Աբբասյաններ
Աբբասյաններ (արաբ․՝ العبّاسيّون), արաբական խալիֆաների հարստություն։ Կոչվել է Մուհամմադ մարգարեի հորեղբայր Աբբասի անունով։ Աբբասյանների իշխանության տիրացան Աբու-Մուսլիմի ապստամբության շնորհիվ։ Հարստության հիմնադիրն էր Աբու-լ-Աբբաս Սաֆ-ֆահը (750-754)։ Աբբասյանների խալիֆայությունը (հայտնի է նաև Բաղդադի խալիֆայություն անվամբ) սկզբում տարածվում էր Ատլանտյան օվկիանոսից մինչև Հնդկաստան՝ ընդգրկելով Ասիայի արաբական երկրները, Իրանը (մինչև IX դարի սկիզբը), Առաջավոր Ասիայի մեծ մասը, Անդրկովկասը, Միջին Ասիայի հարավային մասը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան (մինչև IX դարը)։
Ձևավորում և վերելք
խմբագրելVIII դարի երկրորդ կեսին Օմայանների իշխանությունը զգալիորեն թուլացել էր նվաճված ժողովուրդների ըմբոստության և ներքին երկպառակությունների պատճառով։ Հենվելով պարսիկ ֆեոդալական վերնախավի և շիա աղանդի հետևորդների վրա՝ Աբբասյանները 750-ին տապալեցին Օմայաններին։ Նոր ավագանին ավելի նվիրված էր ձևանում իսլամի գաղափարներին՝ ընդգծելով ազգակցությանը Մուհամմեդ մարգարեի հետ։ Իսլամում իրանական թարմ հոսանքը նպաստեց նրա տարածմանը և խալիֆաների, որպես կրոնապետերի, իշխանության ամրապնդմանը։ Պարսիկ կրթված դասը մշակեց մուսուլմանական աստվածաբանության և իրավաբանության սկզբունքները և առաջնակարգ տեղ գրավեց քաղաքական, ռազմական ասպարեզներում։ Մայրաքաղաքը Դամասկոսից փոխադրվեց 762-ին հիմնադրված Բաղդադ քաղաքը։ Խալիֆաները մարմնավորում էին և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը։ Աբբասյանների խալիֆայությունը բազմալեզու, ֆեոդալական բռնապետություն էր։ Արտադրության հիմնական ճյուղերն էին հողագործությունը և անասնապահությունը։ Գյուղացիները հողահարկ՝ «խարաջ» էին վճարում, ոչ մուսուլմանները՝ նաև գլխահարկ՝ «ջիզիե»։ Արհեստներն ու առևտուրը նպաստեցին քաղաքների զարգացմանը (Բաղդադ, Բասրա, Դամասկոս, Կահիրե, Բուխարա)։ Զարգացավ արաբական մշակույթը։ Մամուն խալիֆայի օրոք (813 - 833) հին պարսկերենից, հունարենից և ասորերենից արաբերեն թարգմանվեցին բազմաթիվ աշխատություններ, ստեղծվեցին գրադարաններ, զարգացավ մաթեմատիկան, աստղաբաշխությունը, ճարտարապետությունը ևն։
Անկում
խմբագրելՍակայն շուտով կուլ գնալով փարթամ ու շվայտ կյանքին, մեկուսանալով պալատներում՝ խալիֆաներն ի վերջո դադարեցին զորքի առաջնորդ և պետության ղեկավար լինելուց՝ երկրի հոգսը թողնելով օտարազգի ամիրաներին։ Մութասիմ խալիֆան (833 - 842), ահաբեկված ծանր հարկերի տակ կքած հպատակների ընդվզումներից և չվստահելով արաբական ցեղային աշխարհազորին, իր թիկնապահ զորքը համալրեց թուրք ստրուկներով։ Երկրով մեկ ծավալվեց աղանդավորական շարժումը։ Աշխատավորների հակաֆեոդալական պայքարը և ժողովուրդների ազատագրական շարժումը խարխլեցին խալիֆայության հիմքերը, իշխանությունը