Ալեքսանդր Ադաբաշյան
Ալեքսանդր Արտյոմի Ադաբաշյան (օգոստոսի 10, 1945[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, հայ, ռուս դերասան, նկարիչ, սցենարիստ, ռեժիսոր, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1983)[2]։
Ալեքսանդր Ադաբաշյան | |
---|---|
Ալեքսանդր Ադաբաշյան, 2009 թ | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1945 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա (1971) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Գործունեության տարիներ | 1974-մինչ այժմ |
Մասնագիտացում | դերասան սցենարիստ ռեժիսոր նկարիչ |
Ոճ(եր) | կատակերգություն և մելոդրամա |
Ամուսին | Եկատերինա Շադրինա |
Պարգևներ | |
IMDb | ID 0010383 |
Ալեքսանդր Ադաբաշյան՝ Վիքիպահեստ |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Ադաբաշյանը ծնվել է 1945 թվականին Մոսկվայում։ Մայրը՝ Վալենտինա Բարխուդարովան (1917-1995), գերմաներենի ուսուցչուհի էր։ Հայրը՝ Արտյոմ Ադաբաշյանը (1910-1974), ինժեներ էր, Մոնտաժային և շինարարական աշխատանքների նախարարության գլխավոր կոմիտեի պետը[3]։ Կինը՝ Կատերինա Շադրինան (ծն․ 1955) է, դուստրերը՝ Ալեքսանդրա Պոտեխինան (ծն․ 1980), ավարտել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, հետաքրքրվում է քրիստոնեության պատմությամբ, Բյուզանդիայով, Հին Հունաստանով, դասավանդում է հունարեն, Եկատերինա Ադաբաշյանը (ծն․ 1982) զբաղվում է նկարչությամբ։ Ունի 3 թոռ՝ Ֆիլիպը (2001), Մարիան (2003) և Պյոտրը (2006)[4]։
Մանկություն և պատանեկություն
խմբագրելԱլեքսանդր Ադաբաշյանի մանկությունն անցել է Մոսկվայում՝ Նիժնյայա Մասլովկա փողոցի վրա։ Ծնողներն այն ժամանակվա համար արտասովոր որոշում կայացրին․ երեխային ուսման ուղարկել ֆրանսիական դպրոց։ Այդպես Ալեքսանդրն սկսեց սովորել №2 հատուկ դպրոցում, որը հետագայում կոչվեց Ռոմեն Ռոլանի անունով։ Դպրոցը համարվում էր հեղինակավոր և հայտնի էր լավ ուսուցիչներով․ ֆրանսերենը դասավանդվում էր առաջին դասարանից և բարձր մակարդակով[4]։
Ալեքսանդրն ամեն օր դպրոց էր գնում տրամվայով, որն իրեն մեծ հաճույք էր պատճառում և շատ էր ցանկանում դառնալ գնացքի ուղեկցորդ։ Հետո ցանկանում էր դառնալ կրկեսի ծաղրածու․ շատ էր հավանում այս մասնագիտությունը, որը հնարավորություն էր տալիս հորինել, խաղալ և նկարել։ Ադաբաշյանը մասնակցում էր գեղարվեստական տարբեր խմբակների՝ նկարում էր, սովորում թատերական ստուդիայում։ Երեխաները խաղում էին ֆրանսերենով բեմադրված պիեսներում, իսկ դպրոցական «Մեղվիկ» ներկայացումը, ըստ Անատոլ Ֆրանսի ստեղծագործության, հեռուստատեսությամբ առցանց ցուցադրվեց Ժուրավլյովի հրապարակում և դարձավ ապագա դերասանի թատերական դեբյուտը[4]։
Ալեքսանդր Ադաբաշյանի երկրորդ դերասանական աշխատանքը, որն ընդգծվեց Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիայի մանկավարժների կողմից, Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Փոքրիկ իշխանը» ներկայացման մեջ դերն էր։ Ալեքսանդրին առաջարկեցին հետագայում զբաղվել դերասանությամբ, սակայն նա արդեն լրջորեն տարվել էր նկարչությամբ և որոշեց իր ողջ կյանքը նվիրել այդ մասնագիտությանը[4]։
Դպրոցական տարիքում Ադաբաշյանը ծանոթացավ Նիկիտա Միխալկովի հետ։ Ալեքսանդրի ընկերը՝ Ալեքսեյ Շաշկովը, Նիկիտայի ընկերն էր և նրանց մոտ ձևավորվեց ընկերական կոլեկտիվ, որի մեջ էին մտնում նաև Վլադիմիր Գրամատիկովը և Անդրեյ Յուրենևը[4]։
