» (ֆր.՝ Alexandre le grand)
- 1667 - Անդրոմաքե
- 1668 - «Հայցամոլներ» ֆր.՝ Les Plaideurs
- 1669 - Բրիտանիկ
- 1670 - Բերենիկե
- 1672 - «Բայազետ» ֆր.՝ Bajazet
- 1673 - «Միհրդատ» ֆր.՝ Mithridate
- 1674 - Իփիգենիա
- 1677 - Փեդրա
- 1689 - Եսթեր ֆր.՝ Esther
- 1691 - Աթալիա ֆր.՝ Athalie
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France Record #120076761 // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 6,0 6,1 6,2 Расин Жан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.tombes-sepultures.com/crbst_997.html
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռասին» հոդվածին։ |