Աբու ալ-Ալա ալ-Մաարրի
Աբու ալ-Ալա ալ-Մաարրի (973 - 1057, ամբողջական անուն՝ արաբ․՝ أحمد بن عبد الله بن سليمان القضاعي التنوخي المعري, Ահմադ իբն 'Աբդուլլահ իբն Սուլեյման ալ-Կադաի ալ-Թանուխի ալ-Մա'արրի), արաբ փիլիսոփա և բանաստեղծ։ Համարվում է միջնադարյան արաբական գրականության խոշորագույն դեմքերից մեկը։
Աբու ալ-Ալա ալ-Մաարրի արաբ․՝ أبو العلاء المعرّي | |
---|---|
Ծննդյան անուն | արաբ․՝ أحمد بن عبد الله بن سُليمان القضاعي التنُّوخي المعرِّي |
Ծնվել է | 973[1][2][3][…] |
Ծննդավայր | Մաարրաթ ալ-Նուման, Իդլիբի մարզ, Սիրիա[4] |
Վախճանվել է | 1057[5][4] |
Վախճանի վայր | Մաարրաթ ալ-Նուման, Իդլիբի մարզ, Սիրիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և փիլիսոփա |
Ազգություն | արաբ |
Ուշագրավ աշխատանքներ | Ներման ուղերձ, Կայծ հրահանից, Լուզումիյաթ, Q100261022? և Q99547283? |
Ներշնչվել է
| |
Աբու ալ-Ալա ալ-Մաարրի Վիքիդարանում | |
Al-Ma'arri Վիքիպահեստում |
Ծնվել է Մաարրաթ ալ-Նուման գավառական քաղաքում (Սիրիա), ազնվականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է տեսողությունից։ Աշակերտել է բանասեր հորը, ապա բազմակողմանի կրթություն ստացել Հալեպում, զբաղվել է ուսուցչությամբ։ 1007-1009 թթ. եղել է Բաղդադում, շփվել առաջադեմ մտավորականների հետ։ Այնուհետև վերադարձել է ծննդավայրը, ուր և ապրել է մինչև կյանքի վերջը։ Թողել է գրական հարուստ ժառանգություն, որի մեծ մասը կորել է խաչակրաց արշավանքների ժամանակ։
Երիտասարդական շրջանի բանաստեղծություններում («Կայծ հրահանից», արաբ․՝ سقط الزند) նկատելի է արաբ ներբողագիր և սիրերգու ալ-Մութանաբբիի ազդեցությունը, որին համարել է իր ուսուցիչը։ Հետագա ստեղծագործությունները տոգորված են վհատության, վշտի ու բողոքի տրամադրություններով («Ճանապարհին լքվածը»)։ Քննադատել է իշխողներին, օրենսգետներին, կրոնական քարոզիչներին («Պարտադրականությունն անպարտադրելիության», արաբ․՝ اللزوميات)։ Նրա արձակ ստեղծագործությունների գլուխգործոցներն են՝ «Հրեշտակների ուղերձ» (արաբ․՝ رسالة الملائكة, «Ռիսալաթ ալ-Մալաի'քա») և «Ներման ուղերձ» (արաբ․՝ رسالة الغفران, «Ռիսալաթ ալ-ղուֆրան»)։
Կենսագրություն
խմբագրելԱբու ալ-Ալա ալ-Մաարրիի ստեղծագործական գործունեությունն արաբական միջնադարյան պոեզիայի գագաթնակետն ու կնիքն է։ Բանաստեղծն ապրել է այնպիսի ժամանակաշրջանում, երբ Արաբական խալիֆայությունն այլևս իրենից մեկ ամբողջություն չէր ներկայացնում և ամենուրեք տիրում էին անջատողական միտումներն ու կենտրոնախույս ձգտումները։ Դրան զուգահեռ մեծ թափ էր առել գաղափարական պայքարը, որն արտահայտվում էր մի կողմից սուննիական աստվածաբանների, մյուս կողմից իսլամի մյուս բոլոր ուղղությունների՝ առաջին հերթին ռացիոնալիստական մութազիլիականության, ինչպես նաև շիականության և վերջինիս տարբեր ճյուղերի՝ հատկապես իսմաիլականության միջև թշնամանքի տեսքով։ Այս պայմաններում ապրած և ստեղծագործած բանաստեղծը տիրող իրավիճակի շուրջ ուներ սեփական աշխարհայացքն ու տեսակետները, որոնք սուննիական ավանդական ոգով դաստիարակված բանաստեղծին հիմք են տալիս հիասթափվելու նույնիսկ սուննիական քարոզիչներից։ Մանուկ հասակում ալ-Մաարրին կուրացել է։ Դա ևս իր ազդեցությունն է թողել նրա աշխարհայացքի և բանաստեղծական ժառանգության ողբերգական բնույթի ձևավորման վրա։
Սովորաբար գիտնականները ալ-Մաարրիի կյանքը բաժանում են 3 շրջանի.