Ստրոգանովի ուսումնարան (այժմ՝ Մոսկվայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարան) միանգամից ընդունվել չհաջողվեց։ Ադաբաշյանը մեկ տարի աշխատեց նախագծային ինստիտուտում, զուգահեռաբար նախապատրաստական դասընթացների էր հաճախում և 1962 թվականին դարձավ իր երազած բուհի ուսանող[3]։ 1964 թվականին սովորելու ընթացքում Ալեքսանդրը զորակոչվեց բանակ, որտեղ ծառայեց 3 տարի։ Ծառայության սկզբում նա կամավոր գնաց սերժանտական դպրոց (Կունգուր քաղաք, Պերմի երկրամաս)։ Որոշ ժամանակ անց զորամասում նկատեցին նրա նկարչական ընդունակությունները, և Ալեքսանդր Ադաբաշյանը հայտնվեց շտաբի գրագրի արտոնյալ պաշտոնում, իսկ ծառայությունն ավարտեց Բոլոգոյե քաղաքից ոչ հեռու։ Բանակում անցկացրած 3 տարիների ընթացքում նա հասցրեց կրել տանկիստի, հրետանու և օդաչուի ուսադիրներ։ Ծառայություն անցնելով ստրատեգիական նշանակություն ունեցող հրթիռային զորքերում՝ Ադաբաշյանն իր համար բացահայտեց, որ էլեկտրոնիկայից գլուխ է հանում ոչ պակաս, քան իր՝ բարձրագույն տեխնիկական կրթություն ունեցող ծառայակիցները։ Նա հասկացավ, որ շատ բանով պարտական է իր դպրոցին և շրջապատին և գիտելիքների մակարդակին, թեև այդ տարիներին միակ գերազանց գնահատականն ստացել էր երգեցողությունից[4]։
Ուսանողական տարիներ և կարիերա
խմբագրել1967 թվականին զորացրվելով՝ Ալեքսանդր Ադաբաշյանը վերադարձավ ուսումնարանի 2-րդ կուրս, իսկ չորրորդ կուրսում նրա կյանք մտավ կինոն։ Ամառային պրակտիկայի ընթացքում սկսեց աշխատել «Հանգիստ օր պատերազմի ավարտին» ֆիլմի վրա (Նիկիտա Միխալկովի դիպլոմային աշխատանքը, 1970)։ Ստրոգանովի ուսումնարանում ուսանողներին սովորեցնում էին ամեն ինչ անել սեփական ձեռքերով, և Ալեքսանդրը պատկերացում ուներ ատաղձագործական, փականագործական և նմանատիպ այլ աշխատանքների մասին, որոնք կազմում էին բեմանկարչության հիմքը։ Նրա բոլոր կինոհամալսարաններն սկսում էին մեծ վարպետների հետ աշխատանքից։ Ալեքսանդրին բախտ վիճակվեց համագործակցել բեմանկարիչ Իրինա Շրետերի հետ, ով վաղուց էր աշխատում կինոյում։ Ադաբաշյանը պրակտիկայի ընթացքում յուրացնում էր նկարիչ-ձևավորողի մասնագիտությունը և սեփական փորձի հիման վրա իմանում էր, թե ինչ է կինոն, ինչով է այն տարբերվում թատրոնից կամ գեղանկարչությունից։ Նա սկսեց աշխատել ոչ մի պատկերացում չունենալով այդ մասնագիտության մասին՝ սովորում էր ընթացքում, և սխալներն անխուսափելի էին։ Այդ ամենն ընթանում էր Իրինա Վիկտորովնայի հսկողության տակ, ով ներում էր բոլոր սխալները և համբերատար սովորեցնում էր[4]։
1971 թվականին Ա․ Ադաբաշյանն ավարտեց Մոսկվայի գեղարվեստա-արդյունաբերական բարձրագույն ուսումնարանը (մետաղների գեղարվեստական մշակման ֆակուլտետը)։ Դեռևս 1970 թվականին որպես նկարիչ-բեմադրիչ (Ալեքսեյ Ռոդիոնովի հետ համատեղ) մասնակցել է «Պետրուխինի ազգանունը» ֆիլմի նկարահանումներին[3], իսկ 1972 թվականին օպերատոր Պավել Լեբեշևի հետ մեկնեց արդյունաբերական մի համագործակցության մասին փաստագրական ֆիլմ նկարահանելու, որտեղ ձեռք բերեց նոր մասնագիտություն՝ օպերատորի օգնական։ Նրանք շրջեցին Ռուսաստանում և Մերձբալթիկայում, այնուհետև հրավեր ստացան աշխատելու Բուդիմիր Մետալնիկովի «Բժիշկ Իվենսի լռությունը» ֆիլմի վրա․ Պավելը ստորջրյա նկարահանումների օպերատորն էր, իսկ Ալեքսանդրը՝ օգնականը։ Արդյունքում նկարահանումները հետաձգեցին, սակայն ընկերները մեկուկես ամիս ապրեցին Սուդակում։ Որպեսզի անգործ չնստի, Ադաբաշյանը սկսեց աշխատել Այզեկ Զինգերի մոտ որպես օգնական։ Այզեկը Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնի զգեստների նկարիչն էր, ով դարձավ հայտնի խորհրդաամերիկյան հագուստի դիզայներ։ Նա նաև օգնում էր բեմանկարիչ Լեոնիդ Պերցևին որպես գեղազարդիչ․ Ալեքսանդրը միշտ ձգտում էր փորձ ձեռք բերել պրոֆեսիոնալներից և ինչ-որ նոր բան սովորել[4]։
