Արագածի շրջան
Արագածի շրջան, վարչական շրջան Հայկական ԽՍՀ-ում։ Կազմվել է 1972-ի մարտի 15-ին՝ ՀԽՍՀ Ապարանի, Արթիկի և Սպիտակի շրջաններից առանձնացված բնակավայրերից։ Տարածությունը 382,4 կմ² էր։ Կենտրոնը Ծաղկահովիտ գյուղն էր։ Գտնվում է Արագածի լեռնազանգվածի և Փամբակի լեռնաշղթայի միջև։
Երկիր | Հայաստան |
---|---|
Կարգավիճակ | ԽՍՀՄ շրջան |
Մտնում է | Հայկական ԽՍՀ → Հայաստան |
Վարչկենտրոն | Ծաղկահովիտ |
Տարածք | 382,4 կմ² |
Հիմնադրված է | 1972 թ. |
Ռելիեֆ և կլիմա
խմբագրելՇրջանի կենտրոնական մասը հարթավայրային է, տեղ–տեղ խախտված հրաբխային կոների մնացորդներով, հվ. և հս. մասերը Արագածի և Փամբակի լեռնաշղթաների ձորակներով կտրտված լանջերն են։ Շրջանը ունի ցուրտ լեռնային կլիմա՝ երկարատև ձմեռներով, կարճ ու զով ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը սարահարթում –8 °C է, լեռնային բարձրադիր մասերում՝ –12 °C (նվազագույնը՝ -35 °C), հուլիսինը համապատասխանաբար՝ 16 °C և 8 °C (առավելագույնը՝ 30 °C)։ Մթնոլորտային տեղումների տարեկան քանակը բարձրադիր մասերում 600–800 մմ է, սարահարթում՝ 400–600 մմ։
Ջրագրություն և բնական լանդշաֆտներ
խմբագրելՄակերեսային հոսքը թույլ է։ Գլխավոր գետը Գեղաձորն է (Քառանգուի վտակը)։ Շրջանից է սկիզբ է առնում Քասաղը։ Շատ են անուշահամ աղբյուրները։ Սարահարթի լեռնատափաստանային լանդշաֆտները բարձրադիր մասերում փոխվում են ալպյան մարգագետինների և ձյունամերձ լանդշաֆտի։ Զուրկ է անտառներից։ Շրջանը հարուստ է լավորակ շինանյութով (անդեզիտներ, անդեզիտաբագալտներ, բազալտներ)։
Բնակավայրեր և բնակչություն
խմբագրելԱրագածի շրջանի բնակավայրերը | |||
Բնակավայրի անվանումը |
Բնակավայրի տիպը |
Տնտեսությունների քանակը |
Բնակչության թիվը (1970) |
Ալագյազ | գյուղ | 112 | 675 |
Ախուլա | գյուղ | 171 | 853 |
Գեղադիր | գյուղ | 120 | 598 |
Գեղաձոր | գյուղ | 173 | 864 |
Գեղարոտ | գյուղ | 106 | 529 |
Ծաղկահովիտ | գյուղ | 150 | 849 |
Ծիլքար | գյուղ | 101 | 507 |
Հնաբերդ | ավան | 342 | 1709 |
Ղոնդաղսազ | գյուղ | 93 | 506 |
Ղուռուբողազ | գյուղ | 52 | 232 |
Մելիքգյուղ | գյուղ | 156 | 891 |
Միրաք | գյուղ | 46 | 203 |
Նորաշեն | գյուղ | 26 | 155 |
Չոբանմազ | գյուղ | 71 | 410 |
Ջամշլու | գյուղ | 50 | 273 |
Ջառջառիս | գյուղ | 125 | 619 |
Սանգյառ | գյուղ | 68 | 377 |
Վարդաբլուր | գյուղ | 129 | 669 |
Փամբ Հայկական | գյուղ | 129 | 646 |
Փամբ Քրդական | գյուղ | 77 | 451 |
Քարվանսարա | գյուղ | 66 | 332 |
Քոռբուլաղ | գյուղ | 28 | 160 |
Պատմական ակնարկ
խմբագրելՇրջանը ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի արլ․ և Նիգ գավառի հս–արմ․ տարածքը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո կազմել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի, սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ Լենինականի գավառի մասը։ Մինչև 1972-ը կազմել է ՀԱԱՀ Ապարանի, Արթիկի և Սպիտակի շրջանների մասը։ Ճարտարապետական հուշարձաններից շրջանի տարածքում պահպանվել են կիկլոպյան ամրոց (Ալագյազ), մ․ թ․ ա․ III–I հազարամյակի բնակատեղի (Գեղարոտ), ուրարտական ամրոց (Հնաբերդ, Ծաղկահովիտ), եկեղեցի (Հնաբերդ, V դ․, Դերեկ, V դ․, Ռյա Թազա, X–XIII դդ․)։ Շրջանի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1972-ին։ Մինչև 1986-ը տեղի է ունեցել շրջանային կազմակերպության 7 կոնֆերանս։ 1986-ին շրջանում կար 61 սկզբնական կուսակցական, 89 կոմերիտական կազմակերպություն, որոնք միավորում էին 1025 կոմունիստների և 4265 կոմերիտականների։
