Ալեքսանդրի վեպը (հուն․՝ Άλεξάνδρου πράξεις կամ Βίος Αλεξάνδρου του Μακεδόνος, լատին․՝ Historia Alexandri Magni, գրաբար՝ «Պատմութիւն Աղէքսանդրի Մակեդոնացւոյ»), կեղծ պատմական հունական վեպ՝ Ալեքսանդր Մակեդոնացու մասին։ Ետհելլենիստական շրջանի գրական–ժողովրդական հուշարձան։ Ձևավորվել է Ք․ ա․ II–I դդ․ և համեմատաբար ավարտուն տեսքի բերվել մեր թվականության III դարում։

Ալեքսանդրի վեպը
Հեղինակտարբեր հեղինակներ
Անվանվել էԱլեքսանդր Մակեդոնացի
Տեսակգրավոր աշխատություն և գրական ժանր
Ժանրկիսապատմական, կիսաառասպելական
Բնօրինակ լեզուհին հունարեն
Կերպար(ներ)Ալեքսանդր Մակեդոնացի
Հրատարակման տարեթիվ3-րդ դար
 Alexander romance Վիքիպահեստում

Հեղինակի հարց

խմբագրել
 
«Ալեքսանդրի վեպի» 17-րդ դարի ռուսական ձեռագիր. Ալեքսանդրն ուսումնասիրում է ծովի խորքերը:

Վեպի ստեղծումը վերագրվել է տարբեր հեղինակների։ Մերթ համարվել է, որ այն գրել է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակակից Կալիսթենես Ողյունթացին, ով իսկապես գրել է Ալեքսանդր Մակեդոնացու վարքը, մերթ էլ հեղինակ են համարվել Արիստոտելը, Եզոպոսը, Պտղոմեոսը և այլք։ Հետագայում, սակայն, բոլոր վարկածներն էլ մերժվել են, և համարվելով անհայտ հեղինակի աշխատանք, «Ալեքսանդրի վեպը» ներկայացվել է Կեղծ-Կալիսթենես (Pseudo- Callisthenes) պայմանական հեղինակի անունով։

Ք.ա. II-I դարերում ստեղծված նախնական տեքստը չի պահպանվել, այլ միայն բնագրի տարբեր խմբագրություններ։ Մի քանի դարի ընթացքում այն ենթարկվել է տարբեր փոփոխությունների, կրճատումների ու լրացումների, այսինքն՝ խմբագրման և միայն մեր թվականության III դարում ընդունել է իր քիչ թե շատ վերջնական տեսքը։ Տարբեր խմբագրումների հունարենով գրված ձեռագրերը պահպանվում են Փարիզում՝ Ֆրանսիայի ազգային գրադարանում։

«Ալեքսանդրի վեպը» տարաբնույթ դրվագների բարձրարվեստ հյուսվածք է, հարուստ հրաշապատում՝ արկածային, պատմական, գրական, վարքագրական, հեքիաթային տարրերով, բաղկացած է Ալեքսանդր Մակեդոնացու ծնունդը, գործը և մահը ներկայացնող երեք գրքից։

Խմբագրումներ

խմբագրել
 
Մանրանկար «Ալեքսանդրի վեպի» բելառուսական ձեռագրից, 15-րդ դար: Պահպանվում է Բելառուսի պատմության ազգային թանգարանում:

Ավանդազրույցից պահպանված ձեռագրերը բաժանվում են երեք հիմնական խմբի, որոնք պայմանականորեն համարակալվել են լատինական այբուբենի տառերով՝ A, B, C: Խմբագրման A տարբերակի ձեռագրերը (Βίος Αλεξάνδρου του Μακεδόνος) պարունակում են վեպի ամենահին տարբերակը։ Վեպի հռոմեական տարբերակը, որ խմբագրել է Հուլիոս Վալերիոսը մեր թվականության IV դարի սկզբին, իրենից ներկայացնում է հունարեն A տեքստի ազատ փոխադրությունը՝ որոշ կրճատումներով։ Խմբագրման A տարբերակին մոտ են նաև Վալերիոսի աշխատանքի հայերեն և ասորերեն թարգմանությունները։

Խմբագրման B տարբերակը ստեղծվել է IV դարից ոչ վաղ։ A տարբերակից առանձնանում է մի շարք լրացումներով. օրինակ, Օլիմպիադային և Արիստոտելին հղված նամակը, կամ Պորոսի ճամբարի նկարագրությունը և Ալեքսանդրին բնութագրող այլ հատվածներ, որոնք հատուկ են A տարբերակին, այստեղ ընդունել են ավելի հունական կոլորիտ։

Իսկ վերջնական C տարբերակն իրենից ներկայացնում է B տարբերակի զգալիորեն ընդարձակված մշակումը. օրինակ Օլիմպիադային գրված նամակը վերափոխվել է Հնդկաստանի հրաշքների մասին ֆանտաստիկ պատմության, ավելացված են թռչնի թևերի վրա նստած Ալեքսանդրի օդային ճանապարհորդության մասին լեգենդը, ապա նրա վայրէջքը դեպի ծովի խորքերը, այցելությունը դեպի Պաղեստին և այլն։

Վեպի միջով անցնում է երկու հիմնական գիծ՝ Ալեքսանդր Մակեդոնացու իրական կենսագրությունն ու գործունեությունը և ավանդազրույցները, որոնք չեն համարվում պատմական փաստ և լիքն են երևակայությամբ ու հրաշքներով։ Եվ այդպես, ըստ էության, «Ալեքսանդրի վեպն» իրենից ներկայացնում է պատմական եղելության միահյուսում բանահյուսական տարրերով հարուստ ավանդազրույցներին։

Թարգմանությունները տարբեր լեզուներով

խմբագրել
 
Մանրանկար՝ վեպի ֆրանսիական մի ձեռագրից (XIV դար):

Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի հանդեպ հետաքրքրությունն առաջացել է նրա մահից հետո և գագաթնակետին հասնելով մեր թվականության III դարում՝ Ալեքսանդր Սևերոսի օրոք, նոր թափ ստացավ, որի արդյունքում Կեղծ Կալիսթենեսի հին հունական վեպն առավել ընդլայնվեց, լրացվեց ու մշակվեց։ Բացի 4-րդ դարում Հուլիոս Վալերիոսի կատարած լատիներեն թարգմանությունից, հայտնի է վեպի լատիներեն ևս մեկ մշակում, որը կատարել է արքեպիսկոպոս Լևոն Նեոպոլիտանացին (10-րդ դար)։ Այն հայտնի է «Ալեքսանդր Մակեդոնացու ճակատամարտերի պատմություն» վերնագրով։ Եվս մեկ աշխատանք էլ 12-րդ դարում ստեղծել է Վալտեր դե Կաստիլիոնեն, որը հայտնի է «Ալեքսանդրեիդա» վերնագրով։

Ալեքսանդրի մասին կիսաառասպելական պատմությունը դարերի ընթացքում ձեռք բերեց մեծ ճանաչվածություն և հաջողություն՝ լայնորեն օգտագործվելով գրական տարբեր ստեղծագործություններում։ Փառապանծ զորավարի մասին պատումները տարածվեցին և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում, և տարբեր լեզուներով ստեղծվեցին մանրանկարներով պատկերազարդված բազմաթիվ ձեռագրեր, որոնք մեծ համբավ ունեին մինչև 18-րդ դարը։ Բոլոր տարբերակները, գրեթե առանց բացառության, հիմնված են Կեղծ Կալիսթենեսի հունական տարբերակի վրա։

Ուշագրավ են հայկական, ասորական, ղպտական, եթովպական հնագույն թարգմանությունները, Հուլիոս Վալերիոսի լատիներեն խմբագրությունը (IV դ․)։ Թարգմանված է նաև պարսկերեն ու արաբերեն։ Համանման վեպեր ի հայտ են եկել նաև Անգլիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, տարածվել են ասպետական վեպի տեսք առած սերբական, ռուսական, չեխական «Ալեքսանդրիաները»։ Քիչ չեն նաև կերպարի գեղարվեստական մշակումները տարբեր լեզուներով։ Ալեքսանդրի մասին միջնադարում գրել են Արևելքի այնպիսի հռչակավոր բանաստեղծներ, ինչպիսիք են Ֆիրդուսին («Շահնամե»), Նիզամին («Իսկանդեր-նամե»), Ալիշեր Նավոին և այլք։