Այդ տարիներին Ալեքսանդր Ադաբաշյանն ամուսնացավ Պավել Լեբեշևի քրոջ՝ Մարինայի հետ։ Այնպես ստացվեց, որ հարսանիքին չկարողացան ներկա գտնվել նորապսակների ծնողները, և միջոցառմանը հավաքվեցին շատ երիտասարդներ։ Հյուրերի թվում էր Անդրեյ Միխալկով-Կոնչալովսկին, ով 1973 թվականին հրավիրեց Ադաբաշյանին օգնել իրեն «Գործն ավելի կարևոր է, քան կյանքը» ֆիլմի սցենարի հարցում։ Ֆիլմը Միջին Ասիայի կինոստուդիաներից մեկի համար էր։ Միխալկով-Կոնչալովսկին ուրվագծեց սցենարը և սկսեց փնտրել համահեղինակ։ Ադաբաշյանը նախկինում երբեք սցենարներ չէր գրել, սակայն Անդրեյը համբերատար բացատրում էր, թե ինչով է սցենարը տարբերվում լավ արձակից, սովորեցնում էր նկարագրել բնավորություններ, պատկերացնել, թե ինչպես այդ ամենը կդիտվի իրականում՝ գործողության մեջ։ Այդպես Ալեքսանդր Ադաբաշյանի համար բացվեց ստեղծագործական կյանքի նոր էջ[4]։
«Օտարների միջ յուրային, յուրաինների մեջ օտար» ֆիլմի նկարահունմների (ըստ Էդուարդ Վոլոդարսկու և Նիկիտա Միխալկովի «Կարմիր ոսկի» պատմվածքի) Ալեքսանդր Ադաբաշյանը Իրինա Շրետերի հետ նկարիչ-բեմադրիչն էր։ Ֆիլմում նկարահանվում էին Յուրի Բոգատիրյովը, Անատոլի Սոլոնիցինը, Սերգեյ Շակուրովը, Ալեքսանդր Պորոխովշչիկովը, Ալեքսանդր Կայդանովսկին։ Նկարահանումները կատարվեցին Չեչենո-Ինգուշետիայում, որը հայտնի էր բազմազան բնությամբ՝ բլուրներով, ժայռերով և գետերով։ Այնտեղ Ադաբաշյանն առաջին անգամ հանդես եկավ որպես դերասան, թեև այդ մասնագիտության վերաբերյալ ուներ միայն աղոտ պատկերացումներ։ Առաջնելույթը հաջող անցավ, սիկ ֆիլմը 1975 թվականին Դելիի կինոփառատոնին ստացավ հանդիսատեսի մրցանակ։ Նույն թվականին Ալեքսանդր Ադաբաշյանը որպես դերասան և նկարիչ աշխատեց «Սիրո ստրկուհին» ֆիլմի վրա, որը Թեհրանի կինոփառատոնին ստացավ «Ոսկե կոզլոտուր», իսկ Ֆրանսիայի Յեր քաղաքում կայացած «Երիտասարդ կինո» կինոփառատոնին՝ հանդիսատեսի հատուկ մրցանակը։ Այդ ժամանակաշրջանում ծանր հիվանդացավ և մահացավ Ալեքսանդրի կինը՝ Մարինան[4]։
Առաջին սցենարը, որը սկզբից մինչև վերջ գրվեց Նիկիտա Միխալկովի հետ, «Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար» (1977) ֆիլմի սցենարն էր, որի հիմքում ընկած էր Անտոն Չեխովի «Պլատոնով» անավարտ պիեսը[5]։ Երբ Միխալկովին նվիրեցին «Չեխովի չհրատարակված պիեսները» գիրքը, նրանք երկուսով կարդացին այն և որոշեցին Անտոն Պավլովիչի ստեղծագործություններից կոլաժ անել։ Ֆիլմի ստեղծման պատմությունն ինքնին արտասովոր է, քանի որ այդ տարիներին երիտասարդ տաղանդներին չէին վստահում էկրանավորել դասականներին, սակայն նրանք այնուամենայնիվ դիմում տվեցին, թեև հաջողության հույս չունեին։ Այնպես ստացվեց, որ նկարահանող խմբերից մեկը չհասցրեց պետկինոյին ժամանակին հանձնել ֆիլմը և այդ ժամանակ հիշեցին «Անավարտ պիեսի մասին»։ Այդպես ամեն ինչ սկսվեց։ Մեկուկես ամսում գրվեց սցենարը և սկսվեց նկարահանումների վայրի փնտրտուքը։ Մոսկվայից 2 ժամ հեռավորության