Թերմոպիլեի ճակատամարտ (հին հունարեն՝ Μάχη τῶν Θερμοπυλῶν) - ճակատամարտ մ.թ.ա. 480 թվականի սեպտեմբերին (հավանաբար՝ 17 -19 )[1] մ.թ.ա. 480-479 թվականների հույն-պարսկական պատերազմների ընթացքում, Թերմոպիլյան կիրճում։

Թերմոպիլեի ճակատամարտ
Թվականմ.թ.ա. 480
Մասն էՀույն-պարսկական պատերազմ
ՎայրՀունաստան, Թերմոպիլե
Հակառակորդներ
ՀունաստանԱքեմենյան Պարսկաստան
Հրամանատարներ
Լեոնիդաս IՔսերքսես I
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
4,00020,000

Պարսկական զորքի թիվը, ըստ ժամանակակից պատմաբանների, հասնում էր 200-250 հազարի, իսկ հույներինը, ըստ տարբեր աղբյուրների՝ 5200-7700: Մարտի առաջին երկու օրը հույները հաջողությամբ հետ էին մղում պարսկական գրոհները նեղ կիրճում։ Երրորդ օրը պաշտպաններից շատերը հեռանում են՝ վախենալով շրջափակումից։ Մնում են միայն սպարտացիների, թեսպիացիները և թեբեացիները՝ մոտ 500 զինվոր։ Տեղաբնիկի դավաճանության պատճառով պարսիկներին հաջողվում է հույների թիկունքն անցնել և ջախջախել նրանց։ Հնագիտական պեղումների ընթացքում ճակատամարտի վայրում գտնվել են ավելի քան երկու հազար տարի առաջ նկարագրված մարտի բազմաթիվ վկայություններ[2][3]։

Սկզբնաղբյուրներ խմբագրել

Թերմոպիլեի ճակատամարտը նկարագրող մեզ հասած հիմնական սկզբնաղբյուրը Հերոդոտոսի «Պատմության» VII գիրքն է։ Իրադարձություններին անդրադարձել է նաև պարսից Արտաքսերքսես II արքայի պալատում ապրող Կտեսիաս Կնիդացին իր «Պարսկական պատմություն» աշխատության մեջ[4]։ Թերմոպիլեի ճակատամարտին և հույն-պարսկական պատերազմի մյուս իրադարձություններին անդրադարձել են նաև ավելի ուշ շրջանի հեղինակներ Դիոդորոսը[5], Պլուտարքոսը, Հուստինոսը[6]։

Նախապատմություն խմբագրել

Հունական քաղաք- պետություններ Աթենքը և Էրետրիան օգնություն են ցուցաբերում Հոնիային պարսից արքա Դարեհի դեմ ապստամբության ժամանակ մ.թ.ա. 499-494 թվականներին։ Պարսից տերության դեմ հաճախ էին ապստամբում հպատակ ժողովուրդները[7]։ Ապստամբներին հաջողվում է գրավել և հրկիզել տերության կարևոր քաղաքներից մեկը՝ Սարդեսը։ Դարեհը ցանկանում էր վրեժ լուծել ապստամբությանը մասնակից և իրեն չենթարկվող հույներից, ինչպես նաև հնարավորություն էր տեսնում հնազանդեցնել հունական տարանջատված քաղաքները[8]։ Հերոդոտոսն այսպես է նկարագրում Դարեհի արձագանքը Սարդեսի գրավմանը.

Դարեհը ստացավ աթենացիների և հոնիացիների կողմից Սարդեսի գրավման և հրկիզման լուրը... Լսելով այդ լուրը՝ արքան, ասում են, ուշադրություն չդարձրեց հոնիացիներ վրա (նա գիտեր, որ նրանք թանկ կվճարեն ապստամբության համար), միայն հարցրեց՝ ովքեր են աթենացիները... Նա ասաց. «Զևս, թույլ տուր վրեժ լուծել աթենացիներից»[9]:

 
Աքեմենյան տերության քարտեզ

Մ.թ.ա. 492 թվականին պարսից զորահրամանատար Մարդոնիոսի արշավանքի ժամանակ նվաճվում է Թրակիան, Մակեդոնիան ընդունում է պարսիկների գերիշխանությունը[10]։ Այդպիսով պարսիկներն ապահովում են իրենց ցամաքային զորքերի մուտքը Հին Հունաստան։ Մ.թ.ա. 491 թվականին Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր անկախ քաղաքներ՝ պահանջելով «հող և ջուր», որը նշանակում էր հնազանդություն Աքեմենյան տերությանը։ Բոլոր քաղաքները, բացի Աթենքից և Սպարտայից, ընդունում են ստորացուցիչ պահանջները։ Աթենքում դեսպանները դատապարտվում են և մահապատժի ենթարկվում, Սպարտայում դեսպաններին գցում են ջրհորը՝ այնտեղից հող և ջուր վերցնելու[11][12].:

Մ.թ.ա. 490 թվականին Աթենքը գրավվելու համար ուղարկվում է պարսկական նավատորմ Դատիսի և Արտափրենեսի գլխավորությամբ։ Ճանապարհին գրավվում և ավերվում է Էրետրիան[13]։ Զորքերն ափ են իջնում Ատտիկայում, սակայն ջախջախվում են աթենացիների և պլատեացիների կողմից Մարաթոնի ճակատամարտում[14]։

Այդ անհաջող արշավանքից հետո Դարեհը մեծ բանակ է հավաքում ամբողջ Հունաստանը գրավելու համար։ Նրա ծրագրերին խանգարում է Եգիպտոսի՝ մ.թ.ա. 482 թվականի ապստամբությունը[11]։ Դարեհի մահից հետո գահն անցնում է որդուն՝ Քսերքսեսին։ Ճնշելով եգիպտացիների ապստամբությունը՝ Քսերքսեսը շարունակում է նախապատրաստել Հունաստանի դեմ արշավանքը[15]։ Զորք է հավաքվում կայսրության կազմում գտնվող շատ ժողովուրդներից։ Հերոդոտոսի համաձայն՝ այն ներառում էր պարսիկներ, մարեր, կիսսիացիներ, արիներ, ասորեստանցիներ, սաքսեր, բակտրիացիներ, հնդիկներ, պարթևներ, արաբներ, եթովպացիներ, սիրիացիներ, լիդիացիներ, կոլխիդացիներ, խորեզմցիներ, փռյուգիացիներ, թրակիացիներ, կասպեր, մարիանդիններ, մյուսիացիներ, պիսիդիացիներ, սողդեր[16]։ Բացի ցամաքային ուժերից Քսերքսեսն ուներ նաև հզոր նավատորմ, որոնք տրամադրել էին կայսրության ծովային ժողովուրդները[17]։ Հսկայական բանակն անցկացնելու համար արքան հրամայում է կառուցել պոնտոնային կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև Հելլեսպոնտոսով։ Քսերքսեսն ուներ նաև պատվախնդիր այլ ծրագրեր (օրինակ, Աթոս թերակղզին կղզի դարձնել)[18]։ Արքայի տարօրինակության մասին է վկայում նաև նրա արձագանքը, երբ փոթորկից քանդվում է կամուրջը. նա հրամայում է դահիճներին մտրակածեծ անել ծովը՝ ասելով. «Օ, Հելլեսպոնտոսի դառը ջուր, այդսպես քեզ պատժում է մեր տիրակալը, քանզի դու վիրավորել ես նրան, թեև նա քեզ ոչինչ չէր արել»[19]։ Միևնույն ժամանակ Քսերքսեսը չէր կորցրել իրականության զգացումը և պատժից հետո ասում է. «Ափսոս, որ տարերքները ենթակա են ոչ թե արքաներին, այլ աստվածներին»։ Պարսիկների զորքի հաջորդ անցումը հաջողությամբ է ավարտվում։

