Տոլեդո (իսպ.՝ Toledo, [toˈleðo] ( )), քաղաք Իսպանիայի կենտրոնական մասում, համանուն նահանգի և Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի կենտրոն։ Գտնվում է մայրաքաղաք Մադրիդից հարավ-արևմուտք, Տախո գետի վրա։ Վարչաքաղաքական կենտրոն լինելուց զատ՝ Տոլեդոն նաև արքեպիսկոպոսանիստ բնակավայր է։ Բնակչությունը 2017 թվականին կազմել է 83 741 մարդ։

Քաղաք
Տոլեդո
Toledo
Դրոշ Զինանշան

Տոլեդո քաղաքի տեսքը «Պարադոր» հյուրանոցից
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀամայնքToledo Province?
Առաջին հիշատակումմ. թ. ա. 192[1]
Մակերես232,1 կմ²
ԲԾՄ529 մ
Բնակչություն78 618 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+34
Փոստային դասիչ45001-45009
Ավտոմոբիլային կոդTO
Պաշտոնական կայքtoledo.es(իսպ.)
Տոլեդո (Իսպանիա)##
Տոլեդո (Իսպանիա)

1986 թվականին Տոլեդոյի հին քաղաքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

խմբագրել

Քաղաքի տարածքում մշտական բնակություն հաստատած առաջին մարդիկ հաստատվել են ամրոցներում, որոնք կառուցվել են կելտիբերների շրջանում։ Մ. թ. ա. 192 թվականին հռոմեացի զորավար Մարկոս Փուլվիոս Նոբիլիորը հաղթահարել է այստեղ ապրող կարպետան կոչվող ցեղերի համառ դիմադրությունը և հիմնադրել Տոլետում ամրոցը։ Տոլեդոյի մոտակայքում հայտնաբերված երկաթի հանքերի շնորհիվ՝ քաղաքը դարձել է ազդեցիկ բնակավայր, որը հատել է սեփական դրամ։ Պեղումների արդյունքում հայտնաբերված շքեղ տները վկայում են ռոմանական բնակավայրի մասին, որն ունեցել է իր ջրանցույցը, որը ներկայումս ամբողջովին ավերված է[2][3]։

Բարբարոսների առաջին հարձակումներից հետո ամրոցի անտիկ պատերն ամրացվել են։ 411 թվականին քաղաքը կարճ ժամանակով գրավել են ալանները։ 418 թվականին այն անցել է վեստգոթերին՝ նրանց մայրաքաղաքը մնալով մինչև 711 թվականը[4][5]։ Այս ընթացքում Տոլեդոն դարձել է կաթոլիկ արքեպիսկոպոսության կենտրոն։ Միջին դարերում Տոլեդոյի արքեպիսկոպոսները ունեցել են սեփական զորք և մասնակցել են Ռեկոնկիստային ու իսպանացի արքաների ռազմական այլ գործողությունների։

712 թվականին վեստգոթերի պետության մայրաքաղաքը նվաճել են մավրերը։ Տոլեդո քաղաքի բարգավաճումը կապվում է հենց նրանց տիրապետության շրջանի հետ (քաղաքն այս ընթացքում ստանում նոր անուն՝ Տոլայտոլա)[6]։ Լեոնի արքա Ալֆոնսո VI Քաջը քաղաքը նվաճել է 1085 թվականի մայիսի 25-ին։ Այս ժամանակ Տոլեդոն հայտնի էր իր թրերի ու այլ մետաղյա առարկաների արտադրությամբ։ Միջնադարում Տոլեդոն եղել է բազմակրոն քաղաք։ Այստեղ կողք-կողքի բնակվել են քրիստոնյաներ, մուսուլմաններ և հրեաներ։ 12-րդ և 13-րդ դարորում Տոլեդոյում գործել է թարգմանիչների դպրոց, որն արաբերենից լատիներեն և հին իսպաներեն է թարգմանել բազմաթիվ փիլիսոփայական, աստվածաբանական, գիտական և այլ թեմաներով աշխատություններ։