կորցրեց հեղինակությունը, խալիֆաները խաղալիք դարձան թուրք թիկնապահ գնդի ու ամիրաների ձեռքին։ Խալիֆայությունը տեղը զիջեց պետության տարբեր մասերում առաջացած ինքնուրույն իշխանություններին։ Դեռևս խալիֆայության կազմավորման սկզբում նրանից անջատվեց Օմայանների մի ճյուղը (756 - 1031)՝ հիմնելով Իսպանիայում Կորդովայի խալիֆայությունը։ Այնուհետև անջատվեցին Իդրիսյանները (788 - 985)՝ Մարոկկոյում, Աղլաբյանները (800 - 909)՝ Ալժիրում ու Թունիսում և Թահիրյանները (821 - 873)՝ Խորասանում։ Մեծ դժվարությամբ ճնշվեց սևամորթ ստրուկների (զինջերի) 869 - 883-ի ապստամբությունը։ Եգիպտոսում անկախության հասան Թուլունյանները (868 - 905), Իրանում՝ Սաֆարյանները (867 - 908) և Սամանյանները (875 - 999), Արաբիայում՝ Կարմաթները։ իշխանություններ։
Վերացում
խմբագրել945-ին, երբ բուվայհիները (բուիներ) գրավեցին Բաղդադը, Աբբասյանները փաստորեն կորցրին աշխարհիկ իշխանությունը բուն խալիֆայության ներսում, բայց պահպանեցին մուսուլմանների կրոնապետի կոչումը և մնացին Բաղդադում նույնիսկ սելջուկների կողմից մայրաքաղաքը գրավելուց (1055) հետո։ Մոնղոլների ներխուժումից և Բաղդադի ավերումից (1258) հետո Աբբասյանները հարկադրված տեղափոխվեցին Կահիրե։ 1517-ին օսմանյան սուլթան Սելիմ I գրավեց Եգիպտոսը, յուրացրեց մուսուլմանների կրոնապետի կոչումը, նստավայրը տեղափոխեց Կ. Պոլիս։
Գահացանկ
խմբագրել- Աբու ալ-Աբբաս Սաֆֆահ (750-754),
- Աբու Ջաֆար ալ-Մանսուր (754-775),
- Մահդի (775-785),
- Հադի (785-786),
- Հարուն ալ-Ռաշիդ (786-809),
- Ամին (809-813),
- Մամուն (813-833),
- Մութասիմ (833-842),
- Ուասիք (842-847),
- Մութավաքիլ (847 -861),
- Մունթասիր (861-862),
- Մուսթաին (862-866),
- Մութազզ (866-869),
- Մուհթադի (869 -870),
- Մութամիդ (870-892),
- Մութադիդ (892-902),
- Մուքթաֆի (902-908),
- Մուքթադիր (90 -932),
- Կահիր (932 -934),
- Ռադի (934-940),
- Մութթակի (940-944),
- Մուսթաքֆի (944-946),
- Մութի (946 -974),
- Թաի (974-991),
- Կադիր (991-1031),
- Կաիմ (1031-1075),
- Մուքթաֆի (1075-1094),
- Մուսթազհիր (1094 -1118),
- Մուսթարշիդ (1118-1135),
- Ռաշիդ (1135-1136),
- Մուքթաֆի (1136-1160),
- Մուսթանջիդ (1160-1170),
- Մուսթադի (1170-1180),
- Նասիր (1180-1225),
- Զահիր (1225-1226),
- Մուսթանսիր (1226-1242),
- Մուսթասիմ (1242-1258)։
Գրականություն
խմբագրել- Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885
- Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912
- Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, Թ., 1917
- Ղևոնդ Մեծ, Պատմութիւն Հայոց, ՍՊԲ, 1887
- Ֆասմեր Ռ., Ժամանակագրություն արաբական ոստիկաններու, «ՀԱ», 1928, 29, 32 թթ.
- Беляев Е. А., Арабы, ислам и арабский халифат, М 1965
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 16)։ |