Քոբայրի վանք
Քոբայրի վանք[2] կամ Քոբայրավանք, միջնադարյան հայկական վանք[3][4] Հայաստանի Լոռու մարզում՝ Քոբայր գյուղի մոտ։ Տեղակայված է Անդրերկաթուղու Քոբեր երկաթուղային կայարանից (Թումանյանի շրջան) արևմուտք՝ Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր դարավանդների ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։
Քոբայրի վանք | |
---|---|
Վանքի զանգակատունը, 2015 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Լոռու մարզ, Թումանյան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց |
Հոգևոր կարգավիճակ | չի գործում, |
Հիմնական ամսաթվերը | 12-րդ դար |
Ներկա վիճակ | կիսականգուն, համալիրը վերականգնվում է |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1171 թվական |
Հիմնադրված | 12-րդ դար |
Գմբեթ | 1 |
Kobayr Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՄենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին[5]։ Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների` Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների (Շահնշահ, Գիորգի, Մխարգրձել և ուրիշներ) գործունեության հետ։ Մատենագրական հիշատակություններից (Վարդան Արևելցի և ուրիշներ) երևում է, որ Քոբայրի վանական համալիրի (որպես մենաստանի) կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից 13-րդ դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին։ Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։ Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են։ Անվան ծագումը կապվում է այր (վրացերեն` քոբ) բառի հետ։ Ժայռեղեն խոր կիրճի գեղանկարն բնության հետ հոըշարձանների ներդաշնակ զուգակցումը վանքի համայնապատկերը դարձնում է բացառիկ տպավորիչ։ Հուշաևձանախմբի արևմտյան հանդիպակաց մասում կախված է մոտ 150մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռ` շթաքարերի նմանվող սյունափնջերով և խորանատիպ խորշերով, որոնցից հորդող ջրվեժի փրփրալի շիթերը միալար նվագով լրացնում են ներշնչող պատկերը։
Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, ընդգհանուր պատճառաբանված հորինվածքով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով։ Այն հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։ 13-րդ դարի կեսերին Քովայրը Կյուրիկյաններից արդեն անցել էր Զաքարյաններին` միաբնակ հաստատությունից վերածվելով քաղկեդոնականի (վրացադավան)։ Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների, վրացաոճության եզրեր ունեցող հարդարանքի տարրերի առկայությունը։
Ներկայումս հուշարձանախմբին կարելի է մոտենալ Քոբեր կայարանի կողմից` մեծ թեքություն և կտրտվածություն ունեցող մի նեղլիկ արահետով։
Հիշատակություններ
խմբագրելՔոբայրի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Վարդան Արևելցու, Մխիթար Այրիվանեցու, Կիրակոս Գանձակեցու, Ներսես Լամբրոնացու մոտ[6][7][8][9]։ Ըստ Վարդան Արևելցու և Մխիթար Այրիվանեցու՝ Քոբայրում կուսանոց է գործել։
14–16-րդ դարերում Քոբայրի վանքի գործունեությանը վերաբերող վկայությունները սակավաթիվ են։ Դրանք մի քանի տապանաքարերի հիշատակագրեր են, որոնք հայտնաբերվել են վանքի տարածքում։ Ըստ վրացերեն արձանագրությամբ մի տապանաքարի[10]՝ այստեղ է թաղված Իվանեի որդի և Շահնշահի եղբայր Վահրամը, որն ապրել է 1350-ական թվականներին, Զաքարե ամիրսպասալարի որդի Շահնշահը, վերջինիս որդիներ` Գիորգին, Մխարգրձելը։ Մեկ այլ վրացագիր տապանաքարի վրա արձանագրված է՝ «Դավիթ՝ Շալվայի որդի»[11]։ Քոբայրում են թաղված հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչներ։
