Վրաստանը վաղ միջնադարում

Վրաստանը վաղ միջնադարում, Վրաստանի պատմության 5-8-րդ դարերի դեպքեր և իրադարձություններ։

Վրաստանի պատմություն
Կոլխիդայի և Իբերիայի հին թագավորությունների քարտեզը
Վրաստանի Հանրապետության զինանշան
Նախապատմություն
Թռեղքյան մշակույթ
Կուր-Արաքսյան մշակույթ
Կոլխիդյան մշակույթ
Անտիկ պատմություն
Դիաուխի
Կոլխիդա
Վիրք
Լազիկե
Պոմպեոսի արշավանք
Իբերիա-Հայաստան պատերազմ
Իբերիայի քրիստոնեացում
Միջնադարյան Վրաստան
Վրաց մարզպանություն
Վրաց իշխանություն
Տփղիսի ամիրայություն
Բագրատունիներ Վրաց
Տայքի կյուրոպաղատություն
Հերեթի թագավորություն
Աբխազաց թագավորություն
Վրաց թագավորություն
Վրացական ոսկեդար
Զաքարյան իշխանապետություն
Բյուզանդա-վրացական պատերազմ
Մոնղոլական տիրապետություն
Լենկ-Թեմուրի տիրապետություն
Նոր շրջան
Քարթլիի թագավորություն
Կախեթի թագավորություն
Իմերեթի թագավորություն
Գուրիայի իշխանություն
Մեգրելիայի իշխանություն
Աբխազիայի իշխանություն
Քարթլի-Կախեթի թագավորություն
Նորագույն շրջան
Վրաստանը Ռուսական կայսրության կազմում
Լազիստանի գավառ
Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն
Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրաստանի խորհրդայնացում
Վրացական ԽՍՀ
Անկախ Վրաստան
Ռուս-վրացական պատերազմ
Պատմություն ըստ թեմայի
Վրաստան անվան տուգաբանություն
Թբիլիսիի պատմություն
Ռուս-վրացական պատերազմներ

Վրաստանի պորտալ

Հին շրջանԽմբագրել

Հելլենիզմի դարաշրջանում՝ մ.թ.ա. 4-րդ դարում, ժամանակակից Վրաստանի կենտրոնական հատվածում ստեղծվում է Իբերիայի կամ Վիրքի թագավորությունը՝ Արմազ մայրաքաղաքով։ Այն ղեկավարում էին Փառնավազյանները[1]։

Մ.թ.ա. 3-րդ դարում, օգտվելով Երվանդունիների թագավորության (մ.թ.ա. 570-201) թուլացումից, Վիրքի արքաները իրենց պետությանն էին միացրել Գուգարքը։ Հաջորդ դարում հայոց թագավոր Արտաշես Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160) հետ է վերադարձնում Գուգարք նահանգը և այն դարձնում Արտաշեսյանների թագավորության (մ.թ.ա. 189-1) մաս։ Մ.թ.ա. 1-ին դարում Վիրքն ընդունում է Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55) գերագահությունը և պարտավորովում հարկ և զորք տալ նրան։

Հայ-հռոմեական պատերազմում (մ.թ.ա. 69-66) հաղթելով՝ Հռոմեական Հանրապետությունը, ապա՝ նրա ժառանգորդ Հռոմեական կայսրությունը, ուժեղացնում է դիրքերը տարածաշրջանում։ Վիրքը դառնում է հռոմեահպատակ երկիր՝ մինչև 4-րդ դարը գտնվելով Հռոմի, 4-7-րդ դարերում՝ Բյուզանդիայի գերիշխանության ներքո։

Այդ ընթացքում Վիրքի թագավորները վարում են հռոմեամետ քաղաքականություն, որի համար Հռոմը սիրաշահում է նրանց։ 1-52 թվականներին, երբ Հայաստանում կայուն չէր քաղաքական իրավիճակը, և պետությունը կենտրոնացած չէր Արշակունիների թագի ներքո, Արտաշատում գահին երբեմն բազմում էին Վիրքի թագավորները։ Նրանցից հայտնի էր վրաց արքայորդի Հռադամիզդը։

