Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն
Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն, պետական, Վահրամ Փափազյանի (մինչև 1989 թվականը՝ Մաքսիմ Գորկու), կազմակերպվել է 1932 թվականին Կ․ Ալվարյանի ղեկավարությամբ։ Բացումը՝ օգոստոսի 11-ին, Վաղարշյանի «Օղակում» պիեսի բեմադրությամբ։
Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Արցախ |
Գտնվելու վայրը | Ստեփանակերտ |
Հիմնադրման ամսաթիվ | օգոստոսի 11, 1932 |
Անվանված է | Մաքսիմ Գորկի |
Stepanakert State Drama Theatre named after Vahram Papazian Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԹատրոնում ստեղծվել է 300-ից ավելի բեմադրություն, որոնք ցուցադրվել են ոչ միայն ԼՂԻՄ-ում, այլև Ադրբեջանում ԽՍՀ ու ՀԽՍՀ շրջաններում։ Թատրոնում հյուրախաղերով հանդես են եկել Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Ի․ Ալիխանյանը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Բաքվի հայկական, Երևանի Սունդուկյանի անվան թատրոնների կոլեկտիվները։
Թատրոնը մեծապես նպաստում է աշխատավորության և մատաղ սերնդի գաղափարական ու գեղագիտական հայացքների ձևավորմանը, ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարակությանը։ Խաղացանկում մշական տեղ են գրավում Խորհրդային Միության ժողովուրդների և արտասահմանյան դրամատուրգիայի լավագույն երկերը։ Բեմադրություններից են՝ Սունդուկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Պատվի համա]», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», Գորկու «Վերջինները», Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», Ս․ Ֆ․ Ախունդովի «Հաջի Կարա», Ջ․ Ջաբարլու «Սևիլ», Վուրղունի «Վագիֆ», Շեքսպիրի «Օթելլո»։ Այս թատրոնում են աճել դրամատուրգներ Վազգեն Օվյանը, Իսահակ Ալավերդյանը և ուրիշներ։ Բեմադրություններն իրականացրել են Կ․ Ալվարյանը, Գ․ Թավրիզյանը, Հ․ Գրիգորյանը, Վ․ Հովհաննիսյանը, Ա․ Հովսեփյանը, Դ․ Սալյանը, Ա․ Գամջյանը, Հ․ Կարապետյանը, Ա․ Հակոբյանը, Ռ․ Սարաբսկին և ուրիշներ։ Թատրոնում աշխատել են Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստներ Գ․ Հարությունյանը, Ս․ Կորզանյանը, Թ․ Սելքումյանը, Ն․ Հովսեփյանը, Թ․ Սահակյանը, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստներ Ա․ Ղազումյանը, Ս․ Համզոյանը և ուրիշներ։
Խորհրդային Միության տարիներին կազմում են (1983)՝ ռեժիսորներ՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռեմ Սարգսյանը (գլխավոր ռեժիսոր), Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ Ի․ Հովհաննիսյանը, Ադրբեջանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ Լ․ Հարությունյանը, Դ․ Ծատուրյանը (գլխավոր նկարիչ» դերասաններ՝ Ադրբեջանի ԽՍՀ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Մ․ Բալասանյանը, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ Ն․ Ասատրյանը, Զ․ Գևորգյանը, Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստներ Բ․ Օվչյանը, Մ․ Միքայելյանը, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստներ Ժ․ Գալստյանը, Շ․ Գրիգորյանը, Մ․ Հարությունյանը և ուրիշներ։ Թատրոնը պարգևատրվել է «Պատվո նշան» (1983) և «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով[1]։
Գրականություն
խմբագրել- «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 557։
- Ալավերդյան Ի., Ստեփանակերտի Մ. Գորկու անվ. հայկական պետական դրամատիկական թատրոն, Ե., 1984:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի վերանորոգման համար Արցախը դիմում է բարերարներին». armenpress.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.