 
«Քսերքսեսը պատժում է ծովին»։ Անհայտ հեղինակի XX դարի սկզբի փորագրություն

Աթենացիները նույնպես պատրաստվում էին սպասվելիք մարտին։ Մ.թ.ա. 482 թվականին նրանք Թեմիստոկլեսի գլխավորությամբ որոշում են ստեղծել հզոր նավատորմ[20]։ Աթենացիները չունեին ցամաքային բավականաչափ զորք պարսիկների հետ միայնակ կռվելու համար։ Անհրաժեշտ էր համախմբել հունական բոլոր ուժերը։ Մ.թ.ա. 481 թվականին Քսերքսեսը դեսպաններ է ուղարկում հունական քաղաքներ՝ պահանջելով «հող և ջուր», բացի Աթենքից և Սպարտայից[21]։ Մ.թ.ա. 481 թվականի վերջում Կորնթոսում տեղի է ունենում համահունական ժողով։ Համընդհանուր սպառնալիքի ներքո դադարեցվում են երկպառկտչական կռիվները, և դաշինք է կնքվում[22]։ Օգնության խնդրանքով դեսպաններ են ուղարկվում հունական գաղութներ։ Համհունական կոնգրեսի որոշումները տեխնիկապես կատարելը դժվար էր հին հույների մասնատվածության, նրանց միջև առկա թշնամության պատճառով[20]։ Մ.թ.ա. 480 թվականի գարնանը կրկին ժողով է գումարվում։ Թեսալիայի ներկայացուցիչները առաջարկում են կանգնեցնել պարսիկներին Թեմփեի նեղ կիրճում Թեսալիայի և Մակեդոնիայի սահմանին[23]։ Ծովով Թեսալիա ուղարկվեց 10 հազար հոպլիտներ կիրճը պաշտպանելու համար։ Մակեդոնիայի արքա Ալեքսանդրը, որը մինչ այդ ընդունել էր պարսիկների գերիշխանությունը, համակրելով հույներին, տեղեկացնում է նրանց շրջանցիկ ուղու մասին։ Մի քանի օրից հույները հետ են գնում[24], իսկ որոշ ժամանակ անց Հելլեսպոնտոսն անցնում է Քսերքսեսն իր զորքով։ Դրանից հետ Աթենքի ստրատեգոս Թեմիստոկլեսն առաջարկում է գործողությունների նոր ծրագիր։ Ճանապարհը դեպի Հարավային Հունաստան (Բեոտիա, Ատտիկա, Պելոպոնես) անցնում էր Թերմոպիլյան կիրճով։ Այնտեղ հունական բանակը կարող էր դիմագրավել թվաքանակով գերազանցող հակառակորդին։ Ծովով Կիրճի շրջանցումը կանխելու համար աթենացիների և դաշնակիցների նավերը պետք է վերահսկեին Էվբեայի և Մայրցամաքային Հունաստանի միջև նեղուցը (արդյունքում՝ Թերմոպիլեի ճակատամարտին հետ գրեթե միաժամանակ այնտեղ տեղի է ունենում Արտեմիսիայի մարտը)։ Այդ մարտավարությունը հավանության է արժանանում համահունական կոնգրեսում, սակայն պելոպոնեսյան որոշ պոլիսներ համաձայն չէին այդ որոշման հետ[25]։ Նրանք գտնում էին, որ պետք է բոլոր ուժերը կենտրոնացնել Կորնթոսի պարանոցի պաշտպանության համար, որը միացնում էր Պելոպոնեսյան թերակղզին մայրցամաքի հետ[26]։ Աթենքի կանանց և երեխաներին առաջարկում էին տարհանվել այլ քաղաքներ[27]։ Միայն Կորնթոսի պարանոցի պաշտպանելու առաջարկն անընդունելի էր Պելոպոնեսում չգտնվող պոլիսների համար։ Այն նշանակում էր Աթենքը հանձնել Քսերքսեսի իշխանությանը։ Աթենացիներն այդ դեպքում իրենց նավատորմով կհեռանային Իտալիա[28][29]։ Աթենացիների պատերազմից դուրս գալու դեպքում, հույները կզրկվեին իրենց ծովային ուժերի մեծ մասից, և պարսիկներին կհաջողվեր ծովով տեղափոխել իրենց զորքերը թերակղզի և կիրճում թիկունքից հարձակվել հույների վրա։ Թեմիստոկլեսի նման կարծիք է հայտնում նաև Արտեմիսիա թագուհին՝ խորհուրդ տալով Քսերքսեսին շարժվել դեպի Պելոպոնես[30]։

ուժերի հարաբերակցություն խմբագրել

Քսերքսեսի բանակ խմբագրել

Քսերքսեսի զորքի թվաքանակի մասին տեղեկություններն անտիկ սկզբնաղբյուրներում հակասական են։ Հերոդոտոսի համաձայն այն կազմված էր մոտ 2,64 միլիոն զինվորներից և այդքան էլ սպասարկող անձնակազմ[31]։ Հին հունական պոետ Սիմոնիդես Քիոսացու համաձայն՝ զորքի թիվը հասնում էր 4 միլիոնի, իսկ ըստ Կտեսիաս Կնիդացու՝ 800 հազար[32]։ Ժամանակակից պատմաբանները ժխտում են այդ թվերը՝ հաշվի առնելով Աքեմենյան տերության ռազմական համակարգը, այդ թվով մարդկանց պարենով ապահովելու անհնարինությունը[33]։ Ուսումնասիրողները կարծում են, որ անտիկ հեղինակները չափազանցրել են Հունաստան ներխուժած թշնամական զորքերի քանակը։ Դա կարող էր պայմանավորված լինել հակառակորդի ուժերը չափազանցնելու՝ հաղթողներին բնորոշ սովորույթով, կամ պարսիկների կողմից տարծված ապատեղեկատվությամբ։ Ժամանակակից շատ ուսումնասիրողներ ընդունելի են համարում 200-250 հազարը[34][33]։ Պարսկական զորքի ամենափոքր թիվը նշում է ռազմագետ Հանս Դելբրյուկը ՝ 60-80 հազար մարդ։ Անկախ իրական թվաքանակից՝ Հունաստան ներխուժած զորքի թիվն աննախադեպ մեծ էր այն ժամանակվա համար։ Քսերքսեսը մտադիր էր նվաճել Հելլադան ցամաքային և ծովային ուժերի ճնշող գերակշռության շնորհիվ[33]։

 
Պարսկական և մարական զինվորներ։ Պերսեպոլիսի պալատի հարթաքանդակ

Պարսկական բանակը կազմված էր Աքեմենյան տերությանը ենթակա տարբեր երկրների և ցեղերի ներկայացուցիչներից։ Յուրաքանչյուր ժողովրդի զինվոր ուներ սեփական զենքն ու զրահը։ Հերոդոտոսի մանրամասն նկարագրությամբ պարսիկներն ու մարերը կրում էին թաղիքե փափուկ գլխարկներ, տաբատներ և բազմագույն քիտոններ։ Զրահը հավաքված էր երկաթե թեփուկներից, վահանները՝ հյուսված ճյուղերից։ Զինված էին կարճ նիզակներով և մեծ աղեղներով, եղեգնյա նետերով։ Աջ ազրին կրում էին դաշույն (ակինակ)։ Մյուս ազգերի զինվորները ավելի վատ էին զինված, հիմնականում աղեղներով, հաճախ նույնիսկ միայն մահակներով և սրածայր փայտերով։ Պաշտպանական զրահներից Հերոդոտոսը բացի վահաններից հիշատակում է պղնձե, կաշվե և նույնիսկ փայտե սաղավարտներ։

Հունական զորք խմբագրել

Համաձայն Հերոդոտոսի[35], Դիոդորոս Սիցիլիացու[36], հունական պոլիսները Թերմոպիլյան կիրճ են ուղարկել 5200-7700 զինվորներ։

Պոլիս Զինվորների թիվն՝ ըստ Հերոդոտոսի Զինվորների թիվն՝ ըստ Դիոդորոսի
Սպարտա 300 300
Պերիեկներ 1000 (ներառյա՞լ սպարտացիները)
Մանտինեա 500
3000 (այլ պելոպոնեսցիներ)
Թեգեա 500
Օրխոմենոս (Արկադիա) 120
Արկադիա 1000
Կորնթոս 400
Ֆլիունտ 200
Միկենք 80
Թեսպիա 700
Մալիդա 1000
Թեբե 400 400
Փոկիդա 1000 1000
Լոկրիա «ամբողջ աշխարհազորը» 1000
Ընդամենը մոտ 5200 7400—7700

Պավսանիոսը լոկրիացիների աշխարահազորի թվաքանակ նշում է մինչև 6000։ Նա խոստովանում է, որ չգիտի լոկրիական բանակի ճիշտ թվաքանակը, իսկ հունական զորքի ընդհանուր թիվաը համաում է 11200 մարդ[37]։

Պետք է նշել, որ Հերոդոտոսի աշխատության մեջ հակասություն կա։ Պելոպոնեսից եկած զինվորների ցուցակում նշվում է 3100 զինվոր, իսկ հետո բերում է ճակատամարտի վայրում հույների կողմից դրված կոթողի գրությունը[38].

  Երեք հարյուր բյուրի դեմ այստեղ կռվել են
Քառասուն հարյուրակ պելոպոնեսցի այրեր։
 

Անպատասխան է մնում այն հարցը, թե մասնակցել են հելոտները Թերմոպիլեի ճակատամարտին։ Հելոտները սպարտացիների կողմից նվաճված մեսենիացիներն էին և ստրուկի ու ճորտի միջանկյալ կարգավիճակում էին[39]։ Հույն-պարսկական պատերազմների ժամանակ նրանք համալրում էին թեթևազեն զինվորների շարքերը։ Այնուամենայնիվ, մեկ հելոտի մասին հիշատակություն կա Հերոդոտոսի մոտ[40].

  Եվրիտեսը, իմանալով, որ պարսիկները շրջանցել են լեռը, պահանջեց իր զենքերը։ Զրահավորվելով՝ նա հրամայեց իրեն մարտիկների մոտ տանել։ Հելոտը Եվրիտեսին տարավ Թերմոպիլե, իսկ հետո փախավ։  

Հաշվի առնելով Հերոդոտոսի կողմից հելոտի մասին հիշատակությունը, հունական ուժերի ցուցակի և հուշաքարի արձանագրության անհամապատասխանությունը՝ մի շարք ուսումնասիրողներ կարծում են, որ հելոտները նույնպես մասնակցել են Թերմոպիլեի ճակատամարտին[41][42]։

Հույների սպառազինություն։ Փաղանգ խմբագրել

 
Հունական փաղանգի ժամանակակից վերակերտվածք

Հունական փաղանգը ծանրազեն զինվորների գծային հոծ մարտաշար էր։ Մարտի ժամանակ գլխավոր նպատակը նրա ամբողջականության պահպանումն էր. ընկած զինվորի տեղը զբաղեցնում էր հետևում կանգնածը։ Փաղանգի զարգացման համար գլխավոր գործոն էր կլոր վահանի (հոպլոն) կիրառումը և կորնթոսյան փակ սաղավարտը։ Վահանի ներսի հատվածում ամրացնում էին կաշվե փոկեր, որի միջով անց էին կացնում ձեռքը։ Այդպիսով, զինվորները վահանը կրում էին ձախ նախաբազուկով, կիրառում՝ բռնած ծայրամասի փոկից[43]։ Այդպիսի վահանը, պաշտպանելով հոպլիտին ձախ կողմից, բաց էր թողնում մարմնի աջ մասը։ Այդ պատճառով հունական փաղանգում զինվորները պետք է կանգնեին հոծ գծով այնպես, որ ամեն մի հոպլիտ պաշտպաներ իր կողքինին ձախից։ Հույնի համար մարտի ժամանակ վահանի կորուստը համարվում էր անպատվություն, քանզի այն ոչ միայն սեփական անվտանգությունն էր ապահովում, այլ նաև ամբողջ տողանի։ Մ.թ.ա. VI—V դարերի հոպլիտի գլուխը պաշտպանում էր կորնթոսյան տիպի բրոնզե սաղավարտը, որը կրում էին թաղիքե գլխարկի վրա։ Այդպիսի սաղավարտը լիովին պաշտպանում էր գլուխը, սակայն սահմանափակում էր կողմային տեսողությունը և լսողությունը։ Զինվորը թշնամուն տեսնում էր իր առջև։

Հույն-պարսկական պատերազմների ժամանակ տարածված էին նաև, այսպես կոչված, «անատոմիական» բրոնզե պատյանը՝ կուրծքը և իրանը պաշտպանող մասերից, որոնք ճշգրտությամբ կրկնում էին տղամարդու իրանի մկանային կառուցվածքը։ Պատյանի տակ հոպլիտը հագնում էր վուշե տունիկա, իսկ սպարտացիները վրայից կրում էին կարմիր թիկնոց։ Բրոնզե կիրասների թերությունն այն էր, որ ազդրերն անպաշտպան էին։ Այդ շրջանում ի հայտ եկան այսպես կոչված լինոթորաքսները՝ պատրաստված սոսնձով ներծծված վուշի մի քանի շերտերից։ Դրանք թույլ էրին տալիս ծածկել նաև ազդրերը՝ չսահմանափակելով զինվորի շարժումները։ Պաշտպանական հանդերձի մաս էր կազմում նաև բրոնզե սռնապանները, որոնք համապատասխանում էին սրունքի առաջնամասին և, գրկելով ոտքը, չէի խանգարում քայլելուն։

Սպարտացիները զինված էին նիզակով և կարճ թրով։ Նիզակի երկարությունը 2-3 մետր էր։ հակառակորդին մոտենալիս առաջին հարվածը տալիս էին նիզակով։ Սպարտացիների թուրը ամենակարճն էր Հունաստանում։ Այն նախատեսված էր ձեռնամարտի համար, երբ երկար զենքերը դառնում էին անօգուտ[43]։ Հույների մարտավարությունը և սպառազինությունը համապատասխանում էր Թերմոպիլեի նեղ կիրճի պայմաններին։

Լեոնիդաս արքա խմբագրել

 
«Լեոնիդասը Թերմոպիլեում»։ Ժ.-Լ. Դավիդի նկարի հատված (1814 г.)

Լեոնիդասը սպարտացի արքա Անաքսանդրիդեսի 4 որդիներից երրորդն էր։ Երկու ավագ եղբայրների մահը Լեոնիդասին բերում է իշխանության։ Մ.թ.ա. 480 թվականին նա 40 տարեկան էր։ Սպարտայի արքաներին (միժամանակ ղեկավարում էին երկու արքա տարբեր տոհմերից) ամբողջ իշխանությունը պատկանում էր միայն պատերազմի ժամանակ, խաղաղության ժամանակ նրանք ներկայացուցչական դեր ունեին։ Անգամ թշնամու հարձակման թեժ պահին հույները չէին պատրաստվում զայրացնել աստվածներին՝ հետաձգելով տոնակատարությունը։ Սպարտայում նշում էին Կարնեի տոնը, որը համընկնում էր Օլիպիական 75-րդ խաղերին մ.թ.ա. 480 թվականին։ Լեոնիդասն ընտրում է 300 սպարտացիների, որոնք արդեն երեխաներ ունեին։ Մյուսները պետք է միանային զորքին տոնակատարությունից անմիջապես հետո։ Սպարտայի ավագները փորձում էին համոզել Լեոնիդասին ավելի շատ զինվորներ վերցնել. «Վերցրու գոնե հազարը»,-ասում են նրանք։ Բայց Լեոնիդասը պատասխանում է. «Հաղթելու համար հազարն էլ է քիչ, մեռնելու համար երեք հարյուրն էլ է բավական»[44]։

Լեոնիդասն ամուսնացած էր Գորգոյի՝ իր ավագ եղբոր՝ Կլեոմենեսի աղջկա հետ (Կլեոմենեսը ուրիշ մորից էր ծնված), ուներ անչափահաս որդի՝ Պլիստարքեսը։ Պատերազմից առաջ Դելփյան պատգամախոսը կանխատեսել էր, որ կմեռնի կամ ողջ Սպարտան, կամ նրա արքաներից մեկը[45]։

Ճակատամարտի վայրի ընտրություն խմբագրել

 
Թերմոպիլյան կիրճի ժամանակակից տեսքը ճակատամարտի վայրում։ Ափագիծը հեռացել է լեռներից

Հույների հիմանակ խնդիրը պարսկական բանակի առաջխաղացումը դեպի Հելլադայի տարածք կանգնեցնելն էր։ Թերմոպիլեի նեղ կիրճը պաշտպանելով՝ հույները կարոող էին հույս ունենալ, որ կկատարեն այդ մարտավարական խնդիրը[46]։ Իրենց ուժերը բաշխելով Քսերքսեսի ցամաքային և ծովային զորքի ճանապարհի ամենանեղ վայրերում (Թերմոպիլե և Արտեմիսիայի հրվանդանի մոտ)՝ հույները չեզոքացնում էին հակառակորդի թվային գերազանցությունը[46]։ Ի տարբերություն հույների՝ պարսիկները չէին կարող տեղում կանգնել, քանզի բանակի մատակարարման համար մեծ քանակությամբ սնունդ էր հարկավոր, որը նրանք ձեռք էին բերում նվաճված տարածքներից։ Այդ պատճառով պարսիկներն, արշավանքը հաջողությամբ ավարտելու համար, պետք է անցնեին Թերմոպիլյան կիրճը[47]։ Մարտավարության տեսակետից Թերմոպիլյան կիրճը շատ հարմար էր հույների համար[46]։ Հոպլիտների փաղանգը չէր կարող շրջապատվել թևեր կողմից, ինչպես նաև հեծելազորի համար տեղը շատ նեղ էր։ Ճակատային ձեռնամարտում սպառազինված հոպլիտները ուժեղ էին հակառակորդի թեթևազեն հետևակից։ Մարտական դիրքի թույլ կողմը թիկունքի լեռնային կածանն էր։ Թեև այն անանցանելի էր հեծելազորի համար, հետևակը կարող էր անցնել հունական աշխարհազորի թիկունքը[48]։ Լեոնիդասը գիտեր կածանի մասին և այն պաշտպանելու համար ուղարկում է հազար փոկիդացիներից կազմված ջոկատը[49]։ Անցումի միջին լայնությունը կազմումէր մոտ 60 քայլ[50][51]։

Ճակատամարտ խմբագրել

 
Զորքերի տեղաշարժման քարտեզ հույն-պարսկական պատերազմների ժամանակ

Հույները ճամբար են դնում Թերմոպիլյան կիրճը փակող պատի հետևում, որը ոչ բարձր բարիկադ էր՝ ծանր քարերից շարված։ Օգոստոսի կեսին պարսկական բանակը երևաց Մալիակոսյան ծովածոցում Թրաքինա քաղաքի մոտ։ Մի տեղաբնիկ պատմում է հելլեններին բարբարոսների մեծաքանակ ուժերի մասին՝ ավելացնելով, որ «եթե բարբարոսները արձակեն իրենց նետերը, նետերի ամպը կծածկի արևը»։ Սպարտացի Դիենեկեսը անհոգ կատակում է. «Թրաքինացի մեր ընկերը լավ լուր է բերել. եթե մարերի նետերը փակեն արևը, մենք կկռվենք ստվերում»[52]։

Պելոպոնեսցի զինվորները, ահաբեկվելով պարսկական զորքի տեսքից, առաջարկում են վերադառնալ և պաշտպանել Կորնթոսյան պարանոցը։ Փոկիդացիները և լոկրիացիները, որոնց հողերը գտնվում էին Պելոպոնես թերակղզու սահմաններից դուրս, այդ առաջարկից վրդովվում են։ Վեճը լուծում է Լեոնիդասը և որոշում մնալ տեղում[53]։ Հունական զոքրի մոտ է գալիս Քսերքսեսի սուրհանդակը և առաջարկում հանձնվել՝ դրա դիմաց ստանալով ազատություն, «պարսից ժողովրդի բարեկամ» տիտղոսը և ավելի լավ հողեր։ Երբ այս առաջարկները մերժվում են Լեոնիդասի կողմից, դեսպանը փոխանցում է Քսերքսեսի պահանջը՝ վայր դնել զենքերը։ Ըստ Պլուտարքոսի՝ Լեոնիդասը տալիս է իր հայտնի պատասխանը. «Արի և վերցրու» (հին հունարեն՝ Μολὼν λαβέ)[54]:

Առաջին օր խմբագրել

 
«Անմահների» ջոկատի պարսիկ զինվորներ։ Պալատական պալատի երեսպատվածքի հատված
 
Հունական փաղանգ

Քսերքսեսը սպասում է 4 օր, իսկ հինգերորդ օրը գրոհի է ուղարկում մարերի մարտունակ ջոկատը։ Ըստ Դիոդորոսի՝ Քսերքսեսն առաջինը հարձակման է ուղարկել Մարաթոնի ճակատամարտում 10 տարի առաջ պարտվածների հարազատներին[55]։ Հույները նրանց դիմավորում են կիրճում դեմ առ դեմ։ Լեոնիդասն իր ուժերը դասավորում է փոկիդյան պատի առջև, կիրճի ամենանեղ մասում[56]։ Մարտի առաջին օրվա մանրամասները, հունական և պարսկական զորքերի համեմատությունը ներկայացված է Դիոդորոսի մոտ։ Հունական զինվորները կանգնած էին ուս ուսի, պարսկական զորքին գերազանցում էին քաջությամբ և արիությամբ։ Նրանց մարմինները պաշտպանում էին վահանները։ Հարձակվողները պատրաստ չէին նեղ տարածությունում կռվելու։ Հանդերձանքը համապատասխան էր ՝ ոչ մեծ վահաններ, անպաշտպան մարմիններ[57]։ Դիոդորոսի նկարագրությունը համապատասխանում էր հունական փաղանգի մասին ժամանակակից պատկերացումներին[58]։ Մարերի և այլ ցեղերի զորքերը ջախջախվում էին՝ բախվելով սպարտացիների մարտաշարին։ Մարտին հետևող Քսերքսեսը երեք անգամ գահից վեր է թռնում վրդովմունքից[59]։ Չունենալով հույների նման մատաշարով կռվելու պատրաստվածություն՝ պարսից արքայի թեթևազեն զինվորները չէին կարողանում ճեղքել հունական փաղանգը՝ պաշտպանված վահանների հոծ պատով։ Այնժամ պարսից արքան հարձակման է ուղարկում «Անմահների» էլիտար ջոկատը[60][61]։ «Անմահները» նույնպես հաջողության չեն հասնում։ Սպարտացիները կեղծ փախուստի մարտավարություն էին կիրառում՝ նահանջում էին, ապա շրջվելով՝ հակահարված տալիս պարսիկների խառնված ջոկատներին[61]։ Կտեսիասի համաձայն՝ սպարտացիների կորուստները մինիմալ էր՝ 3 մարդ[62]։

 
Հոպլիտներ. հույն-պարսկական պատերազմների շրջանի անոթ

Երկրորդ օր խմբագրել

Երկրորդ օրը պարսից արքան կրկին հարձակման ուղարկեց իր հետևակը՝ խոստանալով պարգևատրել հաղթանակի համար և մահապատժի ենթարկել փախուստի դեպքում։ Պարսից զորքը դարձյալ հաջողության չի հասնում[59]։ Պարսիկները փոխում էին հարձակվող ջոկատներին , հույները փոխարինում էին մեկը մյուսին։ Քսերքսեսը տարակուսած նահանջում է ճամաբար[62]։

Երբ Քսերքսեսը մտորում էր հետագա անելիքների մասին, նրա մոտ են բերում տեղաբնիկ Էֆիալտեսին, որը հայտնում է լեռնային շրջանցիկ ճանապարհի առկայության մասին և առաջարկում է դրամական պարգևի դիմաց ցույց տալ պարսկական բանակին։ Իր արարքի համար Էֆիալտեսն անագանքի է արժանանում ողջ Հունաստանում[63]։ արդյունքում նրա անունով անվանեցին գիշերային մղձավանջ առաջացնող դևին[64]։ Քսերքսեսը նույն երեկոյան ուղարկում է 20 հազարանոց զորք՝ Հիրկանիայի սատրապ Հիդարնես Կրտսերի գլխավորությամբ[65][66]։

Երրորդ օր խմբագրել

Երրորդ օրը լուսաբացին ճանապարհը պաշտպանող փոկիդացիները տեսնում են թվաքանակով գերազանցող պարկական ջոկատները։ Երկու կողմերն էլ սարսափ են ապրում՝ միմյանց տեսնելով։ Սակայն Էֆիալտեսը վստահեցնում է պարսիկներին, որ մոտակայքում գտնվող ջոկատը սպարտացիներից չի կազմված։ Փոկիդացիները նահանջում են դեպի բլրի գագաթ և պատրաստվում պաշտպանության։ Հիդարնեսը որոշում է չշեղվել հիմնական խնդրից և շարունակել շրջանցման մարտավարությունը[67]։

Փոկիդացիները սուրհանդակ են ուղարկում սպարտացիների մոտ՝ հայտնելու պարսիկների թիկունքից մոտենալու մասին։ Լսելով այդ լուրը՝ Լեոնիդասը խորհուրդ է հրավիրում։ Հույների մեջ տարաձայնություններ են առաջանում, և ջոկատներից շատերը հեռանում են իրենց քաղաքները։ Կիրճում մնում են սպարտացիները, թեսպիացիները և թեբեացիները։ Հերոդոտոսի համաձայն լեոնիդասն անձամբ է հրամայել հույներին հեռանալ իրենց քաղաքները, քանզի իրավիճակն անհույս էր դարձել։ Ինքն էլ կարծում էր, որ «իրեն և իր սպարտացիներին վայել չէ թողնել այն տարածքը, որը պաշտպանելու համար են իրենց ուղարկել»[68]։ 500 տարի անց Սենեկայի և Պլուտարքոսի մոտ մեջբերվում է Լեոնիդասի խոսքերն՝ ուղղված իր զինվորներին. «Եկեք նախաճաշենք, եղբայներ, քանզի ճաշն արդեն տարտարոսում է լինելու»[54][69]։

Թեսպիան և Թեբեն այն քաղաքներն էին, որտեղով անցնելու էին պարսկական բանակները, ուստի այդ ջոկատները Թերմոպիլեում պաշտպանում էին իրենց հայրենի հողը։ Հերոդոտոսն իր աշխատությունը գրել է Թեբեի և Աթենքի հակամարտության ժամանակ, ուստի թեբեացիներին ներկայացնում է որպես Հելլադայի դավաճան և հայտնում է, որ Լեոնիդասը նրանց իրենց կամքին հակառակ է պահել՝ որպես պատանդ։ Սակայն պատմիչի հաղորդած տեղեկությունները զուրկ չեն տրամաբանաությունից. Թեբեացիները շուտով միանում են Քսերքսեսի բանակին, և արդեն Պլատեայի ճակատամարտում նրանք կռվում էին պարկական ճամբարում։ Դիոդորոսի համաձայն՝ հունական զորքում մնացել էին 500 զինվոր։ Որոշելով մնալ՝ Լեոնիդասը նաև պաշտպանում էր նահանջող աշխարհազորին։ Քանզի եթե չկանգնեցնեին Քսերքսեսի հիմնական զորքը, պարսկական հեծելազորը կհետապնդեր հունական հետևակին և կոչնչացներ բաց դաշտում[70][71]։

Հաղթելու հույսից զրկված՝ հույներն ընտրեցին գիտակցված մահը և մարտն ընդունեցին կիրճի լայնացող հատվածում։ Նույնիսկ այնտեղ պարսիկները ետ դառնալու հնարավորություն չունեին և զոհվում էին սեղմվելով կամ զառիթափից ցած ընկնելով։ Սպարտացիների նիզակները կոտրվել էին, նրանք կռվում էին կարճ թրերով։ Մարտում զոհվում է Լեոնիդասը, պարսիկներից՝ Քսերքսեսի եղբայները։ Նկատելով Էֆիալտեսի ուղեկցությամբ թիկունքից մոտեցող պարսկական ջոկատը՝ հույները նահանջում են դեպի պատը և դիրքավորվում բլրի վրա ելքի մոտ։ Հերոդոտոսի խոսքերով՝ նահանջի ժամանակ թեբեացիները հանձնվում են պարսիկներին՝ իրենց կյանքը փրկելով ստրկությամբ[72]։

Սպարտացիներն ու Թեսպիացիներն ընդունում են վերջին մարտը։ Պարսիկները նետահարում էին վերջին հերոսներին, քարերով հարվածում։ Հերոդոտոսը հայտնում է, որ աչքի են ընկնում սպարտացիներ Դիենեկոսը, Ալփեոս և Մարոնես եղբայները, թեսպիացի Դիֆիրամբեսը[73]։

Դիոդորեսը 300 սպարտացիների վերջին մարտն առասպելական է ներկայացնում:։ Նրանք հարձակվում են պարսկական բանակի վրա լույսը դեռ չբացված՝ փորձելով ընդհանուր խառնաշփոթում հասնել Քսերքսեսին։ Երբ լույսը բացվում է, պարսիկները նկատում են Լեոնիդասի ջոկատի սակավությունը և նրանց վրա հարձակվում նիզակներով, նետերով ու քարերով։ Ճանապարհը Թերմոպիլեի կիրճով բաց էր պարսիկների առջև։

Ճակատամարտից հետո խմբագրել

 
Ժամանակակից սալաքար՝ Սիմոնիդես Քիոսացու խոսքերով, Թերմոպիլեի ճակատամարտի վայրում

Քսերքսես արքան անձամբ է զննում մարտի դաշտը, և գտնելով Լեոնիդաս արքայի մարմինը, հրամայում է կտրել գլուխը և ցից հանել։ Ըստ Հերոդոտոսի՝ Թերմոպիլեում զոհվել են 20 հազար պարսիկներ և 4 հազար հույներ՝ ներառյալ Սպարտայի դաշնակիցները։ Նույնիսկ վերջին մարտի ժամանակ թեսպիացիները չեն լքում սպարտացիներին՝ Լեոնիդասի՝ նահանջի հրամանին հակառակ, և զոհվում են նրանց հետ։ Իսկ Լեոնիդասի կողմից ստիպողաբար մնացած թեբեացիներն անցնում են պարսիկների կողմը[74]։

Զոհված հելլեններին թաղեցին վերջին մարտի վայրում։ Գերեզմանի վրա դրված քարին գրվեց պոետ Սիմոնիդես Քիոսացու խոսքերը.

«Ճամփորդ, հաղորդիր Լակեդեմոնի մեր քաղաքացիներին,
Որ հավատարիմ մեր ուխտին, այստեղ մենք գերեզման մտանք»։

Դավաճան Էֆիալտեսի գլխի համար Սպարտան պարգև է սահմանում։ Բայց նա սպանվում է ցեղակցի ձեռքով վեճի ժամանակ։ լեոնիդաս արքայի դին վերահուղարկավորում են Սպարտայում մահից 40 տարի հետո։ Քաղաքի բնակիչները 600 տարի անց մարտից հետո, արդեն հռոմեական շրջանում, ամեն տարի անց են կացնում մրցություններ ազգային հերոսի պատվին[75]։ Թերմոպիլեում զոհվածների անունները փորագրվում են սալաքարի վրա։ 1939 թվականին հույն հնագետները ճակատամարտի վայրում պեղումներ են կազմակերպում և գտնվում են ճակատամարտի մեծաթիվ ապացույցներ[2][3]։

Արիստոդեմոս Վախկոտ խմբագրել

Համաձայն Հերոդոտոսի՝ մարտի ժամանակ 300 սպարտացիներից բոլորը չեն զոհվել։ Նրանցից մեկը՝ Պանտիտեսը, ուղարկվել է Թեսալիա։ Իմանալով տեղի ունեցածի մասին և գիտակցելով, որ Սպարտայում անարգանքի է արժանանալու, ինքնասպան է եղել[76]։ Երեք հարյուրից երկուսին՝ Եվրիտեսին և Արիստոդեմոսին, Լեոնիդասը բաց էր թողել հիվանդության պատճառով։ Իմանալով, որ պարսիկները շրջանցել են լեռը՝ Եվրիտեսը պահանջում է իր զենքն ու զրահը և զոհվում բոլորի հետ մարտի դաշտում։ Վերադառնալով Սպարտա՝ Արիստոդեմոսը ենթարկվում է անարգանքի և խայտառակության։ Նրան տալիս են Վախկոտ անունը[77]։ Մեկ տարի անց՝ Պլատեայի ճակատամարտում, որտեղ պարսիկները վերջնականապես ջախջախվում են, Արիստոդեմոսն այնպես է աչքի ընկնում մարտի ընթացքում, որ հույները որոշում են նրան պարգևատրել։ Սակայն պարգևը նա չի ստանում, քանզի կարծիք են հայտնում, որ «Արիստոդեմոսի՝ կատաղի կռվելու և քաջագործություններ կատարելու պատճառն այն է, որ նա մահ է փնտրում՝ իրեն մեղավոր զգալով»[78]։

Հուշարձաններ Թերմոպիլեի ճակատամարտի վայրում խմբագրել

 
Լեոնիդասին և 300 սպարտացիներին նվիրված հուշարձան

2011 թվականին ճակատամարտի վայրում տեղադրվել են մի քանի հուշարձաններ և հուշակոթողներ։ Բացի Սիմոնիդեսի խոսքերով սալաքարից, տեղադրվում է Լեոնիդասին և 300 սպարտացիներին նվիրված հուշարձան։ Այն Լեոնիդասի արձանն է, որի ներքևում գրված է Μολὼν λαβέ (Արի և վերցրու)։ Մետոպի վրա պատկերված են մարտից տեսարաններ։ Երկու կողմերում տեղադրված են մարմարե քանդակներ՝ Սպարտայի խորհրդանիշներ համարվող Էվրոտաս գետի և Տայգետ լեռան պատկերներով։

1997 թվականին բացվում է թեսպիացիներին նվիրված հուշարձան։ Այն պատկերում է Թեսպիա քաղաքի գլխավոր աստվածներից մեկին՝ Էրոսին։ Էրոսը պատկերված է մերկ, առանց գլխի, մի թևը բաց է, մյուսը՝ կոտրված։ Հուշարձանի յուրաքանչյուր դետալ իր խորհուդն ունի[79][80].

  • գլխատված քանդակ — խորհրդանշում է զոհված թեսպիացիների չճանաչվածությունը, որոնց անձնազոհությունը, ի տարբերություն սպարտացիների, այդքան հայտնի չէ
  • մերկ մարմին — քաջություն և արիություն
  • բաց թև — հաղթանակ, փառք և ազատություն
  • կոտրված թև  — ձեռք բերված փառքը և ազատությունը վայելելու անհնարությունը

Ճակատամարտի նշանակությունը հույն-պարսկական պատերազմի հետագա ընթացքի համար խմբագրել

Թերմոպիլեի ճակատամարտն անտիկ շրջանի ամենանշանավոր մարտերից է։ Արևմտյան մշակույթում նրա նկարագրության մեջ առաջինը շեշտվում է սպարտացիների քաջությունն ու խիզախությունը։ Սակայն հույն-պարսկական պատերազմի շրջանակներում այն համարվում է հույների պարտություն[81]։ Նրանց մարտական խնդիրը՝ պարսիկներին կանգնեցնել Թերմոպիլյան կիրճում և Արտեմիսիայի հրվանդանի մոտ, ձախողվում է։ Աթենք տանող ճանապարհը բացվում է թշնամու առջև[46]։ Թերմոպիլեում դիրքերն անմատչելի էին[70]։ Եթե հույները կարողանային ավելի երկար դիմակայել, պարսիկների մոտ զորքը ջրով և սննդով մատակարարելու խնդիր կծագեր[47]։ Թերմոպիլեի ճակատամարտը հույների համար ստրատեգիական և տակտիկական ձախողում էր[70]։

Մի շարք պատմական աշխատություններում ճակատամարտն անվանում են Քսերքսեսի Պյուռոսյան հաղթանակ՝ համեմատելով կողմերի կորուստները[82][83]։ Սակայն հաշվի չեն առնում այն փաստը, որ մարտից հետո պարսիկները գրավում են Հունաստանի մեծ մասը, իսկ Սալամինի և Պլատեայի ճակատամարտերը տեղի են ունեցել Թերմոպիլյան կիրճի գրավումից մի ամիս և մի տարի անց։ Հաշվի առնելով Հունաստան ներխուժած պարսկական բանակի թիվը՝ այդ կորուստներն էական չեն համարվում։

Սակայն բարոյական տեսանկյունից հույների անձնազոհությունն անհետևանք չի մնում։ Այն հույների համար օրինակ է հանդիսանում, իսկ պարսիկների մոտ ընկնում է մարտական ոգին և հաղթանակի նկատմամաբ հավատը[84]։

 
Քսերքսեսի արշավանքը Հունաստան

Թերմոպիլեի ճակատամարտն արվեստում խմբագրել

Բանաստեղծություն խմբագրել

  • Լորդ Բայրոնը, մասնակցելով հույների հակաօսմանյան հեղափոխությանը, «Հույն ապստամբների երգը» բանաստեղծության մեջ զուգահեռներ է տանում անտիկ ճակատամարտի և անկախության համար մղվող պատերազմի միջև։
  • Ռուս պոետ Գեորգի Իվանովի «Ազատ է ճանապարհը Թերմոպիլեում» բանաստեղծություն
  • Կոնստանտինոս Կավաֆիսի «Թերմոպիլե» բանաստեղծություն

300 սպարտացիները կինոարվեստում խմբագրել

Առասպելական հերոսամարտի թեմայով Հոլիվուդում նկարահանվել են հետևյալ ֆիլմերը.

300 սպարտացիները երաժշտության մեջ խմբագրել

Սպարտացիների քաջագործություններին նվիրված են նաև մի շարք երգեր.

  • Sabaton խմբի Sparta երգը The Last Stand ալբոմից,
  • Firewin խմբի Ode to Leonidas երգը Immortals ալբոմից
  • Catharsis խմբի «Սպարտա (Անցյալի երազը)» երգը «Ինդիգո» ալբոմից
  • Անտարես խմբի «Հերոսների մահը» երգը «Պատերազմի արձագանքը» ալբոմից
  • Ատոմ-76 խմբի «Արի և վերցրու» երգը «Սերունդ 01» ալբոմից
  • Մաքս Բրուխի «Լեոնիդաս» օրատորիա, Leonidas, Op. 66 [oratorio] (1893г)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кембриджская история Древнего мира. Том IV : Персия, Греция и Западное Средиземноморье ок. 525—479 гг. до н. э. (с. 662—666). В переводе с англ. А. В. Зайкова.
  2. 2,0 2,1 «Science: Left at Thermopylae» (անգլերեն). TIMES. 1939 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  3. 3,0 3,1 «Hot springs of Thermopylai & the Phokian wall» (անգլերեն). сайт www.300spartanwarriors.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  4. «Ctesias of Cnidus» (անգլերեն). сайт www.livius.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  5. «Diodorus of Sicily» (անգլերեն). сайт www.livius.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  6. Юстин, Эпитома сочинения Помпея Трога «История Филиппа», кн. 2
  7. Holland, 2006, էջ 47—55, 203
  8. Holland, 2006, էջ 171—178
  9. Геродот. История 5. 105 // Геродот. Фукидид. Ксенофонт. Вся история Греции. — М.: ООО «Издательство АСТ», 2010. — С. 265. — 1312 с. — 4000 экз. — ISBN 978-5-17-066278-4
  10. Геродот, VII, 44–45
  11. 11,0 11,1 Holland, 2006, էջ 178—179
  12. Геродот, VII, 133
  13. Геродот, VI, 101
  14. Геродот, VI, 113
  15. Holland, 2006, էջ 206—211
  16. Геродот, VII, 61–82
  17. Геродот, VII, 89–95
  18. Holland, 2006, էջ 213—214
  19. Геродот, VII, 35
  20. 20,0 20,1 Holland, 2006, էջ 217—223
  21. Геродот, VII, 32
  22. Геродот, VII, 145
  23. Holland, 2006, էջ 248—249
  24. Геродот, VII., 173
  25. Holland, 2006, էջ 255—257
  26. Connolly P. (27 ноября 2006). «Греко-персидские войны: Начало». сайт www.roman-glory.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  27. Геродот, VIII., 40
  28. Геродот, VIII, 62
  29. Плутарх. Фемистокл, XI
  30. Геродот, VIII, 68
  31. Геродот, VII, 84–186
  32. Ктесий Книдский. «Persica [§27]» (անգլերեն). сайт www.livius.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  33. 33,0 33,1 33,2 de Souza, 2003, էջ 41
  34. Holland, 2006, էջ 237
  35. Геродот. История, VII, 202
  36. Диодор Сицилийский. Историческая библиотека. IX, 4; XI, 4
  37. Павсаний. Описание Эллады. X, 20, 2
  38. Геродот. История. VII, 228
  39. «Илоты». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  40. Геродот. История. VII, 229
  41. John Lemprière Bibliotheca classica: or, A classical dictionary Helotae. — London: T. Cadell, 1788.
  42. Robert Wilde. «Historical Myths: The 300 Who Held Thermopylae» (անգլերեն). europeanhistory.about.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  43. 43,0 43,1 Шауб И., Андерсен В. Рождение фаланги: вооружение и тактика // Спартанцы в бою. — М.: Яуза, Эксмо, 2008. — С. 40—56. — 320 с. — (Войны Древнего мира). — 5000 экз. — ISBN 978-5-699-24857-5
  44. Гаспаров М. Л. «Фермопилы». сайт www.infoliolib.info. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  45. Геродот, VII., 220
  46. 46,0 46,1 46,2 46,3 Lazenby, 1993, էջ 248–253
  47. 47,0 47,1 Holland, 2006, էջ 285—287
  48. Holland, 2006, էջ 288
  49. Holland, 2006, էջ 262—264
  50. Гаспаров М. Л. «Фермопилы». сайт antique-lit.niv.ru. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  51. «Фермопилы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  52. Геродот, VII, 226
  53. Геродот, VII, 207
  54. 54,0 54,1 Плутарх. «Moralia Sayings of Spartans Leonidas, son of Anaxandridas» (անգլերեն). сайт penelope.uchicago.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6-ին.
  55. Диодор Сицилийский, 11.6
  56. Геродот, VII, 208
  57. Диодор Сицилийский. «Diodorus Siculus, Library 11.7.1 — 11.7.3» (անգլերեն). сайт www.perseus.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  58. Holland, 2006, էջ 274
  59. 59,0 59,1 Геродот, VII, 212
  60. Диодор Сицилийский. «Diodorus Siculus, Library 11.7.4» (անգլերեն). сайт www.perseus.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  61. 61,0 61,1 Геродот, VII, 211
  62. 62,0 62,1 Ктесий Книдский. «Persica (2)» (անգլերեն). сайт www.livius.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  63. Геродот, VII, 213
  64. «Ephialtes» (անգլերեն). Online Etymology Dictionary. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  65. Геродот, VII, 215
  66. Green, Peter. The Greco-Persian Wars. — University of California Press. — 1996. — P. 59. — ISBN 0520203135
  67. Геродот, VII, 218
  68. Геродот, VII, 220
  69. Луций Анней Сенека. Письмо 82. 22 // Нравственные письма к Луциллию. — М.: АСТ, 2007. — С. 190—191. — 408 с. — (Философия. Психология). — 3000 экз. — ISBN 978-5-17-017890-2
  70. 70,0 70,1 70,2 Holland, 2006, էջ 294
  71. Lazenby, 1993, էջ 144—145
  72. Геродот, VII, 223–225
  73. Геродот, VII, 227
  74. Константин Абаза. 300 спартанцев царя Леонида. http://www.home-edu.ru/user/uatml/00000754/histbibil/sparta/sparta.htm Արխիվացված 2015-05-05 Wayback Machine
  75. Павсаний. 3.14
  76. Геродот, VII, 232
  77. Геродот, VII, 231
  78. Геродот, IX, 71
  79. «Thermopylae — Monument of Thespians» (անգլերեն). сайт flickr.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  80. Bret Mulligan (21 сентября 2009). «Monuments at Thermopylae» (անգլերեն). сайт iris.haverford.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  81. Lazenby, 1993, էջ 151
  82. Tung, Douglas S.; Tung, Teresa K. 36 Stratagems Plus: Illustrated by International Cases. — Trafford Publishing, 2010. — P. 239. — ISBN 1426928068
  83. Marozzi Justin. The Way of Herodotus: Travels with the Man Who Invented History. — Da Capo Press. — 2008. — P. 74. — ISBN 0306816210
  84. Курциус Э. Войны за освобождение // История Древней Греции. — Мн.: Харвест, 2002. — Т. 2. — С. 416. — 282—283 с. — 3000 экз. — ISBN 985-13-1119-7
  85. Darius Kadivar. (2002). «Darius Kadivar's review of 1962's 'The 300 Spartans' ('The Lion of Sparta') - Originally published in the Iranian.com» (անգլերեն). сайт Iranian.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  86. «Рецензия Алекса Экслера». сайт exler.ru. 2007. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.

Գրականություն խմբագրել

  • Դիոդորոս Սիցիլիացի , Պատմական գրադարան, գիրք 11, 5-11
  • Геродот. История (в девяти книгах). Книга VII / Перевод и примечания Г. А. Стратановского, под общей редакцией С. Л. Утченко. Редактор перевода Н. А. Мещерский — Л.: «Наука», 1972. — (Памятники исторической мысли).
  • Holland, Tom. Persian Fire: The First World Empire and the Battle for the West. — New York: «Doubleday», 2006. — 418 p. — ISBN 0-385-51311-9
  • de Souza, Philip. The Greek and Persian Wars, 499–386 BC. — Osprey Publishing, 2003. — ISBN 1-84176-358-6
  • Lazenby JF. The Defence of Greece 490–479 BC. — Aris & Phillips Ltd. — 1993. — ISBN 0-85668-591-7

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերմոպիլեի ճակատամարտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 180