Սասանյան տիրապետությունԽմբագրել

337 թվականին ընդունում քրիստոնեություն, ավելի ուշ այստեղ հաստատվում են ավատատիրական կարգեր[2]։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո Վիրքում իր դիրքերն է հաստատում Սասանյան Պարսկաստանը (226-642)[3]։ 428 թվականին՝ Վիրքի թագավորությանը զուգահեռ, ստեղծվում է Վրաց մարզպանությունը, և պարսիկ մարզպանի նստավայրն է դառնում նոր մայրաքաղաք Մցխեթը։

5-րդ դարում Վիրքը մասնակցում է սասանյան արքունիքի դեմ մղվող Վարդանանց և Վահանանց պատերազմներին։ Պարսիկներին դիմակայելու համար Վիրքի արքաները հիմնում են բերդեր ու ամրոցներ, կառուցում են նոր քաղաքներ։ 479 թվականին Վախթանգ Գորգասալը (447-522) հիմնադրում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին։

Քրիստոնեադավան Վիրքը Բյուզանդիայից կտրելու համար արվող բոլոր փորձերը լուրջ հաջողության չեն հասնում։ Զրադաշտականություն ընդունած իշխաններից գուգարաց բդեշխ Վազգենը, ով տանջանքների էր ենթարկել կնոջը՝ Վարդան Մամիկոնյանի դստեր Շուշանիկին, սպանվում է թագավորի կողմից։ 6-րդ դարում Վիրքում ուժեղանում է բյուզանդական կողմնորոշումը։

571-572 թվականներին Վիրքը մասնակցում է Կարմիր Վարդանի ապստամբությանը, և հերթական բյուզանդա-պարսկական պատերազմի արդյունքում նրա տարածքի զգալի մասը անցնում է Բյուզանդիային։ 580 թվականին պարսից շահը վերացնում է թագավորությունը և լայն իրավունքներ ընձեռում մարզպանին, ում իշխանությունը սահմանափակվում էր Թբիլիսիով ու նրա շրջակայքով։ Այս վիճակը տևում է մինչև 642 թվականը, երբ արաբական զորքերը Նեհավենդի ճակատամարտում պարտության են մատնում պարսիկներին, և Սասանյան Պարսկաստանը կործվանում է։

Բյուզանդական տիրապետությունԽմբագրել

Ժամանակակից Վրաստանի տարածքում նախքան միջնադարը գոյություն են ունեցել երկու պետություններ՝ Վիրքը արևելքում և Կողքիսը (Կոլխիդա), ապա՝ Լազիկեն արևմուտքում[4]։ Վերջինս իր գոյության սկզբից չի եղել ինքնուրույն պետություն, այլ մշտապես եղել է Հռոմեական, իսկ 395 թվականից հետո՝ Բյուզանդական կայսրության մասը։ 562 թվականին կործանվել է Լազիկեի թագավորությունը, և այն սկսել է կառավարվել որպես բյուզանդական նահանգ։

591 թվականի Հայաստանի երկրորդ բաժանումից հետո Բյուզանդիային է անցնում նաև Վիրքի (արևելյան Վրաստանի) զգալի հատվածը։ Բյուզանդիայի կայսեր օժանդակությամբ քրիստոնեադավան Կովկասում հիմնադրվում է Վրաց իշխանությունը։ Առաջին իշխան է դառնում նախկին թագավորական Խոսրովիանիների ընտանիքի ներկայացուցիչ Գուարամ I-ը, ով հիմնում է Գուարամիների տոհմը։

Գուարամի հաջորդ Ստեփան I-ը Բյուզանդիայի կայսր Հերակլ II-ին դիմում է վրացական պետության երկու հատվածները միավորելու խնդրանքով։ Կայսրը 626 թվականին արշավում է Վրացական մարզպանության կենտրոն Թբիլիսի և ժամանակավորապես միավորում վրացական իշխանությունը։ Սակայն մի քանի տարի անց սկսում են արաբական արշավանքները, և Վրաստանի կենտրոնական ու արևելյան հատվածները անցնում են արաբական տիրապետության տակ։

 
Բիր էլ Ղուտի արձանագրություն, 430 թվական

Վրաց իշխանության գոյության տարիներին երկիրը շարունակում է ապրել տնտեսական ու մշակութային վերելք։ Զարգանում է միջպետական առևտուրը, կառուցվում են նոր բերդաքաղաքներ, եկեղեցիներ ու վանքեր։ Սկսում է ձևավորվել վրաց գրականությունը՝ հիմնված մայրենի լեզվի և գրի վրա։

Արաբական տիրապետությունԽմբագրել

Արաբական թերակղզու բնակչությունը 7-րդ դարի սկզբին ապրում էր առանձին ցեղերով կամ ցեղախմբերով, որոնց շրջանում գերիշխող կրոնը հեթանոսությունն էր։ Այդ ժամանակ վաճառաշահ քաղաքներից մեկի՝ Մեքքայի ալ-Կուրեյշ ցեղի ներկայացուցիչ արաբ վաճառական Մուհամմադը հիմնում է նոր միաստվածային կրոն՝ իսլամ (արաբ․՝ الإسلام‎‎)։ Իսլամի կանաչ դրոշի ներքո հիմվում է նոր պետություն՝ Արաբական խալիֆայությունը։

Արաբական արշավանքները տեղի են ունեցել 7-րդ դարի կեսերին։ Արաբները նպատակ ունեին ուսումնասիրել Հայկական լեռնաշխարհը և նրա հարակից տարածքները, հետախուզել նրա հարստությունները և հնարավորինս հարուստ ավարով հետ վերադառնալ հայրենիք։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ Բյուզանդական կայսրությանը և Սասանյան Պարսկաստանին՝ արաբները արշավեցին Հարավային Կովկաս[5]։

Արաբները վրացական հողերի հիմնական մասը, ինչպես նաև Տայքը և Գուգարքը, միավորում են Տփղիսի ամիրայության կամ Գուրջանի մեջ։ Հարևան Աղվանք կամ Առանի, ինչպես նաև Չողա երկրի (Դերբենդ) հետ այն միացվում է Արմինիա կուսակալությանը։ Վրաստանի արևմտյան գավառները միանում են Աբխազիայի թագավորության մեջ։ Արաբական տիրապետությունը Վրաստանում շարունակվում է նաև զարգացած միջնադարի սկզբում, և ավարտվում այն ժամանակ, երբ Տայքի կյուրոպաղատ Բագրատիոնիները հիմնադրում են միասնական Վրացական թագավորությունը[6]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Սուրեն Երեմյան. «Իբերիա» (Iberia). Հայկական սովետական հանրագիտարան. Հատոր 4. Երևան, Հայկական ԽՍՀ։ Գիտությունների ազգային ակադեմիա, 1978, էջ. 306.
  2. «GEORGIA iii. Iranian elements in Georgian art and archeology»։ Վերցված է հունվարի 1, 2015 
  3. Ehsan Yarshater (1983)։ The Cambridge History of Iran: The Seleucid, Parthian, and Sasanian periods։ Cambridge University Press։ էջեր 520–։ ISBN 978-0-521-20092-9։ Վերցված է սեպտեմբերի 18, 2013 
  4. Ronald Grigor Suny. The Making of the Georgian Nation. Indiana University Press, p. 13 ISBN 0-253-20915-3.
  5. «Արաբական արշավանքները Հայաստան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է 2015-10-23 
  6. Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: Багратионы
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։