Արաբական մշակույթը ընդգրկում է Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների (Մարոկկոյից մինչև Պարսից ծոց) մշակույթը։ Այդ երկրների լեզուն, գրականությունը, խոհանոցը, արվեստը, ճարտարապետությունը, երաժշտությունը, փիլիսոփայությունը և այլ ուղղություներ համաարաբական աշխարհի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում։

Միջնադարյան մշակույթը ձևավորվել է Արաբական խալիֆայությունում VII-X դարերում, արաբների և նրանց կողմից նվաճված Մերձավոր ու Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Հարավարևմտյան Եվրոպայի ժողովուրդների մշակութային փոխազդեցության ընթացքում։ Գիտական գրականության մեջ «արաբական մշակույթ» տերմինը գործածվում է ինչպես բուն արաբական ժողովուրդների, այնպես էլ խալիֆայության մեջ մտնող այլ ժողովուրդների միջնադարյան արաբալեզու մշակույթն արտահայտելու համար։ Վերջին իմաստով այն երբեմն պայմանականորեն նույնացվում է «իսլամական մշակույթ» հասկացության հետ։ Արաբական մշակույթի ձևավորումը տեղի է ունեցել իսլամի երևան գալու (VI դարի առաջին կես) և խալիֆայության կազմավորման ժամանակաշրջանում։ Վաղ շրջանում արաբական մշակույթի ձևավորումը հիմնականում ընթացել է նվաճված ժողովուրդների մշակութային ժառանգությունը (հին հունական, հելլենիստական–հռոմեական, արամեական, իրանական և այլն) գաղափարական ու սոցիալ–քաղաքական նոր պայմաններում յուրացնելու, վերագնահատելու և ստեղծագործաբար զարգացնելու ուղղությամբ։ Արաբներն իրենք արաբական մշակույթին տվել են իսլամը (որի մեջ հետագայում ներթափանցեցին իրանական փիլիսոփայության տարրեր), արաբերեն լեզուն, բեդվինական պոեզիայի ավանդույթները։ VII-VIII դարերի կեսերին արաբական մշակույթի գլխավոր կենտրոններն էին Դամասկոսը՝ Ասորիքում, Մեքքան և Մեդինան՝ Արաբիայում, Բասրան՝ Իրաքում։ Աբբասյանների ժամանակ կենտրոնը դարձավ 762 թվականին հիմնադրված Բաղդադ քաղաքը։

Արաբական մշակույթը ծաղկման գագաթնակետին հասավ IX-X դարերում։ Նրա նվաճումները աշխարհագրական գիտելիքների, պատմագրության, փիլիսոփայության, մաթեմատիկայի, բժշկության և այլ բնագավառներում հարստացրին Արևելքի և Եվրոպայի շատ ժողովուրդների մշակույթը։ VIII-X դարերի արաբական մշակույթի նշանակությունը համաշխարհային մշակույթի պատմության մեջ որոշվում էր նրա ստեղծողների կողմից՝ աշխարհի և մարդու գիտական, կրոնա-փիլիսոփայական, գեղարվեստական ճանաչման նոր միջոցների հայտնագործումով։ Խալիֆայության կազմալուծմամբ (X դարի կես) նրա լավագույն ավանդույթներն իրենց հետագա զարգացումն ապրեցին Եգիպտոսում և Ասորիքում։ Ֆաթիմյանների (X-XII դարեը) և Այուբյանների (XII-XIII դարեր) ժամանակ Բաղդադը իր առաջնությունը զիջեց Կահիրեին։ X-XV դարերում ծաղկեց նաև արաբա–իսպանական մշակույթը Իսպանիայում (Կորդովա, Սևիլյա, Գրենադա)։ XVI դարում արաբական երկրները վերածվեցին Օսմանյան կայսրության նահանգների և արաբական մշակույթն անկում ապրեց մշակութային ցածր մակարդակի վրա գտնվող նվաճողների՝ թուրքերի իշխանության ներքո։ Նրա զարգացման նոր շրջանն սկսվում է XIX դարի առաջին կեսից։ Ազգային–ազատագրական շարժման սկզբնավորման, արաբական ինքնուրույն պետությունների առաջացման պայմաններում ժամանակակից արաբական մշակույթի ձևավորումը տեղի է ունենում արաբական յուրաքանչյուր երկրի շրջանակներում։