վրա, Պուշչինո քաղաքում, գտնվեց դատարկ ագարակ և զբոսայգի՝ կասկադային լճակներով։ Ֆիլմի նկարահանումներին Ադաբաշյանը Ա․ Սամուլեկինի հետ աշխատեց նաև որպես նկարիչ։ Ֆիլմն ստացավ բազմաթիվ մրցանակներ՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնի «Большая золотая раковина» մրցանակ (1977), Չիկագոյի կինոփառատոնի «Золотая пластина» մրցանակ (1978), Բելգրադում կայացած աշխարհի լավագույն ֆիլմերի «Ֆեստ» կինոփառատոնում գրան պրի կինո և հեռուստատեսության նկարիչների միությունից (1978), «Դավիդ Դոնաթելլո» մրցանակ որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ իտալական վարձույթում (1978)[4]։
Պուշչինոյում նկարահանվեց նաև «Իլյա Օբլոմովի կյանքից մի քանի օր» ֆիլմի մեծ մասը (նկարիչներ Ա․ Ադաբաշյան և Ա․ Սամուելկին, 1979)։ Ֆիլմն ստացավ «Օքսֆորդի ոսկե վահան» մրցանակ լավագույն ռեժիսուրա անվանակարգում (1980), ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի կողմից ճանաչվեց լավագույն օտարերկրյա ֆիլմ (1981), Մալագայի հեղինակային ֆիլմերի 13-րդ միջազգային շաբաթի առաջին մրցանակ (1982)։ 1978 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ Ալեքսանդր Ադաբաշյանն ամուսնացավ Գեղարվեստա-թատերական ուսումնարանի ուսանողուհի Եկատերինա Շադրինայի հետ, ով Ն․ Միխալկովի «Հինգ երեկո» և Սերգեյ Սոլովյովի «Փրկարարը» ֆիլմերում աշխատում էր որպես զգեստների նկարչի օգնական[4]։
Ն․ Միխալկովի և Ա․ Միխալկով-Կոնչալովսկու հետ Ալեքսանդր Ադաբաշյանը մասնակցեց արկածային «Տրանսսիբիրյան ճեպընթաց» ժապավենի սցենարի ստեղծման աշխատանքներին (ռեժիսոր Էլդոր Ուրազբաև, 1978)։ Ֆիլմն ստացավ Լենինյան կոմերիտմիության և Ղազախական ԽՍՀ պետական մրցանակ։ Ալեքսանդր Ադաբաշյանը ևս ստացավ մրցանակ։ Ն․ Միխալկովի հետ նա գրեց նաև «Հինգ երեկո» ֆիլմի սցենարը (1979)՝ Վոլոդինի պիեսների հիման վրա, որտեղ կրկին հանդես եկավ որպես դերասան[5]։
1987 թվականին Ն․ Միխալկովը կրկին անդրադարձավ Անտոն Չեխովի ստեղծագործություններին և նկարահանեց «Սև աչեր» ֆիլմը, որը դարձավ Ադաբաշյանի (ֆիլմի նկարիչ) հետ համատեղ վերջին աշխատանքը։ Ռեժիսորը ստեղծեց նաև «Շնիկով կնոջ» ադապտացված տարբերակը, որտեղ իտալացու գլխավոր դերը Ն․ Միխալկովը, Ա․ Ադաբաշյանը և Սուզո Չեկի դի Ամիկոն գրել էին հատուկ Մարչելո Մաստրոյանիի համար։ Ֆիլմն առաջադրվեց Օսկարի, Կաննի կինոփառատոնին ստացավ մրցանակ տղամարդու լավագույն դերի համար, ինչպես նաև Վալյադոլիդի կինոփառատոնի արտամրցութային ցուցադրմանը ստացավ հատուկ պատվավոր դիպլոմ (1987)[4]։
Ռեժիսորական կարիերա
խմբագրել1990 թվականին կայացավ Ալեքսանդր Ադաբաշյանի ռեժիսորական դեբյուտը՝ «Մադո, ցպահանջ» ֆիլմը։ Սկզբից Ալեքսանդրին խնդրեցին գրել ֆիլմի սցենարը, իսկ հետո նկարահանել այն։ Այդտեղ էլ պետք եկավ ֆրանսերենը։ Ֆիլմը նկարիչ, սցենարիստ և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանի առաջին ռեժիսորական աշխատանքն էր, որը նկարահանվել էր արտասահմանում։ 1990 թվականին Ռավեննայի կինոփառատոնին ստացավ Երիտասարդ ժյուրիի մրցանակ, առաջադրվեց Սեզար մրցանակի, ստացավ Մորո Սիմոնեի մրցանակ կանացի լավագույն դերի համար։ Կաննում «Հեռանկար» մրցույթում ֆիլմը ստացավ առաջին մրցանակ և 12 լավագույն ֆրանսիական ֆիլմերի թվում մասնակցեց Մայամիում կայացած ֆրանսիական ֆիլմերի փառատոնին (ԱՄՆ)։ «Մադո, ցպահանջ» ֆիլմը թողարկվել է DVD-ով և ընդգրկվել լավագույն ֆրանսիական ֆիլմերի հավաքածուի մեջ[3]։