Տոլեդոն դարձել է Կաստիլիայի թագավորների նստավայրերից մեկը՝ այդպիսին մնալով մինչև 1561 թվականը, երբ Ֆիլիպ II-ը մայրաքաղաքը տեղափոխել է 71 կմ հեռավորության վրա գտնվող Մադրիդ քաղաք, որը գտնվում էր Պիրենեյան թերակղզու ճիշտ կենտրոնում և գրեթե նույն հեռավորությունն ուներ բոլոր նավահանգիստներից[7]։ Տոլեդոն շարունակում էր մնալ հավատի կենտրոն։

 
Տոլեդոյի տեսքը՝ Ալկասարով ու տաճարով

1936 թվականի հուլիսի 20-ին գեներալ Ֆրանկոյի հազարավոր կողմնակիցներ մի քանի հարյուր քաղաքացիական անձանց հետ՝ ներառյալ կանանց և երեխաների, ամրանում են Տոլեդոյի ամրոցում։ Նրանց դեմ կիրառվում է ծանր հրետանի և ավիացիա, սակայն ռազմական ուսումնարանի ուսանողները գնդապետ Մոսկարդոյի գլխավորությամբ մոտ 70 օր պաշտպանում են Ալկասարը (կենտրոնական բերդը) հանրապետական ուժերի հարձակումներից, մինչև ազգայնականներին նոր ուժեր են օգնության հասնում։ Ռազմական գործողությունների ընթացքում գնդակահարվում է գնդապետի որդին, ում հանրապետականները պատանդ էին վերցրել, իսկ շինությունն ավերվում է՝ բացառությամբ հարավային պատի։ Այդ ժամանակից սկսած՝ ազգայնականների կարգախոսն է դառնում «Ալկասարը չի հանձնվում» միտքը։ Գեներալ Խոսե Վարելայի՝ օգնության հասած ուժերը հետ են մղում հանրապետականներին՝ դաժան հաշվեհարդար տեսնելով քաղաքի բնակչության հետ[8][9]։ Ֆրանկոյի տիրապետության տարիներին երկրի պատմությունը միակողմանի է ներկայացվել։ Հետագայում այս տեղում ստեղծվել է ռազմական թանգարան, որը պատկերացում է տալիս կատարված իրադարձությունների մասին։

Տոլեդոն տիպիկ կիսաչոր (սեմիարիդային (լատին․՝ semi՝ կես և լատին․՝ aridus)՝ չոր) կլիմա ունի։ Ձմեռները մեղմ են, ամառները՝ չոր ու տաք։ Տեղումների քանակը փոքր է. դրանք լինում են սովորաբար աշնան կեսերից մինչև գարնան կեսերը։ Տոլեդոյում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը 43.1 °C է (գրանցվել է 2012 թվականի օգոստոսի 10-ին), ամենացածր ջերմաստիճանը՝ −9.1 °C, գրանցվել է 2005 թվականի հունվարի 27-ին։

Կլիմայական տվյալները Տոլեդո, Իսպանիա, altitude 515 metres (1,690 feet) (1981–2010)
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.0
(71.6)
23.8
(74.8)
27.6
(81.7)
31.6
(88.9)
37.7
(99.9)
42.0
(107.6)
42.8
(109)
43.1
(109.6)
41.3
(106.3)
33.2
(91.8)
25.6
(78.1)
22.2
(72)
43.1
(109.6)
Միջին բարձր °C (°F) 11.5
(52.7)
14.0
(57.2)
18.1
(64.6)
19.9
(67.8)
24.2
(75.6)
30.5
(86.9)
34.6
(94.3)
34.0
(93.2)
29.0
(84.2)
22.1
(71.8)
15.6
(60.1)
11.6
(52.9)
22.1
(71.8)
Միջին օրական °C (°F) 6.4
(43.5)
8.3
(46.9)
11.6
(52.9)
13.5
(56.3)
17.6
(63.7)
23.2
(73.8)
26.8
(80.2)
26.3
(79.3)
22.0
(71.6)
16.1
(61)
10.5
(50.9)
7.1
(44.8)
15.8
(60.4)
Միջին ցածր °C (°F) 1.3
(34.3)
2.6
(36.7)
5.0
(41)
7.2
(45)
11.0
(51.8)
15.9
(60.6)
18.9
(66)
18.6
(65.5)
14.9
(58.8)
10.2
(50.4)
5.3
(41.5)
2.5
(36.5)
9.5
(49.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −9.6
(14.7)
−9.0
(15.8)
−5.8
(21.6)
−2.6
(27.3)
−0.3
(31.5)
4.3
(39.7)
10.0
(50)
10.0
(50)
5.4
(41.7)
0.0
(32)
−5.6
(21.9)
−8.0
(17.6)
−9.6
(14.7)
Տեղումներ մմ (դյույմ) 26
(1.02)
25
(0.98)
23
(0.91)
39
(1.54)
44
(1.73)
24
(0.94)
7
(0.28)
9
(0.35)
18
(0.71)
48
(1.89)
39
(1.54)
41
(1.61)
342
(13.46)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 5 5 4 6 6 3 1 2 3 7 6 6 54
% խոնավություն 76 69 59 58 54 45 39 41 51 66 74 79 59
Միջին ամսական արևային ժամ 151 172 228 249 286 337 382 351 260 210 157 126 2922
աղբյուր: Agencia Estatal de Meteorologia[10]

