Բուկեփալոս կամ Բուցեֆալոս (հուն․՝ Βουκεφάλας, բառացի՝ «ցլագլուխ», լատին․՝ Bucephalus), Ալեքսանդր Մակեդոնացու սիրելի ձիու անունը։

Բուկեփալոս
Պատանի Ալեքսանդրը սանձում է Բուկեփալոսին. Նկարը` André Castaigne
Տեսակձի և առանձնյակ
Սեռարու
Ծնվել էմ. թ. ա. 354
Սատկել էհունիս մ. թ. ա. 325
Թաղվել էJalalpur Sharif և Phalia
ՏերԱլեքսանդր Մակեդոնացի
 Bucephalus (horse of Alexander) Վիքիպահեստում

Ավանդություն խմբագրել

Ավանդության համաձայն 10-ամյա Ալեքսանդր Մակեդոնացին միակն էր, ով կարողացավ հնազանդեցնել անհանգիստ ձիուն։ Ձիուն Մակեդոնիայի արքա Փիլիպոս Բ-ին էր առաջարկել թեսալացի վաճառական Փիլոնիկոսը պահանջելով դրա դիմաց 13 տաղանդ (մոտ 340 կգ արծաթ)[1], ինչն այդ ժամանակի համար ահռելի գումար էր։ Արքան հրաժարվեց գնել ձիուն, քանի որ իր ենթականերից ոչ մեկը չկարողացավ հնազանդեցնել նրան, սակայն Ալեքսանդրը խոստացավ վճարել ձիու գինը, եթե չկարողանա հնազանդեցնել։

Ձիու հնազանդեցման մասին Պլուտարքոսն այսպես է գրում.

  ...«Ալեքսանդրն իսկույն ձիու մոտ վազեց, բռնեց սանձը և մռութը դարձրեց դեպի արևը. ըստ երևույթին, նա նկատել էր, որ ձին վախենում է` իր առաջ տեսնելով տատանվող ստվերը։ Ալեքսանդրը որոշ ժամանակ ձիու հետ կողք կողքի վազեց` շոյելով նրան։ Համոզվելով, որ Բուկեփալոսը հանդարտվել է և շնչում է լիաթոք, Ալեքսանդրը վրայից նետեց թիկնոցը ու թեթև թռիչքով ցատկեց ձիու մեջքին։ Սկզբում մի փոքր ձիգ տալով երասանակը, նա զսպում էր Բուկեփալոսին` չխփելով ձիուն և սանձը չթափահարելով։ Իսկ երբ Ալեքսանդրը տեսավ, որ ձիու բարքն այլևս չի սպառնում որևէ դժբախտությամբ և որ Բուկեփալոսը առաջ է նետվում, նա ձիուն ազատություն տվեց և նույնսիկ սկսեց բարձր բացականչություններ արձակելով ու ոտքերով խփելով քշել։ Փիլիպոսն ու իր շքախումբը, տագնապով համակված, սսկվել մնացել էին, բայց երբ Ալեքսանդրը բոլոր կանոններով ձիու գլուխը շուռ տալով` հպարտ ու հրճվագին վերադարձավ նրանց մոտ, բոլոր ներկաները գոռում-գոչյունով դիմավորեցին։ Հայրը, ինչպես ասում են, ուրախությունից նույնիսկ արտասվեց, համբուրեց ձիուց իջած Ալեքսանդրին ու ասաց. «Զավակս, քեզ վայել մի այլ թագավորություն փնտրիր, քանզի Մակեդոնիան չափազանց փոքր է քեզ համար»[2]։  

Ալեքսանդրն Ասիա կատարած արշավանքի ժամանակ իր հետ տարավ նաև Բուկեփալոսին, սակայն խնայում էր իր սիրելի ձիուն և մարտի ժամանակ օգտագործում էր ուրիշ ձիերի։ Գրանիկոսի ճակատամարտի ժամանակ դրանցից մեկը սպանվեց։

Արիանոսը, Կուրտիոսը և Պլուտարքոսը հաղորդում են մի պատմություն, որը տեղի է ունեցել Բուկեփալոսի հետ Պարսկաստանի մերձկասպյան վայրերում։ Տեղացի բարբարոսները` ուկսերը, գողացել էին ձին։ Այդ ժամանակ Ալեքսանդրը պահանջեց, որ իրեն վերադարձնեն ձիուն, այլապես ինքը կբնաջնջի ողջ ժողովրդին։ Արքայի սիրելի ձիուն վերադարձրեցին ողջ և առողջ, իսկ Ալեքսանդրն այդ առիթով կազմակերպված տոնախմբության ժամանակ անգամ փրկագին վճարեց ձիուն գողերին[3]։

Որոշ հեղինակներ նշում են, որ Բուկեփալոսը սպանվել է Հնդկաստանի թագավոր Պորոսի դեմ մ.թ.ա. 326 թ. տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, սակայն Արիանոսն այդ մասին այլ բան է հաղորդում[4]։

«Այն վայրում որտեղ տեղի է ունեցել ճակատամարտը և այնտեղ որտեղից Ալեքսանդրն անցավ Հյուդասպ գետը նա հիմնադրեց երկու քաղաքներ։ Սրանցից առաջինը նա անվանեց Նիկեա` քանզի այստեղ էր հաղթել հնդիկներին, իսկ երկրորդը` Բուկեփալիա` ի պատիվ այստեղ մահացած ձիու, որը մահացավ ոչ թե ինչ-որ մեկի նետասլաքից, այլ տարիքի պատճառով (ձին շուրջ 30 տարեկան էր)։ Բազմաթիվ չարչարանքներ ու վտանգներ էր նա կիսել Ալեքսանդրի հետ և միայն Ալեքսանդրն էր, որ կարող էր հեծնել նրան։ Նրա տարբերակիչ մասը գլուխն էր, որը նման էր ցլի գլխի, որտեղից էլ ասում են թե նա ստացել է իր անունը։ Ուրիշները պատմում են, որ այն սև էր, սակայն ճակատին ուներ սպիտակ բիծ, որը նմանեցնում էին ցլի գլխի» [5]։

Պլուտարքոսի հաղորդում է փոխզիջումային տարբերակ, նշելով, որ Բուկեփալոսը մահացել է Պորոսի դեմ ճակատամարտից հետո` վերքերից։

Ըստ Արիանոսի և Պլուտարքոսի Բուկեփալոսը հասակակից էր Ալեքսանդրին, ուստի նրա մահը տեղի է ունեցել ձիու համար շատ պատկառելի տարիքում։

Նկարագիր խմբագրել

Բուկեփալոսն ուներ տարբերակիչ առանձնահատկություն. բանն այն է, որ ձիու ոտքերն ունեին ռուդիմենտար մատներ, որոնք տեղակայված էին միջնամատի կողքերին, որն էլ ըստ էության ձևավորում է սմբակը։ Արևմտաեվրոպական արվեստի մեջ Բուկեփալոսը պատկերվում է մի քանի տեսարաններում (օրինակ՝ «Բուկեփալոսի սանձահարումը» պատկերագրության մեջ) որպես սպիտակ մարտական ձի[6]։

Հիշողություն խմբագրել

Ներկայիս Պակիստանի տարածքում Ալեքսանդրի կողմից հիմնադրված և ձիու պատվին Բուկեփալիա կոչված քաղաքը գոյատևում է ցայսօր և կոչվում է Ջալալպուր։

Տաջիկստանում կա Իսկանդերկուլ անունը կրող լիճ (Ալեքսանդրի անունը պարսկերեն հնչում է Իսկանդեր (պարս.՝ اسکندر‎)), որը կոչվել է Ալեքսանդրի պատվին և որտեղ էլ ավանդույթներից մեկի համաձայն խեղդվել է նրա սիրելի ձին` Բուկեփալոսը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кравчук П. А. Рекорды природы. — Л.: Эрудит, 1993. — 216 с. — 60 000 экз.
  2. Плутарх, «Александр», 6, Сравнительные жизнеописания в двух томах
  3. Плутарх, «Александр», 44, Сравнительные жизнеописания в двух томах
  4. Диодор Сицилийский, 17.94
  5. Арриан, Поход Александра, 5.19
  6. Холл, Джеймс. 20