1442 թվականին Ոհաննե Թմոքվեցի գրչի կողմից Սերկևլի գյուղում ընդօրինակած Տոնականի հիշատակարանում քանիցս հիշվում է պարոն Շալվեն՝ որպես «... հաւատարիմ ծառայս աստուծոյ պարոն Շալուէս, ցանկացող եղև լուսափայլեալ և մեծապառ տաւնականիս, ի հաստատութիւն կաթողիկէ եկեղեցւոյ» և նրա որդին «... նորաբողբոջ դեռաբուսիկ զաւակի սոցա՝ պարոն Դաւթին, զի տէր աստուած պահեսցէ զսա անփորձ և անսասան մինչև ի խորին ծերութիւնն, ամէն»[12]։ Մեկ այլ ձեռագրում՝ 1441 թվականին ընդօրինակված Ճառընտիրում, Շալուեն հիշատակվում է․
... այր բարեպաշտօն, քրիստոսադաւան և ուղղափառ, այր հսկայազօր ի մրցմունս պատերազմաց, դիւցազնական ի յազատաց և պայազատ ի յիշխանաց, ի յազանց և ի տոհմէ ասքանազեան սեռից[13]։ |
Այս հիշատակություններից պարզ է դառնում, որ վերոհիշյալ անձիք ապրել են 15–16-րդ դարերում և գուցեև ուղղափառ դավանությանը հարելով՝ թաղվել Քոբայրի վանքում։
17-րդ դարում Քոբայրը հիշատակվում է Շմավոն Աբեղենց Դսեղեցու ընդօրինակած ձեռագրում (Մատենադարան, 1473) արդեն որպես «... յանապատս Քոպայրոյ Բարձրաբերձ Աստուածածինիս, որ է Լօռի»[14][15]։ 18-րդ դարի կեսերին, ըստ Վախուշտի արքայազնի տեղեկության, այնտեղ գործող եկեղեցի է եղել, այն էլ միաբնակ դավանության[16]։
Ճարտարապետություն
խմբագրելՔոբայրի վանքի շինությունների ճարտարապետական հարդարանքում զգացվում է վրացական ճարտարապետության ազդեցությունը, քանի որ այն անցել էր Զաքարյանների տոհմի վրացադավան ներկայացուցիչներին[17]։
Քաղկեդոնական ազդեցությունը զգացվում է Հայաստանի հատկապես հյուսիսային շրջաններում։ Վրացական ազդեցության ամենաակնառու տարրը եկեղեցիների ճակատները խաչաքանդակներով զարդարելն էր, որը ստեղծվում էր խիստ ընդգծված պրոֆիլի միջոցով (Հառիճ, Գանձասար, Ախթալա, Քոբայր)։ 10–12-րդ դարերում Հայաստանում եկեղեցիների ներքին տարածությունները որմնանկարներով քիչ զարդարելը վրացական որոշակի ազդեցությամբ փոխվում է 13-րդ դարում[18][19]։
Որմնանկարներով զարդարված էին Քոբայրի գլխավոր եկեղեցու խորանը, մատուռ-ավանդատունը, բաց սրահն ու զանգակատան առաջին հարկը։ Դրանք համեմատաբար լավ են պահպանվել միայն գլխավոր եկեղեցում և մատուռ-ավանդատանը[20]։ Քոբայրի հուշարձանախմբի կառույցների պատերին, ինչպես նաև եղած և հայտնաբերված տապանաքարերի վրա առկա են մեծ թվով վրացերեն արձանագրություններ։
Ներքին հարդարանք
խմբագրելՔոբայրը հռչակված է իր բարձրարվեստ որմնանկարներով, որոնք զարդարում են նրա 4 շինությունները։ Հուշարձանների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցիներից, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից, մատուռ-ավանդատնից, սյունասրահից։ Վերջին երկուսում մնացել են որմնանկարների միայն աննշան մասերը։
Պարսպապատերի մնացորդները ռելիեֆի բարդությամբ պայմանավորված, ունեն ազատ դասավորություն և աչքի չեն ընկնում համակարգվածությամբ և փոխկապակցվածությամբ։ Տարածքը եզերող ժայռերում շատ կան դժվարամատչելի այրեր ու պատսպարաններ` մի մասը ամրացված պատերով։ Իր մեծությամբ ու անմատչելիությամբ հատկապես աչքի է ընկնում «Սղնախ» (ապաստարան) կոչվածը։ Հուշարձանների պատերը հիմնականում բազալտե սրբատաշ խոշոր քարերով են կապակցված կրաշաղախով։
Մեծ եկեղեցի
խմբագրելՄեծ եկեղեցին (12-րդ դարի վերջ) գտնվում է հուշարձանախմբի հարավարևելյան մասում` ժայռերի միջանկյալ հարթակներից մեկի վրա, որտեղից անմիջականորեն սկսվում է անդունդը։ Կիսավեր վիճակում է. պահպանվել են խորանը` գմբեթազարդի կես բարձրությամբ, հյուսիսային և արևմտյան պատերը, հարավայինի ստորին երկու շարքը։ Երկայնական ձգված միանավ դահլիճ է (10,40x8,50մ չափերով), որ ծածկված է եղել թաղակիր կամ,արներով ուժեղացված կիսագլանաձև թաղով։ Որմնամուլթերը իրար հետ կախված են նաև որմնակամարներով։ Ունի հարուստ եզրակալներով երկու մուտք. գլխավորը հյուսիսայինն է, որ բացվում է դեպի արտաքին սրահ (ներկայումս