Ճշգրիտ և բնական գիտություններ

խմբագրել

Սկզբում բնական գիտությունների զարգացման կենտրոնը խալիֆայությունում Ասորիքն էր (մասամբ՝ Հարավարևմտյան Իրանը)։ Այստեղ սկզբնավորվեցին անտիկ հեղինակների արաբերեն թարգմանություններն ու մեկնությունները, որոնց մի մասը փոխարինեց հետագայում անհետացած բնագրերին։ Օրինակ, Հերոնի «Մեխանիկան», Արքիմեդի շատ տրակտատներ և այլն հասել են մեզ միայն արաբերեն թարգմանությամբ։ Արաբների միջոցով Եվրոպա մուտք գործեցին տեխնիկայի այնպիսի նորույթներ, ինչպես թուղթը, վառոդը, թեք առագաստը, կողմնացույցը և այլն, որոնց մի մասը նրանք վերցրել էին Չինաստանից և Հնդկաստանից։ Թարգմանական գրականության, դրա մեկնությունների ստեղծմանը զուգընթաց սկսեց ձևավորվել շինարարության, հողաչափության և առևտրի կիրառական ու գործնական խնդիրների լուծման հետ սերտորեն կապված գիտական ուղղություն։ Բուռն թափով սկսեցին զարգանալ մաթեմատիկան և աստղագիտությունը։

Մաթեմատիկայի ձևավորման վրա հունականի հետ միաժամանակ մեծ ազդեցություն թողեցին նաև հնդկական գիտության նվաճումները (օրինակ, հաշվարկման տասնորդական դիրքային համակարգը՝ 0-ի կիրառմամբ)։ XV դ. ալ–Րաշին (Սամարղանդ) գործածեց տասնորդական կոտորակներ՝ նկարագրելով դրանց գործողությունների կանոնները։ Մեծ է ալ–Խորեզմիի (IX դ.) և պարսկ. ու տաջիկ․ բանաստեղծ ու գիտնական Օմար Խայամի (XI–XII դդ.) դերը հանրահաշվի, որպես ինքնուրույն գիտության, ձևավորման գործում։ Առաջինի տրակտատը պարունակում է քառակուսի հավասարումների դասակարգումը և դրանց լուծման հնարքները, երկրորդինը՝ խորանարդ հավասարումների տեսությունը և դասակարգումը։ Ալ–Մարվազիի, Աբու–լե–Վեֆաիի (X դ.), Նասրեդին Թուսիի (XIII դ.) և այլոց շնորհիվ ոլորտային և հարթ եռանկյունաչափությունը աստղագիտության օժանդակ բաժնից վերածվեց ինքնուրույն մաթ. գիտության։

