Բաղաձայններ, հնչյունների տեսակ, ոչ վանկարար հնչյուններ, որոնց արտասանությունը տեղայնացված է և կատարվում է ձայնալարերի ոչ ակտիվ մանակցությամբ։ Բաղաձայններին բնորոշ է աղմուկի առկայությունը (երաժշտական ձայն կարող է լինել, կարող է և չլինել)։ Ի տարբերություն ձայնավորների` բաղաձայններն արտասանվում են օդի համեմատաբար ուժեղ հոսանքով, արտաբերման արգելքի` փակվածքի կամ նեղվածքի հաղթահարումով, լարվածության տեղայնացումով արտասանական խոռոչի այս կամ այն մասում։

Հայերենի բաղաձայններն են՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ։

Բաղաձայնների դասակարգումը խմբագրել

Բաղաձայնների դասակարգումը կատարվում է ըստ արտաբերման եղանակի, ձայնի ու աղմուկի պարունակության, արտաբերության տեղի և կազմության։

Բաղաձայնների դասակարգումն ըստ ձայնի և աղմուկի պարունակության խմբագրել

  • Ձայնեղ բաղաձայնների կազմավորմանն ակտիվորեն մասնակցում են ձայնալարերը, և նրանցում աղմուկի հետ զգալի է նաև ձայնի առկայությունը։ Հայերենի բաղաձայններից ձայնեղ են բ, գ, դ, ձ, ջ, վ, զ, ժ, ղ հնչյունները։
  • Խուլ բաղաձայնների կազմավորմանը ձայնալարերը գրեթե չեն մասնակցում, այդ պատճառով էլ նրանցում առկա է միայն աղմուկը։

Խուլ բաղաձայնները լինում են պարզ և շնչեղ, վերջիններս կազմված են աղմուկից ու հ հագագից։ Պարզ խուլեր են պ, կ, տ, ծ, ճ, ֆ, ս, խ, շ, հ հնչյունները, շնչեղ խուլեր՝ փ, ք, թ, ց, չ հնչյունները։

  • Ձայնորդ բաղաձայնների կազմավորմանն ակտիվորեն մասնակցում են ձայնալարերը, և նրանցում ձայնի առկայությունը աղմուկի համեմատությամբ ավելի զգալի է, քան ձայնեղ բաղաձայնների դեպքում։ Ժամանակակից հայերենի ձայնորդներն են լ, ր, ռ, մ, ն, յ հնչյունները, որոնք ներկայումս վանկարար արժեք չունեն։

Շփական և պայթաշփական բաղաձայնները, ըստ հնչյունի երանգի, լինում են սուլական և շչական։ Բաղաձայները սուլական և շչական երանգ են ստանում հաղթահարվող նեղվածքի համեմատական նեղության և կլորության պատճառով։ Հայերենում սուլական են զ, ս, ձ, ծ, ց հնչյուները, շփական՝ ժ, շ. ջ, ճ, չ հնչյունները։

Բաղաձայնների դասակարգումն ըստ արտաբերության տեղի խմբագրել

Հնչարտաբերական գործարանների որոշակի մասերում ստեղծվող հնչարաններում և արտաբերման համաձայն՝ բաղաձայնները ստորաբաժանվում են հետևյալ տեսակների՝

  • Երկշրթնային բաղաձայնները կազմավորվում և արտաբերվում են երկու շրթունքների միջև ստեղծված հնչարանում։ Երկշրթնային բաղաձայններ են բ, պ, փ, մ հնչյունները։
  • Շրթնատամնային բաղաձայնները կազմավորվում և արտաբերվում են շրթունքի և ատամնաշարերի միջև ստեղծված հնչարանում։ Շրթնատամնային բաղաձայններ են վ և ֆ հնչյունները։
  • Առաջնալեզվային բաղաձայնները կազմավորվում և արտաբերվում են բերանի խոռոչում լեզվի առջևի մասով ստեղծված հնչարանում։ Առաջնալեզվային բաղաձայններ են դ, տ, թ, ջ, ճ, չ, ձ, ծ, ց, զ, ս, ժ, շ, լ, ր, ռ, ն հնչյունները։
  • Միջնալեզվային բաղաձայնները կազմավորվում և արտաբերվում են բերանի խոռոչում լեզվի միջին մասով ստեղծված հնչարանում։ Միջնալեզվային բաղաձայն է յ ձայնորդը։
  • Ետնալեզվային բաղաձայնները կազմավորվում և արտաբերվում են բերանի խոռոչում լեզվի ետին մասով ստեղծված հնչարանում։ Ետնալեզվային բաղաձայններ են գ, կ, ք, ղ, խ հնչյունները։
  • Հագագային է կոչվում հ բաղաձայնը, որ կազմավորվում է հագագում և միայն շունչ է պարունակում։