2002 թվականին էկրան բարձրացվեց «Ազազել» ֆիլմը՝ Բորիս Ակունինի վեպի հիման վրա, որի ռեժիսորը Ալեքսանդր Ադաբաշյանն էր։ Նրա թեկնածությունն առաջարկեց հեղինակն ինքը, ով բարձր էր գնահատել «Մադո, ցպահանջ» ֆիլմը։ Սակայն նկարահանումների վերջնական փուլում պրոդյուսերների հետ առաջացած տարաձայնությունների արդյունքում, ովքեր էականորեն փոփոխեցին նկարահանած նյութի տեքստը, ռեժիսորը որոշեց իր ազգանունը հեռացնել տիտրերից։ Նմանօրինակ իրավիճակ գրանցվեց Ադաբաշյանի մոտ նաև Իտալիայում, երբ վերջինս գրեց «Вешние воды» ֆիլմի սցենարը՝ Իվան Տուրգենևի ստեղծագործության հիման վրա։ Սակայն այն բանից հետո, երբ ռեժիսորը փոփոխեց տեքստը, իր ազգանունը հանեց տիտրերից[3]։
Ադաբաշյանի կարծիքով ռեժիսորը մասնագիտություն չէ, այլ բնավորություն։ Նկարահանումներին Ադաբաշյանը ջանում է որպեսզի խումբը հաճույք ստանա համատեղ աշխատանքից, իսկը գործընթացն անցնի թեթև[4]։
Ա․ Ադաբաշյանն աշխատել է շատ ականավոր ռեժիսորների հետ՝ Անդրեյ Կոնչալովսկի, Ռոման Բալայան, Վ․ Կրիստոֆովիչ, Վլադիմիր Մենշով, Ալեքսանդր Բարանով, Ռևազ Գիգիենիշվիլի, Վլադիմիր Բորտկո, Սեբաստիան Ալարկոն («Լուսանկարիչը» և «ԱԱԾ գործակալները ևս սիրահարվում են», սցենարի հեղինակներ Ա․ Ադաբաշյան, Ս․ Ալարկոն, Ա․ Բորոդյանսկի, 1991), Լորան Ժաուի (Դոմբին և որդին)։ Ադաբաշյանի սցենարով ռեժիսոր Ջիակոմո Կամպիոտին Իտալիայում նկարահանել է «Ինչպես երկու կոկորդիլոս» («Ոսկե գլոբուսի» առաջադրում) և «Tempo del amore» (1999) ֆիլմերը[5]։ Նրան հետաքրքիր է գտնվել այնպիսի ռեժիսորների կողքին, ովքեր աշխատում են հին ձևով՝ մանրամասն փորձեր են անում, մտածում են հեռանկարի մասին[4]։
Դասավանդել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների և եվրոպական «Quinoxe» սցենարային ստուդիաներում (Ֆրանսիա)[3]։ Թատերական զգեստների երիտասարդ նկարիչների մրցույթի հանձնախմբի անդամ է, «Պուշկինի թանգարանը» մրցույթի եզրափակչի ձևավորողն է (1999)։ Ադաբաշյանին հոգեհարազատ են դասականները։ Կարդում է Տոլստոյ, Չեխով, Լեսկով, արտասահմանյան հեղինակներից՝ Դիքենս, Մոպասան, Ֆլոբեր, Զոլա, Սելինջեր, Ֆոլքներ, Ֆիցջերալդ։ Ամենասիրած ստեղծագործությունը «Պատերազմ և խաղաղություն» վեպն է։ Ապրում և աշխատում է Մոսկվայում[4]։
Հետաքրքրություններ
խմբագրելԱլեքսանդր Ադաբաշյանը հետաքրքրվում է ռեստորանների ինտերիերի ձևավորմամաբ («Օբլոմով», «Անտոնիո», «Կլեոպատրա»)։ Զուգահեռաբար նկարահանվում է ֆիլմերում ոչ մեծ դերերում։ Վերջին շրջանի ֆիլմերից են «Տարածքը», «Ինը ամիս», ինչպես նաև Ն․ Միխալկովի «Տասներկու բարկացած տղամարդիկ» ֆիլմում դերը[4]։
Ադաբաշյանն ամբողջ կյանքում զբաղվել է նրանով, ինչից հաճույք է ստացել և համարում է, որ դա ինչ-որ բանի հասնելու միակ ճանապարհն է և չի զղջում ընտրած մասնագիտության համար։ Ալեքսանդրի դուստրերը հետաքրքվում են կինոյով և թատրոնով, սակայն ընտանիքում նրա գործունեությունը չեն երկրպագում և շատ բաներին վերաբերվում են հեգնանքով։ Ադաբաշյանն ուշադրություն չի դարձնում քննադատության վրա, որը շատ հաճախ ոչ օբյեկտիվ է լինում, գովասանքն ու շողոքորթությունը լրջորեն չի ընդունում, վերլուծում է անհաջողության պատճառները և սովորում է սեփական սխալների վրա[4]։