Մեծ հաջողությունների հասավ աստղագիտությունը։ Սկզբում կատարվեցին Պտղոմեոսի և հնդկ. աստղագետների մի շարք աշխատանքների թարգմանություններ ու մեկնություններ։ Թարգմանական գործունեության կենտրոնը Բաղդադի «Իմաստության տունն էր» և նրան կից աստղադիտարանը։ Առաջնորդվելով երկնային մարմինների շարժումների մոդելավորման հունական մեթոդներով և հաշվարկման հնդկ. կանոններով՝ արաբ աստղագետները մշակեցին երկնոլորտում լուսատուի կոորդինատների որոշման եղանակներ, ինչպես նաև կիրառելի երեք կոորդինատային համակարգերից մեկից մյուսին անցնելու կանոններ։ Մեծ տարածում ստացան ոլորտային աստղագիտության աղյուսակների ու հաշվարկային կանոնների ժողովածուները։ Արաբական աստղագետներն զգալի ճշգրտությամբ չափեցին Խավարածրի թեքությունը հասարակածի նկատմամբ։ Երկրագնդի չափերի որոշման համար կատարվեց միջօրեականի աստիճանային չափում (IX դ.)։ Դիտումների և հաշվումների համար ստեղծվեցին աստղագիտական և գեոդեզիական գործիքներ։ Հատկապես մեծ տարածում գտան արմիլյար սֆերաները, կվադրանտները և աստրոլաբները։ X դ. աստրոլաբներից մեկը գտնվել է Հայաստանում և պահպանվում է Էջմիածնի Մայր Աթոռի թանգարանում։ Հայերեն և արաբերեն մակագրություններով երկու աստրոլաբներ (IX–X դդ.) պահպանվում են Օքսֆորդի գիտական պատմական թանգարանում։ Ընդ որում, նրանցից մեկի վրայի հայերեն գրությունը արաբերենի թարգմանությունը չէ և ավելի մեծ նյութ է պարունակում, քան արաբերենը։

Մեխանիկայի ասպարեզի աշխատանքներն սկսվեցին Արիստոտելի աշխատությունների թարգմանությամբ և մեկնություններով։ Շարունակվեց անտիկ մեխանիկայի թողած ժառանգության մշակումը։ Ֆիզիկայի, մասնավորապես՝ մթնոլորտի ֆիզիկայի ու գեոֆիզիկայի մասին տեղեկություններ կան Աբու Ալի Իբն-սինայի և Բիրունիի աշխատություններում։ Իբն ալ–Խայսամի «Օպտիկա»–ն լայնորեն հայտնի էր Արևմտյան Եվրոպայում։

Զգալի զարգացում ապրեցին նաև քիմիան (տես Ալքիմիա) և կենսաբանությունը։ Արաբները մեծ հաջողությունների էին հասել նաև բժշկագիտության բնագավառում։ Միջնադարյան Արևելքի նշանավոր գիտնական ար–Ռազիի (864–925) «Բժշկագիտության համապարփակ գիրք» աշխատությունը արաբ. բժշկական հանրագիտարան էր։ Հայտնի են նաև Ալի իբն–Արբասի (մահ. 944) մահճաբուժական (կլինիկական) ուշագրավ նկարագրությունները, Աբու Ալի իբն–Սինայի (980–1037) «Կանոն բժշկության» և Իբն Ռուշդի «ժողովածու» բժշկագիտական ծավալուն աշխատությունները։ Արաբական բժշկագիտությունը ազդեցություն է ունեցել հայ բժիշկներ Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու, Ասար Սեբաստացու, Գրիգորիսի և այլոց վրա։

Աշխարհագրություն։ Արաբ աշխարհագրագետներն ու ճանապարհորդները թողել են Արևելքի իսլամական, ինչպես նաև մի շարք այլ երկրների, այդ թվում Եվրոպայի, Հյուսիսային, Կենտրոնական ու Արևելյան Աֆրիկայի, Ասիայի ափերի (մինչև Կորեա), Հայկական լեռնաշխարհի, Մալայան կղզեխմբի նկարագրությունը։ Նրանց աշխատությունները կարևոր, իսկ երբեմն էլ միակ վկայություններն են միջնադարի շատ ժողովուրդների մասին։ Արաբ. աշխարհագրական գիտությունն իր տեսական դրույթների հիմքում դնում էր ոչ թե Երկրի աշխարհագրության վերաբերյալ իր իսկ կուտակած իրական փաստերը, այլ աշխարհի պտղոմեոսյան պատկերացումը և աշխարհագրական տեսությունը։ Քարտեզագրական նյութերը վերարտադրում էին Պտղոմեոսի քարտեզները կամ հին իրանական սխեմատիկ քարտեզների նախատիպերը։ Նախաիսլամական շրջանում արաբների աշխարհագրական պատկերացումները արտացոլվել են գեղարվեստական երկերում և Ղուրանում։ Անտիկ հեղինակների, հատկապես Պտղոմեոսի աստղագիտական–աշխարհագրական երկերի թարգմանություններն ու մշակումները VIII–IX դդ. հիմք դրեցին արաբ, գիտական աշխարհագրությանը։ Այդ շրջանին են վերաբերում Ալ-Բատտանիի, ալ-Խորեզմիի և ալ-Բիրունիի աստղաբաշխական–աշխարհագրական ու գեոդեզիական աշխատությունները։ IX դ. երևան եկան նաև նկարագրական աշխարհագրության առաջին նմուշները (Իբն–Խորդադբեհի, Կուդամի իբն Ջաֆարի, ալ–Յակուբիի երկերը), ինչպես նաև ճանապարհորդական պատմվածքներ (Աբու Զայդ աս–Սիրաֆի, Բուզուրգ իբն Շահրիար և ուրիշներ)։ Հետագայում զարգացում ապրեց ճանապարհորդական նկարագրությունների ժանրը։

Արաբ․ աշխարհագրական գրականությունը ծաղկեց X դ. (ալ–Իսթախրի, Իբն Հաուկալ, ալ–Մուկադդասի)։ XI–XIV դդ. երևան եկան աշխարհագրական բառարանների և տիեզերագրության ժանրերը։ Եվրոպայում մեծ ճանաչում գտավ ալ–Իդրիսիի աշխատությունը, որն իր 70 քարտեզով համարվում էր աշխարհագրական գիտական ամենալավ շարադրանքը միջին դարերում։ Աշխարհագրության հետագա զարգացումն ընթացավ տիեզերագրությունների և առանձին քաղաքների ու երկրների պատմա–տեղագրական նկարագրությունների (ալ–Սակրիզի) ստեղծման ուղղությամբ։ Արաբ․ աշխարհագրական գիտության մեջ խոշոր ներդրում են եղել Վասկո դա Գամայի, լոցման Իբն Մաջիդի և ալ–Մահրիի աշխատությունները, որոնք ընդհանրացրին արաբ․ ծովագնացության տեսությունն ու բազմադարյան գործնական աշխատանքի արդյունքները։ Արաբ մատենագիրների պատմա–աշխարհագրական աշխատությունները հարուստ տվյալներ են պարունակում Հայաստանի մասին։ IX դ. արաբ պատմագիր–աշխարհագիր Յակուբին 870-ական թթ. անձամբ եղել է Հայաստանում, ծանոթացել երկրի սոցիալ–քաղաքական ու տնտեսական կացությանը։ Իր «Գիրք երկրների» երկում նկարագրել է Հայաստանի աշխարհագրական, վարչա–քաղաքական իրավիճակը, քաղաքները, ճանապարհները, հարկերը, առևտուրը, արդյունագործությունը։ Յակուբին Արմինիա վարչական միավորը բաժանում է երեք մասերի, ցույց տալիս անկախության հասած Հայաստանի տնտեսական վերելքը։ Հայաստանի մասին արժեքավոր տվյալներ ունեն նաև Բալազորին (IX դ.), Իբն Խորդադբեհը (մոտ 820 – մոտ 912)։ Վերջինիս «Գիրք ճանապարհների և թագավորությունների» գործում նկարագրվում են Հայաստանի հողատիրական հարաբերությունները, վարչական, քաղաքական դրությունը։ Արմինիան (Հայաստանը, Վիրքը և Աղվանքը) բաժանվում է չորս վարչա–տերիտորիալ միավորների (I, II, III և IV Արմինիաների)։ Իբն Ռուստան (IX–X դդ.) իր «Գիրք թանկարժեք քարերի» գրքում խոսում է նաև Հայաստանի վարչա–տերիտորիալ իրավիճակի մասին։ Իբն ալ–Ֆակիհը (IX–X դդ.) իր «Գիրք երկրների մասին» երկում նույնպես Արմինիան բաժանում է չորս մասերի, առանձին–առանձին նկարագրում յուրաքանչյուրը, նշում նրանց քաղաքները, ճանապարհները։ Հայաստանում հաշվում է 18 հզ. բնակավայր, նշում երկրի հարկերը, թվում կենդանիները, բուսականությունը, հանքատեսակները։ Ալ–Իսթախրին (X ղ.) իր «Գիրք թագավորությունների ճանապարհների» երկում նկարագրում է Հայաստանի պատմա–աշխարհագրական կացությունը, քաղաքները, գետերը, լճերը, տնտեսությունը, առևտուրը, ճանապարհները ևն։ Հայաստանի մասին հատկապես արժեքավոր տվյալներ ունի Յակուտը (Յակուտ ալ–Համավի) (1179–1229), որի «Աշխարհագրական բառգիրք» աշխատությունը արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի աշխարհագրության վերաբերյալ, նշված են Հայաստանի որոշ գավառներ, երկրամասեր, քաղաքներ և այլ կարևոր բնակավայրեր, բերդեր, վանքեր, կամուրջներ, հանքեր, գետեր, լճեր ևն։ Հայաստանի աշխարհագրության մասին արժեքավոր տվյալներ ունեն նաև Աբու–լ–Ֆիդան (1273–1333), Իբն Բատուտան (1304–1377) և ուրիշներ։