ավերված)։ Մյուսը բացվում է արևմուտքից` հանդիպակած ժայռից ունենալով ընդմենը 1,5-2 մ հեռավորություն։ Խորանն ունի երկու շարքում տեղադրված հինգ պատուհան (երեքը` ստորին շարքում), որոնց երկու կողմում եռանկյունաձև կտրվածքով մեկական խորշեր են։ Հյուսիսային պատի եզրային որմնանկարների միջկամարային բացվածքներում եղել են նեղ պատուհաններ, որոնք ներկայումս փակված են։ Գմբեթազարդի հարավային քանդված մասից երևում է, որ ավելորդ լիցքից խուսափելու նպատակով արևելյան պատի անկյունները թողնվել են դատարկ։ Եկեղեցին պսակված է հյուսվածքազարդերով պատած գոգավոր բարձր քիվով։ Ունի շեշտված կիսագլանիկներով և ուղղանիստ ձևերով զուգորդված բարդ տրամատի որմնախարիսխ։ Արևելյան պատը կանգուն է ողջ բարձրությամբ, ավարտվում է երկկողմանի մեծ թեքության վերնամասով, որի վրա պահպանվում են քիվը և կարմրավուն ֆելզիտից ծածկասալեր։ Այդ ճակատում աչքի են ընկնում ճարտարապետական տարրերով, զարդաքանդակներով և վարդյակներով զուգորդված պատուհանների շքեղ պարակալները, բարձրության մեծ մասը բռնող հյուսկենն խաչը, վերասլաց ճակտոնը։ Պատերը բազալտից են` արտաքուստ և ներսի ստորին մասերում` սրբատաշ, իսկ մնացած տեղերում` կիսամաքրատաշ։ Ներքուստ եղել են սվաղված և որմնանկարներով պատած։ Վերջիններիս մնացորդները, կատարված բարձր արվեստով ու նրբագունությամբ, պահպանվել են խորանի վրա և բեմի հյուսիսային պատին։ Խորանի որմնանկարները կազմում են երեք շարք, որոնցից վերևինում (գմբեթարդի վրա) պատկերված է Աստվածամայրը Մանկան հետ (Օդիգիտրիա), որի երկու կողմերում ՝ հրեշտակապետներն են, միջին շարքում «Հաղորդության» տեսարանն է (Եվխարիստիա), ներքևում, ողջ հասակով՝ ութ սուրբ, որոնց թվում՝ Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, Սուրբ Բարսեղ Մեծը, Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը և Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին:Շարքերն իրարից բաժանված են զարդագոտիներով։ Բեմի պատերին ներկայացված են եղել մարգարեների ֆիգուրներ, որոնցից համեմատաբար լավ վիճակում պահպանվել է հյուսիսային պատի Եղիայի ֆիգուրը։ Հյուսիսային մուտքի աջ և ձախ կողմերում կան վրացերեն ընդարձակ արձանագրություններ, որոնցում հիշատակվում է Շահնշահի որդի Գիորգի աբեղայի կողմից 1276թ. եկեղեցին նորոգելու, բակի հետ միասին սալարկելու, իսկ վեց տարի հետո` 1282 թվականին որմնանկարմանը ձեռնամուխ լինելու մասին։ 1967 թվականին կատարվել են մաքրման աշխատանքներ։ 1971 թվականին ամրացվել են որմնանկարները։ Մեծ եկեղեցուն հյուսիսից, հավանաբար, մատուռ-ավանդատուն հետ միաժամանակ կցվել է նաև բաց սրահ, որից պահպանվել են եկեղեցուն կից որմնակամարը, երեք անկյունների որմնամույթերը, հյուսիսարևմտյան մույթը և հյուսիսային կողմի միջանկյալ երկու սյուների ութանկյուն խարիսխները։ Սրահը հյուսիսից ունեցել է կամարային երեք բացվածք, իսկ արևմուտքից` մեկը։ Ծածկի արևելյան անկյունային մասերի մնացորդներից երևում է, որ սրահի տաշտաձև թաղը անկյուններում հատված է եղել կամարներով կոշտացված փոքր կորության թաղերով։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Հատակը ծածկված է վրացերեն մակագրություններ ունեցող տապանաքարերով։ Մեծ եկեղեցու արևելյան կողմում` անմիջականորեն ժայռի եզրին կիսավեր վիճակում գտնվում է միանավ թաղածածկ <արիամաշեն եկեղեցին։ Կիսագլանաձև թաղը եզրային մասերում ուժեղացված է եղել թաղակիր կամարներով։ Մուտքն արևմուտքից է` եզերված կիսաշրջանագծային պսաով, որի հորիզոոնական թևերը նստում են հնաոճ, միմյանցից տարբեր պարզ տրամատ ունեցող պատուհանների վրա։ Մուտքից բարձր գտնվում է փոքր կլոր պատուհան`եզերված շերտավոր զարդանախշեր ունեցող օղակներով։ Ավելի վերևում պատկերված է շրջանագծի մեջ առնված հավասարաթև