- մանկության ու ուսման տարիներ
- Բաղդադից ան-Նուման վերադառնալն ընկած ժամանակահատվածը
- ան-Նուման վերադառնալուց հետո՝ մինչև մահ
Ալ-Մաարրին հայտնի էր որպես ալ-Մութանաբբիի դիվանի ընթերցող և երկրպագու, ում ավելի բարձր էր դասում Բաշշար իբն Բուրդից, Աբու Նուվասից և Աբու Թամմամից։
Ալ-Մաարրին իր բանաստեղծական և արձակ ստեղծագործություններում մեջբերումներ է անում աստվածաբանական, փիլիսոփայական, գրականական և մուսուլմանական պատմություններից։ Սա վկայում է բանաստեղծի բազմակողմանի կրթվածության և զարգացվածության մասին։ Ալ-Մաարրիի ներաշխարհի վրա իր զգալի ազդեցությունն է ունեցել նաև այն հանգամանքը, որ նրա ժամանակ ինչպես խալիֆայության ողջ տարածքում, այնպես էլ նրա հարազատ ծննդավայրում՝ Մաարրաթ ան-Նումանում, շատ էին հանդիպում կրթված մարդիկ, որոնցից ևս բանաստեղծը շատ բան է քաղել։ Նա էլ, իր հերթին, մեծ հարգանք և հեղինակություն էր վայելում քաղաքի կիրթ հասարակության՝ պոետների և գրականագետների, աստվածաբանների և իրավաբանների շրջանում։
Ալ-Մաարրին, ժամանակակիցների հաղորդմամբ, աչքի էր ընկնում լսածն անգիր անելու և հիշելու զարմանալի կարողությամբ։ Միջնադարյան տարբեր կենսագիրներ հաղորդում են բանաստեղծի ուղևորությունների մասին դեպի Սիրիայի տարբեր քաղաքներ, մասնավորապես Լաթակիա, ինչպես նաև Իրաք, նույնիսկ Տրիպոլի։ Իր ճամփորդությունների ժամանակ ալ-Մաարին ծանոթացել է ամենատարբեր կրոնական և փիլիսոփայական ուսմունքների, գիտնականների և բանաստեղծների հետ։ Ձևավորվել են բանաստեղծի՝ համեմատաբար ավելի ազատական պատկերացումները ինչպես կրոնի առհասարակ, այնպես էլ դրա տարբեր «պատգամների» շուրջ։ Սա առիթ է հանդիսացել նրան հերետիկոսության մեջ մեղադրելու համար։
Բաղդադում մեկ տարուց փոքր-ինչ ավել մնալուց հետո, լսելով մոր հիվանդության մասին ստացած լուրը, վերադառնում է հայրենիք։ Սակայն նախքան իր՝ ան-Նուման հասնելը, մայրն արդեն մահացած է լինում։
Բաղդադյան ուղևորությունն իր անջնջելի հետքն է թողնում բանաստեղծի հետագա ողջ կյանքի վրա և վերադառնալով հայրենի երկիր՝ նա այլևս չի շփվում տեղի բանաստեղծների ու աստվածաբանների հետ՝ վարելով ճգնավոր-ասկետի առանձնակյաց կյանք։ Բանաստեղծն, ով իր ստեղծագործական կյանքի սկզբում՝ ընդօրինակելով ալ-Մութանաբբիին, գրում էր ձոներգություններ՝ ուղղված ամենատարբեր կառավարիչների, այլևս հրաժարվում է ամեն տեսակ քաղաքական գործունեությունից և նույնսիկ որպես պալատական ձոներգու հանդես գալու՝ իրեն արված առաջարկություններից։
Ալ-Մաարրիի կենսագրությունից հայտնի է, որ նա տարված էր շախմատով և նարդիով։ Նրա գրչին են պատկանում ավելի քան 270 դիդակտիկ բնույթի ստեղծագործություններ, տրակտատներ, ուղերձներ և այլ ժանրերի աշխատություններ ու բանաստեղծական ժողովածուներ։
Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի արձակ ստեղծագործությունները
խմբագրելԱլ-Մաարիի արձակ ստեղծագործությունների միայն չնչին մասն է պահպանվել։ Դրանց թվին է պատկանում «Ճանապարհին լքվածը» (արաբ․՝ مُلْقى السَبِيل՝ «Մուլկա ալ-սաբիլ») դիդակտիկ տրակտատների գիրքը։ Նման անվանումը կարելի է մեկնաբանել այն իմաստով, որ գրի առնված մտքերը բանաստեղծը քաղել է իր կյանքի փորձից՝ ճանապարհից։ Դրանում հավաքված են ասկետիկ բնույթի տարբեր մտորումներ, զուգահեռ կյանքում բարեկեցության հասնելու համար երկրային հաճույքներից հրաժարվելու կոչեր և այլն։
Ալ-Մաարրիի լեզվի ճարտասանության վառ օրինակ է «Ուղերձ ալ-Ֆալլահիային» (արաբ․՝ رسالة الفلاحية՝ «Ռիսալաթ ալ-Ֆալլահիյա») ստեղծագործությունը, որը գրվել է որպես պատասխան Եգիպտոսի կառավարիչ ալ-Ֆալլահիայի վեզիրի հրավերին։ Դրանում շատ հարգալից կերպով մերժել է վեզիրին։
Նրա գրչին է պատկանում նաև «Գլուխներ և դրանց ավարտումը Ալլահի փառաբանմամբ և խրատներով», կարճ՝ «Գլուխներ» (արաբ․՝ الفصول՝ «ալ-Ֆուսուլ») քարոզների ու խրատների հավաքածուն, որոնք նա կարդացել է իր աշակերտների համար։ Այստեղ արծարծվում են Ալլահի ամենակարողության, արդարության, բարեգթության մասին մտորումները, որոնք ուղեկցվում են անկատար կյանքի և կույր ճակատագրի դեմ մարդու անկարողության տխուր մտորումներով։ Երբեմն ալ-Մաարրին ստիպված էր լինում գրել նաև սեփական ստեղծագործությունների մեկնություններ, քանի որ դրանք իրենց բարդությամբ ոչ բոլորին էին հասանելի։
Հրեշտակների ուղերձ
խմբագրելԱլ-Մաարրիի արձակ ստեղծագործությունների գլուխգործոցները երկուսն են՝ «Հրեշտակների ուղերձ» (արաբ․՝ رسالة الملائكة՝ «Ռիսալաթ ալ-Մալաի'քա») և «Ներման ուղերձ» (արաբ․՝ رسالة الغفران՝ «Ռիսալաթ ալ-ղուֆրան»)։
«Հրեշտակների ուղերձը» գրվել է հետևյալ կերպ։ Արաբ բանասերներից մեկը նամակ է ուղղում ալ-Մաարիին, որում արծարծում է տարբեր նեղ բանասիրական թեմաներ ու հարցեր։ Ալ-Մաարրիին պատասխանում է այդ նամակին՝ ստեղծագործության տեսքով։ Նա նկարագրում է իր պատկերացումները քերականական տարբեր հարցերի, մասնավորապես՝ հրեշտակների անունների հոլովման շուրջ։
Իրականում ողջ ստեղծագործությունն իր գիտական քննարկումներով հանդերձ պարզապես ինքնատիպ առիթ է՝ ծաղրելու անդրշիրիմյան կյանքի մասին իսլամի ավանդական պատկերացումները։ Ստեղծագործության մեջ հանդիպում է հանգավորված արձակ (արաբ․՝ سَجْعٌ՝ սաջջ), շատ են մեջբերումները նախաիսլամական և իսլամական պոետների ստեղծագործություններից։