Տնտեսություն
խմբագրելՇրջանը գյուղատնտեսական շրջան է։ Տնտեսության համախառն արտադրանքի մեջ գյուղատնտեսության բաժինը կազմում է 98%։ Առաջատար ճյուղերն են անասնապահությունն ու դաշտավարությունը։ Շրջանում կա 15 սովետական տնտեսություն։ Գործում է Ամրե Թազայի խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշների բտման միջտնտեսային ձեռնարկությունը։
Շրջանի հողային ֆոնդը 38237 հա է, որից վարելահող՝ 13896 հա, խոտհարք՝ 988 հա, անտառատընկված է 1234 հա տարածություն։ Ոռոգվող հողատարածությունները 700 հա են։ Մշակում են հիմնականում հացահատիկային և կերային բույսեր, որոշ հողատարածություններում՝ կարտոֆիլ։ Շրջանի տնտեսության մեջ կարևոր դեր ունի կաթնամսատու անասնապահությունը։ 1985-ին կար 11 հզ․ խոշոր (4 հզ–ը՝ կով), 40 հզ․ մանր եղջերավոր անասուն։ Գյուղատնտեսության մեջ աշխատում են բարձրագույն կրթությամբ 84 մասնագետ։ Արդյունաբերությունը շրջանում զարգացել է վերջին տասնամյակում։ 5 բնակավայրերում կան արդյունաբերության մասնաճյուղեր։ Ալագյազում և Վարդաբլուրում գործում են «Արագած» բամբակագործվածքային, Ծաղկահովտում և Գեղադիրում՝ Ալ․ Մյասնիկյանի անվ․ տրիկոտաժի արտադրական միավորում ների մասնաճյուղերը, Ծաղկահովտում՝ կենցաղսպասարկման շրջանային արտադրական վարչությունը, հացի գործարան, սննդի ձեռնարկություն, Պետագրոարդի Արագածի շրջանային միավորումը։ Շրջնում կա միջտնտեսային շինվերանորոգման վարչություն և շարժական մեքենայացված շարասյուն։
Տրանսպորտ
խմբագրելՇրջանը երկաթուղի չունի։ Երկաթուղու մոտակա կայարանը Արթիկն է։ Տարածքով են անցնում Երևան–Ապարան–Սպիտակ–Կիրովական և Երևան–Ապարան–Արթիկ–Լենինական ավտոխճուղիները։ Խճուղիների ընդհանուր երկարությունը 109,5 կմ է, որից 107 կմ–ը՝ կոշտ ծածկով։ Բոլոր բնակավայրերը ավտոճանապարհներով կապված են շրջկենտրոնի հետ։ Շրջանում գործում է 12 կապի բաժանմունք։
Առողջապահություն
խմբագրելՇրջանում կա 1 շրջանային հիվանդանոց (Ծաղկահովտում, 75 մահճակալով), 17 բուժմանկաբարձական կայան, Հնաբերդում և Ալագյազում գործում է գյուղական բժշկական ամբուլատորիա։ Առողջապահաթյան բնագավառում աշխատում է 218 մարդ, այդ թվում՝ 24 բժիշկ, 102 միջին բուժաշխատող։ Կա 2 դեղատուն (Ծաղկահովտում և Ալագյազում)։
Մշակույթ
խմբագրել1985–86 ուսումնական տարում շրջանում գործում էր 22 դպրոց, որից 14-ը՝ միջնակարգ, 8-ը՝ ութամյա։ Գործում են 1 գեղարվեստի, 1 մարզական դպրոց, 13 մսուր–մանկապարտեզ, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1985-ին շրջանում կար 22 մշակույթի տուն և ակումբ, 12 ստացիոնար կինո։ Գործում է Ալագյազի քրդական ժողովրդական թատրոնը։ Բնակիչները օգտվում են հեռուստատեսային և ռադիոհաղորդումներից։ 1973-ից լույս է տեսնում «Արագած» շրջանային թերթը։
Տես նաև
խմբագրել• Հայկական ԽՍՀ վարչական բաժանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Արագածի շրջան» հոդվածից (հ․ 1, էջ 679 ) (հեղինակ — Ղ. Մուրադյան)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Արագածի շրջան» հոդվածից (հ․ 12, էջ 747-748 ) (հեղինակ — Լ․ Աբրահամյան, Ղ, Մուրադյան)։ |