խաչ։ Եկեղեցու պատերին կան մեծ թվով հայերեն արձանագրություններ; Մուքտի բարավորի շինարարական արձանագրության համաձայն եկեղեցին կառուցվել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից` 1171 թվականին։ Փաստորեն այն Քոբայրի հուշարձանախմբի ամենավաղ թվագրում ունեցող հուշարձանն է, որը, ոճական և հորինվածքային յուրահատկություններից բացի, մյուսներից առանձնանում է նաև ծակոտկեն (չեչոտ) քարով և դրա կոպիտ մշակմամբ։ Կարևոր նշանակություն ունի որպես կապող օղակ Կյուրիկյանների և Զաքարյանների շինարարական գործունեության միջև։ Մարիամաշեն եկեղեցի հարավային պատին հետագայում կցվել է սրբատաշ խոշոր քարերով կառուցված մատուռ, որն իր կառուցվածքային ոճով, քարերի մշակվածությամբ ավելի մոտ է մյուս հուշարձաններին։ Մի ուրիշն էլ, ավելի փոքր չափերով, դարն կցվել է արևելյան կողմից։ Մեծ եկեղեցուց մոտ 10 մ դեպի արևմուտք եղել է ևս մի մատուռ, որից պահպանվել են միայն կոպտատաշ բազալտից իրականացված արևելյան թևի ստորին շարքերը։
Մատուռ-ավանդատուն
խմբագրելԵկեղեցուն հյուսիսից կից է քառակուսուն մոտ համաչափություններով մատուռ-ավանդատունը` ծածկված փոքր-ինչ սլաքաձև թաղով։ Մուտքը արևմուտքից է, պատած նրբահյուս պարակալով։ Հաավային պատում ունի եկեղեցի բեմի հետ կապող հետագայում բացված դուռ։ Այդ պարագան, ինչպես նաև եկեղեցու հետ կցման կարի առկայությունը (որտեղ շարվածքի շարքերը և հորիզոնական կարերը չեն համապատասխանում իրար), մատնում են եկեղեցուն մատուռ-ավանդատան կցված լինելը։ Հորինվածքային և ոճական ընդհանրությունները թույլ են տալիս ենթադրելու, որ նրանց միջև ժամանակագրական մեծ խզում չկա։ Մատուռ-ավանդատունը ևս եղել է սվաղված և որմնանկարներով պատած։ Դրանք պահպանվել են խորանի հյուսիսային և հարավային պատերի վրա։ Խորանի որմնանկարները կատարված են նույն հորինվածքային սխեմայով, ինչ որ մեծ եկեղեցում։ Տարբերությունը միայն վերին շարքում է. այստեղ Օդիգիտրիայի փոխարեն Բարեխոսության տեսարանն է (Դեիսուս)։ Հյուսիսային և արևմտյան պատերին Աստվածամայր և նվիրատուների դիմանկարի մնացորդներ են։ Մատուռ-ավանդատնում որմնանկարներից պահպանվել են միայն հատվածներ, համեմատաբար ամբողջականը բեմի վրայինն է։ Գմբեթարդին պատկերված է «Բարեխոսության» տեսարանը, միջին շարքում՝ «Հաղորդությունը», ներքևում՝ սրբերը։ Արևմտյան և հյուսիսային պատերին նկարված են «Տիրամոր ննջումը» և պատվիրատու-մեկենասները՝ Սուրբ Գևորգի առջև կանգնած։
Քոբայրի որմնանկարների պատկերագրությունն առնչվում է բյուզանդական գեղազարդման համակարգին, սակայն նրանց ոճական առանձնահատկությունները վկայում են, որ գերիշխողը տեղական ավանդույթն է, արևելաքրիստոնեական միտումով (հարթապատկերայնության հակումը, շարժումների պայմանականությունը, եզրագծերի օգտագործումը որպես գեղարվեստական արտահայտչականության միջոց, սրբերի արևելյան դիմագծերը և այլն)։
Արձանագրություններ
խմբագրելԶանգակատուն-տապանատուն
խմբագրելԶանգակատուն-տապանատունը գտնվում է մեծ եկեղեցու հյուսիսային մասում` ավելի բարձր տեղադրությամբ։ Քառակուսի հատակագիծով դահլիճ է, որն արևելքում ավարտվում է ողջ լայնությունը բռնող խորանով։ Խորանն ունի զույգ պատուհաններ, որոնցից ցած մինչև բեմն իջնող կիսաշրջանաձև կտրվածքով զույգ խորշեր են։ Ծածկը կիսագլանաձև թաղ է, ուժեղացված պահունակներին հենվող կամարներով։ Հատակը հարթեցված ժայռ է, մասամբ ծածկված տապանաքարերով։ Ներքուստ նկատելի են ուշ շրջանի սվաղի հետքեր։ Մուտքը եզերված է եռաշարք շթաքարե պարակալով, իսկ հարավային պատուհանը` ռոմբահյուս զարդաքանդակներով։ Հարավային պատուհանի արևելյան կողմում փորագրված է արևի ժամացույց։ Զանգակատան շքամուտքի արևելյան կողմի վրացերեն արձանագրության համաձայն՝ զանգակատուն-տապանատունը կառուցվել