Սփյուռքահայությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

Սփյուռքահայությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Դիմում-կոչեր՝ ուղղված հայ ժողովրդին խմբագրել

1941 թվականի հուլիսի 30-ին Ամենայն Հայոց Հայրապետության Ազգընտիր Տեղակալ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը հանդես է եկել կոչով, որը ուղղված էր ողջ հայությանը.

  …Մեր հայրենիքը՝ Մայր Հայաստանն է։ Հայ ժողովրդի սրբության սրբոցը՝ Սուրբ Էջմիածինը, հայ եկեղեցու ծագման ու հաստատության օրրանը և նորա կենտրոնը…

…Հանդես է եկել մի նոր բիրտ ուժ՝ ֆաշիզմը, որը հակառակ է ազատության և կուլտուրայի, թշնամի է քրիստոնեական եկեղեցուն, կեղեքիչ՝ բոլոր մարդկության։

…Ամեն հայ մարդ, որ նախանձախնդիր է իր հայրենիքի՝ Խորհրդային Հայաստանի բարգավաճման, նա կաջակցի անշուշտ և կպաշտպանե Խորհրդային Միությունը…[1]

 

Ս. Էջմիածինը հորդոր է կարդում նաև արտասահմանի հայությանը ըստ ամենայնի օժանդակել հայրենիքի մեծ և արդար գործին[2]։

1941 թվականի օգոստոսին «Սովետական Հայաստան» թերթում լույս է տեսել Հայաստանի գիտության և արվեստի գործիչների «Արտասահմանյան երկրների բոլոր հայերին» դիմում-կոչը, որտեղ մեր հայ գործիչները հորդորել են սփյուռքահայերին ոտքի կանգնել, համախմբել իրենց ուժերը՝ հանուն Սովետական Միության պաշտպանության, հանուն մարդկության խարդախ ու վտանգավոր թշնամու՝ ֆաշիզմի ոչնչացման[3]։

Այս դիմում-կոչերը տարածվել և լայն արձագանք են գտել հայ գաղթօջախներում։ Ստեղծվել են մի շարք կազմակերպություններ, որոնք իրենց առաջնային գործն են համարել հայրենիքի հետ կապը պահպանելն ու նրա հետ կապված խնդիրները լուսաբանելը։

Սփյուռքահայ կազմակերպություններ խմբագրել

1942 թվականին Բեյրութում ստեղծվել է «Սովետական Հայաստանի բարեկամների ընկերություն» միությունը, որին միացել է նաև մինչ այդ գոյություն ունեցող «Հայաստանի օգնության լիգա»-ն։ Ընկերության նպատակներն էին լավագույն ձևով ծանոթացնել սփյուռքահայությանը Սովետական Հայաստանի հետ և զորավիգ լինել նրան՝ ներկա պատերազմում[4]։

1942 թվականին Հայֆայում (Պաղեստին) ստեղծվել է «Սովետական Հայաստանի պաշտպանության լիգա»-ն։ Այս ընկերությունը նույնպես ծավալել է խոշոր աշխատանք[4]։

Նյու Յորքում ստեղծվել է «Ամերիկայի հայերի ազգային խորհուրդ»-ը, որը մեծ ազդեցության շրջանակներ ուներ Ամերիկայի մի շարք խոշորագույն քաղաքներում (Բոստոն, Չիկագո, Դետրոյթ, Ֆիլադելֆիա և այլն)[4]։

Այսպիսի ընկերություններ են ստեղծվել Իրանում («ՍՍՌՄ բարեկամների միություն»), Նիկոսիայում («Հայաստանի բարեկամների միություն»), Փարիզում («Հայ ազգային ճակատ»), Ռումինիայում, Բուլղարիայում և այլուր[4]։

1942 թվականի դեկտեմբերի 15-ին Գերմանիայի կողմից զավթված Արևելյան շրջանների նախարարության հովանավորությամբ Բեռլինում ստեղծվել է Հայ Ազգային Խորհուրդը։ Այդ խորհրդի նախագահն էր ՀՅԴ հայտնի գործիչ Ա. Աբեղյանը, փոխնագահ՝ Ա. Գյուլխանդանյանը, անդամներ՝ Գ. Նժդեհը, Դ. Կանայանը (Դրո), Վահան Փափազյանը (Կոմս), Դ. Դավիթխանյանը, Ս. Տեր-Թովմասյանը[5]։ Հայ Ազգային Խորհուրդը իր վրա է վերցրել Գերմանիայի և հայության միջև միջնորդի դերը։ Եթե պատերազմի ընթացքում Թուրքիան անցներ Գերմանիայի կողմը, և վերջինիս հաղթանակի դեպքում Հայաստանը կդառնար պանթուրքիստական ծրագրի առաջին զոհը։ Այդ էր պատճառը, որ Ազգային խորհուրդը ցանկանում էր այնպես անել, որ հետագայում Հայաստանը չհայտնվեր Թուրքիայի ճիրաններում։