Ուղերձը սկսվում է բանասերի գիտելիքների գովաբանմամբ և սեփական տգիտության և սահմանափակության փնովմամբ, ինչը բնորոշ է Ալ-Մաարրիի գրեթե բոլոր ստեղծագործություններին և հանդիսանում է յուրօրինակ քողարկված ծաղր։ Ընդհանրապես, ուղերձում տեղ գտած դատողությունների ողջ շարքը, որում բանաստեղծը հիմնվում է ղուրանական և մուսուլմանական այլ պատմությունների վրա, ևս իրենից ներկայացնում է մի կողմից սովորույթների և ավանդույթների, մյուս կողմից գիտնական-քերականագետների սքոլաստիկ համակարգերի քողարկված ծաղր։
Ներման ուղերձ
խմբագրել«Հրեշտակների ուղերձում» արծարծված մտքերն իրենց հետագա զարգացումն են ապրում «Ներման ուղերձում», որը որոշ ուսումնասիրողների կարծիքով գերազանցում է Դանթեի «Աստվածային կատակերգությանը»։
Այս ստեղծագործությունը ևս ուղերձ-պատասխան է, որն ուղղված է Իբն ալ-Կարիհին։ Բանաստեղծը նրան սկզբում հերթական անգամ հեգնանքով գովերգում է լեզվաբանական գիտելիքների համար, և որպես դրանց փոխհատուցում՝ դրախտում նրան արժանի տեղ է խոստանում։ Սկսվում է արաբական գրականության պատմության մեջ նմանը չունեցող սատիրիկ պատմություն հանդերձյալ կյանքի մասին։ Սա հանդիսանում է ավանդապաշտ և դոգմատիկ Իբն ալ-Կարիհի (ում բանաստեղծն իր ստեղծագործության մեջ «շեյխ» է անվանում) հայացքների և ղուրանական ավանդական պատկերացումների արտացոլումն ու ծաղրը, որոնք ներկայացվում են վերջինիս և նրա ուղեկցի՝ դրախտում և դժոխքում կատարած շրջագայության նկարագրության շրջանակում։
«Ներման ուղերձը» գրված է արձակ ձևով, երբեմն հանգավորված, ներառում է արաբերենի շուրջ բանասիրական դիտարկումներ, արաբների պատմությունից և արաբական պոեզիայից բազմաթիվ օրինակներ, բանաստեղծական ստեղծագործություններից մեջբերումներ և այլն, որոնք էլ ունկնդրի մոտ տպավորություն են ստեղծում, թե պատմության բովանդակությունը երկրորդական նշանակություն ունի և որ դրանում կարևորը գիտական մոտեցումն է՝ դրանով իսկ «խեղդելով» հերետիկոսական գաղափարները բանասիրական դատողությունների մեջ։
Չթաքցնելով իր քննադատական և նույնիսկ հեգնական վերաբերմունքը Ղուրանի որոշ պատգամների հանդեպ՝ Ալ-Մաարրին միևնույն ժամանակ հերքում է իր դեմ ուղղված մեղադրանքները, ընդգծելով, որ իրական հավատքը չպետք է իր արտացոլումը գտնի կրոնական դոգմաների և Ղուրանի բառացի ընկալման մեջ։
Աբու ալ-Ալա Ալ-Մաարրիի չափածո ստեղծագործություններ
խմբագրելԱբու-ալ-Ալա ալ-Մաարին իր բանաստեղծությունները հավաքել է 2 ժողովածուներում՝ «Կայծ հրահանից» (արաբ․՝ سقط الزند՝ «Սակտ ալ-Զանդ») և «Պարտադրականությունն անպարտադրելիության» (արաբ․՝ لزوم ما لا يلزم՝ «Լուզում մա լա յուլզամ» ) կամ պարզապես «Լուզումիյաթ» (արաբ․՝ اللزوميات)։ Ալ-Մութանաբբիի օրինակով բանաստեղծությունները դիվանում այնպես է դասակարգել, որ դրանք արտացոլում են նրա ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը և դրանով իսկ արտահայտում բանաստեղծի անձնական կյանքի կապն ու ազդեցությունը նրա արվեստի վրա։