Ալեքսանդր Ադաբաշյանի համոզմամբ գործընթացը կյանքի մի մասն է։ Նրան գրավում է մարդկանց հետ աշխատանքը և արկածախնդրության համը, իսկ նրա կերպարի փոփոխությունը միշտ անսպասելի է։ Ադաբաշյանի բազմաթիվ մասնագիտությունները նպատակ չէ, այլ հետաքրքիր ապրելու միջոց, առօրյա գոյատևման յուրօրինակ բողոք։ Նա համոզված է, որ երջանկությունը հենց կյանքի մեջ է, որտեղ տարբերություն չկա քո ընտրած մասնագիտության և կյանքի միջև։ Շատերն են ազատ ժամանակ խաղում թատրոնում, պատմվածքներ են գրում։ Ադաբաշյանն անում է այս ամենը, սակայն աշխատանքի ժամանակ։ Ըստ նրա՝ ստեղծագործական մասնագիտության մեջ կարևոր է հանգամանքների և պատահականությունների հաջող զուգադիպումը։ Մի անգամ Ադաբաշյանը Իտալիա էր թռչում Յուրի Բաշմետի հետ նույն ինքնաթիռով, ով ուղևորվում էր Հռոմ որպեսզի Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Բերլիոզ նվագեր։ Հռոմում Ադաբաշյանը ծանոթացավ Վալերի Աբիսալովիչի հետ և իմացավ, որ «Բորիս Գոդունով» ներկայացման համար, որը ներկայացվելու էր «Սպիտակ գիշերներ» փառատոնին, պատրաստ է երաժշտական մասը, սակայն չկա ռեժիսոր։ Ադաբաշյանը որոշեց ինքը բեմադրել ներկայացումը։ Խոսակցությունը կայացավ մայիսի վերջին, իսկ պրեմիերան որոշեցին անել հունիսի 20-ին։ Ալեքսանդր Ադաբաշյանը վերադարձավ Ռուսաստան և 12 օրվա ընթացքում նկարիչ, Ստրոգաովի իր համակուրսեցու՝ Իվան Մակարովի հետ, Մարիինյան թատրոնում բեմադրեց «Բորիս Գոդունով» օպերան (1997)[2], որը ներկայացվեց հանդիսատեսին Սանկտ Պետերբուրգում, Իտալիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Չիլիում։ Ադաբաշյանի անսպասելի նախագծերից մեկը դարձավ նաև «Хованщина» ներկայացման տեղափոխումը Մարիինյան թատրոնից Միլան՝ «Լա Սկալա» (1998)[4]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Ղազախական ԽՍՀ պետական մրցանակ (1978)
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1983)
- Ռավեննայի «Европа чинема» կինոփառատոնում երիտասարդ հանձնաժողովի մրցանակ «Մադո ցպահանջ» ֆիլմի համար (1990)[6]
- Ֆլայանոյի «Արծաթե պեգաս» մրցանակ օտարերկրյա լավագույն սցենարի համար (Իտալիա, 1991)
- «Սեզար» կինոմրցանակի առաջադրում լավագույն դեբյուտային աշխատանքի համար («Մադո, ցպահանջ» ֆիլմ, 1991)[7]
- Ֆելինիի անվան մրցանակ եվրոպական լավագույն սցենարի համար (1993)[8]
- «Ժպտա՛, Ռուսաստան» կինոկատակերգությունների ռուսաստանյան 7-րդ փառատոնի մրցանակ կատակերգության մեջ ունեցած ավանդի համար (2006)[9]
- Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի հանձնաժողովի հատուկ մրցանակ «կինոմտածելակերպի ժամանակակից ոճի համար»՝ «Շան դրախտ» ֆիլմի համար (2013)[10]
- «Ոսկե արծիվ» մրցանակի առաջադրում «Լավագույն սցենար» անվանակարգում «Շան դրախտ» ֆիլմի համար (2014)
Ֆիլմագրություն
խմբագրելԴերերը կինոյում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2015 | Երաժշտություն սառույցի մեջ | |
2014 | Արևահարում | լուսանկարիչ |
2013 | Շերլոկ Հոլմս
|
խմբագիր |
2013 | Շան դրախտ | Բորիս |
2013 | Պյոտր Լեշչենկո․ Այն ամենն ինչ եղել է | Պոլ |
2013 | Косухи | |
2012 | Մոսկովյան դեկամերոն | զգեստների նկարիչ |
2011 | Համբույր պատի միջով | Յարիլո Օլգովիչ |
2011 | Պոլինա Վասիլևան և ընկերախումբը | |
2011 | Քրեական հանգամանքներ | |
2010 | Արևից այրվածները-2 | Իգոր |
2010 | Փիղը | Պետրովիչ |
2010 | Ամանորյա դետեկտիվ | Պալ Պալիչ |
2010 | Լիգովկա
|
ֆիլատելիստ |
2010 | Ռուսաստանում ձյուն է գալիս | քաղաքապետ |
2009 | Մարդը Կապուցինոկ ծառուղուց | շինարար-փիլիսոփա |