Պատերազմի տարիներին գերմանական հրամանատարությունը ձեռնարկել է «Հայկական լեգեոն»-ի կազմավորմանը՝ հավաքելով Բենիամինովոյի, Պուլավիի և Դեմբլինի ճամբարներից մի քանի հազար հայ ռազմագերիների։ Հայ Ազգային խորհուրդը մասնակցել է այդ աշխատանքներին։ Բայց ֆաշիստների նպատակները չեն չիրականացել, քանի որ հայկական լեգեոնի ստորաբաժանումները ոչ միայն չեն ծառայել նրանց, այլև անցել են Խորհրդային պարտիզանների և ֆրանսիական դիմադրության շարժման շարքերը[5]։

Հայ Ազգային Խորհուրդը նաև նպատակ ուներ՝ պայքարելու հայկական հողերի վերադարձման ու հայ դատի պաշտպանության համար։

Ահա թե ինչպես է բացատրել Ս. Վրացյանը դաշնակցականների գործունեությունը պատերազմի տարիներին.

  Ժամանակը և, մանավանդ, պատերազմը արմատական փոփոխություն առաջ բերին մեր ազգային կացության մեջ։ Պատերազմը ինքը արդեն վճռական ազդակ էր։ Հիտլերի հարձակումով Խորհրդային Միության վրա, Հայաստանը կենթարկվեր վտանգի։ Դաշնակցությունը չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի պաշտպանության հարցի հանդեպ և առաջին իսկ օրից վճռեց ու հայտարարեց, որ կը դադարեցնե պայքարը Խորհրդային իշխանության դեմ, իր բոլոր ուժերը կտրամադրե հայրենիքի պաշտպանության գործին։ Ասիկա ևս անհերքելի փաստ է։ Արտասահմանի բոլոր երկրներու մեջ դաշնակցականները ձեռք ձեռքի մյուս բոլոր հոսանքներու պատկանող մարդոց հետ մասնակցեցան բոլոր այն ձեռնարկումներուն, որոնց նպատակն է Հայաստանի պաշտպանության և զորացման աջակցության…[6]  

1941 թվականին Ամերիկայում կազմավորվել է Հայկական ՎԻ հանձնախումբը, որը ղեկավարել է կապիտան Ջիմ Չանկալյանը։ Այդ հանձնախմբին իրենց հովանավորությունն են տվել ավելի քան 45 հայտնի բժիշկներ, փաստաբաններ, գրողներ և արվեստագետներ։ Հանձնախումբը իր առջև դրել է հետևյալ նպատակները՝ 1. ապահովել ամերիկահայության բժշկական օգնությունը Սովետական Միությանը և Հայաստանին, 2. համակարգել Ամերիկահայության նպաստի ջանքերը հօգուտ Սովետական Միության և Հայաստանի[7]։

Հանգանակություններ՝ հօգուտ հաղթանակի խմբագրել

Հայ գաղթօջախներում հավաքվել են հանգանակություններ՝ հօգուտ Կարմիր բանակի և ռազմաճակատում զոհված հայ մարտիկների ընտանիքների։

Կահիրեում լույս տեսնող «Աշխատանք» ամսագիրը եգիպտահայությանը կոչ էր անում.

  Հայ ժողովուրդ, վճարե հայրենիքի տուրքդ. վեց հարյուր տարվան ստրկության շղթաներու տակ այս օրը երազեցիր և բախտ ունեցար տեսնելու ազատագրված հայրենիքդ։ Պատասխանե անոր օգնության կոչին և լիառատ և լիաբուռն, որպեսզի հայ վերածննդի թափը չկասի[4]։  

Ամերիկահայ ազգային խորհուրդը ռուսական նավամատույցի միջոցով Սովետական Հայաստան և Սովետական Միություն է ուղարկել ավելի քան 150000 դոլլար արժողությամբ դեղորայք, նվիրատուփեր, երեխաների համար տաք հագուստ, ծխախոտ, բժշկական, գիտական գրքեր և այլն։ Այդ նպատակով 15 ամսվա մեջ հավաքվել է ավելի քան 400000 դոլլար[8]։

Ըստ 1943 թվականի սեպտոմբերի 25-ի տվյալների Նյու Յորքից ուղարկվել է 50000 դոլլար՝ հօգուտ Կարմիր բանակի, 80000 դոլլար դեղեր գնելու, 10000 դոլլար որբերի ու այրիների համար։ Հօգուտ որբերի ու այրիների Հարավային Ամերիկայում հավաքվել է 5800 դոլլար[9]։

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում բնակվող ծերունի Հարություն Պալաքյանը մահվան մահճում գրել է իր կտակը.

  Ամբողջ կարողությունս կնվիրեմ Հայրենական մեծ պատերազմին ռուսական ճակատին վրա զոհված հայ զինվորներու որբերուն…[10]  

1944 թվականին Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը դիմել է Մոսկվա՝ Ի. Վ. Ստալինին, հետևյալ խնդրանքով.

  …Աղոթում եմ Ամենաբարձրյալին սովետական զենքի հաղթության համար, այլև Կարմիր բանակի ևս առավել զորացման ու թշնամու վախճանական ջախջախումն արագացնելու նպատակով՝ Էջմիածինը «Սասունցի Դավթի» անվամբ տանկային շարասյուն կառուցանելու ֆոնդին նվիրաբերում է բրիլիանտներով զարդարուն թանկարժեք մի բաժակ, երկու բրիլիանտե խաչեր՝ ավելի քան ութ հարյուր հազար ռուբլի արժողությամբ, հազար անգլիական ֆունտ ստեռլինգ և հիսուն հազար ռուբլի։

Այլև խնդրում եմ Ձեր տնօրենությունը ՍՍՌՄ պետական բանկում հատուկ հաշիվ բանալու մասին։

Միաժամանակ հատուկ կոնդակով դիմում եմ աշխարհի բոլոր հավատացյալ հայերին, որ իրենց խնայողություններով մասնակցեն Սասունցի Դավթի անվամբ տանկային շարասյան կառուցմանը։ Կատարելապես հավատացած եմ, որ թե տեղական և թե արտասահմանյան հայությունը կարձագանքե մեր հովվական կանչին, ինչպես արձագանքեց պատերազմի սկզբին մեր կոնդակին՝ կազմակերպելով հայ բոլոր գաղութներում Կարմիր բանակին և տուժած բնակչությանը օգնելու միջոցառումներ…[11]

 

Այս դիմում-խնդրանքից հետո Ստալինը շնորհակալական հեռագիր է ուղարկում Էջմիածնի հոգևորականությանը և հայ ժողովրդին[12]։

 
«Սասունցի Դավիթ» տանկային շարասյուն

Սփյուռքի բոլոր գաղթօջախներից արագ կերպով կատարվող կատարվող հանգանակությունը թույլ է տվել, որ արդեն 1944 թվականի փետրվարին տանկերի առաջին շարասյունը հանձնվի 119-րդ առանձին տանկային գնդին։ 1944 թվականի հունիսին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունով զինված գունդը մտցվել է I մերձբալթյան ռազմաճակատի զորքերի կազմի մեջ։ Շուտով սովետական բանակին է հանձնվել «Սասունցի Դավիթ» տանկային երկրորդ շարասյունը[13]։

Տանկային զորամասի հրամանատար Վոյնովսկին հայտարարել էր.

  Ընդունելով մեր զորամաս տանկային շարասյունը, որը կրում է հայ ժողովրդի լեգենդար հերոս Սասունցի Դավթի անունը, մենք էլ ավելի ցասումնալից կջախջախենք գերմանական զավթիչներին և կբազմապատկենք Կարմիր բանակի տանկային զորքերի փառքը[13][14]։

…10 օրվա ընթացքում «Սասունցի Դավիթ» տանկերը ոչնչացրել են 16 տանկ և ինքնագնաց հրանոթ, զանազան տրամաչափի 20 հրանոթ, 60 գնդացիր, 210 ավտոմեքենա զինվորներով ու բեռներով, ոչնչացրել են ավելի քան 2700 զինվոր ու սպա…

Միայն վերջին մարտերի ընթացքում ավելի քան 40 մարտիկներ ու սպա պարգևատրվել են Սովետական Միության շքանշաններով ու մեդալներով …[15]

 

1944 թվականի հունիսի 7-ին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կառուցման առթիվ Ի. Ստալինը հեռագրել է Գևորգ Չորեքչյանին.