է 1279 թվականին Շահնշահ Ամիրսպասալարի որդու՝ Մխարգրձելի և նրա կնոջ՝ Վանենիի կողմից։ Միակ մուտքը հարավից է, միջին մասից շեղված դեպի արևմուտք։ Շքամուտքի ուղղանկյուն, աստիճանաձև հորինվածքով շրջանակը զարդարված է փոքրիկ փորագիր եռանկյունների հաջորդական շարքով։ Աստիճանաձև շքամուտքի մեջ ամփոփված է կիսասյունիկի վրա հենված ճակատակալ քարը, որն ունի պարզ հարդարում։ Նրա աջ և ձախ անկյուններում մեկական վարդյակ է, իսկ բարավորի հարթ մակերեսին կա ելնդավոր գոտիով ընդգծված, երեք տառից բաղկացած εκ° հունատառ մակագրություն, որն εκκλησία բառի հապավումն է։ Շինությունը պսակված է եղել ութսյունանի ռոտոնդայով` զանգաշտարակով, որից ծածկի վրա մնացել են հիմքի ձևավոր քարերով շարքը և սյուների խարիսխներից երեքը։ Տարածքում շատ կան փնջաձև սյուների բներ, խոյակների, խարիսխների, կամարների և այլ քարեր, որոնց մեծ մասը պատկանել է զանգաշտարակին։ զանգակատուն հարավային միակ մուտքի դիմաց բացվեցին ամբողջական և բեկորային տապանաքարեր՝ մի մասը վրացերեն արձանագրություններով։ Մուտքի առջև վրացերեն արձանագրությամբ երկու տապանաքար ընթերցել էր հանգուցյալ Պարույր Մուրադյանը։ Ըստ այդ վերծանության՝ առաջինը պատկանում էր Չաչայի որդի Իվանեին, երկրորդը՝ Մամամթավարի (Հայրապետի) որդի Պետրեին[21]։ Զանգակատան հարավային հատվածի մաքրման արդյունքում հայտնաբերված տապանաքարերից ինն ամբողջական են, բոլորն էլ հարդարված եզրային ակոսազարդով։ Դրանցից հատկապես կարևորվում է եզրային ակոսազարդով պարփակված կամարի մեջ հոգևորականի բարձր աստիճանը ցուցող սխեմատիկ պատկերով և վրացերեն արձանագրությամբ տապանաքարը։ Հայտնաբերվել են նաև տապանաքարերի ինը բեկոր, որոնցից չորսը վրացերեն արձանագրություններով, մեկը՝ մարդու սխեմատիկ պատկերի հատվածով։ Զանգակատան մուտքից արևելք երկշար հիմնախարիսխն է։ Ուշագրավ է, որ ներքուստ ևս զանգակատան հյուսիսարևմտյան պատերի հիմքում, նույն մակարդակի վրա, երկաստիճան մշակումով ժայռն է։ Քոբայրի զանգակատուն-տապանատունը իր տիպի առանձին կանգնած փոքրաթիվ օրինակներից է։ Ուշագրավ է զանգակատան և տապանատան միատեղման առումով։
Վանքի սեղանատուն
խմբագրելՎանքի սեղանատունը (12-րդ դար) գտնվում է մեծ եկեղեցու հյուսիսարևմտյան բարձրադիր մասու` զանգակատուն-տապանատնից ընդամենը 2,5 մ հեռավորությամբ, գրեթե հյուսիս-հարավ դիրքով։ Ուղղանկոյւն ընդարձակ դահլիճ է (ինչպես Թեղենյացի, Կիրանցի, Տաթևի սեղանատները)` 12,1x8,2մ չափերով։ Պահպանվել են միայն պատերը (արևելյանը` կիսով չափ)կիսագնանաձև թաղի ստորին շարքի քարերով։ Թաղը ուժեղացված է եղել կիսագլանաձև կտրվածքով որմնամուլթերից բարձրացող զույգ կամարներով։ Որմնամուլթերը երկայնական ուղղությամբ ևս իրար հետ կապվել են որմնանկարներով, որոնց բացվածքները տարբեր են (կիսաշրջանագծային, տափակ և այլն)։ Արևմտյան պատի հարավային որմնակամարից բացվում է ուղղանկյուն խորշ` 2,2մ խորությամբ (ներկայումս լցված ստորգետնյա ջրերով)։ Գլխավոր մուտքը` 1,7մ բացվածքով հյուսիսից է` առանց հարդարանքի։ Մուտք ունեցել է նաև հարավարևելյան անկյունային մասից (պահպանվել են արևմտյան եզրաքարերը)։ Հյուսիսային պատի մնացորդից երևում է, որ սեղանատան կտուրը եղել է երկլանջ։ Հուշարձանների այդ խմբից դեպի հյուսիս` պարսպի գլխավոր մուտքից ոչ հեռու, թեքադիր տեղանքի վրա գտնվում է միանավ թաղակապ սրահավոր եկեղեցի (13-րդ դար)։ Արևելյան կողմում երկայնական առանցքից դեպի հարավ շեղված ունի խոր կիսաշրջանաձև խորան, որին հյուսիսից կից է կիսագլանաձև թաղով ծածկված ավանդատուն։ Միակ մուտքը հարավից է` բարավորի մասում եզերված շթաքարազարդ պայտաձև գոտիով։ Մեծ թեքությամբ երկլանջ կտուրը չի պահպանվել։ Սրահը բռնում է հարավային ճակատի միջին մասը, արևելյան և հարավային կողմերից ունի կամարային զույգ բացվածքներ, իսկ արևմուտքից և հարավայինի մի մասում խուլ պատեր են։ Ծածկված է կիսագլանաձև թաղով, որը եկեղեցի կողմից հենվում է սրահի ողջ երկարությունը բռնող որմնակամարի վրա։ Սյուներն ունեն ութանիստ բներ, անկյունները շթաքարի ձևով հանված քառանիստ խոյակներ ու խարիսխներ։ Համալիրի հիմնական խումբը կազմող նշված հուշարձանները շրջափակված են եղել պարիսպով, որի մնացորդները գտնվում են տարածքի հյուսիսային և հյուսիսարևելյան մասերում։ Դրանք ունեն 4-5 մ բարձրությւոն, 0,85-1 մ հաստություն, իրականացված են անմշակ կոպտատաշ բազալտ քարով։ Գլխավոր մուտքը հյուսիս է։ Այն կամարակապ սրահավոր բացվածք է` 2,5 մ լայնությամբ, որի երկու կողմում բարձրանում են 3/4 գլանաձև աշտարակներ։ Սրահի արևմտյան պատում թողնված է մուտք, որտեղից աստիճանները տանում են դեպի աշտարակի ներսը։ հուշարձանախումբից դեպի հարավ-արևելք` մոտ 0,5 կմ հեռավորությամբ, ձորալանջի հարթակի վրա գտնվում է ոչ մեծ եկեղեցի` հայտնի Չիթախանց վանք («Չիթխավանք») անունով (13-րդ դար)։ Այն միանավ ուղղանկյուն դահլիճ է, ծածկված կիսագլանաձև թաղով` առնված երկլանջ կտուրի տակ։ Հատկանշական է նրանով, որ ունի ստորգետնյա տոհմական դամբարան։ Փաստորեն այն կրկնահարկ դամբարան-եկեղեցիների նմուշ է։ Ներքնահարկի մուտքը արևելքից է, գետնի մակարդակից ցածր, դեպի ուր իջնում են աստիճաններով (ներկայումս ինչպես մուտքը, այնպես էլ ներքնահարկը կիսով չափ լցված են անձրևաջրերի բերվածքներով)։ միջնադարյան հուշարձաններ կան նաև Քոբայրի վանքից դեպի հյուսիս` ձորալանջի գոգավորություններում գտնվող «Գեղատեղ» կոչվող վայրում (որտեղ ներկայումս Դանուշավանի սովետական տնտեսության այգիները և գոմերն են)։ Դրանք խաչքարեր են, եկեղեցի, մատուռներ, միջնադարյան գերեզմանոցներ, կացարանների մնացորդներ և այլն։ Եկեղեցին, որ կոչվում է Գողգոթավանք («Գոգոթ»), կիսագլանաձև թաղով ծածկված ոչ մեծ դահլիճ է` երկլանջ կտուրով։ Մուտքի կիսաշրջանագծային եզրակալով բարավորի արձանագրության համաձայն կառուցվել է 1223թ.: Եկեղեցուց հյուսիս-արևմուտք` բարձունքի վրա գտնվում են մատուռի մնացորդներ` խոշոր սրբատաշ քարերով, և վառ կարմիր ֆելզիտից կերտված զույգ խաչքրեր։ Միջնադարում «Գեղատեղ»-ը հավանական է, որ սերտորեն կապված է եղել վանքի հետ. վերջինիս գլխավոր մուտքի տեղադրությունից երևում է, որ այդ կողմից է եղել հիմնական մոտեցումը։
Գտածոներ
խմբագրելՊեղման-մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին խեցեղեն և մետաղե փոքրաքանակ առարկաներ, ինչպես նաև զանգակատանը պատկանող ծածկասալերի հատվածներ և քանդակազարդ մի բեկոր։
Խեցեղեն գտածոները բեկորային են, գերազանցապես խոհանոցային կոպիտ ամանեղեն. կժեր, կճուճներ, քրեղաններ, թասեր, խփեր։ Սրանց մեջ առանձնանում են կարմրափայլ և կարմրաներկ թասերի բեկորները և ամբողջացող սափորը՝ գտնված օջախի շրջակայքից։ Այն միականթ է՝ պարանոցի և իրանի հատվածներում հորիզոնական գծազարդերի միջև սանրաքաշ ալիքազարդերով։ Կան նաև ջնարակած անոթների սակավաթիվ բեկորներ, որոնք թվագրվում են 12–13-րդ և 14–16-րդ դարերով։
Շինություններ
խմբագրելՇրջակայք
խմբագրելՏեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ օգտագործել են նաև ժայռը, հարթեցնելով ու հարմարեցնելով նրան։ Այն շատ հաճախ ծառայել է որպես շինության հատակ, պատ կամ նախաբակ։ Զանգակատան մուտքին անմիջապես հարող տարածքում կա ջրահեռացման խնդիր։ Այն առկա է ամբողջ վանքի տարածքում, նույնիսկ զանգակատուն-տապանատան ներսում, որտեղ ջրահեռացման համար հարթեցված ժայռի մեջ առվակոս են փորել։
Վանքի հյուսիսային կողմում, գլխավոր մուտքի դիմաց թաղածածկ, միանավ, երկրորդ եկեղեցին է (13-րդ դար)։ Քոբայրի սեղանատունը (13-րդ դար) գտնվում է տապանատուն-զանգակատնից արևմուտք։ Քոբայրը եզերող բարձր պարսպապատերից պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան հատվածները։
Քոբայրում են թաղված Զաքարե Բ Զաքարյանի որդի Շահնշահը, վերջինիս որդիներ Գիորգին, Մխարգրձելին և եղբայրը՝ աթաբակ Վահրամը։
Ջրահեռացման համակարգ
խմբագրելԱրևմտյան կողմում զանգակատան ստորին շարքերի հիմքում ժայռն է, իսկ վերին հատվածում ժայռի և զանգակատան միջև ստեղծված է մոտ 1,5 մ լայնությամբ միջանցք։ Միջանցքը մաքրելիս պարզվեց, որ ժայռի ստորին հատվածում ջրահեռացումն ապահովելու համար առվակոս էր փորված 3.9 մ երկարությամբ, որի շարունակությունն էր կազմում 7 կավե փողրակներից կազմված խողովակաշարը՝ 3 մ երկարությամբ։ Փողրակների երկարությունը մոտավորապես 42–43 սմ է, տրամագիծը լայն հատվածում՝ 14 սմ, նեղ մասում՝ 8 սմ։ Խողովակներն ամբողջական են, բայց ջարդոտված։ Դրանք վառ աղյուսագույն են, նեղ հատվածում առկա է շրջանաձև, ուռուցիկ գոտի՝ հաջորդ խողովակին միանալու համար (երկարությունը՝ 7–8 սմ)։ Խողովակաշարը հարավային մասում ընդհատվում է և, տեղանքի առանձնահատկություններից ելնելով, կարելի է ենթադրել, որ այն շարունակվել է ժայռի ամբողջ երկայնքով, իսկ միջով հոսող ջուրը թափվել է ձորը։
Ջրահեռացման համակարգը բավական զարգացած էր միջնադարյան Հայաստանում, հատկապես խոշոր քաղաքներում, գյուղաքաղաքներում, ամրոցներում, պալատներում՝ գործող բաղնիքների կեղտաջրերը հեռացնելու հետ կապված[22][23]։ Եվ պատահական չէ, որ բնականից հորդահոս ջրեր ունեցող Քոբայրի վանքի տարածքում ևս կիրառել են ջրահեռացման այսպիսի համակարգ՝ ջրի կուտակումներից խուսափելու համար։ Այդ նպատակով օգտագործել են և՛ հիմնաժայռը՝ առվակոսներ փորելով, և՛ կավե խողովակաշարը, որտեղ դրա անհրաժեշտությունը կար։
Սենյակ
խմբագրելՈւշագրավ է զանգակատան հյուսիսում բացված կառույցը, որն անմիջապես կցված էր նրան։ Այն գրեթե քառակուսի հատակագծով սենյակ է՝ 4.13 x 3.10 ներքին չափերով։ Սենյակի համար իբրև հարավային պատ ծառայել է զանգակատան հյուսիսային ճակատը, իսկ արևմտյանը՝ ժայռը։ Սենյակն ամբողջացնելու համար կառուցվել են միայն արևելյան և հյուսիսային պատերը (պատերի հաստությունը՝ 0.8–1 մ)։ Միակ մուտքը հյուսիս-արևմուտքից է։ Դռան բացվածքի լայնությունը 1 մ է, բարձրությունը մինչև քարե շեմը՝ 1.15 մ։ Պատերը շարված են անմշակ քարերով և հողի լիցքով։ Ներքուստ նկատվում են սվաղի հետքեր։ Սենյակի ներքին հատվածը պեղելիս հարավարևելյան հատվածում բացվեց քառանկյուն օջախ, որի մեջ դրված էր ամբողջական երկկանթ մի անոթ։ Օջախն անմիջապես ժայռի վրա էր (պահպանված բարձրությունը՝ 34 սմ, տրամագիծը՝ 52 սմ, պատերի հաստությունը՝ 6 սմ)։
Սենյակի պատերի շարվածքը (անմշակ և երկրորդային օգտագործման քարերով շարվածք՝ հողե լիցքով և անփույթ սվաղով), հայտնաբերված խեցեղեն գտածոները գալիս են փաստելու, որ կցակառույց սենյակը ծառայել է տնտեսական նպատակով վանքի գոյության վերջին փուլում, երբ զանգակատունն այլևս չէր գործում։ Սենյակի մուտքն արտաքուստ բացելիս արևմտյան կողմում հայտնաբերվեց ժայռի մեջ փորված սանդ (տրամագիծը ՝ 20 սմ, խորությունը՝ 23 սմ), որը ժամանակագրորեն ավելի վաղ է, քան կցակառույց սենյակը։ Այն, հավանաբար, ժամանակակից է զանգակատանը։
Համայնապատկեր
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Զանգակատուն
-
Տեսարան Զանգակատնից
-
Վանքի զարդաքանդակներից
-
Զարդաքանդակներ
-
Որմնանկարներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Քոբայրի Վանք». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Isabelle Augé (Maître de conférences, Université Paul Valéry) "Le choix de la foi chalcédonienne chez les Arméniens" (Cahiers d’études du religieux. Recherches interdisciplinaires. 9/2011):Բնօրինակ տեքստ (ֆր.)
Cette multiplicité d’influences, arménienne, grecque, géorgienne, se retrouve dans l’art des Arméniens chalcédoniens que l’on peut apprécier surtout à travers les fresques partiellement conservées de deux monastères de Grande Arménie, celui de Kobayr et celui d’Axt‘ala. Les murs et les peintures portent des inscriptions en arménien, mais aussi en grec ou encore en géorgien. Les programmes iconographiques sont également intéressants puisque, d’après A. Lidov, ils ne peuvent être assimilés ni à des programmes géorgiens, ni à des programmes arméniens, ni à des programmes byzantins, mais combinent les trois.
- ↑ History of humanity. — UNESCO, 2000. — С. 253.
- ↑ կազմ. Ս. Բարխուդարյան, Կ. Ղաֆադարյան, Ս. Սաղումյան (2012). Դիվան հայ վիմագրության, պր. IX, Լոռու մարզ. Երևան. էջեր 352:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) Այդ կապակցությամբ էլ առաջին եկեղեցին անվանվել է Մարիամաշեն, որի մասին վկայում է դրա մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը - ↑ Հաւաքումն Պատմութեան Վարդանայ վարդապետի. Վենետիկ. 1862. էջեր 122:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Մխիթար Այրիվանեցի (1860). Պատմութիւն Հայոց. Մոսկվա. էջեր 63:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Կիրակոս Գանձակեցի (1961). Պատմութիւն հայոց. Երևան. էջեր 393:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Ներսէսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի՝ Ատենաբանութիւն և Թուղթ և Ճառք. Վենետիկ. 1865. էջեր 223:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Պարույր Մուրադյան (1977). Հայաստանի վրացերեն արձանագրությունները. Երևան. էջեր 178:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Պարույր Մուրադյան (1977). Հայաստանի վրացերեն արձանագրությունները. Երևան. էջեր 180:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մասն Ա. Երևան. 1955. էջեր 531–536:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Հրաչյա Աճառյան (1943). Հայոց անձնանունների բառարան, հատոր Դ. Երևան. էջեր 102:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Ցուցակ Ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Ա. Երևան. 1965. էջեր 559:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Մայր ցուցակ հայերեն Ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Դ. Երևան. 2008. էջեր 1342:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Պարույր Մուրադյան (1977). Հայաստանի վրացերեն արձանագրությունները. Երևան. էջեր 166:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Զաքարե ամիրսպասալարի մահից հետո (1212 թվական) Իվանեն իր կնոջ Խոշաքի հետ քաղկեդոնական էին դարձրել մի քանի հայկական հին վանքեր և վրացադավան դարձրել Զաքարեի փոքր որդուն՝ Շահնշահին (տե՛ս Հ. Մանանդյան. Երկեր, Գ, Երևան, 1977, էջ 198)։
- ↑ Краткая история древнеармянской живописи. Ереван: Л. Дурново. 1957. էջեր 32–33:.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Очерки изобразительного искусства средневековой Армении. Москва. 1979. էջեր 152:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան. 2002. էջեր 1058:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Պարույր Մուրադյան (1977). Հայաստանի վրացերեն արձանագրությունները. Երևան. էջեր 181:.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ О. Халпахчьян (1971). Гражданское зодчество Армении. Москва. էջ 212.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Р. Епремян. Водоснабжение древней и средневековой Армении.
Աղբյուրներ
խմբագրել- Դիանա Միրաջանյան, Աստղիկ Բաբաջանյան (2012). Քոբայր վանական համալիրի զանգակատան պեղման աշխատանքների արդյունքները. Երևան: Պատմաբանասիրական հանդես.
Գրականություն
խմբագրել- Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982։
- Մխիթար Այրիվանեցի, պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860։
- Պարույր Մուրադյան, Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Երևան, 1977։
- Գառնիկ Շախկյան, Լոռի. Պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոբայրի վանք» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |