Իմերեթական թագավորական (հայ մատենագրության մեջ՝ Բաշիաչուխ), ուշ միջնադարի վրացական ֆեոդալական քաղաքական միվորում։ Առաջացել է 15-րդ դարի վերջին։ Մայրաքաղաքն էր Քութայիսը։ Հիմնական բնակիչները իմերեթներն էին։ Իմերեթական թագավորության ֆեոդալական միապետություն էր։ Սկզբնական շրջանում ընդգրկում էր Արևմտյան Վրաստանի ամբողջ տերիտորիան, հետագայում սահմանափակվեց նրա արևելյան հատվածով։ 16-րդ դարի սկզբից Իմերեթական թագավորության վասալական կախման մեջ ընկավ Օսմանյան Թուրքիայից։ Երկիրը տնտեսական և քաղաքական ծանր վիճակի հասցրին միջֆեոդալական երկպառակությունները։ Տարածվեց գերեվաճառությունը։ Անկում ապրեց մշակույթը։ Ալեքսանդր III թագավորը (1639-1660 թվականներ) թուրքական կախումից ազատվելու համար օգնություն խնդրեց Ռուսաստանից և հավատարմության ուխտ կնքեց ռուսաստանի ցարի հետ (1651 թվականի) սակայն որևէ իրական արդյունքի չհասավ։ Իմերեթական թագավորությունը վերելք ապրեց Սողոմոն I-ի (1752-1784 թվականներին) օրոք, որն ամրապնդեց թագավորական իշխանությունը, Խրեսիլի ճակատամարտում (1757 թվական) հաղթեց թուրքերին, հակաթուրքական ռազմական դաշինք կնքեց (1758 թվական) Քարթլի-Կախեթիր թագավոր Հերակլ II-ի հետ։ 1774 թվականին Քյուչուկ-Կայնարջիի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով վավերացվեցին այդ հաջողությունները։ Սողոմոն I 1784 թվականին ձեռնամուխ եղավ նաև Գուրիայի ազատագրմանը, սակայն պարտություն կրեց։ 1804 թվականին Սողոմոն II ընդունեց Ռուսաստանի հովանավորությունը և դարձավ ինքնավար կառավարիչ, սակայն 1811 թվականին Իմերեթական թագավորությունը վերածվեց Ռուսական կայսրության Իմերեթիայի մարզի, իսկ հետագայում կազմեց Քութայիսի նահանգի մի մասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 325