Բանաստեղծական արվեստ, ոճ, թեմա
խմբագրելԱլ-Մաարիի բանաստեղծական արվեստում զգալի տեղ է զբաղեցնում կյանքի և մահվան թեման, որում խորին հոռետեսության զգացումը պայմանավորված է առաջին հերթին կույր-բանաստեղծի անձնական ողբերգությամբ։ Նրա համար անհասկանալի է մարդկանց՝ երեխաներ ունենալու ձգտումը, չէ որ նրանք իրենց սերնդին դեպի տանջանքներ են տանում։ Իսկ մահն, առաջին հերթին, հանգիստ է երկրային չարություններից։ Սակայն միևնույն ժամանակ այն ինքնին չարության մարմնացում է։ Բանաստեղծի խորին համոզմամբ մահվանից հետո ոչ մի կյանք գոյություն չունի։
Ասկետիկ պատկերացումների հետ է կապված նաև նրա վերաբերմունքը կնոջ հանդեպ, ով, նրա կարծիքով, չպետք է կրթություն ստանար, պետք է սովորեցնել հնազանդվել ամուսնուն, դաստիարակել երեխաներին և զբաղվել տան գործերով։ Նա հատուկ հակակրանքով էր վերաբերվում բազմակնության և առհասարակ, նրա կարծիքով ամուսնությունը տհաճ բան է։ Սակայն ամենավատը, նրա կարծիքով, տարիքային անհավասար ամուսնությունն է։
Հատուկ ուշադրության է արժանի բանաստեղծի վերաբերմունքը կենդանիների հանդեպ։ Լինելով բուսակեր՝ նա հատկապես բացասաբար է վերաբերվում կենդանիների դեմ ցանկացած բռնության։ Նա ընդունում է բոլոր կենդանի արարածների կյանքի իրավունքն ու դատապարտում ցանկացած սպանություն։
Ալ-Մաարրիի աշխարհայացքի ամենաբարդ կողմը նրա կրոնական ընկալման հարցն է, ինչում ինչպես միջնադարյան բանասերները, այնպես էլ ժամանակակից ուսումնասիրողներն ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Նրա մտքերն այդ թեմայի շուրջ այնքան հակասական և իրարամերժ են, որ մեկ թվում է, թե նա աթեիստ էր, մեկ՝ կրքոտ հավատացյալ։ Սակայն եթե աթեիստ էր, ապա ոչ ժամանակակից իմաստով։ Դրա մասին են վկայում նրա բանաստեղծություններում Ալլահի բազմաթիվ հիշատակումներն ու այն կարծիքը, որ գիտությունը չի բացառում Ալլահի գոյությունը։ Նրա կարծիքով միայն բանականությունը բավարար է մարդուն՝ վերերկրային-գերբնական ուժին հավատալու համար։ Աթեիստ չլինելով հանդերձ՝ բանաստեղծն այուամենայնիվ խիստ բացասական էր վերաբերվում կրոններին` համարելով դրանք մարդկանց կողմից շահադիտական նկատառումներով հորինված, սուրբ գրություններին և դրանց քարոզիչներին, երբեմն նույնիսկ շատ կտրուկ արտահայտվելով նրանց մասին։ Նա քննադատում է իսլամի բոլոր ուղղությունները, աղանդներն ու դոգմաները` սկսած սուննիներից ու շիաներից, վերջացրած մութազիլիներով, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր կրոնները։ Իսլամի դոգմաներից նա ընդունում է միայն երկուսը՝ շահադան (արաբ․՝ الشهادة՝ վկայություն) և թաուհիդը (արաբ․՝ التوحيد՝ միաստվածություն)։ Ինչ վերաբերում է հադիսներին՝ ապա դրան հավատալ նրա ընդհանրապես հրաժավում էր՝ համարելով դրանք մարդկանց կողմից հորինված։
