Աբադան (պարսկերեն՝ آبادان), քաղաք Իրանի հարավ-արևմուտքում, Խուզիստանում։ Նավահանգիստ Շատ-Էլ-Արաբգետի ափին, Պարսից ծոցից 50 կմ հեռու. մատչելի է օվկիանոսային նավերի համար։ Հանդիսանում է միջազգային օդանավակայան, նավթավերամշակման ու նավթաքիմիական արդյունաբերության կենտրոն[2]։
Աբադանում հայ համայնք գոյություն ունի 1909 թվականից, երբ անգլո-իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանում և Թավրիզում բնակվող մի խումբ հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրանց միացան Արևմտյան Հայաստանից, հատկապես Վանից գաղթած հայեր։ 1928 թվականի սկզբին հայերի թիվը 610 էր։ 1928 թվականին, Ռիզա Շահ Փահլավին երբ այցելել է Աբադան, հայերին ոսկե գավազան է նվիրել[3]։ 1969 թվականին Աբադանի հայերի թիվը հասնում էր 5 հազարի։ Նրանք հիմնականում զբաղված են նավթարդյունաբերությամբ, ինչպես նաև առևտրով։ Համայնքն ունի վարժարան, եկեղեցի, մարզական ակումբ, «Գուսան» երգչախումբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 12)։