Բաղաձայնների դասակարգումն ըստ արտաբերության եղանակի խմբագրել

  • Պայթական բաղաձայններն արտաբերվում են բերանի հնչարաններում ստեղծվող որևէ փակվածքի՝ օդի հոսքի կողմից հաղթահարման արդյունքում։ Այդ հնչյուններն արտասանվում են փակվածքի հաղթահարման ընթացքում վայրկենապես և կոչվում են նաև վայրկենական կամ ակնթարթային։

Պայթական հնչյուններն արտաբերելիս փակվածքներ կարող են առաջ գալ բերանի խոռոչի տարբեր հնչարաններում՝ շրթունքների, ատամների, լեզվի և քիմքի հպումներից։

Ժամանակակից հայերենի պայթական բաղաձայններն են՝ բ, պ, փ, գ, կ, ք, դ, տ, թ, մ, ն։

  • Շփական բաղաձայններն արտաբերվում են բերանի հնչարաններում ստեղծվող որևէ նեղվածքի՝ օդի հոսքի կողմից հաղթահարման արդյունքում։ Թոքերից արտամղվող օդի հոսանքը, անցնելով հնչարաններում ստեղծված նեղվածքի մոջով, շփվում է նրա պատերին և ստեղծում որոշակի աղմուկ։ Նեղվածքներն էլ, փակվածքների նման, կարող են առաջանալ բերանի խոռոչի տարբեր հնչարաններում՝ շրթունքի և ատամների, լեզվի և քիմքի մոտեցմամբ։ Շփական բաղաձայնները պայթականներից տարբերվում են նրանով, որ կազմավորվում և արտաբերվում են նեղվածքով (ոչ թե փակվածքով), ինչի պատճառով էլ վայրկենական չեն, այլ տևական ու կարող են հնչել համեմատաբար երկար։ Այդ պատճառով էլ շփական բաղաձայնները կոչվում են տևական հնչյուններ։

Ժամանակակից հայերենի շփական բաղաձայններն են՝ վ, ֆ, ժ, շ, զ, ս, ղ, խ, հ։

  • Պայթաշփական (կիսաշփական, կիսապայթական) բաղաձայնները կազմավորվում և արտաբերվում են միաժամանակ և՛ փակվածքի, և՛ նեղվածքի հաղթահարման շնորհիվ։

Ժամանակակից հայերենի պայթաշփականներն են՝ ջ, ճ, չ, ձ, ծ, ց։

Բաղաձայնների դասակարգումն ըստ կազմության խմբագրել

Ըստ կազմության՝ բաղաձայնները լինում են պարզ և բարդ։

  • Պարզ բաղաձայնները ձևավորվում և արտաբերվում են հնչարտաբերական գործարաններում ստեղծվող կա՛մ նեղվածքի, կա՛մ փակվածքի հաղթահարումով։ Այս առումով պարզ են ժամանակաից հայերենի բոլոր պայթական ու շփական բաղաձայնները (բ, գ, դ, զ, ժ, լ, խ, կ, հ, ղ, մ, յ, ն, շ, պ, ռ, ս, վ, տ, ր, ֆ)։
  • Բարդ բաղաձայնները ձևավորվում և արտաբերվում են հնչարտաբերական գործարաններում ստեղծվող փակվածքի կամ նեղվածքի միաժամանակյա հաղթահարմամբ։ Այդ եղանակով արտաբերվում են ջ, ճ, չ, ձ, ծ, ց պայթաշփականները։ Այս բաղաձայնները կազմված են մեկ պայթականից և մեկ շպականից՝ ձ>դ+զ, ջ>դ+ժ, ծ>տ+ս, ց>թ+ս, ճ>տ+շ, չ>թ+շ։

Բարդ են նաև հայերենի պարզ խուլ պայթականների հագագային շնչեղացումով կազմավորվող և արտաբերվող փ, ք, թ շնչեղ խուլ բաղաձայնները, որոնք ունեն հետևյալ կազմությունը՝ փ>պ+հ, ք>կ+հ, թ>տ+հ։

Այն բաղաձայնները, որոնք հարաբերակից՝ լծորդ, բաղաձայնական շարք չունեն անվանվում են անլծորդ բաղաձայններ[1]։ Հայերենում այդ բաղաձայններն են՝ լ, մ, ն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տերմինն առաջին անգամ կիրառել է Տեր-Հարությունյանը
  2. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 14։

Գրականություն խմբագրել

  • Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
  • Է. Աղայան, Լեզվաբանության ներածություն, Երևան, 1967։
  • Է. Աղայան, Գրաբարի քերականություն, հ. 1, Երևան, 1964։
  • Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 6, Երևան, 1971։
  • Ա. Այտընեան, Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի, Վիեննա, 1866։
  • Վ. Առաքելյան և այլք, Ժամանակաից հայոց լեզու, հ. 1, Երևան, 1979։
  • Վ. Առաքելյան, Ժամանակակից հայերենի հնչյունաբանություն, Երևան, 1955։
  • Գ. Ջահուկյան և այլք, Հայոց լեզու, մ. 1, պ. Ա, Երևան, 1980։
  • Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Երևան, 1974։

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 249