Խոնարհվելով գիտության առջև՝ ալ-Մաարրին այնուամենայնիվ համարում է, որ այն նույնպես հարաբերական է։ Նրա աշխարհայացքի գլխավոր գծերը սկեպտիցիզմն ու կասկածն են։ Բանաստեղծը կասկածի տակ է դնում գիտնականների և աստվածաբանների հայացքներն ու տեսակետերը, սակայն միևնույն ժամանակ ողջունում է ուղեղի ցանկացած աշխատանք՝ այնուամենայնիվ չտեսնելով դրանում մարդկային գոյության հավերժական հարցերին պատասխաններ գտնելու ամենաչնչին հնարավորություն անգամ։ Ճշմարտության փնտրտուքներում բանաստեղծն ամբողջությամբ հիմնվում է բանականության վրա։
Կայծ հրահանից
խմբագրելԻր առաջին ժողովածուն նա անվանել է «Կայծ հրահանից», քանի որ կայծերին սովորաբար հաջորդում է բոցը, և դրանով իսկ ընդգծել, որ դա իր ստեղծագործական կյանքի սկիզբն է միայն և որ ամենակարևորը դեռ առջևում է։
Հետևելով ավանդույթին՝ Մաարին բանաստեղծություններն առանձնացրել է տարբեր ցիկլերում՝ եղերեգություն կամ էլեգիա (արաբ․՝ رثاء՝ ռիսա), ձոներգ (արաբ․՝ مدح՝ մադհ), գովերգում (արաբ․՝ فخر՝ ֆախր), սիրային պոեմներ և այլն։ Այս ժողովածուի բանաստեղծություններն առավելապես տարածված էին պոեզիայի ավանդական նորմերը գնահատող ընթերցողների շրջանում։
«Սակտ ալ-Զանդ» ժողովածուում զգալի տեղ են զբաղեցնում ձոներգությունները, որոնք նա ուղղում էր իր ընկերներին, ծանոթ պոետներին, երբեմն էլ ի պատասխան իրեն գրված ձոներգության։ Սկզբնական շրջանում փորձելով ամեն ինչում ընդօրինակել իր բանաստեղծական կուռք ալ-Մութանաբբիին՝ ալ-Մաարրին այնուամենայնիվ չի կարողանում այն աստիճան ցածրանալ, որպեսզի ձոներգեր հղի անարժան հովանավորներին։ Սակայն անգամ այն դեպքում, երբ նա գովերգում էր որևէ հայտնի կամ հարուստ անհատի՝ նրա ձոներգում ավանդական տարրերից քիչ բան է պահպանվում։ Նույնսիկ կասիդայի եռամաս կառուցվածքը բանաստեղծը չի պահպանում։
Ավանդական մոտիվներով մեծաթիվ ստեղծագործությունների շարքում դեռ ստեղծագործական կյանքի վաղ շրջանից կարելի է հանդիպել տխրության և կյանքի անցողիկության շուրջ մտորումների մասին առանձին տողեր և նույնիսկ ամբողջական բանաստեղծություններ։ Տխրության և կարոտի տրամադրություններն առավել ընդգծված են Բաղդադում գրած ստեղծագործություններում՝ հայրենի քաղաքի հանդեպ ունեցած նոստալգիկ զգացմունքների ազդեցությամբ։
Լուզումիյաթ
