Կառլ Ֆրիդրիխ Մայ (գերմ.՝ Karl Friedrich May, փետրվարի 25, 1842(1842-02-25)[1][2][3][…], Հոհենշտայն-Էռնստհալ, Ցվիկկաու, Սաքսոնիա - մարտի 30, 1912(1912-03-30)[1][2][3][…], Radebeul, Մեյսեն, Սաքսոնիա[4]), գերմանացի գրող, բանաստեղծ և կոմպոզիտոր։ Բացառապես հայտնի է պատանիների համար նախատեսված արկածային վեպերով, որոնցից շատերը էկրանավորվել են։

Կառլ Ֆրիդրիխ Մայ
Ծննդյան անունգերմ.՝ Karl Friedrich May
Ծնվել էփետրվարի 25, 1842(1842-02-25)[1][2][3][…]
ԾննդավայրՀոհենշտայն-Էռնստհալ, Ցվիկկաու, Սաքսոնիա
Վախճանվել էմարտի 30, 1912(1912-03-30)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրRadebeul, Մեյսեն, Սաքսոնիա[4]
ԳերեզմանKarl-May-Grab (Radebeul)
Մասնագիտությունվիպասան, մանկագիր, սցենարիստ, կոմպոզիտոր և գրող
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Սաքսոնիայի թագավորություն[5]
Ժանրերpop novel?
Ուշագրավ աշխատանքներՎինետու
ԱմուսինEmma Lina Pollmer? և Klara May?
Изображение автографа
 Karl May Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կառլ Մայը ծնվել է ջուլհակի աղքատ ընտանիքում, որտեղ մեծանում էին 14 երեխա։ Նրանցից շատերը մահացել են մանուկ հասակում։ Մանկության տարիներին Կառլ Մայը սիրում էր երևակայության գիրկն ընկնել, սովորել էր երաժշտական տարբեր գործիքներ նվագել, հասկանում էր երաժշտության հիմնական հիմունքները։ Իր առաջին գումարը վաստակել է 12 տարեկանում ` ծառայություններ մատուցելով կեգլի խաղացող մեծահասակներին։ Այնտեղ նա ծանոթացել էր ԱՄՆ-ից եկած մի մարդու հետ և հետաքրքրությամբ լսում էր նրա արկածների մասին պատմությունները։

1856 թվականից սովորել է Վալդենբուրգի ուսուցչական սեմինարիայում։ 1859 թվականին հեռացվել է նշված հաստատությունից` վեց հատ մոմ թաքցնելու համար։ Շուտով նրան արժանացրել են ներման և թույլ տվել ուսումը շարունակել Պլաուենի ուսուցչական սեմինարիայում։ 1861 թվականին, որպես թեկնածու` առաջադրվել է Սաքսոնիայում գտնվող Խեմնից քաղաքի գործարանային դպրոցներում ` ուսուցչի պաշտոնին, սակայն իր սենյակային ընկերոջ գրպանի ժամացույցը գողանալու պատճառով հրաժեշտ է տվել առաջարկվող պաշտոնին և ազատազրկվել վեցշաբաթյա կալանքի։ Հաջորդ երկու տարիները անցկացրել է օրինական ճանապարհով հաց վաստակելու ուղիներ փնտրելով։ Իր հարազատ քաղաքում տվել է մասնավոր դասեր, գրել է պատմվածքներ, հորինել երաժշտություն և համապատասխան գումարի դիմաց ասմունքել։ Այդ բոլոր զբաղմունքները ոչ միշտ էին եկամուտ բերում նրան և արդյունքում շենքերի պատերին հայտնվեց Կառլ Մայի նկարը, որի վրա գրված էր, որ նրան որոնում է ոստիկանությունը` խարդախությունների և գողությունների համար։ Բացի այդ, Լայպցիգի փողոցներից մեկում, անարդար ճանապարհով և ուրիշի անվան տակ նա ստացել էր մորթե վերարկու և տասը թալերով այն հանձնել գրավատուն։

