Սալամինի ճակատամարտ - ծովամարտ հույների և պարսիկների նավատորմերի միջև հույն-պարսկական պատերազմների ժամանակ՝ մ.թ.ա. 480 թվականին, Աթենքից ոչ հեռու, Սալամին կղզու մոտ՝ Էգեյան ծովի Սարոնիկոս ծովածոցում։

Սալամինի ճակատամարտ
Թվականմ.թ.ա. 480, սեպտեմբերի 28
Մասն էՀույն-պարսկական պատերազմներ
ՎայրԷգեյան ծով, Սալամին կղզու մոտ
Հակառակորդներ
Հին ՀունաստանԱքեմենյան Իրան
Հրամանատարներ
Թեմիստոկլես (Աթենք)
Էվրիբիադես (Սպարտա)
Քսերքսես I
Կողմերի ուժեր
300-400 ռազմանավ500-800 ռազմանավ
Ռազմական կորուստներ
40 ռազմանավ200 ռազմանավ

Մարտին նախորդում են մի շարք իրադարձություններ, որոնք էապես ազդում են պատերազմի հետագա ընթացքի վրա։ Պարսիկների բանակը գրավում և ավերում է Աթենքը։ Բնակիչները նախապես տարհանվում են մոտակա Սալամին կղզի։ Կղզու և մայրցամաքի միջև նեղուցներում կենտրոնացվում է հունական միության նավատորմը (էսքիլեսի համաձայն՝ 311 նավ, Հերոդոտոսի՝ 380)[1][2]: Հելլենների միջև առաջանում են լուրջ տարաձայնություններ։ Զորահրամանատարներից շատերն առաջարկում էին լքել Սալամինը և ուժերն ողղել Կորնթոսյան պարանոցը պաշտպանելուն։ Աթենքի ստրատեգոս Թեմիստոկլեսը գտնում էր, որ նեղուցներում միայն կարող են հաղթել քանակապես և մարտունակությամբ գերազանցող պարսկական նավատորմին[3]։ Չկարողանալով փոխել մյուս հրամանատարների որոշումը՝ նա դիմում է խորամանկության։ Պարսից Քսերքսես արքայի մոտ է ուղարկում իր վստահված սուրհանդակին՝ հայտնելու, որ հույները պատրաստվում են փախուստի դիմել, և եթե արքան ցանկանում է ոչնչացնել հունական նավատորմը, ապա պետք է անմիջապես ճակատամարտի։ Հույների համար վճռական հաղթանակի հասնելու միակ հնարավորությունը նեղ տարածության մեջ ճակատամարտելն էր, որտեղ թշնամու թվական գերակշռությունը վերացվում էր[4]։ Մտնելով Սալամինի և մայրցամաքի միջև նեղուցները՝ պարսիկներն իրենք իրենց զրկում են առավելություններից[5]։ Նրանց կողմից Սալամինի մարտը սկսելը մարտավարական սխալ էր, որը վճռորոշ եղավ մարտի և պատերազմի հետագա ընթացքի համար[6]։

Սկզբնաղբյուրներ խմբագրել

Սալամինի ծովամարտը նկարագրող մեզ հասած հիմնական սկզբնաղբյուրը Հերոդոտոսի «Պատմության» VIII գիրքն է։ Իրադարձություններին անդրադարձել է նաև պարսից Արտաքսերքսես II արքայի պալատում ապրող Կտեսիաս Կնիդացին իր «Պարսկական պատմություն» աշխատության մեջ[7]։ Պատմական հետաքրքրություն է ներկայացնում հին հունական դրամատուրգ, ճակատամարտի մասնակից Էսքիլեսի «Պարսիկներ» ողբերգությունը, որտեղ Սալամինի ծովամարտի անմիջական ականատեսը նկարագրում է իր զգացմունքները պարսկական նավատորմի կործանումից[8]։ Սալամին ծովամարտին և հույն-պարսկական պատերազմի մյուս իրադարձություններին անդրադարձել են նաև ավելի ուշ շրջանի հեղինակներ Դիոդորոսը[9], Պլուտարքոսը, Կորնելիուս Նեպոսը[10]։

Նախապատմություն խմբագրել

Հունական քաղաք- պետություններ Աթենքը և Էրետրիան օգնություն են ցուցաբերում Հոնիային պարսից արքա Դարեհի դեմ ապստամբության մեջ մ.թ.ա. 499-494 թվականներին։ Պարսից տերության դեմ հաճախ էին ապստամբում հպատակ ժողովուրդները[11]։ Ապստամբներին հաջողվում է գրավել և հրկիզել տերության կարևոր քաղաքներից մեկը՝ Սարդեսը։ Դարեհը ցանկանում էր վրեժ լուծել ապստամբությանը մասնակից և իրեն չենթարկվող հույներից, ինչպես նաև հնարավորություն էր տեսնում հնազանդեցնել հունական տարանջատված քաղաքները[12]։ Մ.թ.ա. 492 թվականին պարսից զորահրամանատար Մարդոնիոսի արշավանքի ժամանակ նվաճվում է Թրակիան, Մակեդոնիան ընդունում է պարսիկների գերիշխանությունը[13]։ Այդպիսով պարսիկներն ապահովում են իրենց ցամաքային զորքերի մուտքը Հին Հունաստան։ Մ.թ.ա. 491 թվականին Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր անկախ քաղաքներ՝ պահանջելով «հող և ջուր», որը նշանակում էր հնազանդություն Աքեմենյան տերությանը[14]։ Բոլոր քաղաքները, բացի Աթենքից և Սպարտայից, ընդունում են ստորացուցիչ պահանջները։ Աթենքում դեսպանները դատապարտվում են և մահապատժի ենթարկվում, Սպարտայում դեսպաններին գցում են ջրհորը՝ այնտեղից հող և ջուր վերցնելու[15][14]։