Փիլիսոփայությունը։ Սկզբնական շրջանում արաբ. փիլիսոփայությունը հանդես է եկել որպես մուսուլմանական աստվածաբանական մետաֆիզիկա՝ կազմելով իսլամի փիլիսոփայական հիմքը։ Հետագայում հնդկական, հունական և սիրիական փիլ. ագդեցության տակ ձևավորվել են իդեալիստական և մատերիալիստական ուղղություն ունեցող հոսանքները։

Գոյություն ունեցող մուսուլմանական աստվածաբանական մետաֆիզիկային՝ քալամին, հակադրվեցին մութազիլիտները՝ առաջին մուսուլման մտածողները, որոնք ուսումնասիրեցին հունական անտիկ փիլիսոփայությունը։ Ժխտելով աստծո էությունը լրացնող դրական ատրիբուտները՝ մասնավորապես խոսքի ատրիբուտը, մութազիլիտները ժխտում էին Ղուրանի հարատևության վերաբերյալ պատկերացումը։ Մութազիլիտները գտնում էին, որ մարդը բանականությամբ է ճանաչում տիեզերքը և աստծուն, որ արարիչն անընդունակ է փոխելու իրերի բնական կարգը։ Նրանք հենվում էին ժամանակի բնական և ճշգրիտ գիտությունների արդյունքների, մասնավորապես ատոմիստական ուսմունքի վրա։ IX դարից Բաղդադում սկսեց ձևավորվել արաբական արիստոտելականությունը և նեոպլատոնիզմը։ Արաբ․ փիլիսոփայության հետագա զարգացման վրա զգալի ազդեցություն է թողել սուֆիզմը, որը կրոնական ռեակցիայի արտահայտությունն էր։ Այդ կրոնամիստիկական հոսանքը սկզբնական շրջանում արտահայտում էր աշխատավորների պասսիվ բողոքը ընդդեմ ֆեոդալական կարգերի և հոգևորականության։ Նրա հիմքում ընկած էին ասկետության, հայեցողական ինքնախորասուզման և ակտիվ հասարակական կյանքից հրաժարվելու գաղափարները։ Սուֆիզմի փիլ. սկզբունքներում իր յուրահատուկ արտահայտությունը գտավ նեոպլատոնիզմը։ Այդ հոսանքի ականավոր ներկայացուցիչներն էին ալ–Ղազալին (1059–1111) և Իբն ալ–Արաբին (1165–1240)։

