Մկրտիչ Պոտուրյան
Մկրտիչ Եփրեմի Պոտուրյան (ապրիլի 7, 1881[1], Պարտիզակ[1] - դեկտեմբերի 8, 1959[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ հանրագիտակ, հայագետ, հրապարակագիր, գրող։
Մկրտիչ Պոտուրյան արմտ. հայ.՝ Մկրտիչ Պոտուրեան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1881[1] |
Ծննդավայր | Պարտիզակ[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 8, 1959[1] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | encyclopedist, հայագետ, հրապարակախոս և գրող |
Ազգություն | հայ |
Աշխատավայր | Մուրադ-Ռափայելյան վարժարան[1] և Բազմավեպ[1] |
Մկրտիչ Պոտուրյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ներսեսյան և Մխիթարյան վարժարաններում։ 1897 թվականին մեկնել է Վենետիկ, ուսանել հայագետներ Հ. Թորոսյանի, Վ. Հացունու, Ա. Ղազիկ Մ. Ե. Պոտուրյանի մոտ, 1902 թվականին դարձել է Մխիթարյան միաբանության անդամ։
1903 թվականին դասավանդել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, որտեղ նրան աշակերտել են Դանիել Վարուժանը, Վարդան Փափազյանը և ուրիշներ։
1909 թվականին եղել է «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1909-1912 թվականներին՝ մատենադարանապետ։ Այնուհետև Եղիսաբեթուպոլսում զբաղվել է գիտական, լրագրական, մանկավարժական աշխատանքով։
1929-1959 թվականներին եղել է Տրանսիլվանիայի Ֆրումոասա (նախկին Սեպվիզ), ավանի հունգարացած հայերի հոգևոր առաջնորդը այստեղ հիմնել է տպարան, ծավալել հրատարակչական, մանկավարժական բուռն գործունեություն։ 1959 թվականին տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։
Աշխատություններ
խմբագրելՊոտուրյանը լույս է ընծայել «Զարդանկարք Ավետարանի Մլքե թագուհվոր» (1902 թվականին)։ Տպագրվել են նրա «Կոստանդին Երզնկացի ԺԴ դարո ժողովրդական բանաստեղծ և յուր քերթվածները» (1905 թ.), «Ադամգիրք Առաքել Սյունեցվո» (1907 թ.), «Առաքել Սյունեցի և իր քերթվածները» (1914 թ.), «Մարտիրոս Ղրիմեցի և իր քերթվածները» (1924-1930 թթ.) և այլ գրքեր։
Պոտուրյանի գրչին են պատկանում Հովհաննես Երզնկացու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Գրիգորիս Աղթամարցու, Բաղդասար Դպիրի և միջնադարյան այլ բանաստեղծների մասին ուսումնասիրություններ։
Գրել է նաև բանասիրությանը («Սրբազան Հայկազունք», 1902 թ., «Մխիթար և Մխիթարյանք», 1922 թ.), մամուլի պատմությանը («Հայ մամուլը տասնեհինգ տարուն մեջ» 1894-1910 թթ.) վերաբերող գործեր։
Պարբերականներ
խմբագրելԲուխարեստում Պոտուրյանը հրատարակել է «Մասիս» (1920-1922 թվականներին), «Գաղութի ձայն» ( ), «Նավասարդ» (1923-1924 թվականներին, Հ. Սիրունու և Հ. Աթանասյանի հետ), «Փարոս» (1924 թ., Վ. Մեշտուճյանի հետ), «Երկիր» (1925-1929 թթ.), «Հայ մամուլ» (1934-1942 թթ., Հ. Աթանասյանի հետ) պարբերականները, տարեցույցներ («Գաղութահայ տարեգիրք», 1939-1941 թթ., «Ռումինահայ տարեցույց», 1935 թ., Հ. Աթանասյանի հետ)։ Հայ ժողովրդի տառապանքներն են արտացոլված Պոտուրյանի «Սև էջը» (1910 թ.), «Արմենակին հույսերը» (1923 թ.), «Կարմիր լուսին» (1927 թ.) նովելներում։
Պոտուրյանը ստեղծագործել է նաև մանուկների համար («Վեպիկներ», 1930 թ., «Հեքիաթներ», 1930 թ., թարգմանել է հունգարերենից)։ Նրա որոշ երկեր թարգմանվել են ռումիներեն և հունգարերեն։ Կատարել է թարգմանություններ իտալերենից և հունգարերենից։ Պոտուրյանը հայ հանրագիտական գրականության հիմնադիրներից է։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Պոտուրյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 389)։ |