 
Աքեմենյան տերություն

Մ.թ.ա. 490 թվականին Աթենքը գրավվելու համար ուղարկվում է պարսկական նավատորմ Դատիսի և Արտափրենեսի գլխավորությամբ։ Ճանապարհին գրավվում և ավերվում է Էրետրիան[16]։ Զորքերն ափ են իջնում Ատտիկայում, սակայն ջախջախվում են աթենացիների և պլատեացիների կողմից Մարաթոնի ճակատամարտում[17]։ Այդ անհաջող արշավանքից հետո Դարեհը մեծ բանակ է հավաքում ամբողջ Հունաստանը գրավելու համար։ Նրա ծրագրերին խանգարում է Եգիպտոսի՝ մ.թ.ա. 482 թվականի ապստամբությունը[14]։ Դարեհի մահից հետո գահն անցնում է որդուն՝ Քսերքսեսին։ Ճնշելով եգիպտացիների ապստամբությունը՝ Քսերքսեսը շարունակում է նախապատրաստել Հունաստանի դեմ արշավանքը[18]։

Աթենքում իշխանությունն անցնում է Թեմիստոկլեսին։ Հելլենաբան Սուրիկովը Մարաթոնի ճակատամարտի և Քսերքսեսի արշավանքի միջև ընկած ժամանակահատվածն անվանում է «Թեմիստոկլեսի ժամանակաշրջան»[19]։ Մինչ պարսիկները զորք էին հավաքում Հելլադան գրավելու համար, աթենական գործիչն աջակցում էր հզոր նավատորմի ստեղծմանը[20]։ Աթենացիների մոտ սովորույթ կար կիսել Լավրիոնի արծաթի հանքերից ստացած եկամուտը[21]։ Այդ հանքերի սեփականատերը պետությունն էր։ Տիրանիայի անկումից հետո պատական ունեցվածքը համարվեց բոլոր քաղաքացիների սեփականությունը։ Եթե պետական բոլոր կարիքները հոգալուց հետո գանձարանում մնում էր նշանակալի գումար, այն բաժանվում էր աթենացիների միջև[22]։ Թեմիստոկլեսն առաջարկեց ստացված միջոցներն ուղղել նավատորմի կառուցմանը։ Առաջարկությունն ընդունելով՝ յուրաքանչյուր աթենացի զրկվում էր պետության կողմից տրվող դրամական նպաստից[23]։ Պարսիկների դեմ պատերազմի համար նավեր պատրաստելով՝ Թեմիստոկլեսը հասկանում էր, որ աթենացիները չեն համաձայնվի իր հետ, քանզի չէին համարում Մրաթոնի մոտ պարտված պարսիկներին լուրջ սպառնալիք։ Այդ պատճառով նա համոզեց համաքաղաքացիներին, որ նոր նավերը և հզոր նավատորմն անհրաժեշտ են Էգինայի հետ պատերազմելու համար՝ կղզի, որն անդադար պատերազմի մեջ էր Աթենքի հետ[24][25][26]։ Այդ քաղաքականության արդյունքում էլ Քսերքսեսի բանակը ջախջախիչ պարտություն կրեց։

Մ.թ.ա. 481 թվականին Քսերքսեսն սուրհանդակներ ուղարկեց հունական քաղաք-պետություններ՝ պահանջելով «հող և ջուր», բացի Աթենքից և Սպարտայից[27]։ Մ.թ.ա. 481 թվականի աշնանը Կորնթոսում տեղի է ունենում համահունական ժողով։ Սպառնացող համընդհանուր վտանգից ելնելով դաշինք հաստատվեց, դադարեցվեցին երկպառակչական պատերազմները[28]։ Օգնության խնդրանքով սուրհանդակներ ուղարկվեցին հունական գաղութներ[29]։ Համահունական կոնգրեսի որոշումն իրականացնելը դժվար էր՝ կապված հին հույներ միջև եղած թշնամության երկպառակտվածության հետ։

 
Քսերքսեսի զորքի արշավանքը Հունաստան

Մ.թ.ա. 480 թվականին Քսերքսեսի զորքը սկսեց Ասիայից Եվրոպա շարժվել։ Բացի ցամաքային ուժերից նա ուներ նաև հզոր նավատորմ[30]։ Ամբողջ գարուն և ամառ շարունակվում էր պարսկական զորքի արշավանքը Էգեյան ծովի երկայնքով։ Սպարտացիներ ջոկատը՝ Լեոնիդասի գլխավորությամբ, փորձում է փակել պարսիկների ճանապարհը Թերմոպիլյան կիրճում, սակայն անհաջողության է մատնվում։ Պարսիկները ներթափանցում են միջին Հունաստան։ Հունական նավատորմը, հանդիպելով պարսկական նավերին Արտեմիսիայի հրվանդանի մոտ, ստիպված էր հեռանալ հարավ՝ Ատտիկայի արևմտյան ափերի մոտ։ Արտեմիսիայի ճակատամարտում բարենպաստ եղանակի, Թեմիստոկլեսի ռազմական խորամանկության շնորհիվ հույներին հաջողվում է մի քանի օրով կանգնեցնել թշնամու նավատորմը։ Դաշնակիցները հակահարված չեն տալիս և չեն կանխում պարսիկների առաջխաղացումը դեպի Աթենք[31]։ Քսերքսեսի նավատորմին էլ չի հաջողվում ոչնչացնել կամ շարքից հանել հունական ողջ նավատորմը[32]։ Ճակատամարտի այդպիսի ելքը չէր կարող գոհացնել ոչ մի կողմին։ Միևնույն ժամանակ, թշնամու նավերի հետ ծովամարտի առաջին փորձը կարևոր էր և անհրաժեշտ հույների համար[31]։ Շատ ծովայինների համար դա առաջին մարտն էր։ Հույն զորահրամանատարները կարողացան ուսումնասիրել թշնամու նավատոմի ուժեղ և թույլ կողմերը[33]։ Ձեռք բերված փորձը օգտակար եղավ Սալամինի ճակատամարտի ժամանակ[34]։

Մարտից առաջ խմբագրել

 
Թեմիստոկլես

Թերմոպիլյան կիրճում հույների պարտությունից հետո պարսիկների ճանապարհը դեպի Աթենք և Պելոպոնես բաց էր[35]։ Պելոպոնեսյան քաղաքներից զինվորները սկսեցին հավաքվել Կորնթոսյան պարանոցում և ամրացնել այն[36]։ Արտեմիսիայից դաշնակիցների նավերը լողացին դեպի Սալամին կղզի։ Թեմիստոկլեսը գործողությունների ծրագիր է մշակում, որն իրագործելու համար ստիպված է լինում դրսևորել իր ողջ հնարամտությունն ու հռետորական տաղանդը։

Պարսիկների՝ Ատտիկա ներխուժումից առաջ աթենացիները դեսպաններ են ուղարկում Դելֆի՝ պատգամախոսներից հարցնելու սպասվելիք իրադարձությունների մասին։ Կանխագուշակությունը շատ մռայլ էր և կանխատեսում էր անխուսափելի վախճան[37]։ Դելֆյան պատգամախոսների այդպիսի պատասխանը շատ է տխրեցնում դեսպաններին, և նրանք որոշում են վերադառնալ պատգամախոսի մոտ որպես «աստծուց պաշտպանություն խնդրողներ»։ Պիթիայի հաջորդ գուշակությունն ավելի լավը չէր։ Սակայն կային այնպիսի արտահայտություններ, որոնք հետագայում հաջողությամբ օգտագործեց Թեմիստոկլեսը՝ համոզելու աթենացիներին տեղափոխվել Աթենքի հարևանությամբ գտնվող Սալամին կղզի[37]։

  Միայն փայտե պատերն են թույլ տալիս
Անխորտակելի մնալ հանուն քո և սերունդների փրկության։
 
  Աստվածային կղզի, օ՜ Սալամին, քո կանանց որդիներին դու կկործանես։  

Թեմիստոկլեսը կարողացավ աշխարհաժողովում աթենացիներին հավատացնել, որ «փայտե պատերը» աթենական նավերն են[38], իսկ «որդիների կործանումը» վերաբերում է պարսիկներին, հակառակ դեպքում պատգամախոսը կասեր «դժբախտ Սալամին», այլ ոչ՝ «աստվածային»։ 1960 թվականին գտնվում և հրապարակվում է Թեմիստոկլեսի օրենքներով տախտակը, որի բովանդակությունը համապատասխանում է անտիկ հեղինակների գրվածքներին։ Այնտեղ խոսվում է տղամարդկանց զորահավաքի, կանանց, երեխաների և ծերերի՝ Սալամին տարհանման, Աթենքից վտարվածների վերադարձի մասին[39][40]։

Համընդհանուր խառնաշփոթի մեջ տաճարից անհետանում է սրբազան օձը և Աթենքի թանկարժեք էգիդան։ Թեմիստոկլեսն այս իրադարձությունն էլ է օգտագործում իր ծարագրերն իրականացնելու համար։ Օձի կորուստը նա բացատրում է նրանով, որ աստվածուհին լքել է քաղաքը և աթենացիներին ուղի է ցույց տալիս դեպի ծով[41]։ Թանկարժեք իրերը փնտրելու համար Թեմիստոկլեսը հրամայոմ է խուզարկել քաղաքացիների բեռները և բռնագրավել մեծ քանակությամբ դրամ, որը տանում էին քաղաքից հեռացողները։ Այդ միջոցներով վճարվում են նավերի անձնակազմի աշխատավարձերը[42]։

Հունական ճամբար խմբագրել

Պլուտարքոսը մանրամասնությամբ նկարագրում է հույների երկմտանքը մարտից մի քանի օր առաջ։ Նավատորմի գլխավոր հրամանատարը սպարտացի Եվրիբիադեսն էր։ Նա ցանկանում էր լողալ դեպի Կորնթոսյան պարանոց, որտեղ տեղակայված էին պելոպոնեսյան ցամաքային ուժերը։ Թեմիստոկլեսը հասկանում էր, որ անձուկ նեղուցները հավասարեցնում են Քսերքսեսի նավատորմի քանակական գերակշռությունը։ Նա հակաճառում է Եվրիբիադեսին՝ վեճի ժամանակ ասելով արտահայտություններ, որոնք հետագայում դառնում են թևավոր խոսքեր[43][44].

Եվրիբիադեսն ասում է. «Թեմիստոկլես, մրցության ժամանակ զարկում են նրան, ով վազում է ժամանակից շուտ»։ «Այո,- պատասխանում է Թեմիստոկլեսը,- սակայն հետ մնացողին էլ չեն պարգևատրում»։ Եվրիբիադեսը բարձրացնում է փայտը, որ հարվածի նրան, իսկ Թեմիստոկլեսն ասում է. «Խփիր, բայց լսի»։ Նա կրկնում է իր նախկին առաջարկները, սակայն այդ ժամանակ ինչ-որ մեկն ասում է, որ մարդը, ով չունի իր քաղաքը, չպետք է համոզի ունեցողներին լքել հայրենիքը բախտի քմահաճույքին։ Այն ժամ Թեմիստոկլեսը պատասխանում է. «Սրիկա, այո, մենք թողել ենք մեր տներն ու պատերը՝ չցանկանալով ստրուկ դառնալ անշունչ իրերի համար, իսկ քաղաք մենք ունենք՝ ամենաշատը Հելլադայում՝ 200 տրիերներ, որոնք այստեղ կանգնած են, որ ձեզ օգնեն, եթե դուք ցանկանաք փրկություն գտնել, իսկ եթե դավաճանեք մեզ, ապա այժմ հելլեններից մեկը կիմանա, որ աթենացիները ձեռք բերեցին և ազատ քաղաք, և կորցրածից ոչ վատ հող»:

Իր փաստարկներով Թեմիստոկլեսը կարողանում է մի քանի օրով հետաձգել դաշնակից նավատորմի մեկնումը։ Սակայն, երբ թշնամու նավերը մոտենում են Ֆալերյան նավահանգստին, իսկ ափին հայտնվում է պարսից մեծաքանակ զորքը, հույները որոշում են հեռանալ։ Թեմիստոկլեսը, դժգոհ լինելով, որ հելլեննեը բաց կթողնեն հարմար տեղանքում ճակատամարտելու հնարավորությունը, դիմում է համաշխարհային պատմության մեջ անօրինակ խորամանկության։ Նա Քսերքսեսի մոտ է ուղարկում իր՝ ազգությամբ պարսիկ վստահելի ստրուկին՝ հետևյալ հաղորդագրությամբ[45][46].

  Աթենացի զորահրամանատար Թեմիստոկլեսն անցնում է արքայի կողմը և հայտնում, որ հելլենները ցանկանում են փախչել, և խորհուրդ է տալիս թույլ չտալ նրանց փախուստի դիմել, այլ հարձակվել և ոչնչացնել նրանց ծովային ուժերը, քանի դեռ նրանք տագնապի մեջ են՝ ցամաքային ուժերի բացակայության պատճառով։  

Քսերքսեսի ճամբար խմբագրել

Քսերքսեսը հրավիրում է ռազմական խորհուրդ և քննարկում Հունաստանի նվաճման հետագա ծրագրերը։ Զորահրամանատարներից շատերը խորհուրդ են տալիս ճակատամարտել նեղուցներում Սալամինի մոտ[47]։ Միայն պարսից զորքին ուղեկցող Արտեմիսիա թագուհին է խորհուրդ տալիս հրաժարվել մարտից։ Հերոդոտոսի համաձայն՝ նրա փաստարկները նման էին Թեմիստոկլեսի խոսքերին։ Նա խնդրում է փոխանցել Քսերքսեսին, որ հունական նավատորմը չւ կարող շատ դիմադրել և հելլենները շուտով կգնան իրենց քաղաքները։ Պելոպոնեսի և Կորնթոսյան պարանոցի ուղղությամբ առաջխաղացումը պարսիկներին հաղթանակով կապահովի[48]։

… խնայիր քո նավերը և մի ճակատամարտիր։ քո ինչի՞ն է պետք վտանգավոր մարտը։ Մի՞թե քո իշխանության տակ չէ Աթենքը։ Մի՞թե դու մնացած Հելլադայի տիրակալը չես։ Նրանք, ովքեր ապստամբել են քո դեմ, ստացել են արժանին։ Ես քեզ կասեմ՝ ինչ կլինի մեր թշնամիների հետ։ Եթե դու չսկսես ծովամարտը, այլ սպասես այստեղ՝ Ատտիկայում, խարսխված նավերով, կամ շարժվես Պելոպոնես, ապա պետք է սպասել, որ Պելեպոնեսի մարդիկ չեն մնա այստեղ նավատորմով, չեն էլ մտածի կռվել ծովում Աթենքի համար։ Իսկ եթե դու շտապես ճակատամարտ տալ, ապ վախենամ, որ քո նավատորմի պարտությունը կործանման կտանի նաև ցամաքային ուժերը:

Քսերքսեսը որոշում է հետևել զորահրամանատարներից շատերի խորհրդին և հելլեններին մարտի հրահրել։

Մինչ հելլենների հրամանատարները շարունակում են թեժ վիճել, բարբարոսները սկսեցին շրջապատել նրանց[48]։ Այդ վեճերի ժամանակ Էգինայից գալիս է նախկինում Աթենքից վտարված Արիստիդեսը՝ դժվարությամբ խույս տալով պարսկական պահակային նավերի հետապնդումից[49]։ Մի կողմ դնելով իր տարաձայնությունները Թեմիստոկլեսի հետ՝ նա պատրաստակամություն է հայտնում ծառայել նրա հրամանատարության ներքո։ Երբ հույները հասկացան, որ շրջապատված են, ոչինչ չէր մնում անել, միայն պատրաստվել մարտին[50]։

Արիստիդեսը, հոպլիտների ջոկատի գլուխ անցած, ուղարկվում է Փսիտալեա փոքր կղզի, որը կարևոր ստրատեգիական նշանակություն ուներ։ Պարսկակն զորքերից մաքրելուց հետո՝ այն ռազմահենադաշտ է դառնում հույների համար։ Հույների ջոկատը մարտերի ընթացքում ոչնչացնում կամ գերի է վերցնում սուզվող նավերից փրկվող բարբարոսներին[51]։

ուժերի հարաբերակցություն խմբագրել

Հունական նավատորմ խմբագրել

 
Հունական տրիրեմա, փայտե մոդել

Հունական նավատորմի նավերի ընդհանուր թվի մասի տեղեկություններն անտիկ սկզբնաղբյուրներում հակասական են։ Ամենափոքր թիվը նշում է Պլատոնի աշակերտ Հիպերիդեսը ՝ 220 տրիրեմաներ[52]։ Ամենամեծ թիվը 700-ն է (որից 110-ը աթենական), որը հանդիպում է Կտեսիասի «Պարսկական պատմությունում», որը երկար ժամանակ ապրել էր Աքեմենյան տերությունում և օգտվել է պարսկական արխիվային փաստաթղթերից[53]։

Մարտին մասնակցած Էսքիլեսը «Պարսիկներ» ողբերգության մեջ գրում է 310 նավերի մասին[1]։ Հերոդոտոսի «Պատմության» մեջ մանրամասն նկարագրվում է հունական նավատորմի կազմը։ Նրա մեջ կային և քաղաքների նավերը, որոնք սկզբից ևեթ մարտնչել են պարսիկների դեմ, և կղզիներից Քսերքսեսին օգնության ուղարկված նավերը, որոնք անցել էին հույների կողմը[2]։ Դրանց թվին չի պատկանում մարտից օր առաջ հույներին միացած Արիստիդեսի նավը կամ նավերը[54]։

Պոլիս Նավերի քանակը Սկզբնաղբյուր
Աթենք 180 [55]
Կորնթոս 40 [56][57]
Էգինա 30 [2]
Մեգարա 20 [57][58]
Խալկիդա 20 [2]
Սպարտա 16 [56]
Սիկիոն 15 [56]
Էպիդավրոս 10 [56]
Էրետրիա 7 [2]
Ամբրակիա 7 [58]
Քեոս 4 [2][57]
Նաքսոս 4 [2]
Էրմիոնի 3 [56]
Լեֆկաս 3 [58]
Սթիրա 2 [2][57]
Կիթնոս 2 [2]
Միլոս 2 [2][57]
Սերիֆոս 1 [2][57]
Սիֆնոս 1 [59]
Կրոտոնա 1 [60]
Ընդամենը 373[61]

Պարսկական նավատորմ խմբագրել

Քսերքսեսի նավատորմի մասին տվյալները նույնպես հստակ չեն։ Հերոդոտոսը գրում է, որ արշավանքի սկզբում Աքեմենյան տերության նավատորմը բաղկացած էր 1207 տրիերներից[62] (նմանատիպ էիվ «ավելի քան 12 հարյուր նավեր» նշում է Դիոդորոս Սիցիլիացին[63]): Նավերի մի մասը ճանապարհին ոչնչանում են փոթորկից Մագնեսիայի մոտ[64], 200-ը՝ Էվբեայի արևելյան ափին[65][66], իսկ Արտեմիսիայի ճակատամարտում հույները գրավում են 30 նավ[67]։

Կսեսիասը գրում է ավելի քան 1000 նավերի մասին[53], իսկ Էսքիլեսը՝ 1207, որոնցից 207-ը «առանձնահատուկ արագընթաց» էին[68]։ Ժամանակակից ուսումնասիրողները գտնում են, որ ծովամարտին մասնակցել են պարսկական 500-800 նավեր[69][70]։ Անկախ իրական թվից՝ քանակական առավելությունը պարսիկների կողմն էր։

Հունական և պարսկական նավատորմերի համեմատական նկարագիր խմբագրել

 
Ճակատամարտի քարտեզ

Պարսիկները բավականաչափ նավեր ունեին, որպեսզի միաժամանակ փակեին Սալամինի նեղուցները և ցամաքային զորք իջեցնեին Պելոպոնես[6]։ Սակայն նրանք պատրաստվում էին վճռական մարտին, որը պետք է գլխովին ջախջախեր հունական նավատորմը[33]։ Քսերքսեսի նավատորմը գերազանցում էր հույներին ոչ միայն քանակով, այլև նավաստիների հմտությամբ։ Պարսկական նավատորմի մեջ էին մտնում հին աշխարհի ամենահմուտ ծովագնացների՝ փյունիկեցիների նավերը[3]։ Ի տարբերություն նրանց՝ աթենական նավերը կառուցվել էին համեմատաբար ուշ՝ մ.թ.ա. 490-480 թվականներին, հետևաբար հունական նավերի անձնակազմը համապատասխան փորձ և պատրաստվածություն չուներ[71]։

Այն ժամանակ ծովամարտն ընթանում էր հետևյալ կերպ. նավաքթով խոյահարելով՝ ջարդում և ջրասույզ էին անում թշնամու նավերը։ Անպաշտպան նավակողին հարվածելը նավապետից և թիավարներից մեծ փորձ էր պահանջում[72]։

Հերոդոտոսը վկայում է, որ հույների նավերը Սալամինի ծովամարտում ավելի ծանր էին և պակաս մանևրող, քան թշնամունը[73]։ Ժամանակակից ուսումնասիրողները դա բացատրում են մի քանի գոծոններով՝ տրիրեմայի վրա գտնվում էին ամենաքիչը 20 ծանրազեն հոպլիտ (մոտ 2 տոննա), տարբեր էր նաև նավի կառուցվածքը։ Հունական նավատորմի պակաս մանևրունակությունը ձեռնտու կլիներ պարսիկներին բաց ծովում։ Նեղ ծովածոցերում հելլենների նավերը ծանրության շնորհիվ ավելի կայուն էին և դիմացկուն խոյահարմանը[74]։

Արդի պատմաբանները համաձայնվում են Թեմիստոկլեսի՝ մարտից առաջ ասած փաստերի հետ։ Բաց ծովում պարսիկներն ունեին անառարկելի առավելություն և նավերի քանակով, և անձնակազմի պատրաստվածությամբ[5]։ Հույների համար ծովամարտում հաղթելու միակ հնարավորությունը նեղ տարածքում ճակատամարտ տալն էր, որտեղ թշնամու քանակական առավելությունը չեզոքացվում էր[4]։ Մտնելով Սալամինի և մայրցամաքի միջև ընակծ նեղուցները՝ պարսիկներն իրենք իրենց զրկում են առավելություններից[5]։ Նրանց կողմից Սալամինի մարտը սկսելը մարտավարական սխալ էր, որը վճռորոշ եղավ մարտի և պատերազմի հետագա ընթացքի համար[6]։

Ճակատամարտ խմբագրել

 
Ճակատամարտի այլընտրանքային վերակազմություն։ Քարտեզում երևում է եգիպտական նավերի մանևրումը, որը հիշատակում է Դիոդորոսը, բայց չի նկարագրում Հոմերոսը։ Հունական նավերի դիրքը անհնար է դարձնում նրա շինծու նահանջը, որը ներկայացված է Հերոդոտոսի և Պլուտարքոսի մոտ։

ԱՆտիկ սկզբնաղբյուրներում Սալամինի ճակատամարտը բավականաչափ մանրամասն նկարագրված չէ։ Դա բացատրվում է նրանով, որ մասնակիցներից ոչ մեկը (բացի Քսերքսեսից, որը մարտին հետևում էր Էգալեոս լեռան վրայից) չէր կարող մանրակրկիտ պատմել իրադարձությունների ընթացքը համընդհանուր խառնաշփոթության պատճառով[75]։ Հերոդոտոսի համաձայն՝ դաշնակիցների նավատորմում աթենացիները զբաղեցրին ձախ թևը, սպարտացիները՝ աջ ( ըստ Դիոդորոսի աջ թևում՝ մեգարացիները և էգինացիները), մնացածը տեղակայվեցին կենտրոնում[76][77]։ Նեղուցի անձկությունը հաշի առնելով դածնակիցների նավերը պետք է տեղակայվեին երկու գծով[78]։ Պարսիկները մարտից օր առաջ փակում են նեղուցների ելքը։ Հերոդոտոսը գրում է, որ արդեն կեսգիշերին Պսիտալեա կղզու մոտ նեղուցը լի էր պարսկական նավերով[79]։ Ըստ Էսքիլեսի պարսկական նավերը շարված էին երեք գծով[80]։ Աթենացիների դիմաց փյունիկեցիների նավերն էին, իսկ սպարտացիների դեմ՝ հոնիացիների[76]։

Դիոդորոսը գրում է, որ մարտից առաջ Քսերքսեսն ուղարկում է եգիպտական նավերին արգելափակել հանդիպակաց նեղուցը Սալամին կղզու և մայրցամաքի միջև[81]։ Այդ քայլը տրամաբանական էր, քանի որ պարսիկները ցանկանում էին հույներին պարտադրել ճակատամարտը, շրջափակել նեղուցում և ոչնչացնել նրանց նավատորմը[82]։ Պետք է նշել, որ Հերոդոտոսը եգիպտացիների մասին չի հիշատակում։ Բացի այդ Պսիտալեա կղզում պարսիկները կենտրոնացնում են 400 զինվորներ, որոնք ջախջախվում են Արիստիդեսի ջոկատի կողմից։

Մ.թ.ա 480 թվականի սեպտեմբերի 28-ին պարսկական նավատորմը սկսում է գրոհել։ Թեմիստոկլեսի կարճ խոսքից հետո նավերը դուրս են գալիս ծով[83]։ «Պարսիկներ» ողբերգության մեջ Էսքիլեսը փոխանցում է այն պեանը (հիմն), որով հույները մարտի էին նետվում[84].

  Առաջ, Հելլադայի որդիներ,
Փրկեք հայրենիքը, փրկեք ձեր կանանց,
Զավակներին, հայրական աստվածների տաճարները,
Նախնիների շիրիմները. մարտն այժմ ամեն ինչի համար է։
 
 
Արտեմիսիան Սալամինի ճակատամարտում

Երբ պարսկական նավերը մտնում են նեղուց, նրա շարակարգը խախտվում է[85][78] : Հույները սկսում են շինծու նահանջել, որից հետո շրջվում և հարձակվում են թշնամու ավելի կազմալուծված շարքերի վրա[86]։ Ընդհանուր խառնաշփոթի մասին վկայում է և՛ Էսքիլեսը, և՛ Հերոդոտոսը։ Նա նկարագրում է հետևյալ դրվագը Արտեմիսիա թագուհու նավի հետ կապված։ Երբ նա հայտնվում է անելանելի դրության մեջ՝ հունական նավերով շրջապատված, դիմում է արտասովոր քայլի։ Նա հրամայում է նավապետին գրոհել պարսիկներին դաշնակից նավի վրա։ Ատտիկյան տրիերի նավապետը կամ Արտեմիսիայի նավը համարում է հունական, կամ որոշում է, որ նա լքել է բարբարոսներին և անցել իրենց կողմը, և դադարեցնում է հետապնդումը[87]։ Այն ժամանակ, երբ դաշնակիցների նավերը ոչնչացրեցին պարսիկներին և փախուստի մատնեցին, էգինացիները տեղակայվեցին Սարոնիկոսի նեղուցում՝ կործանելով փախչողներին[88]։ Պարսիկները ջախջախիչ պարտություն են կրում։ Մարտի ընթացքում զոհվում է Քսերքսեսի եղբայրը։ կորուստների մեծության մասին է վկայում այն փաստը, որ մարտից մի տարի անց պարսիկներն, ըստ Հերոդոտոսի, ունեին ոչ թե 1200, այլ 300 նավեր[89]։ Գերմանացի ծովակալ Ալֆրեդ Շտենցելի «Ծովամարտերի պատմություն» աշխատության՝ պարսիկները կորցրել են 200, իսկ հույները՝ 40 նավեր։

Ճակատամարտից հետո խմբագրել

Հերոդոտոսի համաձայն՝ Քսերքսեսը վախենում էր, որ հունական նավերը կշարժվեն դեպի Հելլեսպոնտոս և կփակեն հետդարձի ճանապարհը[90]։ Ըստ Պլուտարքոսի՝ մարտից հետո հույն հրամանատարները խորհուրդ են հրավիրում։ Թեմիստոկլեսն առաջարկում է Հելլեսպոնտոսում քանդել կամուրջները, որպեսզի «գրավեն Ասիան Եվրոպայում»[91]։ Արիստիդեսն առարկում է նրան հետևյալ խոսքերով[92].

Մենք մարտնչեցինք նրան հնազանդ բարբարոսների դեմ, իսկ եթե փակենք նրան Հելլադայում՝ մարդու, ով իր իշխանության տակ այդպիսի ուժ ունի, վախը նրան կմղի ծայրահեղության, և նա այլևս չի նստի իր ոսկե ամպհովանու տակ և հանգիստ դիտի մարտը, այլ կգնա ամեն ինչի, կմասնակցի բոլոր գործողություններին փրկվելու և բացթողումն ուղղելու համար։ Այդ պատճառով, Թեմիստոկլես, մենք չպետք է քանդենք կամուրջը, իսկ եթե հնարավոր է, կառուցենք նաև երկրորդը և դուրս շպրտենք նրան Եվրոպայից:

Թեմիստոկլեսը համաձայնվում է Արիստիդեսի հետ և, որպեսզի Քսերքսեսին շուտափույթ վտարեն Հունաստանից, դիմում է հերթական խորամանկության։ Նա լրտես է ուղարկում արքայի մոտ՝ հաղորդելու, որ հույները ցանկանում են քանդել կամուրջները։ Վախեցած Քսերքսեսը արագ նահանջում է[92]։ Բացի Ասիայից կտրված լինելու վախը, ժամանակակից պատմաբանները նշում են ևս մեկ շարժառիթ շուտափույթ հայրենիք վերադարձի համար։ Պարսից նավատորմի պարտության լուրը կարող էր դժգոհությունների ալիք բարձրացնել տերությունում, ինչն արքայի բացակայության դեպքում կդառնար նվաճված ժողովուրդների ապստամբության պատճառ[84]։

Ճակատամարտի նշանակություն խմբագրել

Սալամինի ճակատամարտը բեկումնային եղավ հույն-պարսկական պատերազմների համար[93]։ Քսերքսեսի և նրա զորքի փախուստով կասեցվեց Հելլադան նվաճվելու անմիջական վտանգը։ Բարոյական և նյութական մեծ հարված հասցվեց Աքեմենյան տերությանը[94]։ Սակայն անգամ այս հաղթանակից հետո հույների նվաճման վտանգը դեռ կար[84]։ Քսերքսեսի գլխավոր հրամանատարներից մեկը՝ Մարդոնիոսը, համոզում է արքային թողնել ցամաքային զորքի մի մասը՝ նշելով, որ հույներից ոչ մեկը չի համարձակվի նավերից ափ իջնել՝ երկյուղելով պարսիկներից։ Նա ասում էր նաև, որ պարսիկները ուժեղ են ոչ թե ծովային, այլ ցամաքային ուժերով[95]։ Մարդոնիոսի հետ համամիտ էր նաև թագուհի Արտեմիսիան[96]։

Պլատեայի և Միկալեի հաղթական ճակատամարտերից հետո հույները կարողացան անցնել հարձակողական լայնածավալ գործունեության[97]։ Պարսկական նավատորմի ջախջախումը թույլ տվեց սկսել էգեյան ծովի՝ հույներով բնակեցված կղզիների և Փոքր Ասիայի արևմտյան ափի պոլիսների ազաատագրումը։ Թեմիստոկլեսի ստեղծած հզոր նավատորմը հնարավորություն տվեց Աթենքին ձևավորել Դելոսյան միությունը, որտեղ Աթենքը պահպանեց իր ազդեցիկ և գերակշիռ դիրքը մինչև Պելոպոնեսյան պատերազմի սկիզբը մ.թ.ա. 431 թվականին[98]։

Սալամինի ճակատամարտն արվեստում խմբագրել

 
«Սալամինի ճակատամարտ»։ Վ. Կաուլբախ, 1868

«Պարսիկներ» ողբերգության մեջ մարտին մասնակցած Էսքիլեսը մանրամասն նկարագրում է Սալամինի ծովամարտը։ Գերմանացի նշանավոր նկարիչ Վիլհելմ ֆոն Կաուլբախը 1868 թվականին նկարում է «Սալամինի ճակատամարտը» նկարը։ Սալամինի ճակատամարտին և Թեմիստոկլեսին են նվիրված պատմական մի քանի վեպեր՝ Լ. Վորոնկովայի «Սալամինի հերոսը»[99] և Վ. Պորոտնիկովի «Թեմիստոկլես»։ Սալամինի ճակատամարտը համարվում է «300 սպարտացիներ:Կայսրության ծաղկումը» գեղարվեստական ֆիլմի վերջնամասը[100]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Эсхил. «Персы (338—340)». сайт www.lib.ru. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Геродот VIII. 46
  3. 3,0 3,1 Виппер Р. Ю. История древнего мира. — М.: Республика, 1993. — С. 40. — 511 с.
  4. 4,0 4,1 Holland, 2006, էջ 302—203
  5. 5,0 5,1 5,2 Holland, 2006, էջ 318
  6. 6,0 6,1 6,2 Lazenby, 1993, էջ 248—253
  7. «Ctesias of Cnidus» (անգլերեն). сайт www.livius.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  8. Головня В. В. Эсхил // История античного театра. — М.: Искусство, 1972. — С. 79.
  9. «Diodorus of Sicily» (անգլերեն). сайт www.livius.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  10. Корнелий Непот. «Фемистокл». сайт ancientrome.ru. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Holland, 2006, էջ 47—55, 203
  12. Holland, 2006, էջ 171—178
  13. Геродот. VII. 44—45
  14. 14,0 14,1 14,2 Holland, 2006, էջ 178—179
  15. Геродот. VII. 133
  16. Геродот. VI. 101
  17. Геродот. VI. 113
  18. Holland, 2006, էջ 206—211
  19. Суриков Аристид, 2008, էջ 97—98
  20. Holland, 2006, էջ 217—219
  21. Ставнюк, 1988, էջ 19
  22. Курциус Э. История Древней Греции. — Мн.: Харвест, 2002. — Т. 2. — С. 237—238. — 416 с. — 3000 экз. — ISBN 985-13-1119-7
  23. Holland, 2006, էջ 219—222
  24. Плутарх. Фемистокл IV
  25. Курциус, 2002, էջ 238
  26. Суриков, 2008, էջ 165
  27. Геродот. VII. 32
  28. Геродот. VII. 145
  29. Holland, 2006, էջ 217—223
  30. Геродот. VII. 89—95
  31. 31,0 31,1 Holland, 2006, էջ 276—281
  32. Holland, 2006, էջ 294—295
  33. 33,0 33,1 Holland, 2006, էջ 303
  34. Holland, 2006, էջ 317
  35. Геродот. История VIII. 50
  36. Геродот. История VIII. 71
  37. 37,0 37,1 Геродот. История VII. 140
  38. Суриков И. Е. Фемистокл: Homo novus в кругу старой знати // Античная Греция : политики в контексте эпохи. — М.: Наука, 2008. — С. 167—168. — 383 с. — ISBN 978-5-02-036984-9
  39. Лекция 8: Греко-персидские войны. // История Древнего Мира / Под редакцией И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой. — 2-е. — М.: Издательство «Наука», 1983. — Т. 2. Расцвет Древних обществ.
  40. Суриков, 2008, էջ 168—170
  41. Курциус, 2002, էջ 287
  42. Плутарх. Фемистокл X
  43. Плутарх. Фемистокл XI
  44. Серов, Владимир. «Бей, но выслушай». Энциклопедический словарь крылатых слов и выражений. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.
  45. Курциус, 2002, էջ 293
  46. Плутарх. Фемистокл XII
  47. Геродот. История VIII. 69
  48. 48,0 48,1 Геродот. История VIII. 68
  49. Геродот. История VIII. 81
  50. Геродот. История VIII. 83
  51. Суриков И. Е. Глава II. Аристид: политик вне группировок // Античная Греция: политики в контексте эпохи. — М.: Наука, 2008. — С. 122—123. — 383 с. — ISBN 978-5-02-036984-9
  52. Felicia R. Lee (2008 թ․ նոյեմբերի 27). «A Layered Look Reveals Ancient Greek Texts» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  53. 53,0 53,1 Ктесий. «Photius' excerpt of Ctesias' Persica (2) [§30]» (անգլերեն). сайт www.livius.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  54. Геродот VIII. 79
  55. Геродот VIII. 44
  56. 56,0 56,1 56,2 56,3 56,4 Геродот VIII. 43
  57. 57,0 57,1 57,2 57,3 57,4 57,5 Геродот VIII. 1
  58. 58,0 58,1 58,2 Геродот VIII. 45
  59. Геродот VIII. 48
  60. Геродот VIII. 47
  61. Хотя сам Геродот пишет о 378 судах
  62. Геродот VII. 89
  63. Диодор Сицилийский. «Diodorus Siculus, Library 11.2.1» (անգլերեն). сайт www.perseus.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  64. Геродот VII. 188
  65. Геродот VIII. 7
  66. Геродот VIII. 13
  67. Геродот VIII. 11
  68. Эсхил. «Персы (340—344)». сайт www.lib.ru. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  69. Коннолли П. (2008—2011). «Греко-персидские войны: Битва при Саламине». сайт www.roman-glory.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  70. Lazenby J. F. The Defence of Greece 490–479 BCE. — Aris & Phillips Ltd, 1993. — P. 174. — ISBN 0-85668-591-7
  71. Holland, 2006, էջ 222—224
  72. Lazenby, 1993, էջ 34—37
  73. Геродот. История VIII. 60
  74. Strauss, Barry. The Battle of Salamis: The Naval Encounter That Saved Greece—and Western Civilization. — New York: Simon and Schuster, 2004. — ISBN 0-7432-4450-8
  75. Holland, 2006, էջ 399
  76. 76,0 76,1 Геродот. История VIII. 85
  77. Диодор Сицилийский. «Diodorus Siculus, Library (11.18.2)» (անգլերեն). сайт www.perseus.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  78. 78,0 78,1 Lazenby, 1993, էջ 187
  79. Геродот. История VIII. 76
  80. Эсхил. «Персы (366)». сайт www.lib.ru. Վերցված է 2012 թ․ հունվարի 6-ին.
  81. Диодор Сицилийский. «Diodorus Siculus, Library (11.17.2)» (անգլերեն). сайт www.perseus.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  82. Holland, 2006, էջ 310—315
  83. Плутарх. Фемистокл XIII
  84. 84,0 84,1 84,2 Сергеев В. С. Глава IX. Греко-персидские войны // История Древней Греции. — М.: АСТ, 2008. — С. 319—322. — 926 с. — 3000 экз. — ISBN 978-5-17-052484-6
  85. Диодор Сицилийский. «Diodorus Siculus, Library (11.18.4)» (անգլերեն). сайт www.perseus.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  86. Плутарх. Фемистокл 14
  87. Геродот. История VIII. 87
  88. Геродот. История VIII. 91
  89. Геродот. История VIII. 130
  90. Геродот. История VIII. 97
  91. «Греко-Персидские войны». сайт war1960.narod.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  92. 92,0 92,1 Плутарх. Фемистокл XVI
  93. Lazenby, 1993, էջ 197
  94. Holland, 2006, էջ 333—335
  95. Геродот. История VIII. 100
  96. Геродот. История VIII. 102
  97. Lazenby, 1993, էջ 247
  98. Holland, 2006, էջ 359—363
  99. Воронкова Л. Ф. «Герой Саламина». сайт lib.ru. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 30-ին.
  100. 300 Follow-Up Gets Official Title It’s now the Rise Of An Empire | Movie News | Empire

Անտիկ սկզբնաղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալամինի ճակատամարտ» հոդվածին։