2008 | Գումարած մեկ | տղամարդը տաղավարի մոտ |
2008 | Տրոյայի ոսկին | Ումբերտո Ֆանտոցի |
2008 | Տան ոգին | Ալեքսանդր |
2008 | Մեծ վալս | |
2007 | Ջոկոնդան ասֆալտի վրա | սենյոր Վանուտի |
2007 | Տասներկու | դատական կարգադրիչ |
2006 | Կախարդված տարածքը | Միխալիչ |
2006 | Ինձ չեք թողնի | |
2006 | Ինը ամիս | Դմիտրի Դմիտրևիչ |
2005 | Իմ երջանկություն | դրամատուրգ |
2005 | Վարպետը և Մարգարիտան | Միխայիլ Բերլիոզ |
2005 | Բառախաղ․ Օլիգարխի թարգմանչուհին | Սերգեյ Բատալով |
2004 | Ես սիրում եմ քեզ | Տարաս Ասլամազյան |
2004 | Դեպք բժիշկ Լեկրինի հետ | պրոֆեսոր Դրաշկու |
2004 | Սիրո մասին ցանկացած եղանակին | բոմժ |
2004 | Ձիու տարի․ Կարիճի համաստեղություն | |
2002 | Միայն մեկ անգամ | |
2002 | Ալեքսանդր Պուշկին | |
2002 | Ազազել | դրվագ |
2001 | Սև սենյակը
|
ամուսին |
2000 | Հիշողություններ Շերլոկ Հոլմսի մասին | Ջոն Բերիմոր |
2000 | Բրեմենյան երաժիշտները և Սոն | ավանակի հայրը |
1999 | Նախագահը և թոռնիկը | առողջապահության նախարար |
1995 | Մոսկովյան արձակուրդներ | հարբեցող |
1993 | Նաստյա | Մշակույթի նախարարության
ներկայացուցիչ |
1992 | Ներկայություն | Կոլյա |
1986 | Պահպանի՛ր ինձ, իմ թալիսման | մսյո Դարդիե |
1986 | Սև աչեր | |
1986 | Մեղադրվում է հարսանիք | Բորիս Գորին |
1985 | Ելքի փնտրտուք | |
1984 | Երկու հուսար | առևտրական |
1983 | Համբույրը | |
1982 | Թռիչքներ երազում և արթմնի | քանդակագործ |
1981 | Հարազատները | Սանյա |
1981 | Շերլոկ Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները
|
Ջոն Բերիմոր |
1980 | Որտեղի՞ց է խոտի մեջ հայտնվել ձուկը | |
1979 | Մի քանի օր Ի. Ի. Օբլոմովի կյանքից | դրվագ |
1979 | Քաղաքն ընդունեց | Մարչելո |
1978 | Սիբիրիադա | վաճառական |
1978 | Հինգ երեկո | Միխայիլ Տիմոֆեև |
1975 | Սիրո ստրկուհին | համր կինոյի ռեժիսոր |
1974 | Օտարների միջ յուրային, յուրաինների մեջ օտար | ավազակների կապորդ |
Հնչյունավորում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2013 | Կու, կին ձա ձա |
2013 | Քարտեզի անունները
|
Մասնակցություն փաստագրական ֆիլմերին
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2013 | Ստանիսլավ Լյուբշինի ուշ սերը |
2013 | Անհայտ Միխալկովները |
2012 | Լյուդմիլա Գուրչենկո․ Ինչպես դարձա աստվածուհի |
2012 | Բարև, ես ձեր Կալյագինն եմ |
2012 | Գեորգի Դանելիա․ Հորինվածքի և իրականության միջև |
2012 | Իր ֆանտաստիկ աշխարհում |
2011 | Ֆալշակ |
2011 | Սովորական անսովոր Սերգեյ Նիկոնենկոն |
2011 | Ելենա Սաֆոնովա․ Սիրո փնտրտուքներում |
2011 | Ալեքսանդր Կայդանովսկի․ Ստալկերի հանելուկները |
2010 | Նոնա Մորդյուկվա․ ԻՆչպես ապրել առան սիրո |
2010 | Նիկիտա Միխալկով․ Բեղերովը |
2010 | Լյուդմիլա Գուրչենկո․ Դիմակահանդեսի մյուս կողմում |
2010 | Վլադ Գալկին․ Դժվար է հերոս լինել |
2009 | Շերլոկ Հոլմս և դոկտոր Վաթսոն․ Լեգենդի ծնունդը |
2009 | Օլեգ Յանկովսկի․ Գլխավոր դերում |
2009 | Անհայտ տարբերակ
|
2009 | Սերգեյ Բեզրուկովի ճակատագրի հեգնանքը |
2008 | Հրաշքների ֆաբրիկա
|
2007-2010 | Կղզիներ
|
2007-2008 | Ֆիլմ ֆիլմի մասին
|
2007 | Լենֆիլմի պատմություններն ու լեգենդները
|
2006 | Պավել Լեբեշև․ Անավարտ պիես․․․ |
2005 | Ալեքսանդր Կայդանովսկի․ Ստալկերի ողբերգությունը |
1994 | Որպեսզի հիշեն
|
Ռեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2002 | Ազազել |
1996 | Որպեսզի հիշեն
|
1990 | Մադո, ցպահանջ |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2014 | Արևահարում |
2013 | Շան դրախտ |
2013 | Կու․ Կին ձա ձա |
2013 | Косухи |
2010 | Смерть в пенсне, или Наш Чехов |
2008 | Հայրեր և որդիներ |
2007 | Դոմբին և որդին |
2005 | Դու իմ երջանկություն |
2004 | Հարևանը |
2002 | Լուսանկարիչը |
1999 | Գիրք եկեղեցու մասին |
1996 | Սպի․ Մահափորձ Պինոչետի վրա |
1995 | Տունը |
1994 | Ինչպես երկու կոկորդիլոս |
1993 | Նաստյա |
1992 | ԱԱԾ գործակալները ևս սիրահարվում են |
1990 | Մադո, ցպահանջ |
1990 | Իսպանացի դերասանուհի ռուս նախարարի համար |
1989 | Միայնակ որսորդը |
1988 | Մի բիլիարդային խմբի պատմություն |
1986 | Սև աչեր |
1986 | Իմ սիրելի ծաղրածուն |
1984 | Միայնակ կոմերսանտի շահումը |
1984 | Կիրակնօրյա զբոսանքներ |
1983 | Նրա երիտասարդության դեղատոմսը |
1979 | Մի քանի օր Ի. Ի. Օբլոմովի կյանքից |
1978 | Հինգ երեկո |
1977 | Տրանսսիբիրյան ճեպընթաց |
1977 | Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար |
1973 | Երկրպագուն |
Նկարիչ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2013 | Շան դրախտ |
2010 | Смерть в пенсне, или Наш Чехов |
2008 | Հայրեր և որդիներ |
1986 | Սև աչեր |
1983 | Առանց վկաների |
1982 | Ընտրյալները |
1981 | Հարազատները |
1979 | Մի քանի օր Ի. Ի. Օբլոմովի կյանքից |
1978 | Սիբիրիադա |
1978 | Հինգ երեկո |
1975 | Սիրո ստրկուհին |
1975 | Մարդկային մայրերին |
1974 | Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А - Анкетирование. - М.: Большая Российская энциклопедия, 2005. - 766 с.: ил.: карт.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Энциклопедия театра "АДАБАШЬЯН, АЛЕКСАНДР АРТЕМОВИЧ"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 АДАБАШЬЯН Александр Артемович
- ↑ 5,0 5,1 5,2 Актеры советского и российского кино ""АДАБАШЬЯН Александр Артемович
- ↑ «Александр Артемович Адабашьян. Биографическая справка». bpm--140.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Palmarès - Alexandre Adabachian». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «Боброва Н. "Гвоздем программы стал арбуз"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Боброва Н. (2006 թ․ սեպտեմբերի 5). «Гвоздем программы стал арбуз». vmdaily.ru; archive.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Женский вечер в Выборге:победил фильм «Она»,три из четырех конкурсов выиграли кинодамы». Вечерняя Москва. 2013 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15–ին-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալեքսանդր Ադաբաշյանի մասին zarkfoundation.com կայքում
- «Александр Адабашьян на сайте журнала «Сеанс»». seance.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին. (ռուս.)
- «Александр Адабашьян в гостях у Фёклы Толстой и Петра Фадеева». radiomayak.ru. 2008 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին. (ռուս.)
- «Александр Адабашьян». Архив редакции журнала «Искусство кино». km.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին. (ռուս.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ադաբաշյան» հոդվածին։ |