  Խնդրում եմ հաղորդել արտասահմանի հավատացյալ հայությանը, որոնք դրամական միջոցներ են ներմուծել «Սասունցի Դավիթ» տանկային երկրորդ շարասյան կառուցման համար՝ իմ ողջույնը և Կարմիր բանակի շնորհակալությունը[16]։  

Ոգևորվելով «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան հաջողություններով, իրանահայությունը ձեռնամուխ է եղել գեներալ Բաղրամյանի անվան տանկային շարասյան կառուցմանը։ Կարճ ժամանակում միայն Թեհրանում հանգանակվել է մոտ 2000000 ռիալ։ Բայց Բաղրամյանի անվան տանկային շարասյան կառուցման գործը կիսատ է մնացել՝ պատերազմը ավարտվելու պատճառով[17]։

Ռազմական օգնություն խմբագրել

Դաշնակիցների բանակում պարտադիր և կամավոր զինվորական ծառայության անցած հայազգի մարտիկները մասնակցել են Սիցիլիայի, Նեապոլի, Սալեռնոյի, Նորմանդիայի շրջանների զորքերի ցամաքհանումներին, Արևմտյան Գերմանիայում և Խաղաղ օվկիանոսում ծավալված մատերին։

Ամերիկահայեր խմբագրել

Այդ օրերին ամերիկյան բանակում ծառայում էին ավելի քան 20000 հայ մարտիկներ ու սպաներ, որոնցից շատերն արժանացել են կառավարական բարձր պարգևների։ Նրանցից Երվանդ (Էռնեստ) Դերվիշյանը պարգևատրվել է ամերիկյան հերոսի՝ «Կոնգրեսի պատվո մեդալով» (այդ փառքին արժանացել էին միայն 87 հոգի), Չարլզ Տերտերյանը՝ «Օդաչուական աչքի ընկած ծառայությունների համար» շքանշանին, Ժանին Պետրոսյանը՝ «Պղնձյա աստղ» շքանշանին և այլն[18]։

Արժանահիշատակ են օդաչու Ռիչարդ (Տիգրան) Մալխասյանը, Միհրան, Միսակ և Թորոս Սապոնջյան եղբայրները, Զավեն Կոստանյանը, լեյտենանտ Սեմ Պարսամյանը, կրտսեր լեյտենանտներ Էնդրյու Կոշտոյանն ու Ջերարդ Գևորգյանը և շատ ուրիշներ[19]։

ԱՄՆ-ում հաճախ էին հիշում Քաթարյան ընտանիքին, որը պատերազմ էր ուղարկել իր 8 որդիներին։ Այդ ընտանիքի անդամներից Արբերտը կռվում էր Ֆրանսիայում՝ ամերիկյան բանակի շարքերում, Ժիրայրը, Հայկն ու Արծվիկը օդաչուներ էին, Հրայրը աշխատում էր Կարմիր բանակում, Վահագնը զինվորական կուրսանտ էր, Կարոն՝ հետևակային[19]։

Ֆրանսահայեր խմբագրել

 
Կարմիր պլակատ

1940 թվականից Ֆրանսիան ընկել է գերմանա-ֆաշիստական զավթիչների լծի տակ։ Երկիրը ֆաշիստական օկուպացիայից ազատագրելու համար ընդհատակում գործող Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը կազմակերպել և գլխավորել է ֆաշիզմի դեմ մղվող ժողովրդական պայքար։ Ֆրանսիացիների այդ համաժողովրդական պայքարին, որ Դիմադրության շարժում անունն է ստացել, ամենուր գործուն մասնակցություն է ունեցել նաև Ֆրանսիայի հայ գաղութը։ Այժմ ողջ Ֆրանսիայում հայտնի են հայ հայրենասերներ Միսաք Մանուշյանի, Լ. Ասլանյանի (ԼԱՍ), Ա. Ասլանյանի, Ա. Դավթյանի, Մ. Գեղունու, Ն. Տեր-Մարտիրոսյանի և շատ շատերի անունները։

Ֆրանսիայի հայ դիմադրական շարժման գլխավոր գործողություններից մեկն էլ Սովետական բանակի հայ ռազմագերիների հետ տարած աշխատանքն էր։ Արդեն 1943 թվականի մայիս ամսից Փարիզում Միսաք Մանուշյանն ու իր խմբի մարտիկ Ալեքսան Կոստանդինյանը հայ ռազմագերիների հետ կապ էին հաստատում։ Հիտլերականները մտադրված էին ռազմագերիներից կազմված լեգեոնները օգտագործել սովետական պարտիզանների դեմ։ «Հայկական լեգեոն» կազմակերպելու հենց սկզբից հայ ռազմագերիների շրջանում, կոմունիստների ջանքերի շնորհիվ, ստեղծվել է Հակաֆաշիստական Ընդհատակյա Հայրենասիրական Կազմակերպություն (ՀԸՀԿ)։ Կազմակերպությունը ղեկավարել է ընդհատակյա կենտրոնական բյուրոն, որի մեջ էին Ս. Յաղջյանը, Վ. Վարդանյանը, Ա. Ղազարյանը, Դ. Մինասյանը, Բ. Պետրոսյանը, Լ. Տիտանյանը և Ա. Կարապետյանը[6]։

 
103-րդ պարտիզանական զորամասի պարտիզաններ. նստած՝ հրամանատար Բարթուղ Պետրոսյան, կանգնած՝ ձախից Պետյա Ղազանչյան, Ժոզեֆ Ոսկերչյան, Հայրիկ Եփրեմյան, Էմիլ Զորյան

Դիմադրության շարժման Հայկական ջոկատը իր գրաված վայրերում կապ էր հաստատում ռազմագերիների հետ։ Պատասխանատու մարմինը հակահիտլերական թռուցիկներ էր հրատարակում և տարածում զորանոցներում, թաքստոցներ ապահովում բանակը լքող զինվորների համար և նրանց մուտքն ապահովում պարտիզանների շարքերում։

Ֆրանսիական դիմադրության շարժմանը գործուն մասնակցություն է ունեցել Սմբատ զորավարը (Բորոյան)[20]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական բանակում է ծառայել նաև Շառլ Ազնավուրի հայրը՝ Մամիկոնը։ Շրջափակման ժամանակ ծառայել է ռեզիստանում՝ միաժամանակ տունը տրամադրելով իբրև թաքստոց իր փախստական ընկերներին (Մելինե Մանուշյան, Տիրան Ոսկերչյան) և կարմիր բանակայիններին[21]։

Ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ Լուի Արագոնն ասել է.

  Հայ ժողովրդի տառապանքի դիմաց Ֆրանսիայի բազմաթիվ մտավորականներ իրենց թանաքը գործածեցին՝ նպաստելու նրա ազատության գործին։ Բայց հայ ժողովուրդը թանաքի տեղ իր արյունը տվեց Ֆրանսիայի ազատագրության համար։

Երբեք չեմ մոռանա պատերազմի ժամանակ Ֆրանսիայի բոլոր անկյուններում պատերի վրա փակցված մեծածավալ ծանուցումները… նրանց պետը հայ էր՝ Մանուշյանը… Գավառի մի խուլ անկյունում, անծանոթ մի ձեռք այդ ծանուցումներից մեկի վրա գրել էր.

  Մեռան Ֆրանսիայի համար  
:

Մենք չենք կարող մոռանալ ձեր ժողովրդի մասնակցությունը մեր հայրենիքի ազատությանը[22]։

 

Բուլղարահայեր խմբագրել

Դիմադրության շարժմանն ակտիվ մասնակցություն են ցույց տվել նաև բուլղարահայերն ու ռումինահայերը։ Պատերազմի տարիներին այդ գաղթօջախներում ապրում էին ավելի քան 50000 հայեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սոֆիայում հիմնվել է «Երևան» մշակութային կազմակերպությունը, որի անդամներից շատ շատերը եղել են բուլղարական հակաֆաշիստական դիմադրական շարժման մասնակիցներ։ Նրանցից էր Տիրան Բարիքյանը, որը հետագայում դարձավ «Երևան» մշակութային միության նախագահը։ Նա 1941 թվականից եղել է ՌՄՍ-ի (բանվորական երիտասարդական միություն) անդամ, ֆաշիստական կառավարության կողմից ձերբակալվել և դատապարտվել է 15 տարվա բանտարկության։ Հետագայում Բարիքյանը պարգևատրվել է Դիմիտրովյան շքանշանով, նաև արժանացել Բուլղարական Ժողովրդական Հանրապետության Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման[23]։

Տիրան Փափազյանը 1930-ական թվականներից եղել է ԲԿԿ անդամ, 1941 թվականից՝ «Չերվենսկա» պարտիզանական ջոկատի հրամանատար։ Ձերբակալվել է 1943 թվականին և դատապարտվել ցմահ բանտարկության։ 1944 թվականի սեպտեբերի 9-ից անցել է պետական և կուսակցական աշխատանքի։ Պարգևատրվել է Դիմիտրովյան շքանշանով և այլ մեդալներով[23]։

Արժանահիշատակ են Ստեփան Թանդրյանը, Ֆրանց Կալայճյանը, Աբրո Մինասյանը, Հակոբ Մերգերյանը, Կարո Քափուլյանը և շատ ուրիշներ[23]։

1942 թվականից 15-ամյա Հերմինե Ռազգրատլյանը (Սաշկա) մասնակցություն է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում։ 1943 թվականի հունվարի 16-ին քաշվելով լեռները՝ միացել է Ստարա Պլանինայում գործող «Չավդար» պարտիզանական խմբին։ Ընկնելով ֆաշիստների ձեռքը՝ 1944 թվականի հունիսի 10-ին Լյուտակովսկի Բաիր գյուղում գազանաբար սպանվել է։

  …Սաշկան պայքարի կոչ է, մարտի երգ, հավիտենական գարունի գաղափար, լույս է առաջնորդող ու պերճախոս օրինակ զոհաբերումի։ Ու միևնույն ժամանակ այնքան պարզ է իր կյանքով, պարզ իր պայքարով ու պարզ նաև իր համեստ և հերոսական մահով։ Ու անոր հիշատակը ջերմությամբ կլեցնե մեր սրտերը, կազնվացնե զանոնք[24]։  

Մասնակցելով նաև Իտալիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրման կռիվներին՝ հայերը պայքարել են հանուն ընդհանուր հայրենիքի բարօրության։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 271, թ. 5
  2. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 270, թ. 1
  3. «Սովետական Հայաստան», 1941 թվականի օգոստոսի 17, № 195, էջ 1
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Սովետական Հայաստան», 1944 թվականի դեկտեմբերի 17, № 250, էջ 3
  5. 5,0 5,1 Կ. Հարությունյան, «Հայկական լեգեոն», «Գարուն» ամսագիր, 1994, թիվ 7, էջ 69
  6. 6,0 6,1 Տ. Դրամփյան, Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին, Երևան, 1967, էջ 92
  7. «Լրաբեր», Նյու Յորք, 1941, սեպտեմբերի 9, էջ 4
  8. «Լրաբեր», Նյու Յորք, 1945, մարտի 3, էջ 1
  9. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 721, թ. 14
  10. ՀԱԱ, ֆ. 1029, ց. 1, գ. 137ա, թ. 1
  11. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 720, թ. 7
  12. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 291, թ. 1-4
  13. 13,0 13,1 Ա. Մնացականյան, Միասնական շարքերում, Երևան, 1975, էջ 164-165
  14. «Պրավդա», 1944, մարտի 19
  15. «Էջմիածին» ամսագիր, 1944, ապրիլ-մայիս, էջ 13-14
  16. ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 720, թ. 1
  17. «Էջմիածին» ամսագիր, 1944, հուլիս-սեպտեմբեր, էջ 17-18
  18. Ռ. Մարտիրոսյան, Դաշնակցության հակաժողովրդական գործունեությունը II համաշխարհային պատերազմի տարիներին, Երևան, 1982, էջ 129
  19. 19,0 19,1 Коммунист, 1945, հոկտեմբերի 7
  20. Ռ. Մարտիրոսյան, Դաշնակցության հակաժողովրդական գործունեությունը II համաշխարհային պատերազմի տարիներին, Երևան, 1982, էջ 33
  21. ՀԱԱ, ֆ. 362, ց. 7, գ. 86, թ. 1-3
  22. ՀԱԱ, ֆ. 1029, ց. 1, գ. 137ա, թ. 6
  23. 23,0 23,1 23,2 ՀԱԱ, ֆ. 875, ց. 16, գ. 157, թ. 3-4
  24. «Սովետական Հայաստան», 1944, հոկտեմբերի 7, № 213, էջ 3

Արտաքին հղումներ խմբագրել