Բնակչություն

խմբագրել
Տարի 1991 1996 2001 2004 2006
Բնակիչ 59.000 66.006 68.382 73.485 77.601

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Նախկին սինագոգն ու մզկիթը, ներկայումս՝ կաթոլիկ եկեղեցի և հրեական թանգարան

Տոլեդոյի պատմական կենտրոնը ամբողջական համալիր է, որն անվնաս է մնացել միջնադարյան քաղաքից՝ նեղ փողոցների լաբիրինթոսով, ճարտարապետական բազմաթիվ հուշարձաններով։ Այդ հուշարձաններից են.

  • Տոլեդոյի տաճար։ Կառուցվել է 13-15-րդ դարերում։
  • Տոլեդոյի ալկասար
  • Սեֆարդների թանգարան, որը տեղակայված է Դել Տրանսիտո սինագոգում (14-րդ դար)։
  • Նախկին սինագոգ՝ Սանտա Մարիա լա Բլանկա (12-րդ դար)։ Այն Եվրոպայի հնագույն սինագոգն է, որ հասել է մինչև մեր օրեր։
  • Հռոմեական ամֆիթատրոնի ավերակներ և հռոմեական ջրանցույց
  • Սան Սերվանդոյի ամրոց (14-րդ դար)
  • Դել Կրիստո դե լա Լուս նախկին մզկիթ։ Կառուցվել է 999-1000 թվականներին։
  • Թանգարան-հոսպիտալ Սանտա Կրուս (16-րդ դար)
  • Սան Խուան դե լոս Ռեյես ֆրանցիսկյան մենաստան (1477-1504)
  • Սանտա Դոմինգո էլ Անտիգուո ցիստերցիանական եկեղեցի (հիմնադրված՝ 1085)
  • Տավերա հոսպիտալ (1541-1603)
  • Սանտա Տոմե եկեղեցի։ Այստեղ թաղված է Օրգասի կոմսը (1586)։
  • Էլ Գրեկոյի թանգարան
  • Սան Ռոման եկեղեցի (13-րդ դար)՝ վեստգոթյան մշակույթի թանգարանով
  • Սան Իլդեֆոնսոյի եկեղեցի՝ բարոկկո ոճով (18-րդ դար)
  • Սուրբ Ուրսուլայի եկեղեցի՝ մուդեխար ոճով (14-րդ դար)
  • Սանտյագո դե Արաբալ եկեղեցի (իսպ.՝ Iglesia de Santiago del Arrabal)՝ մուդեխար ոճով։ Կառուցվել է 13-րդ դարում 12-րդ դարի մզկիթի տեղում։
 
Պուերտա դել Վալմարդոն դարպասներ

Հին ամրոցից պահպանվել են ամրոցի պատերը, ութ դարպասներ և երկու կամուրջ։ Ամրոցը կառուցվել է Տախո գետի թեքման տեղում, որի զառիթափ ափերն ապահովել են քաղաքը հարավային կողմից։ Առավել ուժեղ պաշտպանական կառույցներ են ձևավորվել հյուսիսային կողմում։