Արաբ․ փիլիսոփայության զարգացման համար շրջադարձային կետ էր Արիստոտելի փիլ. ժառանգության յուրացումը, որի արաբ․ թարգմանությունները և մեկնաբանությունները հնարավորություն ստեղծեցին աթեիստական և նույնիսկ մատերիալիստական ըմբռնումների համար։ Արաբ. պերիպաթետիկության հիմնադիր ալ-Քինդին (մոտ 800–879) առաջինը շարադրեց Արիստոտելի հիմնական աշխատությունների բովանդակությունը։ Արաբ․ արիստոտելականությունը հատկապես ընդգծում էր կոնկրետ գիտությունների և բնագիտության նշանակությունը, պաշտպանում աշխարհի հավիտենականության գաղափարը, գտնում, որ աշխարհը չի ստեղծվել ոչնչից և հավերժ է ինչպես աստված։ Սակայն պերիպաթետները չհրաժարվեցին կրոնական դոգմաներից և ձգտում էին իրենց գաղափարները համատեղել իսլամի հավատալիքների հետ, հնարավոր էին համարում կրոնի և նրանից հարաբերականորեն անկախ փիլիսոփայության ինքնուրույն գոյությունը։ Արաբ․ գիտության և փիլիսոփայության մշակման ու զարգացման գործում մեծ դեր են խաղացել Աբու Ալի իբն–Սինան (Ավիցեննա) և ալ-Ֆարաբին։ Արաբ․ առաջադեմ մտածողների շարքում առանձնակի տեղ է գրավում բանաստեղծ–փիլիսոփա Աբուլ–լ–Ալա–ալ–Մաարին։

XII դարից արաբ. փիլ. մտքի կենտրոնը տեղափոխվում է արևմտյան մուսուլմանական աշխարհ՝ Իսպանիա։ Արաբ. Արևմուտքի փիլիսոփայության հիմնադիրն է համարվում բժիշկ–մաթեմատիկոս և փիլիսոփա Իբն Բաջան (XII դ.), ըստ որի, բարձրագույն իմացությունը իրականացվում է բանականության միջոցով, և հասարակության կատարելագործման միակ ուղին մարդու հոգեկան ինքնակատարելագործումն է։ Ամբողջ միջնադարյան արաբ․ փիլիսոփայությունը իր բարձրակետին հասավ Իբն Ռուշդի (Ավեռոես, XII դ.) ուսմունքում։ Նշանավոր մտածող էր նաև Իբն Խալդունը, որը իրավամբ համարվում է պատմության փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։

Միջնադարյան արաբ․ փիլիսոփայությունը նոր պայմաններում պաշտպանեց և զարգացրեց հունական փիլ. մշակույթը, ձևավորեց ճշմարտության երկվության սկզբունքը՝ հնարավորություն ստեղծելով գիտության և փիլիսոփայության հարաբերականորեն ազատ զարգացման համար։ Արաբ․ սկեպտիցիզմը քննադատության ենթարկեց կրոնը և իդեալիզմը՝ հող նախապատրաստելով աթեիստական և մատերիալիստական հայացքների ձևավորման, նոմինալիզմի սաղմնավորման համար։ Արաբ․ փիլիսոփայությունը, միաժամանակ, հանդիսացավ եվրոպական Վերածննդի գաղափարական ակունքներից մեկը։

Հայ և արաբ․ միջնադարյան փիլիսոփայություններն ունեն ընդհանուր գծեր, որոնք նկատելի են հայկական և արաբական արիստոտելականի մեջ, հատկապես Արիստոտելի տրամաբանական և իմացաբանական ուսմունքի մեկնաբանման մեջ։ X–XIV դդ. հայ բնափիլիսոփայական միտքը զգալիորեն կրել է արաբ․ գիտության ազդեցությունը։ Այս տեսակետից հատկապես հատկանշական են Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» և Հովհաննես Երզնկացու «Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղեալ բանք» աշխատությունները, որտեղ շարադրվել և մեկնաբանվել են արաբ փիլիսոփաների և բժշկագետների որոշ հայացքներ։ Ընդհանուր գծեր նշմարվում են նաև Գրիգոր Մագիստրոսի, Գրիգոր Նարեկացու հայացքների և արաբական փիլիսոփայական հոսանքների միջև։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 669