1865 թվականին չորս տարով Կառլ Մայը ուղարկվել է աշխատանքային տուն։ Այդ տարիների մեծ մասը նա անց է կացրել Ցվիկաու քաղաքի տաժանակիր աշխատանքային բանտում։ Լավ վարքի պատճառով նշանակվել է բանտային գրադարանի վարիչ և հնարավորություն ունեցել շատ կարդալու։ Նրան հատկապես դուր էին գալիս ճանապարհորդությունների մասին գրքերը։ Բանտում նա թողել էր իր համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների ցանկը, որոնք նա կարող էր օգտագործել իր գրական աշխատանքներում։

Ազատվելուց հետո Կառլ Մայի երազանքները` ապրել արդար կյանքով, ավաղ չիրականացան։ Նա կրկին վերադարձավ նախկին զբաղմունքներին` խարդախություններին և գողություններին։ 1869 թվականին, նոր ձերբակալությունից հետո, բանտարկյալներին տեղափոխելու ժամանակ, նա փախուստի է դիմել։ 1870 թվականին կալանավորվել է Չեխիայում ` թափառաշրջիկության համար։ Ոստիկանատանը նա ներկայացել է Ալբին Վադենբախ անունով, հավաստիացրել, որ հարուստ կալվածատիրոջ որդի է, եկել է Մարտինիկայից, իսկ արտասահմանյան անձնագիրը կորցրել է։ Սակայն ոստիկանությունը շուտով պարզել է, որ իրենց առջև մանր հանցագործությունների համար հետախուզվող Կառլ Մայն է, ով պետք է ուղարկվի Սաքսոնիա` իր հետագա պատիժը կրելու համար։ 1870-1874 թվականներին Կառլ Մայը եղել է Վալդհայմի բանտում։ Ինչպես հաստատում է գրողը, իր ներաշխարհում փոփոխություններ է զգացել, երբ ծանոթացել է բանտային կատեխիստի հետ։

Ստեղծագործական կյանքը խմբագրել

1874 թվականին ազատվելով բանտից, Կառլ Մայը վերադարձել է իր ծնողների մոտ և անմիջապես զբաղվել գրական աշխատանքով։ Նույն թվականին լույս է տեսել նրա «Էռնսթհալի վարդը» պատմվածքը։ Նրա համար հաջողություն էր այն հանգամանքը, որ այդ ժամանակ Գերմանիայում նկատվում էր որոշակի բեկում հրատարակչական գործում։ Գրագիտության աճը, արդյունաբերության զարգացումը և մասնագիտությունների ազատ ընտրության հնարավորությունը բերեցին նրան, որ հայտնվեցին նոր հրատարակչություններ, որոնք պահանջարկ ունեին նոր թեմաների` հատկապես ժամանցային բնույթի։ Կառլ Մային հաջողվեց զբաղեցնել հանքափորների համար նախատեսված «Հանք և լեռնային գործարան» ամսագրի խմբագրի պաշտոնը։ Կյանքում առաջին անգամ կարելի էր արդեն չմտածել սնվելու մասին։ Նա խմբագրում էր տարաբնույթ ժամանցային թերթոններ, որոնց համար գրում և մշակում էր հոդվածներ և իր անունից, և անանուն։

Որոշ ժամանակ անց նա տեղափոխվեց մեկ այլ դրեզդենյան հրատարակչատուն և շուտով դարձավ ազատ գրող։ Իր ընկերուհու` Էմմա Պոլմերի հետ միասին, նա հաստատվեց Դրեզդենում։ Այնուամենայնիվ, հրատարակությունից եկած եկամուտը չէր բավարարում, առաջացել էին պարտքեր և Կառլ Մայը չէր կարողանում վճարել բնակարանի վարձավճարը։ 1879 թվականին, բանտից ազատվելուց հինգ տարի անց, Կառլ Մայը երեք շաբաթ անցկացրեց Շտոլբերգի բանտում։ Նա մեղադրվում էր պաշտոնատար անձի լիազորություններ իրեն վերագրելու համար։ Էմմա Պոլմերի հետ ամուսնությունից մեկ տարի առաջ, նա հետաքննություն էր անցկացնում իր հարբեցող հորեղբոր մահվան հանգամանքները պարզելու համար։ Այդ ընթացքում նա ներկայանում էր որպես լիազորված անձ։ Արդյունքում` իր հասցեին հնչած մեղադրանքները նա համարում էր ստահոդ։

