Արամ Երկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Երկանյան (մայիսի 20, 1900, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 2, 1934, Կորդովա, Արգենտինա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նրան հաջողվում է խուսափել տեղահանումից և անցնել Կովկաս։ 1917 թվականին կամավոր զինվորագրվում է, 1918 թվականին նշանակվում ռազմակայանի պետ Կարին-Դերջան ճանապարհին, որին վստահված էր ռուս զորքերի թողած պահեստների պահպանումը։ 1918 թվականի մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար։ 1922 թվականի ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաէդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին։
Արամ Երկանյան արմտ. հայ.՝ Արամ Երկանեան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1900 |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 2, 1934 (34 տարեկան) |
Մահվան վայր | Կորդովա, Արգենտինա |
Գերեզման | Կորդովա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Արգենտինա |
Մասնագիտություն | հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ «Նեմեսիսի» գործիչներից |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրելԱրամ Երկանյանի Սամվել անունով նախնին շատ տարիներ առաջ եկել է Խարբերդի վիլայեթի Փշատիկ գյուղից ու բնակվել Էրզրումի Վիլայեթում, որը հետագայում կոչվել է Երկան։ Բարձր հասակի համար Սամվելին կոչում էին Էրգան (Երկան)։
Հետագայում Երկանյանների մի ճյուղը տեղափոխվել է Էրզրում, ուր և 1900 թվականին ծնվել է Արամը։ 1911 թվականին պատանի Արամը ձեռքն է վերցնում Վենետիկի Մխիթարյանների հրատարակած պատկերազարդ գիրքը՝ 1894-1896 թվականների և 1909 թվականի Ադանայի հայկական ջարդերի մասին։ Դիտելով ջարդերի սահմռկեցուցիչ պատկերները՝ նա երդվում է, որ կդառնա վրիժառու, և պահում է իր երդումը։
Գործունեություն
խմբագրելՀայ վրիժառուն եղել է նաև կամավորական շարժման գործուն մասնակից[1]։ 1917 թվականին նա եղել է Կովկասյան ռազմաճակատի Էրզրում-Մամախաթուն հատվածի հաղորդակցության ճանապարհների ձիավոր խմբի պետ։ 1918 թվականի Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտում՝ հայտնի ֆիդայի Զեմլյակի ձիավոր խմբի հետ իբրև գնդացրային դասակի պետ։ 1918 թվականի դեկտեմբերին, դառնալով Հայաստանի Հանրապետության բանակի հատուկ հանձնարարությունների զինվոր, Արամը կարճ ժամանակում լիկվիդացրել է Լոռվա շրջանի, մասնավորապես՝ Ղարաքիլիսայի շրջակայքում գործող թյուրքական ավազակախմբերը (ի դեպ, նրա հարազատները, գաղթելով հայրենի Էրզրումից, ապրում էին Ղարաքիլիսայում)։ 1920 թվականի հունիսի 19-ին Թիֆլիսի Գոլովինսկու (հիմա՝ Ռուսթավելու պողոտա) փողոցում Արամը սպանեց Խան-Խոյսկուն և նրա երկու օգնականներին։ Այնուհետեւ մեկնել է Պոլիս, որտեղ գնդակահարել է Վահե Իհսանին և Արթին Քեհյանին, ովքեր հավաքագրել էին Կոստանդնոպոլիսի հայ մտավորականության ցուցակը, որոնց 1915 թվականի ապրիլի 24-ի ձերբակալումով սկիզբ դրվեց Ցեղասպանությանը։
Հետո տեղափոխվել է Բեռլին։ Այդ նույն ժամանակ Սողոմոն Թեհլիրյանն[2] արդեն սպանել էր Թալեաթ[3] փաշային, իսկ Արամը պետք է սպաներ Բեհաէտդին Շաքիրին։ Եվրոպական կրթություն ստացած, բժշկի դիպլոմով այս մարդը Թալեաթի աջ ձեռքն էր ու Իթթիհատին կից Յատուկ Կազմակերպության հիմնադիրն ու գլխավոր պատասխանատուն։ 1922 թվականին մարտին գալով Բեռլին, ապրիլի 17-ին քաղաքի Ուլանդշտրասե փողոցի վրա, կեսգիշերին Թալեաթի կնոջ աչքերի առջև գնդակահարվեցին Բեհաէտդին Շաքիրը և Տրապիզոնի հայերի ջարդարար՝ նահանգապետ Ջեմալ Ազմին՝ Արամ Երկանյանի եւ Արշավիր Շիրակյանի ձեռքով։
1922-1927 թվականներին Արամն ապրել է Ռումինիայում, հետո անցել Արգենտինա։ Բուենոս Այրեսում 1930 թ. հիմնել է տպարան, որը հիմք է դարձել 1931-ին հիմնադրված եւ առ այսօր հրատարակվող «Արմենիա» թերթի լոյսընծայման։ Ամուսնացել է, ունեցել է մեկ դուստր։
Երկանյանը ապրել է ընդամենը 34 տարի։ Թոքախտից վարակվելով, անցել է Կորդովա նահանգը, որտեղ եւ մահացել է։ Գերեզմանը գտնվում է նահանգի մայրաքաղաք Կորդովայի ՀՅԴ «Անդրանիկ» ակումբում։
Հիշատակի հավերժացում
խմբագրելԱրամ Երկանյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[4]։
Երկեր
խմբագրել- Այսպես սպաննեցինք, Լոս Անջելոս, 1949, 87 էջ։
- Գիրք մատուցման եւ հատուցման, Պոսթըն, 1949, 160 էջ, Պէյրութ, 1954, 104 էջ։
- Վրէժագիրք (Պերլինի աքթին 60–ամեակին առթիւ), Պէյրութ, 1982, 110 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ - Արամ երկանյանի գործունեությունը(չաշխատող հղում)
- ↑ -Սողոմոն Թեհլերյան
- ↑ Սողոմոն Թեհլերյանի որդին (տեսանյութ)
- ↑ «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Պատմական իրողություններ(չաշխատող հղում)
- Տեսանյութ
- Վրիժառության հայ քրմերը.Արամ Երկանյան
Գրականություն
խմբագրել- Սիմոն Վրացեան, Արամ Երկանեան, տե'ս Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան 1890-1950, Բոստոն, 1950, էջ 540-541։
- Արշաւիր Շիրակեան, Կտակն էր նահատակներուն, Պէյրութ, 1965, 344 էջ։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 125-126։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005