12-րդ դարում ի հայտ եկավ «Ալեքսանդրի վեպի» երկու ֆրանսիական տարբերակ՝ ըստ Լամբեր լը Տորի և Ալեքսանդր դը Բերնեի։ Ֆրանսիական տարբերակները հիմք դարձան անգլիական մշակումների համար՝ (King Alisander, XIV դ. և «Ալեքսանդրի վեպը»՝ թարգմանված 1438 թվականին Շոտլանդիայում)։

Վեպի գերմաներեն չափածո տարբերակը հայտնի դարձավ շուրջ 1130 թվականին՝ Լ. Լամպրեխտի անունով, ապա 13-րդ դարում տարածվեցին Ուլրիխ ֆոն Էշենբախի ու Ռուդոլֆ Էմսացու տարբերակները։ 16-րդ դարում հայտնի էր «Ալեքսանդրի վեպի» մոտ 90 մշակում՝ 24 լեզվով։ Հին Ռուսիայում ևս քաջ հայտնի էր Ալեքսանդր Մեծի մասին այս վեպը։

Հայերենով է պահպանվել ամենահին օրինակը

խմբագրել
 
«Ալեքսանդրի վեպի» հայերեն թարգմանության ձեռագրից (13-րդ դար) մեկ էջ, պահպանվում է Սուրբ Ղազարի մատենադարանում:

«Ալեքսանդրի վեպը» հայերեն աշխարհիկ բնույթի առաջին թարգմանությունն է։ Թարգմանության հավանական հեղինակն է համարվում Մովսես Խորենացին։ Հայերեն թարգմանությունում ստեղծագործության շատ կարևոր հատվածներ ավելի լավ են պահպանվել, քան լատիներեն խմբագրության մեջ, ուստի հայերենը, լատինականի ու ասորականի հետ բաղդատվելով, հնարավորություն է ընձեռվում համեմատելով վերահսկել բնագիրը և հնարավորին չափ վերականգնել հունարեն բոլոր բնագրերում պակասող կամ աղճատված մասերը (ըստ Հ․ Հյուբշմանի, Կ․ Պետերմանի, Կ․ Մյուլլերի, Յ․ Ջախերի, Թ․ Ռումհելդի, Ա․ Բաումհարդների, Տ․ Կուզնեցովայի և ուրիշների)։ Հայերեն թարգմանությունը՝ «Պատմութիւն Աղէքսանդրի Մակեդոնացւոյ» խորագրով, 10 ձեռագրերի հիման վրա, հրապարակվել է 1842 թվականին, Վենետիկում։ Այժմ հայտնի է շուրջ 80 ձեռագիր` Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում (հնագույնն է ձեռ․ № 10151, XIII դ․) և այլուր։ V դարի նախնական խմբագրման շրջանից (բնագիրն ընդհանուր գծերով հավատարիմ է հունարեն նախաբնագրին և դեռևս չի տեղայնացվել) հետո, ընդարձակ խմբագրության շրջանում (XIV–XVI դդ․) «Ալեքսանդրի վեպի» հայերեն թարգմանությունը ստեղծագործաբար վերաիմաստավորվել է՝ ժամանակի ազգային–հասարակական խնդիրներին համապատասխան, լրացվել արձակ հավելադրություններով, իսկ նրա դրվագներին ներհյուսվել է շուրջ 400 ընդմիջող երգ՝ կաֆա։

«Ալեքսանդրի վեպի» հայկականացման և ժողովրդականացման գործում մեծ դեր են կատարել Ֆրիկը, Խաչատուր Կեչառեցին (XIII– XIV դդ․), Գրիգորիս Աղթամարցին, Հովասափ Սեբաստացին, Զաքարիա Գնունեցին (XVI դ․) և ուրիշներ։ Առանձնապես արժեքավոր են Գրիգորիս Աղթամարցու և Զաքարիա Գնունեցու թողած «Պատմութիւն Աղէքսանդրի Մակեդոնացւոյ»-ի ինքնագիր օրինակները՝ հեղինակային կաֆաներով ու նկարազարդումներով։ «Վեպի» հայկական տարբերակը, անցնելով զարգացման դարավոր ուղի, հնամենի զրույցից վերածվել է նոր՝ վիպաքնարական բնույթի յուրօրինակ ստեղծագործության։ Այն տարածվել է ժողովրդի մեջ անկախ զրույցների ու ավանդությունների ձևով։ Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Ստեփանոս Ասողիկը ժամանակին օգտագործել են այն, իսկ միջնադարյան բանաստեղծներն ու մանրանկարիչները՝ ներշնչվել նրանով։ «Ալեքսանդրի վեպի» նկարազարդումներով սկզբնավորվել է հայ աշխարհիկ մանրանկարչությունը։ «Ալեքսանդրի վեպի» գրաբար տեքստի աշխարհաբար թարգմանություն դեռևս չի կատարվել։

Սյուժե

խմբագրել
 
Ալեքսանդրը հրամայում է խաչ հանել Դարեհի դեսպանին. «Ալեքսանդրի վեպի» հայերեն թարգմանության ձեռագրից (13-րդ դար) մեկ էջ. պահպանվում է Սուրբ Ղազարի մատենադարանում:

Առաջին գիրք

խմբագրել

Եգիպտոսի վերջին փարավոն Նեկտանեբ II-ը մի անգամ, մոգության շնորհիվ իմանալով, որ իր երկրին պետք է տիրեն պարսիկները, հագուստը փոխելով, փախչում է Մակեդոնիա՝ իր հետ տանելով ոսկիները։ Այստեղ՝ Պելլոսում, նա հմուտ մոգի համբավ է ձեռք բերում և սիրահարվում է Փիլլիպոս թագավորի կնոջը՝ Օլիմպիադային։ Նեկտանեբի կախարդանքով թագուհին բռնկվում է սիրով նրա հանդեպ՝ կարծելով, թե կապի մեջ է մտել Ամոն աստծու հետ, որի կերպարանքն էր ընդունում փարավոնը Օլիմպիադային այցելելիս։ Փիլիպոսը վերադառնալով իմանում է, որ Օլիմպիադան որդի է ծնելու, և Նեկտանեբի մոգության շնորհիվ՝ հավատում է, որ դա աստծու զավակն է։ Դեռևս պատանի հասակում Ալեքսանդրը ցուցաբերում է մեծ քաջություն և իմաստնություն, սանձում է մարդակեր նժույգ Բուկեփալոսին, օլիմպիական խաղերում հաղթում մարտակառքերով արշավի մրցույթում, իմաստուն պատասխաններ տալիս Դարեհի դեսպանին, որ եկել էր հարկ պահանջելու, հաշտեցնում է վիճող ծնողներին և այլն։ Փիլիպոսի մահից հետո գահ բարձրանալով՝ նա պարսիկների դեմ ազատագրական արշավանք է ձեռնարկում։ Անցնելով մի քանի երկրներ՝ Սիցիլիայում և Իտալիայում իրեն է ենթարկում հռոմեացիներին, ապա ուղևորվում է դեպի Աֆրիկա, որտեղ Լիբիական անապատում այցելում է Ամոնի պատգամաբերին։ Ստանալով վերջինիս կանխագուշակությունները՝ նա կառուցում է Ալեքսանդրիա քաղաքը։ Մեմփիս այցելելուց հետո, որտեղ եգիպտացիները, ըստ պատգամախոսի գուշակությունների, ճանաչում են իրենց Նեկտանեբ փարավոնի որդուն, որ պետք է վերադառնար, Ալեքսանդրը արշավում է Սիրիա և գրավում Տյուրոս քաղաքը, որի բնակիչները չէին կամենում ենթարկվել իրեն։ Պինարա գետի մոտ Ալեքսանդրը, ջախջախելով պարսից զորքը, փախուստի է մատնում նրանց առաջնորդող Դարեհ III արքային։ Այնուհետև, անսպասելիորեն դադարեցնելով ճակատամարտը, նա արշավում է դեպի Իլիոն, որի հերոսները երկրպագում են նրան։ Այստեղից էլ Ալեքսանդրն ուղևորվում է Հունաստան, կործանում է Թեբեն՝ չանսալով երգիչ Իսմենիասի խնդրանքներին խնայելու վերաբերյալ։ Սակայն ավելի ուշ նա վերակառուցում է քաղաքը։

Երկրորդ գիրք

խմբագրել

Սկսվում է աթենացիների ժողովրդական ժողովով, որի ընթացքում Դեմոսթենեսը հանդես է գալիս Ալեքսանդր Մակեդոնացուն ենթարկվելու առաջարկով։ Սպարտացիներին հաղթելով՝ Ալեքսանդրը վերադառնում էր Ասիա։ Այստեղ նա դարձյալ մարտնչում է պարսիկների դեմ և անցնում Եփրատը։ Ալեքսանդրի ու Դարեհի միջև տեղի է ունենում երկար նամակագրություն։ Երազում Ամոնից ստացած խորհրդով Ալեքսանդրը զգեստները փոխած թափանցում է Դարեհի բանակային ճամբարը, սակայն, երբ պարսիկ զինվորները ճանաչում են նրան, նա փախչում է։ Կրկին ճակատամարտ տալով պարսիկներին՝ Ալեքսանդրը գերի է վերցնում Դարեհի ազգականներին։

Ինքը՝ Դարեհը, փախչում է՝ ազատվելով հետապնդողներից և ընկնում է իր երկու սատրապների ձեռքը, ովքեր մտադրվել էին սպանել նրան։ Ալեքսանդրը գտնում է մահացու վիրավորված Դարեհին, մեծահոգաբար օգնություն է ցուցաբերում նրան և խոստանում է ամուսնանալ նրա դուստր Ռոքսաննայի հետ։ Իսկ Դարեհին սպանողներին նա պատժում է։ Օլիմպիադային և դարեհի մորը նամակով տեղեկացնելով իր մտադրությունների մասին՝ Ալեքսանդրն ամուսնանում է Ռոքսաննայի հետ։

Երրորդ գիրք

խմբագրել

Վերջին՝ Երրորդ գիրքը սկսվում է հույն զինվորների ընդվզման, Ալեքսանդրի՝ նրանց ուղղված ճառի և հաշտության նկարագրությամբ։ Շարունակության մեջ պատմվում է Հնդկաստանի թագավոր Պորոսի դեմ կատարված արշավանքի և նրան հաղթելու մասին։ Բրահմաններին կատարած այցելությունից և նրանց հետ ունեցած իմաստասիրական զրույցից հետո Ալեքսանդրն Արիստոտելին գրում է Հնդկաստանի հրաշալիքների և իր զինվորների ֆանտաստիկ արկածների մասին։ Ալեքսանդրն իր դեգերումների ընթացքում հանդիպում է զարմանալի մարդակերպ էակների՝ վեցձեռքանիներ, անգլուխներ, մարդիկ, որոնց աչքերը կրծքի վրա են, երեքաչքանիներ, շան գլխով կամ թռչնի մարմնով մարդիկ և այլն), լինում է վայրի տարածքներում, որտեղ թագավորում է կիզիչ արևը կամ անթափանց խավարը, իսկ գետինը, որի վրա ոտք են դնում զինվորները, ծածկված է անգին գանձերով։ Ինքը՝ Ալեքսանդրը մի հսկայական թռչնի վրա նստած բարձրանում է օդ, ապա իջնում ծովի խորքերը՝ ապակե վանդակի մեջ նստած։ Հնդկաստանից վերադառնալով նա, Անտիգոնեի անվան տակ թափանցում է Եթովպիայի թագուհի Կանդակայի պալատ։ Բայց թագուհին ճանաչում է նրան՝ իր մոտ ունեցած դիմանկարի շնորհիվ։ Ալեքսանդրը կրկին վտանգի մեջ է. Կանդակայի կրտսեր որդին, որ ամուսնացած էր Պորոսի դստեր հետ, մտադիր է վրեժ լուծել իր աներոջ սպանության համար։ Կանդական և նրա ավագ որդի Կանդավլը, որի կնոջն Ալեքսանդրն ազատել էր գերությունից, փրկում են վերջինիս և նվերներով ճանապարհ դնում։

Այնուհետև Ալեքսանդրը նամակագրություն է ունենում ամազոնուհիների հետ, որոնց հետ պայմանագիր կնքելով, նա վերադառնում է Բաբելոն։ Այստեղից նա նամակ է ուղարկում Օլիմպիադային և Արիստոտելին՝ պատմելով ամենի մասին։ Այնուհետև լինում են տարբեր չարագուշակ նշաններ, որոնք կանխանշում էին Ալեքսանդրի մոտալուտ մահը։ Մեռնելիս նա թողնում է իր կտակը։ Նրա աճյունը տանում են Մեմփիս, ապա՝ Ալեքսանդրիա։ Վեպն ավարտվում է Ալեքսանդրի հիմնադրած քաղաքների ցուցակով։

Ինչպես է հիշատակվում Հայաստանը «Ալեքսանդրի վեպում»

խմբագրել

«Ալեքսանդրի վեպում» կա տեղեկություն, որ Ալեքսանդրը ձգտում էր անմահության, որին հասնելու համար նա «ճանապարհ ընկավ դեպի Հայաստան, որտեղ ակունքներն են Տիգրիսի ու Եփրատի»։ Աշխարհի հնագույն գրի առնված էպոսում՝ շումմերական «Գիլգամեշի վեպում», նույնպես գլխավոր հերոսն անմահություն գտնելու համար արևի աստծո խորհրդով մեկնում է Արատտա երկիրը (Հայաստան), որտեղ, դարձյալ շեշտվում է, որ գտնվում էին Եփրատ և Տիգրիս գետերի ակունքները, որի հարավային սահմանները եզերում էին Մասու (հունական տարբերակում՝ Մասիուս) լեռները։ Փաստորեն «Գիլգամեշի վեպի» այս դրվագի սյուժեն պարզապես ներմուծվել է «Ալեքսանդրի վեպի» մեջ։ Այս վերջինի ասորերեն թարգմանության մեջ կա մի դրվագ էլ, որտեղ Ալեքսանդրը հաղթահարում է Մասիս լեռնաշղթան։ Փաստորեն սա շումմերական վեպում նշվող նույն Մասու լեռների հիշատակությունն է։ Ստացվում է, որ «Գիլգամեշի վեպում» հիշատակվող Արատտա երկրի փոխարեն «Ալեքսանդրի վեպում» նշվում է Հայաստանը, երկու տեղում էլ շեշտվում է, որ սա այն երկիրն է, որտեղ գտնվում են Տիգրիսի ու Եփրատի ակունքները, «Մասու լեռների» փոխարեն ասորական թարգմանության մեջ գրված է «Մասիս լեռնաշղթա», և երկու վեպերի հերոսներն էլ այնտեղ են գնում՝ անմահություն գտնելու համար։ Ի դեպ, հրեաների կողմից գրի առնված աստվածաշնչյան գրերում ևս Հայաստանը նշվում է մի երկիր, որտեղ գտնվում էին չորս գետերի, այդ թվում՝ Տիգրիսի ու Եփրատի ակունքները, որոնց մեջտեղում էր դրախտը, իսկ դրա կենտրոնում էլ՝ կենաց ծառը։ Այս ամենը վկայում են, որ տարբեր ժողովուրդների (շումմերների, հրեաների, հույների) էպիկական մտածողության մեջ Հայաստանը համարվում է անմահության երկիր։

Աղբյուրներ

խմբագրել
  • Տաշյան Հ․, «Ուսումնասիրութիւնք Ստոյն–Կալիսթենեայ Վարուց Աղէքսանդրի», Վիեննա, 1892։
  • Սիմոնյան Հ․ Ա․, «Աղեքսանդր Մակեդոնացու պատմության» հայերեն թարգմանությունը և նրա խմբագրությունները, 1979 թ.:
  • Պատմութիւն Աղեքսանդրի Մակեդոնացւոյ = Հայկ. խմբ. : Повесть об Александре Македонском, ՀԽՍՀ ԳԱ. Աբեղյանի անվ. գրակ. ին-տ; Աշխատասիր.՝ Հ. Սիմոնյան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1989, 648 էջ։
  • Արտակ Մովսիսյան, «Մեր պատմության դասերը» հաղորդաշար. «Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը», 2016 թ.:
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրի վեպը» հոդվածին։