1879 թվականին Կառլ Մայը առաջարկ ստացավ Ռեգենսբուրգի կաթոլիկական «Գերմանական գանձարան» շաբաթաթերթից, որը նրան հնարավորություն էր տալիս առաջինը հրատարակել իր պատմվածքները։ 1880-1888 թվականներին այդ շաբաթաթերթում առանց դադարի հրատարակվեցին Կառլ Մայի պատմվածքների «Արևելյան շարքը»։ Նրա «Արկածային ճանապարհորդություն Քրդստանում», «Մահվան քարավանը» և «Ստամբուլ» պատմվածքները հրատարակվել են 1881-1887 թվականներին։ Դրան զուգահեռ Կառլ Մայը աշխատում էր նաև այլ թերթերի և ամսագրերի հետ, հանդես էր գալիս տարբեր գրական կեղծանուններով, հաճախ փոխում էր պատմվածքների վերնագրերը` կրկնակի հոնորարներ ստանալու նպատակով։ 1882 թվականին կրկին պայմանագիր կապեց հրատարակիչ Հենրիխ Գոտհոլդ Մյունխմեյերի հետ և սկսեց աշխատել մեծածավալ «բուլվարային» «Das Waldröschen» վեպի վրա, որը նա հրատարակեց «Կապիտան Ռամոն Դիաս դե լա Էսկոզուրա» կեղծանունով։ 1907 թվականին գրքի ընդհանուր տպաքանակը կազմում էր 100 000 նմուշ։ Մյունխմեյերի հետ պայմանագիրը հանգեցրեց հեղինակային իրավունքի վերաբերյալ երկարատև վեճի։

Կառլ Մայի կյանքում բեկումնային էր հրատարակիչ Ֆրիդրիխ Էռնստ Ֆեզենֆելդի հետ ծանոթությունը, ով նրան առաջարկեց հավաքել «Գերմանական գանձարան» թերթում տպագրված բոլոր պատմվածքները և հրատարակել առանձին գրքով։ 1892 թվականին, գրքի լույս տեսնելուց հետո Կառլ Մայը ձեռք բերեց ֆինանսական անկախություն և անդորր։ Սակայն շուտով նա կորցրեց իրականության զգացողությունը, ավելի ու ավելի հրապուրվելով իր ստեղծած կերպարներից մեկի` Օլդ Շատերհենդի պատմությունով։ Նա սկսում էր հավատալ, որ Օլդ Շատերհենդը ինքն է, որ կա և անձամբ ապրում էր նրա արկածներով։ Կառլ Մայը նույնիսկ զինագործներին պատվիրեց այնպիսի հրացան, որն ուներ իր ստեղծած կերպարը։ Ընթերցողները գրողին հաճախ էին նույնացնում նրա գրքի հերոսի հետ։

1897 թվականին Կառլ Մայը իր հակառակորդներին կրկին առիթ տվեց նոր հարձակումների` բոլորովին լրջորեն հայտարարելով, որ իբր գիտի 1200 լեզու ու բարբառ և որպես Վինետուի հաջորդ, ղեկավարել է 35 000 ապաչներից կազմված զորքին։ Մոտավորապես 1875 թվականին նա պնդում էր, որ ունի դոկտորի գիտական աստիճան, չնայած կյանքում երբեք չէր հաճախել համալսարան և երբեք չէր ներկայացվել որևէ աստիճանի։ 1898 թվականին «Դրեզդենի և շրջակայքի հասցեների գրքում» պատահականորեն չէր տպագրվել նրա դոկտորական աստիճանի մասին։ Կառլ Մայը պահանջեց վերացնել այդ «սխալը» և խիստ դժգոհություն հայտնեց` երբ նրանից պահանջեցին փաստաթղթային ապացույց գիտական աստիճանի վերաբերյալ։ Նա պնդում էր, որ դոկտորի աստիճան ինքն ստացել է Ռուանի համալսարանում։ Այնուամենայնիվ նրան արգելվեց ներկայանալ որպես դոկտոր։ 1902 թվականի աշնանը, նրա ապագա կինը` Կլարա Պլյոնը օժանդակեց նրան` ստանալ վկայական, որն արժեցավ մեծ գումարներ և Կառլ Մայը դարձավ Չիկագոյի Գերմանա-Ամերիկյան համալսարանի պատվավոր դոկտոր («Արծաթե առյուծի կայսրությունում» գրքի համար)։ Չանցած չորս օր, այդ փաստաթուղթը ճանաչվեց անվավեր, քանի որ այդ համալսարանը, ինչպես պարզվեց, կեղծ դիպլոմներ պատրաստելու գործարան էր։

Ճամփորդությունները խմբագրել

Սկզբում Կառլ Մայը ուղևորվեց ճանապարհորդելու Գերմանիայով և Ավստրիայով` դասախոսություններ կարդալով տարբեր քաղաքներում։ 1895 թվականին Ցիլլեր եղբայրների շինարարական կազմակերպությունից որպես նվեր` Ալտ-Ռադեբոյլում ստացավ վիլլա (այժմ այնտեղ գործում է Կառլ Մայի թանգարանը)։ 1899-1900 թվականներին ճանապարհորդություն է կատարել դեպի Արևելք։ Սկզբում նրան ուղեկցում էր ծառան` Սեիդ Հասանը։ Նրանք հասել են մինչև Սումատրա։ 1900 թվականին՝ ճանապարհին հանդիպել է իր կնոջը և ծանոթ ամուսնական զույգի։ Նա ճանապարհորդությունների մասին օրագիր էր պահում, որից մինչ օրս հասել են միայն պատառիկներ։

Կառլ Մայի երկրորդ կինը հիշում էր, որ ճամփորդելու ժամանակ Կառլը երկու անգամ նյարդային խանգարում է ունեցել։ Կառլ Մայի կենսագիրները եզրակացնում էին, որ այդ խնդիրները առաջացել էին նրա երևակայական աշխարհի և իրական կոպիտ աշխարհի անհամատեղելիության արդյունքում։ Արևելքում նա տեսավ այն, ինչը չէր սպասում տեսնել։ Կառլ Մայը ճգնաժամը հաղթահարում էր առանց բժիշկների օգնության։

Ճանապարհորդությունների ընթացքում Կառլ Մայը մամուլի կողմից ենթարկվում էր հալածանքների։ Նրան հանդիմանում էին այն բանի համար, որ նա զբաղվում էր ինքնագովազդով, ստեղծելով մի ամբողջ պատմություն` Օլդ Շատերհենդի մասին լեգենդներով։ Բացի այդ, Կառլ Մային համարելով բարոյազուրկ անձնավորություն, նրան մեղադրում էին կրոնական երեսպաշտության մեջ, քանի որ նա պատմություններ էր գրել Կույս Մարիամի մասին` հարմարեցնելով դրանք բողոքական օրացույցին։ Նրան հիշեցնում էին նաև իր քրեական անցյալը։

Անձնական կյանքը խմբագրել

Դրեզդենում աշխատելու տարիներին, հրատարակիչ Մյունխմեյերը մի քանի անհաջող փորձ կատարեց` Կառլ Մային ամուսնացնելու իր բարեկամուհու հետ։ Առաջին ամուսնությունը փլուզվեց Կառլի ցանկությամբ։ Նրա կինը` Էմմա Պոլմերը, իր ընկերուհու, հրատարակիչ Մյունխմեյերի այրու դրդմամբ այրել էր այն բոլոր փաստաթղթերը, որոնք կարող էին բանավոր պայմանավորվածությունը հրատարակչության հետ` փոխարինել իրավաբանականով։ 1903 թվականին Կառլ Մայը ամուսնացավ Կլարա Պլյոնի հետ։ 1908 թվականին կնոջ հետ նա ուղևորվեց ԱՄՆ, որտեղ այցելել է Օլբանի, Բուֆֆալո, Նիագարայի ջրվեժ և Լորենսե։

Կառլ Մայը մահացել է 1912 թվականի մարտի 30-ին։ Համաձայն մահվան վկայականի` մահացել է բրոնխային հեղձուկից։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Կառլ Մայը 12 տարի անցկացրել է Սաքսոնիայի բանտերում։ Մինչ օրս շատերը կարծում են, որ նա իր վեպերը գրել է բանտում[6]։
  • 1893-1910 թվականներին Կառլ Մայը հրատարակել է իր ամենահայտնի վիպաշարը` հնդկացի Վինետուի մասին։ 1895 թվականից սկսած, ամեն տարի վաճառվում էր ավելի քան 60000 գիրք։
  • Միայն 1908 թվականին է Կառլ Մայը եղել ԱՄՆ-ում, այն էլ Բուֆֆալոյից արևմուտք երբեք չի գնացել։
  • Կառլ Մայի գրչին են պատկանում նաև վեպեր, որոնց գործողությունները կատարվում են Մերձավոր Արևելքում ` Օսմանյան կայսրության տիրույթներում։
  • Կառլ Մայը հանդես է եկել նաև որպես կոմպոզիտոր և դրամատուրգ։
  • Հետաքրքիր է նաև այն, որ Կառլ Մայի վեպերը Ադոլֆ Հիտլերի սիրած գրքերն էին` երբ նա սովորում էր դպրոցում։ Այդ պատճառով, Հայրենական մեծ պատերազմից հետո Կառլ Մայի ստեղծագործությունները չէին ուսումնասիրվում ԳԴՀ-ում և ԽՍՀՄ-ում[7]։
  • Կառլ Մայի պատվին, 1892 թվականին հայտնաբերված աստերոիդներից մեկը անվանվել է (348) Մայ։

Ստեղծագործությունը խմբագրել

Վինետուի մասին պատմող վիպաշարը

  • «Վինետուն»
  • «Վինետուի սպիտակ եղբայրը»
  • «Վինետուի ոսկին»
  • «Սև մուստանգը»
  • «Վինետուի ժառանգները»
  • «Սատանան և Իսկարիովտացին»

Վայրի Արևմուտքում

  • «Արջեր որսացողի որդին»
  • «Լյանո-Էստակադոյի ոգին»
  • «Արծաթե լճի գանձերը»
  • «Նավթային արքայազնը»
  • «Հավատարիմ ձեռքը»

Այլ ստեղծագործություններ

  • «Ստրկական քարավան. Կարա բեն Նեմզիի արկածները Աֆրիկայում»
  • «Անապատի միջով»
  • «Ճանապարհորդություն վայրի Քրդստանով»
  • «Բաղդադից Ստամբուլ»
  • «Բալկանների կիրճերում»
  • «Ալբանացիների երկրում»
  • «Երկյուղ»
  • «Ռոբեր Սյուրկուֆ»
  • «Ինկերի կտակը»
  • «Ռիո-Դե-Լա-Պլատայի վրա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118818651 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://web.archive.org/web/20170323072931/http://jeugdliteratuur.org/auteurs/karl-may
  6. Виннету — сын Карла Мая
  7. «Радиопрограммы / Мифы и репутации Знак W.». Радио Свобода. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 19-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Ֆրիդրիխ Մայ» հոդվածին։