Ամրոցային առաջին պատերը, որոնցից տեղեկություններ են պահպանվել, կառուցել են հռոմեացիները։ Հռոմեական ամրոցի պատերը սկսվել են բլրից, որի վրա այժմ Ալկասարն է, այնուհետև ուղղվել են Սանտո Տոմե եկեղեցու կողմը և մայր տաճարի մոտ հատվելով՝ ուղղվել են Ալկասար։ Առավել ուշ վեստգոթյան ամրոցի պատերն առանձնացել են մեծ ձգվածությամբ և առավել լավ պաշտպանվածությամբ։ Դրանք նույնպես սկսվել են Ալկասարից, այնուհետև ուղղվել Պուերտա դե Դոսե Կանտոս դարպաասներին, որոնք գտնվել են Ալկանտարի կամրջից ոչ հեռու, այնտեղից էլ՝ ներկայիս Սանտա Կրուս թանգարան և ապա Պուերտա դել Կամբրոն դարպասներ։ Պաշտպանական այս ամուր գծի կառուցումը իրականացվել է վեստգոթերի Վամբա արքայի նախաձեռնությամբ։ Ամրոցի պատն ու ավելի քան հարյուր աշտարակ այսօր էլ կարելի է տեսնել Սուրբ Մարտինի և Ալկանտարի կամուրջների հատվածից։

Հետագայում պատերազմներից ու ժամանակի ազդեցությունից քանդված պատերի վերանորոգումն իրականացրել են արաբ նվաճողները, իսկ նրանցից հետո Ալֆոնսո VI Քաջը լրացուցիչ պաշտպանական կառույցներ է կառուցել տվել Ալկանտար կամրջի և Բիսարգի դարպասների միջև։

 
Բիսարգի դարպասների ներքին կողմը

Տոլեդոյի ամրոցի ամենից նշանավոր դարպասները Բիսարգի դարպասներն են (իսպ.՝ Puerta de Bisagra): Ներկայիս տեսքը դարպասները ստացել են 16-րդ դարի կեսերին։ Դարպասները ինքնատիպ միջնաբերդ են, որի չորս պատերից երկուսը ձևավորված են ներքին ու արտաքին դարպասներով, որոնք ուղղված են քաղաքին։ Գլանաձև հզոր աշտարակները դարպասի ներքին կողմերում կառուցել են արաբները ճակատամասի կենտրոնական հատվածը պաշտպանելու նպատակով։ Դարպասների մի մասը, որն ուղղված է քաղաքին, հատման տեղում ունի քառակուսի աշտարակներ՝ բրգաձև տանիքներով, որոնք պատված են սպիտակ և կանաչ կղմինդրներով՝ ձևավորելով Հաբսբուրգների խորհրդանշան երկգլխանի արծիվ։

Ալֆոնսո VI -ի դարպասների մասին (այլ անվանումով՝ Բիսարգի հին դարպասներ) շատ բան հայտնի չէ։ Դրանք թվագրվում են 9-րդ դարին և այդ ժամանակից ի վեր այլևս չեն փոփոխվել։ Հայտնի է, որ 1085 թվականի մայիսի 25-ին այս դարպասներով իր զորքերի հետ է անցել Ալֆոնսո VI արքան։

 
Պուերտա դել Կամբրոն դարպասներ

Մեր օրեր հասած Պուերտա դել Կամբրոն դարպասները (իսպ.՝ Puerta del Cambron) 1576 թվականին վերակառուցվել են վերածննդի ոճով։ Իր անունն այն ստացել է փշատերև թփերի անվանումից, որոնցով լի է եղել ամրոցի շրջակայքը։ Դարպասները բաղկացած են երկու մասից, որոնցից յուրաքանչյուրն ունի կղմինդրապատ երկուական աշտարակ։ Քաղաքին ուղղված կողմում Ֆիլիպ II-ի զինանշանի հետ տեղադրված է սուրբ Լեոկադիայի արձանը (հեղինակ՝ Ալոնսո Բերուգետե)։ Այս սուրբը Տոլեդոյում պաշտվել է դեռևս այն ժամանակից, երբ քաղաքը եղել է վեստգոթերի մայրաքաղաք։ Դարպասների ներքին կողմը զարդարված է Տոլեդոյի զինանշանով։

