Հրաչյա Աճառյան
Հրաչյա Հակոբի Աճառյան (մարտի 8, 1876, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 16, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։
Հրաչյա Աճառյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1876 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 16, 1953[1] (77 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Մասնագիտություն | լեզվաբան, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն, բանասիրություն և Ստուգաբանություն |
Ալմա մատեր | Փարիզի արվեստների ֆակուլտետ, Ստրասբուրգի համալսարան (1538-1970) և Ստրասբուրգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[2] |
Հայտնի աշակերտներ | Վաչե Օհանյան |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ |
Ստորագրություն![]() | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Hrachia Acharian Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կոստանդնուպոլիսում՝ կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակերտել է Անտուան Մեյեին։ 1897 թվականին Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվականին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մեկ կիսամյակ լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թվականին Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։
Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքներ։
Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական Համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։
Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937 թվականին խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939 թվականին արդարացվել է և վերադարձել Երևան:
Իր կյանքի վերջին տարիներին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում են հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ Բացի նշված աշխատություններից, Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների, մի քանի տասնյակ հոդվածներ է գրել թե՛ հասարակական հարցերի և թե՛ գիտական-լեզվաբանական ուղղությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։
ԱշխատություններԽմբագրել
- «Քննութիւն Ղարաբաղի բարբառի» Վաղարշապատ (1901)
- «Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն», Մոսկուա-Վաղարշապատ (1902).
- «Classification des dialectes arméniens» (1909)
- «Հայ Բարբառագիտութիւն» (1911)
- «Հայերէն Գաւառական Բառարան» (1913)
- «Տաճկահայոց հարցի պատմութիւնը» (Սկզբից մինչև 1915 թ.). Նոր Նախիջևան, 1915։
- «Քննություն Նոր–Նախիջևանի բարբառի» (1925)
- «Քննություն Մարաղայի բարբառի» (1926)
- «Հայերէն Արմատական Բառարան» (1926-1935)
- «Քննություն Ագուլիսի բարբառի» (1936)
- Հայոց լեզվի պատմություն: Մաս 1 (1940)[3]
- Պատմութիւն հայոց նոր գրականութեան (1940)[4]
- «Քննություն Նոր-Ջուղայի բարբառի», Երևան (1940)
- «Քննություն Պոլսահայ բարբառի» (1940)
- «Հայ բառագիտություն» (1941)
- «Քննություն Համշենի բարբառի» (1941)
- «Հայոց անձնանունների բառարան» (1942-1962)
- «Եւրոպական փոխառեալ բառեր հայերէնի մէջ» (1951)
- «Քննություն Վանի բարբառի» Երևան (1952)
- «Քննություն Առտիալի բարբառի» Երևան (1953)
- «Կյանքիս հուշերից» Երևան (1967)[5]
- Հայերեն արմատական բառարան: Ա-Դ. Ա. հատոր[6]:
ԳրականությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ачарян Рачия Акопович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Աճառյան Հրաչյա Հակոբի (1940)։ Հայոց լեզվի պատմություն: Մաս 1 (հայերեն)։ Պետ.համալս.հրատ
- ↑ Աճառյան Հրաչյա Հակոբի (1940)։ Պատմութիւն հայոց նոր գրականութեան (հայերեն)։ Ա. հ.
- ↑ Աճառյան Հրաչյա Հակոբի (1967)։ Կյանքիս հուշերից (հայերեն)։ Միտք
- ↑ Աճառյան Հրաչյա Հակոբի (1971)։ Հայերեն արմատական բառարան: Ա-Դ. Ա. հատոր (հայերեն)։ Երևանի համալսարանի հրատարակչություն
- ↑ Աղայան Էդուարդ Բագրատի (1956)։ Հրաչյա Հակոբի Աճառյան (հայերեն)։ ՀՍՍՌ ԳԱ հրատկչ.
- ↑ Badikyan Khachʻik Gabrieli (2005)։ Հրաչյա Աճառյան մարդը եւ գիտնականը (հայերեն)։ Զանգակ-97
ԱղբյուրներԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Աճառյան Հրաչյա Հակոբի (1876-1953), ՀՀ ԳԱԱ մատենագիտական տվյալներ
- Բիբլիոգրաֆիա Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ պրոֆ․ Հրաչյա Աճառյանի տպագրված և անտիպ աշխատությունների (գրքեր և հոդվածներ), Էջմիածին, ՌՆԲ, Ժ․ տարի, մայիս։ Պաշտօնական ամսագիր Հայրապետական աթոռոյ Ս․ Էջմիածնի, V, 1953 թ․
- Խաչիկ Բադիկյանի «Հրաչյա Աճառյան, մարդը և գիտնականը» աշխատության մասին
- ՀԱՅԵՐԷՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 1971 թվականի էլեկտրոնային առ ցանց տարբերակ որոնելի գլխաբառերով։
- Հր․ Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հավելլիք և ուղղելիք, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 1982 թվական
- Հրաչեայ Յ․ Աճառեան, Ոսումնասիրութիւններ հայկական բարբառախօսութեան, Գ։ Քննութիւն Ղարաբաղի բարբառին, Վաղարշապատ, Տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1899 թվական
- ՀԱՅԵՐԷՆ ԳԱՒԱՌԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ, 1913 թվական
- Հայոց Անձնանունների Բառարան, 1942-1962
- Հայագիտական համազգային կենտրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 267)։ |