խմբագրելԱլ-Մաարիի բանաստեղծությունների ավելի ուշ և առավել հայտնի ժողովածուն «Լուզումիյաթն» է։ Այստեղ արաբական միջնադարյան գրականության պատմության մեջ առաջին անգամ բանաստեղծական արվեստի հիմնական ազդակ է դառնում բանաստեղծ-մտածողի քնարական ինքնարտահայտումը, նրա մտորումները մարդկային կյանքի մասին։ Թերևս այս կամ այն չափով ամենամոտը ալ-Մաարիի արվեստին կարելի է համարել սուֆի-բանաստեղծների միստիկ-կրոնական ինքնարտահայտումը։ Ժողովածուն գրվել է ավելի քան 50 տարվա ընթացքում։ Բանաստեղծությունները՝ համաձայն թեմատիկայի, դասավորված են ժողովածուի առանձին հատվածներում։ Ժողովածուն ներառում է ավելի քան 1600 ոչ մեծ ծավալի բանաստեղծություններ։ Ժողովածուի անվանումը՝ «Ոչ պարտադիրի պարտադիրությունը», բանաստեղծի կողմից երկու ձևով է մեկնաբանվել։
- Բանաստեղծություններում արտահայտած մտքերն ու գաղափարները, որոնք իր համար պարտադիր են, կարող են ժամանակակիցների համար պարտադիր չլինել։
- Հավատարիմ մնալ այն ամենին, ինչը մյուսների համար պարտադիր չէ։ Այստեղ ի նկատի է առնվում բարդ «երկակի ռիթմը», որը բանաստեղծը կիրառում է իր ողջ հսկայական դիվանում։ Նա չի բավարարվում ոտանավորի միայն վերջին՝ մեկ բաղաձայնի հանգավորմամբ, այլ հանգավորում է վերջին երկուսը։ Դա պարտադիր չէր նաև իր ժամանակակիցների համար։
Ուշ շրջանի բանաստեղծություններում ալ-Մաարրին վերջանականապես հրաժարվում է ավանդական կասիդա-մադհերից և հիմք դնում նոր, փիլիսոփայական բովանդակությամբ բանաստեղծությունների ժանրին։ Պալատական ձոներգությունների ժանրին բանաստեղծն արդեն սկսում է նայել որպես պոետին անարժան, նրա արժանապատվությունը ստորացնող արվեստ։
«Լուզումիյաթ» ժողովածուում ալ-Մաարին ամբողջովին հրաժարվում է նաև «Սակտ ալ-Զանդում» տեղ գտած խամրիյաթ ժանրից՝ գինու գովերգումից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ (not translated to mul) Գուտենբերգ նախագիծ(բազմ․) — Project Gutenberg Literary Archive Foundation, 1971.
- ↑ 4,0 4,1 G. W. T. Abu-l-'Ala ul-Ma'arri // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 1. — P. 79.
- ↑ Абуль-Ола (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 1. — С. 50—51.
Գրականություն
խմբագրել- Крачковский И. Ю. Избранные сочинения, т. 1-2. М.-Л., 1955-1956.
- Крымский А. Е. Арабская литература в очерках и образцах. М., 1911.
- Шидфар Б. Я. Абу-ль-Аля аль-Маарри. М., 1985.
- Широян С. Г. Великий арабский поэт и мыслитель Абу-ль-Аля аль-Маарри. М., 1957.
- История арабской литературы. X-XVIII века. Часть 1
Արտաքին հղումներ
խմբագրել- The Luzumiyat, by Abu al-ʻAlaʼ al-Maʻarri
- Իսլամական բանաստեղծության ուսումնասիրում, անգլերեն, ձայնագրում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու ալ-Ալա ալ-Մաարրի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու ալ-Ալա ալ-Մաարրի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 46)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |