Սասունցի Դավիթ (տանկային շարասյուն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասունցի Դավիթ (այլ կիրառումներ)

Սասունցի Դավիթ, խորհրդային տանկային շարասյուն Հայրենական մեծ պատերազմում։ Ատեղծվել է 1944 թվականին, սփյուռքի հայերի և Էջմիածնի վանքի տրամադրած նյութական միջոցներով։ 1943 թվականի հունվարին Ամենայն Հայոց կաթողիկոսությունը «Սասունցի Դավիթ»-ի ֆոնդին հանձնեց 800 հազար ռուբլի արժողությամբ թանկարժեք «Սասունցի Դավիթ» շարասյունը նվերներ և զարդեր, 1000 անգլիական ֆունտ ստեռլինգ և 50 հազար ռուբլի սովետական դրամ։ Գևորգ Զ Չորեքչյանը հատուկ կոնդակով դիմեց սփյուռքի հայերին՝ կոչ անելով մասնակցել տանկային շարասյուն ստեղծելու նպատակով կազմակերպված հանգանակությանը (1943)։ Առաջադեմ կազմակերպությունների նախաձեռնությամբ 1943 թվականի մարտի 7-ին Նյու Յորքում տեղի ունեցավ հայկական գաղութի ներկայացուցիչների միտինգ, որտեղ ընտրվեց «Սասունցի Դավիթ»-ի ֆոնդի համար միջոցներ հանգանակող կոմիտե։ «Սասունցի Դավիթ»-ի ստեղծմանը մասնակցեցին նաև Հարավային Ամերիկայի, Իրանի, Կիպրոսի, Հորդանանի,Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Եթովպիայի, Եգիպտոսի և այլ երկրների հայերը։ Հավաքված միջոցներով պատվիրվեց 21 տանկ (Տ-34)։ 1944 թվականի փետրվարին 119-րդ առանձին տանկային գնդին հանձնված այդ տանկերի աշտարակներին հայերենգլխատառերով գրվեց Սասունցի Դավիթ։ Ուկրաինական ռազմաճակատում մարտ-մայիս ամիսներին, գնդի կազմում, տանկային շարասյունը հարձակողական գործողություններ ծավալեց Պերվոմայսկի, այնուհետև Ցասսիի (Ռումինիա) ուղղությամբ։ 1944 թվականի մայիսին տանկային գունդը համալրվեց «Սասունցի Դավիթ» երկրորդ տանկային շարասյունով (22 տանկ)։ Մերձբալթյան 1-ին ռազմաճակատի 6-րդ գվարդիական բանակի կազմում հունիս-օգոստոսին շարասյունը մասնակցեց Վիտեբսկի ու Պոլոցկի ազատագրմանը, Շյաուլյայի շրջանում հակառակորդի խոր էշելոնացված պաշտպանության ճեղքմանը, 5-րդ գվարդիական տանկային բանակի ստորաբաժանումների հարձակողական գործողություններին։ 1944 թվականի հուլիսի 23-ի հրամանագրով «Սասունցի Դավիթ» պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ Այնուհետև շարասյունը գնդի հետ տեղափոխվեց Պանևեժիսի շրջանը և մինչև օգոստոս կռվեց ռազմաճակատի հրամանատար, բանակի գեներալ Հ․ Ք․ Բաղրամյանի ենթակայության ներքո։ 1945 թվականին գունդը, որի կազմում էր «Սասունցի Դավիթ» շարասյունը, արժանացավ գվարդիականի կոչման և ստացավ 135-րդ կարմրադրոշ առանձին տանկային գունդ անվանումը։ «Սասունցի Դավիթ»-ի անձնակազմերում կային նաև հայեր, որոնցից Սարգիս Նահապետյանը պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով, իսկ Միխայիլ Ստեփանյանը՝ Խիզախության համար մեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 204 CC-BY-SA-icon-80x15.png