Նախճավան

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ
(Վերահղված է Նախիջևան (գավառ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախճավան (այլ կիրառումներ)

Նախճավան, դասական ուղղագրությամբ՝ Նախճաւան, նաև Նախիջևան, դասական ուղղագրությամբ՝ Նախիջեւան, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի 34-րդ գավառը[1]։ Պատկանել է Մարդպետունիներին, ապա՝ Արծրունիներին։

Նախիջևանը, գտնվելով հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում, հնուց ի վեր եղել է հայոց ազգի հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։ Գավառի գյուղերի ու ավանների տարածքում, որոնք հիմնականում գտնվում են Նախճավան գետի հոսանքն ի վեր և Արաքս գետի մերձակա հարթություններում, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն են հասել պատմության և ճարտարապետության մի շարք հուշարձաններ։

Պատմություն

խմբագրել

Դեռևս նոր քարի դարի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա պղնձաքարի դարաշրջանի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։

Ըստ Աստվածաշնչի առասպելի Նախիջևան անվանումը կապված է Նոյի իջևանած առաջին վայրի («Նախ իջևան») հետ։ Օտարազգի մատենագրության մեջ Նախիջևանը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել։ Օրինակ, հույները Նախիջևանը կոչել են Նախսուանա, արաբները՝ Նեշևի, Նեշուի, պարսիկները՝ Նախուա, Նախճեվան, Նաուշա, Նագշիջիհան։ Թուրքերը Նախիջևանը ևս կոչել են Նագշիջիհան, որ նշանակում է նկար (կամ զարդ) աշխարհի[2][3]։

Մովսես Խորենացին նույնպես օգտագործում է Նախիջևան տեղանունը («Ատրպատականից մինչև Ճվաշ և Նախճավան»)[4]։

Հետևապես Նախճավան գավառը հնում գտնվում էր Մարդպետունիների իշխանության ներքո։ Այս իշխանական տունը հայոց արքունիքում իշխում էր արքունի գանձերի ու կանանց վրա։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և Վասպուրականի իշխանականաների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև Արշակունիների անկումը՝ 5-րդ դարը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է Արծրունիների իշխանության ներքո[5], և այղ պատճառով էլ 7-րդ դարի «Աշխարհացոյցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում[6]։ 10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ 705 թվականին Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում հայ նախարարներին արաբների կողմից ողջ-ողջ այրելուց հետո Կաշմ ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից[7]։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ Սյունաց և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ 705 թվականից հետո մինչև 10-րդ դարի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։

Շարուր-Նախաջիևանը 1918-1921 թվականներին

խմբագրել

1917 թվականի ռուսական Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններից հետո երկրամասը դարձավ կռվախնձոր այստեղ բնակվող հայերի և մուսուլմանների միջև։ Անդրկովկասյան հանրապետությունների ստեղծումից հետո մուսավաթական Ադրբեջանը երկրամասը համարում էր իր տարածքը, քանզի ձգտում էր անմիջական կապ ստեղծել Օսմանյան կայսրության հետ։ 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ հայկական բոլոր գավառները, այդ թվում՝ Նախիջևանի գավառը կազմում էին Հայաստանի հանրապետության անբաժանելի մասը։ 1918 թվականի թուրքական արշավանքի հետևանքով հայ ազգաբնակչության մի զգալի մասը ստիպված էր լքել երկրամասը։ Նույն թվականի ամռանը Անդրանիկն իր ջոկատով գրավեց Նախիջևանը և այն դրեց Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանի, որ նույնն է, թե Խորհրդային Ռուսաստանի տրամադրության տակ։ Անդրանիկը իր ջոկատներով հասավ մինչև Մակու, սակայն, թուրքական ուժերի ճնշման տակ ստիպված էր հետ վերադառնալ։ Այդ ընթացքում նա նախատեսում էր տեղի հայերից կազմել 4000 հոգուց բաղկացած ջոկատ, որը կպաշտպաներ երկրամասը թուրքերի հարձակումներից։ Թուրքական զորքերի նոր առաջխաղացումը Անդրանիկին ստիպեցին անցնել Զանգեզուր։ Մուդրոսի զինադադարից հետո Օսմանյան բանակը պետք է հեռանար Կովկասից մինչև 1914 թվականի ռուս-թուրքական սահմանը։ Թուրքական զորքերի հեռացումը նպաստավոր պայմանններ էր ստեղծել երկրամասը Հայաստանի հանրապետությանը վերամիավորելու համար, սակայն, թուրքական զորքերի հեռանալուց հետո այստեղ մնացել էին տասնյակ թուրք սպաներ, որոնք որպես հրահանգիչներ նախապատրաստում էին տեղի իսլամադավան բնակչությանը զինված ճանապարհով իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։

1918 թվականի վերջերից երկրամասի գաղթական հայ բնակչությունը փորձում է վերադառնալ իր նախկին բնակավայրերը։ Տեղի մուսուլմանները զենքը ձեռքին խոչընդոտում էր այդ վերադարձին, քանի որ իրենք արդեն տեր էին դարձել հայերի ունեցվածքին և տներին։ Առանձին հայկական զորամասեր, որոնք ցանկանում էին բացել Շարուր – Նախիջևան – Ջուլֆա երկաթգիծը, 1918 թվականի նոյեմբերին շարժվեցին դեպի Շարուր, որը պայմաններ պետք է ստեղծեր հայ բնակչության վերադարձի համար։

Հայկական ուժերի մուտքը երկրամաս խուճապ առաջացրեց տեղի խաների և բեկերի շրջանում, որի մի մասը դիմեց փախուստի դեպի Մակվի խանության սահմաննները։ Այդ իրադարձություններին սկսեց միջամտել Պարսկական պետությունը։ 1918 թվականի դեկտեմբերին նրանք պատվիրակություն ուղարկեցին Նախիջևան, սակայն, այդ պատվիրակությունը արձանագրեց, որ Հայաստանի հանրապետության զինված ուժեր Նախիջևանի տարածքում չկան։ Պարսկական պատվիրակությունը ժամանեց Երևան, սակայն, Հայաստանի իշխանությունները զբաղված լինելով Վրաստանի հետ պատերազմով, Երևանում ընդունելով պարսիկներին, կատարեցին մի շարք հայտարարություններ, որ երկրամասը Հայաստանի անբաժան մասն է։

Պարսկական պետության հեռու գնացող նպատակները պարզ դարձան Փարիզի վեհաժողովում նրանց ներկայացրած առաջարկից։ Մասնավորապես պարսկական պատվիրակությունը Փարիզում փորձում էր բարձրացնել նախկին Սեֆյան Պարսկաստանի տարածքների խնդիրը, սակայն, վեհաժողովում նրանց հասկացրեցին, որ նման հարցեր կոնֆերանսում չեն քննարկվելու։

Երկրամասի իսլամադավան ազգաբնակչությանը ֆինանսական և ռազմական օգնություն էր ցույց տալիս Մուսավաթական Ադրբեջանը։ Այս պայմանններում հռչակվեց Արաքսյան հանրապետությունը։ 1918 թվականին Անդրկովկասից հեռացած թուրքական և գերմանական զորքերը փոխարինվեցին պատերազմում հաղթանակած Անտանտի համաձայնության երկրների զորքերով։ Տարածաշրջանի մեծ մասում հաստատվեց Բրիտանական զինվորական հրամանատարության վերահսկողությունը։ Նրանց ղեկավար գեներալ Թոմսոնը վարում էր բացահայտ ադրբեջանամետ քաղաքականություն։ Անգլիացիների ներկայությունը չէր կաշկանդում մուսուլմաններին և նրանք բացահայտ հարձակումներ էին գործում ինչպես առանձին հայերի, այնպես էլ հայկական բնակավայրերի վրա։ Հաճախ էլ անգլիացիները խոչընդոտներ էին ստեղծում հայկական զորքերի առաջխաղացման համար։ Այսպես, երբ հայկական զորքերը 1919 թվականի հունվարին հայ գաղթականների համար ճանապարհ բացելու նպատակադրությամբ շարժվեցին Շարուր, բրիտանական հրամանատարությունը միջամտեց և որոշեց այդ տարածքներում ստեղծել Չեզոք գոտի անգլիացի գեներալ նահանգապետի գլխավորությամբ։ Անգլիական հրամանատարության պահանջով հայկական զորքերը Գայլի դրունքից հետ քաշվեցին դեպի Արտաշատ։ Այսպիսով ստեղծվեց ընդարձակ ապառազմականացված գոտի, որն ընդգրկում էր Վեդի – բասարի և Դավալուի (Արարատ) շրջանները։ Նահանգապետ գնդապետ Լաութոնի զինված ուժերը խիստ սահմանափակ էին և նրա իշխանությունը կրում էր ձևական բնույթ։ Տեղական խաներն ու բեկերը ավազակախմբեր էին ստեղծում և անտեսում էին տեղական իշխանություններին և գործում անարգելք՝ կատարելով իրենց նպատակները։

1919 թվականին Փարիզի վեհաժողովում որոշում ընդունվեց բրիտանական զորքերը երկրամասից դուրս բերելու մասին։ Երկրամասի նահանգապետ նշանակվեց Լևոն Բաշալյանը, որը հրամանագիր ներկայացրեց Ներքին գործերի նախարարին փախստականներին երկրամաս վերադարձնելու միջոցառումների մասին։ Հայաստանում օրենք էր ընդունվել Հայաստանի ազգաբնակչությանը զինաթափելու մասին, որը պետք է տարածվեր նաև Նախիջևանի բնակչության նկատմամբ։

Հայաստանի հանրապետության կառավարության միջոցառումները չհանգեցրին մուսուլման բնակչության զինաթափմանը։ Հուլիսին Շարուր – Նախիջևանում ապստամբություն բռնկվեց Հայաստանի հանրապետության իշխանություննների դեմ։ Հանրապետությանը սպառնացող վտանգը հարկադրեց վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին օգնության խնդրանքով դիմելու Փարիզի վեհաժողովին, որի կողմից գնդապետ Հասկելը նշանակվեց  ՀՀ գերագույն կոմիսար, որը թեև ճանաչեց Հայաստանի սահմանների ամբողջականությունը, սակայն, օգոստոսի 29-ին Բաքվում հանդիպելով ադրբեջանական իշխանությունների հետ, հրամանագիր ստորագրեց, որով Շարուր – Նախիջևանը ճանաչվում էր Ադրբեջանի տարածք։ 1919 թվականի սեպտեմբերից գնդապետ Հասկելը բանակցություններ էր վարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ փորձելով լուծել վիճելի խնդիրները։ Հոկտեմբերին Շարուր-Նախիջևանի գեներալ-նահանգապետ նշանակվեց Դերլին։ Մուսուլմանները թշնամաբար ընդունեցին ամերիկյան միջամտությունը և դիմեցին ցույցերի։ Այսպիսով, տարածաշրջանում նահանգապետության հռչակման գործը ձախողվեց։ Հաջորդ ամիսների ընթացքում Շարուր – Նախիջևանին տիրելու խնդրում ևս մեկ հավակնորդ հայտնվեց, որը շրջանին տիրանալը համարում էր իր կենսական շահերից մեկը։ Սակայն, հարթ չէին հարաբերություննները տեղի թաթարների և հայ բնակչության միջև։ 1919 թվականի ձմռանը նրանց միջև գժտությունններ սկսվեցին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի։ Սակայն, շուտով տարաձայնությունները հարթվեցին և նրանց կողմից համատեղ ծրագիր մշակվեց Գողթան գավառի հայության դեմ նոր հարձակումներ կատարելու համար։

1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո այդ հանրապետության բոլշևիկյան ղեկավարները որպես գործոն սկսեցին օգտագործել Խորհրդային Ռոււսաստանի 11-րդ Կարմիր բանակի ուժերը։ Այդ ընթացքում նրանց հաջողվեց Ղարաբաղից Զանգեզուրի վրայով անցնել Նախիջևան և հանդիպել Մուսթաֆա Քեմալի թուրքական զորքերին։ Վիճակը երկրամասում ավելի ծանրացավ, երբ բոլշևիկները 1920 թվականի մայիսին ապստամբություն բարձրացրեցին։ Նրանց դեմ Հայաստանի կառավարությունը զորքեր ուղարկեց։ 1920 թվականի հուլիսի 14-ին Ղամարլուի (Արտաշատ) զորախումբը գրավում է Գայլի դրունքը և մտնում Շարուր։ Այդ խառնակ շրջանում Նախիջևանի մուսուլմանները ստեղծում են տեղական Հեղկոմ, որը ոչնչով չէր տարբերվում մուսուլման նախկին տեղական իշխանություններից։ Այդ նույն ժամանակ Խորհրդային Ռուսաստանի և «Կարմիր Թուրքիա»-յի միացյալ զորքերը Թարխանովի գլխավորությամբ գրավում են Նախիջևան քաղաքը և նրա շրջակայքը։ Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը գտնում էր, որ երկրամասը պետք է միացվի Հայաստանին և երբ երկրամաս է գալիս Բեհբութ Շահթախթինսկին, նա բացահայտ հայտարարում է, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ծախել են նախիջևանցիներին։ Երկրամասը փաստորեն ժամանակավորապես մնում է քեմալականների վերահսկողության ներքո մինչև որ Մոսկվայի կոնֆերանսը լուծեց նրա ճակատագիրը։

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի միջև կնքվեց «Եղբայրության և բարեկամության մասին» պայմանագիրը՝ բաղկացած 16 հոդվածներից։ Պայմանագրի երրորդ հոդվածը վերաբերում էր Նախիջևանին։ Այս հոդվածում նշվում էր, որ Նախիջանը տրվում է Խորհրդային Ադրբեջանի հովանավորությանը պայմանով, որ այն չի հանձնվի երրորդ կողմին, այսինքն՝ Խորհրդային Հայաստանին։ Մոսկվայի այդ ապօրինի պայմանագիրն ամրապնդվում է նույն թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում Անդրկովկասի երեք հանրապետությունների և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրված  պայմանագրով։

Նախիջևանը Ադրբեջանի կազմում

խմբագրել

1923 թվականին ստեղծվում է Նախիջևանի ինքնավար մարզը, իսկ 1924 թվականի փետրվարի 9-ին այն դառնում է ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն Խորհրդային Ադրբեջանի կազմում։ Իսկ երբ 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միության կազմից, այն վերանվանվեց Նախիջևանի ինքնավար հանրապետություն։ Վերջինս, քաղաքական շահախնդրություններով պայմանավորված, ժամանակ առ ժամանակ հանդես է բերել Ադրբեջանի կազմից դուրս գալու և Թուրքիային միանալու կամ անկախ պետություն ստեղծելու ձգտումներ։

Նշենք նաև, որ Նախիջևանի հայաթափման Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը շարունակվել է նաև խորհրդային տարիներին։ Արդեն 1960-ական թվականներին հայությունը կազմում էր Նախիջևանի ինքնավար հանրապետության ընդհանուր բնակչության թվի 2 տոկոսը։ 1988-1989 թվականներին ադրբեջանցի ազգայնամոլները հայաթափում են նաև Նախիջևանի վերջին մի քանի հայկական գյուղերը, որոնց բնակիչները հաստատվում են Հայաստանում։

Գրականություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  2. Ե. Լալայան, Նախիջևանի ոստիկանական շրջան (առանձնատիպ «Ազգագրական հանդեսից»), Թիֆլիս, 1906, էջ 14 —15
  3. Թուրքակաան աղբյուրներ, հատ. Գ. էվլիյա Չելեբի, ծանոթագրությոլնները Ա. Խ. Սաֆրաստյանի, Եր., 1967, էջ 71
  4. Մ. Խորենացի, Պատմություն հայոց, Եր., 1968, էջ 134։
  5. Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, Спб., 1908, с. 319-320
  6. Ա. Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944, էջ 350
  7. Թ. Արծունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, Թիֆլիս, 1917, էջ 404
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 166