 
Պուերտա դել Սոլ դարպասներ

Պուերտա դել Սոլ (իսպ.՝ Puerta del Sol) կամ Արևի դարպասները գտնվում են Բիսարգի դարպասներից ոչ հեռու։ Դրանք կառուցվել են 12-րդ դարում, այնուհետև վերակառուցվել 14-րդ դարի սկզբին։ Դրանք լավ ամրացված ատամնաձև աշտարակներ են՝ հատման տեղում կլորավուն ու քառակուսի, որոնց հենվում է գլխավոր կամարը, որը կրում է արաբական ճարտարապետության ազդեցությունը։ Ճակատամասի կենտրոնում նկատելի է քանդակի ոչ մեծ կոմպոզիցիա, որը պատկերում է կանացի երկու կերպար սկուտեղներով, որոնց վրա մարդկային գլուխներ են։ Ենթադրվում է, որ այս կոմպոզիցիան ներկայացնում է երիտասարդ երկու աղջիկների, որոնց բռնաբարել է Տոլեդոյի ղեկավարը, ում այս արարքի համար հրամայել է գլխատել արքան։ Ավելի ուշ քանդակը զգուշավորության նկատառումներով տեղափոխվել է քաղաքային դարպասների վրա։ Երկրորդ կամարի քարերից մեկին մարմարե եռանկյուն վահանի վրա պատկերված է սուրբ Իդելֆոնսոյի կյանքից մի դրվագ։ Այդ բարձրաքանդակի վրա քանդակված են արև և լուսին։ Հնարավոր է, Արևի պատկերից էլ առաջացել է դարպասների անվանումը, չնայած չի կարելի բացառել, որ անունը պայմանավորված է դարպասների՝ արևմուտք ուղղվածությամբ։

Եվս մեկ դարպաս Պուերտա դե Վալմարդոնն է (իսպ.՝ Puerta de Valmardon): Այս դարպասները գտնվում են Պուերտա դել Սոլից մի քանի տասնյակ մետր հեավորության վրա՝ Կրիստո դե լա Լուս նախկին մզկիթից ոճ հեռու։

Պուերտա դե Դոսե Կանտոս դարպասները (իսպ.՝ Puerta de Doce Cantos) գտնվում են Պուերտա դե Ալկանտարա կամրջից ու ալկասարից ոչ հեռու։ Ի սկզբանե դրանք եղել են վեստգոթերի ամրացրած գծի մի մասը։ Դարպասների անվան ծագման երկու վարկած կա։ Դրանցից մեկի համաձայն՝ առաջին դարպասները կառուցվել են 12 (doce) սյուների (cantos) վրա, մյուսի համաձայն՝ ներկայիս անունն առաջացել է նախկին անվանումից՝ Puerta de Doce Caños (Caño — ջրի շիթ), որը մատնանշել է հռոմեացիների ժրջանի ջրատարը, որը լցվում էր հռոմեական ջրանցույցից, ինչից էլ քաղաքը ջրով մատակարարելու համար տասներկու գծեր էին անջատվում։ Հռոմեական ջրանցույցի մնացորդները մինչ օրս էլ նկատելի են Տախո գետի երկու ափերին։

Ամրոցի պատի հյուսիսային մասու՝ Ալկանտարա կամրջի և Բիսարգի դարպասների միջև, գտնվում են պակաս հայտնի Նոր դարպասները, իսկ ուղիղ կամրջի դիմաց՝ Տոլեդոյի համանուն ութերորդ դարպասը։ Այս դարպասները լուրջ փորձություն են եղել ամրոցը պաշարած թշնամիների համար. դրանցով ներս թափանցելու համար պետք էր բացել ոչ թե մեկ, այլ երկու դռներն էլ, որոնք իրարից բաժանված էին ոչ մեծ ներքին բակով։

 
Ալկանտարի կամուրջ

Մինչև 13-րդ դարը քաղաք տանող միակ կամուրջը եղել է Ալկանտարի կամուրջը։ Ժամանակակից կամրջի տեղում առաջին կառույցը կառուցել են մավրերը 866 թվականին հռոմեական հին կամրջից մի քանի մետր հեռավորությամբ։ Սակայն այս կամուրջը երկար չի մնացել. 1257 թվականին այն քանդվել է հեղեղումից։ Հաջորդ կամուրջը կառուցվել է Ալֆոնսո X արքայի օրոք. հենց այս կամուրջն է պահպանվել մինչև մեր օրերը։ Կամուրջն ունի կամարաձև երկու թռիչք, որոնցից գլխավորի տակով հոսում է Տախո գետը։ Կամրջի երկու կողմերում 10-11-րդ դարերում կառուցվել են երկու աշտարակներ։ Հայտնի են կամրջի վերանորոգման մի քանի դեպքեր. 1484 թվականին վերականգնվել է կամրջի ներքին կամարը, իսկ 1721 թվականին փոփոխությունների է ենթարկվել ներքին աշտարակը։ 1786 թվականին կամուրջն ամբողջությամբ վերանորոգվել է։ Կամրջի անվանումը ծագում է արաբական Al Cantara բառից, որ նշանակում է կամար կամ կամուրջ։

 
Սուրբ Մարտինի կամուրջ

Սուրբ Մարտինի կամուրջը կառուցվել է 13-րդ դարում և վերականգնվել 14-րդ դարում, երբ կամրջի կենտրոնական թռիչքն ավերվել է Պեդրո I արքայի ու նրա խորթ եղբոր՝ Էնրիկե II-ի միջև տեղի ունեցած պատերազմի արդյունքում։ Կամուրջն ունի հինգ թռիչք. կենտրոնի մեծ ու շքեղ թռիչքին զուգահեռ ամեն կողմում կան ևս երկու ավելի փոքրերը։ Կամրջի երկու կողմերում կան աշտարակ-դարպասներ, որոնցից ամենաուշ կառուցվածը թվագրվում է 16-րդ դարին։ Կամրջի ներքին աշտարակներին գրանիտե խորաքանդակներ են՝ քաղաքի զինանշանով։ Կա նաև փոքրիկ քանդակ, որ ներկայացնում է արքեպիսկոպոս սուրբ Յուլիանին։

Նշանավոր բնակիչներ

խմբագրել
  • 1577 թվականից մինչև 1614 թվականին իր մահը Տոլեդոյում է ապրել Էլ Գրեկոն՝ այստեղ ստեղծելով բազմաթիվ գլուխգործոցներ, այդ թվում «Կոմս Օրգասի թաղումը» Սանտա Տոմե եկեղեցում։
  • Հռոմեական կաթոլիկ եկեղեցու երանելի Մարիա Լոպես դե Ռիվասը, ով ունեցել է սիգմատներ, 1577 թվականին ծառայության է անցել Տոլեդոյի Սուրբ Հովսեփի մենաստանում, ուր ապրել է իր մնացած ողջ կյանքը։
  • Տոլեդոյում է ծնվել 16-րդ դարի իսպանացի ճարտարապետ, նկարիչ Պեդրո Մաչուկան։
 
Տոլեդոյի հաայնապատկեր

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.toledo-turismo.com/es/toledo-en-la-historia_60
  2. Kulikowski, Michael (2004). Late Roman Spain and Its Cities. Johns Hopkins University Press. էջ 265.
  3. Rubio Rivera, Rebeca (2001). El Circo Romano de Toledo y la Vega Baja en Época Romana. էջ 51. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. Kulikowski, Michael (2004). Late Roman Spain and Its Cities. Baltimore: Johns Hopkins University Press. էջեր 282–284.
  5. Collins, Roger (2004). Visigothic Spain, 409–711. Blackwell. էջ 54.
  6. Collins, Roger (1989). Arab Conquest of Spain, 710–797 (Paperback 1994 ed.). Blackwell. էջեր 201–203.
  7. «Толедо, город в Испании». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Thomas Schröder Spanien.Michael Müller Verlag.5. erweiterte und aktualisierte Auflage 2006- ISBN 3-89953-323-2
  9. Испания, которую мы не знали. Исторический путеводитель. М.:Вече.2006.-384 с.:ил. ISBN 5-9533-1065-X.
  10. «Guía resumida del clima en España (1981–2010)» (Spanish). Agencia Estatal de Meteorologia. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլեդո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 42  
  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 339
ռուս..անգլ..ֆր.